Կենսաթոշակի տարիքի անցած ուսուցիչներն աշխատանքից ազատվում են սեփական դիմումի համաձայն

06.11.2015 14:47
2899

Կենսաթոշակային տարիքի անցած աշխատողների իրավունքներին վերջերս անդրադարձել էինք (Սյունյաց երկիր, N24, 18 սեպտեմբերի 2015թ.)՝ խոստանալով հատկապես հանրակրթական դպրոցների ուսուցիչների կենսաթոշակի անցնելու թեմային եւս մեկ անգամ անդրադառնալ:

Մարզպետարանի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը նշեց, որ այդ հարցում չի կարելի միանշանակ գնահատական տալ՝ մեղադրելով միայն գործատուներին: Ներկայումս մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 163 կենսաթոշակառու, որից 52-ը՝ ուսումնաօժանդակ աշխատող: Հիմնական աշխատող ուսուցիչները նրանք են, որոնց այս պահին փոխարինող կադրեր չկան. «Հատկապես «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Աշխարհագրություն» առարկաների մասնագետների կարիք կա: «Շախմատ» առարկան հիմնականում դասավանդում են վերապատրաստված մասնագետներ, որոնց համար տարիքային սահմանափակում չի կիրառվում: Զինղեկների համար տարիքային սահմանափակում գրեթե չի գործում՝ ելնելով նաեւ առարկայի առանձնահատկությունից: Հաճախ կենսաթոշակի անցած ուսուցիչները, ծնողների խնդրանքով հաշվի առնելով նրանց փորձը, գիտելիքները, շարունակում են աշխատել: Օրենքը չի արգելում նրանց աշխատել, միայն թե նրանց հետ կնքվում է ժամկետային պայմանագիր»:

Այն նկատառմանը, որ դպրոցի տնօրենն է պայմաններ ստեղծում՝ ժամով չապահովելու հարցում, բաժնի պետն առարկեց. «Եթե դպրոցում ժամաքանակի պակաս է լինում, ապա նախեւառաջ ապահովվում են ոչ կենսաթոշակային տարիքի ուսուցիչները: Միգուցե նախանցյալ տարի ժամաքանակի խնդիր չի եղել, եւ կենսաթոշակի անցած ուսուցիչն էլ է ապահովվել ժամաքանակով, բայց այս տարի շատ դպրոցներում այդ խնդիրն առաջացել է՝ պայմանավորված աշակերտների թվի նվազմամբ»:

Ճիշտ է, մարզում դպրոցներ կան, որտեղ կենսաթոշակառուները գերակշռում են, որին հակառակ՝ այս ուստարում որոշ դպրոցներից միանգամից մի քանի կենսաթոշակառու, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է (խմբ.՝ լինում են դեպքեր, երբ նրանք հրաժարվում են դիմում գրել. հարց է առաջանում՝ ինչո՞ւ): Ծանուցումը, որ նախապես ներկայացվում է, հաճախ ուսուցիչները հրաժարվում են վերցնել:

Ընդհանուր առմամբ թող այն կարծիքը չստեղծվի, որ դեմ ենք սերնդափոխությանը, նորավարտ կադրերը նույնպես պիտի աշխատեն. չէ՞ որ տարեկան մի քանի տասնյակ նորավարտ մանկավարժներ են տալիս բարձրագույն ուսումնական հաստատությունները: «Ինչ վերաբերում է նորավարտ կադրերի գիտելիքներին, ապա չափազանցություն կլինի, եթե ասեմ, որ բոլորն էլ հիանալի մասնագետներ են, բայց նրանց մի զգալի մասը շատ պատրաստված է, ավելին, քան կենսաթոշակառուները», - նշեց բաժնի պետը:

Այս հարցի մասին խոսեցինք նաեւ արդեն աշխատանքի վետերան Արկադի Հարությունյանի հետ, ով գրեթե վեց տասնամյակ աշխատել է, բայց դեռ ուժ ու եռանդ ունի, առողջական վիճակը լիովին բավարար է՝ մանկավարժական գործունեություն ծավալելու համար: Նրանց ուժերը հարկավոր է օգտագործել: «Ես այն համոզման եմ, որ աշխատանքի վետերանները, եթե ի վիճակի են աշխատելու, պիտի իրենց հարուստ փորձը շարունակեն փոխանցել երիտասարդներին: Բացի դրանից՝ մեզանում աշխատանքի վետերաններին անհրաժեշտ մեծարանքի չեն արժանացնում, հանդիպումներ չեն կազմակերպվում նրանց հետ: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ եթե արդեն կենսաթոշակառու է, ուրեմն նրա գործը միայն այս կյանքին հրաժեշտ տալն է մնում»:

Հիշելով խորհրդային տարիները՝ Ա.Հարությունյանը նշեց, որ շատ կարեւոր է նաեւ կենսաթոշակառուների զբաղվածության, ժամանցի կազմակերպման խնդիրների լուծումը: Նախկինում, օրինակ, Գյումրիում կար աշխատանքի վետերանների զբաղվածության կենտրոն, որտեղ նրանք իրենց ժամանակն էին անցկացնում՝ զուգահեռաբար զբաղվելով նաեւ իրենց մասնագիտությամբ: Գաղտնիք չէ, որ այսօր շատերս որակյալ արդյունք ստանալու համար դիմում ենք տարիքով, փորձառու մարդկանց: Կարելի է, օրինակ, քաղաքում նման արհեստանոց բացել եւ ներգրավել աշխատանքի վետերաններին:

«Սերնդափոխությունը, իհարկե, անհրաժեշտություն է, բայց երիտասարդներին պիտի համապատասխան միջոցներով ապահովեն, արտոնյալ պայմաններ ստեղծեն: Նորավարտ կադրին պիտի գործուղեն, պետությունը պիտի աշխատանքի տեղավորի, այլ ոչ թե այդ հարցը լուծվի ինքնատեղավորմամբ, որ հաճախ կատարվում է զարտուղի ճանապարհով», - նշեց բազմամյա մանկավարժը:

Բաժնի պետը մի դիտարկում եւս ներկայացրեց. եթե նույն կենսաթոշակային տարիքի մանկավարժին առաջարկում ես գնալ գյուղական դպրոցում աշխատել, նա հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ առողջական վիճակը չի բավարարում, այս դեպքում հարց է առաջանում՝ բա քաղաքային դպրոցում ինչպե՞ս ես ուզում աշխատել, եթե առողջական խնդիրներ ունես:

Գյուղական դպրոցում աշխատելու մասին Արկադի Հարությունյանը նշեց. «Գյուղական դպրոցի խնդիրն այլ է: Պարապում ես, ասենք օրինակ, 20 դասաժամ, բայց վարձատրվում ես 10 ժամի համար: Ես պահանջեցի, որ ինձ ցույց տան այդ օրենքը, բայց քանի որ նման օրենք չկա, լռեցին: Ի՞նչ նշանակություն ունի, թե ուսուցիչը 4 աշակերտի համար է ամբողջ 45 րոպե դաս պարապում, թե՞ 24: Բնական է, որ շատերը հրաժարվում են այնտեղ աշխատել»:

Ինչ վերաբերում է վաստակած հանգստի մեկնող ուսուցիչներին հավուր պատշաճի ճանապարհելուն, Հայկ Հարությունյանը նշեց, որ համարյա բոլոր դպրոցներում էլ ձգտում են մեծարելով ճանապարհել իրենց բազմամյա աշխատակիցներին. այլ հարց է, որ երբեմն նրանք հրաժարվում են մասնակցել այն միջոցառումներին, որոնք կազմակերպվել են նաեւ նրանց պատվին:

Արկադի Հարությունյանն այն կարծիքին է, որ առհասարակ աշխատանքի վետերաններն ըստ արժանվույն չեն գնահատվում, հաճախ նրանց գոյության մասին չեն էլ հիշում, բայց չէ՞ որ նրանք մեծ ներդրում են ունեցել մեր երկրի տարբեր բնագավառների զարգացման գործում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12