Խրախճանք ժանտախտի ժամանակ

14.01.2014 16:50
3081

Մարզպե՞տն է նախ մի մուշտի տվել Դովրուսի գյուղապետին, թե՞ հակառակը

2013-14թթ. սահմանագծում Սյունիքի մարզում տեղի ունեցան մի շարք տարօրինակ ու զավեշտալի իրադարձություններ:

Իհարկե, Ամանորը տարվա այն բացառիկ տոնն է, որ, բարեբախտաբար, ուրախություն է պարգեւում ամեն մի ընտանիքի: Ամանորն այն տոնն է, որից միայն հույս, հավատ եւ լավատեսություն է ծորում: Դա այն առիթն է, որ անցնող տարվա արածն ու չարածն ամփոփելու, եկող տարվա անելիքները մտմտալու տեղիք է տալիս ինքնըստինքյան: Եվ դա հրաշալի է…
Եվ ամենեւին էլ պարտադիր չէր, որ այսօր անդրադարձ կատարեինք տոնական ու հատկապես նախատոնական օրերի անցուդարձին, բայց…

Տարվա ամփոփումներ մեզանում չկատարվեցին. տարածքային ու տեղական իշխանությունները, ըստ էության, ասելիք չունեին: Մինչդեռ շատ հետաքրքիր էր իմանալ, թե 2013-ի երկրորդ կիսամյակում ինչո՞ւ Սյունիք չբերվեց որեւէ շատ թե քիչ լուրջ ներդրումային ծրագիր, ինչը չի կարելի ասել նախորդ տարիների մասին: Ըստ էության կենտրոնական իշխանությունը հրաժարվել է Սյունիքի մարզին տրվող հավելյալ հատկացումներից` ենթադրելով, որ մարզը ֆինանսական լրացուցիչ ներարկումներ կստանա հայր եւ որդի Հակոբյանների անաշխատ եկամուտներից: Վերջիններս, մինչդեռ, բավարարվում են մանր-մունր եւ երեւութական աշխատանքներով: Ավելին` շարունակում են իրենց ձեռքում կենտրոնացնել մանր ու միջին բիզնեսը` մեծ վնաս հասցնելով մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Մարզպետը, այդուհանդերձ, հանդես է եկել մի իսկապես դրվատելի նախաձեռնությամբ. նա կոչ է արել շինարարներին` հրաժարվել «ատկատներից»: Վերջիններս, սակայն, պատասխանել են. «Երբ որ հանքարդյունաբերության մեջ եւ մասնավորապես Քաջարանի կոմբինատում վերանա ստվերը, այն ժամ էլ շինարարությունում կվերանան «ատկատները»», ինչով եւ ավարտվել է հեքիաթը:

Չներկայացվեցին նաեւ 2014-ին մարզին սպառնացող վտանգներն ու տարվա հիմնական անելիքները: Փոխարենն ընտրվեց իշխանական խրախճանքներ կազմակերպելու, սյունիքյան ներկա ստատուս-քվոն, ուժերի ներկա դասավորությունը ցուցանելու` խելք ու ջանք չպահանջող գործելակերպը:

Լուռ էին մեր խորհրդարանականները: Մեծամասնական ընտրակարգով նշանակված երկու պատգամավորը` Հայկ Գրիգորյանն ու Արմեն Կարապետյանը երիցս հաստատեցին իրենց ծորուն բացակայությունը մեր ընթացքից: Ե՛վ կենսաթոշակային կուտակային ֆոնդի, ե՛ւ գազային խարդախ գործարքների պատճառով պլտպլտացող հանրության մեջ չլսվեց երկու այդ անձնավորության ծպտունը:

Դե իսկ իշխանական խրախճանքները… Գորիսում, օրինակ, քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը հերթական անգամ աչքի ընկավ էկզոտիկ պարերով` այդպես էլ չիմանալով, որ քաղաքապետի առաջիկա ընտրությունում մարզպետն արդեն իսկ իշխանության թեկնածու է հռչակել մեկ ուրիշի: Այդ օրը գորիսյան պարահրապարակում հանդես եկան նոր աստղեր` հատկապես իշխանավոր կանանց փաղանգից: Այդ բոլորով հանդերձ, սակայն, խաղաղ, իշխանությունների շուրջ համախումբ Գորիսի տեսլական ուրվագծելու պատրանքն այդպես էլ պատրանք մնաց: Համայնքի ավագանին, որոշ գյուղապետեր ու խոշոր գործատուներ հրաժարվեցին մասնակցել խրախճանքին: Ավագանին, որ անցած մեկ-երկու տարում կենդանության նշաններ ցույց չէր տվել, տարեվերջին հանդես եկավ անսպասելի ակտիվությամբ: Նախ` համայնքի 2014թ. բյուջեն հաստատելիս քաղաքապետից պահանջեց հաշվետվություն 2013թ. ծախսերի մասին, ինչն իբր կներկայացվի առաջիկայում: Ավագանին Ամանորի շեմին փորձեց պարզություն մտցնել աղմկահարույց մի քանի հարցում. իսկապե՞ս քաղաքապետն իր սեփական ընկերության բակի եղեւնին կտրել ու քաղաքապետարանին է վաճառել 200 հազար դրամով` քաղաքի գլխավոր տոնածառը դնելու համար (մի՞թե անտառաշատ Գորիսում անտառտնտեսությունը մի եղեւնի չի տվել քաղաքին), իսկապե՞ս քաղաքապետարանը ծառայողական նոր ավտոմեքենա գնելու մասին ավագանու որոշումը կեղծել է, ճի՞շտ է արդյոք, որ քաղաքապետը (առանց վճարի եւ առանց ավագանու որոշման) սեփականացրել է ջրային բաժնի ավտոհավաքակայանին կից 4000 քառ. մ տարածքը` շահարկելով ՀՀ նախագահի անունը. իբր նախագահն այնտեղ առանձնատուն կառուցելու մտադրություն ունի (հողամասը, մինչդեռ, գրանցվել է քաղաքապետի մերձավորներից մեկի անվամբ), ճի՞շտ է, որ հանրապետության իրավապահները հետաքննություն են սկսել քաղաքապետարանում` Ռոբերտ Հակոբյանի` ՀՀ ոստիկանապետին մեկ-երկու ամիս առաջ հղած դիմումի հիման վրա: Չստանալով այդ հարցերի պատասխանը` ավագանու անդամները պատշաճ չհամարեցին մասնակցել իշխանական հացկերույթին:
Իշխանական խրախճանքից հրաժարվածների մի մասն էլ իր պահվածքը բացատրում էր մարզպետի ներկայությամբ: Եվ վերջինիս միջոցներով ճաշկերույթի կազմակերպումը գնահատվեց իբրեւ Գորիսում հնազանդների եւ ընչաքաղցների ինչ-որ բոլուկ ձեւավորելու գռեհիկ փորձ: Ըստ նրանց` Գորիսում քեֆ անելու եկող մարզպետն անցած վեց ամսում գոնե մեկ անգամ պետք է հանդիպեր գորիսեցիների հետ, հետաքրքրվեր տարածաշրջանի հիմնախնդիրներով եւ ոչ թե գար քաղաքապետի աշխատասենյակ` նկարահանվեր ու քաղաքացիների ընդունելության պատրանք ստեղծեր: Գորիսում քեֆ անելու եկող մարզպետը պետք է ուժ գտներ իր մեջ եւ մինչ այդ օրը դեն շպրտեր Գորիսից խռոված լինելու մանկական կեցվածքն ու գոնե մասնակցեր քաղաքի եկեղեցու օծման արարողությանն ու քաղաքի ավանդական տոնին:

Այլ դրսեւորումներ ունեցավ կապանյան խրախճանքը: Կապանում էլ մարզպետարանը կանգնեց դահլիճը լցնելու դժվարագույն խնդրի առջեւ: Հատկապես չէին եկել քաղաքային իշխանության եւ ենթակա հիմնարկների հրավիրված աշխատակիցները:

Պարզվեց, նախեւառաջ, որ Վահե Հակոբյանը շատ ակտիվ, գրեթե ինքնամոռաց պարել գիտի, քանի դեռ նրան պարացնում են:

Պարզվեց նաեւ, որ մարզկենտրոնում գործում է «զոնդեր կոմանդա» (հայերենում` սանիտարական ջոկատ), որի ջանքով խրախճանքի եզրափակիչ փուլում հավաքվում եւ տներ են տեղափոխվում անորակ սպիրտի զորությամբ գետնին տապալված իշխանիկները:

Հաստատվեց իրողությունը, որ մեր մարզպետներից յուրաքանչյուրն ունեցել է եւ ունի իր նախասիրած երգը: Սուրեն Աբրահամյանը, օրինակ, սիրում էր «Մենք քաջ տոհմի զավակներն ենք» ոգեշունչ երգը, Սուրեն Խաչատրյանը` Գուսանի «Սյունյաց սարեր» հրաշալի երգը: Եվ ժամանակին մարզի իշխանավորների մեծ մասն անգիր գիտեր այդ երգը, անգամ ընտանեկան միջոցառումներն էին սկսում եւ ավարտում Գուսանի երգով` մարզպետի հանդեպ իրենց սերը ցուցանելու համար: Վահե Հակոբյանն էլ, պարզվում է, իր նախասիրած երգն ունի` «Այն օրվանից, երբ գնացի…»: Այդ երգն էլ կատարվեց նրա պատվին: Սակայն մարզպետարանի ներքինիները եւ հատկապես նաժիշտները դա համարեցին դավադրություն` նյութված Կապանի քաղաքապետարանի կողմից: Այդ վրիպակը շտկելու գործը մեկ-երկու օր հետո իր վրա վերցրեց թատրոնի Կամոն: Նա (իր իսկ արտահայտությամբ) «հերոս» մարզպետին նվիրեց «Հորովել» երգը, ադրբեջանցու առոգանությամբ մի քանի անալի տեսարաններ ներկայացրեց` մոռանալով պարզապես, որ նախորդ բոլոր մարզպետներին էլ «հերոս» ու «մարզպետաց մարզպետ» է անվանել ու Ձմեռ պապի հագուստով հաճույք պատճառելու ծամածռություններ արել:

Դե, բայց, մեր բարեկամ Մագդա Գեւորգյանի պես ոչ ոք չի կարող երգել: Նախորդ տարվա քեֆին նա միայն հայտնի երգը կատարեց` «Սերս գաղտնի թող մնա», ինչի համար եւ արժանացավ Մաքսիմ Հակոբյանի անմեղ ծրարին. ընտրությունների տարի էր: Այս անգամ Մաքսիմ Հակոբյանը չկար, ծրարներ էլ չկային, եւ բարեկամուհիս իրեն դրսեւորեց պարարվեստում, չնայած այդ ոլորտում ակնհայտորեն զիջում էր մարզպետարանի կրթության վարչության պետ Նաիրա Ավանեսյանին, մանավանդ երբ հնչում էր «Արա վայ-վայ» կամ նմանատիպ մեկ այլ երգի խիստ այսօրյան ու ռիթմիկ մեղեդին: Վերջինս` բարակիրան այդ նաիրուհին, ի դեպ, շատ մեծ բեռ է վերցրել` նախորդ դարից խոնջացած իր ուսերին: Եվ ինքը պիտի պարի, եւ մարզպետին պիտի պարացնի: Պիտի իմանա, թե ովքեր են մարզպետի բարեկամներն ու չարակամները եւ պրոֆիլակտորիայում ամենօրյա սոյբաթի ժամանակ զեկուցի նրան: Ներպալատական մրցավազքում էլ հայտնի նաժիշտից հետ չպիտի մնա: Պետք է հետեւի, որ հանրակրթական դպրոցներում հանկարծ թերթ չընթերցեն, թե չէ իր ու շեֆի մասին շատ բան կիմանան, եւ նրանց լուսավոր ու պայծառ միտքը կմթագնի: Առանձին դպրոցների տարիֆիկացիաների ղալաթները պիտի օրինականացնի: Հիմա էլ` Սեյրան հետեւակայինի հետ, պետք է պարզի, թե գյուղապետերն ու դպրոցի տնօրեններն ինչու, հակառակ մարզպետարանի սպառնալիքների, հունվարի 11-ին Գորիսում ակտիվորեն մասնակցեցին ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանի կազմակերպած` Ամանորին եւ Սուրբ ծննդին նվիրված տոնահանդեսին: Խեղճը նույնիսկ կրթության գործով զբաղվելու ժամանակ չի ունենում:

Առհասարակ շատ տպավորիչ էր (եթե ոչ ամոթալի) այն կանանց պահվածքը, ովքեր կապանյան պարահրապարակում հերթական անգամ կալմեջ էին արել Սյունիքի հերթական մարզպետին: Այդ տեսարանն ավելի ճշմարտացիորեն, քան Ալեքսանդր Գերցենն է նկարագրել նման մի դիպվածի առիթով, չենք կարող պատկերել: Ահա` «Պարահանդեսը հիմար էր, անշնորհք… եւ շատ խայտաբղետ, ինչպես միշտ լինում է փոքրիկ քաղաքներում` արտակարգ դեպքերում:

Ոստիկաններն իրար էին անցնում, համազգեստավոր պաշտոնյաները սեղմվում էին պատին, կանայք խռնվում էին թագաժառանգի շուրջն այնպես, ինչպես վայրենիները շրջապատում են ճանապարհորդներին» («Եղելություններ եւ խոհեր» քառահատորյակի Ա հատոր, էջ 295):
Խրախճանքի սյուժեն, սակայն, գագաթնակետին հասավ վերջում: Ներկաներից մեկը հնչեցրեց ավարտվող տարվա գլխավոր բացթողումը. խրախճանքի ժամանակ իր (եւս մի քանի հոգու) կենացը չեն խմել (ինչպիսի՜ ամոթ): Եվ առանձին կենացի չարժանացած այդ մեկը` սոփեստի առաքինությամբ շպարված, ով գիտակցական կյանքի ուղիղ կեսն անց է կացրել եւ անց է կացնում Մաքսիմ Հակոբյանի ընդունարանում` տնօրենի մոտ մտնելու եւ նրանից նոր պատվեր-պատառ թռցնելու բաղձալի ակնթարթին սպասելիս, որոտաց` հայոց ազգն ապագա չունի, եթե իրենց կենացը չեն խմել (մեծ իմաստով նա ճիշտ էր` չէր կարելի հինգհազարամյա ազգին նման մարտահրավերի առաջ կանգնեցնել): Եվ ծավալվեց բանակռիվ, որի ընթացքում մարզպետին դուր չեկավ Դովրուսի գյուղապետի` իրեն դիմելու ձեւը, ի վերջո ինքը մարզպետի աթոռի պահապանն է, եւ իրեն պետք է դիմել անուն-հայրանունով կամ ազգանունով, թե չէ` Վահե… Հետո մի քիչ քաշքշեցին իրար:

Գյուղապետը «Սյունյաց երկրի» լրագրողի հետ հեռախոսազրույցում, սակայն, հերքեց տարածված խոսակցությունը` «Ոչ ես եմ մարզպետին ապտակել, ոչ էլ ինքն է ինձ ապտակել»: Ներկաները, մինչդեռ, քաշքշուկի մասին ժողովրդական բանահյուսության գոհարի արժեք ունեցող պատմություններ են արդեն հյուսել` ավելացնելով, որ բանակռվի ժամանակ «պետականամետ» մի հանրապետական (այո, նաեւ հանրապետականների մեջ կան պետականամետներ) խորհուրդ տվեց` երաժշտության ձայնն առավելագույնս բարձրացնել, որպեսզի դահլիճը գլխի չընկնի, թե ինչ է կատարվում… Իսկ ավելի լուրջ` այնքան էլ կարեւոր չէ եւ ոչ էլ հետաքրքիր` մարզպե՞տը նախ մի մուշտի տվեց գյուղապետին, թե՞ հակառակը: Այդ պատմության մեջ մեկ այլ երեւույթ է մտահոգիչ: Պարզվում է (դատելով ոչ միայն այդ օրվա պատահարից), որ մարզպետն այդպես էլ իրեն չի պատկերացնում մտավորականի ֆուտլյարում, գիտության մարդու կաղապարում (ասում են` գիտությունների թեկնածու է եւ հավակնում է դառնալ գիտությունների դոկտոր), իրեն անհանգիստ է զգում անգամ մարզպետի, շատ փող գտածի դերում: Նա համառորեն փորձում է «կրուտոյ» տղայի տպավորություն ստեղծել. երեւի ինչ-որ մեկին է ուզում նմանվել կամ ինչ-որ մեկի հետապնդող ստվերից ձերբազատվել: Ավա՜ղ, «կրուտոյ» տղայի դերում էլ ինչ-որ բան չի հերիքում: Այդ դերի համար էլ լուրջ որակներ են պետք. միայն ենթակաների վրա տեղի-անտեղի ջղայնանալը քիչ է դրա համար:

Ինչեւէ, տեղի ունեցավ նաեւ խրախճանքի ամենակարեւոր «պրոցեդուրան». ներկաները հոտնկայս խմեցին հանրապետության նախագահի կենացը:

Իշխանական խրախճանքները մարզում տեղի էին ունենում այն օրերին, երբ հայտնի էր դարձել, որ անցած մեկ տարում Սյունիքի բնակչությունը զգալիորեն պակասել է, որ ծնունդների մակարդակով մարզը Հայաստանում ամենացածր նիշն ունի… Միայն այդ փաստերը հիշելուց հետո հասկացանք, թե ինչու էր այդպես ինքնահիաց ու ինքնամոռաց պարում մարզպետը:

Իհարկե, այդ օրերին ուրախանալու ուրիշ առիթներ էլ ուներ նա. մարզի մանկահասակ երեխաներին Ամանորի տոպրակ էր բաժանել, ինչն անսահման ուրախությամբ էին ընդունել երեխաների մեծ մասն ու նրանց ծնողները. ժամանակներն են այդպիսին:

Տոպրակներով ուրախանալու-երջանկանալու երեւույթը մեզ հիշեցրեց մեծն Համո Սահյանի մի զրույց` «Շիրազին տեսել եմ ներաշխարհը սուզված վիճակում. աղքատը նստած էր, հիսուն ռուբլի տվեց, գնաց: Հետո լաց եղավ աղքատի ճակատագրի համար` ինչո՞ւ ինքն ունենա, իսկ նա չունենա»:

Մեզ մոտ մեր օրերում այլ չափանիշներ են իշխող դարձել` բիրդանաղաները, հայտնի կուսակցությունների լիդերները բարեգործի, հումանիստի իրենց գարշելի արձաններն են կանգնեցնում ունեզրկվածների, տոնական տոպրակով ուրախացողների օրավուր ստվարացող շարքերի վրա: Այնպես որ ինչքան շատ լինեն Ամանորի տոպրակով ուրախացողները, այնքան հաստատուն կլինի օլիգարխիկ-ֆեոդալական համակարգը Սյունիքում: Այդ ճանապարհով էլ գնում ենք, եւ գնում ենք հաստատուն, աներեր երթով:

Տոնական միջոցառումների խճանկարն ամբողջացավ եւս երկու իրադարձությամբ:

Նախ` մայրաքաղաքային մամուլի մի քանի միջոցներ ներկայացրին տեղեկություններ մարզպետի վերջին տարիների եկամուտների մասին` ազդարարելով, որ 2012թ. վերջին նա իր հաշվին ունեցել է 1 մլրդ 500 մլն դրամ, ինչպես եւ 3 մլրդ 146 մլն դրամի ու 389 հազար 930 դոլարի հանձնված կամ վերադարձված փոխառություն, երեք բնակարան, վեց շենք-շինություն, վեց հողամաս, վեց ավտոմեքենա: Եկամուտներն ավելացել են 2013-ին: Այս թվերը ցույց են տալիս, որ ինչքան մեծանում է Սյունիքի աղքատների թիվը, որքան իջնում է մարզի բնակչության կենսամակարդակը, որքան պակասում է մարզի բնակչությունը, որքան ամայանում են մարզի գյուղերը, այնքան շատանում են մարզպետի անաշխատ եկամուտները:

Այդքան միջոցներ եւ իշխանական լծակներ ունեցող անձնավորությունը, սակայն, ի վիճակի չէր տոնական օրերին մաքրելու կամ մաքրել տալու մարզի քաղաքների փողոցներն անգամ: Եվ մի ամբողջ ամիս «վայելեցինք» քաղաքների սառցակալած փողոցների հմայքը:

Այնուհետեւ` բանակից ժամանակին խռոված պարոնը հագավ զինվորական համազգեստ եւ Ամանորի նախօրյակին գնաց պաշտպանական գիծ` լուսանկարվելու: Լուսանկարներն արագորեն տարածվեցին, ինչից հետո, կարծում ենք, ադրբեջանական բանակում խուճապ սկսվեց: Իսկ մենք` հայերս, մի ուրիշ սարսափ ապրեցինք մարզպետի` շրջանառության մեջ դրված նկարներից. մի՞թե հայ զինվորականի սրբազան հագուստ-կապուստով ծպտվող անձնավորությունն այդքան վախվորած, աղավաղված ու հոգնած տեսք կարող է ունենալ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25