Մեծ հայրենականում հայ ժողովուրդը նախեւառաջ կռվեց հանուն իր գոյության

09.05.2020 12:46
1283

Համաշխարհային պատմության մեջ շատ իրադարձություններ կան, որոնց պատմագիտական մեկնաբանությունները պայմանավորված են եղել որոշակի քաղաքական շարժառիթներով: Այս տեսակետից երկրորդ համաշխարհային պատերազմը եւ նրա առանցքային մաս կազմող Հայրենական մեծ պատերազմը բացառություն չեն: «Սառը պատերազմի»՝ Արեւմուտք-Արեւելք եւ այսօր էլ Արեւմուտք- Ռուսաստան հակադրությունների պայմաններում այս պատերազմի պատմությունը շարունակում է մեկնաբանվել որոշակի քաղաքական սկզբունքներով ու չափանիշներով՝ խեղաթյուրելով պատմական օբյեկտիվ իրականությունը:

Անկախ տարաբնույթ մեկնաբանություններից` ֆաշիզմը որպես գաղափարախոսություն եւ որպես քաղաքական համակարգ,  լուրջ սպառնալիք էր քաղաքակրթության համար ու այն կործանելը պատմական անհրաժեշտություն էր:

Հայ ժողովրդի համար Հայրենական մեծ պատերազմը եւ այդ պատերազմում տարած հաղթանակը պատմական առանցքային նշանակություն ունեին, քանզի նորից կանգնեց ֆիզիկական գոյության հարցականի առջեւ: Դեռեւս 1939 թ. օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում Երրորդ ռայխի Գերագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Ադոլֆ Հիտլերը զորահրամանատարներին հորդորում էր ոչնչացնել սլավոնական ժողովուրդներին՝ առանց հաշվի առնելու հասարակական կարծիքը: «Հիմա, մեր ժամանակներում, ո՞վ է հիշում 1915 թվականին միլիոնավոր հայերի ոչնչացումը Թուրքիայում», - իր հրեշավոր ծրագիրը հիմնավորելու համար հայտարարում է Հիտլերը:

Պատերազմի հենց սկզբնական փուլում հայ ժողովուրդը գիտակցեց իր գլխին կախված վտանգը եւ ոտքի կանգնեց գոյությունը պաշտպանելու համար: ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումը Թուրքիան դիտում էր որպես պատմական նպաստավոր պահ՝ պանթուրքիստական երազանքների իրականացման համար: Պատահական չէ, որ Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմաններին կենտրոնացրեց ավելի քան 26 դիվիզիա, եւ սպասում էր նպաստավոր պահի՝ ռազմական գործողություններ սկսելու համար: Թուրքիայում այդ ժամանակ աննախադեպ կերպով ակտիվացան պանթյուրքիզմի գաղափարախոսությունը դավանող կազմակերպությունները, իսկ  տպագրված քաղաքական քարտեզներում այլեւս Հայաստանը չէր նշվում: Իրադարձությունների հակառակ ընթացքի դեպքում դժվար չէ պատկերացնել այս ամենի հետեւանքները հայ ժողովրդի համար:

Հայ ժողովրդի մեջ չսպիացած վերքի պես ապրում էր Գերմանիայի դաշնակից Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացրած մեկ ու կես միլիոն հայերի եղեռնը: Նորից նույն դաշնակիցները՝ նույն հակամարդկային, հրեշավոր ծրագրերով: Ստեղծված իրավիճակում, անկախ դրոշի գույնից ու գաղափարախոսությունից, հայ ժողովուրդն ամենից առաջ կռվեց հանուն իր գոյության: Պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի վրա հարձակումից անմիջապես հետո հայ ժողովուրդը՝ հայրենիքում, թե սփյուռքում, ոտքի կանգնեց  ֆաշիզմի դեմ պայքարելու համար:

Խորհրդային ժողովուրդների մեջ, եթե հաշվի առնենք բնակչության թիվը, Խորհրդային Հայաստանը եզակի է պատերազմին մասնակցության բոլոր ցուցանիշներով:

Պատերազմի սկսվելու պահին Խորհրդային բանակի  կազմում ծառայում էր 60 հազար հայ: Հետագայում, համընդհանուր զորակոչի արդյունքում, այդ թիվը հասավ 500 հազարի: 300 հազարը զորակոչվեց Խորհրդային Հայաստանից (փաստացի յուրաքանչյուր 5-րդ բնակիչ մեկնեց ռազմաճակատ), իսկ 200 հազարը՝ Խորհրդային Միության մյուս հանրապետություններից: Իսկ սփյուռքում ավելի քան 100 հազար հայ համալրեց հակահիտլերյան դաշինքի երկրների բանակը: Միայն ամերիկյան ու ֆրանսիական ստորաբաժանումների կազմում, տարբեր ռազմաճակատներում, մարտնչում էր 20 հազարից ավելի հայ:

Հայ ժողովրդի կորուստներն այս պատերազմում հասավ 200 հազարի:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է վեց հայկական դիվիզիա, որից հինգը ձեւավորվել է պատերազմը սկսվելուց հետո:

76-րդ հրաձգային դիվիզիան (հետագայում՝ 51-րդ գվարդիական) ձեւավորվել էր Երեւանում, 1922 թվականին: Այդ դիվիզիայի կազմում են ծառայել ապագա մարշալներ Հ. Բաղրամյանը, Հ. Բաբաջանյանը եւ բազմաթիվ նշանավոր հայ զորապետներ: Պատերազմի սկզբնական փուլում դիվիզիան ռազմավարական խնդիր էր իրականացնում Իրանի տարածքում, այնուհետեւ տեղափոխվեց Ստալինգրադ ու մարտերով հասավ մինչեւ Մերձբալթիկա եւ Բելոռուսիա:

Փառավոր մարտական ուղի անցավ 89-րդ Թամանյան դիվիզիան, որը ձեւավորվել էր Երեւանում 1941 թվականի դեկտեմբերին: Այն մարտերի մեջ մտավ Կովկասի նախալեռներում: Դիվիզիան մասնակցեց Կերչի, Սեւաստոպոլի ազատագրմանը, իսկ  Թաման թերակղզու համար մղված մարտերում ցուցաբերած հերոսության համար դիվիզիային տրվեց «Թամանյան» անունը: Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ դիվիզիան առաջին ստորաբաժանումներից էր, որ հատեց ԽՍՀՄ պետական սահմանը եւ Լեհաստանի վրայով 1945 թվականի գարնանը հասավ Բեռլին:

1941 թվականի սեպտեմբերին ձեւավորվեց 390-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որը մասնակցեց Կերչի համար մղվող թեժ մարտերին:

Նույն թվականի օգոստոսին ձեւավորվեց 408-րդ հրաձգային դիվիզիան, որը մարտերի մեջ մտավ Նովոռոսիյսկի եւ Տուապսեի շրջանում ու հաղթանակը դիմավորեց Էլբայի ափերին:

Օգոստոսին ձեւավորվեց նաեւ 409-րդ հրաձգային դիվիզիան, որը մինչեւ 1942 թվականի դեկտեմբերը պաշտպանում էր Խորհրդային Հայաստանի ուղղությամբ պետական սահմանը՝ Թուրքիայի հավանական հարձակումը չեզոքացնելու համար: Այնուհետեւ դիվիզիան մարտերի մեջ մտավ Հյուսիսային Կովկասում ու մասնակցեց Հունգարիայի, Սլովակիայի եւ Ավստրիայի ազատագրմանը:

261-րդ հայկական հրաձգային դիվիզիան ձեւավորվել է 1942 թվականի աշնանը եւ պաշտպանում էր հայ-թուրքական սահմանը:

Բացի ազգային վեց դիվիզիայից` Հայաստանի տարածքում ձեւավորվել ու համալրվել է ութ այլ դիվիզիա:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում մարտական պատրաստություն են անցել ավելի քան 85 հազար նորակոչիկ ԽՍՀՄ տարբեր շրջաններից:

Հայրենական Մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում հայ ժողովրդի զավակներն աչքի ընկան թե՛ որպես զորահրամանատարներ, եւ թե՛ որպես շարքային զինվորներ: Մասնակցելով պատերազմի բոլոր խոշորագույն ճակատամարտերին՝ նրանք, հավատարիմ հայոց մարտական ոգուն, բարձր պահեցին մեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Հազարավոր հայեր մասնակցեցին Մոսկվայի պաշտպանությանը, իսկ ապագա մարշալ Հ. Բաղրամյանը այդ ծանր օրերին գլխավորում էր Հարավ-արեւմտյան ռազմաճակատի աջ թեւում մարտնչող ռազմաճակատային օպերատիվ հարվածային խմբավորման շտաբը: Ավելի քան 30 հազար հայ մասնակցեց Ստալինգրադի ճակատամարտին, 10 հազարը՝ Կուրսկի ճակատամարտին: Կուրսկում եւս իրենց հրամանատարական տաղանդով աչքի ընկան Հովհաննես Բաղրամյանն եւ ապագա մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց):

Պատերազմի բովով անցած հայ ժողովրդի չորս զավակներ արժանացան մարշալի կոչման. Հովհաննես Բաղրամյանը՝ Խորհրդային Միության մարշալ, Հովհաննես Իսակովը՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Համազասպ Բաբաջանյանը՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց)՝ ավիացիայի մարշալ:

Ավելի քան 60 հայազգի գեներալներ ռազմաճակատների կազմում գլխավորում էին տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ երեքը բանակի  եւ երեքը կորպուսի հրամանատարներ: Պատերազմի ավարտից հետո հայ ժողովրդի զավակներից 83 սպա արժանացավ գեներալի, իսկ Սերգեյ Ագանովը ( Սերգեյ Օհանյան)՝ ինժեներական զորքերի մարշալի աստիճանի:

Տարբեր ռազմաճակատներում ցուցաբերած խիզախության համար 66802 հայ պարգեւատրվեց պետական տարբեր աստիճանի շքանշաններով ու մեդալներով, այդ թվում՝ 106 հոգի Խորհրդային Միության հերոսի կոչման, որոնցից երկուսը՝ Հովհաննես Բաղրամյանը եւ Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի, իսկ 26 հոգի՝ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետի կոչման: Նշենք, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1967 թվականի հրամանագրով Փառքի շքանշանի լրիվ ասպետների արտոնությունները հավասարվեցին Խորհրդային Միության հերոսների համար սահմանված արտոնություններին: Հերոսների թվով ԽՍՀՄ-ում հայերը վեցերորդն են, իսկ եթե հաշվի ենք առնում բնակչության թիվը՝ առաջինը:

Հայ ժողովրդի զավակներն աչքի ընկան ոչ միայն գործող բանակի կազմում, այլ նաեւ Խորհրդային Միությունում ու Եվրոպայի երկրներում պարտիզանական եւ դիմադրական շարժումների ընթացքում: 

Առանձնահատուկ ներդրում ունեցան հայ հետախույզները: Հետախուզության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Գեւորգ Վարդանյանը, ով 1943 թվականին բացահայտեց Թեհրանի համաժողովի ընթացքում երեք պետության առաջնորդներին վերացնելու ֆաշիստների պլանը, իսկ այդ ամբողջ գործողությունը ղեկավարում էր խորհրդային հետախուզության լիազոր Իվան Աղայանցը:

Ճակատայիններից ոչ պակաս մարտնչում էր նաեւ աշխատանքային թիկունքը՝ ռազմաճակատի կարիքները բավարարելու համար: Պատերազմի տարիներին Հայաստանում շահագործման հանձնվեց 30 նոր ձեռնարկություն, ավելի քան 110 արտադրամաս ու արհեստանոց, որոնք թողարկում էին ռազմաճակատի համար անհրաժեշտ 300 տեսակի արտադրանք, այդ թվում՝ սպառազինություն, պայթուցիկներ, ականանետային արկեր, կապի միջոցներ եւ այլն: Հաղթահարելով անասելի դժվարություններ` հայ աշխատավորությունը կարողացավ պատվով կատարել իր առջեւ դրված խնդիրը եւ հասնել հաղթանակի:

Պատերազմի արհավիրքները չշրջանցեցին նաեւ Սյունիքը: Մեր լեռնաշխարհի զավակները, հավատարիմ պատմական մարտական ավանդույթներին, Խորհրդային բանակի տարբեր ստորաբաժանումների կազմում բարձր պահեցին մեր ժողովրդի մարտական պատիվը:

Այսպես, Սյունիքից 1941-1945 թվականների ընթացքում զորակոչվեց 22.946 մարդ, որոնցից զոհվել են 10.690-ը: Ավելի քան 10 հազար սյունեցի պարգեւատրվեց տարբեր աստիճանի մեդալներով ու շքանշաններով: Սյունիքի 12 զավակ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ սյունեցի Հունան Ավետիսյանի անօրինակ սխրանքն առանձնահատուկ է մարտական կենսագրությունների տարեգրության մեջ: Ինը սյունեցի գեներալ պատերազմի ընթացքում գլխավորում էր Խորհրդային բանակի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ բանակներ, կորպուսներ, բրիգադներ ու դիվիզիաներ:

Բազմաթիվ սյունեցիներ աչքի ընկան պարտիզանական, ընդհատակյա եւ դիմադրական շարժումների ընթացքում՝ թե՛ Խորհրդային Միությունում, եւ թե՛ Եվրոպայի երկրներում:

Հայրենական մեծ պատերազմը ծանր փորձություն էր մեր ժողովրդի համար, ինչը մեր ժողովուրդը   խորհրդային պետության մյուս ժողովուրդների  հետ միասին հաղթահարեց ծանր զրկանքներով ու գերմարդկային ճիգերով:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի համար մարտնչած ու զոհված հայորդների հիշատակի առաջ խոնարվենք նույն ակնածանքով, ինչպես խոնարհվում ենք մեր ազգային պատմությունից հայտնի մյուս հերոսների հիշատակի առջեւ: 

 

Գրիշա Հարությունյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25