Մեղրին ոտքի կկանգնի...

31.05.2013 16:55
2598

«Մեղրին ամենակտրված տեղն ա դառել մեր երկրում, բայց ամենակարեւոր տեղն ա: Ո՞վ ա հասկանում», – ասաց մեղրեցի տիկին Ալվարդի խանութ մտած անծանոթ կինը` տեսնելով ձայնագրիչս: Տիկին Ալվարդի մթերային խանութը գտնվում է Մեղրու կենտրոնական հրապարակի հարեւանությամբ, որտեղ ավելի շատ մարդիկ գնում են քննարկելու Մեղրու վերջին նորությունները: «Որ պարտքի ցուցակս տեսնես, է՜, ինֆարկտ կստանաս», – ասաց նա, ապա կարեւորություն չտալով առեւտրին` նշեց, որ Մեղրիում պատրաստվում են բացել հանքեր:

Այս նորությունը քննարկվում էր ոչ միայն տիկին Ալվարդի փոքրիկ խանութում, այլեւ դրա պատերից դուրս: Մեղրու կենտրոնական հրապարակում էլ փորձում են գտնել վերջերս ծառերի զանգվածաբար չորանալու պատճառը: Մեղրեցիների պատմելով` ծառերի զանգվածային չորացում եղել էր 1960-70-ական թվականներին, երբ ծիրանենիները միանգամից չորացան: Այդ ժամանակ շատերը դա պայմանավորեցին Ագարակի կոմբինատի գործունեությամբ:

«Մեր ծառերը սկսել են չորանալ: Ինչի՞ց ա: Էն ջուրը, որով ջրում ենք ծառերը, գալիս ա հանքից, դա էլ թունավոր ջուր ա: Դրա համար էլ մեզ մոտ ծառերը հիվանդանում են, ժողովուրդը հիվանդանում է, բայց ո՞վ ա մեզ հաշվի առնում», – ասաց գյուղատնտես Ժիրայրը: Նրա փոխանցմամբ` այս տարի չորացել են կիվիի, թզի, դեղձի, ծիրանի ծառերը:

Մեղրեցի Դավիթ Համբարձումյանը ծառերի չորանալը պայմանավորեց հանքերի բացմամբ: «Թխկուտի ոսկու զավոդ կա: Երբ որ իրանք բաց են արել, աշխարհում ըտենց բան չկա, որ լճեր սարքեն եւ Մեղրուց վերեւ էդ լճերի մեջ էդ դեղը լցնեն: Առաջ էդ ջրերը բաց էին թողնում Մեղրի գետը, որտեղ ձկները վերացան: Հիմա արդեն ձուկ-բան չկա էդտեղ: Հիմա էլ, քույրիկ ջան, հերթը հասել ա մարդկությանը: Ղեկավարներն ուզում են արխային դառնան, փողերը վերցնեն-գնան: Վիճակը շատ վատ ա», – ասաց Դ. Համբարձումյանը:

Նա նախկինում հանքափոր է աշխատել: «Մանավանդ որ Տիգրան Սարգսյանին պահել են, իրանք գիտեն, թե ժողովրդին ոնց վերաբերվեն: Մենք անելու բան չունենք` կամ ասած, կամ չասած: Իրանք էստեղի ժողովրդին դրել են այլազգիների տեղ: Մեր ժողովուրդն էլ կամաց-կամաց կգնա Պարսկաստան», – ավելացրեց Մեղրու բնակիչը:

Անատառագետ Գեւորգ Մարգարյանն էլ ասաց, որ աշխարհում չկա մի բնակավայր, որտեղ 664 քկմ-ի վրա 14 հանք շահագործվի: «Տաշտունում կա մի աղբյուր, որտեղ ուրանի անոմալիայի ինչ-որ մետաղածին բան է թափվում ջրի մեջ. ծիտը, խմելով էդ աղբյուրի ջուրը, սատկում է: Էդ աղբյուրը թափվում է Տաշտուն գետի մեջ, Տաշտուն գետն էլ թափվում է Մեղրի գետի մեջ, Մեղրի գետից առուն կապում են ջրմուղկոյուղու դաշտին, էդ ջուրն էլ ներծծվում է Uեթանց աղբյուրի մեջ, պոմպակայանով գնում է, ջուր է մատակարարում Մեղրու բնակիչներին», – նշում է Գ.Մարգարյանը:

Նա նշեց, որ Ագարակի կոմբինատի պոչամբարը թափվում է Արաքս գետը, որով էլ ջրում են Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք համայնքների արտերը, իսկ ստորերկրյա աղբյուրներն էլ սնվում են այդ արտերի ջրերով:

Ծառերի չորանալու փաստը հաստատեց նաեւ Մեղրու ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանը, ով մեզ ուղեկցեց մի քանի այգի` մատնացույց անելով չորացած ընկուզենիները: Նա ասաց, որ ծառերի չորանալու պատճառները պետք է ճշտեն փորձագետները:

Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը Մեղրու տարածաշրջանում 14 հանքի ուսումնասիրությունների արտոնագիր է տվել մեղրեցիներին անհայտ անձանց: Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն այդ մասին իմացել է մեղրեցիներից:

«Ցավալի է, որ այդ մասին տեղեկացնում են ոչ թե լրատվամիջոցները, այլ մեղրեցիները: Մեղրու տարածքում 14 տարբեր մարդկանց տվել են լիցենզիաներ, որոնք իրավունք են տալիս զբաղվել հանքարդյունաբերությամբ: Շատ ողբալի վիճակում կհայտնվի ժողովուրդը, եթե դա իրականություն դառնա», – ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով` մեղրեցիների կարծիքը որեւէ մեկը չի հարցրել, հասարակական լսումներ չեն անցկացվել: Նրանք նաեւ չգիտեն, թե ովքեր են սեփականատերերը:

«Եթե չի եղել հասարակական լսում, ինչո՞ւ են օրենքը խախտում: Ես` որպես քաղաքապետ, մնացել եմ ժողովրդի եւ իշխանությունների արանքում», – նկատեց Ա. Հովհաննիսյանը:
Քաղաքապետի ասելով` ինքը հազիվ է լռեցնում մեղրեցիների բողոքի ձայնը եւ հարցն առայժմ փորձում է լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Այդ նպատակով էլ Մեղրու ավագանին այս տարվա հունվարի 25-ին նամակ էր գրել ՀՀ նախագահին` տեղեկացնելով իրավիճակի մասին: Դրանից ամիսներ անց` ապրիլի 5-ին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը պատասխանել է համայնքի ավագանու ուղերձին` նշելով, որ ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի գրության համաձայն` իրականությանը չի համապատասխանում «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի եւ հանքային շրջանների քարտեզը», ինչպես նաեւ այն, որ Լիճք, Տաշտուն եւ Լիճքվազ-Թեյի հանքավայրերն ուրանի եւ թորիումի առավել բարձր պարունակությունների օբյեկտներ են: Գրության մեջ ասվում է նաեւ, որ Մեղրիում բնապահպանական հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկման աշխատանքներ կատարելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ապրիլի 30-ին նախարարություն գրություն է ուղարկել Կապանի բնապահպանական տեղեկատվական հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, ով գրության պատասխանը ստացել է մայիսի 15-ին:

Պատասխանում ասվում է. «Սյունիքի մարզի Խաչաքար-Փարվանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք եւ Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադու պղնձի եւ Նռնաձորի պղինձ-ոսկու հանքաերեւակումներում կատարվող երկրաբանական ուսումնասիրությունների փաստաթղթերը չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»:

Մայիսի 17-ին Մեղրու քաղաքապետը մեկ այլ գրություն է ուղարկել նախարարություն` խնդրելով իրեն տրամադրել վերը նշված վայրերում ուսումնասիրություններ կատարելու փաստաթղթերի պատճենները:

Մեղրու ավագանու բնապահպանության հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանն էլ նշեց, որ նախարարության գրությունների մեջ կան մի շարք հակասություններ, որոնցից առանձնացրեց նախարարության` ուրանի հանքերի քարտեզի մասին դիտարկումը: Մ. Օհանյանի դիտարկմամբ` այդ քարտեզը գիտական հիմքեր ունեցող փաստաթուղթ է:

«Այդ փաստաթղթում ակնհայտ երեւում է, որ իրականում մեր տարածքում ոչ թե կոնկրետ ուրանի հանքեր են, այլ գունավոր մետաղներն ուղեկցվում են բարձր պարունակությամբ ռադիոակտիվ էլեմենտներով: Մեզ հատկապես անհանգստացնում է այն, որ նշված հանքատեղերը գտնվում են շատ ավելի բարձր նիշերում, քան Մեղրի քաղաքը. եւ ներքին ջրերը, եւ գետակները հոսում են` լցվելով Մեղրի գետ, որտեղից էլ լցվում են ոռոգման ջրերի համակարգ», – ասաց Մ. Օհանյանը:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն էլ նշեց, որ Մեղրու տարածաշրջանում անընդունելի է հանքարդյունաբերական գործունեությունը: «Միեւնույն վայրում գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության զարգացումն անհնար է: Նախքան հանքեր շահագործելը, առնվազն պետք է հաշվարկել, թե ինչքանով է տնտեսապես նպատակահարմար հանքերի շահագործումը հարակից համայնքների բնակչության եւ պետության համար առհասարակ: Մեղրի համայնքը համարվում է ազդակիր համայնք, սակայն հաշվի չի առնվել տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության դիրքորոշումը», – ասաց Ա. Փարսադանյանը:
Նա հավելեց, որ «Կայուն զարգացում» ՀԿ-ն Մեղրի համայնքում կկազմակերպի ստորագրահավաք` վերոնշյալ խնդիրների վերաբերյալ համայնքի բնակիչների դիրքորոշումը կառավարությանը եւ Ազգային ժողովին ներկայացնելու համար: Մեղրիում բողոքի ալիքին պատրաստվում են միանալ նաեւ մեղրեցի երիտասարդները: «Եթե բացեն հանքերը, մեղրեցիների համար ճակատագրական են լինելու: Եթե Տաշտունում հանք բացեն, էդ տեղից ջրերը գնալու են գետը, որով այգին են ջրում: Բերքը-բանը լրիվ վարի ա գնալու: Ջահելությունը դեմ ա դրան: Էդ նույն հանքից Քաջարանն էլ ունի, բայց որ էդտեղ նայում ես մարդկանց դեմքերին, ահավոր ա, ծնված էրեխեքն արդեն վատ են լինում», – նշեց Հովհաննես Համբարձումյանը:

Նա հավելեց. «Մենք մեր ուժերով ամեն ինչ անելու ենք, որ փակեն էդ հանքերը: Ոնց բացեն, ըտենց էլ փակելու են: Թեկուզ վնաս տալով էլ լինի, փակել ենք տալու: Մենք էնքան վնաս ենք տալու իրանց, որ հանքը փակեն, օրինակ, կարանք քարով խփենք-ջարդենք սարքավորումները»: Մեղրեցիների խոսքով` իրենք դեռ քաղաքակիրթ ճանապարհով` թուղթ ու գրիչի միջոցով են փորձում լուծում փնտրել, բայց եթե դա չօգնի, ոտքի կկանգնեն` պայքարի այլ միջոց ընտրելով: Ընդ որում, կառավարությունն ավելի «շռայլ» է եղել մեղրեցիների հանդեպ. բացի 14 հանքի արտոնագրերից` 9 հէկի կառուցման արտոնագիր է տվել կրկին մեղրեցիներին անհայտ անձանց:

ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
hetq.am, 28.05.2013

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39