Կարեն Լազարյան. «Գորիսի պետական քոլեջում սովորել կամեցողները հիմա ավելի շատ են, քան՝ նախորդ տարիներին»

16.08.2017 09:24
1355

«Սյունյաց երկիրը» շարունակում է անդրադառնալ մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր համալրման արդյունքներին, ինչպես եւ միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատությունների ընդունելության ընթացքին:

Արդեն հանդիպում-հարցազրույց ենք ունեցել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Արթուր Կոստանդյանի, Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանի հետ:

Կհանդիպենք նաեւ մյուս կրթօջախների ղեկավարներին:


Հերթական հանդիպում-զրույցը Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հետ է:


- Պարո՛ն Լազարյան, նախ՝ գնահատեք, խնդրեմ, 2017-18 ուսումնական տարվա ընդունելության ընթացքը Ձեր գլխավորած հաստատությունում:


- Մի քանի օր է մնացել մինչեւ նոր ուսումնական տարի: Պատրաստվում ենք բոլոր ուղղություններով: Գլխավոր հարցը, այդուհանդերձ, ընդունելությունն է:


Ընթանում է նորմալ, բնականոն հունով: Դեռեւս հուլիսի 12-ին  կազմավորվել է ընդունելության հանձնաժողով, որն աշխատում է ամեն օր՝ ժամը 8.30-ից մինչեւ 16.00 (շաբաթ եւ կիրակի օրերից բացի):

Նաեւ մասնագիտական կողմնորոշմանը միտված աշխատանք ենք տանում հանրակրթական դպրոցների շրջանավարտների այն խմբի հետ, որ դեռ չի կողմնորոշվել կամ նոր-նոր է կողմնորոշվում: Ավելի ճիշտ՝ ամիսներ առաջ սկսած այդ գործը շարունակում ենք՝ բնակավայրեր այցելելով, անհատական հանդիպումներ ունենալով, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի գովազդային հնարավորություններն օգտագործելով:


- Տեղյակ ենք, որ քոլեջում ուսուցումը կատարվում է ե՛ւ միջին մասնագիտական, ե՛ւ արհեստագործական կրթական ծրագրերով:

Հետաքրքիր է՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ի՞նչ մասնագիտությունների համար եք ներկայումս ընդունելություն կատարում եւ կրթական ի՞նչ հիմքով:


- Թվարկեմ՝ Նախադպրոցական կրթություն (կրթական հիմքը՝ լրիվ միջնակարգ կրթություն), Դեղագործություն (կրթական հիմքը՝ ե՛ւ հիմնական, ե՛ւ լրիվ միջնակարգ կրթություն), Քույրական գործ (ե՛ւ հիմնական, ե՛ւ լրիվ միջնակարգ կրթական հիմքով), Մանկաբարձական գործ (ե՛ւ հիմնական, ե՛ւ լրիվ միջնակարգ կրթական հիմքով), Դիզայն (հիմքը՝ լրիվ միջնակարգ կրթություն), Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (ե՛ւ հիմնական, ե՛ւ լրիվ միջնակարգ կրթական հիմքով):


- Իսկ ի՞նչ կասեք նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների մասին:


- Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ (հիմքը՝ հիմնական կրթություն), Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում (հիմքը՝ միջնակարգ կրթություն), Խոհարարական գործ (հիմքը՝ միջնակարգ կրթություն), Կարի արտադրության տեխնոլոգիա (հիմքը՝ հիմնական կրթություն), Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ (հիմքը՝ հիմնական կրթություն), Գեղանկարչություն եւ քանդակագործություն (հիմքը՝ հիմնական կրթություն):


- Իհարկե, հիմա վաղ է ամփոփել ընդունելության վերջնական արդյունքները, ընդհանրացումներ կատարել, բայց մեկ-երկու հարց կուզենայինք ճշտել:


Մեր պատկերացրած կոնկուրս կլինի՞ որեւէ մասնագիտության գծով, թե՞  մի կերպ եք համալրում խմբերը:


- Հավանաբար կոնկուրս կլինի բժշկական մասնագիտությունների գծով. նկատի ունեմ հիմնական կրթական հիմքով ընդունելությունը:


- Դիմորդները միայն Գորիսի տարածարջանի՞ց են, թե՞ մերձակա շրջաններից եւս:


- Չէ, ինչո՞ւ միայն Գորիսից: Արդեն իսկ դիմորդներ ունենք Եղեգնաձորից, Մեղրիից, Սիսիանից, Արցախի Հանրապետությունից: Առկա սովորողների մեջ ուսանող ունենք Արարատի մարզից:


- Եթե գաղտնիք չէ՝ որքա՞ն դիմորդ ունեք այս պահին:


- Հատկապես այդ հարցում որեւէ գաղտնիք կամ խորհրդավորություն լինել չի կարող. օգոստոսի 15-ի դրությամբ ունենք 80 դիմորդ:


Եթե համեմատում ենք տարածաշրջանի շրջանավարտների ներկայիս թիվն ու դիմորդների քանակը եւ դրանք համադրում նախորդ տարիների թվերի հետ, ապա կարելի է արձանագրել՝ Գորիսի պետական քոլեջում սովորել կամեցողները հիմա ավելի շատ են, քան՝ նախորդ տարիներին:


Բայց դրանք, թույլ տվեք ասել, սովորական ցուցանիշներ չեն: Այդ թվերը վերստին հաստատում են՝ տարածաշրջանի հանրությունը մեծ վստահությամբ եւ հավատով է վերաբերվում Գորիսի պետական քոլեջին:


Բարձրագույն եւ միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատությունների ներկայիս մեծ ցանցի առկայության պարագայում դա ուղղակի գնահատական է՝ անքննելի, անվիճարկելի:


- Ընդունելության կանոններում կա՞ն էական, սկզբունքային փոփոխություններ:


- Ընդունելությունն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012թ. ապրիլի 5-ի N254-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն: Կան որոշ փոփոխություններ՝ կարգից բխող, որոնք ի շահ ուսանողի են:


Օրինակ, ուսման վճարների մուծման կարգը… Նախկինում ուսման վճարը տալիս էին ըստ կիսամյակների, երբեմն վճարները գանձում էինք նույնիսկ փաստաթղթերը հանձնելուն զուգահեռ՝ ուսանողի հնարավոր անվճարունակությունից բխող հետագա խնդիրներից խուսափելու համար: Հիմա  վճարը կբաժանվի տվյալ ուսումնական տարվա ամիսների վրա եւ կվճարվի ըստ ամիսների: Հատկապես անապահով ընտանիքների համար սա կարեւոր նորույթ է:


- Որքանով տեղյակ ենք՝ փոփոխություններ կան նաեւ պետության կողմից ուսման վճարների լրիվ փոխհատուցման կարգում:


- Այո, այս տարի հունիսի 29-ին հանրապետության կառավարությունը N749-Ն որոշմամբ փոփոխություններ է կատարել գործող կարգում:


Ուշագրավ է հատկապես հետեւյալ դրույթը՝ «Պետությունն ուսանողական նպաստի ձեւով, մրցութային հիմունքով, ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար հատկացված անվճար ուսուցման տեղում՝ 1) մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության ընդունելության կարգով ընդունված ուսանողի՝ մինչեւ ուսումնառության ավարտը»:


- Իսկ ինչպե՞ս է ընդունելությունն իրականացվում քոլեջում՝ մրցույթո՞վ, թե՞  քննությամբ:


- Ե՛վ քննությամբ, ե՛ւ մրցույթով: Քննություն հանձնում են բժշկական մասնագիտությամբ ընդունվել ցանկացողները, մնացած բաժիններում՝ մրցույթով:


- Դուք քիչ առաջ ներկայացրիք մասնագիտությունները, որոնց համար 2017-18 ուսումնական տարվա համար ընդունելություն է կազմակերպվում: Դրանցից որո՞նք են նորը:


- Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ (նախնական մասնագիտական կրթական ծրագրով) ու Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (միջին մասնագիտական կրթական ծրագրով): Վերջին մասնագիտությունը տարիներ շարունակ ունեցել ենք, բայց լրիվ միջնակարգ կրթական հիմքով, իսկ հիմա ընդունվել կարող են նաեւ հիմնական կրթական հիմքով:


Ինչ վերաբերում է Մետաղների մշակման տեխնոլոգիային, որ մեր իմացած դարբնությունն է… Փորձում ենք վերականգնել ազգային արհեստներից այդ մեկը եւս, որ գրեթե մոռացվել ու դուրս է մղվել: Սակայն այդ նորությունը, կարծես, ժամանակին պատշաճ ձեւով չներկայացրինք հանրությանը եւ բացասական արդյունքներն արդեն իսկ տեսնում ենք:


- Նախկինում էլ, որքանով հիշում ենք, որոշ մասնագիտություններ քոլեջում չկայացան:

 
- Ճիշտ եք, զբոսաշրջությունը, թեեւ առաջին հայացքից պահանջված պիտի լիներ, չկայացավ, ու հրաժարվեցինք: «Դիզայն» մասնագիտությունն էլ դժվար է ստացվում: Տեսնենք…


- Հիմա հանրակրթական դպրոցների շրջանավարտների ծնողներին, երբ գալիս է իրենց երեխաների հետագա կրթության ընթացքը որոշելու պահը, շատ հարցեր են հետաքրքրում: Հատկապես՝ ուսման վարձավճարի չափը, արտոնությունները…


- Ուսման վարձավճարի չափի առումով փոփոխություն չկա արդեն մի քանի տարի շարունակ: Բայց կան մասնագիտություններ, որ անվճար տեղերի հետ մեկտեղ այլեւս վճարովի տեղեր ունենք (նախկինում չեն եղել):


Արտոնությունների մասին… Արտոնություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած կամ նրանց թվին պատկանող անձինք, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք, զոհված զինծառայողների երեխաները, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք, սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողները…


Իհարկե, գործում է նաեւ փոխատեղման կարգը՝ ըստ մասնագիտությունների (ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում), որը չի վերաբերում արտոնություն ունեցող վերոնշյալ սոցիալական խմբերին:


-  Երբ նայում ենք բուհերի ընդունելության արդյունքներին՝ ինչ-որ առումով մտահոգող վիճակագրության ենք բախվում: Պատճառներից գլխավորն այլեւս գաղտնիք չէ՝ մարդկային ռեսուրսի նվազում կամ, ինչպես ընդունված է ասել, ժողովրդագրական իրավիճակի փոփոխություն:

Կարելի՞ է փաստել, որ Գորիսի պետական քոլեջը դիմանում է ոչ սովորական այդ մարտահրավերին, որ շարունակում է իրեն ձգել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին:


- Քիչ առաջ ես թվեր ներկայացրի, չնայած ընդունելության գործընթացը դեռ չի ավարտվել: Այդ թվերով ինքներդ կարող եք եզրահանգում անել՝ մենք դիմանո՞ւմ ենք, թե՞ ոչ:


- Ի՞նչ դժվարություններ, խոչընդոտներ, խնդիրներ կան քոլեջում, ընդունելության ներկա գործընթացում:


- Ընդունելության ներկա գործընթացի դժվարությունները միայն մեզ համար չեն՝ ժողովրդագրական իրավիճակի փոփոխություն, մրցակցություն, տարածաշրջանի աշխատաշուկայի ոչ դիվերսիֆիկացված վիճակ…

Իսկ խոչընդոտներ, որպես այդպիսիք, չկան:

Մինչդեռ դժվարություններ կան, որոնք հաղթահարել եւ հաղթահարում ենք: Դրանք, կասեի, ընթացիկ հարցեր են:

Այդ ամենից զատ կան խնդիրներ, հիմնախնդիրներ:

Առաջինը, թեեւ առերեւույթ չի առնչվում քոլեջին, թաղամասի փողոցների ուղղակի քարուքանդ վիճակն է: Երկու տարի առաջ Հայկազունիների եւ Սեւյան փողոցների՝ քոլեջին հարակից հատվածը վերանորոգվեց, բայց թաղամասի փողոցների հարցը շարունակում է մնալ մտահոգող…


-  Դե Դուք էլ Գորիս համայնքի ավագանու ակտիվ անդամ եք, ինչո՞ւ խնդրի վրա չեք հրավիրում համայնքային իշխանության ուշադրությունը:


- Այնպես չէ, որ համայնքային իշխանությունը տեղյակ չէ այդ խնդրին եւ մտահոգված չէ: Ե՛վ համայնքի ղեկավարը, ե՛ւ ավագանին մտահոգված են դրանով: Խոսքը, մինչդեռ, ոչ թե փողոցների ընթացիկ, այլ հիմնովին նորոգման մասին է, որը բավականին լուրջ միջոցների ներդրում է ենթադրում, ինչը, բնականաբար, համայնքի բյուջեի հնարավորություններից վեր է: Բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվել կացության հետ: Ընդհակառակը՝ պետք է հիշել, որ այդ թաղամասում են Գորիսի պետական համալսարանն ու Գորիսի պետական քոլեջը, Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, հանրակրթական երկու դպրոց եւ, ի վերջո, դա բնակելի մեծ թաղամաս է…


Անպայման պետք է խնդրի վրա բարձր իշխանությունների ուշադրութունը հրավիրել:


- Մենք մի փոքր շեղվեցինք հիմնախնդիրները թվարկելուց, դառնանք Ձեր նկատառումներին:


 - Հաջորդ հիմնախնդիրը, որ մտահոգում է, քոլեջի շենքի պահպանությունն է, ջեռուցումը, քոլեջի շրջանավարտների աշխատանքի տեղավորումը եւ այդ նպատակով գործատուների հետ համագործակցության հետագա ակտիվացումը…


Թող տարօրինակ չթվա, բայց այժմվանից պատրաստվում ենք նաեւ մյուս՝ 2018-19 ուսումնական տարվան. նկատի ունեմ նոր մասնագիտությունների ներդրման գործընթացը, որ ենթադրում է պետական փաստաթղթերի պատրաստում, պահանջվող կադրերի խնդրի լուծում, ուսումնական բազայի ստեղծում. դրանք ամիսների համառ աշխատանք են ենթադրում:


- Հիմա փորձենք ամփոփել մեր զրույցը. փաստորեն մինչեւ օգոստոսի վերջին օրերը դիմորդները կարող են քոլեջ ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ընդունելության հանձնաժողով:

Շատ պարզ հարց՝ հստակ պատասխանի ակնկալիքով՝ ինչո՞ւ պետք է ծնողն իր շրջանավարտ զավակին կրթության ուղարկի Գորիսի պետական քոլեջ, ինչո՞ւ պետք է հանրակրթական դպրոցի շրջանավարտն ուսման գա Ձեր կրթօջախ:


- Այո, դեռ ժամանակ կա, եւ հանրակրթական դպրոցի շրջանավարտը (այս եւ նախորդ տարիների), բանակից զորացրված երիտասարդը կարող են որոշում ընդունել եւ սովորելու գալ Գորիսի պետական քոլեջ:


Հարցնում եք՝ ինչո՞ւ:


Նախ՝ մենք առաջարկում ենք ոչ միայն Գորիսի տարածաշրջանում, ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ ամբողջ հանրապետության աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ:


Երկրորդ՝ քոլեջում կա դասախոսների, վարպետների հմուտ, պատրաստված համակազմ, կա ուսումնաօժանդակ նյութերի անհրաժեշտ բազա, ինչը թույլ է տալիս երաշխավորել մասնագիտական գիտելիքների պատշաճ յուրացում, անհրաժեշտ հմտությունների ձեռքբերում: Նախկինում էլ առիթ եմ ունեցել ասել՝ մեր մանկավարժական թիմում կան դասախոսներ, ովքեր, առանց չափազանցության, պատիվ կբերեն ցանկացած կրթական հաստատության: Այսօր էլ այդ կարծիքին եմ:


Երրորդ՝ քոլեջում առկա է բարոյահոգեբանական լավ մթնոլորտ, ստեղծագործական աշխատանքի մթնոլորտ, որ կրթական գործընթացի գլխավոր գրավականն է:


Չորրորդ՝ քոլեջի շրջանավարտն ունի շարունակական կրթության հնարավորություն: Նա կարող է իր մասնագիտությամբ կրթությունը շարունակել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ առանց ընդունելության քննությունների:


Հինգերորդ՝ մենք ունենք անվճար 136 տեղ (ներկա ընդունելության մասին է խոսքը), այդ թվում՝ 90-ը՝ արհեստագործական հոսքում: Դա նաեւ նշանակում է, որ սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող ընտանիքն իր երեխային կարող է կրթության տալ՝ չմտահոգվելով ուսման վճարով: Ավելին, երեխան նաեւ կրթաթոշակ կստանա՝ թեեւ համեստ չափով:


Ի վերջո պիտի նկատի ունենալ՝ Գորիսի պետական քոլեջը մեր հանրապետության ամենահին եւ վաստակաշատ կրթօջախներից մեկն է՝ բարի համբավ ունեցող, որտեղ տասնամյակների ավանդույթներին զուգահեռ ներդրվում եւ կյանքի են կոչվում ուսուցման արդիական մեթոդներ ու կրթական ժամանակակից չափորոշիչներ:


Այնպես որ՝ սիրելի՛ շրջանավարտներ, մենք սպասում ենք Ձեզ. թեեւ քիչ, բայց դեռ ժամանակ կա կողմնորոշվելու համար:


Գորիսի պետական քոլեջում դուք կստանաք բարձրորակ եւ պահանջված կրթություն, որը թույլ կտա արժանապատիվ տեղ գտնել կյանքում…

Հարցազրույցը ՝ ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06