Մեծ հաղթանակի հոբելյանը եւ Շուշիի ազատագրման տարեդարձը

15.05.2015 17:00
2363

Մեծ հայրենականի հաղթանակը ձեռք բերվեց նաեւ մեր հայրերի ու պապերի արյամբ: Հայազգի մոտ 600 հազար ուստրեր եւ դուստրեր մեկնեցին Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտեր այն հաստատ գիտակցությամբ, որ կռվում եւ պաշտպանում են նաեւ Հայաստան աշխարհը: Կա պատմական անժխտելի փաստ. Թուրքիան ռազմական մեծ ուժեր էր կենտրոնացրել Հայաստանի սահմանին` սպասելով Ստալինգրադի ճակատամարտի ելքին: Թե ինչ կկատարվեր, եթե մի անգամ էլ թուրքերն անցնեին Հայաստանով, դժվար չէ պատկերացնել:

Մայիսի 9-ի հաղթանակից տարիներ հետո ավելացավ եւս մեկը. մի բացառիկ զուգադիպությամբ 1992թ. մայիսին հայ ազատամարտիկներն ազատագրեցին հնօրյա Շուշին: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տասնամյակներ հետո կրկին ղողանջեցին զանգերը, հայոց եռագույնը ծածանվեց զանգակատան կատարին…

Խորհրդանշական է, որ օրվա խորհրդին պատշաճող միջոցառումը կայացավ Կապանում տեղակայված զորամասում, որտեղ տեղի ունեցավ միտինգ եւ հանդիսավոր երթ:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 եւ Շուշիի ազատագրման 23-ամյակներին նվիրված տոնախմբությունների շարքը մեկնարկեց Գարեգին Նժդեհի հրապարակից: Մայիսի 9-ի առավոտը տրամադրող էր. արեւոտ օրվա երանգներին միախառնվել էին փողային նվագախմբի հնչեցրած տոնական մեղեդիները: Մարդիկ միմյանց շնորհավորում էին Հաղթանակի եւ խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա առթիվ, բնականաբար, բարեմաղթանքների մեծ մասը Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին էր ուղղված: Հանդիսությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, Մեծ հայրենականի մասին մենագրությունների հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը, բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, նաեւ վետերանական կազմակերպություն Սիսիանի տարածաշրջանից:

Մելիք Գրիգորյանը` Սիսիանի Թասիկ գյուղից, ռազմաճակատ է մեկնել 1942թ. դեկտեմբերին: Նախ` դիպուկահարների դասընթացներում է հմտացել, հետո հրետանավոր է եղել: Պատերազմին մասնակցել է 2-րդ բելոռուսական ռազմաճակատի կազմում. «Մեր հրամանատարը Ռոկոսովսկին է եղել` ազգությամբ լեհ», – պատմում է նա, – 1943թ. վիրավորվել եմ Վելիկիե Լուկի քաղաքում, երկրորդ անգամ վիրավորվել եմ օդային ռմբահարության հետեւանքով: Թշնամու ինքնաթիռները ռումբեր են նետել զինվորներ տեղափոխող գնացքի վրա, որում նաեւ ես էի գտնվում: Հաղթանակի օրը դիմավորել եմ Սիբիրի Տոմսկ քաղաքի հոսպիտալում»:

Մեկ այլ սիսիանցու` Արամայիս Հունանյանի (Սալվարդ գյուղից), ով ռազմադաշտ է մեկնել 1943թ. հունվարի 19-ին, մարտական ուղին անցել է Կրասնոդար-Կրասնոարմեյսկ-Թամանի թերակղզի-Նովոռոսիյսկ բնակավայրերով: Վիրավորվել է, ապաքինվելուց հետո կռվել 1-ին ուկրաինական ռազմաճակատի կազմում: Ժիտոմիր քաղաքի համար մղված մարտի ժամանակ կրկին վիրավորվել է:

Տարիներն իրենցն անում են: Զավեն Առաքելյանը (Կապան) նույնպես Գարեգին Նժդեհի հրապարակում է, բայց հաշմանդամի սայլակին նստած: Հիշում է ռազմաճակատ մեկնելու տարեթիվը` 1944-ի նոյեմբերի 25: Կապանցի մոտ 200 հասակակցի հետ` 17-18 տարեկան երիտասարդներ, կայարանում գնացք նստեցին: Մասնակցեց ռազմական գործողությունների 2-րդ բելոռուսական ռազմաճակատի կազմում:

Տոնախմբությունը սկսվում է Կապանում տեղակայված զորամասի զինվորների հանդիսավոր քայլքով:

Գարեգին Նժդեհի հրապարակում մարտական հնարքներ ցուցադրեցին ռազմական հետախուզական վաշտի զինվորները: Այնուհետեւ տոնախմբության մասնակիցները բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր: Մեծ հայրենականում ընկածների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողին ծաղկեպսակներ դրվեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների, հիմարկ-ձեռնարկությունների եւ հասարակական կազմակերպությունների կողմից:

Ծանր ու դժվարին է եղել դեպի Ռայխստագ տանող ճանապարհը: Մոտ 7000 կապանցի մեկնեց Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտեր, որոնցից 3036-ը չտեսավ հայրենի եզերքի վրա բացվող խաղաղ առավոտները: Ծաղկեպսակ դրվեց նաեւ մերօրյա պատերազմի սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու պատվանդանին:

Այնուհետեւ տոնախմբության մասնակիցները եղան Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում, որտեղ ցուցադրանք էր կազմակերպվել «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով: Տոնախմբությունը շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում: Մինչ այդ վետերանների համար կազմակերպվել էր ռազմադաշտային խոհանոց: Երկրորդ աշխարհամարտի մասնակիցները վայելեցին մեկ բաժակ օղին` տափաշշերից լցված, որ նրանց տրվում էր պատերազմի ցրտաշունչ օրերին, ինչպես զինվորներն էին ասում, հարյուր գրամ` ի պետս քաջության: Սեղանների շուրջ բոլորած վետերանները հանդես եկան հուշերով:

Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հիշատակին, նրա հուշարձան-կոթողի պատվանդանին ծաղկեպսակներ դրվեցին Կապանի վետերանական կազմակերպության, տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդկանց կողմից:

Խաղաղության եւ հաղթանակի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ մանկական զբոսայգու բացօթյա դահլիճում: Հայրենական պատերազմի վետերաններին, միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ, տոն, որ մեզ համար նշանավորվում է 20-րդ դարի կեսին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով, որին հերոսական մասնակցություն ունեցավ հայ ժողովուրդը եւ արդեն դարավերջին մեր պատմության մեկ այլ փառապանծ էջով` Շուշիի ազատագրմամբ», – իր ելույթում մասնավորապես ասաց քաղաքապետը:
Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանն իր խոսքում ներկայացրեց հայ ժողովրդի ավանդը Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում: Մասնավորապես նշելով, որ Մեծ հայրենականին մասնակցեց վեց դիվիզիա, որից Թամանյան 89-րդը միակն էր ազգային դիվիզիաներից` Բեռլինի գրավմանը մասնակցած:

Ծերունազարդ վետերան Գարեգին Մելիքսեթյանը երախտագիտություն հայտնեց Երկրորդ աշխարհամարտի մասնակիցների վաստակը գնահատելու համար, անամպ երկինք մաղթեց մերօրյա սերնդին: Միջոցառման մասնակից պատերազմի վետերաններին հանձնվեցին «1941-1945. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական հուշամեդալ, իսկ երկրապահ կամավորականների միության մի խումբ անդամների` պատվոգիր: Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը շնորհակալագիր հանձնեց Սյունիքի մարզպետին եւ Կապանի քաղաքապետին։

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով` հանդես եկան երաժշտական կոլեկտիվներ եւ անհատ կատարողներ, եւս մի անգամ հնչեցին պատերազմական տարիների անմահ երգեր ու մեղեդիներ: Իսկ երեկոյան մարզկենտրոնի երկինքը երփներանգվեց աննախադեպ հրավառության գույներով:

Խաղաղության եւ հաղթանակի տոնի շրջանակում Կապանի երկրագիտական թանգարանում բացված ցուցադրությունը պատմում էր կապանցիների` Մեծ հայրենականի մասնակցության մասին: Փաստավավերագրական հարուստ նյութ էր ժողովված թեմատիկ առանձին բաժիններում` «Վերին Խոտանանը` հերոս հրամանատարների ծննդավայր», «Խորհրդային Միության կապանցի հերոսները», «Կապանցի ռազմական օդաչուները», «Կանայք` Մեծ հայրենականում» եւ այլն:

Առանձին մի անկյուն էր հատկացվել ռազմական պատմաբան, պահեստազորի գնդապետ, ՀՀ ազգային արխիվի հիմնադիր, երկարամյա տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հարությունյանին: «Բրեստի ամրոցի կապանցի պաշտպանները» ցուցադրությունից թանգարանի այցելուները տեղեկանում են, որ հերոս ամրոց Բրեստի պաշտպանությանը մասնակցել է 123 կապանցի` հիմնականում մանկավարժներ: Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը տեղեկացնում է, որ հնարավոր է եղել ճշտել նրանցից 82-ի անունը: «Որոնումները շարունակվում են, էլի կգտնվեն», – համոզված է պատմաբանը: Ցուցադրանքում կան եզակի նմուշներ, օրինակ` այն ռադիոն, որ հայտարարել է պատերազմը սկսվելու մասին եւ ազդարարել գերմանական ֆաշիզմի դեմ այնքան սպասված հաղթանակի լուրի մասին: «Թռչեի մտքով տուն» բաժնում մեկտեղված են կապանցի մարտիկների նամակները` ուղարկված ռազմաճակատից:

Ուսումնական հաստատություններում Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան մայիսի 9-ին նախորդող շաբաթվա ընթացքում, իսկ մայիսի 8-ին` Երկրապահի օրը, Բաղաբուրջի հուշահամալիր այցելեցին կապանցի երկրապահները, ծաղիկներ դրեցին իրենց նահատակ զինակիցների շիրիմներին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու պատվանդանին:

Մեծ հաղթանակի հոբելյանին եւ Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան Քաջարանում եւ Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքներում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06