Մեծարվեց ճանաչված երաժիշտ-կատարողը

23.11.2014 15:00
2724

Քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում նոյեմբերի 14-ին մեծարման երեկո էր` նվիրված հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր, Կապանի արվեստի պետական քոլեջի փողային բաժնի նախկին դասատու, ֆլեյտահար Հայկ Ավագյանին. լրացել է ճանաչված երաժշտի եւ մանկավարժի ծննդյան 65-ամյակը:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1960 թվականին Երեւանից ժամանած մի խումբ երաժիշտ-մասնագետներ Կապանում հավաքագրում էին երաժշտական ձիրքով օժտված տղաների, ովքեր պիտի սովորեին Երեւանի գիշերօթիկ երաժշտական դպրոցում: Ընտրյալների մեջ էր նաեւ տասնամյա Հայկը, ով գիշերօթիկում փայլուն սովորելուց հետո առաջարկություն է ստանում նվագել Թբիլիսիի զինվորական նվագախմբում: Հընթացս սովորում եւ ավարտում է Թբիլիսիի Փալիաշվիլու անվան երաժշտական ուսումնարանը` ֆլեյտա մասնագիտությամբ: Ուսումնառության տարիներին հղկվում է նրա կատարողական արվեստը, ընդսմին մասնակցում է մի շարք հանրապետական եւ միջազգային մրցույթների` արժանանալով դափնեկրի կոչման: Հայկ Ավագյան երաժիշտ-կատարողը չէր կարող բավարարվել ուսումնարանի կրթությամբ, ուստի ընդունվում եւ ավարտում է (գերազանց առաջադիմությամբ) Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր` Հայկ Ղասաբյանի դասարանը): Միաժամանակ դասավանդում է Կապանի երաժշտական ուսումնարանում` հիմնադրելով ֆլեյտայի դասարանը, որտեղ աշխատել է մինչեւ 2009թ.: Հայկ Ավագյանը (1993-1994թթ.) ղեկավարել է Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցը` այս անգամ էլ դրսեւորելով կազմակերպչական ձիրք, բարձրացնելով սաների երաժշտական-կատարողական արվեստը, նպաստելով նրանց գեղագիտական դաստիարակությանը:

Հայկ Ավագյանը Կապան քաղաքում նպաստել է գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը` հիմնադրելով «Վարդագույն քարեր» վոկալ-գործիքային անսամբլը, 1978-ին, երբ ղեկավարում էր «Կապան» վոկալ-գործիքային անսամբլը, համերգային շրջագայության է մեկնել Բայկալ-ամուրյան մայրուղի, ինչի համար կոլեկտիվն արժանացել է ժողովրդականի կոչման: Երկար տարիներ ղեկավարել է Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը` այդպիսով հոգեւոր երգեցողությունը դարձնելով շատ-շատերի սեփականությունը:

Հայկ Ավագյանի կյանքում եւս մի ուշագրավ դրվագ կա. Արցախյան պատերազմի տարիներին նա արձագանքեց երջանկահիշատակ մաեստրո Ֆելիքս Հայրապետյանի կանչին` ընդգրկվելով զինվորական նվագախմբի կազմում:

Այսօր ճակատագրի բերումով Հայկ Ավագյանը` ապրում եւ ստեղծագործում է Բելգիայում, որպես մենակատար հանդես գալիս Բերտեն, Լեֆդալ եւ Օտտենբուրգ քաղաքների նվագախմբերում, երգում Բրյուսելի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երգչախմբում` կարծես իր գործունեությամբ հավաստելով այն ճշմարտությունը, թե ամեն ինչ անցողիկ է, միայն երաժշտությունն է հավերժ…

Հանդիսությունը վարող Ռուզաննա Ավանեսյանը երեկոն սկսեց այն փաստի հրապարակմամբ, որ քչերին է բախտ վիճակվում հինգ տարեկանում բախել երաժշտական աշխարհի դուռը, 60 տարի շարունակ ապրել երաժշտությամբ, դաստիարակել ֆլեյտահարների մի քանի սերունդ, ովքեր պիտի հպարտանային իրենց սիրելի ուսուցչով, ուսուցիչն էլ հպարտանար իր սաներով, ովքեր շարունակում են իր սկսած գործը: Այնուհետեւ գնահատանքի խոսքերով հանդես եկան Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, ով վոկալ-գործիքային անսամբլում նվագել է Ավագյանի ղեկավարությամբ, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը: Կապանի մշակույթի գործում ունեցած ավանդի համար Հայկ Ավագյանն արժանացավ Սյունիքի մարզպետի շնորհակալագրին, Կապանի քաղաքապետարանի պատվոգրին, ինչպես նաեւ արվեստի պետական քոլեջի շնորհակալագրին` երիտասարդ երաժիշտ-կատարողներ պատրաստելու համար:

Բոլոր գնահատանքներն իրեղեն դարձան, երբ Հայկ Ավագյանը ֆլեյտայով հնչեցրեց Գլյուկի «Մեղեդին», այնուհետեւ Ստեփան Ջրբաշյանի «Պրելյուդը»:

Սիրելի ուսուցչին մեծարանքի խոսքեր հղեց եւ հուշեր պատմեց Երեւանի «Կեմ» կամերային անսամբլի գեղարվեստական ղեկավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր Արմեն Ղուկասյանը: Ցուցադրվեցին Հայկ Ավագյանի մյուս սաների` Սանկտ Պետերբուրգի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, մրցանակների եւ դիպլոմների դափնեկիր Սասուն Առաքելյանի եւ Սամվել Ավանեսյանի (բնակվում է Բելգիայում) բարեմաղթանքների տեսաձայնագրությունները: Երաժշտական կատարումներով իրենց գործընկերոջը ողջունեցին Անահիտ Բաղդասարյանը, Թերեզա Հովհաննիսյանը: Արվեստի պետական քոլեջի ֆլեյտայի դասարանի սովորող Լիա Գրիգորյանը ֆլեյտայով հնչեցրեց Մոցարտի «Ռոնդոն», «Ուզանդարան» Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից:

Շնորհավորանքի խոսք ասելուց զատ` Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը հոբելյարին պատվոգիր հանձնեց, Ռաֆիկ Տոնոյանը` «Ազատամարտի վետերանների միության» կողմից` հուշամեդալ:

Համերգային ծրագրի ավարտին հանդես եկավ տրիոն (Հայկ Ավագյան` ֆլեյտա, Աշոտ Խաչատրյան` թավջութակ, Սվետլանա Համբարձումյան` դաշնամուր)` հանդիսականին հրամցնելով Բրամսի «Հունգարական պարը»:

Վերջում երախտագիտության խոսքով հանդես եկավ Հայկ Ավագյանը:

«Շնորհակալ եմ, որ գնահատեցիք տարիների իմ վաստակը», - մասնավորապես ասաց նա եւ ցանկություն հայտնեց, որ Կապանի արվեստագետներին նվիրված նման միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11