Մաքսիմ Գրիգորիչը. դիմանկարի ուրվագիծ

17.08.2017 09:07
1529

Տարիքի առաջացման հետ մարդ արարածը հաճախ է հետ պտտում ապրած կյանքի ժապավենը, որի եւ ռեժիսորը, եւ սցենարիստը, եւ գլխավոր դերակատարն ինքն է: Շարունակվող այդ վավերագրական կինոնկարում հազարավոր դեմքեր ու դեպքեր են հանդիպում, որոնց մի մասը նա անպայման կցանկանար կտրել, հեռացնել ժապավենից, որը, դժբախտաբար, անհնար է, իսկ մի մասի դիտմանն էլ մասնակից անել ուրիշներին, որը, բարեբախտաբար, հնարավոր է, ինչն էլ կփորձեմ կատարել:

Նախախնամության կամոք երիտասարդությանս տարիներին հանդիպել եմ կյորուեցի Մյասնիկ Գրիգորի Ավանեսյանին եւ երկար տարիներ վայելել նրա ու նրա ընտանիքի ընկերությունն ու բարեկամությունը:

Շրջապատում համարյա բոլորը՝ նույնիսկ հարազատները, նրան ռուսական հնչեղությամբ Մաքսիմ Գրիգորիչ էին ասում:

Արդեն մի քանի տարի է, ինչ նրա մասին անցյալով ենք խոսում:

Ինքը 11 տարեկան էր, իսկ քույր Համեստը եւ Գոգո ու Բորիս եղբայրները՝ ավելի փոքր, երբ կյանքից հեռացավ Թելիկ մայրիկը, իսկ Գրիգոր հայրիկն այդպես էլ չվերադարձավ պատերազմից: Չորս մանկահասակ երեխա՝ անհայր, անմայր, եւ պատերազմ. տասնյակ տարիներ անց էլ այս պատկերը սարսուռ է առաջացնում մարդու մեջ:

Գյուղում հարազատներ ունեին, բայց բոլորն էլ նույն հալի էին՝ չոր հացի կարոտ: Քրոջ մահվան գույժը քեռի Եղիշեին (բժշկական ծառայության գնդապետ Եղիշե Թովմասի Օհանյան, 1915-1989թթ.) հասավ 1943 թվականի գարնանը՝ ռազմաճակատում: Երիտասարդ բժիշկը ղեկավարում էր դաշտային հոսպիտալը: Նա դեռ չէր հասցրել սեփական ընտանիքը ստեղծել: Այս պայմաններում հեռվից հեռու կարողացավ իր երիտասարդ ուսերին առնել քրոջ որբացած ընտանիքի ողջ ծանրությունը եւ տարավ ամբողջ կյանքի ընթացքում:

Այսօր գուցե եւ դժվար է հավատալ, որ որեւէ մեկը կհրաժարվի իր փայլուն կարիերայի հեռանկարից հանուն մտերիմի ընտանիքի, եթե նույնիսկ դա իր հարազատ քրոջ ընտանիքն է: Բայց փաստ է, որ քեռի Եղիշեն գնաց դրան: 1947-ին երիտասարդ զինվորական բժշկին առաջարկեցին վարչության պետի պաշտոն մայրաքաղաք Մոսկվայում: Նոր էր ամուսնացել: Ծնվել էր առաջնեկը՝ Արմենը: Սակայն հայրենիքից մի ձայն կանչում էր նրան: Երիտասարդ ընտանիքը որոշեց վերադառնալ Հայաստան:

Մաքսիմ Գրիգորիչը մինչեւ վերջ էլ որդիական սիրով էր հիշում քեռի Եղիշեին: Հիշում էր, թե ինչպես մինչեւ Հայաստան վերադառնալն ամեն ամիս դրամական փոխանցումներ էր կատարում եւ ծանրոցներ ուղարկում, ինքը ոտքով գյուղից գնում էր շրջկենտրոն, ստանում դրանք:  

Հայրենասիրության մասին տասնյակ, գուցե նույնիսկ հարյուրավոր գրքեր, հոդվածներ եմ կարդացել, մի քիչ պակաս ներկայացումներ, հեռուստահաղորդումներ, կինոնկարներ դիտել, բայց դրա մասին հիմնավոր դասեր եմ ստացել միայն Մաքսիմ Գրիգորիչից՝ ակամայից ականատեսը լինելով նրա կյանքին, ապրելակերպին, կենցաղին. դրանք բոլորն էլ հազար թելերով կապված էին հայրենիք գաղափարի հետ:

Ով նրա հետ ընկերություն, բարեկամություն է արել, նշանակում է՝ անցել է այդ դպրոցով:

Նրա հայրենիքը սկսվում էր Գորիսի տարածաշրջանի Կյորու գյուղի քերծերից ու ձորերից, այդ հիրավի կախարդական աշխարհից: Նրա համար այդ ձորերում թռչունների բերած սերմերից բուսած քոլի տանձից համով պտուղ աշխարհի ոչ մի այգում, անտառում չկար, իսկ մոշի ու զկեռի առավելությունների մասին խոսելն ավելորդ է: Մոտիկ բարեկամները գիտեին նրա այս թուլության մասին եւ առիթի ու հնարավորության դեպքում այդ բարիքներից բերում էին նրան: Հորդորում էր կնոջը՝ Ռիմային, ով շատ հայուհիների նման խոհանոցի մեծ գիտակ ու վարպետ է, քոլի տանձն ու զկեռը թթու դնել: Նա այդ պտուղներից յուրահատուկ թթու էր պատրաստում: Այնպես որ Մաքսիմ Գրիգորիչը կլոր տարին դրանք ունենում էր ձեռքի տակ եւ օգտագործում ինչպես մանանա:  Շատերի նման նրանց ճաշասենյակում եւս կար ոգելից խմիչքների փոքրիկ բար, որտեղ թանկարժեք կոնյակի, օղու եւ ոգելից այլ խմիչքների մեջ անպակաս էր ձեւավոր բյուրեղապակյա գրաֆինով փոքր հայրենիքից ստացված թթի օղին, որը նրա համար այդ հավաքածուում եղած ամենագնահատված ըմպելիքն էր: Տնեցիները հյուրի նկատմամբ տան ղեկավարի համակրանքի աստիճանը որոշում էին այդ հայտնի գրաֆինից նրան հյուրասիրել-չհյուրասիրելու փաստով:

Մտերմիկ, բարեկամական հարաբերությունների մեջ էր անցած դարի 70-80-ական թվականների Գորիսի տարածաշրջանի ղեկավարներից շատերի հետ: Իմ հիշողության մեջ մնացել է նրա բարեկամությունը հատկապես Արամ Հարությունյանի, Անժելա Բուդաղյանի հետ, իսկ Սերոբ Գալստյանի ու նրա մտերմությունը վեր էր ածվել ընտանեկան բարեկամության եւ ընկերական հարաբերությունների: Երբ լսում էր, որ նրանցից որեւէ մեկը Երեւանում է, աշխատում էր անպայման հյուրընկալել նրանց, ինչ-որ բանով օգտակար լինել: Իսկ օգտակար լինելու եւ առիթներ էին լինում, եւ պատճառներ: Այն տարիներին Մաքսիմ Գրիգորիչը Երեւանում մանրամեծածախ առեւտրի խանութի վարիչ էր: Աշխատանքի բերումով թե՛ հանրապետությունում եւ թե՛ Խորհրդային Միությունում, այսօրվա լեզվով ասած, տնտեսվարողների հետ շփման մեծ մակերես ուներ: Այդ կապերն օգտագործելով՝ շրջանի համար բազմաթիվ հարցեր էր կարողանում լուծել: Այն տարիներին տնտեսական շատ հարցեր առանց կենտրոնի չէին լուծվում (այսօր էլ այդպես է): Կոլխոզ-սովխոզները նույնիսկ խտացրած կերն էլ էին Երեւանից ստանում՝ Երեւանի միջոցով: Մաքսիմ Գրիգորիչի ջանքերով պլանավորվածից դուրս տարեկան մի քանի վագոն նման կեր մեր շրջանն անպայման ստանում էր: Այս բնագավառի հետ առնչվածները լավ կհասկանան, թե դա ինչ նշանակություն ուներ շրջանի համար:


Կենտրոն-շրջան տնտեսական կապերը միշտ չէ, որ հստակ էին գործում: Դրանք շատ հաճախ էին խախտվում: Պատճառները ոչ թե աշխատանքի կազմակերպման ձեւերն էին, չնայած չէր կարելի դա անտեսել, այլ ուղղակի միջոցների բացակայությունը: Ահա նման մի տարի, բերքահավաքի եռուն շրջանում, մեր տարածաշրջանի տնտեսությունների բեռնատարների մեծ մասը հարկադիր պարապուրդի մեջ էր, անվադողեր չկային: Նրա միջոցով տնտեսությունների մեծ մասը կարողացավ լուծել այդ հարցը: Դա ուղղակի փրկություն էր: Տարիներ անց էլ այդ օրերի ականատեսները հիշում են այդ մասին: Նրա համար թանկ էր այն ամենը, ինչ կապված էր հայ, Հայաստան, Զանգեզուր, Գորիս անվանումների հետ: Դրանք դուրս էին որեւէ մրցակցությունից:


Չգիտեմ, նա հիշո՞ւմ էր վաղամեռիկ մայրիկին, թե՞ չէ: Երբեք չեմ հարցրել: Երեւի հիշում էր, որովհետեւ ամենափոքր առիթի դեպքում պատմում էր, որ գյուղի իրենց ընկուզենու պտուղն աշխարհի ամենահամով, ամենայուղոտ ընկույզն է, ու որպես դրա վկայություն՝ շարունակում էր. մայրիկը դրանք օգտագործում էր ճաշի մեջ որպես յուղին փոխարինող: Մանուկ Մյասնիկի հիշողության մեջ մնացել էին սիրելի մայրիկի պատրաստած ճաշերը, որոնց երեսին լողացող ընկույզի դեղնավուն փշրանքները նա նմանեցրել է յուղի դեղին կաթիլներին:


Մի ուշ աշնան նրան ընկերակցել եմ մայրիկի շիրմին այցի գնալիս: Վաղուց լքված գյուղի փոքրիկ գերեզմանատան հատուկենտ կանգուն մնացած շիրմաքարերից մեկը նրա մայրիկինն է: Այն այցելուին, պատահական անցորդին պատմում է, որ ննջեցյալը ընդամենը 29 տարեկան է եղել:


Իրենց հայտնի ընկուզենին դեռ կար: Նրա լպրծուն խաշամի տակից ոտքերի շոշափումով մի տասնյակ ընկույզ ճարեցինք: Այդտեղ տեսա, համոզվեցի, որ 10-ամյա Մյասնիկի եւ 60-ամյա Մաքսիմ Գրիգորիչի տարիքների տարբերություն չկա, գոյություն չունի: Նույն մանուկն էր դարձել, ուրախանում էր, սովորականից փոքր պտուղները մաքրում ձեռքով, չորացնում թաշկինակով եւ տեղավորում թանկարժեք կոստյումի գրպաններում: Գիտեի, ավելի ճիշտ համոզված էի, որ դրանցից ոչ մեկն ինքը չի ճաշակելու, նա դրանք բոլորը նվիրելու է ծանոթ-բարեկամներին՝ հետն էլ պատմելու աշխարհի ամենայուղոտ ընկույզի մասին իր ստեղծած լեգենդը, որին ինքն անվերապահորեն հավատում էր:

Հավանաբար ծնողական փաղաքշանք չտեսած լինելու հանգամանքն էր նրա մեջ ծնել զավակների նկատմամբ սովորական ծնողական սիրուն գերազանցող մի զգացում: Ավագ որդին, որին հոր անունով Գրիգոր է կոչել, ընտանիքով վաղուց Մոսկվայում է, Արմենը՝ Չեխիայում, Աշոտն արդեն թոռնատեր է, ապրում է հայրական տանը: Այո, որպես հայր, շատ զգացմունքային էր: Առավել նկատելի էր նրա կապվածությունը միակ դստեր՝ Ալլայի հետ:

    
Ասում են՝ մարդու ամենամեծ հարստությունը նրա սերունդն է: Չգիտեմ ով ինչպես, բայց ես այս մտքի հետ համաձայն եմ անվերապահորեն: Եվ քեռի Եղիշեի, եւ Մաքսիմ Գրիգորիչի զավակներն իրենց ծնողների լավագույն հատկանիշները կրողներն են: Հեռու-հեռվից նկատել եմ, որ քեռի Եղիշեի Արմենի եւ Մաքսիմ Գրիգորիչի կրտսեր որդի Արմենի եղբայրական հարաբերությունները դրա հաստատումն են ու հիշեցնում են իրենց ծնողների միջեւ եղած հարաբերությունները:


Ժամանակին ինքն ու իր քենակալը հաճախ էին վիճում, ինչպես լինում է այդ կարգավիճակում գտնվող հայ տղամարդկանց հետ: Վեճի հարցերից մեկն էլ այն էր, թե ինչ կարծիք ունի նրանցից յուրաքանչյուրը ծնող-զավակ հարաբերությունների մասին: Նրա քենակալը գտնում էր, որ յուրաքանչյուր ոք նախ իր հարցերը, հոգսերը պետք է հոգա, հետո նոր մտածի դիմացինի մասին, եթե այդ դիմացինը նույնիսկ իր հարազատ զավակն է:


Վերջին տարիներին, երբ նրա զավակներն իրենց վերաբերվող հարցերում ավելի շատ էին ինքնուրույնություն ցուցաբերում, քան առաջ էր, ասել է թե՝ ավագների կարծիքը կամ չէին հարցնում, կամ էլ ուղղակի հաշվի չէին առնում, դժգոհում էր, հետին ժամանակով գտնում, որ իր երջանկահիշատակ քենակալը ճիշտ էր, երբ ասում էր՝ նախ մորթուս, հետո որդուս:


 Շատ էր սիրում սառը ջրով լվացվել: Դա անում էր օրական մի քանի անգամ: Սովորական լվացվել չէր, այլ մի ամբողջ արարողակարգ: Ծայրահեղ մաքրասեր էր: Կատակում էինք՝ Մաքսիմ Գրիգորիչը հնար ունենար՝ խմելու ջուրն էլ կլվանար:


Երազում էր հայրենի գյուղում, որ ձորից դուրս էր եկել, նոր, Հարթաշեն արհեստական անվան տակ միավորվել հարեւան բախտակից երկու գյուղի հետ, տուն կառուցել, այգի տնկել: Նախապատրաստել էր տան նախագծերը, որոշել, թե այգում ինչ ծառեր, թփեր է տնկելու: Բայց խորհրդային օրենքները, նրա բազում լավ արարքները վայելած չինովնիկների չկամությունն անկատար թողեցին նրա այդ երազանքը:

Գուցե այն իրականացնեն հայի բախտով օտար ափերում հայտնված նրա զավակները, երբ նորից տուն դառնան, իրար գլխի հավաքվեն:


Լավատես լինենք, կգա նաեւ այդ օրը եւ ոչ միայն նրանց համար…

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25