Մաքսիմ Հակոբյան. «Մի բան պիտի հիշենք՝ այսօրվա օրը, վաղվա օրն աշխատանքով է լինելու, ուրիշ ճանապարհ չկա»

08.08.2018 10:32
1495

(Հատվածներ Մաքսիմ Հակոբյանի հարցազրույցներից, հոդվածներից, ելույթներից)

  •  Ծնվել եմ բազմանդամ ընտանիքում, 1949 թվականին, տասը երեխա էինք: Հայրս ծնողներին շուտ էր կորցրել, երեւի դրա համար որոշել էր շատ երեխաներ ունենալ: Ծնվել էր քահանայի ընտանիքում:

Ավարտել եմ Լեռնաձորի 8-ամյան ու Քաջարանի միջնակարգը, ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը, ապա անմիջապես աշխատանքի անցել ԶՊՄԿ-ում, սկսել եմ էքսկավատորի մեքենավարի օգնականից, անցել եմ համարյա բոլոր աստիճաններով. հերթափոխի պետ, տեղամասի պետ, արտադրամասի գլխավոր ինժեներ, բաժնի պետ, կոմբինատի գլխավոր ինժեներ… 1998 թվականի մայիսից ղեկավարել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ:

… Ըստ էության բախտավորություն է եղել կոմբինատի համար, որ գրեթե ակունքներում ունեցել է այնպիսի մի ղեկավար, ինչպիսին Հմայակ Սահակյանն էր: Ճանաչողների խոսքից, վերաբերմունքից պարզ երեւում է, որ նրա անվան հետ պետք է կապել այսօր էլ այս մեծ ընտանիքի ներսում կենսունակ մնայուն արժեքների ամբողջ համակարգը: Ե՛վ տաղանդավոր կազմակերպիչ, ե՛ւ մեծ մարդ. այդպես կարելի է բնորոշել նրան: 

Ձեռնարկության ինքնահաստատումի ու ճանաչման շրջանը կապվում է Ֆրունզե Պետրոսյանի անվան հետ: Դեռեւս շատ երիտասարդ՝ ստանձնելով կոմբինատի ղեկը, նա իրեն դրսեւորել է որպես պետական մտածողությամբ օժտված մի անհատականություն, ով հետագայում զգալի ավանդ ունեցավ հատկապես ձեռնարկության պահպանման գործում:

Նույն այդ ընթացքում մի հատված տնօրեն աշխատեց Գեորգի Գասպարյանը, բայց հասցրեց ամուր հետք թողնել իր հետաքրքրական ծրագրերով: Մեծ ծրագրեր ուներ: Ցավոք, չհասցրեց…

Ռոմա Նավասարդյանի տնօրինության տարիները համընկում են այսպես կոչված հեղափոխության արդյունքում ստեղծված նոր տնտեսական հարաբերությունների շրջանին: Նա կարողացավ ճիշտ կողմնորոշվել, դրսեւորել իսկապես նոր մտածողություն ու նախանձելի կամք: Արդյունքում դրվեցին սկզբունքներ, որոնք դեռ երկար կաշխատեն: Նույն այդ սկզբունքների շնորհիվ էր նաեւ, որ ձեռնարկությունը պահպանվեց բառացիորեն ընդդեմ «ժամանակի թելադրանքի» եւ դեռ անխափան աշխատանքի նախադրյալներ ստեղծվեցին: 

… Այսօր կոմբինատը ներկայանում է իբրեւ մի տնտեսություն, որը մոտ 10000 մարդու աշխատանք է ապահովում (արբանյակ ձեռնարկությունների հետ միասին): Մենք ամսական մոտ 45 միլիոն դրամ ենք փոխանցում կենսաթոշակային հիմնադրամին: Պետության ամենախոշոր արտահանողներից ենք: Վերջնական արդյունքով արտահանվում է մեր ամբողջ արտադրանքը. 2001թ. թողարկել ենք 32 մլն դոլարին համարժեք արտադրանք: Ունենալով վերամշակող ձեռնարկություններ՝ այս թիվը կարող ենք բազմապատկել:Ներքին կոոպերացիայի միջոցով աշխատատեղեր ստեղծելու լայն հնարավորություններ ունի ձեռնարկությունը. միայն 2001-ին 15 հարակից ձեռնարկություն ենք ստեղծել, որտեղ արտադրվում են այնպիսի սարքավորումներ եւ նյութեր, որոնք միշտ ներկրվել են արտերկրից:

«Սյունյաց աշխարհ», N 12-13 (50-51), 30 մայիսի 2002թ.

  • 1989-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ուներ 1669 աշխատող, այսօր՝ 2360: 

Լուծում ենք սոցիալական բազմաթիվ հարցեր: Ձեռնարկությունն ունի երկու մանկապարտեզ, ուր հաճախում են 150 երեխա, Երեւանի «Էրեբունի», Քաջարանի, Կապանի հիվանդանոցների հետ ունենք պայմանագրեր կոմբինատի աշխատողների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաեւ կենսաթոշակառուների վիրահատություններն անվճար կատարելու համար: Ունենք սեփական մարզահամալիր, մշակույթի պալատ, հովանավորում ենք «Սյունիքի գանձեր» մանկապատանեկան ճամբարը:

Այս տարի 30 մլն ԱՄՆ դոլար է շրջանառվել հանրապետությունում՝ կոմբինատի խողովակով: Վերջին մի քանի ամսվա ընթացքում մոտ 60 մեքենա է ավելացել Քաջարանում … Այս թվերի տակ մարդկանց, ընտանիքների ճակատագրեր են, արտագաղթի կանխում է, հեռացածների վերադարձ է հայրենի օջախներ:

… Թող կոպիտ չհնչի. մեզանում ընդունված է «փող աշխատելու» գռեհիկ ձեւը՝ քանդելով, պարալիզելով, ավերելով, որը միայն անհատին է ձեռնտու, հասարակությանը՝ վնաս: Այնինչ՝ արտադրություն կազմակերպելով ե՛ւ անհատն է շահում, ե՛ւ ձեռնարկությունը, ե՛ւ՝ հասարակությունը: Կառուցելով ավելի շատ փող կարելի է աշխատել: Մեկը հինգ ծառ կտրելով է փող աշխատում, մյուսը՝ տասը ծառ տնկելով: Խնդիրն այս հոգեբանությունը հաղթահարելու մեջ է: 

… Հենվում ենք տեղական կադրերի վրա, օգտագործում՝ նրանց ուժը: Բայց դրանով չենք բավարարվում: Որպեսզի խզում չառաջանա, հոգում ենք նաեւ նոր կադրերի մասին: Մասնագետներ ենք ուղարկել արտերկիր՝ վերապատրաստման, Կապանի կրթահամալիրում անհատական պայմանագրով վերապատրաստում ենք հարստացնողի մասնագիտությամբ կադրեր…  

«Սյունյաց աշխարհ», N 5, 20 հոկտեմբերի  2000թ.

  • Սյունիք-Զանգեզուր աշխարհը միշտ եղել եւ մնում է հայոց անկախ պետականության պատվարը,  որովհետեւ մեր երկրամասը,  պայմանավորված աշխարհագրական դիրքով ու պատմության գրեթե բոլոր հանգրվաններում խաղացած դերով, միշտ էլ առավել սրությամբ է զգացել եւ զգում կայուն, հաստատուն ու հզոր պետության անհրաժեշտությունը:

«Սյունյաց երկիր», N3 (139), 5 փետրվարի 2008թ.

  • Հայոց կենաց ծառը մնայուն է եղել նախեւառաջ հոգեւոր-մշակութային արմատներով: Եվ Հայաստան երկիրը ֆիզիկական ու աշխարհագրական հասկացություն չէ լոկ, այլ՝ հոգու տարածություն:

«Սյունյաց երկիր», N22-23 (158-159), 27 օգոստոսի 2008թ.

  • Ճշմարիտ ապրել ոչ բոլորին է հաջողվում, իսկ այդպես ապրել պետք է:

… Յուրաքանչյուր մասնագետի մեջ գնահատում եմ արհեստավարժությունը: Հմուտ կոշկակարն ինձ համար հազար անգամ ավելի հարգելի է, քան այն պաշտոնյան, թեկուզ եւ բարձրաստիճան, ով իր տեղում չէ: Մարդն իր տեղում պիտի լինի:

… Մարդ որտեղ էլ լինի, ինչ պաշտոն էլ զբաղեցնի, իրեն վստահված գործը պիտի անի ուժերի առավելագույն չափով, նվիրումով, անկեղծությամբ: Եվ ամեն մարդ՝ անհատ, տնտեսական ղեկավար, թե քաղաքական գործիչ, պիտի կարողանա միայն իր մասին չմտածել, այլապես կգա մի ժամանակ, երբ ե՛ւ իրենից, ե՛ւ իր բռնած գործից կհիասթափվեն:

… Ինչի՞ է նման, որ մեր շրջապատում կան աձնավորություններ, որ չեն կարողանում բուժման գնալ կամ անապահով ընտանիքի ուսանողը չի կարողանում ուսումը շարունակել: Եթե այս հարցերը լուծելուն չես նպաստում, ինչպե՞ս կարող ես քեզ այս երկրի մասնիկը համարել:

«Սյունյաց երկիր», N7 (119), 20 ապրիլի 2007թ.

  • Հանքարդյունաբերության ոլորտում ամենաշահավետ տարբերակն արտադրության բոլոր գործընթացները մինչեւ վերջ հանրապետությունում կազմակերպելն է: Եթե վերջին տարիներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը մոլիբդենի խտանյութն ամբողջությամբ արդեն մշակում է Հայաստանում, պղնձի խտանյութը դեռեւս արտահանվում է: Եվ ահա այս հարցը լուծելու համար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պատրաստվում է պղնձի վերամշակման ձեռնարկություն հիմնադրել:

«Սյունյաց երկիր», N18 (154), 30 հունիսի 2008թ.

  • Մեր ժողովրդի բարոյական-քաղաքական-սոցիալական կացությունը, ներդաշնակ գոյատեւումն ուղղակիորեն կախված է ընտանիքից, որում անգերազանցելի է կնոջ դերը: Անիրական կլինի խոսել ընտանիքի ամրապնդման, աճող սերնդի դաստիարակության մասին՝ մայրության եւ կանանց հարցերին չդարձնելով պատշաճ ուշադրություն:

…Մեր մայրերը, իբրեւ հայ օջախի ու ազգային նկարագրի պահապաններ, բացառիկ առաքելություն ունեն աճող սերնդի մոտ մեր ավանդույթները, բարքերը, արժեքային ամբողջ համակարգը պահպանելու եւ ամրապնդելու ճանապարհին, ինչը, անտարակույս, նաեւ իշխանության առաջնահերթ խնդիրն է:

«Սյունյաց երկիր», N5 (117), 31 մարտի 2007թ.

  • Մենք կարեւոր խնդիր ունենք: Դա Սյունիքի մարզի հետագա ամրապնդումն է: Եվ Սյունիքը պետք է ամրապնդվի ոչ միայն այն պատճառով, որ հանրապետության հարավ-արեւելյան սահմանն է, թեպետ դա շատ կարեւոր ու անքննելի հանգամանք է: Մարզը բոլոր հիմքերն ունի դառնալու ավելի գրավիչ միջավայր ե՛ւ ապրելու, ե՛ւ արարելու ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Տարածաշրջանը բոլոր հիմքերն ունի մոտակա տարիներին հաղթահարելու ե՛ւ գործազրկության, ե՛ւ աղքատության ներկա մակարդակը, որ մտահոգիչ է:

«Սյունյաց երկիր», N21 (112), 30 դեկտեմբերի 2007թ.

  • Հանքարդյունաբերության մեջ գլխավոր չափորոշիչը, կարծում եմ, բնապահպանական նորմերի պահպանումն է. բնօգտագործման ընթացքում չպետք է վնասել բնությունը: Եվ եթե չունեցար արդյունահանման, վերամշակման, պոչերի ամբարման, շրջակա միջավայրի պահպանության արդիական տեխնոլոգիաներ, լուրջ տեխնածին հիմնախնդիրներ կառաջանան:

«Սյունյաց երկիր», N2 (93), 26 հունվարի 2006թ.

  • Անընդհատ ժխտելու, ամեն ինչ մերժելու ճանապարհը չէ այն ուղին, որ երկիրը կտանի հզորացման, բարգավաճման, ժողովրդավարական արժեքների արմատավորման: Մեր այսօրվա համար, մեր ապագայի համար յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության չափը, անելիքների մեր բաժինը: Տունը, որ Հայաստան է կոչվում, բոլորինս է, եւ յուրաքանչյուրս պիտի տեր կանգնեք մեր բաժին պատասխանատվությանը: Մի բան պիտի հիշենք՝ այսօրվա օրը, վաղվա օրն աշխատանքով է լինելու, ուրիշ ճանապարհ չկա: Հայաստանը կերտվելու, դրվագվելու է յուրաքանչյուրիս աշխատանքով:

«Սյունյաց երկիր», N1 (92), 3 հունվարի 2006թ.

  • Ի՞նչ կարող է ակնկալել ամեն մի մարդ նոր տարուց. նախեւառաջ նորացված Հույս, նորացված Հավատ՝ գալիքի հանդեպ, երկրի ու նրա բռնած ճանապարհի հանդեպ, Սեր՝ իր հանդեպ, միմյանց հանդեպ, Համերաշխություն, Խաղաղություն, Միաբանություն մեր պետականության շուրջ, Երջանկություն:

«Սյունյաց երկիր», N1-2 (50-51), 1 հունվարի 2005թ.

  • Մի ճշմարտություն կա՝ մեր պատմության ընթացքում ավելի շատ գրի հաղթանակ ենք ունեցել, լույսի հաղթանակ: Զենքի հաղթանակներն անգամ դրանով էին պայմանավորված: Այսօր էլ պիտի ընտրել այնպիսի ճանապարհ, որ խոսքը, լուսավորությունը, հրապարակայնությունն ու բազմակարծությունը նպաստեն մեր պետության բարգավաճմանը, երկրի տնտեսական ուժի ռացիոնալ օգտագործմանը, արարումի ոգու պահպանմանը:

…Ստեղծելը, կառուցելը մարդու ամենավեհ հատկանիշներն են: Շատ ավելի գնահատելի է, երբ մարդիկ կերտում են մտքի ու լույսի տաճար, հոգեւոր օջախ: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական կազմին ինչքանով հաջողվեց կատարել սքանչելի այդ առաքելությունը: Սակայն, հավատացեք, դա միայն թերթի խմբագրակազմի խնդիրը չպիտի համարել: Առանց ընթերցողի պահանջկոտ ու հավատավոր կեցվածքի, առանց հասարակության ջերմության ու հոգատարության չի կարող թերթը դառնալ յուրաքանչյուր սյունեցու ճշմարտախոս քիմքն ու ցանկալի զրուցակիցը, չի կարող լինել հոգեւոր Սյունիքի էական մաս, չի կարող լինել մարզի հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային կյանքի հայելին:

«Սյունյաց երկիր», N1 (1), 1 հոկտեմբերի 2003թ.

  • Մեր գերդաստանն իր մեջ շատ ավանդույթներ ունի պահած: Դրանցից մեկը սեփական քրտինքին ապավինելն է: Մյուսը՝ հարգանքն է եղել ու կա մարդկանց նկատմամբ, հակումը՝ բարության հանդեպ:

…Մեր կյանքի խոցերից մեկը եղել ու մնում է գաղափարի ու իրական կյանքի անհաշտությունը, ծրագրի ու նրա գործադրության տարբերությունը: Դրա վերացմանը, կարծում եմ, կնպաստի գիտելիքի ու աշխատանքային փորձի մեկտեղումը:

…Առհասարակ քիչ սրբություններ չունի մարդ արարածը: Դրանցից մեկը, անկասկած, Հայրենիքն է, որ սկսվում է հայրենի գյուղից, քաղաքից, երկրամասից:

…Ինչո՞ւ չխոստովանել՝ մեզանում, նաեւ քաղաքականության մեջ կա աստիճանական սերնդափոխության կարիք:

«Սյունյաց երկիր», N16-17 (24-25), 15 մայիսի 2004թ.

  • Մեղրին հայրենիք է մեզ համար, իսկ Ագարակի կոմբինատն այն կենարար երակն է, որ կամրապնդի այդ տարածաշրջանը:

«Սյունյաց երկիր», N40-41 (48-49), 10 դեկտեմբերի 2004թ

Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանն այցելել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի Գալիլեյ լիցեյ

14.11.2024 11:31

Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար

14.11.2024 10:33

Սյունիքով անցնող մայրուղու նոր հատվածը կբացվի առաջիկա օրերին. նախարար

13.11.2024 23:06

«Բարի գալուստ, բարի վերադարձ». Բայդենը՝ Թրամփին

13.11.2024 21:46

COP29-ին մասնակից երկրներից որևիցե մեկը չի անդրադառնում Բաքվում գտնվող հայերին․ Մանե Թանդիլյան

13.11.2024 21:44

Թուրքիան խզում է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ․ Էրդողան

13.11.2024 21:38

2023-ին կողմերը մոտ էին ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշմամբ ՀՀ-ն սառեցրեց մասնակցությունը եռակողմ ձևաչափերում. Զախարովա

13.11.2024 21:05

Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին. ՊՆ

13.11.2024 20:57

ՀՀ որևէ պաշտոնյա Բաքվում անցկացվող COP29-ին մասնակցելու համար չի գրանցվել․ Միրզոյան

13.11.2024 19:00

Տաթևի ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ. մեկ օր այն փակ կլինի

13.11.2024 18:41

Ռազմական ճանապարհով օկուպացված տարածքների հարցը լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան

13.11.2024 18:35

ՀՀ Սահմանադրության տեքստը ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի որևէ դրույթ չի պարունակում. վարչապետ

13.11.2024 18:28