Մելիք-Օհանջանյաններ

17.02.2014 18:07
5542

Մելիք-Օհանջանյան գերդաստանից արժանավոր մարդիկ են սերվել, հասարակությանը պիտանի մարդիկ` նշանավոր շինարար, իրավաբան, գյուղատնտես, բժիշկ, ակադեմիկոս, նախարար, այդ մարդկանց կենսագրության մեջ արտացոլված է 20-րդ դարի պատմությունը:

Տոհմի շառավիղներից մեկի` Ռուբեն Մելիք-Օհանջանյանի երեւանյան բնակարանի պատին փակցված է Մելիք-Օհանջանյանների տոհմածառը, որը պատրաստել է նրա որդին` Վահան Մելիք-Օհանջանյանը, ումից կարելի է ստույգ տեղեկություններ իմանալ Մելիք-Օհանջանյան տոհմի մասին: Տոհմածառ, որի ճյուղերը ներկայացնող մարդիկ այսօր էլ շարունակում են ստեղծագործ աշխատանքը: Ըստ տոհմածառի` տոհմի հիմնադիրը եղել է Ղարագյոզ իշխանը, ով Շահ Աբաս Երկրորդի (1641-1666) իշխանության օրոք հիմնադրել է Մակիդի գյուղը: Հետագայում Մելիք-Օհանջանը հիմնել է եւս ութ գյուղ, ստեղծել է քեյվանյան մելիքությունը: Այն ժառանգաբար կառավարել են Ղարագյոզ իշխանի սերունդները, թե՛ Պարսկաստանում, թե՛ ռուսական կայսրության ներքո անցնելուց հետո:

1819թ. այն ժամանակվա շահի հետապնդումների պատճառով Մելիք Գավրիիլն իր երեք որդու` Կարապետի, Գեւորգի եւ Հովհաննեսի հետ (բոլորն էլ բեկեր) ճարահատյալ տեղափոխվում է Զանգեզուր` փոքրիշատե ապահով տեղ, նախ` Շիշկերտ գյուղ (Կապանի տարածաշրջանում է), այնուհետեւ` վերջնականապես հաստատվում Մեղրու Կալեր գյուղում: 1860-ականներին Գավրիիլի որդի Գեւորգ բեկը, լինելով գավառական քարտուղար, դիմում է բեկական հանձնաժողովին իրենց մելիքական տոհմի պատկանելությունը հաստատելու նպատակով` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք պահպանվել են Պարսկաստանից տեղափոխվելուց հետո: Մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը հաստատում է, որ իրոք Գեւորգ Մելիք-Օհանջանյանը սերում է Մելիք Ղարագյոզի տոհմից: Եվ նրանք պիտի օգտվեն այդ տիտղոսներից, դրանցից զրկված չեն եղել, եւ դա իրենց իրավունքն է: Այդ փաստի վերաբերյալ մինչեւ այսօր պահպանվել են բեկական հանձնաժողովի արձանագրությունները եւ որոշումները: Քիչ տոհմեր կան, որոնք ունեն իրենց փաստաթղթերը, արձանագրությունները, մի խոսքով` տոհմական արխիվը: Այդ ամենն ունեն Մելիք-Օհանջանյանները, որոնք ներկայացնում են Մելիք-Օհանջանյանների ունեցվածքը, գյուղական կալվածքները: Եվ այդ փաստաթղթերը` զմռսված հատուկ կնիքներով, արդեն պատմական փաստաթղթեր ու վկայականներ են:

Ուշագրավ է Մելիք-Օհանջանյան տոհմածառի ճյուղերից մեկի` Լեւոնի ճակատագիրը, ով Կոլչակի զորամիավորման դատախազությունում զինդատախազ էր: 1920 թվականին սպիտակգվարդիականների հետ փախել է Խարբին (Չինաստան), որտեղ էլ կնքել է մահկանացուն: Սակայն հասցրել է կնոջը եւ դստերը հասցնել Փարիզ, որտեղ էլ նրանք վախճանվել են՝ այլեւս չտեսնելով Լեւոնին:

Գեւորգ Մելիք-Օհանջանյանը (գավառական քարտուղար) ժառանգ չի ունեցել, ուսման է տվել իր եղբորորդուն` Փարսադանին (Կարապետի որդուն): Փարսադանը (1853-1908) հետագայում դառնում է Էջմիածնի սինոդի անդամ, ուսման հարգն իմացող անձնավորություն, նշանավոր իրավաբան: 1880թ. Օդեսայում տպագրվել է Փարսադան Մելիք-Օհանջանյանի իրավաբանական աշխատությունը՝ «Разграничение подсудимости коммерческих судов»: Շուրջ մեկուկես դար է անցել, բայց աշխատությունը պատմության եւ իրավագիտության համար մեծ արժեք ունի: Նա իր եղբոր` Աղաբեկի զավակներին` Բագրատին, Միքայելին, Կարապետին, Վահանին եւ Արտաշեսին ուսման է տվել: Աղաբեկն ուներ վեց որդի եւ չորս դուստր: Փարսադանը պայման էր դրել` ով որ դպրոցը ոսկե մեդալով ավարտի, կգնա Մոսկվա, իսկ ինքը կհոգա նրա ուսման ծախսերը: Պահպանվել է Ավետիք Իսահակյանի երեք նամակը` ուղղված փաստաբան Փարսադան Մելիք-Օհանջանյանին (Կարո Մելիք-Օհանջանյանը Բեռլինում ուսանելիս ապրում էր Ավետիք Իսահակյանի հարկի տակ): Այդ նամակներում պոետը բարձր գնահատական է տվել Մելիք-Օհանջանյան տոհմին: Բայց այս ամենի հետ մի տխուր իրողություն էլ կա. Մելիք-Օհանջանյանների, ինչպես նաեւ նրանց զարմիկների ճակատագիրը (չնչին բացառություններով) բախվել է ստալինյան բռնություններին, նրանց կյանքի մի ժամանակահատվածն անցել է տառապանքի ուղիներով:
Այդ բացառություններից է Բագրատ Մելիք-Օհանջանյանը: Ավարտել էր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, սուր վարակիչ հիվանդությունները բուժող մասնագետ էր: Երբ Կարապետ եւ Միքայել Մելիք-Օհանջանյաններին տարան, հարազատները կարծում էին, թե մի օր էլ հերթը նրան կհասնի: Բայց վերեւից կանչել էին եւ ասել, որ նրան ձեռք չեն տալու, այդ տարիներին կենցաղային պայմաններն այն չէին , եւ համաճարակներ հաճախ էին բռնկվում: Իսկ նա որպես բժիշկ այդ ոլորտում մեծ ճանաչում ուներ:

Մելիք-Օհանջանյան տոհմի երեւելի ներկայացուցիչներից Փարսադան Մելիք-Օհանջանյանը ցարական շրջանում պաշտոն է ունեցել, 1937 թվականին եթե խորանային նրա կենսագրության մեջ, պատիժներն ավելի դաժան կլինեին: Բայց ահա տոհմի ականավոր ներկայացուցիչը` Կարապետ Մելիք-Օհանջանյանը, կրել է ստալինյան բռնատիրության բոլոր սարսափները, հանիրավի բռնադատվել է, 1937-ից 1942-ը անցկացրել աքսորում: Ո՞րն էր հիմնավորումը. եթե եղել է Եվրոպայում, անպայման գերմանական լրտես պիտի լիներ: Գործուղվել է Լենինգրադ, հանդիպել Հովհաննես Օրբելու, Բորիս Պիոտրովսկու հետ, ապա այնտեղ ինչ-որ ազգայնական խմբակ պիտի ստեղծեր: Ուշագրավ է, որ նա 221 օր գտնվելով բանտում, այդ ծանր պայմաններում ոչ մի անգամ չի հարցաքննվել: Պատկերացնել կարելի է` այդքան օր նա սպասում էր, թե ինքն ինչ մեղք է գործել, ինչու է ինքը դատապարտվում: Պարզապես փորձել են ամեն կերպ համոզել, որ ընդունի, թե իբր հակազգային, հակապետական գործունեություն է ծավալել: Իհարկե, նա ոգու հզոր կամք է ունեցել բոլոր փորձություններից լուսավոր ու մաքուր հոգով ու հավատքով դուրս գալու համար: 1939թ., երբ տոնվում էր «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը, շատ հրատարակություններում ջնջվում էր նրա անունը, որովհետեւ տակավին բռնադատված էր: Բայց աքսորից հետո նախկին բռնադատվածն իր մեջ ուժ գտավ` շարունակելու գիտական գործունեությունը եւ ստեղծելու կոթողային արժեքներ…

Սիբիրյան հեռուների ճամփան բռնեց նաեւ Միքայել Մելիք-Օհանջանյանը: Իրավաբանական ֆակուլտետի ուսանողը, որպես ցարական սպա, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, վերադարձել Հայաստան եւ որպես դասակի հրամանատար` մասնակցել Սարդարապատի ճակատամարտին: Հետագայում եղել է Գարեգին Նժդեհի զինակիցը եւ ընկերը: Իբրեւ սպիտակգվարդիական` ձերբակալել են: Երկու անգամ երկտող է ստացվել, որ գտնվում է Ռուսաստանի բանտերից մեկում, այնուհետեւ տեւական լռություն: Ավելի ուշ պարզվեց,որ գնդակահարել են: Այդպես էլ դուստրը` Իլոնան, ով գերազանց ավարտեց համալսարանը եւ այդտեղ ռուսերեն էր դասավանդում, չտեսավ հոր դեմքը…

Արտաշես Մելիք-Օհանջանյանը համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող էր, 1937-ին նրան էլ տարան: 20 տարի աշխատել է Անդրբեւեռային շրջանում՝ Նորիլսկ եւ Դուդինկա քաղաքներում: Սիբիրում Արտաշեսն ամուսնացել էր Ուկրաինայից աքսորված ռուս կնոջ հետ: Հետագայում նրանց վերջնականապես ազատեցին: Հանգստանալու համար մեկնեցին Կիսլովոդսկ: Լիարժեք ազատության մեջ գտնվելու երրորդ օրը` բուժական լոգանք ընդունելիս, Արտաշեսը վախճանվեց:

Մելիք-Օհանջանյանների գերդաստանի ներկայացուցիչներից մեկը` Սոս Նուրիջանյանը (Աղաբեկի դուստր Արփենիկի որդին), եւս կյանքի մի մասն անցկացրեց աքսորավայրում: Հերոս ամրոց Բրեստի պաշպանության ակտիվ մասնակիցներից է, պատերազմական նրա հուշերն ամփոփված են «Արյունոտ լուսաբաց» գրքույկում: Բրեստ բերդաքաղաքն 1941թ. հունիսի 22-ին առաջինն իր վրա վերցրեց թշնամու հարվածը: «Թե ինչքան տեւեց մարտը, չգիտեմ, - իր հուշերում պատմում է Սոս Նուրիջանյանը, - կռվի պահին մարդ կորցնում է ժամանակի զգացողությունը: Կարեւորն այն է, որ առաջին հաղթանակը ձեռք էր բերված: Մեզնից յուրաքանչյուրը հենց այդտեղ` հեռավոր Բրեստի ամրոցի պարիսպներից, 1941 թվականի հունիսի 22-ի առավոտյան տեսավ Արեւմտյան Եվրոպայում հաղթանակներով փառաբանված ֆաշիստական զինվորների թիկունքը»: Պատերազմի ավարտից հետո, թվում է, մեծարանքների պիտի արժանանար, բայց կեղծ մատնության պատճառով բռնեց Սիբիրի ճամփան: Եվ այնտեղից վերադարձավ քայքայված առողջությամբ: Դառը ճշմարտություն է. ստալինյան բռնատիրության տարիներին շատերին էին Սիբիր քշում: Ոմանք իրենց գերեզմանը գտնում էին անծայրածիր հեռուներում, շատերը` վերադառնում առողջությունը կորցրած եւ վաղաժամ հրաժեշտ տալիս երկրային կյանքին:

Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի մյուս որդիները` Վահան Մելիք-Օհանջանյանը` վաստակավոր գյուղատնտես, Ավետիս Մելիք-Օհանջանյանը` վաստակավոր շինարար, փառք Աստծո, չեն աքսորվել: Սիբիրն անցել է Մելիք-Օհանջանյան գերդաստանի այս արժանավոր մարդկանց կողքով:

Տխուր ստացվեց շարադրանքը, բայց պիտի փաստել, որ Մելիք-Օհանջանյան գերդաստանի շառավիղներն օժտված եւ աշխատասեր են եղել, հետք թողել մեր հայրենիքի պատմության, գիտության, մշակույթի բնագավառներում: Ավետիսի որդի Յուրի Մելիք-Օհանջանյանը հանրապետության մշակույթի նախարար է եղել, Վահանի որդի Ռուբեն Մելիք-Օհանջանյանը` ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: Հարուստ կենսագրական անցյալ ունի Բագրատի որդին` Փարսադան Մելիք-Օհանջանյանը (նա կրում է Էջմիածնի սինոդի անդամի անունը): Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, գտնվում էր Կիեւում, այնտեղի օդանավակայանում: Փարսադանը (նրան քնքշորեն Բուլիկ էին անվանում) կռվեց մինչեւ պատերազմի ավարտը, մնաց շրջափակման մեջ…Պատերազմից հետո գերազանց առաջադիմությամբ ավարտեց պոլիտեխնիկական ինստիտուտը, գործուղեցին փակ գործարաններից մեկը, որտեղ 12 հազար մարդ էր աշխատում, հասավ մինչեւ տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանի:

Բագրատի դուստրը՝ Աչիկ (Անուշ) Մելիք-Օհանջանյանը գնաց հոր հետքերով, ընտրեց բժշկի մասնագիտությունը, երկար տարիներ աշխատեց Երեւանի հիվանդանոցներում որպես նեւրոպաթոլոգ: 1972-ին նրան շնորհեցին հանրապետության վաստակավոր բժշկուհու կոչում:
Մելիք-Օհանջանյան գերդաստանի այս ամբողջ պատմությունը խոսում է այն մասին, որ գործ ունենք մի տոհմի ներկայացուցիչների հետ, որոնցից յուրաքանչյուրը սերտորեն կապվելով մայր հայրենիքի հետ, ոչ միայն իր ավանդն է բերել հայրենի երկրի բարգավաճմանը, այլեւ շարունակում է իր ստեղծարար գործունեությունը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25