Կես տարում Հայաստանի պետական պարտքը 901 մլն դոլարով աճել է

19.07.2021 15:20
965

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ (30.06.2021թ.) Հայաստանի պետական պարտքը կազմել է 

8 մլրդ 869 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա վեց ամիսների ընթացքում այն աճել է մոտ 901 մլն դոլարով կամ 11.3%-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները։

Հայաստանի պետական պարտքի մեծ մասը արտաքին պարտքն է՝ միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից ստացված վարկերն ու փոխառությունները, արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից ստացված գումարները։ 2021 թվականի հունիսի վերջի դրությամբ արտաքին պարտքը կազմել է մոտ 6 մլրդ 678 մլն դոլար՝ կես տարում աճելով 618 մլն դոլարով կամ 10.2%-ով։

Այս աճը մեծ մասամբ պայմանավորված է այս տարվա հունվարին ներգրավված 750 մլն դոլար պարտքով։ Հունվարի 26-ին Հայաստանի կառավարությունը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.875% եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր։ Իսկ ավելի պարզ ասած՝ 10 տարով 750 մլն դոլարի պարտք է վերցրել արտաքին աշխարհից։ 

Բացի այդ, Կառավարությունը կես տարում այլ պարտքեր ևս ներգրավել է՝ զուգահեռ մարելով նաև հին պարտքերից։

2021թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի ներքին պետական պարտքը կազմել է 2 մլրդ 191 մլն դոլար։ Վեց ամսում այն աճել է 282 մլն դոլարով կամ 14.8%-ով։

Դրամային արտահայտությամբ՝ Հայաստանի պետական պարտքը այս տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել է 4 տրլն 393.5 մլրդ դրամ։ Կես տարում այն աճել է 229 մլրդ դրամով կամ 5.5%-ով։ Հատկանշական է, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճի տեմպերը կրկնակի ավելի է՝ 11.3%։ Պատճառը՝ վերջին երկու ամիսներին դրամի արժևորումն է։ Այսինքն՝ երբ դոլարի գինն իջնում է, պարտքը՝ դրամով հաշվարկած, մեխանիկորեն թեթևանում է:

Համեմատության համար նշենք, որ պարտքի դոլարային ցուցանիշները դրամով հաշվարկելիս Ֆինանսների նախարարությունը 2020 թվականի դեկտեմբերի վերջի համար հիմք է ընդունել 1 ԱՄՆ դոլար/522.59  դրամ փոխարժեքը, իսկ 2021 թվականի հունիսին՝ 1 ԱՄՆ դոլար/495.37 դրամ ցուցանիշը:

Եվ հակառակ պատկերն է ստացվում, երբ դոլարը թանկանում է, մեխանիկորեն թանկանում է նաև պարտքի բեռը, քանի որ պետական բյուջեից պարտքին ուղղվող գումարները դրամային արտահայտությամբ են:

Ինֆոգրաֆիկան առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab)  

 

 

Այս տարվա առաջին կիսամայկում՝ հունվար-մայիս ժամանակահատվածում, Հայաստանի պետական պարտքի տոկոսավճարներին պետական բյուջեից հատկացվել է 87.1 մլրդ դրամ։ Ընդ որում ՝ դրա գերակշիռ մասը ներքին պարտքի գծով տոկոսներն են կազմել՝ 53.1 մլրդ դրամը, 34 մլրդ դրամն էլ՝ արտաքին պարտքի գծով է։

Համաշխարհային բանկը՝ ամենախոշոր վարկատու

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ՝ Հայաստանի 8 մլրդ 869 մլն  ԱՄՆ դոլար պետական պարտքի 468 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է, մոտ 8 մլրդ 401 մլն դոլարը՝ Կառավարության։ Վերջինիս 54.1 %-ը արտաքին վարկերն ու փոխառություններն են։ Բացարձակ թվով այն կազմում է 4 մլրդ 549 մլն դոլար։ Պետական պարտքի մնացած հատվածը կազմում են ներքին պարտքը  (25%), եվրապարտատոմսերը (20.8%) և երաշխիքները (0.1%):

Հայաստանն արտաքին վարկերը ստանում է միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից:

Հայաստանի խոշորագույն վարկատուն կամ պարզապես պարտատերը, Համաշխարհային բանկն (ՀԲ) է: ՀԲ-ի կազմում գտնվող երկու կառույցին՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (ՎԶՄԲ) և Զարգացման միջազգային ընկերակցությանը (ԶՄԸ), ունեցած պարտքը 2021 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է Հայաստանի արտաքին վարկերի 38.6%-ը:

Խոշոր վարկատուներ են նաև Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) ու  Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։

Օտարերկրյա պետությունների շարքում խոշոր վարկատուներն են՝ Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան ու Ֆրանսիան:

Տվյալներն առավել մանրամասն կարող եք տեսնել այս ինֆոգրաֆիկայում։

Ինֆոգրաֆիկան առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով  (Open Image in New Tab)

 

hetq.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40