Կարեն Համբարձումյան. «Սիսիանում ընտրական թոհուբոհը մնացել է հետևում, եկել է հանրային համերաշխությունը վերականգնելու և համայնքային խնդիրները լուծելու ժամանակը»

19.04.2023 14:51
4056

Ապրիլի 17-ին՝ Սիսիան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցելուց հետո, մեր ստեղծագործական խումբը մեկնեց Բնունիս, որն ապրիլի 10-ի հայտնի դիպվածից հետո (երբ գյուղի տարածքում նկատվեց Ադրբեջանի երկու զինծառայող) հայ հանրության ուշադրության կենտրոնում է:

Բնունիսի բնակիչների հետ մեր հանդիպումները դեռ չէինք ավարտել, երբ գյուղ այցելեց Սյունիքից Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

Պատգամավորի հետ շարունակեցինք հետաքրքրվել գյուղի իրավիճակով: Այցելեցինք բնակավայրի հիմնական դպրոց, որտեղ Կարեն Համբարձումյանը ծանոթացավ դպրոցի աշխատանքներին և հիմնախնդիրներին, զրույցներ ունեցավ դպրոցականների, ուսուցիչների, գյուղի մյուս բնակիչների հետ:

Կարեն Համբարձումյանը ծանոթացավ նաև գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքներին:

Գյուղի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը, հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Բահարյանը, ՆՈՒՀ-ի տնօրեն Լիլիթ Սողոմոնյանը և գյուղի բնակիչները ներկայացրին իրենց մտահոգությունները, որ կարելի է մեկ նախադասությամբ արտահայտել՝ «Ամեն ինչ մի կողմ դնենք և միայն անվտանգությանն առնչվող հարցերով զբաղվենք»:

Կարեն Համբարձումյանը գյուղացիների բարձրացրած մի շարք հարցերի վերաբերյալ բացատրություններ տվեց՝ ներկայացնելով նաև իշխանությունների կողմից տվյալ ուղղություններով ձեռնարկվող քայլերը:

Այնուհետև Կարեն Համբարձումյանը պատասխանեց «Սյունյաց երկրի» հարցերին:

-  Պարոն Համբարձումյան, այսօր առավոտյան մենք միասին մասնակցում էինք Սիսիան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին, որի ընթացքում Արմեն Հակոբջանյանը ստանձնեց համայնքապետի լիազորությունները:

Փորձեք հետադարձ հայացք ձգել մարտի 26-ի սիսիանյան ընտրություններին: Թեև ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև քննադատական լուրջ դիտողություններ հնչեցին և՛ նախընտրական քարոզարշավին, և՛ քվեարկության օրվան առնչվող:

 Ձեր գնահատականն ու դիտարկումները:

- Նախ՝ մեկ անգամ ևս փաստենք՝ սիսիանցի ընտրողների 65 տոկոսը վստահության քվեն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նաև նկատի ունենալով օրենքի ու օրինակության հանդեպ մեր քաղաքական թիմի հավատամքը:

Մարտի 26-ին Սիսիանում ընտրությունը տեղի է ունեցել գործող օրենսդրության բառին ու ոգուն համահունչ, մարդիկ ունեցել են լիարժեք հնարավորություն՝ ազատորեն արտահայտելու իրենց կամքը:

Այո, հնչել են նաև քննադատություններ, բայց դրանք մեծամասամբ սուբյեկտիվ են եղել, շատ դեպքերում՝ ուղղորդված: Լրատվամիջոցներից մեկը, օրինակ, քվեարկության օրը՝ առավոտվանից, հետևում էր իմ գործողություններին: Լրահոսից իմացա, թե իբր ուղղորդում եմ ընտրողներին, իսկ ես պատասխանեցի՝ մատնանշեք գոնե մեկ կոնկրետ փաստ, որ ուղղորդել եմ կամ ազդել մարդկանց կամքի վրա...

Ինչպես միշտ, երբ լինում եմ Սիսիանում, բնակիչներից շատերն են մոտենում ինձ՝ իրենց մտահոգող հարցերով: Քվեարկության օրը նման շփումներն եմ նույնիսկ արգելել՝ ներողություն խնդրելով նրանցից և խոստանալով հանդիպումներ հետագայում:

Այդ օրն առավոտյան ժամը 10-ից տեղամասերի մերձակայքում էի՝ օրենքով սահմանված հեռավորությունը և կարգը պահպանելով: Տեղեկություններ էինք ստացել, որ ուզում են քվեարկության գնացող ընտրողներին գումար բաժանել: Եվ, որպես պատգամավոր, խնդիր էի դրել իմ ու թիմակիցներիս առջև՝ կանխել այդ երևույթը:

Ես հիմա չեմ ուզում անուններ հրապարակել, որպեսզի կրքեր չբորբոքվեն նորից...

Մեկ անգամ ևս շեշտեմ՝ մեր քաղաքական թիմն ընտրողներին ուղղորդելու կարիք չի էլ ունեցել: Մարդիկ տեսնում էին՝ համայնքում չունենալով ձևավորված ավագանի, չհաստատված բյուջե, չհաստատված սուբվենցիոն ծրագրեր, և այդ պարագայում համայնքապետարանը կարողանում էր 36 բնակավայրում կանոնավոր կերպով և՛ աղբահանություն իրականացնել, և՛ մյուս առաջնահերթ խնդիրները լուծել: Մի՞թե դա գնահատելի չէ:

Ու, այդ բոլորով հանդերձ, որոշ ուժեր փորձում էին ամեն կերպ ու ամեն գնով (մինչև վերջին պահը) արատավորել մեր անունը:

Ընդ որում՝ այդ ուժերը (առերևույթ) ընտրության հետ կապ չունեցող մարդկանց խումբ էր : Նրանց, օգտվելով առիթից, մի հարց պետք է ուղղեմ՝ եթե իսկապես մրցունակ էիք և մրցունակ եք, ապա ինչո՞ւ սեպտեմբերի 25-ի կամ մարտի 26-ի ընտրությանը չառաջադրվեցիք ու չմասնակցեցիք:

- Արդյո՞ք  այդ հանգամանքով էր պայմանավորված իրողությունը, որ ավագանու անդամների ընդդիմադիր թևն այսօր (բացառությամբ Աննա Ավետիսյանի) չմասնակցեց անդրանիկ նիստին:

- Չեմ կարող ասել, թե ինչով էր պայմանավորված ավագանու յոթ անդամի բացակայությունը, թող իրենք ասեն: Ես ուրիշ բան կարող եմ ասել՝ սիսիանցի ընտրողների մի մասը մարտի 26-ին քվեարկել է նրանց օգտին, իսկ դա նշանակում է, որ պետք է պատասխանատվությամբ վերաբերվեն այդ վստահությանը և մանդատը ծառայեցնեն հանուն Սիսիանի: Տրամաբանական չէ՝ ստանալ մանդատ և կողքից հայեցողի դերում մնալ:

Մեր քաղաքական թիմը միշտ էլ պատրաստ է ուշադրությամբ լսել ավագանու յուրաքանչյուր անդամի, նաև այդ թևի ամեն մի առաջարկություն, որ միտված կլինի համայնքային խնդիրների լուծմանը: Այնպես որ՝ կառուցողական համագործակցություն ենք ակնկալում:

- Մեկ-երկու ժամ է՝ Բնունիսում եք, հանդիպումներ եք ունենում գյուղացիների հետ, հետաքրքրվում գյուղի կացությամբ:

 Ինչպե՞ս եք գնահատում բնակչության տրամադրությունն այն ամենի  համատեքստում, որ ՀՀ տարածքում, այդ թվում՝ Բնունիսում, ապրիլի 10-ին հայտնվեցին ադրբեջանցի զինվորներ:

- Բնունիսում հանգիստ վիճակ է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա խնդիրներով:

Այո, եղել է միջադեպ, և դրանից բխող որոշակի լարվածություն կա, տարածաշրջանի անվտանգությունն ամրապնդելուն միտված քայլերի սպասում կա: Մարդկանց մտահոգում է հարցը, թե ինչպե՞ս պետք է բացառվեն նման հնարավոր դեպքերը հետագայում: Մի խոսքով՝ գյուղական կյանքի որևէ ոլորտում խաթարում կամ անորոշություն չկա, փոխարենը կան անելիքներ:

Միևնույն ժամանակ՝ չեմ կարող ստույգ ասել (ինչպես և գյուղացիները չեն կարող ասել)՝ ադրբեջանցի երկու զինվորը մոլորվե՞լ են, թե՞ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար են ներխուժել մեր տարածք: Հարցերի պատասխանը նախաքննությունը կտա:

Այդ ամենին զուգահեռ՝ գյուղացիների հետ քննարկել ենք՝ ինչպե՞ս պետք է ապահովենք բնակավայրի անվտանգությունը, և ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ:

Որոշ հարցեր, այդ առումով, քննարկման փուլում են, և չէի ուզենա մանրամասնել:

Մի հանգամանք ևս՝ բնունիսցին տեսնում է. որ ինքը մենակ չէ:

Եվ եթե լինեն առաջարկություններ՝ օրենսդրական բնույթի կամ գործադիրին առնչվող, ապա դրանք սահմանված կարգով քննարկման առարկա կդառնան:

- Վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանցի զինվորների Սյունիքում հայտնվելու հետ, բազմաթիվ հարցեր են առաջ բերել, որոնց վերջնական և հիմնավոր պատասխանը հանրությունը դեռևս չունի:

Դրանցից մեկ-երկուսը կուզենայինք Ձեզ հետ արծարծել:

Ամենամտահոգիչը հետևյալն է՝ ինչպե՞ս են ադրբեջանցի զինվորները կարողացել անցնել Հայաստանի պետական սահմանը, ունե՞նք երաշխիք, որ նման դեպքերը չեն կրկնվի:

- Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը պաշտպանության նախարարությունն է և, իհարկե, ինքներս:

Եթե մենք չպաշտպանենք մեր հայրենիքը, մեր ընտանիքը, մեր սրբությունները, ապա ուրիշ ո՞վ պետք է պաշտպանի:

Վաղուց ժամանակն է, որ ձերբազատվենք երազներից ու պատրանքներից և առերեսվենք իրականությանը, հույսներս նախևառաջ մեր վրա դնենք:

Երբ ասում եմ՝ բնակիչներս էլ պետք է մաս կազմենք մեր անվտանգային համակարգին, դա չի նշանակում, որ պետությունն ամբողջովին ի զորու չէ երաշխավորելու երկրի ու յուրաքանչյուրիս անվտանգությունը, պարզապես միասին ավելի անխոցելի կլինենք:

- Համաձայն ենք. յուրաքանչյուրս անելիք ունենք երկրի անվտանգության ապահովման գործում: Բայց սահմանապահ գյուղերում այդ հարցին ավելի կոնկրետ են մոտենում՝ ասելով՝ տվեք մեզ ինքնապաշտպանվելու իրավունք, տվեք մեզ զենք և մենք...

- Շատ դրական եմ վերաբերվում այդ գաղափարին, նույնիսկ ողջունում եմ, բայց այդ ամենը չպետք է ինքնահոսի մատնվի, այդ ամենը պետք է կառավարելի լինի: Այդ ուղղությամբ օրենսդրական բնույթի աշխատանքներ են կատարվում:

Վերջին մեկ-երկու տարում աշխարհազորի ձևավորման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներն ասվածի վառ օրինակն են:

Այդ գործընթացը կարելի է շարունակել. օրինակ, առողջական և ֆիզիկական բնույթի խնդիրներ չունեցող անտառապահներին, որսորդներին սահմանապահի կարգավիճակ տալով և այլն:

Կրկնեմ՝ մենք վստահում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին և կարողություններին, բայց եթե հասարակությունից էլ լինի աջակցություն՝ ինքնապաշտպանության տեսքով, ապա բանակն ավելի կզորանա ու ավելի վստահ կգործի:

- Սյունիքում հայտնված զինվորներից մեկը, եթե ընդունենք սկզբնապես Բնունիսում լինելու իրողությունը, Բնունիսից հասել է Աշոտավան՝ անցնելով մի քանի կիլոմետր, մյուսը Բնունիսից հասել է Քաջարան, ապա Կապան համայնքի տարածք:

Ինչպե՞ս եք գնահատում մեր իրավապահների գործողություններն այդ փաստերի լույսի ներքո:

- Ճիշտ չէր լինի, եթե ինքս գնահատական տայի, թեև Ձեր հարցադրումն օբյեկտիվ է ու ստեղծված իրավիճակից բխող:

Նախաքննություն է ընթանում, և բոլոր փաստերը չէ, որ հասանելի են...

Եթե առաջնորդվենք զուտ շրջանառվող տեղեկություններով կամ յուրաքանչյուրս՝ մեր իսկ տրամաբանությամբ ու պատկերացումներով, ապա կարող ենք սխալ վարկածների մեջ ներքաշվել: Ավելին ասեմ՝ եթե ես որպես քաղաքացի իմ անձնական նկատառումներն արտահայտեմ Ազգային ժողովի պատգամավորի դիրքերից, ապա կարող է և վախի մթնոլորտը խորացնելուն ակամա աջակցողի դերում հայտնվեմ, ինչը նույնպես ճիշտ չէ:

Մի բան է հստակ և անքննելի՝ տեղի ունեցածն ամենայն մանրամասնությամբ պետք է բացահայտվի և ստանա իրավական գնահատական: Պետք է հստակեցվի ադրբեջանցի զինվորի առնչությունը Կապանի Շղարշիկ թաղամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետ: Դրանք շատ կարևոր են: Մեր իրավապահները, որքան տեսնում եմ, այդ ճանապարհին են...  

- 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարության համաձայն, դիրքեր ենք կորցրել Ջերմուկից մինչև Մեծ Իշխանասար ընկած տարածքներում:

Խոսքը, փաստորեն, Սիսիան համայնքի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածների մասին է:

Խոսքը, փաստորեն, Գորայքի և այնտեղից մինչև Ուխտասար ու Ծղուկ լեռ, ապա մինչև Մեծ Իշխանասար ընկած տարածքների մասին է, որտեղ նաև Գորիսի ու Սիսիանի ամառային արոտավայրերն են, յայլաղատեղերը:

Արդյո՞ք նշված տարածքներում շփման գիծը հստակեցված է, արդյո՞ք առաջիկայում անասնապահները կկարողանան անվտանգ բարձրանալ նշված վայրերի յայլաղներ. նկատի ունենք նաև, որ անասնապահությունը Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններում տնտեսության հիմնական ճյուղն է:

- Սյունիքի արևմտյան սահմանամերձի արոտավայրերում (Նախիջևանի սահմանի երկարությամբ) նման խնդիրներ չկան, չեն էլ եղել: Իսկ Ձեր նշած տարածքների խնդիրներին քաջատեղյակ եմ...

Վստահ եմ՝ երբ տեղի ունենան սահմանագծում և սահմանազատում, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ մինչ այդ ձեռնարկվում են կոնկրետ քայլեր՝ ամառային արոտներում անվտանգ իրավիճակ ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չեն կարող լինել ու (ի վերջո) չեն լինի ադրբեջանական ուժեր:

Կարծում եմ՝ մեր դիվանագետները միջազգային բոլոր հարթակներում ամեն ինչ անում են առկա խնդիրները լուծելու համար, տեղի ունեցած ապօրինությունների իրական պատկերը բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին հասանելի դարձնելու և նրանց հասցեական ու կոնկրետ դիրքորոշումը ձևավորելու համար:

Ժամանակի խնդիր է, ճշգրտվում է ամեն ինչ...

- Այսինքն՝ Դուք ակնկալում եք, որ Սյունիք ներխուժած ազերիները (օրերից մի օր) կամավոր կհեռանան իրենց զբաղեցրած տեղերից, այո՞:

- Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ոչ մի պետություն չի կարող և իրավունք չունի օկուպացնել, իսկ եթե ինչ-որ հատվածի բռնազավթում է տեղի ունեցել, ապա անվերապահորեն պետք է ազատագրել: Եվ, կրկնում եմ, մեր արտաքին գործերի նախարարությունն այդ ուղղությամբ հնարավոր ամեն ինչ անում է...

- Ամփոփենք մեր զրույցը՝ վերադառնալով առաջին հարցին, ավելի ճիշտ հետընտրական Սիսիանի Ձեր տեսլականին...

- Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլոր սիսիանցիներին՝ համայնքային իշխանության ձևավորման առիթով: Մեկ տարի մարդիկ խճճված էին հարցերի մեջ՝ ո՞ւմ ես ընտրելու, ինչո՞ւ ես ընտրելու:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնել  Սիսիան համայնքի համար: Եվ այդ պատասխանատվությունը կրում ենք ու կրելու ենք ամենայն լրջությամբ և պատշաճությամբ:

Մենք՝ համայնքի բնակիչներս, մեկ և միևնույն ընտանիքի անդամներն ենք, և պետք է    միմյանց աչքերին ուղիղ նայելու գործելակերպ դրսևորենք:

Սիսիանի, սիսիանցու շահերին միտված բոլոր հարցերում եղել ենք ու մնում ենք բոլորի հետ համերաշխ և բաց՝ բանավեճերի, քննարկումների համար:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Հ.Գ.

Կարեն Համբարձումյանն այնուհետև մեկնեց Աշոտավան՝ ծանոթանալու իրավիճակին և հանդիպելու գյուղի բնակիչներին:

Հիշեցնենք՝ Բնունիսում հայտնված ադրբեջանցի զինվորներից մեկը հետագայում հայտնաբերվել է Աշոտավան գյուղում, որտեղ էլ և ձերբակալվել է:

Կապանում գործող ՍՊԸ-ի տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ. ՔԿ

08.11.2024 20:14

COP29-ին ընդառաջ․ Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել Բաքվում գտնվող հայերին ազատ արձակելnւ վերաբերյալ

08.11.2024 19:36

Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովը

08.11.2024 18:59

Հայաստանի զինվելը՝ «ոսկոր» Ալիևի կոկորդում. Բաքվի բռնապետը սպառնալիքներով «զգուշացնում» է

08.11.2024 15:08

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

08.11.2024 11:48

Պուտինը շնորհավորեց Թրամփին

08.11.2024 10:41

COP-29 գագաթնաժողովին Բաքու կմեկնի ՌԴ վարչապետ Միշուստինը

07.11.2024 22:55

Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

07.11.2024 22:53

Վստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն՝ Թրամփին

07.11.2024 22:47

«Սյունիք» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը

07.11.2024 22:35

Ֆրանսիական էկրանին Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմը` «Նռան գույնը»

07.11.2024 21:58

«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովի մասնակիցները՝ ԶՊՄԿ-ում

07.11.2024 21:36