Մելիք Հայկազն 2-րդ. այր հզոր եւ դյուցազնական, իշխան երկրիս ու պանծալի անուն

02.04.2013 15:31
5957

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Սյունյաց երկիրը» սկսում է հրապարակումների շարք` նվիրված Սյունիքի նշանավոր մելիքներին ու մելիքական տներին: Եվ սկսում ենք մեր երկրամասի ամենանշանավոր մելիքներից մեկի` Սյունյաց աշխարհի մի հատվածի (Քաշաթաղ-Փոքր Սյունիք, Աղահեճք-Քաշաթաղ, Քաշաթաղ-Խանածախ, Քաշաթաղ-Ձագեձոր անվանումներով) ինքնիշխանության արժանապատիվ կրող Մելիք Հայկազն 2-րդին նվիրված նյութերի մատուցմամբ:

Հատկապես Արեւելյան Հայաստանի եւ մասնավորապես Սյունիքի ու Արցախի ուշ միջնադարյան երեք-չորս դարերի (XV-XVIIIդդ.) պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց մելիքությունների: Հայկական պետականության վերացումից, Օսմանյան Թուրքիայի եւ Սեֆյան Իրանի միջեւ Հայաստանի 1555թ. բաժանումից (Ամասիայի պայմանագիր) ու 1639թ. վերաբաժանումից (Կասրե-Շիրինի պայմանագիր) հետո ստեղծված պայմաններում հայկական մի շարք մանր իշխանությունների, ինչպիսիք մելիքություններն էին, հաջողվեց պահպանել հայկական ինքնավարությունն ու իրենց կիսանկախ գոյությունը: Կարելի է ստույգ ասել, որ մելիքություններն ամբողջ միջնադարում կարողացան դիմակայել օտար նվաճողներին եւ պահպանել քաղաքական ինքնավարություն, մի քանի դար շարունակ լինել ազատագրական պայքարի, հայ ոգու եւ հայկականության պահպանության պատվարն ու դրոշակակիրը:

Մելիքներ էին կոչվում բնիկ ազնվականության շառավիղներից բարձրացած եւ իրենց ենթակա տիրույթներում վարչական արտոնություններ ունեցող իշխանավորները: Սյունիքում հաճախ նաեւ շահի հրովարտակով էր հաստատվում մելիքական իրավունքը: Մելիքը միանձնյա իշխանական իրավունքներ ուներ իր տիրույթում, անձամբ էր լուծում հպատակների միջեւ ծագած վեճերը եւ կայացնում վճիռներ: Իբրեւ իշխանության վարչական ձեւ` մելիքները նաեւ զորք պահելու իրավունք ունեին:

Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց եւ մասնավորապես ռուսական կայսրությունում 1840թ. իրականացված վարչական ռեֆորմից հետո մելիքների վարչական ու դատական իրավունքներն աստիճանաբար վերացվեցին:

Իհարկե, մելիքությունները միշտ չէ, որ ունեցել են կայուն սահմաններ: Երբեմն նաեւ մելիքությունները վարչական ամբողջություն չեն կազմել: Եղել են նաեւ մելիքությունների վերացման եւ նոր մելիքությունների առաջացման դեպքեր: Այդ բոլորով հանդերձ` Սյունիքում եղել են մելիքական տներ ու մելիքություններ, որոնք բացառիկ կարեւոր դեր են խաղացել մեր երկրամասի պատմության ամենադժվարին ժամանակներում, որոնց վերաբերյալ պատմական հիշողությունն արթնացնելը եւ ազգային հիշողության հովիտներում նրանց բնակեցնելը ներկա սերնդի խնդիրներից ենք համարում:

Սյունիքի մելիքական նշանավոր տներից էին Օրբելյանները` հռչակավոր Օրբելյան տոհմի շարունակությունը (Տաթեւի մելիքություն, որ մի ժամանակ ընդգրկում էր Զանգեզուրի ամբողջ գավառակը), Մելիք Հայկազյանները (Խանածախ-Քաշաթաղի մելիքություն, որն իր հզորության գագաթնակետին հասավ Մելիք Հայկազն 2-րդի օրերում): Մելիք Հայկազնի նախորդները Քաշաթաղ են տեղափոխվել XV դարի վերջին քառորդում: Եկել է Մելիք Հայկազնի պապը` Պարոն (իշխան) Հայկազնը, ում կոչել են նաեւ Աղաջան: Այդ Հայկազնը (Հայկազն 1-ինը), ըստ Մորուս Հասրաթյանի, պատկանում է XIII դարից Արցախ-Ղարաբաղից Սյունիք (Վայոց ձոր) եւ Կոտայք թափանցած Խաղբակ-Պռոշյան իշխանական հին տոհմին:

Հիշարժան է, անշուշտ, Սիսիանի մելիքությունը` Մելիք Թանգյանների ու Մելիք Սաֆրազյանների առաջնորդությամբ: Վերջիններս բնիկ բռնակոթցիներ են, իսկ Մելիք Թանգյանները, ըստ որոշ աղբյուրների, Բռնակոթ բնակության են եկել Անիից: Տոհմի նախահայրը Մելիք Ստեփանն էր` Անիում զորապետության աստիճանի հասած:

Ղափանում ամենանշանավոր մելիքական գերդաստանը, իհարկե, Մելիք Փարսադանյաններն էին (գլխավորապես բնակվում էին Հալիձորում եւ Բեխում), ովքեր, ըստ որոշ աղբյուրների, ծագում են Բաղքի Ձագիկյան իշխանական տոհմից (վերջինս էլ` Սյունիների նախարարական տնից): Մելիք Փարսադանյաններից են սերում Մելիք Ստեփանյանները (Կապանի Առաջաձորում): Մեկ այլ վարկածի համաձայն Ղափանի Առաջաձորի Մելիք Ստեփանյանները սերում են Արեւիք գավառի Կալերից: Ղափանում նշանավոր էին Մելիք Քարամյանները` սերված Դավիթբեկյան ժամանակների քաջարի զորավար Թորոսի թոռ Հեթումի որդի Քարամից (Թորոս իշխանը բնակվում էր Եղվարդում (ըստ Գրիշա Սմբատյանի` ներկայիս Ներքին Հանդի մերձակայքում գտնվող Խորձորում), Մելիք Քարամյանները` Ագարակում): Թորոս իշխանը, ինչպես վկայում է Երվանդ Լալայանը , «…գաղթած է եղել Սողանլուից»: Արծվանիկն էլ նստավայրն էր մելիքական մեկ այլ տան` Մելիք Փռանգուլյանների (Ֆռանգուլյանների), որի հայտնի ներկայացուցիչը Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պատերազմի ժամանակ դավանափոխվեց եւ դավաճանաբար մեծ հարված հասցրեց պատերազմող հայկական բանակին: Այդուհանդերձ Մելիք-Ֆրանգուլի արարմունքը նորովի ուսումնասիրման եւ վերագնահատման կարիք ունի. դա մեզ հուշում է Նիկողայոս Ադոնցը: Ղափանում նշանավոր էին Մելիք Նուբարյանները (բնակվում էին Շիկահողում), որոնց ծագման վերաբերյալ հակասական կարծիքներ կան: Ըստ Երվանդ Լալայանի` գերդաստանը Մելիք Փարսադանյանների մի դստեր սերունդն է, ինչի հետ համաձայն չէ Կապանի մերօրյա պատմաբան Գրիշա Սմբատյանը: Ղափանում կային նաեւ փոքր մելիքական տներ, ինչպիսիք էին Մելիք Աղամիրյանները, Մելիք Ղուկասյանները, Մելիք Մուշկամբարյանները (վերջին գերդաստանն այստեղ է տեղափոխվել Իրանից` մինչեւ Թուրքմենչայի պայմանագիրը, այնտեղ հակասություններ ունենալու պատճառով): Ըստ Ստեփան Լիսիցյանի` Քյուփարայի գավառակում (Ղափանի Ագարակի ենթաշրջան) եղել է մեկ ուրիշ Մելիք-Փարսադան: Իսկ ազերի Նազար Հեյդարովն էլ գրել է («Զանգեզուրի լեռներում»), որ Դոնդարլի եւ Դեմիրչիլեր (Զանգելանի շրջան) գյուղերը պատկանել են ագարակցի Եփրեմ բեկ Աղախանովին (Կապանի Աղախանյանները, ըստ երեւույթին, մելիքական այդ տան շարունակությունն են):

Մեղրիում նշանավոր էին Մելիք Օհանջանյանները (տոհմի հիմնադիր Ղարագյոզ իշխանի հաջորդները 1819թ., շահի հետ ընդհարման պատճառով, տեղափոխվել են Սյունիք, նախ` Շիշկերտ, ապա` վերջնականապես հաստատվել Մեղրու Կալեր գյուղում), Մելիք Վաչյանները (ըստ Մեղրու մերօրյա պատմաբան Նաիրա Հայրապետյանի` Վաչյանները Դավիթ Բեկի Կոնստանտին զորավարի հաջորդներն են): Մեղրիում, անշուշտ, 18-րդ դարասկզբի ամենանշանավոր իշխանը Պապ զորապետն էր` Կալերից, ում անարդարացիորեն գլխատեց Դավիթ Բեկը եւ ում հիշատակը հավերժացնելու մտադրություն ունենք Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցու) հետ:

Գորիսում, Օրբելյաններից ու Հայկազյաններից բացի, հայտնի էին նաեւ Մելիք Հյուսեինյանները (այդ տոհմի ներկայացուցիչ Մանուչար բեկին էր վիճակված լինելու Գորիս քաղաքի հիմնադիրը 1870-ին), Մելիք Բարխուդարյանները (Տեղ գյուղում), Մելիք Փարամազյանները (Խնձորեսկում):

Անշուշտ, մենք չենք հավակնում փոքրիկ այս հրապարակումով շատ թե քիչ ամբողջական տեղեկություններ հաղորդել Սյունիքի տարածքի բոլոր մելիքների ու մելիքական տների մասին: Մենք ընդամենը հիշեցինք մելիքական առավել հայտնի տներին եւ ազդարարեցինք մեր մտադրությունը` ժամանակ առ ժամանակ (հաջորդաբար) ներկայացնել մելիքական տներից յուրաքանչյուրին, ինչը, ի վերջո, հնարավոր կդարձնի հետագայում ամբողջացնել Սյունիքի մելիքական տների պատմությունը: Ի դեպ, մելիքական տներից շատերի շառավիղներն այսօր էլ կան, եւ ակնկալում ենք նրանց արձագանքը:

Խմբագրության այդ մտադրության իրականացումը, ինչպես արդեն նշել ենք, սկսում ենք Խանածախ-Քաշաթաղի մեծ մելիք, քաջարի զորավար ու դիվանագետ, հայ հոգեւոր-մշակութային կյանքում նշանակալի ավանդ ունեցած Մելիք Հայկազն 2-րդի` խոնարհումի արժանի կերպարը ներկայացնելով: Այդ հարցում մեզ քաջալերեցին եւ աջակցեցին նշանավոր սյունեցի, հայոց մերօրյա սպարապետ Սեյրան Օհանյանը, ինչպես եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որոնց շնորհակալություն ենք հայտնում:

Համարի նախապատրաստման ընթացքում` 2012թ. դեկտեմբերի 7-ին, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց Սյունյաց մեծ անապատ եւ Խանածախ: Սոսկալի էր տեսնել, որ Սյունյաց (Հալիձորի) մեծ անապատի չքնաղ եկեղեցու բեմը նույնպես գանձագողերի պիղծ ձեռքով ավերվել է: Իսկ Խանածախում շատ անշուք, կիսաքանդ վիճակում տեսանք Մեծ Հայկազն երկրորդի մատուռ-դամբարանը` տապանաքարն ու մատուռի երեսպատման սալիկները անհայտացած: Ինչպես վկայում է խանածախցի Վարդան Թունանյանը, ում տնամերձում գտնվում է Մելիք Հայկազն երկրորդի դամբարանը, գյուղում քչերը գիտեն, որ հենց այստեղ է թաղված նշանավոր հայորդին: Մատուռ-դամբարանն էլ երկար տարիներ օգտագործվել է իբրեւ մարագ: Մելիք Հայկազն երկրորդի նախաձեռնությամբ գյուղում կառուցված Սբ Հռիփսիմե եկեղեցին էլ խորհրդային տարիներին ներսից կտրտվել է պատերով` կոլտնտեսության պահեստի հարմարեցնելու նպատակով, եւ մինչեւ հիմա գտնվում է այդ վիճակում: Եկեղեցու արեւելյան պատից (մինչեւ Մելիք Հայկազն երկրորդի դամբարան) տարածվում է գերեզմանատուն, որն այսօր, ցավոք, աղբատեղի է: Տապանաքարերի մի մասն` իր բնական տեղից դուրս եկած, ընկած է աղբանոց դարձած այդ վայրում:

Օգտվելով Մելիք Հայկազն երկրորդին նվիրված հատուկ համար հրատարակելու պատեհությունից` կոչ ենք անում պատկան մարմիններին ու մեր երկրամասի պատմամշակութային վայրերի ու անշարժ հուշարձանների պահպանության հարցում նախանձախնդիր մարդկանց ու մեկենասներին` փրկելու Մեծն Հայկազի մատուռ-դամբարանը, փրկելու Խանածախի Սբ Հռիփսիմե եկեղեցու մերձակայքի տապանատունը, որի արեւելյան հատվածում իր հավերժական հանգիստն է գտել նշանավոր մելիքը: Ժամանակն է նաեւ պետական հոգածության տակ առնելու մելիքի խանածախյան ապարանքն ու ճանապարհ բացելու դեպի Սյունյաց (Հալիձորի) մեծ անապատ` Մելիք Հայկազն երկրորդի մեկենասությամբ կառուցված, որն ուշ միջնադարի հոգեւոր-մշակութային, շինարարական-ճարտարապետական զարթոնքի ազդակներից առաջինը եղավ հայոց մեջ:

Մելիք Հայկազն երկրորդի կատարած մեծագործությունների մասին թերթի սույն համարում ծավալուն տեղեկություններ են ներկայացվում: Դրանցից մեկը, այդ բոլորով հանդերձ, ուզում ենք ընդգծել. նաեւ Մելիք Հայկազնի հեղինակության եւ դիվանագիտության շնորհիվ Շահ Աբբասի հրամանով 17-րդ դարասկզբին իրականացված հայոց գերեվարությունը շրջանցեց (նաեւ Մելիք Հայկազն 2-րդի հեղինակության եւ դիվանագիտության շնորհիվ) Սյունիքի եւ Արցախի հայ բնակչությանը:

Համարի նախապատրաստության ընթացքում ձգտեցինք գտնել-վերականգնել Մելիք Հայկազն 2-րդի նկարը, ինչը չհաջողվեց: Ու որոշեցինք հայտնապատկերել Մելիք Հայկազն Բ-ին, ինչը ստանձնեց Սյունյաց աշխարհի ճանաչված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանը: Մելիքի պատկերը վերարտադրելու համար առաջնորդվեցինք Ներսես Մոկացու հայտնի պոեմով` «Ներբողական գովեստի…» (ով Մելիք Հայկազնի ժամանակակիցն էր): Սակայն Ներսես Մոկացին հրաշալիորեն պատկերել էր զորապետ Մելիք Հայկազնին` զինվորական հանդերձանքով եւ իշխանական ատրիբուտներով: Նման հանդերձանքով վերարտադրելը, ըստ Ռոբերտ Կամոյանի, շատ կծանրաբեռներ նկարը եւ կդարձներ անհասկանալի` կորովի աղեղնավոր, «քամանդար» (նետաձիգ) անսխալական, երկսայր սուսերով, կտրան թուրով, պղնձապատ վահանով, ձախ կողքից կախված կռանով, սաղավարտով, զրահավորյալ հասակով, «սադահքով» (նետակալ կամ կապարճ)` կողքերից կախած, հրազենով զինված հետեւակի ուղեկցությամբ, հսկայական մարմնով, արքունական ձեւով, պերճ, վայելչական հասակով` նժույգի վրա… Ռոբերտ Կամոյանը գերադասեց նրան ներկայացնել աշխարհիկ (մելիքական) տարազով եւ զինվորական հանդերձանքի առանձին բաղադրիչներով ու գնդաձեւ ծայրով գավազանով, որ «նիշ է` գուշակ ինքնիշխանության»: Իսկ գեղանկարի ֆոնին խանածախյան բնապատկերներ են (գեղանկարը` համարի 1-ին էջում):

Ի դեպ, Ներսես Մոկացու «Ներբողականից» կարելի է հստակ պատկերացնել 16-րդ դարավերջին եւ 17-րդ դարասկզբին հայոց մեջ գործածվող զինվորական համազգեստի ու զենքերի տեսակների եւ ձեւի մասին (խոսքը, մասնավորապես, մելիք-զորապետի հանդերձանքի մասին է):

Ռոբերտ Կամոյանին` մեր շնորհակալությունը: Մեր շնորհակալությունը Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ, Գորիսի պատմության անզուգական գիտակ Սերգեյ Հախվերդյանին, ով ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ թերթի սույն համարի նյութերի պատրաստման գործում: Շնորհակալություն Ռեդիկ Հայրապետյանին (ծագումով Խանածախից), ով ուղեկցեց «Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին` Մելիք Հայկազնին առնչվող վայրերում շրջագայելիս:

Մենք փորձեցինք հայացք ձգել նաեւ մերօրյա Քաշաթաղի վրա: Այդ հարցում մեզ օգնեց Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների լավագույն գիտակ Զոհրաբ Ըռքոյանը` թերթի սույն թողարկման համար ուղարկելով հոդվածաշար:

Նորից մեզ օգնության ձեռք մեկնեց գրաբարագետ Հակոբ Քյոսեյանը, ով առաջին անգամ աշխարհաբարի վերածեց եւ ծանոթագրեց Ղեւոնդ Ալիշանի «Սիսականի» երկու հատված` Աղահեճք գավառի տեղագրությանն ու Հարանց մեծ անապատի կառուցմանն առնչվող:

Լուսանկարչի գործն այս անգամ եւս ստանձնեց գորիսեցի հրաշալի լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանը:

Զոհրաբ Ըռքոյանին, Հակոբ Քյոսեյանին, Կարեն Հովհաննիսյանին` մեր հարգանքը:

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03