Մարզական Գորիս. ֆուտբոլ. հետադարձ հայացք

23.01.2024 15:34
413

Խերունց-Իվանյան Իվան: Հեղինակ է «Մարզական տարեգրություն» գրքի: ՀՀ վաստակավոր մարզիչը գրքի երեք հատորում ամփոփում է Զանգեզուրի, Արցախի և Վայոց ձորի մարզական պատմությունը` սկսած 1920-ական թվականներից: Իվան Խերունց-Իվանյանը ծնվել է 1922թ. Գորիս քաղաքում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1960 թ.): 17 տարի աշխատել է Գորիսի ֆիզկուլտուրայի շրջանային կոմիտեի նախագահ: Եղել է հիանալի մարզիկ, հանրապետական առաջնություններին մասնակցել է մի շարք մարզաձևերից:

Ստորև ներկայացվող հոդվածը մի հատված է 1-ին հատորից:

***

Ֆուտբոլը Զանգեզուրի գավառի կենտրոն մուտք է գործել մինչև հեղափոխությունը։ Նույնը կարելի է ասել նաև Կապանի մասին, որն արդյունաբերական զարգացած շրջան էր։

Գավառի մյուս շրջկենտրոններում՝ Մեղրի, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր՝ մի քանի տարի ուշ։

Ֆուտբոլը մոլորակի վրա առաջին անգամ ձևավորվեց Անգլիայում, այնուհետև բուռն թափով զարգացավ Եվրոպական և Հարավամերիկյան մի շարք առաջադեմ երկրներում։

Մի քանի տարի առաջ Լոնդոնում նշվեց մարզաձևի ծննդյան 100-ամյակը, որտեղ հարյուր-հազարավոր մարզասերների առաջ հանդիպեցին ֆուտբոլի աշխարհի և Անգլիայի հավաքականները։

Աշխարհի հավաքականի դարպասապահը Լև Յաշինն էր /ԽՍՀՄ-ից/։

Աշխարհի զարգացած շատ պետությունների կառավարություններ լուրջ ուշադրություն են դարձնում և զգալի միջոցներ տրամադրում ֆուտբոլին։ Այսպես, օրինակ, Բրազիլիայի «Մարականա» մարզադաշտում ֆուտբոլի մրցախաղ լինելու դեպքում պառլամենտի կամ կառավարության նիստը հետաձգվում է, իսկ անդամները մեկնում են խաղը դիտելու։

Մեր հայրենակից Ակսել Բակունցի եղբայր Վահան Բակունցն իր հուշերում գրում է. «Գորիսի մի քանի հարուստների տղաներ փող են հավաքել, ուղարկել Թբիլիսի, թոփ առել, բերել Գորիսի բուլվարումը քցըքացի արել»: Դա 1910-15 թվականներին էր։

Գորիս քաղաքի այգու հարավային մասի ազատ տարածությունում որոշ աշխատանքներ կատարելով` պատրաստում են ֆուտբոլի, վոլեյբոլի, թեթևատլետիկայի հրապարակներ և սկսում մարզումները։ Ժամանակաշրջանն այնպիսին էր, որ Գորիսում չկային խոշոր ձեռնարկություններ, կազմակերպություններ ու ֆաբրիկաներ, որտեղ կազմավորվեին սպորտային ընկերություններ և թիմեր։

Գորիսի ֆուտբոլիստներն ինքնամարզումներ էին կատարում, ով ինչպես կարող էր։ Չկային կանոններ, գրականություն՝ խաղացողների տեխնիկատակտիկական կարողությունները մշակելու, բարելավելու համար։ Իսկ տրանսպորտի ու փոխադրամիջոցների մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Տրակտորը նոր էր մուտք գործել շրջան։

Գորիսի ղեկավարությունը Կապանի ընկերների հետ հեռախոսով բանակցություններ վարեց ֆուտբոլի ընկերական հանդիպում անցկացնելու համար։ Համաձայնվեցին հանդիպումն անցկացնել Կապանում՝ 1930թ. սեպտեմբերին։ Գորիսի ղեկավարությունը թիմին հատկացնում է մեկ տրակտոր՝ որպես փոխադրամիջոց:

Մեր ֆուտբոլիստները տրակտորով մեկնում են Կապան, խաղում և հետ վերադառնում։ Մասնակիցներից ողջ մնացածները պատմում են, որ Կապանի ֆուտբոլի դաշտը գտնվում էր Օխչի գետի ափին, ավելի հարմար տեղ չկար, խաղի ժամանակ գնդակը հաճախակի ընկնում էր գետը, դրա համար հատուկ նշանակված սպաները մինչև գնդակը ջրից հանում-բերում էին, ժամանակ էր կորչում, տաք խաղը սառչում էր։

Ճիշտ է, մարզասերները գետափին շղթա էին կազմում` գնդակը պաշտպանելու, բայց բարձր գնդակները միշտ ջուրն էին ընկնում, և դրանց «մեղավորները» հիմնականում պաշտպաններն էին։

Դա առաջին ֆուտբոլային մրցույթն էր Զանգեզուրի գավառի սպորտային պատմության մեջ։

Թիմը մարզումներ էր կատարում, բարելավում իր կարողությունները և ցանկություն ուներ հանդիպելու ավելի ուժեղ թիմերի հետ։

Հանրապետության մայրաքաղաք Երևանում, Գյումրիում և Ղարաքիլիսայում կային սպորտային ընկերություններ և ֆուտբոլային թիմեր՝ «Կոլոս», «Սպարտակ» և այլն։

Շրջանի ղեկավարությունը Երևանի ընկերների հետ պայմանավորվեց ֆուտբոլի ընկերական հանդիպում անցկացնել մայրաքաղաքում։

1939 թ. օգոստոս ամսին Գորիսի ֆուտբոլիստները պետք է Երևան մեկնեին երկու երթուղով։ Առաջին երթուղով թիմի հիմնական կազմը հետիոտն պետք է մեկներ Նախիջևան, այնտեղից գնացքով` Երևան։

Երկրորդ երթուղով Գորիս քաղաքի լավագույն հեծանվորդները և այն ֆուտբոլիստները, որոնք ունեին հեծանիվներ, պետք է Երևան հասնեին հեծանիվներով։

Առաջին երթուղին ղեկավարում էր Միքայել Բաղրամյանը, իսկ երկրորդը՝ ռադիոհանգույցի Համոն, նրա հետ՝ ֆուտբոլիստ հեծանվորդներ Գրիգոր Մանուչարյանը, Հակոբ Միրաքյանը, Ռաֆիկ Միրաքյանը և այլք։

Երրորդ օրը երկու երթուղիների մարզիկները հասնում են Երևան, հաջորդ օրը մասնակցում մրցումներին և նույն կարգով վերադառնում։

Այստեղ խաղը շահելու-պարտվելու մեջ չէր, այլ խաղացողների իղձերի իրականացումը, դժվարությունները հաղթահարելու, հակառակորդից տեխնիկա, տակտիկական նոր հնարքներ սովորելու, փորձ ձեռք բերելու նպատակը։

Ցանկանում եմ նշել նրանց անունները, ովքեր մասնակցել են երևանյան այդ խաղին` Հովակիմյան Արտավազդ Գևորգի, Ասլանյան Արտավազդ Ղազարի, Մանուչարյան Գրիգոր Մանուչարի, Խուրշուդյան Վաղարշակ Առաքելի, Յոլյան Միշա Աղալոյի, Գիչունց Ցական Եգորի, Օհանյան Համո Կարապետի, Կարապետյան Գուրգեն Սարգսի, Բաղրամյան Միքայել Ավանեսի, Բաղրամյան Ներսիկ Ավանեսի, Գրիգորյան Մուշեղ Բոզիի, Շահգելդյան Արամ Ղուկասի, Խերունց Արտաշես Վաղարշակի, Միրաքյան Հակոբ Մնացականի, Ղազարյան Համո, Բժիշկ Ներսիկ, Հայրապետյան Իշխան:

Վերը նշված մարզիկներից շատերը մեկնեցին պատերազմ, քչերը վերադարձան, մյուսներն իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին։

Մեր փողոցի պատանիներս մանկուց հետևում էինք մեծերի օրինակին, մարզվում, որոշ դեպքերում խաղում նրանց հետ, մրցում փողոցային թիմերի հետ, հետագայում արդեն հանդես եկանք դպրոցական թիմերում։

Լավ հիշում եմ՝ երբ տարիներ առաջ Ստեփանակերտի և Կապանի ֆուտբոլի հավաքականները գալիս էին Գորիս ընկերական հանդիպումների, որոշ խաղացողների անուններն ու մականունները մինչև այժմ չեն մոռացվել՝ Կապանից «շեկո» Եղիշն ու «էշի» բժիշկը, Ստեփանակերտից երկու վարորդ եղբայրները, որոնք հագնում էին միատեսակ երկարաճիտ կոշիկներ, սև գույնի կաշվե համազգեստ, խաղում էին հարձակման աջ և ձախ եզրերում։

Մինչև 1940-41 թվականները չկային հանրապետության օրացուցային առաջնություններ և գավաթային մրցումներ, և մեր հավաքականը տարեկան մեկ-երկու ընկերական հանդիպումներ էր անցկացնում Կապանի, Ղարաբաղի թիմերի հետ։ Դա շատ քիչ էր, չէին բավարարում մարզիկների լիարժեք պահանջները, իսկ տեղում չկային այլ թիմեր հանդիպումների համար։

Գորիսում ֆուտբոլի զարգացմանը նպաստեցին երեսնական թվականների սկզբին բացված գյուղատնտեսական տեխնիկումը, քույրական, հետագայում նաև՝ մանկավարժական ուսումնարանները։ Տեխնիկումում և ուսումնարաններում սովորելու գալիս էին ոչ միայն Գորիսից, այլ նաև հանրապետության տարբեր շրջաններից՝ Արարատից, Արտաշատից, Եղեգնաձորից, Վայքից, Մեղրուց, Սիսիանից և Լեռնային Ղարաբաղի մարզից։

Այդ ուսումնական հաստատությունների սովորող երիտասարդության մեջ սեր առաջացավ դեպի ֆիզկուլտուրան և սպորտը, մասնավորապես ֆուտբոլը։ Եվ կարճ ժամանակում արդեն երեք ուսումնական հաստատություններում՝ առաջին միջնակարգում, մանկավարժական ուսումնարանում և գյուղատնտեսական տեխնիկումում, ստեղծվեցին ֆուտբոլի թիմեր։ Հավաքականի և նորաստեղծ այդ երեք թիմերի միջև անց էին կացվում մրցումներ և ընկերական հանդիպումներ։ Դրանց լավագույն խաղացողները համալրեցին շրջանի հավաքականը։

Մինչ 1941 թվականը խաղացին և Գորիսի սպորտային պատիվը բարձր պահեցին հետևյալ ֆուտբոլիստները՝ Մարդյան ժորա, Հովհաննիսյան Մեսրոպ, Բալասանյան Վազգեն, Խշտոյան Վազգեն, Աբրահամյան Արամ, Տոռոզյան Արամ, նկարիչ Աշոտ, Մկրտչյան Խաչիկ, Կարապետյան Գրիգոր, Դադալյան Արշավիր, Յոլյան Գուրգեն, Միրաքյան Գուրգեն, Մինասյան Սաշիկ, Բաղրամյան Վարդան, Խանզադյան Պետրոս, Գրիգոր Մանուչարյան, Վաղարշակ Խուրշուդյան, Ցական Գիչունց, Միքայել Բաղրամյան, Գուրգեն Կարապետյան, Մուշեղ Գրիգորյան և ուրիշներ։

Ութից տասներորդ դասարանի աշակերտներ էինք, խաղում էինք դպրոցի հավաքականում, հաճախակի մրցում գյուղտեխնիկումի և մանկուսումնարանի ֆուտբոլի թիմերի հետ։ Տեխնիկումում և միջնակարգ դպրոցում կային շնորհալի լավ պատանիներ, որոնք հետագայում կդառնային անվանի ֆուտբոլիստներ, բայց պատերազմը խանգարեց, նրանց իղձերը չիրականացան, շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին։ Նրանցից են` եղբայրներ Շահեն և Բենիկ Մինասյանները, Վազգեն Բոլյանը, Երեմ Շալունցը, Գուրգեն Կարապետյանը, Ռուբիկ Դոլունցը, Ցական Գիչունցը, Գրիգոր Մանուչարյանը, Միքայել Բաղրամյանը, Արամ Տոռոզյանը, Խաչիկ Մկրտչյանը և շատ ուրիշներ։

Այստեղ պարտքս եմ համարում մեկ անգամ ևս հիշել այն ժամանակվա ֆիզկուլտուրայի ու սպորտի գործերի կոմիտեի նախագահին և միջնակարգ դպրոցի իմ ֆիզկուլտուրայի դասատու, մարզիչ Գրիգոր Մանուչարյանին, իմ երախտագիտության խոսքն ասել, ճերմակած գլուխս խոնարհել օտար հողերում մնացած նրանց անհայտ գերեզմաններին։

Հավանական է՝ իմ զոհված ուսուցիչների նվիրված աշխատանքի արդյունքն էր, որ ես ծանր վիրավոր կենդանի մնացի այդ արհավիրքից, և այս հուշերը նվիրում եմ նրանց:

1940 թվականի ամռանը Գորիսի ֆուտբոլի հավաքականը, համալրված շնորհալի նոր երիտասարդ խաղացողներով, մեկնեց Կիրովական` ընկերական հանդիպման։ Մեր ֆուտբոլիստները հաղթեցին 2:1 հաշվով։ Խաղին մասնակցում էին պատանի ֆուտբոլիստներ Սուրիկ Յոլյանը, Գրիշա Յոլյանը, Կոլյա Արզումանյանը։

Գրիշա Յոլյանը մեկնեց հայրենիքը պաշտպանելու, բարեհաջող վերադարձավ, ավարտեց գյուղինստիտուտի մեխբաժինը, պաշտպանեց գիտական թեզ, երկար տարիներ աշխատեց նույն ինստիտուտում։

Սուրիկ Յոլյանն իմ մանկության և պատանեկության տարիների ընկերներից է։ Ավարտել է բժշկական ինստիտուտը, դարձել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբանական ինստիտուտի կարդիոլոգիայի բաժնի վարիչ։ Նրա որդի Լևոն Յոլյանը շախմատի գծով սպորտի վարպետ է, բազում հաղթանակներ է ունեցել հանրապետական, միջազգային մրցումներում։

1941 թ. հունիսի 20-ին հանձնեցինք միջնակարգ դպրոցի վերջին ավարտական քննությունները, 22-ի կիրակի առավոտյան սկսվեց պատերազմը, ողջ երիտասարդությունը, մարզիկները, տասներորդ դասարանն ավարտած պատանիներս, ավարտական ատեստատներ դեռ չստացած, մեկնեցինք պատերազմ։

Պատերազմը վերջացավ։

Այժմ անհրաժեշտ էր վերականգնել կործանված քաղաքներն ու գյուղերը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթն ու մարզական կյանքը, սովորել, մարզվել, հաղթել հակառակորդին, հաճույք և հանգիստ պարգևել մարզասերներին։

Հրաշքով տուն վերադարձած ավագ սերնդի քիչ թվով մարզիկներ՝ տողերիս հեղինակը, Վաղարշակ Խուրշուդյանը, Մուշեղ Գրիգորյանը, Արտաշես Խերունցը, Իշխան Հայրապետյանը, Մեսրոպ Հովհաննիսյանը, Ժորա Մարդյանը, Վազգեն Խշտոյանը, Սաշիկ Մինասյանը, Սերյոժա Միրզաթունյանն իրենց շուրջը համախմբեցին շնորհալի, երիտասարդ նոր խաղացողների, որոնք երկար տարիներ խաղացին Գորիսի հավաքականում և շատ հաղթանակներ պարգևեցին շրջանի աշխատավորությանն ու մարզասերներին։

Ահա նրանք՝ Շալունց Բաբկեն, Հայրապետյան Սաշիկ, Տատինցյան Էդիկ, Բաղդագյուլյան Միշա, Քոլյան Գառնիկ, Գալստյան Հարություն, Դարբին Վարդան, Մինասյան Գագիկ, Թրվանց Ժորա, Բեգլարյան Լևիկ։ Այս նոր, հետպատերազմյան հավաքականը շատ լուրջ հայտ ներկայացրեց հանրապետության մյուս շրջանների, հատկապես Զանգեզուրի փնջի, նաև Լեռնային Ղարաբաղի մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ֆուտբոլի հավաքականներին։ Որպես Գորիսի ֆիզկուլտուրայի և սպորտի գործերի կոմիտեի նախագահ` ես իմ ուժերն ու եռանդը ներդրեցի ֆիզկուլտ աշխատանքների կազմակերպմանն ու բարելավմանը շրջանում և կոմերիտականների, ֆիզկուլտուրնիկների միջոցով հնարավորինս վերանորոգեցինք ֆուտբոլի դաշտն ու մյուս սպորտհրապարակները։

«Մարզական տարեգրություն»,

1-ին գիրք, 1999 թ.

 

 

 

Կապան համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելություն էր

04.10.2024 23:49

Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

04.10.2024 21:29

Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ

04.10.2024 20:42

Կնշվի Ագարակ քաղաքի 75-ամյակը

04.10.2024 20:00

Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ

04.10.2024 16:20

Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը, չմոռանաք՛ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը․ Ալիև

04.10.2024 15:51

Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հանգիստ չեն տա Իսրայելին. Խամենեի

04.10.2024 15:49

Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

04.10.2024 14:32

Ինչպես ավտոմեքենայով գնալ Իրան, և որքան է պետք վճարել. պարզաբանում է CPD–ի ներկայացուցիչը

04.10.2024 12:58

Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն

04.10.2024 12:46

Նոր սարքով կբացահայտվեն ձեռագրագիտական նոր շերտեր

04.10.2024 11:41

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները

04.10.2024 11:31