Լույս է տեսել «Սյունյաց հոգևոր միջնաբերդը․ Տաթև» պատկերագիրք–ուսումնասիրությունը

23.07.2024 17:25
414

Հուլիսի 22-ին «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանում տեղի ունեցավ Արսեն Հարությունյանի հեղինակած «Սյունյաց հոգևոր միջնաբերդը Տաթև» պատկերագիրք–ուսումնասիրության շնորհանդեսը, որը կազմակերպել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարանը)։

Շնորհանդեսը սկսելուց առաջ զրուցեցինք պատկերագիրք–ուսումնասիրության հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արսեն Հարությունյանի հետ։

- Պարոն Հարությունյան, Ձեր հեղինակած գրքի շնորհանդեսն է։ Ներկայացրեք, խնդրեմ, գիրքը՝ համառոտաբար։

- Գիրքը նվիրված է Սյունյաց հոգևոր կենտրոն Տաթևի վանքի գրավոր ժառանգությանը։ Այսինքն՝ ամբողջացրել ենք Տաթևի վանքի վիմագրական և ձեռագրական ժառանգության  առանցքային դրվագները։ Վիմագրերի միջոցով ցույց ենք տվել Տաթևի վանքի շինարարական փուլերը, զարգացման ընթացքը։ Վերընթաց ու հետընթաց տատանումներ. այդ ամբողջը լուսաբանված է աղբյուրագիտական նյութի հիման վրա։

Ամփոփել ենք ձեռագրական ժառանգությունը, մասնավորապես խոսել ենք ձեռագրերի ժամանակագրական և քանակական ընդհանուր նկարագրի մասին, լուսաբանել ենք ձեռագրերի մանրանկարչական արվեստը, այսինքն՝ գեղազարդմանն ենք անդրադարձել։ Եվ վերջապես, այդ ձեռագրերի հիշատակարանների միջոցով փորձել ենք ցույց տալ Տաթևում ձեռագրական ավանդույթի ողջ պատմությունը՝ սկսած 13-րդ դարից մինչև 19-րդ դարը ներառյալ, որովհետև, դժբախտաբար, 13-րդ դարից վաղ ձեռագիր Տաթևից չունենք։ Այդ առումով ուշագրավ է Ստեփանոս Օրբելյանի հաղորդումն առ այն, որ 1170 թվականին՝ Բաղաբերդի գրավմամբ, ոչնչացվեց նաև Տաթևի վանքի՝ այնտեղ ի պահ տրված ավելի քան 10 հազար ձեռագիրը։ Եվ այսօր, պարզվում է, ձեռագրերի ընդհանուր պատկերը՝ ժամանակագրական առումով, 13-րդ դարից ի վեր է։ Եվ ուրեմն՝ Տաթևը ձեռագրակենտրոն է եղել դեռևս 9-10-րդ դարերից, ու այդ մասին վկայում է հենց ինքը՝ Ստ. Օրբելյանը, բայց այն, որ ձեռագրերը մեզ չեն հասել և ունենք 13-րդ դարից այս կողմ ձեռագրեր, ինքնին վկայում է՝ պատմագրի հաղորդումը լիովին հավաստի է։

- Եվ ի՞նչ բաժիններից է բաղկացած գիրքը։

- Գիրքը բաղկացած է երկու մեծ բաժնից, 1-ին մասը նվիրված է վիմագրությանը։ Վանքի վիմագրական հիշատակությունները, իրենց հերթին, բաժանված են երեք բաժնի։ Առանձնակի ներկայացված են շինարարական արձանագրությունները, 2-րդ մասում նվիրատվական արձանագրություններն են։ Երրորդում՝ հիշատակագրությունները։

Շինարարական  արձանագրությունները ներկայացված են ըստ փուլերի, այսինքն՝ սկսած 9-րդ դարավերջից, երբ Հովհաննես եպիսկոպոսի օրոք Տաթևի վանքը շինվեց, նոր շինություններով համալրվեց և հետագա նորոգումներով ու կառույցներով լրացվելով՝ հասավ մինչև 19-րդ դարը։

Նվիրատվություններին ենք անդրադարձել, ընդ որում՝ չենք հրատարակել միայն այն վիմագրերը, որոնք արդեն հրատարակված են։ Բազմաթիվ  սրբագրումներ են արված նախորդ հրատարակություններում տեղ գտած վիմագրերում։ Բոլոր արձանագրություններն ուղեկցվում են նոր արված լուսանկարներով և գրչանկարներով, ինչը շատ կարևոր է վիմագրագիտության տեսանկյունից։ Երբ նյութն ուղեկցվում է փաստական վավերագրերով, տվյալ դեպքում գրչանկարով և լուսանկարով, ընթերցողն ավելի է համոզվում  վերծանություններում։ Եվ վերջապես, շատ կարևոր բազմաթիվ նոր արձանագրություններ ենք դրել գիտական շրջանառության մեջ։

Ձեռագրական ժառանգության մասին․․․ Տաթև գրչակենտրոնից (կարող ենք վստահաբար ասել) մեզ է հասել մոտ 300 ձեռագիր, ընդ որում՝ այդ ձեռագրերի մի մասը գրված է Տաթևում և համանուն անապատում, իսկ մյուս մասը պարզապես պահվել է Տաթևում։ Այսինքն՝ Տաթևը ոչ միայն գրչության կենտրոն է եղել, այլև  ձեռագրապահպան կենտրոն, ունեցել է մատենադարանային նշանակություն, և պատահական չէ, որ Տաթևը նույնպես ունեցել է իր գրատունը։ Տաթևի ձեռագրերը շատ հայտնի են... 1900-ականների սկզբներին դրանք տեղափոխվել են նախ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, այնուհետև՝ Ազգային գրադարան, իսկ այսօր դրանք հանգրվանել են Մ. Մաշտոցի անվան մատենադարանում։

- Պատկերագիրք–ուսումնասիրությունը լույս է տեսել անգլերեն լեզվով։ Իհարկե, շատ կարևոր է, որ աշխարհը նաև այդ գրքով ծանոթանա մեր հոգևոր–մշակութային արմատներին, բայց (սովորաբար) նման գործերը նախ հրատարակվում են հայերեն լեզվով, հետո նոր թարգմանվում։ Այս դեպքում հակառակ սկզբունքով եք առաջնորդվել...

- Նախաձեռնողները նպատակահարմար գտան նախևառաջ գիրքը դիտարկել որպես անցաթուղթ, Սյունիքը դիտարկել որպես հոգևոր միջնաբերդ և այդ միջնաբերդի մասին տեղեկույթը առաջին հերթին հասանելի դարձնել օտարալեզու հանրությանը, միջազգային լսարանին։ Գաղտնիք չէ՝ ես իմ հարցազրույցներում քանիցս նշել եմ, որ տևական ժամանակ իրականացված իմ այս աշխատանքի արդյունքը (ավելի քան 10 տարի է՝ զբաղվում եմ Տաթևով) կհրատարակվի նաև հայերեն լեզվով։ Ընդ որում՝ հայերեն տարբերակն ավելի ամբողջական կլինի։ Կընդգրկվեն նաև տեղեկություններ շրջակա գյուղերի մասին՝ հին Հալիձոր, հին Շինուհայր, հին Խոտ, հին Հարժիս․․․ Լիահույս եմ, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում  մենք հայերեն տարբերակը կունենանք։

- Ո՞վ էր հովանավորողը՝ թարգմանություն, տպագրություն...

- Այո, դա ևս շատ կարևոր է։ Գիրքը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհի միջոցներով, Մատենադարանի նախաձեռնությամբ։ Շատ կարճ ժամանակահատվածում ենք տեղավորվել, և ուրախությամբ պիտի փաստեմ՝ հասցրել ենք անել առավելագույնը։ Ու այսօր ընթերցողն ունի Տաթևի մասին առաջնային գաղափար կազմելու բոլոր նախադրյալները, բոլոր դրվագները գրքում արտացոլված են։ Չկա որևէ առանցքային կետ, որին անդրադարձ արված չլինի՝ և՛ մանրանկարչության, և´ որմնանկարչության, և´ ճարտարապետական առանձնահատկությունները, բայց, բնականաբար, շեշտը դրված է  աղբյուրագիտական նյութի վրա հիմնված վիմագրությանն ու ձեռագրերին։

- Դուք նշեցիք վիմագիր արձանագրությունների մասին, բայց պատկերաքանդակներին հասցրե՞լ  եք անդրադառնալ։

- Պատկերաքանդակներին անդրադարձել ենք այնքանով, որքանով նախորդ հրատարակություններում դրանք արտացոլված են եղել։ Ավելի խորությամբ անդրադարձել եմ մի նորահայտ արձանագրության, որ վերջերս ենք հայտնաբերել Տաթևում. Եղիա վարդպետի արձանագրությունն էր՝ նրա դիմաքանդակին կից, ու այդ քանդակն իր հորինվածքային լուծումներով, պատկերագրական առանձնահատկություններով ուղղակիորեն նույնանում է Տաթևի գլխավոր՝ Սբ Առաքելոց եկեղեցու արևելյան պատի որմնախորշերի վերնամասում՝ քիվերի կենտրոնում պահպանված դիմաքանդակների հետ, որոնց անդրադարձել է Ստեփան Մնացականյանը՝ իր «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը» գրքում։ Անդրադարձել է նաև Անատոլի Յակոբսոնը, հետագայում նաև հոդվածներով են շրջանառվել այդ հարցերը, բայց այս ֆորմատով, ընդհանուր գրքի մակարդակով, առաջին դեպքն է։

- Իսկ Եղիա վարդպետից ուրիշ ի՞նչ գործեր ունենք քանդակում։

- Ենթադրելի է, որ նրա ձեռակերտն են ու նրա ստեղծագործությունն են նաև վանքում պահպանված մնացած  բոլոր դիմաքանդակները։ Այսինքն, ձեռագիրը, ոճային, պատկերագրական առանձնահատկությունները նույնն են, բայց ստույգ ստորագրությամբ նրա անվանակիր՝ ոչ։ Այդ  ամենն արտացոլված է գրքում, թվագրել եմ 9-10-րդ դդ., այսինքն և´ քանդակը, և´ տառաձևերի հնագրական առանձնահատկությունները մեզ թույլ են տալիս վստահաբար ասել՝  գործ ունենք Տաթևի վանքի վաղ ժամանակաշրջանի վիմագրության հետ։

– Դե ինչ, ընդունեք մեր շնորհավորանքը՝ հրաշալի պատկերագրքի լույսընծայման կապակցությամբ։ Նաև մեր շնորհակալությունը՝ Սյունիքի պատմամշակութային ժառանգության հանդեպ տարիներ շարունակ ցուցաբերվող ուշադրության համար։ Հուսով ենք՝ առաջիկա մեկ–երկու տարում, ինչպես նշեցիք, կհրատարակվի նաև գրքի հայերեն տարբերակը, այն էլ՝ մերձակա գյուղերի վերաբերյալ հնագիտական նյութերի ընդգրկմամբ։

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25