Մերի Գանդալյան. «Դպրոցի հիմնական խնդիրը տարեցտարի աշակերտների թվի նվազումն է»

29.07.2015 14:39
2675

1989 թվականից Եղեգի միջնակարգ դպրոցը գործում է որպես հայկական դպրոց: 2010-2011 ուստարվանից դասապրոցեսն անց է կացվում նորակառույց շենքում: Քաղաքից 28կմ հեռավորության վրա գտնվող գյուղական դպրոցը եղել ու մնում է Եղեգի հոգեւոր, մշակութային, մարզական միակ կենտրոնը: Աշխատանքին անմնացորդ նվիրված մարդը միայն կարող է ամեն օր անցնել այդ քարքարոտ եւ փոշոտ, դարուփոսերով ճանապարհն ու զբաղվել սերունդների դաստիարակության չափազանց պատասխանատու գործով:

Դպրոցում 2014-15 ուստարում սովորել է 30 աշակերտ, որից երեքը՝ շրջանավարտ: Ի դեպ, նրանք բոլորն էլ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություն: 2011թ. հունվարի 12-ից տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մերի Գանդալյանը, իսկ նույն տարվա նոյեմբերի 8-ին՝ ընտրվել տնօրեն: «Իմ պաշտոնավարման ընթացքում եղել է ուստարի, որ ունեցել ենք 41 աշակերտ: Իրականում դպրոցի ամենամեծ խնդիրը, ինչպես գրեթե բոլոր գյուղական համայնքներում, պայմանավորված է գյուղում երիտասարդ ընտանիքների պակասով, երբեմն նույնիսկ բացակայությամբ,  - նշեց Մերի Գանդալյանը եւ հավելեց, - 2015-16 ուստարում առաջին դասարան չի լինի, բայց կլինի երրորդ դասարան, որ անցած ուստարում չկար»: Տնօրենի տեղեկացմամբ՝ ուստարվա ընթացքում աշակերտների թիվը փոխվում է, քանի որ երբեմն պատահում է, որ ընտանիքներ են ներգաղթում: Նշենք, որ Եղեգի միջնակարգ դպրոց են հաճախում նաեւ Սեւաքար, Ըրկենանց, Չափնի գյուղերի դպրոցահասակ երեխաները, ինչպես նաեւ վեց աշակերտ՝ քաղաքից (դպրոցում աշխատողների երեխաներ):

«Այս պահին դպրոցում աշխատում է 10 ուսուցիչ, միայն ֆիզիկայի մասնագետի խնդիր կա: Մրցույթը հայտարարված է, բայց դեռեւս դիմող չկա: 3-4 ուսուցիչ ապահովված է ամբողջ դրույքով, բացի ֆիզիկայից, որ 11 ժամ է, ամենաքիչ դասաժամը 13.75 է: Ովքեր դիմում են աշխատանքի համար, հիմնականում դասվար եւ օտար լեզվի մասնագետ են», - նշեց տնօրենը:

Արդեն ավելի քան 10 տարի է` Հայաստանի կրթության ոլորտում իրականացվում են ուսուցման կոլեկտիվ եղանակի կազմակերպման գործընթացներ: Դեռեւս 90-ական թվականներին ստեղծվեց «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, որի կանոնադրական նպատակը Հայաստանում նոր կրթական համակարգի ստեղծումն է: Ինչպես արդեն հայտնի է, ասոցիացիայի գործունեությունը նպատակուղղված է իրագործելու անցումն այնպիսի կրթական համակարգի, որի համակարգաստեղծ գործընթացների հիմքում ընկած լինեն համագործակցային փոխազդեցություններն ու համագործակցային հարաբերությունները: Արդյունքում բազմաթիվ ուսուցիչներ ուսուցման գործընթացը կազմակերպում են ուսուցման կոլեկտիվ եղանակով, որ իր կայացման ճանապարհին շատ խոչընդոտներ հաղթահարեց եւ դեռ շարունակում է հաղթահարել:

2012-2013 ուստարվա երկրորդ կիսամյակից Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցն ուսուցման կոլեկտիվ եղանակը դարձրեց իր գործելաոճը: «Ուսուցիչների շրջանում անցկացված հարցման օգնությամբ ակնհայտ դարձավ, որ ավանդական դաս-դասարանային համակարգից այդքան էլ դյուրին չէր անցում կատարել ՈՒԿԵ-ին: Մասնավորապես նրանց համար դժվար էր զանազան վերապատրաստումներից հետո ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելը, ինչպես նաեւ չափազանց ժամանակատար էր քարտերի պատրաստումը: Սկզբնական շրջանում որոշակի խոչընդոտներ էին նաեւ դասարանների կոմպլեկտավորումը, աշակերտներին նոր մեթոդներին հարմարեցնելը. չէ՞ որ տարիներ շարունակ նրանք միայն սովորողի դերում էին, իսկ հիմա իրենք պիտի նաեւ սովորեցնողի դեր ստանձնեին», - նշեց տնօրենը: Ինչեւէ, շատ խոչընդոտներ արդեն հաղթահարել են, եւ դպրոցը, թեպետ մասամբ, բայց կիրառում է ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակը: «Մենք միայն կիրառում ենք այդ եղանակի մեթոդները, այսինքն՝ որոշակի փուլում ենք: Իրականում այն դպրոցները, որտեղ այդ եղանակով է ուսուցումը կազմակերպվում, այլ կերպ են ֆինանսավորվում եւ գործում, բայց մենք դեռեւս ֆինանսավորվում ենք ինչպես մյուս դպրոցները: Մեզ համար առայժմ առավելություն է այն, որ այս եղանակը հնարավորություն է տալիս դասից բացակայող աշակերտին գալ եւ լրացնել բաց թողածը, ինչպես նաեւ ամբողջ դասաժամին աշակերտի զբաղվածության հարցը լուծել եւ այլն», - նշեց Մ.Գանդալյանը:

Բնական է, նախնական շրջանում դժվարություններ կային հատկապես ուսուցիչների համար: Նրանք անընդհատ քարտեր պիտի կազմեին, նոր մեթոդներին հարմարվեին, բայց վերապատրաստումների, դասընթացների, փոխադարձ դասալսումների շնորհիվ շատ դժվարություններ արդեն հետեւում են:

2010թ. հիմնովին կառուցված դպրոցում գույքային խնդիր չկա, մարզադահլիճը, մարզահրապարակը նույնպես ապահովված են համապատասխան միջոցներով: «Միայն լաբորատորիայի սարքավորումների եւ նյութերի խնդիր ունենք, որ, հուսով եմ, շուտափույթ լուծում կստանա», - նշեց տնօրենը:

«Վորլդ վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը «Բարեկեցիկ ընտանիք» ծրագրի շրջանակներում հայտարարել էր «Երեխաների պաշտպանությունը մեր համայնքում» դրամաշնորհային մրցույթ, որի հաղթողներից մեկն էլ Եղեգի միջնակարգ դպրոցն էր, որ ներկայացրել էր համայնքի սոցիալապես անապահով երեխաների համար ամառային ճամբար բացելու ծրագիր: «Արձագանք» բակային ճամբարը մեկնարկել է հունիսի 15-ին եւ տեւել 7 օր, այդ ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ երեխաների իրավունքներին, դիտել բնապահպանությանը նվիրված վավերագրական ֆիլմեր, կազմակերպվել ինտելեկտուալ եւ մարզական միջոցառումներ, սովորել եւ ներկայացնել քրիստոնեական տաղավար տոները, ինչպես նաեւ ծանոթացել հայոց կաթողիկոս Մովսես Տաթեւացու գործունեությանը: Վերջին երկուսի մասին լրացուցիչ տեղեկություններ հաղորդեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: «Ճամբարը եզրափակվեց Տաթեւի վանական համալիր այցելությամբ, որ ինքնանպատակ չէր. այդ ընթացքում մասնակիցները եղան Ա.Բակունցի տուն-թանգարանում, այցելեցին Մխիթար Սպարապետի գերեզման եւ Խնձորեսկի ճոճվող կամուրջ: Ճամբարին, բացի դպրոցի աշակերտներից, մասնակցեցին նաեւ տատիկ-պապիկներին քաղաքից այցելության եկած երեխաները», - նշեց Մ.Գանդալյանը:

«Եղեգ համայնքի աշակերտներն ավելի շատ մաթեմատիկական ընդունակություններով են օժտված: Աշակերտների թիվը քիչ է, եւ մենք կարողանում ենք լիարժեք գնահատել բոլորի ընդունակությունները: Եթե մեկն ունի տվյալ առարկայից ընդգծված ունակություններ, մենք անպայման զարգացնում ենք դրանք: Այս տարի առարկայական օլիմպիադաներից մրցանակային տեղ չունեինք, բայց նախորդ տարիներին մարզային փուլում ունեցել ենք: Դպրոցի համար ես դա բացթողում եմ համարում եւ շեշտը դնում եմ հատկապես այդ ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վրա»,  - նշեց տնօրենը:

Քաղաքից բավականին հեռու գտնվելով՝ գյուղաբնակ երեխաները հնարավորություն չունեն հաճախելու մշակութային եւ մարզական տարբեր հաստատություններ, ուստի այդ բացը լրացնում են դպրոցի արտադասարանական խմբակներով: Դպրոցում գործում են թենիսի, շախմատի խմբակներ եւ ազգային պարերի ակումբ: «Շախմատի խմբակը գործում է դեռեւս այն ժամանակվանից, երբ հանրակրթական դպրոցներում պարտադիր ուսուցման առարկա չէր: Այս տարվա ձեռքբերումներից է այն, որ դպրոցի ներառական կրթությամբ աշակերտը, ով ունի խոսքի զարգացման թերություններ, դպրոցի շախմատի լավագույն խաղացողներից մեկն է ճանաչվել եւ խրախուսվել», - տեղեկացրեց տնօրենը:

Մեծ տեղ է հատկացվում նաեւ արտադասարանական միջոցառումներին, որոնց մասնակցում են դպրոցի բոլոր աշակերտները: Ինչպես տնօրենը տեղեկացրեց, դրանք չեն խանգարում ուսման գործընթացին, քանի որ մեկ-երկու օրում չեն կազմակերպվում: Ուստարվա սկզբից ուսուցիչներն արդեն պլանավորում են այդ աշխատանքները՝ համառոտ ներկայացնելով միջոցառման նպատակը, բովանդակությունը: Միջոցառումներին անհամբերությամբ սպասում են նաեւ համայնքի բնակիչները: Դպրոցի տնօրենը հատկապես առանձնացնում է Սբ Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին, մեծ երգահան Կոմիտասի 145-ամյակին նվիրված միջոցառումները եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բաց դասախոսությունը Կապանի երկրագիտական թանգարանի հետ համատեղ:

«Վորլդ վիժն»-ից բացի համագործակցում են «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան եւ «Խատուտիկ» կրթական հասարակական կազմակերպություների հետ: Աշակերտական խորհրդի 10 անդամ եղել է Ծաղկաձորում, որտեղ սովորել են տիկնիկագործություն, ծանոթացել երեխաների իրավունքներին: Կոմիտեն երեխաների իրավունքներին վերաբերող անհրաժեշտ գրականություն է տրամադրել դպրոցին, Դպրոցում գործում է նաեւ «Արձագանք» իրավապաշտպան ակումբը: Այս տարի ակումբի անդամները միացել են «ՄԱԿ-ի բարեկամներ» խմբին եւ մասնակցում են տարբեր մրցույթների: Օնլայն մրցույթներից մեկին մասնակցելով՝ դպրոցի աշակերտուհի Անահիտ Մանասյանը գրավեց առաջին տեղը:

Դպրոցի բնապահպանական ակումբը մասնակցել է բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ  տեսաֆիլմերի պատրաստման մրցույթին,  որտեղ գրավել է առաջին տեղը՝ որպես մրցանակ ստանալով ֆոտոխցիկ: Համագործակցությունների արդյունքում կահավորեց նաեւ ԱԽ-ի սենյակը:

Հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի կազմավորման 70-ամյակին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի վեց քարտուղարին նվիրված միջոցառումներ են նախատեսվում անցկացնել: Մեր մարզից խաղաղության մանդատին նվիրված միջոցառումը ներկայացնելու են Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտները: «Միջոցառումն անցկացնելու ձեւն իրենք են մշակել: Դպրոցի աշակերտները կնախապատրաստվեն այդ միջոցառմանը: Համայնքում միջոցառումն անցկացնելուց հետո աշակերտներն այն կներկայացնեն նաեւ մայրաքաղաքում», - տեղեկացրեց Մ.Գանդալյանը:

Ի դեպ, մարզադահլիճը գույքով ապահովելուն եւ նորոգման աշխատանքները վերջնակետին հասցնելուն նպաստեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, որի ծրագրերից մեկի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հաղթող ճանաչվեց դպրոցը: Կազմակերպության «Օրրան» բարեգործական ընկերությունը համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին անցյալ տարի տրամադրեց քնապարկեր: Համագործակցությունը շարունակվում է նաեւ այսօր:

Դպրոցի ավանդույթներից է ուսուցիչների եւ աշակերտների տարեկան ներքին գնահատումը: Ամենամսյա աշխատանքներն ամփոփելուց հետո, որոնք միտված են ե՛ւ կրթության որակի բարձրացմանը, ե՛ւ արտադասարանական միջոցառումների կազմակերպմանը, ամեն ուստարվա ավարտին դպրոցն ունենում է տարվա լավագույն ուսուցիչ եւ տարվա լավագույն աշակերտ:

«Դպրոցի ամենամեծ հաջողությունն է նաեւ համայնքապետարանի հետ սերտ համագործակցությունը: Համայնքի ղեկավար Վյաչեսլավ Մարկոսյանը մշտապես աջակցում է դպրոցին: Իրենց աջակցությամբ անմասն չեն մնում նաեւ Սեւաքարի եւ Չափնիի համայնքապետները: Շատ հետեւողական են նաեւ ծնողները, ովքեր ամեն ամսվա վերջին մասնակցում են դասալսումների, հանդես գալիս նախաձեռնություններով, - նշեց տնօրենը եւ հավելեց, - ամեն ինչ անում ենք երեխաների կրթական մակարդակի բարձրացման եւ նրանց առօրյան բովանդակալից դարձնելու համար»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30