Կորնիձորը նոր վարչական ղեկավար ունի՝ Արշակ Կարապետյան

16.05.2022 11:41
4506

Սահմանապահ Կորնիձորը ռազմավարական առանձնահատուկ դեր ունի հայ-ադրբեջանական այժմյան շփման գծում:

Գյուղի անմիջական հարևանությամբ ադրբեջանական մի քանի դիրքեր են, որոնց դիմաց (ի ուրախություն) մեր մարտական հենակետերն են...

Կորնիձորը վերջին շրջանում ձեռք է բերում մեկ այլ կարևոր նշանակություն ևս. գյուղի վարչական տարածքի արևելյան մատույցներից է Հայաստանի Հանրապետությանը միանալու Արցախի հետ ցամաքային (տրանսպորտային) կապն ապահովող նոր միջանցքը կամ միջանցքի նոր երթուղին, որը փոխարինելու է ներկայումս գործող երթուղուն:

Նոր միջանցքը կամ միջանցքի նոր երթուղին կառուցվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն:

Այդ փաստաթղթի 6-րդ կետում նշվում է՝ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Հիմա այդ նոր երթուղին կառուցման ընթացքի մեջ է, ինչի համար Ադրբեջանը ճանապարհաշինական մեծաքանակ տեխնիկա է գործի դրել...

Միջանցքի նոր երթուղու շինարարությունը հասել է մինչև Հագարի գետ, իսկ մինչ այդ՝ արևելյան բարձունքներից սկսած, լայնածավալ հողային աշխատանքներ են իրականացվել և իրականացվում:

Կորնիձորի տարածքից այդ ամենը դիտվում է, լսելի է նույնիսկ ճանապարհաշինական տեխնիկայի հռնդյունը...

Թե Արցախի Հանրապետության որ տարածքներով է երթուղին հասնում Հագարի գետի ձորահովիտ՝ տեղյակ չենք:

Չենք կարող ասել նաև, թե Հագարի գետի վրա կառուցվող կամրջից հետո մայրուղին ինչ երթուղի կունենա և որտեղ կմիանա գործող ճանապարհին:

Եվ ուրեմն՝ առայժմ դժվարանում ենք ասել, թե ճանապարհային նոր երթուղին գործնականում ինչ ազդեցություն կունենա Արցախի Հանրապետության արևմտյան հատվածի բնակավայրերի, ինչպես և Կորնիձորի վրա:

Միևնույն ժամանակ արդեն իսկ հստակ է՝  նոր երթուղին անհնար է դարձնելու գոնե հեռվից դիտելու հայոց սրբազան Շուշին, ինչն արդեն վատ է: Այնուհետև՝ նոր երթուղին անորոշ է դարձնելու Բերձորում և մերձակա գյուղերում ներկայումս բնակվող մեր հայրենակիցների ճակատագիրը...

Կորնիձորի և ադրբեջանական համարվող տարածքի բաժանարարը Հագարի գետի ձորահովիտն է:

Գետի աջակողմյան ափին են գտնվում Կորնիձորի մոտ 20 հա այգիները, որոնք, արդեն երկու տարի է չեն մշակվում, ավելի ճիշտ՝ երկու-երեք ընտանիք է միայն համարձակվում մշակել իրենց պատկանող այգիները:

Ու, այդքանով հանդերձ, Հագարի գետի ձորահովտում կորնիձորցիների անասնահոտերն էին տարածված մայիսի 15-ին, երբ այցելեցինք այդ վայրեր...

Ձորահովտից էլ հաճելիորեն լսվում էր կորնիձորցի Մայիս Դավթյանի շվիի դյութիչ մեղեդին:

Մայիսը մեզ ծանոթ է դեռևս Արցախյան 3-րդ պատերազմի օրերից. նրան քանիցս տեսել ենք Տեղ-Կորնիձոր պաշտպանական գծում՝ զինվորականների համար շվիի քաղցրալուր երաժշտությունը շաղ տալիս:

Կորնիձորը տնտեսական առումով Սյունիքի ամենահզոր և կենսունակ գյուղերից է՝ 220 ընտանիք, մոտ հազար բնակիչ, 1200 հա վարելահող...

Ստեղծված իրավիճակում, խոստովանենք, հետաքրքիր է Կորնիձորին առնչվող ամեն մի տեղեկատվություն: Շատ կարևոր է նաև, թե դժվարին մեր ժամանակներում ով է գլխավորում այդ բանակավայրը:

Տեղ համայնքի մեջ մտնող Կորնիձոր գյուղի վարչական ղեկավարը մայիսի 3-ից Արշակ Կարապետյանն է:

1981թ. ծնված, բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ երիտասարդը հաջողակ գործարարի, հայրենի եզերքի նվիրյալի համբավ ունի համայնքում:

Գյուղի հետ կապված երազանքներ ունի Արշակ Կարապետյանը՝ Կորնիձորի ամեն մի ընտանիքի տեսնել տնտեսապես ապահով վիճակում, մանավանդ որ դրա համար կան և́ բերրի հողեր, և́ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ, և́, իհարկե, հող հայրենիին տեր կանգնելու վճռականություն:

- Ներկայումս գյուղի գլխավոր հիմնախնդիրը ոռոգման համակարգի բարելավումն է, - ասաց Արշակ Կարապետյանը: - Արդեն հաստատված է ոռոգման համակարգի ներքին ցանցի վերակառուցման ծրագիր՝ 170 մլն դրամ արժողությամբ, որը կկենսագործվի ընթացիկ տարում:

Ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը, սակայն, դրանով չի ավարտվում:

Ըստ գյուղի վարչական ղեկավարի՝ «Խորհրդային տարիներին գյուղի 1200 հա վարելահողերից մոտ 800 հեկտարը ոռոգվում էր, ինչն էլ հնարավություն էր ընձեռում մշտապես ապահովել բարձր բերքատվություն: Համայնքային իշխանության հետ պետք է ձգտենք վերականգնել ոռոգման այդ համակարգը»:

Անշուշտ, ուրախալի է, որ Կորնիձորում նման ծրագրեր ու ողջամիտ ձգտումներ կան: Բայց խնդիրների խնդիրը, խոստովանենք, սահմանապահ գյուղի պաշտպանվածության ուժեղացումն է:

Այդ առումով ուշագրավ էր տեսնել գյուղի եզերքը հսկող սահմանապահների ու նրանց հրամանատարի բարձր տրամադրությունը, գյուղացիների և զորականների փոխհամագործակցությունը...

Ուրիշ կերպ, կարծում ենք, չէր էլ կարող լինել այդ գյուղում, որի զավակների հայրենանվեր վարքը հայտնի է և́ 1919թ. Զանգեզուրյան գոյամարտից, և́ Արցախյան առաջին ու Ապրիլյան պատերազմներից:

Հայրենատիրության այդ ավանդույթները շարունակվեցին Արցախյան մերօրյա պատերազմում. չորս երիտասարդ նահատակվեց Կորնիձորից, այդ թվում՝ Արցախի ՊԲ կապիտան Անդրանիկ Աղաջանյանը:

Գյուղի մուտքի մոտ նրա հիշատակը հավերժացնող խաչքար են կանգնեցրել երախտապարտ կորնիձորցիները, որի վրա գրված է՝ «Անմահ ես դու ներկայումս ու միշտ...»:

Անդրանիկի և մյուս անմահների կերպարների ոգեկոչումով էլ  ապրում է մերօրյա Կորնիձորը...  

 

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34