Մարտական օդաչուն` Նորաշենիկից

08.05.2020 11:31
963

Կոլտնտեսական, պարզ ու շիտակ մարդ էր Սարգիս Մարտիրոսյանը` Կապանի Նորաշենիկ գյուղից, ով մարտի դաշտ ճամփեց չորս զավակին։ Նրանցից երեքը` Արգամը, Կամսարը, Արմիկը, չտեսան մեծ հաղթանակի օրը։ Որդիներից մեկը զոհվեց ֆիննական պատերազմում, երկուսը` Մեծ հայրենականի ռազմադաշտերում։ Միայն Շմավոն որդուն էր բախտ վիճակվել մասնակցել երկրորդ աշխարհամարտին` սկզբից մինչեւ ավարտ` անցնելով փորձությունների երկար ու դժվարին ճանապարհով։

Մեծ հայրենականի վետերանը հետո խոստովանել է. «Եթե հետեւակում ծառայեի, ես էլ ողջ չէի մնա»։ Իսկ ի՞նչ զորքում է ծառայել պատերազմի քառուղիներով անցած մարդը։

1930-ականների «Դեպի ավիացիա» կուսակցության կոչով գնացել է Երեւան` ավիաակումբում սովորելու, իսկ երբ զորակոչվեց գործող բանակ, ընդունվեց Վորոշիլովգրադի (Լուգանսկ) ռազմաօդաչուական ուսումնարանը, նրա հետ սովորում էր ապագա տիեզերագնաց Գեորգի Բերեգովոյը։ Ուսումնարանի ընկերներից ոմանք հետո դարձան մարտական ընկերներ ռազմի դաշտում։ Երբ  պայթել է մեծ Հայրենականը, օդաչու Շմավոն Մարտիրոսյանը պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է հայրենիքի պաշտպանության կռիվներին, ավելի ստույգ` 1937-ից մինչեւ 1946-ը գործող բանակում է եղել։ Մարտական առաջին թռիչքը կատարել է 1941-ի հուլիսի 4-ին։ Նախ «ՍՈՒ-2» ռմբակոծիչով էր մարտական առաջադրանքներ կատարում, այնուհետեւ` կարճատեւ դասընթացներում տիրապետեց «Իլ-2» մարտական ինքնաթիռին։ Այս մեկն իր տեխնիկատակտիկական ցուցանիշներով առավել քան տարբերվում էր իր նախորդից (Սու-2), ինչի շնորհիվ օդային գերակշռություն ստացան գերմանացիների հանդեպ։ Նախ պարզապես օդաչու էր, հետո` ավագ օդաչու, այնուհետեւ ավիաօղակի հրամանատար։

Հոր մարտական ուղու մասին պատմում է միջնեկ որդին` Վլադիկ Մարտիրոսյանը, ով խմբագրություն էր եկել փաստաթղթերի հարուստ պաշարով. Շմավոն Մարտիրոսյանի մասին պատմող հրապարակումներ, պատերազմական տարիների` թանգարանային արժեք ունեցող լուսանկարներ, նաեւ գործողության քարտեզներ (պլանշետներ)` կարմիր մատիտով նշումներով, որից հայտնի է դառնում, որ օդաչուն մարտնչել է Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի երկնքում։

Մեզ տրամադրված արխիվային նյութերից տեղեկանում ենք, որ Մարտիրոսյանը մարտնչել է 2-րդ օդային բանակի հինգերորդ կորպուսի 264-րդ Գրոհային ավիացիոն դիվիզիայի 451-րդ եւ 809-րդ գնդերում եւ մասնակցել օդային մարտերին Հարավ-արեւմտյան, Կալինինի, Վորոնեժի առաջին եւ երկրորդ Ուկրաինական ռազմաճակատներում, այնուհետեւ` Արեւելյան Եվրոպայի` ընդհուպ մինչեւ Գերմանիայի համար մղված մարտերին։ Ընդ որում` ավիացիոն կորպուսը, որի կազմում մարտնչում էր կապանցին, 1942-1943 թթ. մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը։

Օդաչուի մարտական սխրանքներից ներկայացնենք հետեւյալ դրվագը, որի մասին պատմում եմ արխիվային փաստաթղթերը, ավելի ստույգ` գրոհային օդաչուի պարգեւատրման թերթիկում այդ մասին նշել են նրա հրամանատարները։ 1943 թ. օգոստոսի 3-ին Տոմարովկայի շրջանում (Բելգորոդի մարզ) լեյտենանտ Շմավոն Մարտիրոսյանը գրոհում է հակառակորդի մոտոմեքենայացված տեխնիկան եւ հետեւակը։ Մարտական առաջադրանքը լիովին կատարելուց հետո «Իլ-2» գրոհիչ ինքնաթիռով վերադառնում էր օդանավակայան, երբ նրա վրա հարձակվեցին հակառակորդի «Ֆոկկե-վուլֆ-190» մակնիշի երկու կործանիչ։ Խիզախ օդաչուն նրանց հետ անհավասար մենամարտի է բռնվում։ Հմուտ խուսանավումներ կատարելով, հնարավորություն է տալիս իր օդային հրաձիգին դիպուկ կրակ վարել եւ հետ մղել թշնամու կործանիչների բոլոր գրոհները։ Օդային այդ մարտում Մարտիրոսյանի ինքնաթիռը ստացել էր 92 վնասվածք։ Չնայած դրան` հմուտ օդաչուն կարողացավ մարտական մեքենան հասցնել օդանավակայան եւ անփորձանք վայրէջք կատարել։ Օդում ինչե`ր ասես, որ չի պատահում. երեք անգամ կատապուլտով թռել է, երկու անգամ հարկադրական վայրէջք է կատարել, մի անգամ բաց դաշտում, մի անգամ էլ` շարժիչի անսարքության պատճառով կարողացել է ինքնաթիռը հասցնել ավիագնդի իրենց օդանավակայանը,  գիշերային թռիչքներ է կատարել` հետախուզման, գիշերային ռմբակոծիչով էլ է թռիչքներ կատարել։ Մի անգամ էլ իր հետ եղող ռադիստ-հրաձիգն է զոհվել...

Իր անձնակազմով Շմավոն Մարտիրոսյանը կատարել է 199 մարտական թռիչք։

Գնդի հրամանատար, մայոր Մոսկովինի, դիվիզիայի հրամանատար, փոխգնդապետ Կլաբուկովի եւ 5-րդ գրոհային ավիացիոն կորպուսի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, ավիացիայի գեներալ-մայոր Կամանինի վկայությամբ` Մարտիրոսյանը մարտերում ոչնչացրել է հակառակորդի 18 տանկ, 15 ավտոմեքենա, ականանետային հինգ մարտկոց, 180-ից ավելի զինվոր ու սպա։ Պարգեւատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով՝ 1943 թ. օգոստոսի 6-ին Տոմարովկայի շրջանում գործած խիզախության համար, որի մասին նշվեց վերեւում: Նույն թվականին  այլ մարտերում դրսեւորած արիության համար արժանացավ «Կարմիր դրոշի» շքանշանի։ Պարգեւատրվել է նաեւ «Վիեննայի գրավման համար», «Բուդապեշտի գրավման համար» եւ այլ մեդալներով։

Շմավոն Մարտիրոսյանը (ձախից՝ առաջինը) առաջադրանքը կատարելուց հետո մարտական ընկերների հետ, 1942 թ., 13 դեկտեմբերի

Իր բաժին պատերազմն ավարտելուց հետո աշխատել է Արտաշատի մետաքսի կոմբինատի տնօրեն, այնուհետեւ` մոտ 20 տարի (1948-1967 թթ.) Կապանի օդանավակայանի տնօրեն։ Պատերազմի դաշտում ձեռք բերած փորձն ու հմտությունը, ինչպես նաեւ մարդկային որակները` (պարկեշտություն, անկեղծ հարգանք մեծի ու փոքրի հանդեպ, սկզբունքայնություն) նպաստեցին, որ լավագույնս կազմակերպի Կապանի օդանավակայանի աշխատանքները։ Երբեմն էլ, երեւի մտաբերելով պատերազմական տարիների մարտական թռիչքները, ինքնաթիռի խցիկ էր մտնում, կարճատեւ թռիչքներ կատարում Կապանի երկնքում։ Արդեն խաղաղ պայմաններում  վերապատրաստման դասընթացներ է անցել Ուլյանովսկում, թարմացրել եւ ավելացրել ավիացիային առնչվող գիտելիքները։ Արժանացել էր «ԽՍՀՄ օդային նավատորմի գերազանցիկ» կրծքանշանի, քաղաքացիական ավիացիայի մատուցած ծառայությունների համար` պարգեւատրվել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։

Պատերազմը նաեւ մարտական ընկերներ պարգեւեց. Ռազմաօդաչուական ուսումնարանում սովորելիս առաջին իսկ օրվանից մտերմացավ Վիկտոր Կոլյադինի հետ (ծագումով` Դոնբասից)։ Ավարտելով ուսումնարանը` միասին մեկնեցին ռազմաճակատ։ Մեկ անգամ չէ, որ օդային մարտի ժամանակ նեցուկ են եղել իրար, փրկել միմյանց կյանքը։ Ստացվեց այնպես, որ բաժանվեցին իրարից. տարբեր ռազմաճակատներում էին, բայց եղբայրությունն ու բարեկամությունը շարունակում էին։ Շմավոնը Վիկտորից կարճ հաղորդումներ էր ստանում. «20-րդ ֆաշիստական ինքնաթիռը վայր գցեցի,  չորրորդ «Կարմիր դրոշի» շքանշանը ստացա, իմացա, որ պարգեւատրվել ես «Կարմիր դրոշի» շքանշանով, շնորհավորում եմ...»։

Եթե պատերազմից հետո Շմավոն Մարտիրոսյանը վերադարձավ հայրենի Կապան, Վիկտորը որոշեց մնալ բանակում, հիմնավորապես զբաղվել ռազմաօդային գործի ուսումնասիրությամբ, ավարտեց ռազմաօդային ուժերի ակադեմիան, ԽՍՀՄ զինված ուժերի Գերագույն շտաբի ակադեմիան, արժանացավ Խորհրդային Միության վաստակավոր օդաչուի կոչման, նրա կրծքին փայլում էր Խորհրդային Միության հերոսի ոսկե աստղը...

Երկար որոնումներից հետո երջանիկ մի դիպվածով հաջողվեց գտնել Շմավոնին, եւ նախկին ճակատային ընկերները հանդիպեցին նախ` Բաքվում, որտեղ զինվորական բարձր պաշտոն էր զբաղեցնում Կոլյադինը (Անդրկովկասյան զինվորական օկրուգի հակաօդային պաշտպանության հրամանատար էր), հետո` հանդիպում եղավ Կապանում։ Շատ բան ունեին հիշելու զինակից ընկերները։ Պատերազմական օրերի հիշողությունները երբեմն ուղեկցվում էին արցունքներով։ Կոլյադինն ու Մարտիրոսյանը Կապանի մշակույթի պալատում քաղաքի հասարակության առջեւ հանդես եկան հուշերով, ներկայացրին երկրորդ աշխարհամարտի օրերի հետաքրքրական եւ անմոռաց դրվագներ։

Շմավոն Մարտիրոսյանը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 1985 թվականին։

…Մեծ հաղթանակից մեզ 75 տարի է արդեն բաժանում։ Թեպետ կորոնավիրուսի տարածման հարուցած դժվարություններին` տոնը մնում տոն, եւ հավուր պատշաճի այն պիտի նշվի։ Այս տոնը հուզմունքով էին նշում նախկին ճակատայինները, ովքեր այժմ չկան։ Վլադիկ Մարտիրոսյանը հիշում է, որ մայիսի 9-ին հայրը, արցունքն աչքերին էր մտաբերում զինակից ընկերներին, հատկապես` այն սկսնակ օդաչուներին, որոնց առաջին մարտական թռիչքը վերջինը եղավ...

 

Վահրամ Օրբելյան

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25