ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

24.03.2023 10:50
919

Օրերս լույս է տեսել սյունեցի տաղանդավոր բանաստեղծ Ալբերտ Իսաջանյանի «Ծաղկած նշենի» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն (Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2023, 168 էջ), որն ընդգրկում է Իսաջանյանի «Ծաղկե կամուրջ» (1965թ.), «Ծաղիկ իմ հեռավոր»(1977թ.) ժողովածուները, ինչպես նաև կյանքի վերջին տարիներին հեղինակած անտիպ բանաստեղծությունները:

Ժողովածուի կազմողը, խմբագիրը և առաջաբանի հեղինակը գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանն է:

Գրքի հրատարակման մասին իր ֆեյսբուքյան էջում Թեհմինա Մարությանը գրել է. «Մոտ երկու տարի առաջ եմ ձեռնարկել գորիսեցի մեծատաղանդ բանաստեղծ Ալբերտ Իսաջանյանի պոեզիան, այդ թվում` անտիպները մեկ գրքով հրատարակության պատրաստելու գործը, որը հնարավորվեց ոչ միայն համապատասխան տեքստաբանական աշխատանքի և մասնագիտական մոտեցման արդյունքում, այլև բանաստեղծի եղբոր` Զավեն Գրիգորյանի` գրքի տպագրության հովանավորությունը հանձն առնելու պատրաստակամությամբ:

Անհնար է գոնե մեկ անգամ, թեկուզ հպանցիկ ընթերցել Ալբերտի բանաստեղծությունները, առնչվել կյանքի սրտառուչ էջերին և անտարբեր անցնել: Իսաջանյանն իր բանաստեղծություններում առկա զարմանալի գրգիռներով ստիպում է ներքին զրույց սկսել իր հետ, հուզվել ու խորհել, այլ խոսքով՝ երբեք չմոռանալ իրեն, չհեռանալ իրենից... Դժվարին մարդկային ճակատագիր բաժին հասավ Իսաջանյանին, բայց նա կարողացավ ոգու տոկունությամբ, հայացքի անթեքությամբ անցնել հավատի ի՛ր ճանապարհը և որոնածը գտնել յուրովի: Իսկ կյանքի գուներանգները, որոնք բացահայտեց որպես բանաստեղծ, միանգամից ձևավորում են հեղինակ-ընթերցող այնքան ըղձալի կապն ու տանում նրա հոգու ծաղկանկար աշխարհը... Իսաջանյանի պոեզիայում հստակ արտահայտված գեղագիտական ընդգծումներով անձնավորվում են նշենին, բալենին, դեղձենին, հոնին և այլն։ «Հողմի դեմ քնքշությամբ հառնած նշենին» հենց ինքն է, ուստի նախորդ երկու ժողովածուների հղացման ընդհանրությամբ գիրքը վերնագրել եմ «Ծաղկած նշենի»` լիահույս, որ այն, որպես խորհրդապատկեր, միայն ու միայն կամրապնդի բանաստեղծի սրտից ընթերցողի սիրտը ձգված «ծաղկե կամուրջը»...

Շնորհակալություն եմ հայտնում բանաստեղծի հարազատներին, մասնավորապես եղբորը` Զավեն Գրիգորյանին` ձեռագրերը տրամադրելու և գրքի տպագրության հովանավորությունը սիրահոժար հանձն առնելու համար։

Ցավոք, դեռևս անտիպ են Իսաջանյանի արձակ ստեղծագործությունները՝ «Արա Գեղեցիկ և Մարիամ», «Սուրճի իմ ծառ» վիպակները, «Հասմիկի ճյուղը» և «Կանձրևե տղաս» ծավալուն վեպերը:

Կարծում եմ` իմ սիրելի պոետներից մեկը այս գրքի միջոցով կսիրվի դեռ շա՜տ ընթերցողների կողմից, իսկ սերնդակից ընկերների համար Ալբերտի կարոտը կբորբոքվի նոր ուժով և թանկ հիշատակների վերակոչմամբ»: 

 

Շնորհավորում ենք վաղուց սպասված գրքի ծնունդը, որ Ալբերտ Իսաջանյան բանաստեղծին արժանին մատուցելու և նրա գրական աշխարհը նորովի արժևորելու հրաշալի հնարավորություն է:

Ներկայացնում ենք գրքի առաջաբանը։

ԾԱՆՈԹ ԵՎ ԱՆԾԱՆՈԹ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԸ

Սյունյաց հնավանդ լեռնաշխարհը հայ գրականությանը ավանդել է երևելի անուններ: Սկսած պայծառանուն Ակսել Բակունցից, որ բարձրագույն արժեք է հայ մշակույթի պատմության մեջ, ծնունդով սյունեցի մյուս գրողները՝ Սերո Խանզադյանը, Սուրեն Այվազյանը, Համո Սահյանը, Գարեգին Սևունցը, Ալբերտ Իսաջանյանը, Սպարտակ Բակունցը, Էդուարդ Զոհրաբյանը, Քաջիկ Դորունցը, մերօրյա ստեղծագործողներից Գագիկ Դավթյանը, Արկադի Ծատուրյանը, Տիգրան Գրիգորյանը, Լևոն Սահակյանը և ուրիշներ, յուրովսանն հարստացրել և հընթացս հարստացնում են գրական կյանքը: Խոսքը ստեղծագործական մի ուրույն տարածքի՝ Սյունիքի գրական ընտանիքի մասին է, որի շատ ներկայացուցիչներ դեռևս ըստ ամենայնի ուսումնասիրված ու գնահատված չեն:

Սյունյաց գրական ընտանիքը մեզ համար ապրում ու շնչում է նաև Ալբերտ Իսաջանյանի՝ 1960-1980-ականներին ստեղծագործած բացառիկ օժտվածությամբ գրողի ստեղծագործություններով: Ինքնուրույն ձեռագրով բանաստեղծ ու արձակագիր, որ հայ գրականության, մասնավորապես քնարերգության մեջ պետք է գրավի իրեն վերապահված տեղը: Այս իմաստով Իսաջանյանի ստեղծագործության վերագնահատումն անխուսափելի է ու հրատապ: 

Անհնար է գոնե մեկ անգամ, թեկուզ հպանիցիկ ընթերցել Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները, առնչվել կյանքի սրտառուչ էջերին և անտարբեր անցնել: Իսաջանյանն իր բանաստեղծություններում առկա զարմանալի գրգիռներով ստիպում է ներքին զրույց սկսել իր հետ, հուզվել ու խորհել, այլ խոսքով՝ երբեք չմոռանալ իրեն, չհեռանալ իրենից: Առանձնահատկություն, որ խոսում է բանաստեղծ-գեղագետի ինքնատիպ ու առլեցուն ներաշխարհի, նրա գրչով պոեզիա բերվող բառապատկերային   յուրահատկությունների մասին:

Մահից գրեթե չորս տասնամյակ անց Իսաջանյանի կենդանի կերպարը վառ է մնացել սերնդակիցների հիշողության մտապաստառին, իսկ մերօրյա գրասեր հանրության համար նրա «կյանքի ու գործի հեքիաթը» (Հակոբ Օշական) ոչ միայն չի մարում, այլև շարունակում է բորբոքվել նոր ուժով: 

Դժվարին մարդկային ճակատագիր բաժին հասավ Իսաջանյանին, բայց նա կարողացավ ոգու տոկունությամբ, հայացքի անթեքությամբ անցնել հավատի ի՛ր ճանապարհը և որոնածը գտնել յուրովի: Իսկ կյանքի գուներանգները, որոնք բացահայտեց որպես բանաստեղծ, միանգամից ձևավորում են հեղինակ-ընթերցող այնքան ըղձալի կապն ու տանում նրա հոգու ծաղկանկար աշխարհը...

Ինչպես օրագրային նոթերում, հարյուրավոր նամակներում, այնպես էլ ստեղծագործություններում Իսաջանյանը «ժլատ» է իր տառապալից կենսագրության էջերը մատուցելիս: Ներհուն ընթերցողը կսկիծով է առնչվում դրանք անընդհատ չքրքրելու՝ գրողի ցավագին մտատանջությանը:

Ծնվել է 1937 թվականին Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում: Աշխույժ և ուշիմ պատանին, ավարտելով գյուղի յոթնամյա դպրոցը, փոխադրվում է Գորիսի միջնակարգ դպրոց և, պատանեկան երազներով տոգորված, պատրաստվում ոտք դնել նոր կյանքի շեմին: 1953-ի ամռանը, սակայն, ճակատագրական անկյունադարձը, պատահականության դժնի ձեռքը մխրճվում են նրա կյանքում: Ուժգին քամու հետևանքով խճճվել ու կտրվել էին հարևան տան էլեկտրական լարերը: 16-ամյա Ալբերտը բարձրանում է պատշգամբի սյան վրա, միացնում լույսը և լարերն իրարից անջատելու պահին սայթաքում ու ընկնում: Ի՜նչ իմանար ազնվասիրտ պատանին, որ օգտակար լինելու մղումը անձնական դժբախտության է վերածվելու՝ տանելով դեպի անելանելիություն, մահվան ու գոյության սահման: Հանկարծակի ու անսպասելի նա ցմահ գամվում է անկողնուն, զրկվում շարժվելու, դպրոց հաճախելու, լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Սկզբում չէր կորցնում հույսը՝ ինքն էլ չընդունելով ճակատագրի չար խաղը: Մայրը կուլ էր տալիս արցունքներն ու անվերջ հուսադրում: Մարդ արարածին երբեք չլքող հույսն էր ներարկում որդու մեջ, հույս, որ աննկատ կամուրջ էր կապում կյանքի շարունակականության հետ, ծաղկասերմեր ցանում մատղաշ հոգում, որոնք հետո պիտի բացվեին ու ծաղկաշղթայի պես կամրջեին նրան կյանքի սիրո հետ, ուժ տային ապրելու, արարելու: «Շատերը / եկան, /Գնացի՜ն/ Անցա՜ն,/ Սիրելի՛ մայրիկ,/ այդ դու ես նորից/ Իմ անքուն,/ անտուն/ սրտից/ անբաժան,/ Իմ խինդին / ընկեր,/ վշտին՝/ կարեկից»1։

Ծանր ու տխուր մտածմունքների մեջ հայտնված հարազատները, հաշվի առնելով Ալբերտի ընդունակությունները մաթեմատիկայից, խորհուրդ են տալիս հաշվապահություն սովորել: «Բայց ես մտածեցի,- խոստովանել է մանկավարժ ու գրասեր մայրը,-որ նրա փրկությունը գրականության մեջ է, և որ պետք է նրան կապել գրքին»: Ի՜նչ ուժ ու կամք պիտի ունենար հասունության շեմին գտնվող պատանին, որ դիմանար ու մաքառեր, յուրատեսակ վերածնունդ ապրեր գրական աշխատանքի մեջ:

Տառապանքին դիմանալու համար Ալբերտը գիրք ու գրիչ է վերցնում, երգ է ծնվում նրա հոգում, բայց դեռ հեռու էր ինքն իրեն գրականության մեջ տեսնելու մտքից:

… Մոլորվել եմ,

Ու ցավում է սիրտս նորեն,

Կրծքիս խորքում ե՛րգ է ծնվում

                                   հավանորեն:

Սիլվա Կապուտիկյանի միջնորդությամբ Իսաջանյանը դրսեկության ձևով (էքստեռն) հանձնում է ավարտական քննությունները և ստանում միջակարգ կրթության վկայական: Այնուհետև Իսաջանյանների ընտանիքը տեղափոխվում է Գորիս:

Յուրատեսակ սերը դեպի գրականությունը Ալբերտին մշտապես կապում է գրչին ու գրական կյանքին: Անընդհատ կարդում էր, ինքնաշխատությամբ ընդարձակում մտահորիզոնը, մաքառում դժնի հիվանդության ու հուսահատության դեմ, փորձում ուժ գտնել՝ սիրելու կյանքը, օգտակար լինելու նույնիսկ այդ վիճակում, ինչ-որ բան տալու աշխարհին, զարդարելու այն. «…Բայց սիրտ իմ, /փորձիր այս / դեղձենու պես/Թեկուզ քիչ բանով մի բան/զարդարել»2,- դիմում էր սրտին: Այդ ներքին պայքարը, կյանքին օգտակար լինելու ձգտումը արտահայտվել են բազմաթիվ բանատողերում. «Ծանր չէ, կանցնեն օրերս /ջահել,/ Բայց անցնեն այնպես,/ որ չասեմ/ կորան…»3:

Գրական մուտքը չի ուշանում: 1960 թվականին «Ավանգարդ» օրաթերթում հրապարակվում են 23-ամյա Իսաջանյանի բանաստեղծությունները՝ «Հանդիպում երիտասարդ ստեղծագրծողի հետ» խորագրով: Այնուհետև թերթի հայտարարած գրական մրցույթին Իսաջանյանի «Դեղձենին» բանաստեղծությունը շահում է գլխավոր մրցանակը: Նրա անունը սիրելի ու սպասված է դառնում գրասեր հանրության շրջանում:

1965 թվականին Իսաջանյանը ընթերցողին ներկայանում է անդրանիկ ժողովածուով՝ «Ծաղկե կամուրջ» խորհրդանշական խորագրով: Հատկանշական է, որ երիտասարդ բանաստեղծի ձիրքը նկատել, գրական նախաքայլերը ողջունել է անվանի արձակագիր Սերո Խանզադյանը՝ սրտառուչ առաջաբան հեղինակելով «Ծաղկե կամուրջ» ժողովածուի համար՝ «Պատանի պոետը» խորագրով: «Ալբերտ Իսաջանյանին ես հանդիպեցի մի երկու տարի առաջ, աշնանը, - գրում է Խանզադյանը,- Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում՝ իրենց տան պատշգամբում պառկած: Նա չկարողացավ բարձրանալ տեղից: Նա գամված էր անկողնուն: Կույր դիպվածը վրա է հասել, երբ նա տասնվեց տարեկան աշխույժ և ուշիմ պատանի է եղել: Հարևանի կտրված լույսը կապելու ժամանակ ընկել է էլեկտրական սյունից և…գամվել անկողնուն: Ալբերտը շատ ընթերցող, շատ լիրիկական սրտի տեր տղա է: Անկողնում անշարժ պառկած` նա մեծ տոկունությամբ մաքառում է դժբախտության դեմ, վանում աղետի պատճառած հուսալքությունը: Նա բուռն է սիրում կյանքը, հայրենի բնությունը, երկնքի կապույտը, որը թեև պատուհանի անցքից է տեսնում միայն, բայց կարծես ապրում է նրա հետ, նրա շնչով: Նա բանաստեղծի հոգով է զգում ծաղիկների բույրը, յուրովի տեսնում հայրենի լեռնաշխարհի գույները, նրա սքանչելի պատկերը՝ ծաղկած բալենիներ, սպիտակ ժրվեժներ, գարնան զարթոնքը, աշնան բոցկլտացումը և դրանց մեջ բողբոջած իր առաջին սերը՝ իր հեռու սերը՝ ջինջ աղբյուրի ակունքի պես և երազուն՝ ինչպես երկնքի հեռավոր լազուրը: Ոչ մի պահ Ալբերտը չի կորցնում իրեն, չի նվնվում: Նրա լիրիկան նուրբ է, ցողաթաթախ, պատանեկան ջերմությամբ: Դրանք միշտ լավատես, միշտ ապրող, բաբախող սրտի թրթիռներ են, դրանք արևին ու կյանքին կառչած, դժբախտությունն արիաբար հաղթահարող մարդու երգեր են: Այդ երգերի մեջ ջերմություն ու վարակիչ քնքշանք կա: Իսաջանյանի բանաստեղծությունները հաստատում են կյանքը, վանում հուսալքությունը, աղետը: Նա հավատում է կյանքին, ցնծությամբ ընկալում նրա գեղեցկությունները: Եվ դա նրա՝ այդ պատանի պոետի, ասել է նաև նրա սերնդի հոգեկան արիության մեծ վկայականն է: 

Ես սիրով կազմեցի, խմբագրեցի Իսաջանյանի բանաստեղծական այս համեստ ծաղկեփունջը, ողջունելով նրա աշխարհ գալը: Հավատացած եմ, որ այդ ծաղկեփունջը հաճույք ու բավականություն կպատճառի շատ ընթերցողների»4:

 Գիրքը սպառվում է անմիջապես: Այն վճռորոշ դեր է խաղում Ալբերտի կյանքում: Նամակ նամակի հետևից, գնահատություն գնահատության հետևից: Ամենատարբեր վայրերից, ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի տեր մարդիկ գրում էին Ալբերտին նույն ոգով, նույն հիացմունքով. «Սիրելի՛ Ալբերտ, սիրեցի երգերդ, սիրեցի քեզ, ապրե՛ս, շա՛տ ապրես»: Բանաստեղծի սրտից ընթերցողի սիրտը տանող «ծաղկե կամուրջը» վավերացվում է հենց առաջին գրքով, նրա պարգևած սիրո, հույսի ջերմ ալիքով.

… Այս լավ օրերի ծփուն հորձանքում,

Երգ իմ, կարոտ իմ, ճամփադ չշեղես,

Այնպես շշնջա՝ չկորչես կյանքում,

Ու սրտիս մի նոր կսկիծ չբերես:

Սիրտս չկտրես արար աշխարհից,

Երգ իմ, կամուրջ իմ, խախուտ չլինես…5

Իսաջանյանին շատ էր մտահոգում վախը, որ կարող է զուր անցնել կյանքը՝ մնալով «սևագիր»: Ուզում էր անպայման օգտակար լինել մարդկանց, քանի դեռ սրտի կրակը չէր հանգել. «Այրեմ հույզերս,/ քանի դեռ տաք են,/ Կարոտս այրեմ՝ մարդիկ տաքանան… 6

Երգը, որ աշխարհի ու մարդու միջև կամուրջն էր, որքան անձնական, այնքան էլ անանձնական էր.

Երբ կաքավում են, սահում են կողքիս

Երազ աչքերով ջահել զույգերը,

Ազնիվ խոսք, այնքա՜ն հուզվում է հոգիս,

Ուրիշի բախտով տաքանում եմ ես…

Եվ դրա համար սիրտ իմ, ընկեր իմ,

Շնորհակալ եմ քեզանից այնպես…7

Տաքանալ ուրիշի բախտով – ահա մարդկային բարձրագույն զգացողությունը, որ, ակունքվելով Թումանյանի կենսափիլիսոփայությունից, հավատամք է դառնում Ալբերտ Իսաջանյանի պոեզիայում: Կրած տառապանքները չեն կարողացել գորշ կնիք թողնել բանաստեղծի հոգեաշխարհում, ցավի պրկումից նրա հայացքը չի պղտորվել, չի կարծրացել նուրբ ու զգայուն սիրտը: Իսաջանյանի բանատողերում առողջ ու կենսասեր ոգի կա, նա ցավից չի գրում, այլ չասվածն ասելու, դրանով իսկ կյանքը գեղեցկացնելու, հարստացնելու ցանկությունից, գրում է, որովհետև չի կարող չբացել հոգու ծաղկաթերթերը, չհաղորդվել կյանքի սիրո հետ, չապրել սիրո կյանքով.

Կարծում ես՝ ցավի՞ց եմ երգում,

Ցավից է մրմունջս գալիս,

Կսկի՞ծ է, կարծում ես, ներսում,

Կրծքիս տակ աշունն է լալիս…

Չասվածը ասե՜լ եմ ուզում,

Չբացված թերթերս բացել,

Թե թաց են հույզերս հասուն,

Այդ գարնան շաղերն են թացել:

Կարծում ես՝ ցավի՞ց եմ լացել… 8

Իսաջանյանը հաճախ է դիմում բնապատկերներին, որոնք երբեք ինքնանպատակ չեն: Դրանք բազմերանգորեն վերստեղծելով բնության գեղեցկությունները՝ միաժամանակ բանալի են՝ թափանցելու բանաստեղծի հոգու ծալքերը, բացահատելու անթեղած խորհուրդները: Առանձին հմայք ունեն Իսաջանյանի՝ հայրենի գյուղին, մանկության հուշապրումներին նվիրված բանաստեղծությունները, որոնք հյուսված են լուսաթրթիռ կարոտից, կյանքի սիրուց ու հանկարծահաս ցավից: Հայրենի գյուղը համեմատվում է թախիծը վանող, սնուցանող մայրական գրկի հետ և ոչ միայն.

Կյանքիս բարի՜քն է հայրենի գյուղս,

Իմ հույս-գալիքն է հայրենի գյուղս,

Մատաղ իմ սիրո ու երազների

Հորդուն ալի՜քն է հայրենի գյուղս9:

«Ձմեռ է գալիս…» բանաստեղծության մեջ բանաստեղծն իր սրտի կրակով  հալեցնել է ուզում ձյուները, որ իր «վարդ կարոտները» չցրտահարվեն. նրանք դեռ անելիք ունեն, պիտի տաքացնեն մարդկանց սրտերը: Վերհուշերում հաճախ արթնանում են մանկության հետ կապված դառնաթախիծ դրվագներ, որոնք բանաստեղծը վերարտադրում է հենց մանկության «աչքերով», մանկան անբիծ ու անգիտակ «ժպիտով».

Տխուր տարի է ծնվել ժպիտս,
Ձմռան ամպի պես անբիծ է եղել
Ու ոչի՜նչ, ոչի՜նչ չէի հասկացել,-
Դրանից է, որ մայրս լացել է,
Իսկ ես՝ ժպտացել...

Հետո, երբ մի քիչ թմբլիկացել եմ,
Հասկացել եմ, որ չկա հայրիկը.
«Վատ մարդ է եկել, միայն լսել եմ,-
Գնացել է որ... որ վախեցնի». - 
Ու վախեցել եմ՝ ժպիտը շուրթիս...

Հետո հասկացա, որ էլ չի գալու.
«Ախ, ետ գար էլի՜,
Ոչինչ չբերեր, ետ գար հայրիկը»:
Ու մթնդել է ժպիտը շուրթիս.
Հասկացող ժպիտ:

Հասկացո՜ղ ժպիտ:
Բայց չհասկացար, որ կյանքում նաև 
Մայրիկներին էր «հայրիկ» հարկավոր.
Մի պաղ երեկո շուրթս համբուրեց,
Գնաց մայրիկս «ուրիշ հայրիկի» -
Ես ծվարեցի իմ տատի կրծքին,
Իսկ իմ ժպիտը գունատվեց շուրթիս...
10

Այս պարզ ու անկեղծ տողերում մարդկային խոր ջերմություն կա, որ չի կարող չփոխանցվել ընթերցողին: Իսաջանյանի պոեզիայում հստակ արտահայտված գեղագիտական ընդգծումներով անձնավորվում են նշենին, բալենին, խնձորենին, հոնին, աղբյուրը, իրիկունը, աշխարհում դեռ «բույն չհինած հավքը»…

«Հողմի դեմ քնքշությամբ հառնած» նշենին  հենց ինքն է.

Նշենի՜, դարերով զատվա՜ծ անտառից,

Անտառը ցածում էր, դու՝ ժայռի վրա,

Բայց էլի ապրել ես և խռով բախտից,

Թվում է՝ ժպտացել, հեգնե՜լ ես նրան11:

Իսաջանյանի պոեզիան նախ և առաջ ինքնապատում է՝ կյանքի սահանքներով, ճակատագրականության բեռով, մանկության ու պատանեկության հուշապատկերներով, մենության ու անձկության, նաև՝ սիրո անփոխադարձության տագնապով: Բնության մեջ է նա որոնում իր ապրումների ու զգացումների համարժեքը, սպեղանին, ինքնարտահայտվում, ստեղծում իր գեղարվեստական ուրույն համակարգը:

Իսաջանյանի պոեզիայի մի առանձին բույլը մեծերին՝ Կոմիտասին, Վահան Տերյանին, Ակսել Բակունցին, Համո Սահյանին, Եղիշե Չարենցին (անտիպ), Պարույր Սևակին ընծայագրված բանաստեղծություններն են, որոնք և՛ բնութագրական, և՛ գնահատողական բնույթ ունեն: Իսաջանյանի կյանքում հատկապես մեծ դեր է խաղացել Պարույր Սևակը, որ շատ բարձր է գնահատել նրա պոեզիան և օգնել նորահայտ բանաստեղծին ինքնահաստատվել: Ուշագրավ են նրանց ծանոթության մանրամասները: 1964 թվականին, երբ Սևակը Բաղիշ Հովսեփյանի և Արտաշես Քալանթարյանի հետ գտնվում էր Գորիսում, մի երեկույթի ժամանակ պատահաբար լսում է Իսաջանյանի մասին և ցանկություն հայտնում ծանոթանալու տաղանդավոր բանաստեղծի հետ: Այդպես հյուսվում է նրանց մարդկային ու գրական սերտ բարեկամությունը, ինչը հետագայում ամրապնդվում է նոր հանդիպումներով Երևանում, ուղեկցվում փոխադարձ վստահության ազնիվ զգացումով, հաստատվում ջերմ նամակագրությամբ: Օժտված բանաստեղծի, արձակագրի ստեղծագործական ճակատագրով մտահոգ՝ Պարույր Սևակը ամեն կերպ օգնել է նրան ինքնահաստատվել գրական կյանքում, ներկայանալ գրական հանրությանը: Պահպանվել է Սևակի՝ Իսաջանյանին հասցեագրած նամակներից մեկը (ցավոք, ոչ բոլորը), որը գրված է հապճեպ՝ «Հայաստանի սովետական գրողների միության վարչության քարտուղար» պաշտոնաթղթի վրա՝ թվագրված 15.11.1968թ.: «Ալբերտ ջան: Իսկույն ևեթ խոսեցի գործերիդ մասին: Տպագրում են վիպակդ, որ շատ են հավանել և ասում են, որ այդ մասին արդեն գրել են քեզ: Ուրեմն կարող ես չանհանգստանալ: Բանաստեղծություններդ, չգիտեմ ինչու, ավելի պակաս են հավանել, բայց դե կարևորություն մի տուր դրան: Ժողովածուդ թարմացնելով փոքր-ինչ̀ կտպես հաջորդ անգամ: Անտանելի զբաղված եմ, ուստի և կարճ եմ կապում: Հետևիր առողջությանդ և պայծառ մնա, սիրելիս: Համբուրում եմ քեզ: Քո̀ Պարույր: 15.XI.68 Երևան: Հ.Գ. Խմբագիրդ է Վոլոդյա Դանիելյանը: Խելոք տղա է, եթե դժվարությունների հանդիպես, ձայն տուր, սիրով կօգնեմ: Պ.»: Նամակում Սևակը ակնարկում է Իսաջանյանի «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել» վիպակի մասին, որը լույս է տեսել 1971 թվականին: Պարզ է, որ Սևակը հետաքրքրվել է վիպակի տպագրության հանգամանքներով ու տեղյակ պահել Իսաջանյանին: 1965-ին արդեն լույս էր տեսել Իսաջանյանի «Ծաղկե կամուրջ» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, և ենթադրելի է, որ Սևակը նամակում ակնարկում է 1977 թվականին լույս տեսած «Ծաղիկ իմ հեռավոր» բանաստեղծական ժողովածուի մասին:

Իսաջանյանը Սևակին նվիրել է երկու բանաստեղծություն, որից մեկը անտիպ է: Ծանոթության օրն ուրախությամբ իրազեկվելով, որ Ալբերտը մեքենայով երբեմն շրջագայում է, Սևակը խնդրում է այցելել Չանախչի՝ իր հայրենական տուն: Ալբերտը Սևակի ծննդավայր է այցելում յոթ տարի անց, ցավոք, ոչ թե հյուրընկալվելու բանաստեղծին, այլ մասնակցելու հուղարկավորությանը: Կորստի ցավից էլ ծնվում է Իսաջանյանի հուզառատ բանաստեղծություններից մեկը՝ նվիրված հոգեկից ընկերոջը.

Ասացիր՝ ե՞րբ ես գալու իմ տունը,

Ասացիր՝ կգաս պատեհ-անպատեհ,

Քնած կլինեմ, թե հարբած՝ կգաս,

Ցավիդ դեմ ի՞նչ են փառքս, անունս:

 

Ասում եմ՝ եկա, ետ տար դռներդ,

Ճաք տված հողիդ վրայով արի

Եվ պարզիր, զուլա՛լ,

Եվ պարզիր, անդիրտ

Ճաք տված ճամփիս արդար կոներդ:

 

Եկ, անծանոթ եմ... ու սիրտս էրած

Չի հաշտվում ախր քո լռության հետ,

Այս բազմության մեջ

Դու իմ միակը,

Մեն-մտերիմը ու դու էլ՝ մեռա՜ծ...

 

Ու որբությունս ծորում է հողիդ,-

Ես ուրիշ հողում ասելիք չունեմ,

Հիմա ճիշտ-ճշգրիտ, հիմա արդարև

Նման է, Պարու՛յր, իմ ցավը քոնին12:

Հատկանշական է 1977 թվականի օրագրային մի գրառումը, ըստ որի՝ Իսաջանյանը մտադրություն է ունեցել Սևակին նվիրված լայնակտավ գրական երկ ստեղծել, որը չի իրագործել: «Մտածում եմ, որ երբևէ պետք է սկսեմ վեպը կամ, չգիտեմ՝ ինչ անուն տամ, երբևէ պետք է սկսեմ գրել այդ անանուն բանը, որը խլրտում է ինձանում... »:

1965-ից մինչև 1977 թվականը Ալբերտ Իսաջանյանը  պոեզիայում առերևույթ լռություն պահպանեց, եթե չհաշվենք մամուլում հրապարակած առանձին բանաստեղծությունները: Իսաջանյանը ինքնախորասուզման, ստեղծագործական հասունացման ճանապարհին էր, և այդ որոնումները ծնունդ տվեցին նորորակ գեղարվեստական գործերի:

 Բանաստեղծական հայտածումներին զուգահեռ ձևավորվեց արձակը: 1971 թվականին «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց Իսաջանյանի «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել» վիպակը: Եվ սակայն ինչու՞ վիպակ և ոչ բանաստեղծությունների նոր ժողովածու: Այդ մասին գրառում է արել հենց ինքը. «Մեր ոսկեղենիկ Եղիշեի խոսքն ինձ շատ է տպավորել. «Բազում այն են, զոր ոչ գիտեմ, քան թէ գիտիցեմ»: Համեստություն չէ, երևի մեծ օրինաչափություն է. որքան շատ բան ես իմանում, այնքան շատանում է չիմացածդ: Եվ հետո, ուզում եմ բանաստեղծությունների նոր ժողովածուս հնարավորին չափով, իհարկե, իմ հնարավորությունների, նորություն լինի ընթերցողներիս համար: Հրատարակվող վիպակս արձակով առաջին հանդիպումս է լինելու: Երկրորդ հանդիպումը, իմ կարծիքով, ավելի կարևոր է և պատասխանատու»13:

Արձակում Իսաջանյանը կյանքի ճշմարտությունները մատուցում է առտնին ու պարզ գույներով, արտաքուստ անգամ կենցաղային թվացող հանդերձանքով: Նա լավ գիտի, որ բարձրագոչ, բարդ դատումները, ենթիմաստային խտացումները, աղմկոտ բարոյախոսությունը հաճախ վնասում են պատումը, թուլացնում կյանքի կենդանի երակը, ուստի ընտրում է մի այնպիսի ոճ, որը սրտամոտ է ընթերցողին, առավել ևս, որ վիպակի գլխավոր կերպարը երիտասարդության սեմին ոտք դրած ռոմանտիկ անձնավորություն է՝ համալսարան չընդունվելու առաջին ձախողությամբ, խռովահույզ առաջին սիրով, իր միջավայրի ու ժամանակի հանդեպ դրսևորվող բազմազեղուն ու հակասական խոհերով, երազի և իրականության բախման անխուսափելիությունից ծնված հուսալքությամբ:  Կյանքն իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքը Իսաջանյան արձակագրի առանձնաշնորհներից է:

1973 թվականին Ալբերտ Իսաջանյանը դառնում է Գրողների միության անդամ: Նա ապրում էր գրական լիարյուն կյանքով, տպագրվում տեղային ու հանրապետական գրական մամուլում, վայելում հանրային-ընթերցողական ջերմ արձագանքներ թե՛ նամակների, թե՛ մամուլի անդրադարձների տեսքով: Առինքնող խոսքի տեր բանաստեղծը երևում է հեռուստացույցի էկրանին, ռադիոլսողները առիթ են ունենում ունկնդրելու նրա ձայնը, հայտնի բանաստեղծներից շատերն անձնապես ծանոթանում են նրա հետ, ձևավորվում ու ամրանում են գրական կապերը: Ժամանակակիցները վկայում են, որ Իսաջանյանի տունը դարձել էր Գորիսի գրականասեր մտավորականության հավաքատեղին, յուրատեսակ մի «վերնատուն»: Գրականագետ Նինա Հովսեփյանի ղեկավարությամբ գործող «Միրհավ» գրական խմբակն իր հանդիպումներն ու քննարկումները հաճախ անցկացնում էր բանաստեղծի հարկի տակ: Իսաջանյանի հետ հանդիպելու, զրուցախոսելու, գրական ու մարդկային ջերմ հաղորդակցության էին ձգտում քաղաքի գրասեր երիտասարդները, արվեստագետները, սկսնակ գրողները, նրա պոեզիայի երկրպագուները: Բնատուր աշխատասիրությամբ օժտված Իսաջանյանը անընդհատ ընդարձակում էր հետաքրքությունների ու ճանաչողության շրջանակները, անհագորեն ընթերցում հայ և համաշխարհային գրականության դասականներին, հետևում գրական անցուդարձին, բանավեճերին: Այդպես նա վերանայում է իր անցած ուղին, «Ծաղկե կամուրջ»-ում զգում ինչ-ինչ ազդեցություններ, համակվում 1970-ականների հայ պոեզիայի գրական որոնումներով, վերանայում գեղարվեստականության չափանիշները՝ ավելի հասուն ու բարձրարվեստ ներկայանալու ընթերցողին:

1977թ.-ին լույս է տեսնում երկրորդ բանաստեղծական ժողովածուն՝ «Ծաղիկ իմ հեռավոր» խորագրով, որ աչքի է ընկնում լեզվի, ոճի, պատկերների շքեղությամբ, կյանքի ըմբռնումի ու մտածումի խորությամբ: Հավատարիմ դասական բանաստեղծական ձևերին՝ Իսաջանյանը նաև նորարարության ձգտում ունի, սակայն զուսպ, զգույշ ու չափավոր: Նա հեռու է արտառոցություններից, բառախաղացություններից, մի ցավ, որով այսօր շատ գրողներ են տառապում ու տառապեցնում ընթերցողին:

Երկու ժողովածուների միջև գոյություն ունի հղացման ընդհանրություն՝ սկսած խորագրից: Իսաջանյանի գերզգայուն հոգին նրբորեն ընկալում և ապա խոսքավորում է մի ամբողջ կյանքի պատմություն, այրվելով լույս տվող ու սպառվող մարդու հոգու կենսագրություն: Իր «դառն ու ուրախ» հուզապրումների շիճուկի մեջ ձուլված են մտքի իմաստությունները՝ պարուրված լուսավոր թախիծով:

Ինձ ճանաչելուց առաջ իմ խոսքը

Երկուսը եղավ՝

Ուրախ և դառը:

Ինձ ճանաչելուց հետո իմ խոսքը

երկուսը եղավ՝

ուրախ և դառը:

Անգամ իմ տառապանքի խոսքը

երկուսը եղավ՝

ուրախ և դառը:

Հողմը բերում է սուրհանդակի պես

իմ հեռացումի

ղողանջն է փռում՝

ուրախ և դառը14:

Իսաջանյանը հրաշալիորեն տիրապետում է խոսքի գեղագիտության նրբերանգներին: Ընթերցողին փարվում է մաքուր պոեզիայի ալիքը և ինքնարտահայտման բնականությունը: Բանաստեղծը կարողանում է հաղորդվել բառի ներքին իմաստային հմայքին, ելքավորել ապրումները  բանարվեստի մաքրագործող ուժով: Հոգու կենսագրապատումի գլխավոր երակը սիրո ապրումն է, որ դարձյալ հիշողության մղումով օրորում է նրան, քանզի «հուշը չի կարող ծածկվել գորշության քողով». «Ես մի աղջիկ եմ սիրել երբեմնի,/ Առաջին սիրո անաղարտությամբ, /Եվ ոչինչ չի փոխվել այն օրվանց, /Ոչինչ չի փոխվել-»15: Որպես տեսիլապատկեր՝ Իսաջանանի պոեզիայում կարմիր թելի պես անցնում է «հեռավոր փթթումի հարսնությամբ օրորուն» իրիկնամուտի ուրու-աղջիկը և ստեղծում տերյանական տրամադրություններ.  «Այսօր թաղվել են մշուշի մեջ ցուրտ / Աստղ ու երկինք.- / Տաքացրու ձեռքերս,/ Ինձ սիրահարված աղջիկ:/ Եվ եթե այսօր նկարելու ես ինձ,-/ Նկարելուց առաջ/ Տաքացրու ձեռքերս,/ Ինձ սիրահարված աղջիկ»16:

Այս ժողովածուում նույնպես քնարական կերպարը ձուլված է բնաշխարհին: Բնության երևույթներով բանաստեղծն արտահայտում է մարդկային համարժեք հուզապրումը, հոգեվիճակը, կյանքն ընկալելու կերպն ու զգայական ներհայեցումը:

Ամեն ինչ փխրուն է դառնում

Իրիկնամուտի դողդոջ պահին,

Գույներս իրար են խառնվում

Օրորվում են իմ լքված գահին:

 

Խնկվում են ջրերիս կողքին,

Ամպերիս վրա լեռնակուտակ,

Իրարից շիկնում են արդեն

Իմ ծաղիկներս ծուռ ու շիտակ:

 

Փրթվում են իրարից թաքուն,

Անանուն հավքի թևերի տակ,

Իզուր ես ինձ ձեռքով անում,

Իրիկնամուտի աղջիկ իմ տաք17:

«Ծաղիկ իմ հեռավոր» ժողովածուում Իսաջանյանի պատկերներն ավելի խորհրդանշային բնույթ ունեն: Ակնհայտ է ինքնասուզում-բյուրեղացումը, հուզապրումների իմաստնացումն ու պտղավորումը արդեն «աշնանային թանձրությամբ»: Առհասարակ, պատկերավորման համակարգը Ալբերտ Իսաջանյանի զինանոցն է.

Պտղավորվում է իմ սիրտը այսօր

Թանձրությամբ աշնան,

Հայրենի երկրի երկինք,

Եվ ծառ ու ծաղիկ հայրենի երկրի:

Ի՜նչ թանձր է աշունդ ու պաշտելի,

Ի՜նչ թանձր է աշունդ դեղին18:

Իսաջանյանն ունի պապին կենդանագրող մի փոքրիկ, նրբահյուս բանաստեղծություն, որ շատ է հիշեցնում Սահյանի Խաչիպապին՝ իր բարոյաբանությամբ ու աշխատասիրությամբ: Այստեղ ծորում է մանկության կարոտը, որն արտահայտվում է պատասխան չակնկալող փիլիսոփայական հարցումի շեշտով.

Իմ ցորնաբույր և խորնաբույր

Պապս կգա՞ մանգաղն ուսին,

Եվ մանգաղի կանաչ ծայրին

Ես կգտնե՞մ

Կանաչ ցողուն եղինջների: -

 

Իմ կարոտած երինջն էլի

Բաց դարպասից կսուրա՞ ներս

Վախեցնի ինձ,

Եվ կգրկի՞ պապս շաղոտ,

Եվ կսրբի՞ աչքերս թաց. –

 

Կանա՜չ, կանաչ մատների մեջ

Կանաչ խնձոր կտա՞ նորից…19

Իսաջանյանի բանաստեղծություններում բառերը հաճախ ազատվում են բուն իմաստներից և այլորեն, գերխիտ թանձրացումներով արտահայտում հուզապրումները.

Ծաղիկներն անձայն ծերացան ձորի կամարի տակ,

Եվ դու ու՞մ համար հոգսոտ-հոգևոր երկինք դարձար

Եվ արժանավոր՝ ու՞մ բախտի վրա ծաղկած ծառի:

Լուսնահամ երկինք ծամեցիր նորից և ծովի ջուր,

Եվ առաքինի կորած ես նորից,

Եվ առաքինի կեղծիք է նորից,

Թե խխունջի պես կարձակվես դու դեռ եզրատողում: -

Գնա և ձորում ժայռ լցրու վերքիդ տարիքավոր

Եվ, տես, ինչպես են խխունջներն անձայն և խելացի,

Եվ խոնա՜վ, խոնավ ծերանում ձորի կամարի տակ…20

Բանաստեղծական գյուտերի շտեմարան է «Ծաղիկ իմ հեռավոր» ժողովածուն, որ հնարավորություն է տալիս ըմբռնելու ու զգալու բանաստեղծի հոգին` խորունկ մտասուզումների, ինքնատիպ մետաֆորների ու բառապատկերների հանդիսարանը. օրինակները բազմաթիվ են՝ հուռութք-խոսքեր, երազանքների շոգ ծիծաղներ, շոգ լռություն, հոգնած կարոտ, քնար աղջիկ, անհողմության ոսկի ծովեր, ցորնաբույր ու խորնաբույր պապ, ջրվեժի նման աղջիկ, ծեր ու ոլորվող տապ, քնարաձայն գեղգեղանք, իրիկնամուտի ծույլ հայացք և այլն:

Կոմիտասյան գրական կերպավորումների շարքում ուրույն տեղ ունեն նաև Իսաջանյանի բանաստեղծությունները:  «Ծաղիկ իմ հեռավոր» ժողովածուում ընդգրկվել է Կոմիտասին նվիրված առաջին բանաստեղծությունը՝ «Եվ նա գնում էր» խորագրով, երկրորդը՝ «Կոմիտաս» վերնագրով, հրապարակվել է «Զանգեզուր» թերթի 1965թ. նոյմբերի 14-ի համարում և չի զետեղվել ժողովածուներում: Երկու գործերն էլ հատկանշվում են գեղարվեստական բարձր արժեքով:

Եվ նա գնում էր՝ ճակատին քրտինք

և միտքը մարած,

Եվ նա գնում էր հուշի ճամփեքով

մի համատարած:

Եվ նա գնում էր ձեռքերի վրա

և բազուկների,

Եվ նա գնում էր՝ վաստակած ու մեծ

և… թողած թերի21:

Չափազանց խորհրդանշական կերպով է պատկերվում հավատի այն ճանապարհը, որ անցել է Կոմիտասը՝ ճակատին քրտինք ու հանճարի լույս, որպես «անաստված վանքի մատաղի գառ»: Բանաստեղծությունը շարահյուսված է ժողովրդական բառ ու բանի ոճավորումով, կոմիտասյան երգի հանգ ու կշռույթով. 

Հողը ճաքել է արևի տապից,

Ե՛վ կոշտացել է, և՛ շատ է քարոտ,

Եզը տնքում է իր լծի տակին,

Քրտինք են խմում ակոս ու արոտ:

… Հոլ արա, եզո, ախպեր ջան, քաշի՜ր,

Արտը քարոտ է, ակոս արա տա՜ր,

Ձիգ տուր, ախպեր ջան, էս լուծն էլ մաշիր,

Մեր եզն արդար է, մեր լուծն անարդար…22

Մյուս բանաստեղծության մեջ Կոմիտասն «առասպել» է, «խաչքարերից խռոված աղոթք», «մրմունջ մեղեդի», «մի բաժակ արցունք», «մի գավաթ կսկիծ», «մի լրիվ տաճար ու սուրբ մատուռ»,  «ամենահայոց»:

Գրողն ապրում է իր ստեղծագործություններով և կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կարդում և հիշում են նրա գործերը: Ա.Իսաջանյանի ժառանգության մի ստվար մասը անտիպ է, մեզ հասել է ձեռագիր կամ մեքենագրված հենց հեղինակի ձեռամբ: Իսաջանյանը բանաստեղծություններ գրել է մինչև կյանքի վերջը: Ցավոք, իր բանարվեստն անընդհատ կատարելագործելու, գրական ձևերը թարմացնելու, բյուրեղացնելու մղումը այդպես էլ չհանգեցրեց բանաստեղծական երրորդ ժողովածուի ծննդին: Իսաջանյանի արխիվում պահպանվել են մոտ յոթ տասնյակ անտիպ բանաստեղծություններ: Դրանք բավականին բարձարվեստ գործեր են, որոնցում ակնհայտորեն գերակշռում են հոգեզգացական նուրբ ապրումները, փիլիսոփայական խտացումներն ու բանաստեղծական գյուտերը: Իսաջանյանը փորձում է հասնել միջուկին, թարմացնում է մետաֆորներն ու համեմատությունները, լայնացնում բառակերտման ու բառօգտագործման հնարավորությունները, ամբողջովին տեսանելի է դարձնում հոգեհատակը, և ինչպես Սևակն է ասում, կարողանում է «հոգի վառել»: Հաղթահարելով սեփական ցավը՝ բանաստեղծը բացում է համամարդկային ու կենսափիլիսոփայական հարցադրումների շրջանակը:

Մի անվերջ կաթոց կա աշխարհում,

Սիրում են՝ կաթում է,

Տխրում են՝ կաթում է,

Խնդում են՝ կաթում է նորից.-

Սրտերն են կաթում

Եվ դանդաղ սպառում են իրենց.

Մի սրտից ժպիտ է կաթում,

Մի սրտից արցունք է կաթում,

Մի սրտից կաթում է արյուն…

Եվ բոլոր կաթիլներն ընկնում են սրտիս23:

Անտիպ բանաստեղծությունները Իսաջանյան բանաստեղծի հասուն պտուղներն են: Խոսքի գեղագիտության հայտանշանները խորանում, խտանում ու պարզվում են: Իր աշխարհընկալումներում բանաստեղծը փորձում է գտնել ու իմաստավորել այն վիճակները, որոնք ընթացք են տալիս կյանքի անցողիկությանն ուղեկցող հոգեբանական արժեքներին:

Երբ մայրամուտի երակների մեջ

Հոգնած ցավերի մտերմությամբ

Արյունդ այրվի,

Անչար եղիր.-

Աշխարհում

Տերևաթափ է եղել աստվածների,

Տերևաթափ է եղել անաստվածների24:

Բանաստեղծը խորհրդածության ոլորտ է ներքաշում կյանքում «անչար լինելու» գաղափարը, անչար նույնիսկ այն դեպքում, երբ

… Տունս քանդել են և գնում-գալիս,

Արարի՜չ Աստված,

Դեռ ծառս են լինում

Անթեղված ցավիս հետքերի վրա…25

Միայնությունը ծանր է, բայց և ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, հոգու իմաստությանը, վերերկրային խորհուրդներին հաղորդակցվելու հնարավորություն է: «Աստված, երևացրու ինձ/իմ աչքերը նորից/ և բարձրացրու օրվա /թախիծներից անծայր: -/Աստված, երևացրու ինձ, / երբ թվում էր այնպես, / թե աստված է, մեղա/ նայում իմ աչքերից…»26: Նրա մեջ խլրտացող մարդկային հոգեվիճակների տարբեր ձայները գումարվում են՝ ստեղծելով տրամադրության մի համակցություն, որ երբեմն արտաքուստ անբացատրելի ու անորոշ է թվում: Բանաստեղծն անվերջ իր լինելիության, իր գոյության մեջ իմաստ է փնտրում և փորձում երազներով, այսպես ասած, թվացյալով համալրել իր օրերի դատարկությունը: Կենսապաշտությունը ոչ մի պարագայում չի լքում բանաստեղծին: « … Մեռնելու մասին խոսքեր չգիտեմ»: Սիրո ապրումն էլ արդեն ոչ թե պատանեկան հուզավառություն է, հուշակարոտային տեսիլ, այլ ապրված, մաքրագործված բարձրագույն արժեք, ներդաշնակության հասնելու, հոգու պոռթկումները, չիրականացած իղձերի ցավը կյանքի դառն իրողությունների հետ հաշտեցնելու ձգտում: Վերջին բանասեղծություններում Իսաջանյանը լիովին կարողացավ անհատականացնել ստեղծագործական դիմանկարը:

Անտիպ են նաև Իսաջանյանի արձակ ստեղծագործությունները՝ «Արա Գեղեցիկ և Մարիամ», «Սուրճի իմ ծառ» վիպակները, «Հասմիկի ճյուղը» և «Կանձրևե տղաս» ծավալուն վեպերը, որոնք հատկանշվում են գեղարվեստական որոշակի արժեքով: Իսաջանյանը երկար է աշխատել հատկապես «Հասմիկի ճյուղը» վեպի վրա, որ իր կյանքի գործն է համարել: Օրագրերում անընդհատ խոսում է վեպի ստեղծման հանգամանքների, ստեղծագործական հուզավառ ընթացքի մասին: 1981 թվականին նա վեպն ավարտել ու հանձել է տպագրության, սակայն ժամանակի գրաքննությունը, տուրք տալով խորհրդային մտակաղապարներին, սխեմատիզմին, խստադատ կարծիք էր տվել և վեպը վերադարձրել հեղինակին՝ լրամշակման:  Գրախոսականներից մեկը ստորագրել է Շ.Մուղնեցյանը, երկրորդը՝ Մ.Թերզյանը:  Մուղնեցյանի կարծիքով՝ «Հասմիկի ճյուղը» վեպը հիմնովին վերակառուցելու, վերամշակելու կարիք ունի: Ներկա վիճակով այն չի բավարարում հրատարակչական պահանջները և չի երաշխավորվում տպագրության»: Թերություններ էին համարվում վեպի ակնհայտ արժանիքները՝ հարուստ պատկերամտածողությունը, դիպաշարի բազմաճյուղ զարգացումը, փիլիսոփայական ու հոգեբանական խտացումները, ոճակառուցվածքային յուրահատկությունները: Թերզյանը նույնպես վեպի ինքնատիպությունը, դասական ձևերին անհամապատասխանությունը, փիլիսոփայական-հայեցողական բնույթը համարում է ստեղծագործական սխալ ճանապարհի հետևանք, փորձարարություն: «Այս գործն ավելի շուտ մենախոսությունների տրակտատ է, որը ոչ միայն չի կարելի վեպ անվանել, այլև որպես այդպիսին էլ գեղարվեստական ամբողջություն չի ներկայացնում»,- գրում է Մ.Թերզյանը: Վեպի դիպաշարային առանցքը պտտվում է գլխավոր հերոսի՝ նկարչի ու նրա սիրած աղջկա՝ Հասմիկի բարդ, բազմաճյուղ ու բազմազեղուն հարաբերությունների շուրջ: Իսաջանյանին հորդորում են վեպի համար ստեղծել կուռ ու կառուցիկ սյուժե, կերպարներին պատկերել կոնկրետ իրավիճակներում՝ որոշակի դարձնելով ասելիքը և այլ հերթապահ պահանջներ: Ցավոք, այդպես որոշվում է վեպի ճակատագիրը: Իսաջանյանն այլևս չի անդրադառնում «Հասմիկի ճյուղը» վեպին, իսկ երկու տարի չանցած՝ կնքում է մահկանացուն:

Ալբերտ Իսաջանյանի ստեղծագործության շուրջ անընդհատ կարելի է ծավալվել:  Ավանդույթից սնվելով՝ նրա գրական հակումները գրքից գիրք նոր, բազմաշերտ ու բազմախորհուրդ հաստատումներ են արձանագրում: Ամբողջությամբ Իսաջանյանի պոեզիան 1960-80-ականներին հայ գրական կյանքում կատարվող խմորումների, վերափոխությունների, խոսքի գեղագիտության զարգացումների հաջող դրսևորումներից է, որը բանաստեղծի դիմանկարին հաղորդում է միայն իրեն ներհատուկ գծեր և հայ քնարերգության մեջ ստեղծում ինքնուրույն ու հարազատ մի անկյուն:

Ծանոթագրություններ

  1. Իսաջանյան Ա., Ծաղկե կամուրջ, էջ 58:
  2. Նույն տեղում, էջ 7:
  3. Նույն տեղում, էջ 33:
  4.  Նույն տեղում, էջ 3-4:
  5. Նույն տեղում, էջ 9:
  6. Նույն տեղում, էջ 38:
  7. Նույն տեղում, էջ 34:
  8. Նույն տեղում, էջ 37:
  9. Նույն տեղում, էջ 14:
  10. Նույն տեղում, էջ 45:
  11. Նույն տեղում, էջ 16:
  12. Իսաջանյան, Ա, Ծաղիկ իմ հեռավոր, Ե., 1977, էջ 7:
  13. Արխիվային գրառում:
  14. Իսաջանյան Ա., Ծաղիկ իմ հեռավոր, էջ 10:
  15. Նույն տեղում, էջ 15: 
  16. Նույն տեղում, էջ 11:
  17. Նույն տեղում, էջ 14-15:
  18. Նույն տեղում, էջ 6:
  19. Նույն տեղում, էջ 25:
  20. Նույն տեղում, էջ 9:
  21. Նույն տեղում, էջ 50:
  22. Նույն տեղում, էջ 48:
  23. Անտիպ:
  24. Անտիպ:
  25. Անտիպ:
  26. Անտիպ:

 

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

 

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25