Հայաստանի Սահմանադրությունն է խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտն այս պահին․Ամիրբեկով

06.08.2024 20:28
579

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Երևանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ «Այդ փաստաթղթում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում։

Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, թե հենց դա է խաղաղության գործընթացի միակ խոչընդոտն այս պահին. - «Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին և պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու և այս պատմությունը վերստին սկսելու համար»:

Հարցազրույցից օրեր առաջ Ամիրբեկովը մեկնել էր Վաշինգտոն, հանդիպել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հետ, ով վերջին ամիսներին շարունակ հորդորում է կողմերին վերջնական համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ։ Չնայած ամերիկյան կողմի հորդորներին ու նաև վերջին դեմ առ դեմ հանդիպմանը՝ Բաքուն մնացել է անդրդվելի:

«Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները և գուցե պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագծի հապճեպ ստորագրման դեպքում, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին», - ասել է Ամիրբեկովը:

Բաքուն մի քանի անգամ շեշտել է՝ խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Երևանն այդ մտահոգությունը չի ընդունում։ Երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր՝ նախ, խաղաղության պայմանագրի նախագծում դրույթ կա, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Բացի այդ, նաև համաձայնել են ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Երևանում սա բավարար են համարում, Բաքվում՝ ոչ։

«Եթե մենք գործող Սահմանադրությունն անփոփոխ թողնենք կամ անուշադրության մատնենք, նշանակում է, որ եթե անգամ ստորագրենք խաղաղության պայմանագիրը, հնարավոր է՝ նոր կառավարություն գա և չեղարկի դա, քանի որ այդ փաստաթուղթը տեխնիկական առումով հակասում է Հայաստանի գործող Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը ևս կարող է ասել, որ խաղաղության պայմանագիրը հակաօրինական է, քանի որ Մայր օրենքում այլ դրույթներ են ամրագրված», - նշել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը:

Երևանը մի քանի ամիս է՝ պնդում է, թե Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ, վարչապետ Փաշինյանն այս տարեսկզբին հայտարարեց, թե երկրին բոլորովին նոր Սահմանադրություն է պետք, երկու ամիս առաջ էլ հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծը մշակել ու հաստատել մինչև 2026-ի տարեվերջ։ Ըստ Ամիրբեկովի, Փաշինյանն այս հարցը նաև իրենց հետ է քննարկել:

«Հիմա նա ուզում է առաջ տանել փաստարկը, թե սա քաղաքականապես շատ ծանրաշարժ գործընթաց է, թե Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027-ին։ Շատ լավ, դա էլ է տարբերակ, բայց արդյոք արտաքին աշխարհը պատրաստ է այդքան երկար սպասել, մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Որովհետև ակնհայտ է, որ մենք կարիք չունենք շտապել և ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղարկվել նոր կառավարության կողմից», - ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:

«Եթե Հայաստանն ուզում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն է և իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին», - ընդգծել է Ամիրբեկովը՝ հավելելով, թե դրա համար տարիների քննարկումներ պետք չեն։ Ավելին, Բաքվում նաև այդ հարցը հանրաքվեի դնելու ձեևակերպումն ունեն. - «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել։ Կարծում եմ՝ եթե նրանք հարցն այդպես դնեն, հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի, քանի որ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Սովորաբար ցանկացած առաջնորդ պատերազմը նման կերպ տանուլ տալուց հետո ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»:

Խնդրահարույց մյուս հարցը, ըստ Ամիրբեկովի, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը պետք է լուծարվի, ինչպես նաև Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերը, որոնցում ևս Ադրբեջանը տարածքային նկրտումներ է տեսնում։ Այս հարցերում, ըստ Ալիևի ներկայացուցչի, Հայաստանը համաձայնել է լուծումների գնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։ Կողմերը, ըստ նրա, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են կոչում տարիներ շարունակ։

«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում», - նշել է Ամիրբեկովը, հավելելով, - «Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»:

Միաժամանակ, նա շեշտել է՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանի համար անմիջապես հնարավորություններ կբացի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների անցած շաբաթվա հանդիպումը սահմանին՝ Ադրբեջանի դիվանագետն ընդգծել է՝ Անկարան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Երևանը զուր ժամանակ է վատնում, եթե կարծում է, թե կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել Բաքվին շրջանցելով։

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08