Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Լեզվի մասին» օրենքում՝ լեզվական պետական քաղաքականության իրականացման իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները կատարելագործելու նպատակով։
Նախագծով նախատեսվում է վերանայել լեզվական պետական քաղաքականության հասկացությունը, սահմանել հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչների հասկացությունը, ինչպես նաև ընդլայնել Լեզվի կոմիտեի լիազորությունները։
Iravaban.net–ը ուսումնասիրել է օրենքի նախագծի հիմնավորումը և ներկայացնում է, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում։
Ի՞նչն է նախագծի ընդունման անհրաժեշտությունը
«Լեզվի մասին» օրենքն ընդունվել է 1993 թվականին։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական փոփոխությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենքով սահմանված կարգավորումները։
Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի՝ 2026 թվականի հունիսի 30-ի N 07-Լ հրամանով հաստատվել են Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները։ Դրանցով ընդլայնվել է լեզվական պետական քաղաքականության շրջանակը՝ ներառելով նաև Հայաստանի լեզվական բազմազանության պահպանումն ու զարգացումը և սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի արմատավորումը։
Սակայն գործող օրենքում, ըստ նախագծի հեղինակների, բացակայում են այդ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները։
Կվերանայվի լեզվական պետական քաղաքականության հասկացությունը
Նախագծով առաջարկվում է վերանայել «Լեզվի մասին» օրենքում ամրագրված լեզվական պետական քաղաքականության հասկացությունը՝ ընդլայնելով դրա բովանդակային շրջանակը։
Բացի այդ, օրենքում նախատեսվում է ամրագրել նոր հասկացություն՝ «հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ»։
Այս փոփոխության նպատակն է ստեղծել հայերենի իմացության մակարդակը ստուգելու և գնահատելու միասնական չափորոշիչների ներդրման իրավական հիմք։
Կներդրվի հայերենի իմացության ստուգման և գնահատման համակարգը
Նախագծով առաջարկվում է օրենքի 2-րդ հոդվածում լրացումներ կատարել՝ սահմանելով ընթացքի մեջ գտնվող «Հայերենի ստուգման ու գնահատման համակարգ» ծրագրի ներդրման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։
Այս ուղղությունը կապված է նաև Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների հետ։
Մասնավորապես, նախատեսված է՝
օտարախոսների համար ստեղծել հայերենի իմացության գնահատման համակարգ,
մշակել արևելահայերենի իմացության մակարդակների չափորոշիչներ,
մշակել այդ չափորոշիչների ներդրման և միջազգային մակարդակում ճանաչման մեխանիզմներ,
արևելահայերենի չափորոշիչները փոխադրել արևմտահայերենի և ապահովել դրանց ներպետական ու միջազգային ճանաչումը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ հայերենի իմացության գնահատման գործիքակազմը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։
Կընդլայնվեն Լեզվի կոմիտեի լիազորությունները
Նախագծով նախատեսվում է վերանայել Լեզվի կոմիտեի լիազորությունների մի մասը՝ լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակի իրականացումն ապահովելու համար։
Մասնավորապես, Լեզվի կոմիտեին առաջարկվում է վերապահել հետևյալ լիազորությունները՝
լեզվական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում,
հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչների մշակում,
լեզվական ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններում և դրանց մարմիններում Հայաստանի ներկայացուցիչների գործունեության համակարգում։
Այսպիսով, կոմիտեի գործառույթները կընդլայնվեն՝ ներառելով ոչ միայն լեզվական քաղաքականության իրականացմանն աջակցելը, այլև ոլորտային ծրագրերի և գնահատման չափորոշիչների մշակումը։
Հեռուստառադիոհաղորդումների լեզվի նկատմամբ վերահսկողության լիազորությունը կհանվի
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Լեզվի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետը։
Հիմնավորման համաձայն՝ հեռուստառադիոհաղորդումների լեզվին ներկայացվող պահանջների ապահովումը պահանջում է տարբեր պետական մարմինների համագործակցություն և նրանց իրավասությունների շրջանակում իրականացվող գործողությունների համադրում։
Նախագծի հեղինակները նշում են, որ ոլորտային պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն ու մշտադիտարկումը պետք է իրականացնի համապատասխան ոլորտը կարգավորող պետական մարմինը։
Միևնույն ժամանակ Լեզվի կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կարող է աջակցել պետական մարմինների համագործակցությանը։
Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ պարբերությունը՝ հոդվածում առկա կրկնությունները բացառելու նպատակով։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել լեզվական պետական քաղաքականության նոր շրջանակի իրականացման համար անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ գործիքակազմը։
Փոփոխությունները հեղինակները կապում են նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ով սահմանված ազգային արժեքների և նպատակների հետ։ Այդ փաստաթղթում հայոց լեզուն և գրերը դիտարկվում են որպես ազգային արժեքներ, իսկ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացումը՝ որպես ազգային նպատակներից մեկը։
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։ Հիմնավորման համաձայն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում նույնպես չի նախատեսվում։