Կաթի գնի տատանումներ. հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ

09.07.2015 15:43
3121

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հուզումները ստվերում թողեցին տնտեսության ոլորտի (այս անգամ գյուղատնտեսության) հետ կապված ոչ նվազ կենսական հնչեղություն ունեցող մի խնդիր: Խոսքը գյուղացուց մթերվող կաթի գնի մասին է: Ամռան այս տարեշրջանում կաթի մթերման գինը բողոքի ալիք է բարձրացրել: Ձմռան ամիսներին կաթ մթերող ընկերությունները գյուղացուց կաթը գնում էին 150-170 դրամով: Գարնան վերջին ամսին գինը սրընթացորեն սկսեց իջնել, եւ այժմ 110 դրամ է առաջարկվում մեկ լիտր կաթի դիմաց: Գյուղացիների դժգոհության փաստարկն այն է, որ մեկ լիտր կաթն ավելի էժան է կես լիտր շշալցված ջրից: Թեեւ պարզ է նաեւ, որ խնդիրը գյուղացու (կաթ արտադրողի) եւ ոչ թե պետական, այլ մասնավոր ձեռնարկության միջեւ է, եւ պետությունն իրավասու չէ ոչ վաճառքի, ոչ էլ կաթի մթերման գին սահմանել:

Սիսիանում կաթնամթերք արտադրող «Սիս ալպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օրինակով փորձեցինք տեղեկանալ, թե ինչ է կատարվում կաթի վերամշակման ոլորտում, որն է կաթի մթերման էժանության պատճառը:

«Սիս ալպ» ընկերությունը սկսել է արտադրանք տալ 2008 թվականից, արտադրում է երկու տեսակի թթվասեր, մածուն, կաթնաշոռ, պաստերացված կաթ, իսկ ամռան ամիսներին, երբ կաթի ավելցուկ է լինում՝ պանիր: Արտադրանքի իրացման երկու հստակ հասցե կա. Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր (Ջերմուկի երկու առողջարան, մանկապարտեզներ), փոքր չափով նաեւ մայրաքաղաք են առաքում: Աշխատանքներ են տարվում նաեւ մարզկենտրոնում իրացնելու համար:

Ծրագիր չկա՞ սիսիանյան կաթնամթերքը հանրապետությունից դուրս արտահանելու: «Այսօր ռուսական շուկայում գները լիարժեք կարգավորված չեն, ցածր են ապրանքների գները, այդքան էլ ձեռնտու չէ այստեղից ապրանք արտահանելը: Իսկ արտահանելու դեպքում մի քանի ընկերություններ կարող են միավորվել եւ իրենց արտադրանքն արտահանել: Ապագայի համար այսպիսի տարբերակ քննարկվում է», - մեր հարցին այդպես է պատասխանում տնօրեն Հուսիկ Ստեփանյանը:

Օրական առավելագույնը երկու տոննա կաթ են մթերում: Հանձնվող կաթի յուղայնությունից դժգոհություն չկա: Կաթն ընդունում են բազիսայինից (3,6 տոկոս) բարձր յուղայնությամբ, ավելի ստույգ՝ ընդունվող հումքի յուղայնությունը տատանվում է 3,7-3,8-ից մինչ 4,2-4,3-ի սահմաններում: «Ինչքան խոտը չորանա, յուղայնությունը բարձրանալու է», - բացատրում է տնօրենը:

Մեզ առավել հետաքրքրում էր մթերվող կաթի գինը, որ նախորդ տարիների համեմատ առավել ցածր է եւ հարուցում է գյուղացու՝ կաթ արտադրողի դժգոհությունը: Ընկերության տնօրենը՝ մասնագիտությամբ կաթի եւ կաթնամթերքի ինժեներ-տեխնոլոգ Հուսիկ Ստեփանյանն իր մեկնաբանությունն ուներ. «Ցածր գինը միայն Սյունիքում չէ: Մրցակցային մթնոլորտը գլոբալ հարց է: Շուկան է գին թելադրում: Դա, թերեւս, կապված է ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետ, էժան կաթի փոշի է ներկրվել Հայաստան, դրա հաշվին թերեւս կաթի գինը կարող էր իջնել: Կաթի փոշիով պատրաստված արտադրանքը տնտեսվարողի վրա 80-100 դրամ է «նստում»: Անցյալ տարի մենք կաթը գնել ենք 160 դրամով, 150 դրամից պակաս կաթ չենք մթերել: Կաթի գնի անկման դինամիկա մարտի 15-ից է արձանագրվել: Մայիսին 130-140 դրամով ենք մթերել, հունիսի 1-ից 120 դրամով, 15-ից դարձել է ներկայիս գինը՝ 110 դրամ: Ինչպես տեսնում եք, երաշտ է, անասնակերը պակասելու է, ուզած-չուզած կաթի գինը պիտի բարձրանա»:

Զանգահարեցինք նաեւ Սիսիանի տարածաշրջանում գործող կաթնամթերքների արտադրության «Բորիսովկա» ՍՊ ընկերություն, որտեղից հայտնեցին, որ իրենք կաթը մթերում են լիտրը 120 դրամով (անցած տարի այս նույն ժամանակաշրջանում մթերվող կաթի գինը 150 դրամ էր):

Տնօրեն Հուսիկ Ստեփանյանը նաեւ տեղեկացրեց, որ ամռանը կաթնամթերքի իրացման խնդիր ծագում է, կաթնամթերքի իրացումն ավելի հաջողությամբ աշնանը եւ ձմռանն է լինում: Այս ամռանը շուկայում կաթնամթերքի գնանկում է նկատվել, պատահել է շուկայում պանիրն առաջարկվել է կիլոգրամը 1000-1100 դրամով (նախորդ տարում 1600-1700 դրամ էր): Շուկայում «Սիս ալպի» մածունն էլ 460-ի փոխարեն վաճառվում է 400 դրամով:

Ինչպես տեսաք, տնօրենի խոսքի մեջ ակնարկ եղավ կաթի փոշու մասին. մեր ունեցած տվյալներով տնտեսվարողների մի մասը կաթնամթերք ստանում է հենց կաթի փոշուց, շուկայում կաթնամթերքի գնագոյացման հարցում մեծ դեր ունի կաթի փոշին: Մեր զրուցակցից ցանկացանք տեղեկանալ, թե ինչ ասել է կաթի փոշի, որքանով է արդարացված դրա կիրառումն արտադրության մեջ: «Կաթի փոշու կամ չոր կաթի ստեղծումն անհրաժեշտություն է, քանի որ ամռանը, անասնակերի առատությամբ պայմանավորված, կաթի ավելցուկ է գոյանում, իսկ ձմռանը կաթը պակասում է, - մանրամասնեց Հուսիկ Ստեփանյանը, - մի միջոց պիտի լինի, չէ՞, որ ամռանը ստացված կաթը ձմռանը վերամշակեն: Ճիշտ է, կաթի փոշին կենսաբանորեն զիջում է բնական կաթին, բայց այն արդարացված է օգտագործել արտադրության մեջ: Այլ բան է, երբ կաթի փոշուն անհայտ ծագումով բուսական յուղեր, նույնիսկ սոյա են խառնում»:

«Սիս ալպ» ընկերությունում ութ մարդ է աշխատում: «Մեր արտադրությունը դեռ լիարժեք տեսք չի ընդունել», - կռահում է լրագրողի հաջորդ հարցը: - Անհատական տունը վերակառուցել, վերածել ենք արտադրամասի: Կաթնամթերքն արտադրում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով»:

Երբ նյութը պատրաստվում էր տպագրության, շահագործման էր հանձնվում լիարժեք կաթնամթերքի արտադրության վերակառուցված արտադրամասը:

«Եթե հիշում եք, - շարունակում է Հ.Ստեփանյանը, - մի քանի տարի առաջ Սիսիանի մանկապարտեզում խնդիր էր ծագել, մանկապարտեզի սաները հոսպիտալացվել էին, նաեւ մեր ընկերության կաթնամթերքն էին ստուգել, ինը ցուցիչներն էլ համապատասխանել էին նորմային: Այլ ֆիրմաների արտադրանքի մեջ 3-4 ցուցիչների խախտումներ էին արձանագրել: Զարմացել էին, թե այդքան փոքրիկ արտադրությունն ինչպես է կարողանում վտանգից զերծ արտադրանք տալ»:

Փորձեցինք տեղեկանալ, թե մեր օրերում արտադրության կազմակերպչի, ձեռներեցի համար ո՞րն է ամենանեղ օղակը, փոքր արտադրության մեջ ի՞նչ խնդիրներ են ծագում, եթե կաթնամթերք է արտադրում, ինչո՞վ է նեցուկ լինում գյուղնախարարությունը: Բայց մեր զրուցակիցը հարցերի պատասխանն այլ ուղղությամբ տարավ. «Այլ խնդիրներ են ինձ հուզում, ինչպես Հայաստանի բնակչության մեծամասնությանը: Շատ լավ կլիներ, որ մարդիկ աշխատատեղեր ունենային, իշխանությունները խրախուսեին աշխատատեղ ստեղծողներին, հայ մարդը չհեռանար իր հայրենիքից: Աշխատող բնակչություն լիներ եւ սպառող բնակչություն: Տնտեսությունը շարժվեր առաջ, թե չէ մենք ենք քարշ տալիս այս տնտեսությունը: Երբ նայում ես առաջ, ապագան մշուշոտ է թվում: Բայց էլի հույսով լեցուն եմ, շինարարություն եմ անում, ասում եմ, ոչինչ, դժվարությունները, կանցնեն-կգնան, վաղը լավ կլինի»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01