Կյանքից հեռացել է Արտուր Աթայանը․ ավաղ

27.07.2022 17:50
5399

Մոտ երեք տարի տևած ծանր և անբուժելի հիվանդությունից հետո՝ 2022 թ. հուլիսի 27-ի վաղ առավոտյան, կյանքին հրաժեշտ տվեց երևելի սյունեցի, Բաղաց աշխարհի արժանավոր զավակ, 2008-12 թթ. Կապան համայնքի  ընտրյալ ղեկավար Արտուր Աթայանը։

Ծնվել է 1964 թ. ապրիլի 6-ին Կապան քաղաքում։ 1981 թ. ավարտել է տեղի N 2 միջնակարգ դպրոցը։ 1982-84 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1984 թվականից աշխատանքի է անցել Կապանի «Էլեկտրոն» գործարանում։ 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է հայոց ազգային զարթոնքին, հետագայում ներգրավվել ՀՀ սահմանների պաշտպանության կազմակերպման, ինքնապաշտպանական ջոկատների ձևավորման, սպառազինման ու հանդերձավորման գործին։

1991 թվականից ՀՅԴ անդամ էր, նույն տարվանից՝ ՀՅԴ ԿԿ գործիչը Սյունիքում, 1996-ից՝ ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի անդամ։

2002 թ., որպես գործարար, հիմնել է «Վայբլ» ՍՊ ընկերությունը, որի տնօրենն էր մինչև 2008 թ. նոյեմբեր ամիսը։

Ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ, բազմաթիվ բարեգործությունների հեղինակ էր, մասնավորապես՝ սոցիալական ու մշակութային ոլորտներում։ «Սյունյաց տուն» ազգային-մշակութային ընկերության հիմնադիր անդամն էր, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամը, 2008 թ. նոյեմբերից՝ «Կապան»   բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

2008 թ. հոկտեմբերի 12-ին ընտրվել է Կապանի քաղաքապետ. առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ։

Ուներ ֆինանսիստ-տնտեսագետի բարձրագույն կրթություն. 2006 թ. ավարտել է Երևանի կիրառական բիոտեխնոլոգիայի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։

Ամուսնացած էր, ունի երկու որդի և մեկ դուստր, չորս թոռ։

Ձեռներեցությամբ աչքի ընկած Արտուր Աթայանը, այնուամենայնիվ, ընդգծված հոգևոր-մշակութային կողմնորոշում ուներ։ Դրա դրսևորումներից էին մշակութային մի շարք արժեքների ստեղծումը, անվանի կապանցիների հիշատակի հավերժացումն ու ոգեկոչումը, աճող սերնդին մեր հերոս նախնիների ոգով դաստիարակելուն միտված քայլերը:

Համայնքապետի պաշտոնում ամեն տարի բարձր մակարդակով կարողացել է նշել Կապան քաղաքի տոնը՝ «Կապանյան օրեր» վերտառությամբ. հատկապես հիշարժան են 2010 և 2011 թվականների տոնակատարությունները։

Պաշտոնավարման շրջանում՝ գրեթե ամեն տարի, մարզկենտրոնը եղավ փառատոների, մրցումների, ցուցահանդեսների համազգային ասպարեզ այդ ամենի բարձրակետը դարձավ «Արմմոնո» միջազգային փառատոնի մեկնարկը  2009 թվականին:

2010-ին՝ գոյություն ունեցող փառքի սրահի հիման վրա ստեղծեց Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը, նոր ու հարմարավետ պայմաններ ստեղծեց Կապանի երկրագիտական թանգարանի ու Ալ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գործունեության համար:

Նրա նախաձեռնությամբ և ջանքով Կապանի կենտրոնում կանգնեցվեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, մեր լեռնաշխարհի մեծանուն զավակ Արամ Մանուկյանի կիսանդրին (2009 թ.), մարզական աշխարհի ճանաչված ներկայացուցիչ Դավիթ Համբարձումյանի կիսանդրին (2009 թ.), նորօրյա Կապանի նշանավոր շինարար Սարգիս Վարդանյանի հուշարձանը։

Նրա նախաձեռնությամբ նշվեցին պետական և քաղաքական գործիչ, Կապանի տարածաշրջանի մեծ երախտավոր Ռաֆիկ Մինասյանի 85-ամյակը (2011 թ.), 1918-20 թթ. Զանգեզուրի գոյամարտի առաջնորդներից մեկի՝ Սմբատ Մելիք-Ստեփանյանի 130-ամյակը (2009 թ.

Նրա աջակցությամբ «Սյունյաց երկիր» պարբերականը ոգեկոչեց Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոս, տիեզերահռչակ լուսավորիչ հայոց, Սուրբ Էջմիածնի վերստին նորոգող, հայոց ազգային-եկեղեցական վերջին սուրբ Մովսես Խոտանանցու հիշատակը (2015 թ.

Արտուր Աթայանի կազմակերպչական ունակությունները, պետական մտածելակերպն ու երկրամասի հոգսերին նվիրվածությունը հատկապես արտահայտվեցին 2008-12 թվականներին, երբ գլխավորում էր Կապանի համայնքային իշխանությունը։

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել՝ համայնքային բյուջեի կրկնապատումից, կոմունալ տնտեսության վերակազմակերպումից, քաղաքաշինության ոլորտի բարեկարգումներից, համայնքային ենթակառուցվածքները նոր հիմքերի վրա դնելուց մինչև կրթական ու մշակութային, մարզական  և տնտեսական ոլորտներ, որոնք մնայուն վկայությունն են նրա հայրենանվեր գործունեության։

2002 թվականից նախաձեռնել ու նպաստել է «Կապան-Գլենդել քույր քաղաքների ընկերակցության» հիմնադրմանը։ Առհասարակ նրա պաշտոնավարման օրերում համագործակցության ակտիվ կապեր ստեղծվեցին ոչ միայն Գլենդել, այլև Բելառուսի Բորիսով քույր քաղաքների միջև։

Առանձնահատուկ հարգանքի արժանի էր Արտուր Աթայան մարդ-անհատի տեսակը։ Դա էլ, նախևառաջ, գալիս էր ոչ սովորական ու դժվարին, բայց պարզ, հասարակ, մաքուր մանկությունից։ Նրա անձ-անհատի ձևավորումը  խարսխված էր  իմաստուն տատի և բարի ու ազնիվ մոր դաստիարակության վրա, ինչի վերաբերյալ արտահայտվում էր գորովանքով։

Աթայան մարդուն բնորոշ էին աշխատասիրությունը, բարությունը, հանդուրժողականությունը, ընկածին ձեռք մեկնելու, մարդկանց լսելու հատկանիշները, ընկերասիրությունը, Կապանի ղեկավարին բնորոշ համարձակ դիրքորոշումն ու արժանապատիվ կեցվածքը, մանավանդ երբ խոսքը հայրենի քաղաքի ընդհանրական շահի  մասին էր լինում։

Ընդգծված ջատագովն էր Կապանի հանրային միասնության ու համերաշխության: Նա, իսկապես, արժանապատիվ Կապանի մի դալար շյուղն էր։ Դրա հերթական վառ ապացույցը եղավ 2012-ի նախընտրական արշավը, որին իբրև կարգախոս էր ընտրել Պողոս Առաքյալի աստվածասկիզբ խոսքը՝ «Խաղաղություն ունեցեք միմյանց միջև»։ Ցավոք, առաքելական այդ պատգամը լսելի չեղավ, և ընտրապայքարի ամենավճռորոշ պահին, երբ արդեն տեսանելի էր նրա հաղթանակը, դուրս եկավ ընտրապայքարից՝ հիասթափված լինելով պետական ամենաբարձր մակարդակի ճնշումներից։

Պաշտոնաթողությունը, այդուհանդերձ, նրան ընկճվածության, նահանջի հուն չմղեց: Նախկին եռանդով զբաղվում էր ձեռնարկատիրությամբ, հնարավորն անում իր քաղաքի շենացման համար:

Ահա այդպիսինն էր Արտուր Աթայանը...

Ցավոք, 2019-ից նրա առողջական վիճակն անսպասելիորեն և կտրուկ վատացավ: Դրությունն այնպիսին էր, որ հնարավոր չէր գոնե երբեմն-երբեմն տեսակցության գնալ նրան...

Տեսնում էինք՝ նրա հարգելի տիկինն ու զավակները հնարավոր ամեն ինչ անում են Արտուր Աթայանի առողջությունը գոնե մասամբ վերականգնելու համար, սակայն բժշկությունն էլ անզոր գտնվեց...

Հիմա ամեն ինչ, ցավոք, մնաց անցյալում, նրա հարազատների ու մերձավորների, նաև երախտապարտ կապանցիների հիշողություններում ու սրտերում...

Խոնարհվենք նրա՝ այլևս հիշատակ դարձած անվան առջև, աղոթենք նրա հոգու հանգստության համար, և ինչպես ընդունված է ասել՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

Եվ, իհարկե, մեր անկեղծ ցավակցությունը մերձավորներին ու հարազատներին, Կապանի համայնքապետարանին, նաև բոլոր կապանցիներին։

Արտուր Աթայանն իր բնօրրան Կապանի նվիրյալներից էր։ Եվ նրա հիշատակն արթուն պահելու ամենագլխավոր առհավատչյան կլինի հայաշունչ ու զարգացող Կապան քաղաքը, որն աննախադեպ դժվարությունների ու փորձությունների մեր օրերում հաստատուն քայլքով, արժանապատվորեն ձգտում է այսուհետ նույնպես կյանքի կոչել աստվածատուր իր առաքելությունը։

Սամվել Ալեքսանյան

Հ.Գ.

Արտուր Աթայանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 18-ին՝ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ նույն տաճարից՝ հուլիսի 29-ին, ժամը 12-ին։

Հողին կհանձնվի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի գերեզմանատանը՝ իր պաշտելի մոր կողքին։

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48