Մարզպետի թվանկարչությունը՝ հանրությանը խաբելու ուղիղ ճանապարհ

03.04.2018 16:48
1184

Շատ անհարմար վիճակում ենք հայտնվել. Սյունիքի մարզին առնչվող պաշտոնական տեղեկությունները, մարզի ու մարզպետարանի վերաբերյալ վարչապետի, նախարարների գնահատականերն իբրեւ սուտ, իբրեւ ոչ հավաստի, իբրեւ շինծու թվեր եւ գնահատականներ են ընկալվում մեզանում: Իսկ երբ մարզպետն է ինչ-որ թվեր հնչեցնում, ապա դա նաեւ անմեղսունակության դրսեւորում է դիտվում… 

Բայց երբ այդ ստերի հիման վրա փորձում են փառաբանել մի ամբողջ մարզպետարանի, մարզպետի մեկ տարվա հանդիսավոր անգործությունը, սուտը դառնում է անամոթություն եւ անբարոյականություն, հայրենի պետությանը խաբելու ամբարտավանություն: Եվ այդժամ լռելը դառնում է մեղք գործելու պես մի բան:

Նման ստերից մեկի քննությանն էլ նվիրում ենք սույն հրապարակումը:

Եվ այսպես… Մարտի 29-ին ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողներին ներկայացրեց մարզպետների 2017 թվականի աշխատանքի ցուցանիշներից մեկը եւ նշեց, որ «հավաքագրման տեսանկյունից հանրապետության առաջատար մարզերն են Կոտայքը, Սյունիքը, Արարատը, Արմավիրը»:

Կոտայքի, Արարատի, Արմավիրի մասին ոչինչ ասել չենք կարող, քանի որ այդ մարզերի իրավիճակին չենք տիրապետում:

Սյունիքի կացությանը շատ թե քիչ տիրապետում ենք եւ, բնականաբար, կարող ենք անդրադառնալ նախարարի հնչեցրած գնահատականի հիմնավորվածությանը:

Բուն թեմային անցնելուց առաջ նշենք, որ Դավիթ Լոքյանի արտահայտած նախադասություն-գնահատականը հայերեն չէ եւ իմաստազուրկ է. ի՞նչ ասել է «հավաքագրման տեսակետից…»:

Հավաքագրումը (ի գիտություն Կարեն Կարապետյանի, Դավիթ Լոքյանի, Վահե Հակոբյանի) вербовка-ն է: Հետեւաբար դժվար է հասկանալ, թե ինչ ասել է՝ вербовка-ի տեսակետից առաջատար մարզերն են Կոտայքը, Սյունիքը, Արարատը, Արմավիրը:

Ուղղակի ենթադրում ենք, որ նախարարը ցանկացել է նշել համայնքների սեփական եկամուտների հավաքման արդյունքների մասին, բայց օգտագործել է հավաքագրել բառը՝ հաշվի առնելով, որ կառավարության պաշտոնական հաղորդագրություններում միանգամայն տարբեր իմաստ ունեցող երկու այդ բառը շփոթում են գրեթե ամեն օր:

Ինչեւէ, սեփական եկամուտների հավաքման տեսակետից, ըստ Դավիթ Լոքյանի, Սյունիքի մարզը հանրապետության չորս առաջատար մարզերից մեկն է:

Իսկապե՞ս այդպես է, իսկապե՞ս դրանով կարելի է չափել-կշռել-գնահատել Սյունիքի մարզպետարանի ու մարզպետի գործունեությունը:

Սկսենք ընդհանուրից՝ Սյունիքի մարզի ութ համայնքի բյուջեներով 2017-ին նախատեսվել է 4.7 մլրդ դրամ եկամուտ: Այդ թվում՝ սեփական եկամուտը կազմել է մոտ 1.6 մլրդ դրամ կամ եկամուտների մոտ 30 տոկոսը:

Մարտի 7-ին էլ մարզպետը զեկուցեց վարչապետին, թե փաստացի հավաքվել է 1.685.7 մլն դրամ (սեփական եկամուտ), որը 2016-ի համեմատ ավելի է 21.2 տոկոսով: Դա նշանակում է, որ 2016-ին մարզի համայնքներում հավաքվել է 1.328.400 դրամ, որը 357.3 մլն դրամով զիջում է 2017-ի ցուցանիշին:

Առաջին հայացքից ամեն ինչ լավ է, գոհացնող է, սակայն …. Ո՛չ մարզպետը, ո՛չ Դավիթ Լոքյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը չեն ասում, թե ինչպես է ապահովվել այդ աճը, ինչ բազայի հիման վրա են գոյացել այդ թվերը:

Ու քանի դեռ չի տրվել պարզագույն այդ հարցերի պատասխանը՝ հայտարարված թվերն ընկալվում են իբրեւ անհավաստի, իբրեւ կեղծ տեղեկատվություն:

Հնարավո՞ր է, որ 2017 թվականին Սյունիքի մարզի ութ համայնքում սեփական եկամուտի այդքան աճ տեղի ունենար:

Իհարկե, հնարավոր է, բայց՝ տեսականորեն: Իսկ գործնականո՞ւմ…

Հողի հարկից դժվար թե ավելի գանձումներ լինեին, քանի որ գյուղական բնակչության շրջանում ավելացել են ընտանիքները, ովքեր չեն մշակում սեփական հողը եւ հողի հարկ չեն վճարում:

Գույքահարկի ոլորտում էլ դրական տեղաշարժեր չեն եղել (բացառությամբ մեքենաների թվաքանակի ավելացումը):

Եկամտահարկի ու շահութահարկի մասհանումները չեն աճել՝ հանրահայտ պատճառներով (աշխատավարձերի բարձրացում չի եղել, աղքատության ցուցանիշը չի նվազել):

Պետական ու տեղական տուրքերի մասով (համայնքներին առնչվող մասով) փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Ոչ հարկային եկամուտների մասով, ընդհակառակը, նահանջ է եղել. մարզպետի հանձնարարությամբ վարձակալությամբ տրված հարյուրավոր հեկտար հողերի վարձավճարը մի քանի անգամ գիտակցաբար նվազեցվել է, քանի որ իր ստրուկներին է տվել այդ հողերը:

Միգուցե նախորդ տարիներից գոյացած ապառքների հաշվի՞ն է աճ ապահովվել (հնարավո՞ր է այդքան աճ ապառքների հաշվին, մանավանդ որ մարզպետը 2017-ի սկզբին հայտարարեց, թե 2016-ի չորրորդ եռամսյակում ապառքները հիմնականում վերացվել են):

Իսկ գուցե ուրի՞շ բազա էլ կա սեփական եկամուտների համար, որին տեղյակ չէ հանրությունը:

Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրները, մինչդեռ, միանգամայն այլ կերպ են մեկնաբանում սեփական եկամուտների աճը՝ համարելով այն պարզագույն թվանկարչություն եւ մանիպուլյացիա, հանրությանն այդ ոլորտում եւս խաբելու մոլուցք:

Ըստ այդ աղբյուրների՝ ընդամենը վահեհակոբյանական մի հնարք է բանեցվել. համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները նախկինում եւ տարիներ շարունակ իրենց հաշվի մեջ էին ներառում մատուցվող ծառայություններից ստացվող գումարները (օրինակ՝ մանկապարտեզների ծնողական գումար, աղբահանության վճար եւ այլն), որոնք, բնականաբար, դուրս էին համայնքի բյուջեից եւ սեփական եկամուտ չէին կարող համարվել: 2017-ից նույն այդ գումարները նախ մտցվում են համայնքի բյուջե՝ իբրեւ սեփական եկամուտ, որից հետո ուղղվում համապատասխան ՀՈԱԿ: Այսինքն՝ բնակչությունից կամ տնտեսվարող սուբյեկտներից գանձվող գումարները չեն ավելացել, չի ընդլայնվել հարկման բազան, այլ նախկինում (նաեւ հիմա) ՀՈԱԿ-ների մատուցած ծառայությունների դիմաց վճարվող գումարները նախ ներառում են տեղական բյուջե՝ որպես սեփական եկամուտ, ապա ուղղում նույն այդ ՀՈԱԿ-ներին:

Ահա եւ համայնքային բյուջեների եկամտային մասում սեփական եկամուտների «աճի» վահեհակոբյանական անատոմիան: Ահա, թե ինչպես են «ավելացել» սեփական եկամուտները Սյունիքի մարզում:

Եթե Վահե Հակոբյանը համաձայն չէ իր իսկ ենթակաների նման մեկնաբանությանը, ապա թող ինքը քաջություն ունենա եւ բացի փակագծերն ու ներկայացնի, թե ինչ աղբյուրների հաշվին է կամ ինչ բազայի հիման վրա է 2017-ին սեփական եկամուտների աճ գրանցվել մարզի համայնքներում:
                                                             

                                                                        ***

Հիմա՝ հարցի մյուս կողմը:

Ընդունենք, որ մարզի ութ համայնքում 2017-ին իրոք հավաքվել է 1.685.7 մլն դրամ սեփական եկամուտ:

Ի՞նչ կապ ունեն դրա հետ Սյունիքի մարզպետն ու մարզպետարանը:

Բացեք, խնդրեմ, «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ու էլի մի շարք օրենքներ եւ կտեսնեք, որ համայնքի բյուջեի կատարումը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է (այդպես էլ գրված է):

Հետեւաբար՝ եթե մարզպետը տեղի-անտեղի անդրադառնում է համայնքներում սեփական եկամուտների հավաքման արդյունքներին՝ անթաքույց ակնարկ անելով իր պոզիտիվ դերակատարության մասին, ապա դա սովորական  անբարոյականություն է: Կամ էլ՝ խոստովանություն, որ համայնքապետերը չեն կատարում իրենց գլխավոր պարտականություններից մեկը, ինչի համար էլ ինքն ինքնիրավչությամբ փոխարինում է համայնքի ղեկավարներին:

Իսկ եթե մարզպետն է իրականում կազմակերպում սեփական եկամուտների հավաքումը (թեեւ իր լիազորությունների մեջ չի մտնում), ապա գործ ունենք բոլորվին այլ իրողության հետ՝ մեր համայնքապետերն ինքնամեկուսացվել են իրենց կարեւոր այդ առաքելությունից:
                                                                     

                                                                     ***

Հարցն ուրիշ աստառ էլ ունի:

Եթե նույնիսկ մարզի ութ համայնքում տարվա ընթացքում հավաքվել է մոտ 1.6 մլրդ դրամ սեփական եկամուտ, ապա կարելի՞ է դա համարել համայնքի, մարզի առաջընթացի էական ցուցիչ:

Պատասխանը, ցավոք, բացասական է:

Սեփական եկամուտը համայնքների բյուջեում կազմում է ընդհանուր եկամուտի մոտ 30 տոկոսը (Քաջարան եւ Գորայք համայնքները, հասկանալի պատճառով, փոքր-ինչ բացառություն են): Մնացած 70 տոկոսը (համայնքի ղեկավարի քնած կամ արթուն լինելուց անկախ) տրամադրում է պետությունը:

Անշուշտ, յուրաքանչյուր համայնքապետ ձգտում է ավելացնել սեփական եկամուտը, բայց դրա համար պետք է ունենալ համապատասխան բազա: Եվ սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակում, հարկային-բյուջետային քաղաքականության ներկայիս պայմաններում համայնքի բյուջեի եկամտային մասի պետական հատկացումների եւ սեփական եկամուտների 70-30 տոկոս հարաբերակցությունը չի կարող փոխվել 60-40-ի կամ նույնիսկ 65-35-ի:

Տա Աստված, որ մեր հաշվարկները ոչ իրատեսական լինեն:

Այդուհանդերձ՝ ի՞նչ ուղղությամբ են ծախսվում համայնքի բյուջետային միջոցները:

Մարզի գրեթե բոլոր համայնքներում տեղական բյուջեի 80-90 տոկոսն ուղղվում է աշխատավարձի վճարմանը:

Տեղական բյուջեի հաշվին համայնքային կարեւոր նշանակության որեւէ խնդրի լուծում, որքան էլ կամենա համայնքապետը, հնարավոր չէ:

Առկա միջոցները նույնիսկ հնարավորություն չեն տալիս կատարել համայնքային իշխանության՝ օրենքով նախատեսված պարտադիր լիազորությունները, որոնք իբր ենթակա են առաջնահերթ ու պարտադիր կատարման:

Կամավոր լիազորությունների կատարման մասին ստեղծված իրավիճակում նույնիսկ ավելորդ է խոսել:

Եվ նման պատկեր ունենալով, համայնքների բյուջեի սեփական եկամուտի հավաքման նման ցուցանիշով Սյունիքի մարզպետի մեկ տարվա գործունեությունը գնահատելու-փառաբանելու փորձը, ներող եղեք, սովորական անգիտություն է:

Իսկ եթե հանրապետության տարածքային կառավարման ու զարգացման նախարարն իսկապես ուզում էր գնահատել Սյունիքի մարզպետի 2017թ. գործունեությունը, ապա պետք է առնվազն վերցներ ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը եւ դրա լույսի ներքո դիտարկեր Վահե Հակոբյանի գործունեությունը (առայժմ չունենք տարածքային կառավարման մասին օրենք եւ մարզպետների պարտականությունը կանոնակարգվում է նշված հրամանագրով):

Թե չէ այդ ամենն անլրջության տպավորություն է թողնում:

Դա չէ, սակայն, գլխավոր ցավը…

Ընդունենք մենք էլ հավատացինք Վահե Հակոբյանի հերթական շառլատանությանը: Բա երկրի վարչապե՞տը: Ինչպե՞ս է նա հանդուրժում, որ մի թերխաշ ե՛ւ կառավարությանը խաբի, ե՛ւ հանրությանը: Ինչպե՞ս է նա թույլ տալիս, որ կառավարության անդամ Դավիթ Լոքյանը ձոներգություն նվիրի մի մարզպետի, ով ընդամենն աճպարարության միջոցով թվեր է հորինել, ով գրեթե ամեն օր դաս է տալիս սյունեցիներին, թե ինչպես կարելի է ծաղրել հայրենի պետությանը:

Այդ ամենով հանդերձ՝ Դավիթ Լոքյանի սյունիքյան հռետորաբանությունը հասկանալ կարելի է: Նա Արտուր Աթայանից խլված «Վայբլի» չորս բաժնետերերից մեկն է, իսկ «Վայբլի» միակ արտադրանքի՝ կրի հիմնական սպառողը Քաջարանի կոմբինատն է: Սյունիքի մարզպետի հասցեին նրա արտահայտած որեւէ անզգույշ խոսքի, որեւէ անզգույշ քայլի արդյունքում Քաջարանի կոմբինատը կիրը կբերի Պարսկաստանից, ինչպես վարվել է քանիցս: Այնպես որ՝ Դավիթ Լոքյանի համար կշեռքի մի նժարին Հայաստանի Հանրապետության շահն է, մյուս նժարին «Վայբլի» կիրը: Հո չի՞ բերելու կրի գործը ստորադասի պետական շահին…

 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25