ՎԱՂՎԱ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ
Հարցազրույցը կայացել է հոկտեմբերի 10-ին, Խնձորեսկում, «1000 Վահան» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում
«ՊԵՏՔ ՉԷ ԱՄԵՆ ԻՆՉ ՔԱՆԴԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ԴՐԱՆԻՑ ԱՌԱՋ՝ ՈՒՐԻՇՆ Է ՍՏԵՂԾԵԼ»
Իգոր Զարգարյանի հետ զրույցը սկսվեց ընտանիքի արմատներից, անցավ արտադրության, պետական կառավարման, Հայաստանի տնտեսական զարգացման և քաղաքականության միջով, ապա հանգեց այն հարցին, որն այսօր, թերևս, ամենից շատ է պահանջում պատասխան՝ ի՞նչ պետք է անենք, որպեսզի վաղվա Հայաստանը լինի ուժեղ, ինքնուրույն և սեփական ճակատագիրը տնօրինելու ընդունակ պետություն։
Իգորի կենսագրության մեջ տարբեր ճանապարհներ են հատվում՝ ինժեներական կրթություն, արտադրական աշխատանք, Ռուսաստանում անցկացրած տասնամյակներ, արդյունաբերական քաղաքականության մշակմանը մասնակցություն, պետական կառավարման փորձ, քաղաքական գործունեություն։ Եվ այսօր՝ «1000 Վահան»-ի շրջանակում նոր սերնդի հետ աշխատանք։ Սակայն այս զրույցի նպատակը կենսագրական հանգրվանները պարզապես թվարկելը չէ։ Փորձում եմ հասկանալ մարդուն՝ նրա համոզմունքները, սկզբունքները, հիասթափությունները, կամքի ուժը և այն պատկերացումը, որով նա գնահատում է Հայաստանի ներկան ու մտածում ապագայի մասին։
— Իգո՛ր, սկսենք ամենասկզբից։ Որտեղի՞ց են Ձեր ընտանիքի արմատները։ Ովքե՞ր էին Ձեր ծնողները, ի՞նչ մասնագիտություն ունեին, նրանք ի՞նչ արժեքներ էին փոխանցում Ձեզ՝ մանկությունից։ Ո՞վ է ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեր ներաշխարհի, բնավորության, աշխարհահայացքի ձևավորման վրա։
— Հայրական կողմից՝ երևանցի եմ։ Կարելի է ասել՝ թոռս արդեն վեցերորդ սերնդի երևանցի է։ Ծնվել եմ Երևանի կենտրոնում՝ Ալավերդյան 20 հասցեում։ Մեր արմատները Ուրֆայից են ՝ Եդեսիայից։ Նրանք մոտ 200 տարի առաջ դուրս եկան Ուրֆայից, ու հասան Ռուսաստան։ Ի դեպ, իմ պապերի Արևմտյան Հայաստանի ծննդավայրի՝ Եդեսիայի անունով այսօր էլ, նույնանուն գյուղ կա Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում ՝ հենց Եդեսիա։ Մայրական կողմից արմատներս Արցախից են, բայց մայրս ծնվել է Ռուսաստանում։ Հայրս սովորական բանվոր էր՝ եռակցող, բայց իր աշխատանքով ու վարպետությամբ, Երևանում ճանաչված մարդ էր։ Հայրենասիրությունն ինձ փոխանցվել է փոքր տարիքից, առաջին հերթին ծնողներիս միջոցով։ Մեր ընտանիքի պատմության մեջ հետաքրքիր մարդիկ են եղել։ Մեր տոհմից Եղիա Զարգարյանը, ով կրծքին կրում էր Գեորգիևյան խաչ, 1915 թվականին մասնակցել է Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ մղված մարտերին, իսկ հետագայում՝ Հայրենական պատերազմին։ Ճակատագրի դառը հեգնանքով, ֆաշիստները նրան գնդակահարել են հենց իրենց՝ մեր պապերի՝ Եդեսիայի հնաբնակների կողմից Ռուսաստանում հիմնած Եդեսիա գյուղում։ Այդպիսի պատմությունները մեր ընտանիքի հիշողության մի մասն են։
— Դպրոցական տարիներին ի՞նչն էր Ձեզ ամենաշատը հետաքրքրում՝ պատմությո՞ւնը, տեխնիկա՞ն, գրականությո՞ւնը․․․ Ինչո՞ւ ընտրեցիք պոլիտեխնիկական կրթությունը։
— Սովորել եմ Երևանի Պուշկինի անվան դպրոցում։ Իմ սիրած առարկան պատմությունն է։ Ադպես էր երեկ, այդպես է այսօր, այդպես կլինի նաև՝ վաղը։ Պատմություն չիմացողը կարող է նույնիսկ չհասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում այսօր կյանքում, իր կողքին, իր պետության մեջ, նրա սահմաններից դուրս․․․ Այդպիսի մարդը կարող է շատ սխալներ թույլ տալ։
Ես ուզում էի պատմությամբ զբաղվել, բայց ընտրեցի պոլիտեխնիկը՝ էլեկտրատեխնիկական ուղղությունը։ Մասնագիտությունս «էլեկտրաշարժաբերն» էր, ռուսերենով՝ «электропривод»։ Դա տեխնիկական ոլորտ է, որն արտադրության մեջ կարևոր նշանակություն ունի։ Բուհն ավարտելուց հետո աշխատեցի «Մարս» գործարանում, որը շատերն անվանում էին ռոբոտների գործարան։ Հետագայում տեղափոխվեցի Ռուսաստան, սովորեցի իրավաբանություն, հետո ուսում ստացա Ֆրանսիայում՝ INSEAD-ում։ Բայց իմ գիտակցական աշխատանքային կյանքը միշտ կապված է եղել արտադրության հետ։
Դեռ 14 տարեկանից, հորս օգնում էի։ Կարելի է ասել, որ այդ ժամանակվանից արտադրությունը հասկացա ոչ միայն որպես տնտեսության ճյուղ, այլև որպես աշխատանք, որի արդյունքը տեսնում էի իմ ձեռքերով։ Այդ ժամանակ էլ, ինձ համար հստակ տարանջատվեցին «առևտուր» և «արտադրություն» հասկացությունները՝ առևտրով զբաղվելն ու արտադրություն ստեղծելը տարբեր բաներ են։ Արտադրության մեջ հասկանում ես՝ ինչ ես պատրաստում, ինչ ես ստեղծում, ինչ արդյունք ես ստանում։ Հնարավոր է՝ եկամուտն ամեն անգամ այնքան մեծ չլինի, որքան առևտրի մեջ։ Բայց արտադրությունում դու սկսում ես զրոյից, և ստեղծում իրական արժեք։ Ինձ համար դա շատ կարևոր է։
— Դուք երկար տարիներ աշխատել եք արտադրության մեջ, եղել եք նաև գործարանի ղեկավար։ Ձեր կարծիքով, ի՞նչն է մարդուն դարձնում լավ ղեկավար։ Ինչպե՞ս եք հասել Ձեր աշխատանքային վերելքին։
— Երկար տարիներ Մոսկվայում գործարանի տնօրեն եմ եղել։ Ի՞նչն էր ուսանելի․ խորհրդային տարիներին մարդը չէր կարող միանգամից դառնալ արտադրության ղեկավար կամ գործարանի տնօրեն, առանց՝ ներքևից սկսելու։ Պետք է հասկանար արտադրությունը, անցներ դրա տարբեր փուլերով։ Երբ ներքևից ես սկսում, հասկանում ես համակարգը, գիտես՝ ի՞նչ է կատարվում աշխատողի մակարդակում։ Բանվորի հետ լեզու գտնելն ավելի հեշտ է լինում։ Իմ օրինակով, կարող եմ ասել․ մարդու կայացման համար, նախ, պետք է նա իր առջև խնդիր դնի, ուսումնասիրի և կարողանա ինքնուրույն լուծել այն։ Երկրորդը՝ աստղային հիվանդություն չունենա։ Պետք է հարգանքով ու հանդուրժողականությամբ շփվել բոլոր այն մարդկանց հետ, որոնք քո շուրջն են՝ օգնելով, և անհրաժեշտության դեպքում՝ օգնություն ստանալով։ Եվ պետք է անկեղծ լինել։ Արտադրությունում սուտ խոսել չես կարող։ Չի ստացվի։
— Ռուսաստանում ապրել եք ավելի քան 30 տարի։ Բայց Հայաստանի հետ կապը չեք կտրել։ Ինչպե՞ս սկսվեց ձեր մասնակցությունը Հայաստանի արդյունաբերական քաղաքականության մշակմանը։
— Ռուսաստանում ապրելիս ու աշխատելիս էլ, Հայաստանի հետ կապերը երբեք չեմ կտրել։ Ակտիվ աշխատում էի հայ երիտասարդների հետ։ Հայկական միություն էինք ստեղծել, որտեղ նրանք լավ աճեցին։ Մի առիթով, որոշակի շրջանակում, խոսում էինք Հայաստանում արտադրության խնդիրների մասին։ Ես դժգոհությունս հայտնեցի՝․ «Այսպես չի կարելի շարունակել։ Մարդը արտադրանք է ստեղծում, բայց ի՞նչ է ստանում դրա դիմաց։ Ինչո՞ւ արտադրությունը չի զարգանում, ի՞նչն է խանգարում»։
Հաջորդ օրը զանգեց ընկերս, որն այդ խոսակցությանը ներկա էր։ Ասաց՝․ «Եթե այդքան քննադատում ես, գնա հանդիպիր վարչապետի հետ և ներկայացրու առաջարկներդ» ։
Անկեղծ ասած, ես այդ պահին պետական աշխատանքի անցնելու ոչ ծրագիր ունեի, ոչ էլ ցանկություն։ Հետաքրքիրն այն է, որ իմ այդ կարծիքը ես հրապարակային ելույթով չէի արտահայտել, այլ այն փոխանցվել էր որոշակի շրջանակի միջոցով։ Այդ ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր։ Նա հրավիրեց ինձ, ասաց, որ ուզում է լսել իմ փորձը, և առաջարկեց մասնակցել աշխատանքային խմբերին։ Ինձ հետաքրքրեց այն հանգամանքը, որ խոսքը նոր արդյունաբերական քաղաքականություն մշակելու մասին էր։
Իմ նպատակը Հայաստանում նոր արտադրություններ ստեղծելն էր, իսկ հին արտադրությունները՝ հնարավորության դեպքում վերականգնելը կամ վերագործարկելն էր։
Ես հասարակական հիմունքներով էի աշխատում։ Աշխատավարձ չէի ստանում։ Ընդհակառակն՝ Հայաստան գալու, գնալու և այլ ծախսերս ինքս էի հոգում։ Դա համարում էի իմ ներդրումը հայրենիքի գործին։
Հետագայում դարձա էկոնոմիկայի նախարարի խորհրդական։ Ուսումնասիրեցի, թե ի՞նչ էր արդեն արվել, ի՞նչ առաջարկներ կային։ Տարբեր խորհրդատվական ընկերություններ շատ թանկարժեք ուսումնասիրություններ էին ներկայացրել, բայց հասկացա, որ Հայաստանին անհրաժեշտ ճանապարհն ուրիշ է։
Ես միայնակ չէի։ Կային մարդիկ կառավարությունից, փոխվարչապետներ, մասնագետներ, փորձագետներ։ Իմ դերն էր նաև ներգրավել բիզնեսի ներկայացուցիչներին։ Ես Հայաստանի արդյունաբերողների միության՝ Ռուսաստանի ուղղությամբ ներկայացուցիչներից էի և ճանաչում էի ոլորտի հիմնական դերակատարներին։ Բիզնեսի մտավախությունները հասկանալի էին․ ծրագրերը կարող էին մնալ թղթի վրա, հարկային համակարգը կարող էր խանգարել, արտահանման շուկա չլիներ, և ոչ ոք չցանկանար արտադրանքը գնել։ Մենք, այնուամենայնիվ, համարձակ քայլեր արեցինք և սկսեցինք քննարկել տարբեր ոլորտների խնդիրները։ ՈՒզում եմ շեշտել՝ դա մեկ մարդու աշխատանք չէր։ Դա թիմային աշխատանք էր, որին մասնակցում էին բիզնեսը, կառավարությունը, մասնագետները, փորձագետները և մենք՝ մեր խորհրդատվական աշխատանքով։ Եթե այսօր գինեգործության մեջ աճ կա, եթե զարգացել են որոշակի ուղղություններ՝ ոսկերչություն, ադամանդագործություն, տրիկոտաժ, ապա մեր աշխատանքն զուր չի եղել։
Այդ ժամանակ լուծումներ էին առաջարկվում, բիզնեսը պատրաստ էր աշխատել, իսկ պետությունը չէր խանգարում և աջակցում էր։
— Դուք կողմնակից եք շարունակականությանը։ 2018 թվականին հայտարարվեց տնտեսական հեղափոխության մասին։ Ինչո՞ւ համաձայն չէիք այդ մոտեցմանը։ Ի՞նչն էր, ձեր կարծիքով, սխալ։
— Երբ մի գործ սկսում ես, պետք է շարունակես ու զարգացնես։ Պետք է էվոլյուցիա լինի, զարգացում։ Երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տնտեսական հեղափոխության մասին, ես առաջիններից էի, որ հրապարակային հոդվածներում և հարցազրույցներում ասացի՝ դա սխալ ուղի է։ Ի՞նչ է նշանակում տնտեսական հեղափոխություն։ Նախ, երկիրը պետք է պատրաստ լինի դրան։ Իսկ կարևորը՝ տնտեսական զարգացումը պահանջում է նախապատրաստվածություն, համակարգ, ժամանակ և հետևողականություն։
Իմ կարծիքով՝ տարբեր իշխանությունների մի ընդհանուր սխալն եղել է այն, որ իշխանության գալով, ասում են՝ «Մեզանից առաջ եղած ամեն ինչը՝ վատ էր, իսկ մենք ավելի խելացի ենք ու ճիշտ»։
Եթե ուզում ես, որ երկիրը զարգանա, պետք է սրտացավ լինես երեխաներիդ, ընտանիքիդ, հայրենիքիդ հանդեպ։ Պետք է պահպանես այն լավը, որ արդեն կա, և զարգացնես այն։ Պետք չէ ժամանակ ու ռեսուրսներ ծախսել հինը փնովելու վրա։ Հինը, եթե այլևս կենսունակ չէ, ինքն իրեն էլ կվերանա։ Պետք չէ ամեն ինչ քանդել միայն այն պատճառով, որ դրանից առաջ ուրիշն է ստեղծել։ Եթե այդպես չես մտածում, ապա դու պետական մարդ չես։
— Հայաստանի արդյունաբերական ողնաշարի քանդման օրինակները շատ են։ Մեղրիի երկաթուղու հատվածը, Երևանի տրամվայի գծերը, գործարանների փակումն ու տեխնիկական պարկերի կորուստը։ Գորիսով անցնող հաստոցներն էլ էին մետաղի ջարդոնի նման ուղարկվում Իրան։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ընթացքը։
— Սա այն միտքն է, որի մասին խոսում էինք։ Այո՛, սխալներ եղել են, և ես համաձայն եմ, որ արտադրական համակարգի քանդումը շատ մեծ վնաս է հասցրել Հայաստանին։
Առաջին սխալներից մեկն այն էր, որ կանգնեցրին արտադրությունը՝ չհաշվարկելով, թե դրանից հետո երկիրն ինչով է ապրելու։ Ոչ ոք լրջորեն չմտածեց՝ եթե կանգնեցնում ենք տնտեսական այդ համակարգը, հետո ի՞նչ ենք անելու։
Հրազդանի մեքենաշինական գործարանի, «Նաիրիտի» և մյուս ձեռնարկությունների ճակատագրերը պետք էր հաշվարկել։ Պետք էր հասկանալ՝ եթե կանգնեցնում ես արտադրությունը, ինչո՞վ ես փոխարինելու այն, որտեղի՞ց են մարդիկ աշխատանք ունենալու, ինչպե՞ս է տնտեսությունը շարունակելու աշխատել։
Գորիսով անցնող հաստոցների մասին ձեր ասածն էլ է ճիշտ։ Արտադրական տեխնիկան, որը կարող էր օգտագործվել աշխատանքի համար, որպես մետաղ էր գնում Իրան․ երկիրը կորցնում էր արտադրական հնարավորությունները։ Դա հանցագործություն էր։ Այլ կերպ դժվար է անվանել։
Հետո եղավ երկրորդ հարվածը․ որոշ մարդիկ սեփականատեր դարձան, բայց շահագրգռված չէին արտադրությունը զարգացնելու մեջ։ Նրանք կապիտալ ձեռք բերեցին, սակայն արտադրության վերականգնումը նրանց առաջնահերթությունը չէր։
Արտադրությունը վերակենդանացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գումար, այլև գիտելիք, պատասխանատվություն և երկրի նկատմամբ սրտացավ վերաբերմունք։
— Ուզում եմ վերադառնալ Սյունիքին։ Աշխարհում պայքար է գնում հազվագյուտ հանքանյութերի և դրանցից ստացվող արտադրանքի համար։ Գուցե Սյունիքի հանդեպ գլոբալիստների աշխարհաքաղաքական հետաքրքրասիրություններն այստեղի՞ց է գալիս։ Իմ համոզմամբ, Սյունիքի լեռնաարդյունաբերությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության ողնաշարերից մեկը։ Եթե աշխարհի առաջավոր փորձի հիման վրա, ստեղծվեն էկոլոգիապես մաքուր հայ-չինական, հայ-հնդկական, հայ-իրանական հանքարդյունաբերական գործարաններ, օրինակ, Կապանի սահմանամերձ Դավիթ-Բեկում, Գորիսի սահմանամերձ Ներքին Խնձորեսկում, Սիսիանի «վերացող քաղաք» Դաստակերտում, մենք մեր հումքը տեղում վերամշակենք, ստեղծենք վերջնական արտադրանք և այն իրացնենք արտաքին շուկաներում, կարող ենք հասնել մի արդյունքի, որն այսօր դժվար է նույնիսկ պատկերացնել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հնարավորությունը։
— ՈՒժեղ պետություն ունենալու համար, պետք է արտադրությունը դիտարկել որպես ռազմավարական խնդիր։ Հումքի արտահանումը նույնպես խնդիր է։ Պետք է մտածենք՝ ի՞նչ կարող ենք ստեղծել այդ հումքից, ի՞նչ տեխնոլոգիաներ կարող ենք զարգացնել, ինչպե՞ս կարող ենք վերջնական արտադրանք ստանալ և վաճառել այն։
— Երբ մասնակցում էիք «Ազգային օրակարգ» կուսակցության ձևավորմանը, ազգային պետություն ասելով՝ ի՞նչ էիք հասկանում։ Միայն քաղաքական ու ռազմական կառո՞ւյց, թե՞ նաև տնտեսություն, մշակույթ, կրթություն, համայնքներ և ազգային ինքնուրույնություն։ Այդ տարիների Ձեր պատկերացումներից որո՞նք են այսօր էլ Ձեզ համար կարևոր։
— «Ազգային օրակարգի» փուլը շատ հետաքրքիր էր։ Հպարտ եմ, որ այդ ժամանակ մի քանի հոգով կարողացանք այդ կառույցը ձևավորել։ Այն ծրագիրը, որը մշակվել էր մեր ձեռքերով, մենք ինքներս էինք կազմել տարբեր ուղղություններով։ Ոչ մեկին չէինք հրավիրել, որ մեր փոխարեն դա անի։ Իմ կարծիքով՝ այն ժամանակվա լավագույն ծրագրերից էր, գուցե հիմա էլ լավագույններից մեկը լինի։
«Ազգային օրակարգում» տնտեսությունն էր, տարբեր ուժերի հետ հավասար հարաբերություններ ունենալու սկզբունքը՝ առանց մի կողմ թեքվելու՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ամերիկայի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ որևէ այլ երկրի։ Սփյուռքի դերն էլ բավականին ճիշտ էր ձևակերպված։ Խոսվում էր նաև երիտասարդության մասին։
Համոզված եմ՝ ներքին խնդիրներ չլինեին, «Ազգային օրակարգն» այսօր առաջին շարքերում կլիներ և ընտրություններում հաջողության կհասներ։ Այդ ծրագրի շուրջ համախմբվել էին մասնագետներ, լուրջ և խելացի բազմաթիվ մարդիկ, որոնք ընտանիք պահելու միջոցներ ունեին, բայց նաև ցավում էին երկրի ճակատագրով։
— Արդյո՞ք կարելի է ասել, որ ազգային պետության գաղափարը Ձեզ համար նախևառաջ ինքնուրույն մտածելու և սեփական զարգացման ուղին որոշելու կարողությո՞ւն էր։
— Տնտեսությունն այդ ամենի կարևոր մասն էր։ Պետք է կարողանաս տարբեր գործընկերների հետ աշխատել՝ առանց կախվածության մեջ ընկնելու։ Պետք է ունենաս քո ծրագիրը, քո պատկերացումները և կարողանաս դրանք իրականացնել։
— Խոսեցիք սփյուռքի դերի մասին։ Հայաստանի պատմության տարբեր փուլերում Սփյուռքը փորձել է օգնել հայրենիքին՝ ֆինանսական միջոցներով, կապերով, մարդկանցով։ Բայց երբեմն այդ օգնությունը չի հասել իր նպատակին։ Ինչպե՞ս եք տեսնում այս հարաբերությունների խնդիրը։
— Ճիշտ եք ասում, բայց մյուս կողմն էլ կա։ Սփյուռքահայության մեջ եղել են մարդիկ, որոնք իսկապես ցանկացել են օգնել Հայաստանին։ Բայց եղել են նաև մարդիկ, որոնք ավելի շատ ցանկացել են ցույց տալ, թե ինչ են արել։ Կարող էր մարդը 10 դրամի գործ անել, բայց պատմել միլիոնների մասին։ Այդպիսի բաներ եղել են։ Սա փոխադարձ խնդիր է՝ մեր ամբողջ հայության խնդիրը։ Սփյուռքում էլ կան տարբեր մարդիկ, Հայաստանում էլ։ Պետք է կարողանանք տարբերել իրական աշխատանքը ցուցադրական աշխատանքից։
— Քաղաքական դաշտում էլ եք եղել։ Ո՞ր պահին հասկացաք, որ Ձեր պատկերացրած ճանապարհն ու քաղաքական գործընթացների իրական ընթացքը տարբեր ուղղություններով են գնում։
— Երբ մենք պետք է որոշում կայացնեինք՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել, ես իմ կարծիքն ունեի։ Եթե պետք էր որևէ փաստաթուղթ ստորագրել, նախ պետք էր հստակ ձևակերպել կետերը, գնալ և խոսել իշխանության հետ։ Եթե մեր առաջարկները չէին ընդունվում, հետո կարելի էր որոշել՝ ստորագրե՞լ, թե՞ ոչ, բայց այդպես չեղավ։ Ստորագրվեց շատ թույլ փաստաթուղթ։ Դրանից հետո իմ որոշումը քաղաքականությունից դուրս գալն էր, որովհետև հասկացա, որ իմ պատկերացրած ուղղությունն այլևս չպահպանվեց։
— Այսինքն՝ Ձեր գաղափարներն ու քաղաքական ուժի ընտրած ճանապարհը բաժանվեցի՞ն։
— Այո՛։
— Իսկ այսօր տեսնո՞ւմ եք քաղաքական ուժ, որը կարող է որդեգրել Ձեր պատկերացրած ազգային, ինստիտուցիոնալ և տնտեսապես ինքնուրույն Հայաստանի ճանապարհը։
— Հիմա մի պարադոքսալ բան կասեմ, որը, կարծում եմ, շատերին դուր չի գա։ Վերջին 30 տարվա ընթացքում այդպիսի ուժ դեռ չի ձևավորվել։ Հնարավոր է՝ մի քանի տարի հետո ձևավորվի։ Այսօր տարբեր մարդիկ նույն հարցերի շուրջ են պտտվում, նույն թեմաները տարբեր ձևերով քննարկում։ ՀայաստանԻ զարգացման հնարավորությունների մասին պետք է մտածել և վճռորոշ քայլեր ձեռնարկել այսօր։ Պետք է մտածել ոչ միայն առաջիկա երկու, երեք կամ հինգ տարվա մասին, այլև՝ տասը-քսան տարվա հեռանկարով աշխատել։
Մեր երեխաների հետ պետք է աշխատել։ Նրանք պետք է կրթված լինեն, ժամանակակից կրթություն ստանան։ Նրանք չպետք է մոռանան իրենց արմատները, չպետք է կտրվեն Հայ եկեղեցուց և պետք է ձգտեն միշտ՝ առաջատար լինել։ Ինձ համար, հետաքրքիր է հատկապես՝ մարզերի երեխաների հետ աշխատելը։ Չեմ ուզում, որ քաղաքի երեխաները նեղանան, բայց սահմանամերձ բնակավայրերի երեխաների մեջ ավելի շատ եմ տեսնում ազնվության ու դիմացկունության առանձնահատուկ հատկանիշներ։ Նրանք ապրում են թշնամուց 3, 5, 10 կիլոմետր հեռավորության վրա։
Իհարկե, միջավայրը ազդեցություն ունի։ Մեծ քաղաքում տարբեր մշակույթներ են խառնվում, մարդն իր տեղը պետք է գտնի։ Իսկ սահմանին ապրող երեխաների առօրյան այլ է։ Նրանց կյանքը հենց սահմանն է, և թշնամու ներկայությունը նրանց համար վերացական հասկացություն չէ։
Բայց կա նաև մեկ այլ խնդիր։ Պատերազմից հետո երեխաների սեռային հարաբերակցության մեջ անհանգստացնող փոփոխություն կա․ աղջիկներն ավելի շատ են, քան տղաները։ Պետք է այդ խնդրի լուծումն անպայման գտնենք, որպեսզի մեր ծրագրերն առավել օգտակար լինեն։ Այդ երեխաները պետք է լինեն ապագա ընտրողները, ընտրվողները և կառավարիչները։ Նրանք են լինելու Հայաստանի վաղվա պատասխանատուները։
— Դուք անցել եք երկար ճանապարհ՝ ինժեներից մինչև արտադրության ղեկավար, պետական խորհրդական, հասարակական գործիչ և այսօր՝ երեխաների ու համայնքների հետ աշխատող մարդ։ Ի՞նչն է միավորում այդ տարբեր փուլերը։ Ի՞նչն է փոխվել Ձեր մեջ, և ի՞նչն է մնացել նույնը։
— Փոխվել են ժամանակները։ Դեպքերն ու իրադարձությունները սրընթաց փոխվում են։ Տարիքով մեծացել եմ, բայց կամքի ուժս նույնն է մնացել։ Երբ նպատակ եմ դնում, փորձում եմ հասնել դրան։ Հակառակ դեպքում, պետք է հասկանալ՝ ինչու՞ այդպես չեղավ։ Վերլուծել, հասկանալ՝ պետք է հե՞տ կանգնել, թե՞ նորից փորձել։ Պետք է հասկանալ՝ ինչու՞ չհասար նպատակիդ, և հետո՝ նորից փորձել։
Ծնողներիս հանդեպ հարգանքը, մեծերի նկատմամբ հարգանքը, երեխաների հանդեպ սերը մնացել են։ Աստծո հանդեպ հավատքը՝ կա և կլինի։ Ինձ համար դրանք հիմնական արժեքներ են։
Ես այն մարդկանցից չեմ, որոնք ասում են՝ քսան տարի առաջ ինչ լավ էր, երնեկ՝ հետ գնայինք։ Յուրաքանչյուր ժամանակ ունի իր հնարավորությունները։ Պետք է ապրել քո ժամանակի հետ, հասկանալ՝ ի՞նչ կարող ես անել այսօր։ Հասարակության համար անտարբեր մարդը՝ վնաս է մեր ազգի համար։
— Իգո՛ր, խոսեցիք արտադրությունից, քաղաքականությունից, երեխաներից, հայրենիքի ապագայից։ Եթե մի կողմ դնենք ծրագրի անունը, պաշտոններն ու հասարակական գործունեությունը, որպես մարդ՝ ինչո՞ւ եք անում այս ամենը։
— Այստեղ որևէ PR չկա, որևէ բան ցուցադրելու նպատակ չկա։ Ես պարզապես ուզում եմ, որ այն, ինչ անում ենք, շարունակություն ունենա և արդյունք տա։ Ինձ համար կարևոր է, որ դրված նպատակը հնարավոր լինի իրականացնել։ Եթե չի ստացվում, պետք է հասկանալ՝ ինչու չի ստացվում, և նորից փորձել։
— Դուք այսօր «1000 Վահան»-ի համահիմնադիրներից եք։ Ի՞նչ իմաստ եք դրել անվան մեջ։ Ո՞վ է վահանը՝ երեխանե՞րը, համայնքնե՞րը, մշակո՞ւյթը, Հայաստանը՞, թե՞ այս ամենը միասին։
— Ես սովորաբար չեմ մտնում այնպիսի գործերի մեջ, որոնք շարունակություն չեն կարող ունենալ։ Կարճաժամկետ նախագծերն ինձ չեն հետաքրքրում։ Ամեն գործ սկսելուց առաջ, ուզում եմ հասկանալ՝ իսկ ի՞նչ կարող է լինել հետո։
Սրբուհի Մովսիսյանի հետ ծանոթությունը պատահական չէր։ Սկզբում այդ թեման ինձ համար հեռու էր։ Սրբուհին աշխատում էր սահմանամերձ գյուղերի կանանց հետ, հոգեբան էր, արտթերապևտ։ Ես արտադրության ոլորտից էի։ Երբ նա սկսեց պատմել, թե ի՞նչ է անում, հարցրի՝ ի՞նչ ես սպասում ինձնից։ Ասաց՝ գուցե ինչ-որ բանով կկարողանաք օգնել։ Ես նրան հարցրի երեխաների մասին՝ ի՞նչ վիճակում են նրանք։ Պատասխանը մտահոգիչ էր։ Այդ ժամանակ հասկացա, որ այստեղ շատ անելիք կա։ Պետք էր ուսումնասիրել իրավիճակը, հասկանալ խնդիրները, ապա, որոշել՝ ի՞նչ կարելի է անել։
Ինչո՞ւ «1000 Վահան»։ Զորքում հազար զինվորն արդեն միավոր է։ Այդ պատճառով՝ հազար։ Իսկ ինչո՞ւ վահան։ Որովհետև մենք փորձում ենք վահան լինել ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով, հոգեբանորեն։ Պաշտպանությունը միայն զենքով չէ։ Մենք կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը նաև գիտելիքով, մշակույթով, մեր ինքնությամբ և պատասխանատվությամբ։ Կարող եմ ասել, որ արդեն կան շոշափելի արդյունքներ։ Մենք ստեղծում ենք որոշակի օղակներ, որոնք հետագայում կարող են դառնալ ավելի մեծ ցանցի հիմք։
— Ասում եք՝ պետք է 10-20 տարվա հեռանկարով աշխատել։ Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում «1000 Վահան»-ի վերջնական արդյունքը։ Ինչպե՞ս հասկանալ՝ ծրագիրը հաջողվել է, թե՞ ոչ։
— Դա ժամանակի խնդիր է։ Որոշ ժամանակ անց, կարող ենք գնահատել՝ մեր աշխատանքն ի՞նչ արդյունք է տվել։
Երեխաների հետ մեր կատարած աշխատանքն անշուշտ, կնպաստի նրան, որ նրանք նախևառաջ դառնան արժանապատիվ մարդիկ, և պաշտպանեն իրենց հայրենիքը ոչ միայն զենքով, այլև գիտելիքով: Կպարզվի, որ ճիշտ գործ ենք արել։
Այսօր գիտելիքն ավելի ու ավելի մեծ ուժ է։ Հնարավոր է՝ մարդն իր տանն աշխատի, և գիտելիքով այնպիսի արդյունքի հասնի, որ այդ աշխատանքի արդյունքը վճռորոշ լինի նաև պատերազմի կամ երկրի պաշտպանության հարցերում։ Երեխաները պետք է այդ ճանապարհով գնան։ Հենց դա կլինի մեր ազգովի հաղթանակը։
— Այսինքն՝ «1000 Վահան»-ը միայն մեկ միջոցառում կամ կարճաժամկետ բարեգործական ծրագիր չէ, այլ՝ ապագայի վրա կատարվող ներդրում։
— Այո՛։ Գործը սկսելիս, պետք է մտածել դրա շարունակության մասին։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ արդյունքի ես ուզում հասնել, ինչու՞ ես անում դա, ինչպե՞ս ես գնահատելու արդյունքը։ Կարևոր է, որ երեխաները կրթվեն, ճանաչեն իրենց արմատները, կարողանան մտածել և իրենց տեղը գտնեն աշխարհում։ Նրանք պետք է ժամանակակից կրթություն ստանան, բայց միաժամանակ չկորցնեն իրենց ազգային ինքնությունը։
Կարևոր նպատակներից մեկը Արցախից տեղահանված երեխաների ինտեգրումն է, որն ինձ մոտիվացիա տվեց առաջին օրվանից։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Խնձորեսկում մեր զրույցը միայն անցած ճանապարհի մասին չէր։ Այն նաև այն որոշումների մասին էր, որոնք պետք է ընդունվեն այսօր, և այն արդյունքների, որոնք տեսանելի կարող են դառնալ տարիներ անց։
Իգորի խոսքում տարբեր թեմաներ միավորվում են մեկ սկզբունքի շուրջ՝ գործը պետք է ունենա շարունակություն։ Արտադրությունը պետք է արժեք ստեղծի, պետությունը՝ պահպանի և զարգացնի արդեն ստեղծվածը, քաղաքականությունը՝ ծառայի երկրի հեռանկարին, իսկ կրթությունն ու մշակույթը՝ ձևավորեն այն մարդկանց, ովքեր վաղը պատասխանատվություն են ստանձնելու Հայաստանի համար։
«1000 Վահան»-ի արդյունքը, Իգորի իսկ ձևակերպմամբ, պետք է գնահատվի ոչ թե այսօրվա միջոցառումների քանակով, այլ տարիներ անց՝ երեխաների գիտելիքով, արժանապատվությամբ և հայրենիքը պաշտպանելու կարողությամբ։
Եվ գուցե հենց այստեղ է այս զրույցի ամենակարևոր միտքը․ վաղվա հզոր Հայաստանը չի սկսվում վաղը։ Այն սկսվում է այսօրվա որոշումներից, հենց այսօր։ Այն արդեն սկսված է․․․
Հարցազրույցը վարեց Վաչե Մկրտչյանը