Մեկ օր Սիսիանի զինկոմիսարիատում

16.02.2017 11:12
2118

Մեր թերթում հաճախադեպ են հայոց բանակի ձմեռային եւ ամառային զորակոչերի մասին պատմող հրապարակումները: Բայց զինկոմիսարիատների առօրյա աշխատանքներին, մասնավորապես, հայոց բանակում ծառայելուն նախազորակոչային տարիքի պատանիների պատրաստմանը համարյա չենք անդրադարձել: Պատեհ առիթը կայացավ խմբագրության ստեղծագործական խմբի Սիսիան այցելության ժամանակ, երբ եղանք տեղի զինկոմիսարիատում: Այդ օրը (փետրվարի 6) թեեւ զորակոչն ավարտված էր, մարդաշատ էր զինկոմիսարիատը, մանավանդ դպրոցահասակ պատանիներով: 2001 թվականին ծնված պատանիների կցագրում էր անցկացվում: Զինկոմի աշխատասենյակում գործում էր բժշկական հանձնաժողովը (նախագահ՝ զինկոմ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյան, հանձնաժողովի ավագ բժիշկ՝ Իրինա Զիլֆուղարյան, զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ՝ կապիտան Սիփան Հայրապետյան):

Իրինա Զիլֆուղարյանը, ով 2016-ի դեկտեմբերից է ստանձնել ավագ բժշկի պարտականությունը, մինչ այդ թերապեւտ էր հանձնաժողովում, ասում է, որ բուժզննում են իրականացնում: «Մինչեւ զինկոմիսարիատ գալը պատանիները նախնական բժշկական ուսումնասիրություն են անցնում Սիսիանի բժշկական կենտրոնում՝ ըստ մասնագիտությունների, այնտեղ կատարվում են գործիքալաբորատոր բոլոր հետազոտությունները, որոնք նախատեսված են ըստ պաշտպանության նախարարի հրամանի: Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկներն են աշխատում հանձնաժողովում, ովքեր փորձառու մասնագետներ են: Կցագրման այս փուլում փորձում ենք հայտնաբերել, թե որ պատանիներին ինչ հիվանդությունների, ինչ առողջական շեղումների դեպքում կարող ենք ուղարկել հետագա հետազոտությունների: Այդ նպատակով Երեւանում ունենք համապատասխան բազային մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ նախազորակոչային տարիքի պատանիները ենթարկվում են եւ հետազոտման, եւ բուժման»:

Մեզ նախեւառաջ հետաքրքրում էր նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակը եւ ֆիզիկական պատրաստականությունը: Տեղեկանում ենք, որ պատանիների շրջանում տարածված են սրտի եւ տեսողության հետ կապված խնդիրները: Նաեւ իմացանք, որ 90-ականների սկզբին՝ այսպես ասած մութ ու ցուրտ տարիներին, ծնվածների շրջանում շատ են եղել առողջական խնդիրներ ունեցողները, որ 1995-1996 թվականներից հետո ծնվածների մոտ առողջության բարելավում է նկատվում:

«Կան պատանիներ, որոնց հիվանդ լինելու մասին ծնողները չգիտեն, զինկոմիսարիատում են իմանում, - ասում է Մինաս Մկրտչյանը, - կամ անտարբեր են, կամ ֆինանսական միջոցները չեն բավականացնում որդուն բուժման տանելու:  Եթե երեխան գանգատվում է, մտածում են՝ դեղորայքով կարելի է հարցը լուծել: Հետո զինկոմիսարիատում պարզվում է, որ սրտի պրոբլեմ ունի: Կամ էլ առողջության հետ կապված խնդիրները գործիքային քննության ժամանակ են հայտնաբերվում: Եթե այստեղ որեւէ դժվարություն է ծագում, պատանուն ուղարկում ենք հանրապետության մասնագիտացված կլինիկաներ: Իսկ բանակ զորակոչվելիս եթե զինակոչիկն առողջական խնդիրներ է ունենում, կենտրոնական հավաքակայանի ռազմաբժշկական հանձնաժողովը որոշում է կայացնում, թե որքան ժամանակ պիտի հատկացնել (վեց ամիս, մեկ տարի, երեք տարի) բուժման համար: Լինում են դեպքեր, երբ պատանու ունեցած հիվանդությունն անհամատեղելի է լինում ծառայության հետ: Անցած զորակոչին երկու հոգի արյան հետ կապված հիվանդություն ունեին, նրանք զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվեցին»:

Իսկ կցագրման փուլում դժվարություններ ծագո՞ւմ են: «Եթե պատանին Սիսիանում է, ոչ մի խնդիր, - մանրամասնում է Մ.Մկրտչյանը, - եթե քաղաքից դուրս է գտնվում, բերել ենք տալիս, եթե արտերկրում է, արդեն պրոբլեմ է: Պատահում է՝ պատանին մինչեւ 18 տարեկանն արտերկրում է լինում, զորակոչի ժամանակ արդեն գալիս է, երբ արտերկրում ինչ-որ խնդիրներ են ծագում: Օրինակ, այս զորակոչին մեկը եկավ, բուժզննման ժամանակ պարզվեց, որ սրտի խնդիր ունի, մեկ տարի տարկետում հատկացվեց բուժվելու համար»:

Ինչ վերաբերվում է զինվորացու տղաների ֆիզիկական պատրաստականությանը, զինկոմի դիտարկմամբ գյուղաբնակ պատանիները քաղաքաբնակներից տարբերվում են, քանզի վերջիններս ավելի շատ են նստում համակարգչի մոտ: Ողնաշարի կորություն ունեն, դա համակարգչի «մեղքն» է: Մինչդեռ գյուղացի երեխայի՝ այգում եւ բանջարանոցում աշխատելը բարերար ազդեցություն է ունենում նրա մկանային համակարգի վրա: Նաեւ դպրոցներում սակավ ուշադրություն է դարձվում պատանու ֆիզիկական դաստիարակության վրա, արդյունքում՝ զինակոչային տարիքի պատանին երկու-երեք անգամ չի կարողանում ձգվել պտտաձողի վրա…

Սիսիանում ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 12-ին եւ ավարտվել ամսի 29-ին: Ըստ զինկոմի՝ զորակոչի պլան-առաջադրանքը կատարվել է: Զինակոչիկների առաջին խմբին զինկոմն ուղեկցել է հանրապետական կենտրոնական հավաքակայան: «Այս անգամ հայրենիքի ապագա պաշտպաններին զինվորական համազգեստը հանձնվեց հենց հանրապետական հավաքակայանում: Ճիշտը դա էր, քանզի քաղաքացիական զգեստով մինչեւ զորամաս հասնելը, հնարավոր է, մարդ մրսի: Իսկ այս տարի ահավոր ցուրտ էր, հատկապես մայրաքաղաքում: Հետադարձ չենք ունեցել, պրոբլեմներ չենք ունեցել, զինակոչիկները նորմալ հետազոտված են եղել  ըստ պաշտպանության նախարարի հրահանգների», - զորակոչի մասին իր տպավորությունն էր ներկայացնում զինկոմը:

Զինկոմիսարիատների վրա է դրված ռազմական ուսումնարանները կադրերով համալրելը: Սիսիանցի պատանիները պատրաստակամություն հայտնո՞ւմ են սովորելու ռազմական բարձրագույն հաստատություններում, կրելու սպայի համազգեստ: Տեղեկացնում են, որ անցած զորակոչին ինը հոգի դիմել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Բացի այդ ժամկետային զինծառայությունն ավարտած չորս սերժանտ ցանկություն է հայտնել պայմանագրային հիմունքներով ծառայել ՀՀ զինված ուժերում: Զորակոչային բաժնի պետն էլ կողքից հավելում է, որ այժմ աղջիկներն էլ են ցանկանում ծառայել բանակում: Անցած տարի մեկը դիմել է եւ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Զրույց եղավ նաեւ այլընտրանքային ծառայության մասին: Խոսքը նրանց մասին է, ովքեր կրոնական համոզմունքից ելնելով՝ զենք չեն բռնում, եւ օրենքը հնարավորություն է տալիս սանիտարական-սանմաքրման աշխատանքներ կատարելով՝ անցկացնել ծառայությունը: Այս դեպքում արդեն երեք տարի են ծառայում: Զինկոմի փոխանցմամբ՝ երկու հոգի Վարդենիսի հոգեբուժարանում են ծառայություն տարել, արդեն զորացրվել են: Եվս մեկը ծառայությունն «անցկացնում» է Սիսիանի կոմունալ տնտեսությունում: Դեռ չի զորացրվել:

- Այսօր ի՞նչ դժվարություններ կան զինկոմիսարիատի աշխատանքում, համենայն դեպս հարյուրավոր ընտանիքների հետ եք շփվում:

- Գիտե՞ք ինչ, զինկոմիսարիատի հերթապահին հրաման եմ տվել, այստեղ եկողների, երիտասարդ լինի թե ծեր, եթե հարցը չեք կարողանում լուծել, ուղարկեք ինձ մոտ, նստենք, քննարկենք, տեսնենք ինչ խնդիր ունեն, մեր հնարավորության սահմաններում լուծենք, ճանապարհ դնենք: Մարդ կա՝ Շենաթաղից է հասնում այստեղ: Շաբաթական երկու օր է ընդունելություն լինում, հո չեմ ասելու՝ այսօր ընդունելության օր չէ, գնա՝ վաղը կգաս: Չկա այդպիսի բան, ընդունում, ճանապարհում ենք, որովհետեւ չեմ ուզում որեւէ մեկին նեղացնել, քանզի ես էլ ապրում եմ նրանց հետ:

Օրեր առաջ լրացավ հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Այդ առիթով իր շնորհավորանքի խոսքն ուներ զինկոմ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը. «Շնորհավորում եմ զինվորից մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով: Երկու պատերազմ եմ տեսել՝ աֆղանականը եւ Արցախյանը, գիտեմ խաղաղության գինը: Տա Աստված, այլեւս զոհեր ու վիրավորներ չլինեն, մեր տղաները դառնան խաղաղ օրերի զինվորներ: Իսկ եթե հակառակորդը մեզ պատերազմ պարտադրի, բոլորս ենք գնալու մարտադաշտ: Մեր նվաճածը ջուրը չենք գցելու: Բանակի 25-րդ տարեդարձի միջոցառման էի հրավիրված մի քանի տեղից, բայց մանկապարտեզը նախընտրեցի: Տեսնեիր՝ մանկահասակ երեխաներն ինչ ոգեւորությամբ էին հայրենասիրական երգեր երգում: Բա էդ երեխաների խաղաղ անդորրը ո՞վ է ապահովելու…»: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19