Կյանքը Հայաստանի հանքարդյունաբերության կենտրոնավայր Քաջարանում

25.03.2015 12:06
3617

Հարցազրույց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի հետ


Վերջին ամիսներին Քաջարան քաղաքում որոշակի փոփոխություններ եւ իրադարձություններ տեղի ունեցան: Դրանք պայմանավորված էին, նախեւառաջ, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի ղեկավարության, ինչպես եւ Սյունիքի մարզպետի փոփոխությամբ: Ի հայտ եկան նաեւ նոր երեւույթներ, նոր միտումներ սոցիալ-տնտեսական կյանքում: Այդ ամենի համապատկերի վրա, անշուշտ, հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի ընթացք է ապրում համայնքային կյանքը Հայաստանի հանքարդյունաբերության կենտրոնավայր Քաջարան քաղաքում, ինչի համար էլ զրուցեցինք քաղաքապետ Վարդան Գեւորգյանի հետ` ակնկալելով անկեղծ ու անկաշկանդ խոսակցություն, ինչով, ի դեպ, աչքի են ընկել նրա հետ ունեցած մեր նախորդ զրույցները:

-Պարո՛ն Գեւորգյան, վաղուց է` չեք հանդիպում «Սյունյաց երկրի» ընթերցողների հետ: Վերջին անգամ, եթե չենք սխալվում, մեր թերթին հարցազրույց տվեցիք երեք տարի առաջ: Հետաքրքիր է, ի՞նչ նորություններ, փոփոխություններ կան Ձեր կյանքում, նաեւ` անձնական կյանքում: Մի խոսքով` ինչպե՞ս եք:

– Այո՛, վերջին անգամ մեր հանդիպումը եղել է երեք տարի առաջ` անհատական զրույցի տեսքով: Թեեւ թերթի յուրաքանչյուր համարում լինում են անդրադարձներ Քաջարան քաղաքի տարբեր ոլորտներին, ինչպես նաեւ քաղաքապետին ու քաղաքապետարանի գործունեությանն առնչվող: Այդ լուսաբանումների շնորհիվ էլ ավելի ճանաչելի է դարձել լեռնագործների քաղաքը, եղել են բազմաթիվ ձեռքբերումներ, ինչում մեծ դերակատարում ունի նաեւ «Սյունյաց երկիր» թերթը: Այնպես որ մշտապես զգում ենք Ձեր ուշադրությունը: Անձամբ ես Ձեր թերթի մշտական ընթերցողն եմ:
Եվ ուրեմն` թույլ տվեք ողջունել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին, բոլոր ընթերցողներին:
Շնորհակալություն հարցազրույցի հրավիրելու համար:

Ի դեպ, «Սյունյաց երկիր»-ը միակ պարբերականն է, որ անվարան ու առանց երկնչելու ներկայացնում է տարբեր ոլորտներին առնչվող հիմնախնդիրներ, հարցեր, ճշտումներ, օբյեկտիվ եւ, ինչու չէ, նաեւ սուբյեկտիվ կարծիքներ, այդ թվում՝ իմ մասին:

Դրանք հաճախ օգնում են շատերին՝ շտկելու եւ էլ ավելի ամբողջական ու նպատակասլաց դարձնելու իրենց աշխատանքը:

Հասարակության տեսադաշտում գտնվելու մասսայական լավագույն միջոցներից են մամուլն ու հեռուստատեսությունը: Թերթից ու էկրանից մարդու գործունեությունն ավելի խորը տպավորություն է թողնում, գնահատանքի արժանանում: Եվ ավելի քան մեկ տասնամյակից ավելի է, ինչ «Սյունյաց երկիր»-ը ստանձնել է այդ առաքելությունը: Համոզված եմ՝ միայն ուժեղներին է կյանքում վիճակված լինել անաչառ, անկաշառ ու անդավաճան` իրենց նպատակների իրականացման ճանապարհին: Իսկ Ձեր նպատակը գիտեմ` հանունի է, հանուն մարդու, հանուն մարզի ու հանուն պետության: Ձեր հատուկ համարները նույնիսկ ալմանախներ են, որոնք ընթերցողը հաստատ տեղադրում է գրադարակում:

Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին, ասեմ՝ նշանվել է ավագ դուստրս, եւ ես ստացել եմ աներոջ թեկնածուի կարգավիճակ:

– Քաջարանի կոմբինատն ունեցավ նոր ղեկավարություն, Սյունիքում մարզպետի փոփոխություն տեղի ունեցավ… Դրանք, բնականաբար, չէին կարող անդրադարձ չունենալ Քաջարանի քաղաքապետարանի գործունեության, նախկինում որդեգրած քաղաքականության, ինչպես եւ ծրագրերի վրա: Այլ հարց է, թե որքանով էր շոշափելի անդրադարձը:

– Հիշեցի հայտնի թեզը` անհատները պատմության մեջ որոշիչ դեր չեն խաղում, նրանք արագացնում կամ դանդաղեցնում են պատմության ընթացքը: Իհարկե, դա պատմությանն է վերաբերում, սակայն, երբ հարցն առնչվում է կառույցին, հաստատությանը, կազմակերպությանը, այլ է մոտեցումը. անհատներն ու անհատականություններն են հաճախ որոշել բազմաթիվ ճակատագրեր, մեծ ու փոքր խնդիրների հանգուցալուծումներ: Ուժեղ անհատը հաջող գործի գրավականն է:

Քաջարանի կոմբինատը վեց տասնամյակից ավելի տարեգրություն ունի եւ իր այդ ընթացքի մեջ միշտ էլ արարումի ու ստեղծագործական վերելքի մեջ է եղել: Դա աշխատավորական կոլեկտիվի՝ ձեռնարկությանը բացարձակ նվիրվածության արդյունքն է: Այդպես էր երեկ, այդպես է այսօր, այդպես կլինի վաղը եւ ընդմիշտ:

Փառք Աստծո, կոմբինատը միշտ ղեկավարել են հմուտ, գործիմաց, առաքինի, հայրենասեր, տաղանդաշատ անհատներ: Նրանցից յուրաքանչյուրն իր ժամանակի հերոսն է:

Իհարկե, յուրաքանչյուր փոփոխություն չէ, որ դրական արդյունք է խոստանում: Այս դեպքում ասեմ, որ ամեն ինչ սահուն եւ բնականոն ընթացքի մեջ է: Թե՛ քաղաքի եւ թե՛ քաղաքապետարանի գործունեության, մտահղացումների, ծրագրերի իրագործման առումով ամեն ինչ դրական հունի մեջ է:
Ինչ վերաբերում է մարզպետի փոփոխությանը… Տասնամյա գործունեության կարճատեւ դադարից հետո Սուրեն Խաչատրյանը նորից ստանձնել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Անկասկած, մեր աշխատանքների կազմակերպման մեջ անհրաժեշտ է համագործակցություն հմուտ, փորձառու, հայրենասեր, գործունյա, ծառայելու եռանդով լեցուն անհատի հետ, ինչը եւ առկա է: Կարճատեւ բացակայության արդյունքում չեն պակասել նրա եռանդն ու ծառայելու պատրաստակամությունը:
Այդ փոփոխությունները, բնականաբար, նոր եւ թարմ ռիթմ են հաղորդել մեր աշխատանքներին:

– Այդ ամենին դեռ կանդրադառնանք: Բայց կա մի հարց, որ մտահոգում է ոչ միայն քաջարանցիներին: Խոսքը Քաջարանի հիվանդանոցում ստեղծված վիճակի եւ հեպատիտ C-ի, այդ առիթով հարուցված քրեական գործի մասին է: Եվ կուզենայինք իմանալ` արդյո՞ք տեսանելի է այդ պատմության ավարտը` հիվանդանոցը բնականոն հուն վերադարձնելու հեռանկարը:

– Իհարկե, ե՛ւ երեւույթը, ե՛ւ ստեղծված վիճակն անընդունելի են ու անհասկանալի: Իրականացվել են ահռելի ֆինանսական ներդրումներ, ձեռք բերվել ժամանակակից սարքավորումներ ու միջոցներ: Մարդիկ հաստատություն են դիմել՝ բուժում ստանալու ակնկալիքով, սակայն արդյունքում նոր խնդիր են ձեռք բերել: Բարեբախտաբար, ժամանակին հայտնաբերվել ու կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել: Այս առումով գնահատանքի են արժանի Սյունիքի մարզպետի, ՀՀ առողջապահության նախարարության հանձնաժողովի, «ԶՊՄԿ» ՓԲԸ տնօրենության սրտացավ վերաբերմունքն ու օպերատիվ գործելաոճը: Վիրուսով վարակված հիվանդները գտնվում են ուշադրության կենտրոնում եւ հոգածության ներքո:

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի պատճառին, ապա հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվող նախաքննությունից հետո կիմանանք այդ մասին:

Իսկ հիմա իրավիճակը Քաջարանի բժշկական կենտրոնում կարելի է գնահատել կայուն: Նշանակվել է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, ունենք փորձառու, հմուտ բժիշկներ ու բուժաշխատողներ, հրավիրվել են նոր մասնագետներ` ընդհանուր վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: Այնպես որ Քաջարանի բժշկական կենտրոնն ունի բարձրակարգ բժշկական սպասարկում իրականացնելու բոլոր հնարավորությունները:

– Քաջարան քաղաքի 2015թ. բյուջեն. փորձենք հիմնական ցուցանիշները համեմատել 2014-ի բյուջեի հետ: Եվ, իհարկե, մեզ հետաքրքրում է հարցը` բնապահպանական վճարներից (իբրեւ լեռնահանքային արդյունաբերության ազդակիր համայնք) 2013-ին, 2014-ին Քաջարան քաղաքին գումար հատկացվե՞ց, թե՞ ոչ: Այդ առումով ի՞նչ սպասելիքներ ունեք 2015-ին:

– 2015թ. համայնքային բյուջեն 243մլն դրամ է` 2014-ի 227մլն դրամի փոխարեն: 2015թ. համայնքային բյուջեում սեփական եկամուտը կլինի 172մլն դրամ` 2014-ի 105մլն-ի դիմաց: Սեփական եկամուտների աճը պայմանավորված է գույքահարկի բազայի ընդլայնմամբ:

Բացի դրանից` կոմբինատի եւ քաղաքապետարանի միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի` ամսական 10մլն դրամ կհատկացվի քաղաքային համայնքին:

Ինչ վերաբերում է բնապահպանական վճարներին, ապա, ըստ մեր ներկայացրած ծրագրերի՝ վերջին երեք տարում համայնքին բնապահպանական վճարներից հատկացում է կատարվել` 2013-ին` 17.5մլն դրամ, 2014-ին` 14մլն դրամ, 2015-ին` 5.2մլն դրամ:

– Համայնքային բյուջեները (այդ թվում` քաղաքային համայնքներինը) դարձել են, ըստ էության, զուտ աշխատավարձեր վճարող, աշխատակազմերի առօրյայի սպասարկումն ապահովող բյուջեներ: Սյունիքում գրեթե լուրջ օրինակներ չունենք, երբ համայնքային բյուջեով տվյալ համայնքի համար ինչ-որ էական հարց է լուծվում: Շատ կուզենայինք, որ Քաջարան քաղաքի օրինակով Դուք հակասեիք մեզ:

– Հարցը բավականին հետաքրքիր է, կփորձեմ պատասխանել. չգիտեմ՝ որտեղ եւ ինչպես են տնօրինվում համայնքային բյուջեները, բայց նաեւ հասկանանք, որ համայնքի ղեկավարն ունի գործառույթներ, որոնք ամրագրված են ՏԻՄ մասին օրենքով, եւ անհրաժեշտ է կյանքի կոչել դրանք` պետության կողմից պատվիրակված, պարտադիր, կամավոր լիազորություններ եւ, ինչու չէ, նաեւ սեփական նախաձեռնություններ:

Ինչպիսին է այս առումով իրավիճակը Քաջարանում. նախ՝ Քաջարանի քաղաքային համայնքն ունի բավականին լուրջ սեփականություն, այն է` կրթական, մարզական, մշակութային, սպասարկման ոլորտի հաստատություններ, տեխնիկական միջոցներ: Սրանց շահագործումն ու պահպանությունն ինքնին ծախսեր են: Ի դեպ, համայնքում ջրամատակարարումը եւ ջրահեռացումը համայնքի իրավասության շրջանակներում են եւ իրականացվում են համայնքային սեփականություն հանդիսացող կազմակերպության կողմից:

Երկրորդ. համայնքի կողմից պատշաճ ու բարձր մակարդակով իրականացվում են գրեթե բոլոր միջոցառումները, որոնք նույնպես ֆինանսավորվում են բյուջեի միջոցներով: Համայնքի բյուջեի հաշվին իրականացվում են նաեւ զգալի սոցիալական ծրագրեր:

Հանրակրթական դպրոցներում «Քաջարան. բնություն եւ էկոլոգիա» առարկայի դասավանդումն ավելի նպատակային ու արդյունավետ դարձնելու համար ձեռք են բերվում դիդակտիկ ու նյութական այլ արժեքներ, սրանք նույնպես իրականացվում են բյուջեի միջոցների հաշվին: Այս ամենն իրականացնելու նպատակով անհրաժեշտ են նաեւ աշխատակիցներ, հմուտ կադրեր, որոնց պետք է եւ ըստ արժանվույն վարձատրել, նաեւ մասնագիտորեն ավելի հմտանալու հնարավորություն ընձեռել: Չմոռանանք, որ քաղաքապետարանը նաեւ սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իշխանությունն է համայնքում, նրա ներկայացուցչական մարմինն է եւ այս առումով ունի հատուկ գործառույթներ, գործողությունների հստակ պլան, որոնք պետք է անպայման իրականացնել ու ֆինանսավորել:

Ներկայացնեմ իրականացված որոշ ծախսեր. քաղաքի փողոցային լուսավորության համակարգի պահպանում եւ անխափան շահագործում, համայնքի փողոցների եւ ճանապարհների սանիտարական մաքրություն, կանաչապատ գոտիների, պուրակների, այգիների խնամք, մարզական եւ մշակութային միջոցառումների իրականացում, քաղաքապետարանի եւ համայնքային կառույցների գործունեության բարելավում:

Պատկերն ավելի տպավորիչ դարձնելու համար բերեմ թվային մի քանի օրինակ. 2009-2013թթ. Քաջարանի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման ծրագրերով իրականացված միջոցառումների համար բյուջեից տրամադրել ենք 117.1 մլն դրամ, որից՝ ջրցան մեքենայի ձեռքբերում՝ 14մլն, հիվանդանոցի հիվանդասենյակների ու սանհանգույցների վերանորոգում՝ 6մլն, համայնքի մանկապարտեզի շենքի էներգաարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացում՝ արեւային ջրատաքացուցչի կիրառմամբ՝ 21.6մլն, Քաջարանի N1 եւ N2 միջնակարգ դպրոցների էկոլոգիայի լաբորատորիաների ստեղծում, գույքի եւ սարքավորումների ձեռքբերում՝ 20 մլն, Քաջարանի քաղաքային համայնքի կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում՝ 8.5մլն, համայնքային մանկապարտեզի բակի հիմնանորոգում, կանաչ պլանավորում՝ 14մլն, «Քաջարանի եւ նրա շրջակայքի բուսաշխարհը» գրքի կազմում եւ հրատարակում՝ 3մլն, Քաջարանի բժշկական կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում՝ 8.7մլն եւ այլն:

2014թ. համայնքային բյուջեից Քաջարանի բժշկական կենտրոնի համար բժշկական սարքավորման ձեռքբերման համար տրամադրվել է 3մլն դրամ, Խանջյան 6 եւ 8 շենքերին հարող տարածքում պուրակի կառուցման աշխատանքների ավարտի, Տերյան եւ Գետափնյա փողոցների միջեւ գտնվող տարածքի կանաչ պլանավորման աշխատանքների մեկնարկի համար՝ 4մլն, ուսումնական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերում դպրոցների էկոլոգիայի լաբորատորիաների համար՝ 2մլն: 2015թ. բյուջեով նախատեսվում է կանաչապատ տարածքների վերականգնման եւ ընդլայնման համար՝ 1.4մլն, էկոլոգիական կրթության զարգացման համար՝ 2մլն, բժշկական կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման համար՝ 600 հազար դրամ:

– Քաջարան քաղաքը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկվորյակներ են, իսկ ավելի ճիշտ` մեկ օրգանիզմ` հիմնադրման օրերից: Տասնամյակներ շարունակ կոմբինատը սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրեր է իրականացրել համայնքում: Հետաքրքիր է` 2014-ին կոմբինատն ի՞նչ ուշագրավ ծրագրեր իրականացրեց քաղաքում (նաեւ` դրամական արտահայտությամբ), ի՞նչ ծրագրեր ունի 2015թ. համար: Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ն են քաղաքապետարան-կոմբինատ հարաբերությունները ներկայումս:

– Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը քաղաքաստեղծ ձեռնարկություն է: Քաջարան քաղաքի, մերձակա գյուղական համայնքների, շատ առումով նաեւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական, մարզական եւ այլ բնագավառների զարգացման բոլոր հեռանկարները միշտ եղել եւ մնում են կոմբինատի տնօրենության ուշադրության ներքո:

Այսօր, առավել եւս, երբ համայնքային տնտեսության կազմակերպման լիարժեք գործունեություն իրականացնելու համար ոչ բավարար են ֆինանսական հնարավորությունները, կոմբինատը նշածս համայնքներին եւ, մասնավորապես, մեր համայնքին տրամադրում է անհրաժեշտ բոլոր միջոցները` աշխատանքները կազմակերպելու համար: Իսկ ընդհանրապես, քաղաքապետարան-կոմբինատ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

2014թ. կոմբինատի կողմից ֆինանսավորվել են ամառային բակային ճամբարները, քաղաքի օրվա եւ Ամանորի տոնակատարությունների հետ կապված բոլոր միջոցառումները:

Կոմբինատի աջակցությամբ հիմնանորոգվել է N1 միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգը: Օժանդակություն է ցույց տրվել հանրապետական, մարզային միջոցառումներին քաղաքի մասնակցությանը:

Այս ամենը բավականին խոշոր ֆինանսական միջոցներ է պահանջում, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը:

– Մեզ շատ են զանգահարում եւ գրում «Քաջարան» հիմնադրամին առնչվող հարցերով: Կարծիքներն էլ միանշանակ չեն. ոմանք ասում են` դա հայտնի կլանի ոչ անհայտ կարդինալի փողերի լվացման հերթական օղակն էր, ոմանք էլ` թե դա շատ լավ կառույց էր, օգտակար էր քաղաքին, ինչպես եւ մերձակա գյուղերին:

Կուզենայինք իմանալ նաեւ հիմնադրամի 2014թ. կատարած աշխատանքների ու 2015թ. անելիքների մասին` համառոտ:

– «Քաջարան» բարեգործական հիմնադրամի ստեղծումն ինքնանպատակ չէր: Այն ստեղծվեց մեր հասարակության զարգացման այնպիսի մի փուլում, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես կար: Հիմնադրամը ստեղծվեց կոմբինատի այն ժամանակվա տնօրեն Մաքսիմ Հակոբյանի նախաձեռնությամբ 1998-99 թվականներին, որի հիմնական առաքելությունն էր հավելյալ ֆինանսական միջոցներով վերականգնել ծայրաստիճան քայքայված համայնքային տնտեսությունը: Կարծում եմ՝ հիմնադրամը բարձր պատասխանատվությամբ եւ փառքով կատարեց իր առջեւ դրված խնդիրը՝ կրթական, նախադպրոցական, մարզական, մշակութային, կենցաղային սպասարկման, հանգստի կազմակերպման կառույցների, բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի, աստիճանավանդակների հիմնանորոգում եւ արդիականացում, հիմնահատակ ավերված վերելակային տնտեսության վերականգնում եւ վերազինում: Այդ ամենը տրամադրված ահռելի գումարների, մարդկային ջերմ վերաբերմունքի, անշահախնդիր նվիրվածության շնորհիվ է իրականացվել: Վստահաբար կարող եմ ասել, որ հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների ընթացքում ոչ ոք այլ ակնկալիքներ չի ունեցել, ընդհակառակը, արվել է անհրաժեշտ ամեն ինչ՝ յուրաքանչյուր դրամը նպատակին ծառայեցնելու համար: Այլ խնդիր է, որ հիմնադրամի աշխատանքներում սեփական նախաձեռնությամբ ընդգրկված շինարարական կազմակերպությունների համար միջնորդել ենք կոմբինատի ղեկավարությանը` ձեռնարկության ծրագրերի իրականացման աշխատանքներում ընդառաջելու համար:

Ավելորդ չեմ համարում շեշտել, որ հիմնադրամի ֆինանսական մուտքերը կոմբինատի ու քաղաքի բոլոր ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձերից կամավոր սկզբունքով վճարվող միջոցներ էին: Զգալի ֆինանսական աջակցություն էին ցույց տալիս նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ու Քաջարան քաղաքի բարեկամ այլ կազմակերպություններ:

Փոխվել են ժամանակները, պայմաններն ու պահանջները: Հիմա նոր ձեւավորված հիմնադրամ ունենք` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամ, որի գործունեությանը, նպատակներին ու նշանակությանը հետագայում կանդրադառնանք:

– Քաջարան քաղաքի հանրային մթնոլորտի մասին: Որքանով հիշում ենք` վերջին համապետական ընտրությունների նախօրեին որոշակիորեն ալեկոծված էր հանրությունը (չենք կարծում, որ փաստեր հիշատակելու կարիք կա): Իսկ ինչպե՞ս կգնահատեիք քաղաքի ներկայիս բարոյահոգեբանական մթնոլորտը:

– Քաջարանում տիրում է բարձր եւ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Իհարկե, առկա են լուծում պահանջող խնդիրներ, շատ անգամ նաեւ հիմնավոր դժգոհություններ, բայց դրանք որակել որպես ալեկոծություն` համաձայն չեմ: Ես դա համարում եմ որպես հասարակության զարգացման շարժիչ ուժ:

Կարեւորը, որ միշտ էլ համատեղ քննարկումների ցանկություն ու տրամադրություն կա, զերծ ենք մնում հապճեպ եւ կտրուկ որոշումներ կայացնելուց, եւ հարգվում են յուրաքանչյուրի տեսակետն ու կարծիքը: Մենք մի մեծ ընտանիք ենք, եւ յուրաքանչյուր հարց իր հանգուցալուծումը ստանում է մանրազնին ուսումնասիրության, շրջահայաց, փոխադարձ հարգանքի, փոխզիջման մթնոլորտում: Թե՛ կոմբինատի ղեկավարության, թե՛ քաղաքապետարանի ու մնացած բոլոր կառույցների համար առաջնայինը մարդն է` իր բոլոր հատկանիշներով: Իսկ լեռնագործի նկատմամբ, այն մարդու, ով ապառաժ քարից հաց է քամում, առավել եւս պետք է լինել հարգալից, ուշադիր եւ նրբանկատ… Բոլոր քաջարանցիներս, ի դեպ, լեռնագործներ ենք…

– Ինչպե՞ս եք գնահատում Քաջարանի կոմբինատի նոր ղեկավարության գործունեությունը. բավականին ժամանակ է անցել ղեկավարության փոփոխությունից եւ, կարծում ենք, կարող եք հիմնավոր խոսք ասել:

– Հանդիպել ենք նոր ղեկավարների հետ, քննարկել մեր անելիքները, եկել ընդհանուր համաձայնության: Առկա են բարիդրացիական հարաբերություններ, տիրում է ջերմ մթնոլորտ: Կարեւորը` նույն նպատակին ենք ծառայում` հանուն հասարակության բարեկեցության ապահովման: Թերեւս, կոմբինատը չի կարելի համեմատել որեւէ այլ հիմնարկի հետ` գործունեության կարճ ժամանակահատվածում գնահատանքներ շռայլելու առումով: Ժամանակն ամենաարժանավոր ուսուցիչն է, եւ, համոզված եմ, տարիներ հետո կտրվեն գնահատականներ ե՛ւ կոմբինատի աշխատակիցների, ե՛ւ հասարակության կողմից: Ամենաճիշտ գնահատականը տալիս են նրանք, ում հետ աշխատում ես ու ապրում: Այն, որ այսօրվա ղեկավարությունը գործունյա անհատներով է համալրված, նկատելի է։ Ամենակարեւորը` հայրենասեր մարդիկ են:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի նոր մարզպետի գործունեությունը, տարբերություն տեսնո՞ւմ եք նրա պաշտոնավարման առաջին եւ երկրորդ շրջանների միջեւ:

– Այսօր մեր մարզպետի ամենամեծ առաքելությունը Սյունիքում միասնության, համերաշխության մթնոլորտի ստեղծումն է, սյունիքյան շահերի շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղումը: Եվ դրա համար ոչ քիչ հիմքեր կան: Ընդամենը մեկ օրինակ` մեկ տարի չղեկավարեց մեր մարզը, բայց դա չխանգարեց, որ մարզի բնակիչները նրա հետ հարաբերվեն այնպես, ինչպես նախկինում, երբ նժույգի վրա էր: Եվ սա այն դեպքում, որ պաշտոնաթող մարդկանց սովորաբար հետո չեն հիշում: Ես կարծում եմ՝ նա կիսատ գործեր ուներ եւ վերադարձել է դրանք ավարտին հասցնելու համար: Իմ կարծիքով՝ նա հիմա ավելի հանդուրժող է, փորձառու, իմաստնացած, քինախնդիր չէ, ինչը տեսնում ենք ամենօրյա աշխատանքում, ինչից շահում է մարզը:

– Ի տարբերություն մարզի շատ ղեկավարների` Դուք, առիթ եւ հարցեր լինելիս, կարծիք եւ տեսակետ եք հայտնում բացեիբաց, ինչը դրական երեւույթ է, թեեւ շատ հաճախ այդ բացախոսությունը շրջվում է Ձեր դեմ:

Երբ 2013թ. նոր մարզպետի նշանակման հարց էր քննարկվում` Դուք պատրաստակամություն հայտնեցիք գլխավորել մարզը: Ուզում ենք իմանալ` այսօ՞ր էլ պատրաստ եք գլխավորել մարզը, եթե նման անհրաժեշտություն առաջանա, եթե կառավարությունը նպատակահարմար գտնի:
Եվ, ի վերջո, որո՞նք են Ձեր անձնական այն որակները, արժանիքները, որ նման հավակնությունների հիմք են ծառայում:

– Դա 2013 թվականին էր: Ես ընդամենը պատասխանել եմ մի քանի լրատվամիջոցի հարցերի՝ այն դեպքում, երբ տարբեր թեկնածուների վերաբերյալ շահարկումներ կային: Մինչդեռ ոմանք վարագույրից այն կողմ էին ինչ-ինչ ճանապարհով փորձում զբաղեցնել մարզպետի աթոռը:

Ասեմ, որ մարզպետ դառնալը ցանկությամբ չէ պայմանավորված, եւ այդ հարցը ՀՀ նախագահի ու կառավարության իրավասության շրջանակներում է գտնվում: Նրանք են հաշվի առնում անձի որակներն ու արժանիքները՝ տվյալ պաշտոնում նշանակելու համար:

Ըստ իս՝ մարզպետին բնորոշ պետք է լինեն քաղաքական եւ պետական կառավարման փորձառությունը, հայրենի բնօրրանի նկատմամբ սերը, ճանաչողությունը, մարդկանց վստահությունը եւ անձամբ ճանաչված լինելը, անմիջականությունը, խորաթափանցությունը, հարգանքը, օգնելու, մարդու, ընկերոջ կողքին միշտ լինելու պատրաստակամությունը, բոլորի կարծիքների հետ հաշվի նստելու կարողությունը, հանդուրժողականությունը, աշխատանքի մեջ անձնական կարգապահությունը, խստապահանջությունը, արդարացի որոշումներ կայացնելու կարողությունը, ներողամտությունը:

2015 թվականն է, ունենք մարզպետ, ում բնորոշ են վերոգրյալ հատկանիշները, որի շուրջը հավաքվել ենք ու հայտնել համագործակցելու պատրաստակամություն: Եվ, ասեմ, որ ստացվում է:

– Չէի՞ք ցանկանա գնահատական տալ Մաքսիմ Հակոբյանի քաջարանյան գործունեությանը: Եվ, իհարկե, որո՞նք էին նրա սխալները, ի՞նչը չէր հերիքում նրան. նկատի ունենք հատկապես կոմբինատի համասեփականատեր դառնալուց հետո ընդգրկող ժամանակաշրջանը:

– Դեռեւս վաղ է Մաքսիմ Հակոբյանի գործունեությանը վերջնական գնահատականներ տալու համար: Նա դեռ կիսատ թողած շատ բան ունի անելու: Թեեւ իր գնահատականները պարոն Հակոբյանը մասամբ ստացել է ե՛ւ հասարակության, ե՛ւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարների կողմից:

Ուրախ եմ, որ նա վաստակել է բազմահազարանոց կոլեկտիվի հարգանքը: Հայրենասեր, մարդկային բարձր արժեքներ ունեցող, հիանալի մարդ է:

– Դարձյալ ուզում ենք օգտվել անկեղծանալու Ձեր արժանիքից եւ մի` ոչ ընդունված հարց քննարկել: Իշխանական ներկա հարաբերություններում, հավանաբար նկատել եք, ամենամեծ ճգնաժամը մարդկային հարաբերությունների ոլորտում է: Ինչպե՞ս է ստացվում, որ նույն չինովնիկները, նույն բիրդանաղաները (սեփական կուսական բթությունը սպիտակ վերնաշապիկով ծածկած եւ լժե մտավորականի կեցվածքով) անընդհատ հայտնվում են կշեռքի ծանր նժարին կամ, պատկերավոր ասած, մերձիշխանական արոտավայրերում` գնացողի հետեւից հայհոյում են, եկողին` փառաբանում: Ըստ էության այլեւս կարեւոր չէ սեփական դեմք-դիմագիծ ունենալը: Կարեւորը, թութակի հանգույն, ուժեղի, իշխանավորի ասածը կուրորեն կրկնելն է եւ նրանց հետեւից վազելը:

Ինչպե՞ս եք վերաբերվում մարդկային հարաբերությունների այդ կոռոզիային, հատկապես իշխանավորների եւ ունեւորների զգալի մասի անդեմությանը, կուսակցականների մի ստվար մասի այլասերմանը (բազմաթիվ օրինակներ ունենք մեզանում, երբ միեւնույն մարդը միանգամից երկու-երեք կուսակցության է ծառայում` վայրկյան անգամ չկարմրելով): Ո՞ւր ենք գնում այսպես:

– Ձեր ասածները, իհարկե, ոչ բոլորին են վերաբերում: Դրանք «հատուկ» տեսակ են: Ցավոք, բոլոր ժամանակներում, հասարակության բոլոր ֆորմացիաներում ու կացութաձեւերում այդպիսիք միշտ եղել են: Մի բան կասեմ միայն՝ նույնիսկ հզոր, ամենակարող արծվի բարեհաճ կամքը չի օգնի, որ ճնճղուկը բազե դառնա: Նրանք մեծն Շիրազի նկարագրած փրփուրն են, որ կարող են ի հայտ գալ օվկիանոսներում ու ծովերում, որոնց ժամանակ առ ժամանակ քամին է տեղաշարժում… Իսկ մարգարիտներն այնտեղ են` հիմքում:

Թեթեւ տանենք այդ դժգույն պրոցեսը, …անցնենք առաջ:

Ամեն ինչ այնտեղ է` վարագույրի հետեւում: Իսկ թատրոնն ավարտվում է այն պահին, երբ փակվում է վարագույրը, եւ խամաճիկները երբեք հանդիսատեսի ծափերին չեն արժանանում:

– Գոնե մարզի քաղաքապետներով, մարզպետի տեղակալներով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարով ճանապարհ դնեիք պաշտոնանկ արված Վահե Հակոբյան մարզպետին, մարդ էր էլի` իր ողբերգականությամբ հանդերձ…

Տպավորություն ունենք, որ մեր քաղաքապետներն առաջինն են տարանջատվում-սահմանազատվում նժույգից իջնողներին` մոռանալով, որ հենց իրենք էին երեկ ջան ասում, ջան լսում ե՛ւ մարզպետների, ե՛ւ կոմբինատի տնօրենի հետ, մոռանալով, որ իրենք քաղաքապետ են ընտրվել ոչ թե ժողովրդի կամքով, այլ այդ մարդկանց կամեցողությամբ:

Հիմա էլ այդ քաղաքապետներից մեկին, ով խառնակ ժամանակներում առաջին ծլկողն է ու առավել երեսպաշտը, կարելի է անընդհատ հանդիպել մարզպետարանի մատույցներում կամ կոմբինատների տնօրենների հետ:

– Իսկ ի՞նչ է նշանակում ճանապարհել. սա կուլտուրա է, որը նախկինում մեծ արժեք ուներ, երբ վաստակած հանգստի մեկնելիս գնահատում էին մարդու անցած ճանապարհը, նրա արժանիքները, ավանդը, բացառիկ ներդրումները եւ այլ ուսանելի արժեքներ: Այդ արարողությունը կատարվում էր բարձր պատասխանատվությամբ, հասարակական մեծ հնչեղությամբ, եւ բոլորը մեծ ոգեւորություն էին ապրում՝ անթաքույց ձգտելով նմանվել նման մարդու, անհատի: Կարծում եմ՝ այս մշակույթը պետք է վերականգնել, բայց կրկնում եմ` նրանց նկատմամբ, ովքեր մի օր կգնան վաստակած հանգստի: Իսկ երբ մարդ մի գործից մյուսին է անցնում, ի՞նչ ճանապարհելու մասին է խոսքը…

– Կապանում եւ Քաջարանում օրեցօր թեժանում են խոսակցություններն առ այն, թե իբր վերջին մեկ տարում փոքր եւ միջին ձեռնարկություններից շատերը դադարեցրել կամ դադարեցնում են իրենց գործունեությունը` պատվերներ չունենալու պատճառով: Իբր երկու հազար մարդ արդեն (այդ ամենի հետեւանքով) գործազուրկ է դարձել Կապանի տարածաշրջանում:

Դուք իրադարձությունների կենտրոնում եք եւ կարող եք հիմնավոր խոսք ասել` իրո՞ք փոքր եւ միջին բիզնեսը վերջին մեկ տարում խորը ճգնաժամի մեջ է ընկղմվել: Քաջարանի օրինակով կարո՞ղ եք հիշատակել ընկերությունների անուններ, որոնք գործել են, բայց հիմա չեն գործում եւ ինչո՞ւ չեն գործում:

– Այո՛, Դուք ճիշտ եք նկատել: Բայց պետք է փաստել, որ դրանց նպաստել են բազմաթիվ շարժառիթներ, որոնցից չէինք կարող անմասն մնալ: Իհարկե, տարածաշրջանների համաչափ զարգացման ռազմավարությունը՝ պետության կողմից որդեգրված, որոշակիորեն մեղմում է այս խնդիրը, պետական բյուջեի հաշվին բավականին շինարարական աշխատանքներ են իրականացվում տարածաշրջանում, այդ թվում եւ Քաջարանում, օրինակ, «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները: Կոմբինատի կողմից էլ զգալի ներդրումներ եւ ծախսեր են կատարվում: Հիշենք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ դպրոցականների ու զինվորական զորամասերի համար արվածը: Ամբողջովին վերանորոգվում է մանկապարտեզ Քաջարան քաղաքում, հոգածության ներքո են կրթական, առողջապահական, մարզական հաստատությունները:

Տարիներ ի վեր զգալի ներդրումներ են կատարվել ԶՊՄԿ-ի կողմից, սակայն, կարծում եմ, այսօր միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների անկումն է առաջացած դժվարությունների պատճառը: Լինենք լավատես, եւ, կարծում եմ, ամեն ինչ ժամանակի մեջ կհարթվի: Միեւնույն ժամանակ ուզում եմ հարազատի մտահոգությամբ հորդորել որոշ շինարարական կազմակերպությունների ղեկավարների՝ աշխատանք պետք է որոնել, պետք է լինել մրցունակ: Այսօր աշխարհը փոխվում է րոպեների ընթացքում, ամեն ինչ գնում է դեպի մրցակցություն, որակական բարդ պահանջների ապահովում: Ես չեմ ընդունում, երբ կազմակերպությունը կատարում է բազմաթիվ շինարարական աշխատանքներ, տնօրինում է հսկայական ֆինանսական միջոցներ, բայց աշխատանքները կատարվում են ինչպես 10-15 տարի առաջ` օգտագործելով հնացած ու հնաոճ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, տեխնոլոգիաներ: Համոզված եմ` ցանկացած մրցունակ կազմակերպություն ի վիճակի է լուծելու մշտապես աշխատանքով ապահովված լինելու խնդիրը:

– Մեր վերջին հարցազրույցում, եթե հիշում եք, ընդհանուր հայտարարի չեկանք քաղաքի գործազուրկների թվաքանակի հարցում: Հիմա կարո՞ղ եք ասել` քանի գործազուրկ կա Քաջարան քաղաքում:

– Իմ կարծիքով, գործազուրկը նա է, ով ցանկանում է աշխատել, բայց աշխատանք չկա: Այսօր մենք ինչո՞ւ ենք աղքատ: Երեխան ավարտում է դպրոցը, ընտանիքում որոշում են, որ պիտի բարձրագույն ուսումնական հաստատություն դիմի: Բայց այսօր ես ունեմ ոչ պետական աշխատող, որ լավ դիմահարդար է, վարսահարդար, եւ ավելի շատ գումար է վաստակում: Բարձրագույն կրթություն ստանալը դարձել է պարտադիր երեւույթ, այնինչ մենք նաեւ լավ արհեստավորների կարիք ունենք:

– Դուք նորից չասացիք, թե քանի գործազուրկ կա Քաջարանում, բայց առաջ անցնենք… Տարիներ շարունակ Կապանի տարածաշրջանի (եւ ոչ միայն) շատ բնակիչներ (հատկապես երիտասարդներ) ձգտում էին բնակվել Քաջարան քաղաքում եւ աշխատել տեղի ընկերություններում: Այսօ՞ր էլ այդ միտումը կա:

Եվ, եթե կարելի է, անշարժ գույքի քաջարանյան շուկայի մասին` հիմնական ցուցանիշները համեմատելով 2014-ի կամ 2013-ի նույնանման ցուցանիշների հետ:

– Այն համայնքները, որտեղ առկա է աշխատանք գտնելու հնարավորություն, միշտ էլ լինելու են ուշադրության կենտրոնում, իսկ Քաջարանը, կարծում եմ, մշտապես կլինի այդպիսին:
Արտադրության ծավալների ավելացումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը խթանում են նոր աշխատատեղերի ստեղծումը: Քաջարանում հիմնական խնդիրը կանանց ու նաեւ մարդկանց մասնագիտական աշխատանքով ապահովելու հարցն է, ինչը բոլորիս հոգածության ներքո է եւ անպայման լուծում կստանա: Իսկ մի բան փաստ է. Քաջարանում վաղուց է՝ արդեն վարձով բնակարան գտնելը գրեթե անհնար է, իսկ վաճառվող բնակարաններ հազվադեպ են պատահում:

– Կարծում ենք` նորմալ են Ձեր հարաբերությունները Քաջարան գյուղական համայնքի ղեկավարի ու բնակիչների հետ: Նրանց երբեմնի անհանգստության պատճառն էլ, կարծեք, սառեցված է, եթե նույնիսկ օրակարգից հանված չէ: Դուք էլ Ռաֆիկ Աթայանի հետ, ըստ երեւույթին, տարակարծությունների հիմքեր չունեք: Ճի՞շտ են մեր դիտարկումները:

– Ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ: Ինքս կամեցող մարդ եմ եւ բոլորի մեջ միայն լավն եմ տեսնում:

– Ինչպե՞ս եք գնահատում քրեածին իրավիճակը Քաջարանում: Դե, իհարկե, տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունը չի մոռացվել, եւ դա բնական է: Հիմա էլ, կարծեք, աղմկահարույց դեպքերի պակաս չկա` մեքենա են հրկիզում, մեքենա ջարդում, վառելիքի հափշտակման մեխանիզմներ հորինում… Տեսանկարահանող սարքերի աննախադեպ առատությունն էլ, ըստ երեւույթին, քիչ է օգնում:

– Քաջարանը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է ամենահանգիստ, հյուրասեր եւ աշխատավոր համայնքը: Եկեք մասնավոր դեպքերից ելնելով՝ կարծիքներ չկազմենք:

– Վերջին ներհանրապետական ու ներքաղաքական իրադարձությունների արձագանքը Քաջարանում: Ձեր համայնքում գործում էր ԲՀԿ-ի բավականին լուրջ կառույց (եւ Մերուժան Աթայանն էր այդ կառույցի ճակատը զարդարում, ոչ թե ԲՀԿ-ն` Մերուժանի ճակատը): Արդյո՞ք քաջարանյան կազմակերպության շարքերից էլ արտահոսք է սկսել:

– Դա խնդրում եմ ճշտել ոչ ինձ հետ:

– Ի՞նչ եք կարծում, եթե երբեւէ ՀՀԿ-ն դադարի իշխող կուսակցություն լինել, ՀՀԿ-ականները պակա՞ս եռանդով կփախչեն կուսակցության շարքերից:

– Մի ճշտում՝ ՀՀԿ-ն ժամանակին եղել է նաեւ ընդդիմություն, բայց շարունակել է պայքարել հանուն այն գաղափարի, որի կրողն է: Կուսակցության հիմնադիր, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի կորստից հետո մենք չհուսահատվեցինք, էլ ավելի ուժեղացանք: Կուսակցությունը տվեց ՀՀ վարչապետներ` Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, նրանց ցավալի կորստից հետո` վարչապետ Սերժ Սարգսյան, իսկ այսօր՝ հանրապետության նախագահ: Օրեցօր ավելի ենք ամրանում ու ամրապնդվում, որովհետեւ յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա գաղափար, հատուկ, ընդգծված գործելաոճ:

ՀՀԿ-ի հետ երբեք չի կատարվի այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ:

Ինքս, օրինակ, կուսակցության անդամ եմ 1997 թվականից, ՀՀԿ Քաջարանի շրջանային կառույցի ղեկավար այդ նույն թվականից, որն առաջիններից է մեր երկրում: Կուսակցությանն անդամագրվել եմ ոչ թե ուժեղանալու, այլ ուժեղացնելու, ոչ թե օգտվելու, այլ օգնելու համար, ինչպես շատերը:

– Դուք Արցախյան ազատամարտի իրական մասնակիցներից եք, ԵԿՄ-ին կից առաջին սերնդի ներկայացուցիչներից: Արժե՞ր հանրակրթական դպրոցներում ստեղծել պատանի երկրապահների ակումբներ. չէ՞ որ դպրոցական տարիքում եւ դպրոցական միջավայրում իսկական երկրապահությունը լավ սովորելն է (սա աքսիոմատիկ ճշմարտություն է):

– Այո՛, 1992 թվականից մինչեւ 1995 թվականի մարտ ամիսը ծառայել եմ ՀՀ ազգային բանակում, մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին: ԵԿՄ անդամ եմ: Իմ մեջ մի կարծրատիպ է ձեւավորվել՝ ոչ միայն զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկներն ու նրանց ընտանիքները, այլեւ բոլոր ազատամարտիկներն ու գործող բանակի սպան ու զինվորը պետք է ունենան ամենաբարձր կարգավիճակը մեր երկրում: Եթե սա չընդունենք ու չհասնենք դրան, շատ բան ենք կորցնելու:

Մենք ապրում ենք այնպիսի մի անկանխատեսելի տարածաշրջանում, որ «դատապարտված» ենք ուժեղ բանակ ունենալու: Հասարակությունը բանակի եւ սպայակազմի նկատմամբ պետք է ձեւավորի ընդգծված հարգանք եւ արժանի մոտեցում ցուցաբերի: Հայոց բանակի երեկվա եւ այսօրվա զինվորն ու սպան պետք է լինեն մեր երկրի ամենաարտոնյալ խավը: Դա ոչ այնքան նրանց է պետք, որքան հասարակությանը:

Նույն կարգով, ՀՀ բանակում ծառայած զինվորի ընտանիքը պետք է տարբերվի ծառայությունից խուսափած մարդու ընտանիքից: Ժամանակին մեր երկրին իր կյանքը, երիտասարդությունը, առողջությունը տված տղամարդը պետք է տարբերվի մյուսներից:

Այսօր հանրակրթական դպրոցներում սովորում է մեր ժողովրդի ապագան` պատանիներ ու աղջիկներ, ովքեր դեռեւս չեն հասցրել վարակվել հասարակության մեջ առկա «չարորակ բացիլներով»: Մենք պետք է մեր ուժն ու եռանդը ներդնենք՝ նրանց մեջ առկա դրական, բարոյական, համամարդկային, հայրենասիրական հատկանիշները զարգացնելու եւ արատավոր սովորույթները արմատախիլ անելու համար:

Ես, բարձր գնահատելով մեր մանկավարժների, դպրոցի նվիրյալների դերը, կարծում եմ, այս ազգանվեր նախաձեռնությունը, ինչպիսին երկրապահների ակումբի ստեղծումն է, կնպաստի ընդհանուր խնդրի լուծմանը:

Չմոռանանք, որ ԵԿՄ-ն հայոց նորանկախ պետության ակունքներում է, հայոց ազգային բանակի ծնողը եւ մեծ պարտք ու պարտավորություն ունի…

Այո՛, ես ընդունում եմ, որ Երկրապահը պետք է լինի հանրակրթական դպրոցում:

Հարցազրույցը`
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՎ
ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը. Ռուբինյան

12.12.2024 23:25

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

12.12.2024 23:16

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

12.12.2024 19:25

Տվյալներ են ստացվել ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ

12.12.2024 19:22

Մարզի խորհրդի տարեվերջյան նիստում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքն ու համայնքների սեփական եկամուտների հավաքման պատկերը

12.12.2024 17:51

Կյանքը Հայաստանում թանկացել է. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

12.12.2024 17:43

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

12.12.2024 17:39

Կաթնառատ–Փիրմազրա գյուղում էինք․ հինգ ընտանիք է մնացել

12.12.2024 17:18

Հանրային քննարկում Քաջարանի համայնքապետարանում

12.12.2024 16:33

Թոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. ծրագրի ժամկետ երկարացվեց

12.12.2024 16:29

ՀՀ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար սուբսիդիաներ կտրամադրեն ևս 400 ընտանիքի

12.12.2024 15:54