Մեղրեցի ճանապարհաշինարարների համար խոչընդոտ չէ անգամ Դիբագի լեռնանցքի անսովոր ձմեռը

27.12.2022 10:19
2815

Ավարտվող տարում Սյունիքում կատարված ճանապարհաշինական աշխատանքների շարքում յուրահատուկ տեղ ունի Մ2 մայրուղու Քաջարան-Դիբագի լեռնանցք ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որն իրականացրել է Մեղրու ճանապարհաշինարարների փորձառու ջոկատը՝ Հայաստանի վաստակավոր շինարար Ազատ Գասպարյանի գլխավորությամբ:

Կատարված հսկայածավալ աշխատանքներին ծանոթանալը չէր միայն լեռնանցք կատարած մեր այցելության նպատակը:

Բանն այն է, որ մայրուղին անցնում է 2535 մ բարձրությամբ Մեղրու լեռնանցքով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Լեռնանցքին բնորոշ առատ ձյունը, սաստիկ բուքը յուրօրինակ դժվարություններ են ստեղծում հանրապետության համար ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող այդ ճանապարհի անվտանգ շահագործումն ապահովելու գործում:

Եվ տարիներ շարունակ մեղրեցի ճանապարհաշինարարները հաջողել են ամենածանր եղանակային իրավիճակում անգամ ապահովել պատշաճ պայմաններ՝ անվտանգ երթևեկության համար:

Այս օրերին, բնականաբար, հետաքրքիր էր իմանալ նաև՝ իսկ ինչպե՞ս են Մեղրու ճանապարհաշինարարները պատրաստվել ձմռանը:

Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալու համար էլ զրուցեցինք «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանի հետ:

Բայց, նկատի ունենալով ճանաչված ճանապարհաշինարարի փորձն ու իմացությունը, նրա հետ քննարկեցինք Սյունիքի մարզի ճանապարհների շինարարությանն ու շահագործմանն առնչվող մի քանի հարց ևս:

- Պարոն Գասպարյան, ձմեռն իր իրավունքների մեջ է. տարածքում, որ Ձեր ընկերությունն է սպասարկում, արդեն ձյուն է նստել: Ինչպե՞ս է ընթանում ճանապարհների ձմեռային պահպանությունը:

- Ձմեռային սպասարկմանը՝ մանավանդ այս նոր ճանապարհի կառուցումից հետո (Տաթև-Լծեն ճանապարհահատվածի մասին է խոսքը, խմբ.), շատ լուրջ պիտի վերաբերվել, այն պարզ պատճառով, որ դեպի մայրաքաղաք երթևեկության ինտենսիվությունն ու բեռնաշրջանառությունն է ավելացել, հատկապես ծանրաքաշ մեքենաների քանակն է ավելացել, որոնց պատճառով նաև խցանումներ են լինում՝ երբեմն կաթվածահար անելով երթևեկությունը: Մանավանդ՝ եթե ճանապարհը թե՛ ձմեռային, թե՛ ամառային չափանիշներով չի բավարարում անխափան երթևեկության պահանջներին:

Մենք ուզում ենք, որ ձմռանը ճանապարհը լինի իդեալական՝ առանց չափազանցության: Իսկ որպեսզի այդպես լինի, դեռ ամառվանից ճանապարհի խնդրահարույց հատվածներում փոքրիկ կույտերով ավազ ենք լցրել, որ առաջին ձյունն ու ճանապարհի սառցակալումը վարորդին և ճանապարհաշինարարին հանկարծակիի չբերեն, որ վարորդներն իրենց «շտապօգնությունը» կազմակերպեն: Իսկ նոյեմբերի 15-ից անցել ենք կանոնավոր հերթապահության Մեղրիի լեռնանցքում: Փառք Աստծո, ճանապարհաշինարարների մեր թիմը մնացել է նույնը, բոլորն իրենց պարտականությունները հստակ գիտեն: Հարգանք ու պատիվ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին: Աղի ու ավազի զգալի պաշար ունենք, որոնք  հույս են ներշնչում՝ ճանապարհների ձմեռային սպասարկման գործում խնդիրներ չեն ծագի: Տեխնիկան սարքին է, մեխանիկական բաժինը լուրջ աշխատանք է կատարել, մեքենայական հավաքակազմը համալրված է, անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտակար լինել այլ ճանշին ընկերությունների՝ ձնաբքի հետևանքներն արագ վերացնելու համար: Անցած տարի մարտ ամսին, օրինակ, օգնության՝ գնացինք Կապան-Տաթև հատվածում...

- Վերջին շրջանում խոսակցություններ կան Հյուսիս-հարավ ճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի հետ կապված, երբեմն նաև իրար հակասող: Ի՞նչ վիճակում են այդ ճանապարհի սյունիքյան հատվածի կառուցմանն առնչվող նախապատրաստական աշխատանքները:

- Հյուսիս-հարավ ճանապարհը միանշանակ կառուցվելու է, և շուտով բացվելու է մրցութային փաթեթը չորրորդ տրանշի վերաբերյալ, որն ընդգրկում է Մեղրիի մաքսակետից մինչև Լիճքի թունելի հատվածը: Դա ծրագիր է, որի մրցութային փաթեթը գնահատելու, հաղթողին ճանաչելու համար ժամանակ է պահանջվելու... Մեզ նույնպես դիմել են արտասահմանյան ընկերությունները, թե ինչով կարող ենք մասնակցել սպասվող շինարարությանը: Չորս-հինգ կազմակերպություն եկել է մեր ընկերություն, մեզնից վերցրել անհրաժեշտ նյութեր... Ուրախալի է, որ  մայրուղու կառուցմանը ենթադրվում է նաև մեր ընկերության մասնակցությունը:

- Այսինքն՝ հնարավոր է, որ Ձեր ընկերությունը լինի ենթակապալառո՞ւ...

- Այո, տարբերակներից մեկը դա է, կամ միգուցե լինենք մատակարար:

- Իսկ Ձեր ընկերությունը հայտարարված մրցույթին չի՞ մասնակցում:

- Առաջադրված չափորոշիչները դժվար է բավարարել, հինգ միլիարդ դրամի հիմնական միջոց է պահանջվում, ինչպե՞ս բավարարենք:

- Դուք ծանո՞թ եք Հյուսիս-հարավի նշված հատվածի նախագծին:

- Թեթևակի ծանոթ եմ, ճանապարհը կանցնի ներկայումս գործող ճանապարհով՝ Արաքսի ափով, Մեղրու սահմանապահ ջոկատի երկրորդ ուղեկալի կողքով՝ դեպի սար, այնուհետև՝ Մեղրիի փոքր թաղի եկեղեցու արևմտյան հատվածով՝ էստակադաների միջոցով կհասնի Լեհվազ, մինչև Լիճքի թունելի մոտ: Դա չորրորդ տրանշն է:

- Իսկ Լիճքից Քաջարան հատվածի մասին ի՞նչ կասեք:

- Այդ հատվածի վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում:

- Անդրադառնանք Սյունիքի ճանապարհաշինությանը: Մարզում տասից ավելի ուղղությամբ ճանապարհաշինություն է իրականացվում: Կարելի է ասել՝ հիմնականում դրսի  ճանապարհաշինական ընկերություններն են  իրականացնում: Ինչո՞վ է դա բացատրվում: Մարզում այդքան ներուժ չունե՞նք, թե՞ աշխատանքի ծավալներն այնքան մեծ են, որ տեղի ընկերությունների հնարավորությունները չեն բավականացնում:

- Պիտի ասեմ՝ մեծածավալ շինարարություն է արվել և արվում Սյունիքում, պարզապես մարզի ռեսուրսները չէին բավարարելու ճանապարհաշինական այդքան գործեր կատարելու համար, ծանրաբեռնվածությունը շատ էր: Մարզի ճանապարհաշինական ընկերություններին էլ ծանրաբեռնվածության մեծ բաժին էր ընկել: Ճիշտն ասած՝ փաստը, որ դրսի ընկերություններն են մեր մարզում մեծապես ճանապարհաշինարարություն իրականացնում, ուրախացնող է և ոչ մտահոգող:

- Որպես բազմահմուտ ճանապարհաշինարար, Ձեր կարծիքը կցանկանայիք իմանալ՝ արդյո՞ք կառուցվող ճանապարհների նախագծային աշխատանքները խելամիտ են կատարվում: Օրինակ, մեր դիտարկմամբ Տաթև-Լծեն ճանապարհահատվածը կարելի էր 200 մետր ցածր նիշով կառուցել, բայց հիմա ծովի մակարդակից 2015 մետր բարձր տեղանքով է անցնում, ինչը ձմռան ամիսներին կարող է խնդիրներ առաջացնել: Նույնը կարելի է ասել Կապան-Ճակատեն հատվածի վերաբերյալ: Ասես նախագծային աշխատանքներն իրականությունից կտրված լինեն: Սա, իհարկե, լրագրողական տպավորությունն է, որ կարող է նաև սուբյեկտիվ լինել:

- Այդ դիտարկմանը համաձայն չեմ, որովհետև ճանապարհը նախագծողը պատասխան  պետք է տա իր նախագծածի համար: Այլ բան է, երբ շտապողականությունը որոշակի շեղումների է հանգեցնում: Չեմ կարծում, որ նախագիծը որևէ դեպքում օպտիմալ չլինի: Օրինակ, ասում եք՝ եթե Տաթև-Լծեն ճանապարհն այդքան բարձր նիշով չանցներ, ձմեռային  սպասարկումը դյուրին կլիներ: Այդտեղ «թափառող» քամիները, որքան տղյակ եմ, հաճախադեպ են, իսկ որքան ցածր է անցնում ճանապարհը, բնականաբար, քամիներն ավելի շատ դժվարություններ են հարուցում: Մի խոսքով՝ ավելի հեշտ է աշխատել լեռնանցքի ամենաբարձր հատվածում, քան ցածրում:

- Տարիների փորձը ցույց է տալիս, որ Մ2 մայրուղու Գորիս-Սիսիան հատվածում ձմռան տարեշրջանում խնդիրներ են առաջանում՝ ձնաբքի հետ կապված: Երբեմն ժամերով և նույնիսկ օրերով փակված է Արցախն ու Սյունիքը մայրաքաղաքին կապող այդ մայրուղին: Խորհրդային տարիներին տվյալ ճանապարհի երկայնքով «ցանկապատեր» էին տեղադրվում, որ չէր թողնում ձյունը լցվեր ճանապարհը, հիմա դրանք չկան, ի՞նչ անել:

- Իսկ չե՞ք հիշում, որ այդ ձնապատնեշներն ուժգին բքի ժամանակ «անզոր» էին լինում, ձյունը լցվում էր ճանապարհը, և այն փակվում էր:

- Իսկ Ձեզնից՝ մասնագետից, կուզեինք իմանալ՝ ո՞րն է «դեղատոմսը»:

- Ձնապատնեշները, իրոք, մեծ նշանակություն ունեն, մանավանդ քամոտ տարածքներում, մասնավորապես Սիսիան-Գորիս հատվածում: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով նույն այդ հատվածում պլաստմասե ցանցեր տեղադրվեցին. դրանք որոշ իմաստով կատարեցին իրենց ֆունկցիան, չթողեցին ձյունը լցվի ճանապարհը, բայց… Որոշ ժամանակ անց չդիմացան քամու ուժգնությանը և շարքից դուրս եկան:

Չեմ ուզում որևէ ճանապարհաշինարարի թերագնահատել, որովհետև ինչքանով կարող են, այնքանով սպասարկում են ճանապարհը: Բայց եթե լինի շուրջօրյա հերթապահություն, եթե վարորդները ժամանակ առ ժամանակ անվադողերին շղթաներ ամրացնեն, ճանապարհն այնքան սարսափելի չի լինի: Միայն ճանապարհաշինարարով չէ պայմանավորված ճանապարհի բաց և անվտանգ լինելը…

- Քանիցս բարձրաձայնել եք, որ նախատեսվածից ավելի բեռնված մեքենաները մեծ վնաս են հասցնում ճանապարհի երթևեկելի հատվածին: Եվ հիմա ուզում են դրա առաջն առնել՝ Սիսիանում կշեռք են տեղադրել: Այդ գործընթացի արդյունավետությունը զգացվո՞ւմ է:

- Կշեռքի առկայությունը ճանապարհի երկարակեցության ապահովման երաշխիքներից է: Կշեռքը ոչ միայն Սիսիանում պիտի լինի: Ուրախ եմ, որ Վայքում էլ են կշեռք տեղադրելու, արդեն տարածք են հատկացրել: Կշեռք թող Քաջարանում էլ լինի, որովհետև մինչև Սիսիան գերբեռնված մեքենաները կարող են երթևեկել: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում խնդիրը կկարգավորվի: Կան նաև «շրջիկ» կշեռքներ, յուրաքանչյուր պահի կարող են մեքենան կանգնեցնել և ստուգել բեռի քաշը…

Մեծ ցավ եմ ապրում, երբ գերբեռնված մեքենաների անիվների տակ ճանապարհը ծնկի է գալիս: Երեք-չորս տարի առաջ նորոգված ճանապարհներին ոչ մի ճեղք, ոչ մի նստվածք չեն լինում, իսկ անվահետքեր՝ որքան ասեք: Մեր չարչարանքը պարզապես ջուրն է լցվում:

- Սյունիքյան մեր իրականության մեջ դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհներն էլ չափազանց կարևոր են, քանզի որոշ դիրքեր գտնվում են ծովի մակարդակից 3000 մետր և ավելի բարձրության վրա: Կարողանո՞ւմ եք այդ ճանապարհների անցանելիությունն ապահովել. նկատի ունենք Մեղրու ուղղությունը:

- Առանց մեկ վայրկյան հապաղելու կարող եմ ասել՝ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել և ունենում դիրքերի ամրապնդման ոլորտում: Երբեմն նույնիսկ թվում է, թե մենք ճանապարհաշինարարությունից պիտի ժամանակավորապես հեռանանք և զբաղվենք հայոց բանակի համար այնքան կարևոր ամրաշինական գործերով, քանզի մեծածավալ ծրագրեր կան: Եվ, այդուհանդերձ, կցանկանամ, որ աշխարհն այնքան խաղաղ լինի, որ նման կառույցների անհրաժեշտություն չզգացվի: Բայց իրականությունն այլ բան է հուշում. կա խնդիր, դրան լուծում պիտի տրվի…

- Ազատ Բենիամինի, աշխարհը խառնվել է, ամենուր պատերազմներ և հակամարտություններ են, լոգիստիկ դժվարություններ են ծագել, նաև ապրանքների թանկացումներ են արձանագրվում, այդ թվում՝ շինանյութերի: Այդ դժվարությունները, ենթադրում ենք, անդրադառնում են նաև Ձեր ընկերության գործունեությանը: Ի՞նչ կասեք այդ առումով:

- Որպես տնտեսվարող սուբյեկտ՝ կասեմ, որ այդ ամենն ազդեց մեր գնային առաջարկներին: Բայց Մեղրին մոտ է Իրանի սահմանին, գուցե այդ հանգամանքով է պայմանավորված, որ մեզ մոտ լուրջ գնաճ չեղավ: Որոշ չափով տուժեցինք այն առումով, որ Ագարակի մաքսակետում երբեմն խցանումներ էին լինում: Փաստը մի կողմից ուրախացնող էր, որ բեռնաշրջանառությունների ծավալն աճում է, մյուս կողմից նեղվում էինք, որ բիտումի կարիք ունենք, բայց բիտումով բեռնված մեքենաները հերթի մեջ են, իսկ մենք այդ շինանյութի կարիքն ունեինք…

- Ամփոփեք 2022 տնտեսական տարին, ինչո՞վ նշանավորվեց այն Ձեր ընկերության համար:

- Սկզբից շատ դժվար էր, ծրագրերի փաստաթղթավորումը շատ էր ուշանում: Քաջարան-Մեղրի լեռնանցքի ճանապարհահատվածի նորոգման պայմանագիրը կնքել ենք միայն օգոստոսի 28-ին, կազմակերպչական մյուս խնդիրների պատճառով ձգվեց մինչև սեպտեմբերի վերջը: Բայց մենք նախապատրաստվել էինք. եթե նախապես պատրաստ չլինեինք, ապա նման ծավալուն ծրագիր չէինք կարող իրականացնել: Վերջին 10-15 տարում նման մեծածավալ ծրագիր չենք ունեցել: Ճանապարհը երկու բաղադրիչ ունեցավ՝ 4,3 կմ միջին նորոգում, ութ կիլոմետր՝ հիմնանորոգում: Ասեմ նաև՝ 600 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը չկարողացանք ավարտին հասցնել:

Ընդհանուր առմամբ տարին բարեհաջող էր, բարձրացավ ընկերության աշխատողների աշխատավարձը, հավաքակայանը համալրվեց նոր ու ժամանակակից տեխնիկայով: Գիտակցելով, որ ընկերության ներկայիս ասֆալտգործարանը հետագայում մրցունակ չի լինելու, արդեն պայմանավորվածություն  ունենք 120 տոննա/ժամ արտադրողականությամբ գործարան ձեռք բերելու համար:

Ունենք համերաշխ կոլեկտիվ, որի միջուկն անփոփոխ է, կարծում եմ՝ նրանց համար առաջնայինը սերն է հայրենի եզերքի նկատմամբ, իրենց փոքր հայրենիք Մեղրիի հանդեպ պատասխանատվությունը: Միշտ օրինակ ենք բերում՝ մեր երեխան, ասենք, պիտի Կապանի հիվանդանոց տեղափոխվի, ինչպե՞ս եք ցանկանում ճանապարհը լինի՝ բա՞ց, դժվարանցանելի՞, թե՞ փակ: Այդ մտածելակերպով էլ առաջնորդվում ենք…

Նոր կադրերով համալրումն է դժվար: Աշխղեկի պահանջ ունենք, տեղում այդ կադրը չկա, դրսից էլ չեն գալիս՝ պատճառաբանելով Մեղրիի հեռավոր լինելը: Հանրապետությունում շինարարությունը զարգացում է ապրում: Մայրաքաղաքում, ասենք, աշխատանք են գտնում, էլ ինչո՞ւ պիտի գան այստեղ: Բայց գան-չգան՝ Մեղրիի ճանշինը շարունակելու է արարումի իր երթը, աշխատանքները կատարելու է, ինչպես միշտ, և պատասխանատու է լինելու իր ամեն մի արածի համար:

- Առաջիկա ծրագրերից խոսենք. ի՞նչ է սպասվում տեսանելի ապագայում մեղրեցի ճանապարհաշինարարներին:

- Խմելու ջրի մաքրման կայանի շինարարությունը կավարտենք 2023-ին, Քաջարան-Դիբագի լեռնանցք ճանապարհահատվածի 600 մետր տարածությունը կվերանորոգենք, մետաղական արգելապատնեշներ կտեղադրենք, Ագարակում ենթակայան ենք վերակառուցում, Մեղրու մանկապարտեզի տարածքն ենք բարեկարգում (ասֆալտապատում), դե իսկ ճանապարհների ամառային և ձմեռային շահագործումը մեր հիմնական գործառույթներից է: Նախագծման աշխատանքներն ավարտվում են Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհահատվածի համար, որի հիմնանորոգումն իմ վաղեմի երազանքն է:

Ինչևէ, ժամանակն իր պտույտներով մեզ մոտեցնում է ամենասիրված և ընտանեկան տոնին՝ Ամանորին: Եվ, օգտվելով առիթից, շնորհավորում եմ Մեղրու ճանապարհաշինարարների Նոր տարին, մաղթում խաղաղություն, երջանկություն, նրանց օջախներին՝ ընտանեկան անդորր ու ջերմություն: Աստված բոլորիս պահապան:

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և

Վահրամ Օրբելյանի

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31