Լև Օզերովի նամակը Համո Սահյանին

19.04.2024 16:06
359

Չեմ վախենա նամակի ձեւով գրված այս հոդվածը սկսել բանալ խոստովանությամբ, ավելի ճիշտ՝ հաղորդումով, մենք մինչեւ հիմա իրար չենք հանդիպել։ Անձնապես ծանոթներ չենք։ Թեեւ անծանոթներ, բայց մենք, այնուամենայնիվ, իրավունք ունենք համարելու մեզ հին եւ լավ ծանոթներ։ Ի՞նչն է իրավունք տալիս ասելու այդ բանը։

Պոեզիան։ Ձեր պոեզիան, Համո Սահյան, ինձ` ընթերցողիս հետ անձնական խոր կապի տպավորություն է թողնում։ Չիմանալով քնարերգուի անկետային տվյալները, ես ամեն ինչ, կամ էլ գրեթե ամեն ինչ գիտեմ նրա հոգեկան  աշխարհի մասին։ Տաղանդի ուժով եւ վարպետությամբ դուք ստիպում եք հետեւել ձեր հոգեկան աշխարհին։ Մենք նստած ենք դեմ-դիմաց եւ զրուցում ենք։ Մեջտեղում, մեր միջեւ, ձեր գիրքն է։

Չնայած չի կարելի չհամաձայնել Մայակովսկու թեւավոր խոսքի հետ` «Պոեզիան ճանապարհորդություն է դեպի անիմանալին», ես, այնուամենայնիվ, մտնելով բանաստեղծի աշխարհը, մուտք եմ գործում նաեւ իմանալիի ոլորտները։ Ես ճանաչում եմ բանաստեղծի այդ աշխարհը, ինչպես ճանաչում են ուրիշ մեկ այլ աշխարհ, բնագավառ, ոլորտ, ճյուղ։ Ճիշտ է, այդ իմացությունը կատարվում է ոչ կանխամտածված ձեւով, բանաստեղծը երգում է, բարբառում այն, ինչ աստված կհուշի, իսկ իմ մեջ նրա բոլոր երգերը զուգակցվում եւ ձուլվում են մի ընդհանուր երգի, նրա հոգու երգի մեջ։ Թռչնի սլացքը, արեւածագը եւ մայրամուտը, սիրո երգը, Գյազբելի ճառագայթումը, հայրենի գյուղը, մանկության աշխարհը, մոր հետ զրույցը, - այս բոլորը միանշանակ եւ հավասարարժեք չեն։ Բայց բանաստեղծի աշխարհում, եթե նա իրոք բանաստեղծ է, այդ բոլորը ձեռք են բերում կենդանի զգացմունքային կապեր, փոխադարձ կախվածության մեջ են։

Ահա թե ինչու Ձեր պոեզիայում ես քաղաքացիական մոտիվները չեմ սահմանազատում անձնականից։ Քաղաքացիականը հնչում է անձնականի մեջ, անձնականը՝ քաղաքացիականի։ Ձեր այդ հատկությունը շատ հեռանկարային է եւ մեր ողջ պոեզիայի համար՝ հուսադրող։

Գիրքը ես երկար կարդացի։ Չկարողացա կարդալ մի շնչով։ Խիտ է գրված եւ, բացի այդ, ես այն ընթերցողներից եմ, որոնք այդպես էլ չկարողացան յուրացնել «ճեպընթերցման» նորագույն մեթոդը։ Գուցե ես այդ հարցում հնաոճ եմ։ Ոչինչ չես կարող անել, այդպիսին եմ ու վերջ։

Այս նամակի առաջին տողերից ես պետք է խոսեմ անհարմարության այն զգացումի մասին, որ համակել է ինձ։ Ես նամակ եմ գրում Ձեզ՝ Ձեր պոեզիայի մասին, որը կարդացել եմ թարգմանաբար եւ ոչ թե բնագրով։ Այս կապակցությամբ բացառված չեն անճշտություններն ու վրիպումները։ Ահա մազերս սպիտակել են, բայց այն լեզուն, որով ստեղծվել է մեծ գրականություն, ինձ համար մնում է անծանոթ։ Փորձեցի սովորել, այդ գործում ինձ ոգեւորում էին ինստիտուտի իմ ընկերները՝ հայերը, մանկության ընկերս՛ Լորիս Հովսեփյանը, իսկ հետո՝ Պավլո Տիչինան եւ Վերա Զվյագինցեւան։ Բայց գործը նախնական տեղեկություններից եւ այնպիսի համով բառերից, ինչպիսիք են, օրինակ, «Կռունկը» եւ «Ծիծեռնակը», այն կողմ չանցավ։ Ինձ համար արդարացում չկա։ Ինչպիսի՜ բացթողում, ինչպիսի՜ կորուստ։

Այսպիսով, ես կխոսեմ ոչ թե այն մասին, թե Դուք ստուգապես ինչ եք գրել, այլ այն մասին, թե Ձեր գրածների թարգմանություններից ինչ տպավորություն եմ ստացել ես` ռուս ընթերցողս։ Դա նույնպես շատ կարեւոր է։ Թեկուզեւ այն պատճառով, որ տասնչորս հանրապետություն եւ տասնյակ ժողովուրդներ, ինչպես եւ ես, հայ պոեզիային ծանոթանում են թարգմանություններով։ Գրելով այս խոսքերը, ես գրեթե ֆիզիկապես զգացի այն պատասխանատվությունը, որ կրում են մեր եղբայր թարգմանիչները, դրանց թվում եւ ինքս։ Պատասխանատվություն եւ երկյուղ, երկյուղ եւ ուրախություն...

«Տարիներս» գիրքը («Հայաստան» հրատարակչություն, 1971, ռուսերեն, կազմող՝ Լ.Մ. Մկրտչյան») աչքի է ընկնում բազմաթեմայնությամբ, կերպարների այլազան բնույթով եւ դրանց համապատասխան տարբեր ոճերով։ Գուցե այդ բոլորի պատճառն այն է, որ գիրքն ընդգրկել է շատ տարիներ (այսինքն` ձեր տարիները, Համո Սահյան)։ Գուցե նշանակություն է ունեցել եւ այն, որ գիրքը տարբեր ժամանակներում թարգմանել են տարբեր թարգմանիչներ (Պաստեռնակից մինչեւ Սպենդիարովա, Զվյագինցեւայից մինչեւ Տարկովսկի, Մարչենկոյից մինչեւ Գրեբնեւ)։ Ես այստեղ չեմ թվարկի թարգմանական բոլոր հաղթանակներն ու պարտությունները, հաջողություններն ու ձախողումները։ Այն աշխարհ գնացած բոլոր թարգմանիչները կլռեն, իսկ այս աշխարհում ողջ-առողջ ապրողները այդ բանը չեն ների, քանի որ ինքս նույնպես թարգմանում եմ եւ գրում թարգմանությունների մասին։

Գրքի բազմապլանայնությունը, այնուամենայնիվ, պետք է ամենից առաջ բացատրել բանաստեղծի հոգեկան հարստությամբ։ Բազմապլան լինելու խնդիր դնելը դեռեւս քիչ է։ Դրա համար պետք Է ունենալ հոգեկան հիմք, պետք է կարողանալ մտածել ոչ թե «այստեղից» մինչեւ «այնտեղ», այլ այն ներքին ազատությամբ, որը միշտ Էլ իսկական բանաստեղծին տարբերել Է կեղծից։

Նախ մի առանձնահատկության մասին, որ գրավել Է իմ ուշադրությունը ընթերցման ժամանակ, առանձնապես գիրքն առաջին անգամ ընթերցելիս։

Ես շատ անգամներ եմ մաշկիս վրա զգացել ինձ համար անծանոթ բառերի եւ անունների հիպնոսային ազդեցությունը։ Բառերը քեզ անծանոթ են, բայց հուզում են։ Ի՞նչն Է պատճառը։ Իմ կարծիքով, պոեզիայի մեջ ի սկզբանե դրված է ինչ-որ խորհուրդ, ինչ-որ կախարդանք։

Պավլո Տիչինայի օրագրում այսպիսի գրառում կա. Սայաթ-Նովայից նա կարդացել Է «Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարթ, մանիշակ, սուսամբար իս»... տողը։ Նա, իհարկե, գիտեր, թե ինչ բան Է մեխակը եւ մանուշակը։ Բայց անծանոթ «սուսամբարը», այնուամենայնիվ, գերում Է նրան։ Բառը շատ գեղեցիկ է հնչում, եւ ոչ մի կասկած չի մնում, որ ինչ-որ բուրումնավետ բան պետք է նշանակի։ Նույնիսկ առանց բառարան նայելու կարելի է այդ տողով գնալ սիրած կնոջ հետ ժամադրության։

Ժողովրդական հրաշք անվանում։ Պոեզիան սկիզբ առավ այն ժամանակ, երբ ամեն ինչին սկսեցին անուն տալ։ Այդպես են հնչում ինձ համար «Գյազբելը», «Լորագետը», «Որոտանը», «Սալվարդը», «Արազը», «Հորովելը», եւ, իհարկե, «Նաիրին»... Տարբեր նշանակություն եւ արժեք ունեցող բառեր։ Բայց ինձ համար, իմ այլ բառերի սովոր լսողության համար, դրանք կազմում են Ձեր բանաստեղծության հավելյալ երաժշտությունը, Համո Սահյան։ Դուք դրանք չեք չարաշահում, ինչպես «կոլորիտի համար» չարաշահում են Ձեր գրչեղբայրներից ոմանք։ Եվ, տեղին օգտագործելով, դրանք ինձ են վերադարձնում այն գերող խոսքի հնչյունները, որ մեզ է մնացել անհիշելի ժամանակներից։

Քարափների գլխին՝ Որոտնաբերդ,

Քարափների ծնկան՝ Ծիծեռնավանք,

Քարափների շուրթին՝ երկնքի շերտ,

Քարափների շուքին՝ ջրվեժի զանգ...

Առանց այդ արբեցուցիչ, զնգուն անունների ի՞նչ կարող է նշանակել երկնքի ու ջրվեժի մասին ձեր հիշատակությունը...

Ձեր գործերում կա նաեւ թվերի պոեզիա, թվերի կախարդանք։ Դա թվահմայություն, հեքիմություն չէ, այլ թվի ժողովրդական հավատք։ «Բալլադ յոթ ձիավորի մասին»՝ այդ շարքի հիմնական ստեղծագործությունն է։ «Յոթ անգամ կանչեց աքլորը թառին, յոթ անգամ խփեց կայծակը սարին, յոթ անգամ ժամի զանգը ծլնգաց, յոթ բանակ եկավ, բերդը պաշարեց ու յոթ ձիավոր սլացավ գյուղից»։ «Յոթը» հնչում է որպես կախարդանք...

Ես գիտեմ, հայ ընթերցողի համար այդ թիվը սուրբ է (ի դեպ, հարկավոր է գրքում ծանոթություն գրել)։ Եվ այսպես՝ ամբողջ բալլադը։ Դա ռուս ընթերցողին արհեստական եւ ձանձրալի կթվար, եթե չլիներ դրա իսկական ժողովրդական բալլադային հիմքը։ Հիմնականում խոսվում է հայրենիքի համար զոհված յոթ ռազմիկների մասին։ Տարեկան յոթ անգամ յոթ լույս է վառվում նրանց յոթ գերեզմաններին... Յոթ նամակ է գալիս դարբնին ու դարբնի մեջքը յոթ անգամ ծռվում է... Յոթ անգամ նա մուրճը խփում է հին սալին։ Յոթ անգամ։ Հետո դարբինը յոթ թոռ է ունենում։ Թիվը բանաստեղծության մեջ շարժվում է ոչ որպես մարզադաշտի «թվատախտակ», ոչ էլ որպես լուսային ռեկլամ տան վրա, այլ որպես պատմողի կենդանի ձայն։ Նա չի կարող զրույցը վարել առանց մի ձեռքի հինգ, ապա մյուս ձեռքի երկու մատները ծալելու։ Նա հետեւում է սովորությանը, եւ այդ սովորությունը մեզ համար նորություն է։

Ձեր ստեղծագործություններում կան ուրիշ թվեր եւս, բայց թողնեմ դրանք եւ զբաղվեմ Ձեր կերպարներով, քնարերգությամբ։

Համո Սահյան, հասկացեք իմ ուրախությունը եւ սրտնեղությունը։ Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք պետք է ես գրեի։ Դուք գրել եք դրանք իմ փոխարեն։ «Չծանրանալ»... Չծանրանալ թռիչքի ժամանակ։ Ուժեղ է ասված։ Կյանքի թռիչքը դժվարին է։ Տարիների ընթացքում մարդը բեռնավորվում է գործերով, պարտականություններով, կշռումներով, հիշողություններով, հիվանդություններով, վշտերով։ Կարեւորն այն է, որ չծանրանաս թռիչքի ժամանակ։ Ինչպե՞ս է դա ձեռք բերվում։ Ձեր պատասխանը միանշանակ չէ։ Այդ մասին է Ձեր քնարերգությունը։ Իրավացի է Ալլա Մարչենկոն՝ գրքի նախաբանի հեղինակը, երբ գրում է, որ Ձեր պոեզիան, «իր ողջ պարզությամբ հանդերձ, բարդ է»։ Այդպիսին է նաեւ կյանքը` իր ողջ պարզությամբ հանդերձ բարդ է, իր ողջ բարդությամբ հանդերձ՝ պարզ...

Ինչպիսի գծեր են երեւում Ձեր պարզ-բարդության մեջ։

Դուք վերցնում եք առօրեական փաստը, արտաքինից ոչնչով աչքի չնկնող փաստ, որի կողքով անտարբեր կանցնեն շատերը։ Դրա հետ «ինչ-որ» բան եք անում, որից հետո փաստը ներկայանում է կերպարանափոխված։ Ոչ զգեստավորված, ոչ էլ փոքր իսկ գունազարդված, այլ՛ հենց կերպարանափոխված։ Ես կավելացնեմ նաեւ՝ ոգեշնչված։ Դուք այն գուրգուրանքով պահել եք Ձեր սրտի մեջ, շփել եք ձեռքերով, տաքացրել։ Դուք հենց ինքներդ էլ հուշում եք, թե իրականում ինչ է կատարվում։

Ծածանվում է ծառն ի վար

Ծիածանի մի ծվեն...

Իմ երազից է պոկվել,

Կանաչ-կարմիր երազից։

Քար։ Եզ։ Գետ։ Քարափ։ Մասրենի։ Թռչուն։ Ամպ։ Արեւմուտ։ Ճանապարհ։ Երգ։ Այգաբաց։ Ես դիտմամբ եմ առանձնացնում այս գոյականները։ Դուք վերցնում եք դրանք իբրեւ բնության պարգեւ։ Եվ սովորական առարկայի մեջ բացում եք նրա աշխարհը։ Բայց առարկայի աշխարհը չէր բացվի, եթե դրա հետ միաժամանակ չբացվեր Ձեր աշխարհը, պոեզիայի աշխարհը։

Քարափ կիրճում։ Տրվում են նրա նկարագիրը, նրա բնավորությունն ու սովորությունները։ Նկարչի համար այսքանը բավական կլիներ, բանաստեղծի համար` ոչ։ Եվ քնարերգուն նկարն ավարտում է խոստովանություն-համեմատությամբ, նրա աչքը քարափի եւ ինչ-որ հարազատ մարդու միջեւ նմանություն է տեսնում։

Սատանան տանի,

Ինչ-որ հեռավոր նմանություն կա

Խաչիպապ պապիս

Եվ այդ հյուրընկալ քարափի միջեւ։

Գուցե հանուն այս մեկի չարժեր բանաստեղծություն գրել։ Բայց այստեղ ավելի մեծ բան կա, քան համեմատությունն է։ Քարափը շնչավորված է, իսկ մարդը հավերժացվել, դարձել է նույն ինքը բնությունը, ձուլվել նրա հետ։

Վերցված է պարզ երեւույթ, բայց քնարական կերպարի խորանալու, աճելու հետ բարդանում է այդ երեւույթը եւ դուրս Է գալիս առաջադրված թեմայի սահմաններից։

Ձեր բանաստեղծություններում պարզը դառնալով բարդ եւ բարդը դառնալով պարզ, հոգի չեն հանում, հանելուկներ չեն առաջադրում։ Ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի եմ աշխարհին ու ինձ նայում այն չափով, որ չափով Դուք հնարավորություն եք տալիս ինձ հետեւելու Ձեր ապրումների եւ տրամաբանության ընթացքին։ Ինձ համար կարեւոր չէ Ձեր խորհրդածությունների հաջորդականությունը. շատ ավելի կարեւոր է լարվածությունը, Ձեր ինքնատիրապետումը։ Քնարերգուն չպետք է վախենա ինքնաոչնչացումից։ Շատ ավելի վտանգավոր է նրա համար անհոգությունը, առավել եւս` սնապարծությունը - (մեր պոեզիայում դրա օրինակները որքան ուզեք կան)։

Դուք պնդում եք, թե շատ թերություններ ու պակասություններ ունեք։ Եվ դրա հետ մեկտեղ ավելացնում եք. «... Որոնք թաքցնել չկարողացա, այդ էլ իմ վերջին պակասությունը»...

Այստեղ ես Ձեզ հետ համաձայն չեմ, Համո Աահյան։ Դա Ձեր առավելությունն է։ Եթե ես ծանոթ չլինեի Ձեր մյուս բանաստեղծություններին, ապա այդ պնդումը կընդունեի որպես բառախաղ։

Քնարերգուն կարող է եւ չլինել կատարելության մարմնացում, բայց նրան բնորոշ է կատարելության ձգտումը։ Ես պատրաստ եմ Ձեզ հետ վիճելու, Համո Սահյան, ապացուցելու, որ Ձեր ստեղծած կերպարների մեջ կան նաեւ քիչ հաջողվածներ, անցողիկներ, անկարեւորներ։ Դա պատահում է յուրաքանչյուր վարպետի հետ։ Բայց այն, ինչ գերում է ինձ Ձեր գրքում, սեփական անձի անկատարելության գիտակցումն է։ Դա արտացոլված է ոչ թե ուղղակի, ճակատային ձեւով, այլ թափանցում է տողերի արանքից, ինչպես սարերի օդը եւ հով է սփռում նրանց վրա, ինչպես սարի քամին։

Ընդհանուր առմամբ գրքի, ավելի ճիշտ, նրա հեղինակի` Ձեր մասին ասված այս խոսքերից հետո ես ինձ թույլ եմ տալիս հայտնել առանձին տողերից, էջերից, կերպարներից ստացած իմ տպավորությունները... Այդ տպավորությունները շատ են։ Եթե սկսեմ այսօր առավոտյան, վաղը երեկոյան չեն վերջանա։ Այս ուղղությամբ Դուք շատ աշխատանք եք կատարել։ Ես տեսնում եմ աշխատանքը եւ նրա արդյունքները։ Դրանք ակնհայտ են եւ խոսելու շատ բան կա։ Այդ պատճառով էլ ես իմ տպավորություններն առանձնացնում եւ խմբավորում եմ։

Ուզո՞ւմ եք, Համո Սահյան, անմիջապես հերքեմ այն տեսակետը, ըստ որի Դուք քնարերգու մանրանկարիչ եք եւ ապացուցեմ, որ Դուք էպիկ-մոնումենտալիստ եք։ Առերեւույթ Ձեր «Մասրենին» բնանկարային փիլիսոփայական բնույթի քնարական բանաստեղծություն է։

- Ինչպիսի՛ պատկեր, - ասացի ես առաջին ընթերցումից հետո։

- Ինչպիսի՛ խոր միտք է դրված այստեղ, - ասացի ես, վերընթերցելով Ձեր տողերը։

Քարափը ծածկել է երկինքը եւ ինքը դարձել երկինք։ Նրա վրա տարածվել են մասրենու արմատները։ Մասրենու համար այդ քարափը միաժամանակ ե՛ւ հող է, ե՛ւ երկինք։ Հողմերը ի վիճակի չեն նրան պոկելու այդ քարափից։ Մասրենու տեսքը մտածել է տալիս քարափների, բույսերի, մարդկանց, ժողովրդի ճակատագրի մասին։

Քանի քարեղեն զանգվածը նրա՝

Մասրենու համար երկինք է ու հող։

0՜, սա Հայաստանի ճակատագիրն է, նրա բնանկարը։ Սա պատմության թանձրույթն է եւ ոչ թե նկար։ Իհարկե, սա էպիկականորեն մոնումենտալ է, չնայած կառուցված է քնարական միջոցներով։

Ինձ հմայեց Ձեր Խաչիպապ պապը։ Ինչպիսի՜ ծերունի։ Ինչպիսի՜ հարազատությամբ է մարմնավորել ժողովրդի գծերը։ Ամեն ինչի վարպետ, նա ստեղծվել է բնության կողմից, որպեսզի կատարելով իր բոլոր բարի գործերը, նորից ձուլվի բնությանը։ Այդ մեծ շրջադարձը Դուք ցուցադրում եք համոզիչ կերպով. «Խառնվել այն հողին, որ իրեն սնել է»։ Խաչիպապի ժպիտն ու իմաստությունը հայ պատմական կյանքի ժպիտն ու իմաստությունն են։ Կարելի էր այլասացությունների մի շարք պատմել Խաչիպապի մասին։ Բայց Դուք այդ ճանապարհով չեք գնացել։ Դուք քնարերգության մեջ որմնանկար եք արել։ Այժմ ես այսպես եմ ծանոթ Խաչիպապին, որ եթե հանդիպեի նրան փողոցում (իսկ նա ժողովրդի մեջ միշտ էլ կենդանի է, քանի որ ինքը հենց ժողովուրդն է), կբարեւեի եւ կխոնարհվեի նրա առաջ։ Մինչեւ գետին կխոնարհվեի, որովհետեւ նա ինքը Հայաստանն է։

Դուք խոսքի նկարիչ եք։ Բնանկարի մեջ Դուք կարողանում եք տալ դիմանկար, դիմանկարի մեջ` բնանկար։ «Օրոր էր ասում աշունն անտառին, բայց դեռ անտառի քունը չէր տանում»։ Այստեղ բնանկարը եւ խմբակային նկարը (մայրը եւ երեխաները օրորոցում) ձուլվում են իրար։ Քարափներն իրար են նայում, ինչպես արծիվները թռիչքից առաջ։ Հետո` «երազների ծվենները» եւ «հուշերի անդունդները» ստվերագծվում են բնության ֆոնի վրա։ Իսկ լորը Ձեր բանաստեղծության մեջ կտուցին ծիածան է տանում։

Սարի ստվերը փարվում է ժայռին,

ժայռի ստվերը ծառին է փարվում։

Դա ես տեսնում եմ։ Դրանք բառեր են, որ թղթից պետք է փոխադրվեն կտավի վրա։ Այնպես, ինչպես Ձեր մյուս տողերը։

Խոսելով կտավի մասին, ես պետք է խոսեմ նաեւ գույների մասին։ Դուք կոլորիտի վարպետ եք։ Ձեր ներկապնակի շռայլությունը պետք է զգա յուրաքանչյուր անկանխակալ մարդ։ Քամին Ձեր մի բանաստեղծության մեջ նախ կանաչ է. ինչպես Լորկայի մոտ, հետո՝ կարմիր, հետո դեղին, հետո՝ սպիտակ։ Քամիների մի ամբողջ գամմա։ Եվ դա խաղ չէ։ Ձեր քամին կապույտ է (այնուամենայնիվ, կապույտը Ձեր սիրած գույնն է)։ Ամպրոպից հետո երկնքի կապույտը Ձեր բանաստեղծության մեջ ավելի կապույտ է, սպիտակ շուշանը ավելի սպիտակ, արեւը՝ ավելի բարի։ Գույնի, ապրումի, մտքի ինտենսիվությունը մանկության կապույտ աշխարհն է։ Ամպի փաթիլը ոգու լուսարձակում է։ Գույնն արտահայտում է մարդու հոգեկանը, նրա զգացումներն ու մտքերը։ Մայրամուտը կարմիր է ներկում լեռները, իսկ հետո, մահվանից առաջ, ուղղում է, դարձնում կապույտ։ Գիծը եւ գույնը կրկնում են հեղինակի ներքին ժեստը։

Հատուկ արված համեմատություն ինձ հարկավոր չէ։ Դրանք գալիս են ոչ թե սրտից, այլ չնայած մեծ, բայց խորամանկ վարպետությունից։ Հավատացեք ընթերցողիս ընկալմանը, Համո Սահյան։ «Կայծակ էր, խփեց, բեկվեց, թպրտաց»։ Առաջին տունը շատ լավ է, պատկերը կապում է մտքին։ Երկրորդ տունը բացատրում է առաջինը։ Ինչ-որ արհեստական բան կա Ձեր այդ համեմատության մեջ։ Մի՞թե դա պետք է։ Ես չեմ պնդում, հարցնում եմ։ Եկեք մտածեք։

«Վերադարձի» մեջ ինձ գրավեց մասրենու ստվերը. «Կարկատանաձեւ ստվերն է կախել կճուճի չեչոտ այտերի վրա»։ Սա հալյուցինացիայի չափ տեսանելի է։

Կարելի է հաղորդել պատկերը եւ չկարողանալ հաղորդել վիճակը։ Ուրախալի է, որ Դուք դրանում եւս չեք հիասթափեցնում։ Ընդհակառակը, շատ ճիշտ ու նուրբ եք տալիս հոգեվիճակները։ Ահա Դուք սարսափում եք օտարության մեջ ապրելու եւ մեռնելու մտքից։ Ինչպե՞ս կարելի Է ապրել այն հողում, ուր ամեն մի քարից, աղբյուրից «իմ աչքերով իմ աչքերին նայող մանկություն չկա»։ Այս երկու հիանալի հայացքները տեսնում եւ զգում ես։ Տրված է վիճակը։

Բացի այդ, վիճակը տրված է ոչ թե հեռավոր ակնարկներով, այլ` բանաստեղծական ճշգրիտ բանաձեւերով։ Ահա թե ինչպիսի տեսք Է ստացել դա Ձեզ մոտ։ Մարդը տիրապետում Է այն ամենին, ինչ որ պետք Է, եւ չի մտածում այն մասին, ինչ որ պետք չէ։ Նա կարծես թե ամեն ինչ ունի, բայց, այնուամենայնիվ, երջանիկ չէ... Թվում է, սա օրագրային գրառում է, թվարկում, անձնական բնույթի նշումներ։ Բայց բանաստեղծի գրչի տակ այն ձեռք է բերում ընդհանրացման ուժ։

Ես մեկը մյուսի հետեւից կարդում եմ Ձեր բանաստեղծությունները Ձեր մասին, բնության մասին, մարդկանց մասին, իսկ իմ առջեւ հառնում է լարված եւ հետաքրքիր կյանքով ապրող ժամանակակցի կերպարը։ Ինձ թվում է, թե ես ոչ միայն բանաստեղծություն եմ կարդում, այլ նաեւ զրուցում եմ իր սիրտն ինձ վստահած մարդու հետ։

Կարդալով Ձեզ, ես ուրախացա, որ Հայաստանում, տաղանդներով աներեւակայելիորեն հարուստ Հայաստանում, կա այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Դուք եք։

Կարդալով Ձեր գիրքը, ես շատ անգամներ թաքուն մտածել եմ. Ձեզ հաջողվել է գրել այն, ինչ ես կուզեի գրել։ Իմ մտադրությունն իրագործել եք Դուք։ Դա ծնում է ուրախության եւ, իհարկե, շնորհակալության զգացում։

«Այստեղ մարդ է այրվել». Ֆետի այս տողը, որ Բլոկն օգտագործել է որպես բնաբան, նորից ու նորից վերհիշեցի, երբ փակեցի Ձեր գիրքը եւ Մոսկվայի իմ բնակարանից իջա փողոց՝ Որոտանի վրայի ամպի եւ հեռու, հեռու, հեռու նաիրյան դալար բարդու զգացողությամբ։ Սրանք իմ խոսքերը չեն, սրանք կարդացել եմ Ձեր գրքում, Համո Սահյան։

Այստեղ չեն լինի եզրակացություններ, շնորհավորանքներ, մաղթանքներ, գովասանքներ, պարսավանքներ եւ այլն։

Ես լսեցի Ձեզ, Համո Սահյան։ Ես Ձեզ լսեցի...

Ձեզ համար բարի մարդիկ,

Մատաղի գառ եմ դառնալու,

Ձեր ճամփին շվաք արած

Սոսի սուրբ ծառ եմ դառնալու,

- Քարի պես ընկեք ճամփիս.

Թե մի օր չար եմ դառնալու,

Թող չարի ճամփին ընկնեմ,

Թե մի օր քար եմ դառնալու:

 

ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են

26.11.2024 21:50

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

26.11.2024 21:42

Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

26.11.2024 21:28

Մահազդ

26.11.2024 20:30

Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան

26.11.2024 19:16

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով

26.11.2024 19:11

Նիկոլ Փաշինյանը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

26.11.2024 17:52

Չինաստանը, Կանադան և Մեքսիկան արձագանքել են մաքսատուրքերի սահմանման մասին Թրամփի նախազգուշացումներին

26.11.2024 17:48

ՀՀ-ում COP-17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե է ստեղծվել

26.11.2024 17:38

Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին

26.11.2024 17:34

Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

26.11.2024 16:16

Զանգեզուրի «Յան» մարտարվեստի ասոցիացիայի վստահ ընթացքը

26.11.2024 15:20