Մարզի գյուղացիները` մսամթերման անլուծելի խնդրի դեմ հանդիման

03.12.2013 16:00
2340

Հանքարդյունաբերության գերշահույթներից կուրացած եւ իրական Սյունիքից օտարված ցեցերն այդպես էլ չեն տեսնում, որ մարզի գյուղացին չի կարողանում մթերել սեփական անասունը, ինչից պետք է ստանա իր ընտանիքի գոյապահպանման միակ կամ գրեթե միակ միջոցը

Մեզանից յուրաքանչյուրը հավանաբար հիշում է, թե ամեն տարվա ամռանն ու աշնանն իշխանական մեքենան եւ դրան սպասարկող քարոզչամիջոցներն ինչպիսի խանդավառությամբ, աղմուկ-աղաղակով ու հետեւողականությամբ են զբաղվում Արարատյան դաշտի ծիրանի, լոլիկի, խաղողի մթերման հարցով: Մայրաքաղաքային հեռուստաալիքները նույնիսկ ցուցադրում են նախարարի, փոխնախարարի, մարզպետի վրա գոռգոռացող, հոխորտացող գյուղացիների, ովքեր պահանջում են բերքը մթերել իրենց ուզած գնով, թե չէ ավտոմայրուղին կփակեն…

Շատ լավ է, անշուշտ, որ իշխանությունները զբաղվում են մրգերի ու բանջարեղենի որոշ տեսակների մթերման (իրացման) հարցով: Բայց եւ տարօրինակ է, որ իշխանությունների այդօրինակ հետաքրքրությունները սահմանափակվում են միայն Արարատյան դաշտով ու միայն ծիրանով, լոլիկով ու խաղողով…

Մինչդեռ Արարատյան դաշտից հարավ-արեւելք մի ուրիշ Հայաստան էլ կա` Սյունիք անուն, որ մեր հանրապետության ամենախոշոր անասնապահական շրջաններից է, որի անասնապահական ներուժը չի օգտագործվում ըստ պատշաճի, եղած անասունների մթերման գործն էլ լիովին տապալված է: Սյունիքի մարզում դժվարությամբ կարելի է գտնել անասնապահությամբ զբաղվող գոնե մեկ ընտանիք, որ կանգնած չլինի մսամթերման խնդրի դեմ հանդիման:

Եվ բոլոր գյուղերում, որտեղ լինում ենք, մեզ հարցնում են` ո՞վ է, վերջապես, Սյունիքում պետական քաղաքականության համար պատասխանատու անձնավորությունը, որտե՞ղ է նա, ինչո՞ւ չի հաղորդվում գյուղական կյանքի լրջագույն այդ խնդրին:

Մարզի անասնապահության ծավալները հասկանալու համար` մի քանի տեղեկություն:

Վերջին մեկ տարում արձանագրվել է անասնագլխաքանակի աննախադեպ աճ. 2012թ. հունվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառված 52500 խոշոր եղջերավոր անասունների թիվը 2013-ի հունվարի 1-ին դարձել է 56273 գլուխ (3773-ով ավելի), 2012թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 86264 մանր եղջերավոր անասունների թիվը մեկ տարի անց դարձել է 101559 (15275-ով ավելի), նույն ժամանակաշրջանում 2835-ով ավելացել է խոզերի գլխաքանակը եւ դարձել 10586 գլուխ:

Անասնագլխաքանակի աճը շարունակվում է, ինչի վերաբերյալ վիճակագրական նոր տեղեկություններ կունենանք 2014թ. հունվարին:

Ինչո՞վ է պայմանավորված անասնագլխաքանակի աճը, եթե շուկայում անասնապահության համար ակնհայտ անբարենպաստ վիճակ է:

2013թ. օգոստոսին Սյունիքի մարզ այցելած գյուղնախարար Սերգո Կարապետյանն անհեթեթ հայտարարություն արեց` իբր գլխաքանակի նման աճը գյուղատնտեսության վերելքի անհերքելի ապացույցն է: Գյուղնախարարը, փաստորեն, չէր հասկացել (եւ մինչեւ հիմա էլ, դատելով գործերի վիճակից, չի հասկանում), որ գլխաքանակն ավելացել է, քանի որ մսամթերման գործը Սյունիքում տապալված է, որ անասունների իրացման գործը մարզում հասել է աննախադեպ ցածր նիշի:

Անասնագլխաքանակի (հատկապես` խոշորի) ավելացումն ունի մեկ պատճառ եւս, որը, անշուշտ, դրվատելի է: Գյուղացին շահագրգռված է կաթնային անասնապահության զարգացման մեջ, քանի որ կաթի մթերման հարցը շատ թե քիչ դրական ռելսերի վրա է դրված մարզում` շնորհիվ «Աշտարակ-կաթ» եւ «Էլոլա» ՓԲ ընկերությունների, «Սիս-ալպ» ՍՊԸ-ի (2012թ. հունվարի 1-ի համեմատությամբ 2013թ. հունվարի 1-ին կովերի քանակն ավելացել է 1015-ով եւ դարձել 26742): Կաթնարտադրությունն առայժմ այն բացառիկ ոլորտն է, որ գյուղացուն իրացման դժվարություններ չի հարուցում` մարդկանց ապահովելով նաեւ կանխիկ դրամով:

Վերադառնանք մսամթերման խնդրին:

Շուկայի որոշ առանձնահատկություններ մատնացույց անելուց առաջ նշենք, որ ոլորտի պաշտոնական վիճակագրությունը քիչ կապ ունի իրականության հետ: Անգամ իրենք` վիճակագրության ոլորտի մասնագետներն ու գյուղական համայնքների ղեկավարները, մեզ հետ ունեցած զրույցներում թերահավատությամբ են խոսում ոլորտի վիճակագրության հավաստիության մասին: Իրոք, ինչպե՞ս են ձեւավորվում մսամթերման մասին վիճակագրական տվյալները:

Այդ բոլորով հանդերձ` վիճակագրական տեղեկություններն էլ մտահոգիչ են: Եթե 2012թ. Սյունիքի մարզում մթերվել է թռչնի եւ անասունի 12 հազար տոննա միս, ապա այս տարվա 11 ամսում` 9200 տոննա:

Մսամթերման գործի որոշ առանձնահատկությունների մասին:

Ստացվել է այնպես, որ անասունների առուվաճառքի շուկան (գուցե եւ ամբողջ հանրապետությունում) որեւէ կերպ կախված չէ պետական մարմիններից, այլ, մեծամասամբ, Արարատյան դաշտից ու մայրաքաղաքից եկող եզդիներից: Բայց նրանք էլ, կարծեք, նախկին ակտիվությունը չեն ցուցաբերում, ինչը հատկապես նկատելի է այս օրերին: Պատճառը, ըստ էության, պահանջարկի նվազումն է, որ կարող է պայմանավորված լինել բնակչության թվաքանակի եւ բնակչության մի մասի գնողունակության նվազմամբ:

Տարերային բնույթ ունի նաեւ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն մանր եղջերավորների արտահանման գործընթացը: Նախ, որպես կանոն, այդ շուկան ունի միայն արու ոչխարի պահանջարկ: Այնուհետեւ` այդ շուկայից ամեն ոք չէ, որ կարող է օգտվել. դրանից օգտվելն առանձին մարդկանց մենաշնորհն է:

Անասնատերը խնդիր ունի նաեւ ներքին շուկայում` վաճառակետերի ու մսավաճառների հետ հարաբերություններում: Գինը, որպես օրենք, պարտադրում է մսավաճառը: Եվ, արդյունքում, վերջինս կամ միջնորդ օղակը ոչ պակաս շահույթ են ստանում, քան անասնապահը: Նաեւ այդ պատճառով է, որ մսի առաջարկի ավելացման եւ պահանջարկի նվազման արդյունքում (հակառակ տնտեսագիտության օրենքների) մսի շուկայական գինն այդպես էլ չի իջնում:

Իսկ ինչո՞ւ է այդ ամենից հետո գյուղացին շարունակում զբաղվել անասնապահությամբ: Պարզագույն այդ հարցին գյուղացին հարցով է պատասխանում` իսկ ուրիշ ինչո՞վ զբաղվել:

Իհարկե, գյուղացին կարող է գնի հարցում զիջումներ անել (եւ անում է), բայց դա էլ անվերջ չի կարող լինել (կա ծախսերը վերականգնելու խնդիր, անասունների վերարտադրության խնդիր եւ այլն): Եվ ստացվում է շուկայական գների փոխզիջումային մի պատկեր: Այսպես` ս.թ. նոյեմբերի վերջին, օրինակ, խոշորի մսի կիլոգրամը մսավաճառին էր տրվում 1500-2000 դրամով, որն էլ վաճառվում էր 2,5-2,8 հազարով: Ոչխարը հիմնականում վաճառվում է կենդանի քաշով` 1 կիլոգրամը` 800-1000 դրամ, որն էլ շուկայում իրացվում է 1900-2000 դրամով (գառան միսը` 2500-3000 դրամով): Խոզի մսի կիլոգրամը` 1800-2300 դրամից շուկայում դառնում է 2500-3000 դրամ:

Նոր տարվա առիթով, բնականաբար, մսի շուկայում որոշակի ակտիվություն կնկատվի, իսկ հետո կրկին կհաստատվի մեռյալ վիճակը:

Մսի շուկայում ստեղծված վիճակը, անտարակույս, մտահոգում է գյուղացիներին: Իսկապես, ի՞նչ անի գյուղացին, ով մի քանի կով կամ ոչխար է պահում, բայց չի կարողանում դրանց մի մասն իրացնել եւ ստացված գումարով երեխայի ուսման վարձը տալ, դեղորայք գնել հիվանդի համար, օգտագործված ջրի, էլէներգիայի, գազի ծախսերը հոգալ, հողի հարկը վճարել, տան համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերել…

Խնդիրը, հավատացեք, պետական մակարդակով քննարկման կարոտ է, եթե, իհարկե, մեզ հետաքրքրում է գյուղապահպանության հարցն առհասարակ:

Իսկ մինչեւ արմատական միջոցառումներ ձեռնարկելը գյուղացին պարզագույն մի քանի հարցի պատասխան է ուզում իմանալ:

Հնարավոր չէ՞ պետության կողմից գնվող մսի մի մասը ձեռք բերել Սյունիքից (ասենք, օրինակ, մարզում տեղաբաշխված զորամասերի համար գնվող միսը): Ո՞վ կարող է այդ հարցը բարձրացնել կառավարությունում` մարզպե՞տը, պատգամավո՞րը, միգուցե մյո՞ւս պատգամավորը:

Մի՞թե մինչեւ հիմա մսի պետգնումները շարունակում ենք կատարել այլ երկրներում` գոմշի, սագի կամ մեզ անհայտ ու հայտնի կենդանիների ու թռչունների մսի տեսքով:

Հնարավոր չէ՞, որ իշխանությունները մսամթերման հարցով զբաղվեն մոտավորապես այնպիսի խանդավառությամբ, ինչպես զբաղվում են, օրինակ, ծիրանի, լոլիկի, խաղողի իրացմամբ:

Հնարավոր չէ՞ պետական մակարդակով փոքր-ինչ կարգավորել ոչխարի արտահանումը եւ դրանից օգտվելու հնարավորություն ընձեռել նաեւ փոքր տնտեսվարողներին, անտեր գյուղացիներին:

Ի վերջո մինչեւ ե՞րբ պետք է մսամթերման գործը մատնված լինի տարերայնության: Մի՞թե ավարտված պիտի համարել նոր շուկաների որոնումը: Մի՞թե պետությունն այլեւս անելիք չունի այդ ոլորտում, եւ գյուղացին ինքն իր գլխի ճարը պետք է տեսնի:

Հա, բա էն մոլլայի նամազից հետո ինչպե՞ս են գործերը Կապանի նորակառույց սպանդանոցում, քանի՞ ոչխար մթերվեց անցած հինգ ամսում, ո՞ւմ ոչխարներն էին դրանք:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19