Պորուչիկ Պողոսը. հայ ազատագրական պայքարի երախտավորը

06.05.2022 10:06
3705

Հայրենական մեծ պատերազմից հետո Արեւելյան Գերմանիայում «չոր օրենք» էր հայտարարվել։ Նույնիսկ մեկ շիշ գարեջուր խմելը ծանր հանցագործություն էր համարվում։ Բայց… խմում էին բոլորը: Դասակի հրամանատարից մինչեւ 2-րդ գվարդիական տանկային բանակի նոր նշանակված հրամանատար՝ գեներալ Համազասպ Բաբաջանյանը: Այն ժամանակ ես ծառայում էի բանակային հրետանային բրիգադում, որը տեղաբաշխված էր Արեւելյան Բեռլինում, գերմանական հին զինանոցներում։

Շաբաթ օրերին՝ ուշ երեկոյան, ես եւ ընկերս՝ կախեթցի հայ, կապիտան Սեմյոն Նիժարաձեն, նրա մոտոցիկլետով սլանում էինք Արեւմտյան Բեռլին, ուր մեզնից պարտված երեկվա ֆաշիստները ժողովրդավարների դիմակի տակ թաքնված, լցվում էին ռեստորանները եւ խմում այն կենացը, որ իրենց հաջողվել է ողջ մնալ ու խուսափել Սիբիրի համակենտրոնացման ճամբարներից։

Մի անգամ՝ շրջելով Արեւմտյան Բեռլինի փողոցներում, կանգ առանք մի գիշերային սրճարանի մոտ ու զարմացանք դրա անունից։ Գեղեցիկ, խոշոր տառերով գրված էր՝ ՊՈՂՈՍ, մի քիչ ավելի մանր տառերով՝ համեցեք, ուրախ կլինենք հանդիպման համար։

 ― Այս «ամրոցը» պետք է գրավել, – ասաց Սեմյոնը եւ անջատեց մոտոցիկլետի շարժիչը: Մեզ դիմավորեց մի գեղեցկադեմ կին եւ հասկանալով, որ մենք ամերիկացիներ, անգլիացիներ չենք, նույնիսկ ֆրանսիացիներ չենք, ըստ երեւույթին լավ իմանալով մեր հետախուզության բարքերը, մեղմ ժպտաց եւ ընդհանուր դահլիճի միջով տարավ մի ոչ մեծ, հարմարավետ սենյակ։ Ու թեեւ մենք քաղաքացիական հագուստով Էինք, ասաց.

 ― Պարոնայք սպաներ, այստեղ ձեզ համար հարմար կլինի: Ձեր հատուկ բաժնի աշխատողներն ու կոմիսարներն այստեղ չեն մտնում... Միայն խնդրում եմ մոտոցիկլետը կանգնեցնել բակում։

Սեմյոն Նիժարաձեն՝ ճակատային հետախույզը, գերազանց էր տիրապետում գերմաներենին.

Մոտոցիկլետը ես կկանգնեցնեմ, բայց գիտեք, մենք սպաներ չենք, այլ ծառայում ենք զինվորական առեւտրի համակարգում։

Նա սիրալիր ժպտաց եւ ասաց ռուսերեն.

Զինվորական առեւտրի բնագավառի աշխատողները մեզ մոտ ցերեկն են գալիս: Միայն ցերեկը։

Լավ, ֆրաու, ցույց տվեք, թե որտեղ կանգնեցնել մեր մեքենան։

Այնտեղ, մեքենայի մոտ սպասում է մեր մարդը։

Երբ Սեմյոնը դուրս եկավ, ես հարցրի.

Ի՞նչ է նշանակում ՊՈՂՈՍ։ Կարծես թե այդպե՞ս է կոչվում ձեր հաստատությունը։

Տխրության ստվերը սահեց գեղեցիկ գերմանուհու դեմքի վրայով, նա հոգոց հանեց, միանգամից չպատասխանեց։

Հորս անունն է:

Պողոսը զուտ հայկական անուն է:

Նա հայ էր։ Լավ հայ։ Բարի հայ։

Զոհվե՞լ է:

Դեռ քսան թվականին՝ Հայաստանում: Այն ժամանակ ես վեց տարեկան էի...

Ահա նրա լուսանկարը։ Պատից մեզ էր նայում մի երիտասարդ զինվորական՝ փարթամ բեղերով եւ բարի, տխուր հայացքով։

Սեմյոնը ներս մտավ եւ հրամայեց.

Օղի, գարեջուր, ուտելիք եւ արագ...

Նա ասես չլսեց հրամանը, հարցրեց.

Ռուսնե՞ր եք:

Հայեր ենք, – ասացի ես։

Հայե՞ր, – նրա դեմքը ստացավ զարմանքի ու վախի արտահայտություն։ Աստված իմ, մայրիկը կուրախանա, – ասաց նա ու դուրս վազեց։

Սեմյոնը զարմանքով հարցրեց.

Ի՞նչ է եղել։

Բանն այն է, որ նրա հայրը հայ է, եւ այս սրճարանը կոչվում է նրա պատվին:

Այս ամրոցը չենք գրավի, մեր պարտքն է պահպանել

Նա խոսքը դեռ չէր վերջացրել, երբ ներս մտավ մի ջահելատես կին եւ հայերեն ասաց.

― Բարեւ ձեզ, իմ բարեկամներ, – մեկնեց ձեռքը։

Մենք հերթով խոնարհվեցինք ու համբուրեցինք նրա ձեռքը։

― Ահա, թե ինչ է մնացել իմ հանգուցյալ ամուսնուց։ Շարունակեմ ռուսերեն. Մագդալինան ասաց, որ դուք սպաներ եք, գիտեմ ձեր օրենքները, մեզ մոտ ձեզ վտանգ չի սպառնա։ Զգացեք, ինչպես տանը։ Ձեզ ի՞նչ է պետք:

Սեմյոնը, որ գերմանական խոհանոցի գիտակ էր, ինչ-որ բան պատվիրեց։ Ջահել գերմանուհին չգրեց, միայն թեթեւակի գլխով արեց ու գնաց։

― Ֆրաու ի՞նչ է ձեր անունը, – հարցրեցի ես։

― Ամալյա Ֆոն Տեր-Դավթյան, օրիորդական ազգանունս Ֆոն Զենդերլից է:

― Ձեր ամուսինը ֆաշի՞ստ էր, – հարցրեց Սեմյոնը։

Նա գլուխը հպարտ բարձրացրեց եւ ընդգծելով բառերը, արտասանեց.

― Իմ ամուսինը ռուսական բանակի սպա էր, ապա հայկական բանակի սպա, ոչ թե ձեր բոլշեւիկյան, այլ հին բանակի։

― Ներեցեք, ֆրաու Ամալյա, ընկերս պատերազմին մասնակցել է սկզբից, մի ամբողջ շաբաթ գերի է եղել ֆաշիստների մոտ...

― Քանի որ հայեր եք՝ ներում եմ, միայն խնդրում եմ ձեզ, օգնեք ինձ պարզել, թե ե՞րբ եւ ինչպե՞ս է զոհվել ամուսինս... Ես քանիցս նամակ եմ ուղարկել Մոսկվա… բայց պատասխան չեմ ստացել:

Սեմյոնը ցույց տալով ինձ, ասաց.

― Դա նրա մասնագիտությունն է, վստահ եմ՝ նա կգտնի ձեր ամուսնու հետքը։

Ֆրաու Ամալյան նստեց դեմ-դիմաց եւ ասաց.

― Շատ եմ խնդրում, օգնեք, պարոն սպա։

― Ի՞նչ գիտեք նրա մասին, պատմեք, խնդրեմ

― Քիչ բան։ Նա եկել Էր Բեռլին՝ սովորելու պոլիտեխնիկական ինստիտուտում: Այնտեղ էլ ծանոթացանք։ Դա 1908 թվականին էր: 1912-ին ամուսնացանք: 13-ին ծնվեց Մագդալինան, իսկ 14-ին, երբ պատերազմն սկսվեց, նա մեկնեց կռվելու իր հայրենիքի համար։ Խոստացավ պատերազմից հետո վերադառնալ։ Չվերադարձավ։ Ասում են, թե զոհվել է մարտում…

― Չե՞ք հիշում, թե ծնունդով որտեղից Էր:

― Ինչպես չեմ հիշում։ Ձեզ մոտ Կապան անունով քաղաք կա, մի քիչ հեռու՝ Վերին Խոտանան գյուղն Է, այնտեղ են ապրում նրա հարազատները։

Երբ նա տվեց Կապանի ու Վերին Խոտանանի անունները, ես ակամա ցնցվեցի, ինչը չվրիպեց նրա ուշադրությունից:

― Ձեզ ի՞նչ պատահեց, պարոն սպա։

― Վերին Խոտանան գյուղն իմ նախնիների հայրենիքն է…

― Իմ աղոթքները հասան Աստծուն... Այդ նա է ձեզ ուղարկել ինձ մոտ... Հիմա վստահ եմ, որ կօգնեք ինձ...

― Այդ բանը պետք է նշել, ինչպես ընդունված է մեզ մոտ՝ Կովկասում, –ասաց Սեմյոնը:

― Առաջինը խմենք մեր հայրենակից պորուչիկ Պողոսի կենացը…

Այդ հիշարժան օրվանից ի վեր «Պողոս» սրճարանը դարձավ մեր հանգրվանն Արեւմտյան Բեռլինում։ Մի քանի ամիս հետո ինձ արձակուրդ տվեցին։ Ես որոշեցի այն նվիրել պորուչիկին, ուստի եւ ժամանակ չկորցնելով, մեկնեցի հայրենիք…

... Ինչպես որ ընդունված է, պապս իմ գալստյան առթիվ քեֆ կազմակերպեց։ Եվ երբ քեֆի հարբած մասնակիցներն սկսեցին երգել, ես աննկատ դուրս եկա եւ քայլերս ուղղեցի գյուղական գերեզմանատուն՝ պորուչիկ Պողոսի մոտ։ Գերեզմանատան մոտ հանդիպեցի անորոշ տարիքի մի մարդու:

― Չե՞ք ասի պորուչիկ Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանի տեղը։

― ՊԱԿ-ի՞ց եք, – խիստ հարցրեց նա։

― Ոչ:

― ՆԳՆ-ի՞ց։

― Ոչ։

― Զինվորակա՞ն եք։

Ես դրական գլխով արեցի

― Ուրեմն արի ծխենք։

Սկսեցինք ծխել: Մի հինգ րոպե նա լռեց եւ հանկարծ հարցրեց.

― Ծնունդով որտեղի՞ց ես։

― Տեղացի չեմ։

Նա բացասաբար օրորեց գլուխը։

― Ոչ, սիրելիս, ինձ չես խաբի։ Ես այստեղ ոչ միայն մարդկանց, այլեւ բոլոր շներին ճանաչում եմ։ Ո՞ր ազգից ես։

― Հապետանց։

― Սպասիր, սպասիր, դու երեւի Արշակ դայու մեծ տղա՞ն ես։

Ես ուրախ գլխով արեցի: Այնուամենայնիվ ճանաչեց ամենագետը:

― Կարդացել եմ պատմվածքներդ… Իմ անունն Արտավազդ է, Բախմաչունց Արտավազդ, մորդ կողմից ազգականներ ենք: Նման բաներ, ընկեր ավագ լեյտենանտ...

... Աննկատելիորեն հասանք պորուչիկի գերեզմանին: Ես աչքերիս չհավատացի: Տեղական բազալտից ոչ մեծ հուշարձանը պսակում էր մեծ խաչը, որի վրա պատկերված էր խաչված Հիսուս Քրիստոսը, մի քիչ ներքեւ Մարիամ Աստվածածինն է, իսկ նրանից ներքեւ պորուչիկ Պողոսի դիմաքանդակն Էր սպայական համազգեստով։ Նրա հայացքն ուղղված է հեռուներին, քարե բեղերը նրան խիստ տեսք են տալիս: Դիմաքանդակի տակ մակագրություն էր՝ «Պորուչիկ Պողոս Տեր-Դավթյան» (1880-1920), կողքից հեծելազորայինի թուրն էր պատյանից հանված։ Հուշարձանի մյուս կողմում մակագրություն Է. «1918–20թթ. ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակից»։ Վերնամասում, խաչված Քրիստոսի վերեւում զարդանախշ մեծ տառեր են՝ Հ.Ն.Թ.Հ։

― Դատելով նրանից, որ բետոնը դեռ չի սառել, պորուչիկի հուշարձանը վերջերս է կանգնեցվել։

― Արի ծխենք, նստենք, ամեն ինչ կպատմեմ:

Երկար ծխեցինք։ Նա չէր շտապում պատմել, ըստ երեւույթին խորասուզվել էր մտքերի մեջ։ Վերջապես սկսեց խոսել.

― Ամեն մարդ տիեզերք է, որը նրա հետ ծնվել է եւ նրա հետ էլ մեռնում է: Ամեն մի տապանաքարի տակ թաղված է մի ամբողջ համաշխարհային պատմություն...

― Ծանոթ խոսքեր են։

― Հայնեինն են՝ իմ սիրած բանաստեղծինը։

― Թանկագին Արտավազդ, արի անդրադառնանք պորուչիկին։ Հայնեի մասին հետո...

― Համաձայն եմ։ Ճիշտ նկատեցիր, պորուչիկի այս հուշարձանը վերականգնել ենք վերջերս՝ Ստալինի մահից ու Բերիայի գնդակահարությունից հետո։ Իսկ այն ավերել են մի քանի անգամ։ Առաջին անգամ՝ 1927 թվականին: Հեղափոխության տասնամյակի կապակցությամբ բոլշեւիկները որոշեցին մեկ անգամ եւս մաքրել «ժողովրդի թշնամիների» հետքերը: Վերականգնել են պատերազմի տարիներին՝ չեմ հիշում 41-ին, թե 42-ին։ Ավերել են 47-ին՝ հեղափոխության հերթական հոբելանի կապակցությամբ:

― Դատելով հուշարձանի մակագրություններից, դրանք պահպանվել են այնպես, ինչպես քսան թվին էին:

― Այո, ճիշտ ես: Չեկիստների մեջ ազնիվ մարդիկ էլ կային։ Ամեն անգամ նրանք տեղյակ էին պահում, որ Կապանից գալիս է գերեզմանները պղծող խումբ: Մենք անմիջապես քարերը մաս-մաս թաքցնում էինք տներում։ Պահում էինք աչքի լույսի պես եւ հարմար պահ ընտրելով, վերականգնում էինք: Բոլշեւիկները չէին կարողանում ներել Պողոսին, որ նա զենքը ձեռքին պաշտպանել է հայրենի գյուղը, ապա տեղափոխվել Սիսիան ու մինչեւ կյանքի վերջը պաշտպանել Սիսիանի ամբողջականությունը։

― Թանկագին Արտավազդ, պատմիր պորուչիկի մասին։ Պատմիր, ինչ որ գիտես: Չէ՞ որ երեւի անձամբ ճանաչել ես պորուչիկին:

Նա կարծես թե նեղացավ։ Միանգամից չպատասխանեց։

― Ինչպես թե ճանաչել եմ պորուչիկին… Մենք հասակակիցներ ենք։ Մանկության տարիներին միասին ոչխար ենք արածեցրել։ Հետո նրա հրամանատարությամբ մարտնչել եմ Հայկական երրորդ կամավորական դրուժինայի շարքերում՝ ոչ թե գումակում, այլ հեծյալ հետախուզությունում։ Դրուժինայի հրամանատար Համազասպը քանիցս ինձ ներկայացրել է պարգեւի. Գեորգիեւյան զինվորական խաչը դրա վկայությունն է…

Նա լռեց ու սկսեց ծխել: Ապա հարցրեց.

― Ինչի՞ վրա կանգ առանք։

― Պորուչիկի։

Նա գլխով արեց։

― Երեք տարի նրա հետ Կովկասյան ճակատում կռվել եմ թուրքերի դեմ:  Այդքան էլ՝ նույն թուրքերի ու նրանց ցեղակիցների դեմ այստեղ՝ Զանգեզուրում եւ Ղարաբաղում։ Նա քանիցս փրկել է իմ կյանքը: Առաջին անգամ թուրքական Հասանղալա ամրոցի մոտ էր։ Մարտը երկար տեւեց։ Մեր դրուժինան կազակական գնդի հետ հարձակվում էր այդ նզովյալ ամրոցի վրա։ Հեծյալների գրոհին թուրքերը պատասխանեցին հրետանային ուժեղ կրակով։ Մենք զգալի կորուստներ կրեցինք։ Հարձակումը դանդաղում էր, ձախողվելու վտանգի տակ էր: Զոհվեց կազակական գնդի հրամանատարը: Եվ հանկարծ, ձիուն խթանելով, առաջ նետվեց մեր Պողոսը: Մենք հետեւեցինք նրան։ Ինձ երթային լազարեթ տեղափոխեցին անգիտակից վիճակում։ Ավելի ուշ իմացա, որ պորուչիկն անձամբ է ինձ մարտադաշտից հասցրել լազարեթ։ Մեկ էլ...

― Թանկագին Արտավազդ, ներիր, ես բնազդաբար զգում եմ, որ դու արժանավայել, բայց դժվարին կյանք ես ապրել, բայց նախ կուզենայի տեղեկություններ իմանալ պորուչիկ Պողոսի մասին։ Եթե ծառայությունը հնարավորոթյուն ընձեռնի՝ մենք կհանդիպենք, կխոսենք…

Նա լռեց: Սկսեց ծխել։ Հայացքը հառեց հեռուներին:

― Նորից ներողություն եմ խնդրում։

Նա չպատասխանեց, վեր կացավ ու լուռ հեռացավ։ Ես անհարմար զգացի։ Որերորդ անգամ ինձ հանդիմանեցի շտապողականության, անհամբերության համար… Լավ, վաղը կգտնեմ Արտավազդին:

Գերեզմանատնից դուրս գալուց առաջ դաշտային ծաղիկներ հավաքեցի ու որոշեցի դնել պորուչիկի գերեզմանին։ Մոտենալով շիրիմին, տեսա գերեզմանի մոտ նստած մի ալեհեր մարդու:

― Ողջույն, հայրենակից։

Նա շրջվեց իմ կողմը, ժպտաց։

― Բարեւ, Հայկ Արշակովիչ։

― Իմ անունը որտեղի՞ց գիտես։

Նա քմծիծաղեց, մի կողմ քաշվեց եւ կողքին նստելու տեղ բացեց։

Ես ծաղիկները դրեցի գերեզմանին ու նստեցի նրա կողքին։

― Չե՞ս ճանաչում։

― Ձեր դեմքը շատ ծանոթ է, բայց, անկեղծ ասած, չեմ կարողանում հիշել:

― Քրիստափոր Սողոմոնյան, պորուչիկ Պողոս Տեր-Դավթյանի ազգականն եմ։ Երբ դու զինվոր էիր, ես քեզ համար տնից բաներ էի բերել։ Հիշեցի՞ր։

― Այն էլ ոնց։

― Ճի՞շտ է, որ գրելու ես Պողոսի մասին։

Ես շփոթվեցի։ Չէ՞ որ ոչ մեկին չէի ասել այդ մասին։

― Մտադիր եմ։

― Համարիր, որ բախտդ բերել է։ Այս պահից ես քո օգնականն եմ, եթե կուզես իմանալ՝ նաեւ խորհրդատուն ու… պորուչիկի սխրանքի ականատեսը… Շատ ափսոս, որ նրա օրագրերը, նոթատետրերը, սպարապետ Թովմաս Նազարբեկյանի, ռազմական նախարար Քրիստափոր Արարատովի, սպարապետ Նժդեհի, Կապանի պաշտպանության ղեկավար, գնդապետ Ռուբեն Նարինյանի նամակները 37-ին վառել ենք: Շատ ափսոս...

Ես նրան սիգարետ առաջարկեցի։ Հրաժարվեց։

― Ծխելը թողել եմ։ «Շարժիչը» լավ չի աշխատում։ Հիմնանորոգման կարիք ունի։

― Այնժամ խոսենք պորուչիկի մասին։

― Գերեզմանատանը լռում են։ Կխոսենք տանը։

Նա վեր կացավ, համբուրեց հուշարձանն ու գնաց։ Ես հետեւեցի նրա օրինակին...

― Թանկագին Քրիստափոր, դու ծառայե՞լ ես պորուչիկի հետ։

Նա շրխկացրեց կրունկները, կուրծքը ցցեց.

― Պատիվ եմ ունեցել լինելու նրա համհարզը տասնութ թվականից մինչեւ նրա ողբերգական մահը Սիսիանում։

Երբ դուրս եկանք գերեզմանատնից,  Քրիստափորը մոտեցավ աղբյուրին, ձեռքերը լվաց ու շրջվեց իմ կողմը.

― Եթե մի երկու օր ժամանակ տաս, ինչ-որ բան կհավաքեմ քեզ համար, նկատի ունեմ իմ, այսպես կոչված, հուշերը… իսկ նրա ռազմական գործունեության վկաներ շատ կան մեր գյուղում, ամբողջ Զանգեզուրում ու Ղարաբաղում, անչափ շատ: Իսկ առայժմ հիշիր, թանկագին ավագ լեյտենանտ, պորուչիկը Տեր-Դավիթենց տոհմից է: Դու կարող ես հարցնել, թե ինչո՞վ է նշանավոր այդ տոհմը։ Կասեմ առանց նախաբանի. այն հայ ժողովրդին տվել Է Մովսես Խոտանանցի կաթողիկոս, Արիստակես, որը Դավիթ Բեկի մերձավոր օգնականներից էր եւ պորուչիկ Պողոս Տեր-Դավթյան։ Քի՞չ է: Տա Աստված, որ ամեն մի տոհմ, իսկ մեր գյուղում քսանից ավելի տոհմ կա, տա թեկուզ մեկ նշանավոր մարդ: Այդպե՞ս է:

Ես գլխով արի։

― Պորուչիկի հոր անունը Սողոմոն էր, մոր անունը՝ Նազլու: Ընտանիքում ինն երեխա կար՝ յոթ տղա եւ երկու աղջիկ։ Սողոմոնը քահանա էր։ Պապն ու նախապապը նույնպես: Ուստի եւ նրանց տոհմը կոչվում է Տեր-Դավիթենց, իսկ այսօրվա տերմինով՝ Տեր-Դավթյան։ Նրա մայրը՝ Նազլուն, շատ գեղեցիկ կին էր։

Զրուցելով՝ մենք աննկատ մոտեցանք Քրիստափոր Սողոմոնյանի տանը։

Նա ինձ տարավ հողե հատակով ու կոպիտ քարով պատված ընդարձակ նախասրահով։ Սենյակում զով Էր, ինչպես մառանում։

― Բարի գալուստ,– ասաց տանտերը՝ ձեռքը դնելով սրտին։ Ապա ցույց տվեց լայն, ցածր թախտը, որի վրա գորգ էր գցված։

― Խնդրեմ, նստիր այստեղ, ուր սովորաբար նստում էր մեր պորուչիկը։

Նա գնաց եւ մի հաստ ալբոմ բերեց։

― Այստեղ այն ամենն է, ինչ ինձ հաջողվել է թաքցնել 37-ին։ Բայց այս փաստաթղթերն էլ կօգնեն քեզ խորամուխ լինել պորուչիկի կերպարին։ Իմ մեկնաբանություններն ավելորդ չեն լինի։

Պողոսը 12 տարեկան է եղել, երբ Նախիջեւանից եկել է նրա քեռին՝ տեղի ռուսական գիմնազիայի դասատուն։ Տեր Սողոմոնը չի առարկել։ Եվ տղան մեկնել է սովորելու գիմնազիայում։ Հաջողությամբ ավարտելով գիմնազիայի վեց դասարանը՝ նա ընդունվում է Նովոչերկասկի հեծելազորային դպրոց եւ դառնում զինվորական։ Իրենց տան մշտական խաչին նա որոշում է ավելացնել նաեւ սուրը, քանզի գիտակցում է, որ միայն խաչով հեռու չես գնա։ Հայրենիքի փրկությունը պայմանավորված է խաչի եւ սրի ամբողջությամբ։

Քանի անգամ են քոչվոր բարբարոսները ներխուժել հայրենի գյուղ։ Եվ Պողոսի նախնիները սուր են վերցրել։ Սրով պաշտպանել իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Սերնդեսերունդ հաղորդվող լեգենդները հասել են պատանու գիտակցությանը։

Հեծելազորային դպրոցն ավարտելուց հետո պոդպորուչիկի կոչումով նա ծառայության է անցնում բանակում։ Հեռավոր արեւելքում Ճապոնիան ուխտադրուժ հարձակվում է Ռուսաստանի վրա։ Երիտասարդ հեծելազորայինը մեկնում է պատերազմ, որ իրեն ստուգի պատերազմի քուրայում: Իմանա իր գինը։ Շատ շուտ իմացավ։ Սուրբ Ստանիսլավի շքանշանը նրան ազնվական համարվելու իրավունք տվեց։ Իսկ Սուրբ Վլադիմիրի սրով ու ժապավենով շքանշանը՝ ազնվականական կոչումը ժառանգաբար փոխանցելու իրավունք: Էլ ի՞նչ է պետք քսանամյա սպային, սպայական աշխատանքի ծանրության տակ տքնիր, խելքիդ զոռ մի տուր, բանակում խելացիներին չեն սիրում եւ գեներալ կդառնաս...

Բայց Ռուսաստանի վերջին կայսրը Կովկասի փոխարքա, իշխան Գոլիցինի մատուցմամբ զորքերին գաղտնի հեռագիր է ուղարկում. «Հայազգի սպաներին գեներալի կոչում չշնորհել մինչեւ հատուկ կարգադրություն չլինի»: Հեռագիրը թեեւ գաղտնի էր, բայց շատերն իմացան դրա մասին, այդ թվում նաեւ նորաթուխ պորուչիկ Պողոս Տեր-Դավթյանը։ Վիրավորված է սպայի պատիվը։ Վիրավորված է մարդու արժանապատվությունը։ Վիրավորված է ազգային արժանապատվությունը։ Եվ հենց որ թնդանոթները լռեցին, երիտասարդ սպան պաշտոնաթող եղավ։

1905 թվական։ Բաքու: Այստեղ ոչ առանց նահանգապետ Նակաշիձեի գիտության ընդհարումներ են սկսվում։ Պորուչիկը պատերազմից հայտնվում է պատերազմում: Տեղի հայերից ոչ մեծ դրուժինա ստեղծելով պաշտպանում է երկաթուղային կայարանի շրջանի հայկական թաղամասերը: Բաքվում դժվարաթյամբ, բայց կարգուկանոն է հաստատվում: Ղարաբաղում եւ Զանգեզուրում տեղի թուրքերը զենքի են դիմում։ Այնտեղ են գնում Քեռին, Վարդանը, Մուրադը, Դրոն... այնտեղ է շտապում նաեւ պորուչիկ Պողոսը։

Զանգեզուրի եւ Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովվում է։ Պորուչիկ Պողոսի անունը, նրա փառքը հասնում է յուրաքանչյուր հայի օջախ: Թուրքերը, ատամները ջարդելով, սսկվեցին։ Հայերը հասկացան, որ միայն զենքը ձեռքին կարելի է պաշտպանվել բարբարոսներից։ Եվ ոչ միայն պաշտպանվել։ Թուրքերը հարգում են ուժը եւ միայն ուժը։ Ուժն ապահովում է զենքը, այդ զենքը կիրառելու կարողությունը։ Հատուցման զենքը...

Զանգեզուրում ու Ղարաբաղում խաղաղություն է հաստատվում։ Պորուչիկ Պողոսը որոշում է սովորել։ 1907թ. ամռանը մեկնում Է Բեռլին։ Հինգ տարի սովորելուց ու դիպլոմ ստանալուց հետո լուր է առնում, որ բուլղարացիները պատերազմում են թուրքերի դեմ։ Նորաթուխ ինժեները շտապում Է Բալկաններ: Բուլղարիայում հայերի առաջնորդ, ազգային հերոս Անդրանիկը պորուչիկի ծառայությունների կարիքը չի զգում։

― Ինձ զինվորներ են պետք: Իմ վաշտում արդեն հրամանատար կա՝ բուլղարական բանակի պոդպորուչիկ Նժդեհը։ Ապա՝ եթե դու շարքային լինեիր, այն ժամանակ...

― Պատրաստ եմ կռվել որպես շարքային, պարոն վոեվոդա։

Անդրանիկն անողոք է։ Բուլղարական բանակի հրամանատարությունը հաճույքով ընդունում է պորուչիկին: Եվ չի սխալվում։ Չորրորդ հետեւակային բրիգադի հեծյալ հետախուզությունն առաջին իսկ մարտերում աչքի ընկավ խիզախությամբ ու արիությամբ: Բուլղարական մարտական շքանշանը զարդարեց պորուչիկի կուրծքը։

Այդ պատերազմն էլ ավարտվեց։ Գերմանիայի մայրաքաղաքից ոչ հեռու ինժեներ Պողոս Տեր-Դավթյանը հողմաղաց կառուցեց։ Փորձարկումը հաջող անցավ։ Բյուրգերներից սկսեցին պատվերներ ստացվել... Բայց 1914թ. գարնանը փորձառու զինվորը զգաց նոր պատերազմի շունչը։ Գիտեր, որ պատերազմի դեպքում ինքը որպես Ռուսաստանի հպատակ կներկալվի: Շտապում է տուն։ Պատերազմն սկսվելու մասին իմանում է Թիֆլիսում:

Այնտեղ Անդրանիկը դրուժինա է կազմավորում։ Պորուչիկը նրա մոտ չի գնում։ Հենց այնտեղ հանդիպում է իր հին ծանոթ Համազասպին, որը նույնպես դրուժինա էր կազմավորում: Պորուչիկը դառնում է հետախույզների հեծյալ խմբի հրամանատար։

Մինչեւ 1916 թ. մայիսը Հայկական երրորդ կամավորական դրուժինայի կազմում մասնակցում է նրա բոլոր մարտական գործողություններին։

Դրուժինայի ցրումից հետո հանդիպում է ճապոնական պատերազմից իր ծանոթին՝ գեներալ Նազարբեկովին եւ վերջինիս առաջարկությամբ դառնում է համհարզը։

1918թ. ամռանը նորաստեղծ Ադրբեջանի հանրապետության ասկյարները սկսում են խժդժություններ անել Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջեւանում՝ հենվելով տեղի մուսուլման բնակչության վրա։

Սպարապետի համհարզը՝ պորուչիկ Տեր-Դավթյանը, պետին խնդրում է իրեն ուղարկել Զանգեզուր՝ տեղի բնակչությանը պաշտպանելու համար: Սպարապետն անմիջապես չի համաձայնում.

― Զանգեզուրում գեներալ Ղազարովը վատ չի կատարում իր պարտականությունները, ասենք՝ Անդրանիկն էլ է մեկնել այնտեղ, մի քիչ համբերիր…

Շուտով Սպարապետը Կապան է ուղարկում կապիտան Ռուբեն Նարինյանին, Սիսիան՝ պորուչիկ Պողոս Տեր-Դավթյանին։

1919թ. մարտին Անդրանիկը քաղաքացիական պատերազմից խուսափելու համար հեռանում է Զանգեզուրից: Մուսավաթականներն սկսում են ակտիվանալ։ Բայց շատ շուտով համոզվում են, որ կապիտան Նժդեհը ոչնչով չի զիջում ազգային հերոսին, որ Ռուբեն Նարինյանը՝ Կապանում, Պողոս Տեր-Դավթյանը՝ Սիսիանում ոչ միայն պաշտպանվում են, այլեւ հանդուգն գրոհներով շշմեցնում իրենց:

Սիսիանի բնակչությունը, արեւմտահայ գաղթականներն աղոթում էին պորուչիկի համար, հավատում՝ քանի նա ողջ է, իրենք փրկված են:

1919 թ. մարտին նորաթուխ ռազմական նախարար, գեներալ Արարատովը գնում է Սիսիան, ուր ժամանում են նաեւ կապիտաններ Նժդեհն ու Ռուբեն Նարինյանը։ Լոր գյուղում՝ պորուչիկ Պողոսի դաշտային շտաբում, նախարարը հրապարակում է վարչապետ Խատիսյանի հրամանագիրը՝  Նժդեհին, Ռուբենին եւ Պողոսին գնդապետի կոչում շնորհելու մասին։ Ի զարմանս նախարարի, Պողոսը հրաժարվում է գնդապետի կոչումից:

― Թե թշնամիները, թե յուրայիններն ընտելացել են իմ համեստ կոչմանը։ Մերոնք ինձ անվանում են «Պորուչիկ Պողոս ջան», թշնամիները՝ «Շեյթան պորուչիկ»։ Ինչու՞ նրանց զրկեմ սովորական կոչումից...

Տաքարյուն ռազմական նախարարը շանթ ու կայծակ է թափում պորուչիկի գլխին, բայց վերջինս անդրդվելի էր:

― Հայրենիքին կոչումների ու պաշտոնների համար չեն ծառայում:

...Մեկ տարի անց բոլշեւիկները զավթեցին Ադրբեջանը։ Գերի թուրք զինվորներից կազմավորեցին հատուկ գունդ եւ որոշեցին Կապան-Նախիջեւանով ուղարկել Թուրքիա՝ իբր թուրք հեղափոխականներին օգնելու նպատակով։ Կապանով գունդը չանցավ։ Նժդեհը թույլ չտվեց։ Այնժամ նրանք շարժվեցին Սիսիան։ Պորուչիկ Պողոսն աչալուրջ էր: Թուրքերը պարտություն կրելով նահանջեցին։ Այնժամ բոլշեւիկները որոշեցին Պողոսին վերացնել՝ ծախու հայ բոլշեւիկների ձեռքով։ Ձեռնարկված մի քանի փորձերն արդյունք չտվին։

…Հերոսի դին պատգարակով տեղափոխեցին ծննդավայր՝ Վերին Խոտանան գյուղ։

Թաղմանը ներկա էր Նժդեհը։ Որ Նժդեհը տաղանդավոր հռետոր էր, Զանգեզուրում բոլորը գիտեին։ Հերոսի շիրիմի մոտ չկարողացավ խոսել։ Նա լուռ լալիս էր…

Զինվորական համազարկից հետո նա ուշքի եկավ ու շշնջաց.

― Գնաս բարով, զենքի իմ եղբայր... Սպանելով քեզ, թշնամիները կտրեցին իմ աջ ձեռքը... Զանգեզուրը, հանուն որի զոհաբերեցիր կյանքղ, չենք տա թշնամուն։

Երդվու՛մ եմ։                                                                                  

 ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Հ.Գ.

Հոդվածը տպագրվում է որոշ կրճատումներով:

Հոդվածը հրատարակվել է «Հայ զինվոր» պարբերականի 1996 թ. № 26-ում և 27-ում:

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31