Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքը պատրաստ է շահագործման

12.11.2015 15:48
2796

Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքի կառուցումը նախատեսված ժամկետում ավարտվել է, եւ այնտեղ ներկայումս իրականացվում են կահավորման եւ սանիտարական մաքրման աշխատանքներ: Տարակարծությունների, բանավեճերի տեղիք տված շենքն այլեւս իրականություն է եւ իր տեսքով բոլորովին այլ աշխարհ է տեղափոխում մարդուն: Ինչպես ընդունված է ասել, եվրոպական չափանիշներին համապատասխան կառուցված շենքը, որի ընթացիկ աշխատանքներին նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք, գտնվում է Մեղրի եւ Ագարակ քաղաքների միջակա վայրում, ընդ որում՝ երկու առանձին մուտքով:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում կառուցված շենքը նկուղի հետ միասին եռահարկ տիպային կառույց է՝ նախատեսված համեմատաբար փոքր տարածաշրջանի համար` 60 մահճակալանոց, վերելակով: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն՝ որպես ենթակապալառու կազմակերպություն (կապալառու՝ «Պառեքս-գազ» ՍՊԸ): Հիվանդանոցում գործելու են ախտորոշիչ, ընդհանուր վիրաբուժական, ընդհանուր թերապեւտիկ, վերակենդանացման, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ, վիրահատական եւ ծնարանային բլոկներ, լաբորատորիա եւ այլն: Շենքը կառուցվել է նախագծին համապատասխան. հիմքը մայր բնահողին է հասել, ջեռուցումը հարմարեցված է երկու տարբերակի համար՝ գազով եւ դիզվառելիքով: Քանի որ Մեղրու տարածաշրջանը գազիֆիկացված չէ, առայժմ ջեռուցումը կկատարվի դիզվառելիքով:

Մեր այցելության պահին կատարվում էին մաքրման եւ կահավորման աշխատանքներ: «Ամեն ինչ կատարվել է նախագծի համաձայն, բարեբախտաբար, եղանակային պայմանները բարենպաստ էին, եւ նախատեսված ժամկետում ավարտել ենք աշխատանքները: Մեր կազմակերպության համար դժվար էր, իհարկե, մեկ ուրիշի աշխատանքը շարունակել, բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջնորդությամբ ստանձնեցինք այդ պատասխանատու գործը: Ժամանակի սղությունը որակի վրա բացասական ազդեցություն չի թողել, քանի որ ներառել ենք որակյալ մասնագետների՝ հաշվի չնստելով վարձատրության չափի հետ», - նշեց «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանը: «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի տեխհսկիչն ամբողջ ժամանակահատվածում համապատասխան փորձանմուշներն ուղարկում էր իրենց լաբորատորիա, եւ գրեթե միշտ դրական պատասխան էր ստանում:

Շենքի շրջակայքը բարեկարգված է, կանաչապատ, բայց «տարածքը քամոտ վայրում է, ես խորհուրդ եմ տվել հետագայում խիտ ծառատունկ կատարել», - նշեց Ա.Գասպարյանը: Ասֆալտապատումից հետո տեղացած անձրեւներն էլ ավելի նպաստեցին ջրահեռացման համակարգի հարցի կարգավորմանը: Բնականաբար, տեղումներից կուտակվող ջուրը թափվում է Արաքս գետ, իսկ կոյուղաջրերը մտնում են առանձին մաքրման կայան, որտեղ մշակվում են եւ նորից օգտագործման համար պիտանի դառնում: Նմանատիպ մաքրման կայանների կիրառումը ՀՀ-ում լայնորեն տարածում է գտնում  եւ ջրային ռեսուրսների աղտոտումը կրճատելու առաջին քայլերից է: Տնօրենի փոխանցմամբ՝ ամենակարեւորն այն է, որ ջուրը շենքից ամբողջովին հեռանում է:

Շենքի նկուղային հարկը նախատեսված է արտակարգ իրավիճակների համար: Հիվանդանոցը կհագեցվի նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով, կահույքով: «Հիմնական խնդիրն այն է, որ հիվանդանոցը համալրվի լավագույն կադրերով, այն ծառայի իր հիմնական նպատակին», - նշում է Ա.Գասպարյանը:

Ըստ շինաշխատանքների ավարտական ակտի՝ ընդհանուր ծախսվել է 1 մլրդ 155 մլն 679 հազար 113 դրամ, բայց դեռեւս կան չլուծված ֆինանսական խնդիրներ (մոտ 60 մլն դրամ): Տնօրենի հավաստմամբ՝ եթե հարցնեն՝ կազմակերպությունը շահույթ հետապնդե՞լ է այս աշխատանքով, ապա պատասխանը միանշանակ կլինի՝ ո՛չ:

Տարեսկզբին դրամի արժեզրկումը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ, բայց նախագծային վերանայում չեղավ: Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի եւ կապալառու «Պառեքս-գազ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ երկու նյութի նկատմամբ կարելի է կիրառել ինդեքսավորում շինանյութի թանկացման դեպքում, որ մասամբ իրավիճակը մեղմացրեց: Ֆինանսական դժվարություններով հանդերձ, այնուամենայնիվ, այս պահին մնում է միայն էլեկտրականության հարցը լուծել. ենթակայանն արդեն կառուցված է, մնում է հոսանքը հասնի այդտեղ: Ի դեպ, նշենք, որ շինանյութ ձեռք են բերել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, որ կրճատում էր ժամանակը եւ հեռավորությունը:

«Շինարարական աշխատանքի պատվիրատու ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հետեւողականությունը, մեր պատասխանատվության զգացումը, այն գիտակցումը, որ Մեղրու տարածաշրջանը պիտի հիվանդանոցի շենք ունենա հնարավորինս շուտ, օգնեց մեզ ստանալ այն արդյունքը, ինչի ականտեսն ենք մենք այսօր: Մինչ այս շենքն ավելի շատ հռչակվել էինք որպես ճանապարհաշինարար, բայց սա այլ ոլորտ էր մեզ համար: Եթե ճանապարհն անընդհատ ենք կառուցում, ապա, իմ համոզմամբ, սա դարերի համար է, կարելի է ասել, մտանք պատմության էջեր», - հպարտությամբ նշում է Ազատ Գասպարյանը:

Երեսուներկու տարվա հեռավորությունից գնահատելով կատարած աշխատանքները՝ Ազատ Գասպարյանը, այնուամենայնիվ, առանձնացնում է երեք հիմնական գործ, որ պատմության էջերի համար են՝ ՊՆ-ի ավտոհավաքակայանի, Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքի, Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ճանապարհի կառուցումը: «Եվ մեր ամենաշնորհալի գործը, իհարկե, ճանապարհների ձմեռային պահպանությունն է: Արդեն տեղացած ձյունն անակնկալ էր, բայց մենք լիարժեք պատրաստ ենք ձմեռը դիմավորելուն: Դիբագի լեռնանցքում արդեն շուրջօրյա հերթապահությունն իրականացվում է, ճանապարհը լայնացվել է, տեխնիկայով, ավազով եւ աղով ապահովված ենք, մնում է վարորդների պատասխանատվությունը», - նշեց տնօրենը եւ հավելեց, որ հաճախ ձմեռային պահպանությանը խոչընդոտում են հատկապես հայ վարորդները: Համեմատության համար նա նշում է, որ պարսիկ վարորդների կուլտուրան ավելի բարձր է այդ առումով:

Ի դեպ, ճանապարհաշինարարների համար արդեն ավանդույթ է դարձել ճանապարհներին ցայտաղբյուրների կառուցումը: 

Խոսելով Մեղրու ճանապարհաշինարարների առաջիկա ծրագրերից՝ տեղեկացանք, որ շինարարական աշխատանքներով են զբաղվում Մեղրու N1 եւ Ագարակի միջնակարգ դպրոցներում, շարունակվում են Մեղրի քաղաքի ներքին ջրատար ցանցի վերանորոգման աշխատանքները, 2016թ. նախատեսվում է եւս 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում դեպի Մեղրի տանող հատվածում, բայց դեռեւս մրցույթ չի կայացել եւ այլն:

Քանի որ մեր նպատակն ավելի շատ Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքի  կառուցմանն անդրադառնալն էր, ուստի այլ աշխատանքների մասին կխոսենք հետագա հրապարակումներում:

Շնորհավորում ենք Մեղրու տարածաշրջանի բնակիչներին նորակառույցի առթիվ, մաղթում լավագույն կադրերի հոսք դեպի մեր հանրապետության հարավային դարպաս:

Հ.Գ. Մեղրու նորակառույց հիվանդանոցի հիանալի շինությունը չէր կարող անտարբեր թողնել մեզ, եւ մենք անկեղծ շնորհակալություն հայտնեցինք Ազատ Գասպարյանին՝ Մեղրու գեղեցիկ դիմապատկերին եւս մեկ վառ շտրիխ ավելացնելու համար:

Ազատ Գասպարյանն էլ ե՛ւ շինարարների, ե՛ւ մեղրեցիների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Մեղրու հիմնախնդիրների հանդեպ տածած ուշադրության համար. Մեղրիում նոր հիվանդանոցի կառուցումը եւս Հայաստանի Հանրապետության նախագահի 2012թ. նախընտրական խոստումներից է, եւ արդեն կարող ենք հայտարարել՝ այդ խոստումը կատարվեց լիարժեքորեն:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25