«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ՝ նվիրված ուսուցիչ, պատմաբան, թանգարանագետ, շուրջ տասը պատմագիտական գրքի հեղինակ Գրիշա Սմբատյանին։ Օրվա խորհուրդը մանրամասնեց միջոցառման կազմակերպիչներից Սառա Մարգարյանը, իսկ գրադարանի երիտասարդ աշխատակցուհի Անիտա Ստեփանյանը հավուր պատշաճի ներկայացրեց օրվա հերոսի անցած ուղին՝ Սյունյաց աշխարհի հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանման ծիրում։
Կապանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Թերեզա Գալստյանը, ում դասավանդել է Գրիշա Սմբատյանը, ջերմ խոսքեր ձոնեց իր ուսուցչին․ «Հնարավոր չէր լինել նրա աշակերտը և չսիրել պատմություն առարկան։ Ընկեր Սմբատյանը ուսուցիչ էր նաև դասերից դուրս, մեր մեջ սերմանել է շատ կարևոր արժեքներ և գաղափարներ, բացահայտել ճշմարտություններ, որոնք դասագրքերում շարադրված չեն։ Նրա ավանդած դասերը մարդուն ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում»։
Կապանի երկրագիտական թանգարանի ներկայիս տնօրեն Ալյոշա Հայրապետյանն անդրադարձավ Սմբատյանի թանգարանային գործունեությանը, մասնավորապես այն բանին, որ նրա շնորհիվ Կապանի երկրագիտական թանգարանը սեփական օջախ ունեցավ՝ հարմարավետ պայմաններով։ Գրիշայի մտերիմ ընկեր Աշոտ Հայրումյանն իր ակնածանքն փորձեց փոխանցել չափածո տողերով, իսկ պատմական հուշարձանների պահպանության մասնագետ Աստղիկ Հակոբյանը հուշեր ներկայացրեց օրվա հերոսի հետ անձնական շփումներից։
Տեսաուղերձներ և բարեմաղթանքներ հնչեցին նաև էկրանից՝ դասախոս, խմբագիր Մհեր Քումունց, գեղանարիչ Ռուբիկ Կոստանդյան, գրաբարագետ Ալեքսանդր Քանանյան, աշխատանքային ընկերներ, նրա երբեմնի աշակերտներ, համագյուղացիներ և էլի ուրիշներ: Գրիշա Սմբատյանի ավանդն առանձնապես ակներև է հարազատ եզերքի քաղաքական բռնաճնշումների ժամանակն ներկայացնելիս։ Մոռացությունից փրկել է տասնյակ անվանի և շարքային մարդկանց ճակատագրեր, այդ մասին պատմեց Վոլոդյա Մարտիրոսյանը։ Գրիշայի կերպարն ամբողջացավ Արթուր Պատվականյանի, Հենրիկ Մելիք-Քարամյանի, շնորհալի գեղանկարիչ Էրիկ Դավթյանի և մյուսների հուշերով։
Մեծարման միջոցառմանը մասնակցում էր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Պարզվում է, որ նա էլ է եղել Գրիշա Սմբատյանի աշակերտը։ «Եթե մի քանի ուսուցիչ եմ ունեցել, ովքեր իմ կյանքում առանձնահատուկ դեր են ունեցել, նրանցից մեկը Գրիշա Սմբատյանն է։ Շատ լավ հիշում եմ, թե ինչ հետաքրքիր էր մատուցում նյութը, յուրաքանչյուր թեմա ավանդելիս լրացուցիչ տեղեկություններ էր մատուցում։ Նաև շատ խստապահանջ էր, բայց նաև երբեմն դասաժամին կատակում էր՝ ավելի ջերմացնելով մթնոլորտը», - վերհիշեց համայնքի ղեկավարը՝ ավելացնելով, որ Գ․ Սմբատյանն արժանի է մեծարանքի խոսքերին, որոնք հնչեցին երեկոյի ընթացքում։
Գրիշա Սմբատյանը երախտագիտություն հայտնեց ջերմ խոսքերի համար, նաև հարկ համարեց հիշել Պլուտարքոսի հայտնի միտքը, թե թույներից ամենազորեղը գովեստն է։ Նա պարզապես երախտագիտություն հայտնեց իր գրքերի խմբագիրներին, այն մարդկանց, ում հետ ճանապարհ է անցել։ Նաև հայտնեց, որ իր համար կարևորը ինչ-որ բան անելն է: Այժմ ինքն աշխատում է հերթական գրքի վրա, մի այլ գիրք է խմբագրում։ Եվ այդ ամենն է, որ իրեն ապրեցնում է։ Նա խոստովանեց, որ իր համար ամանակարևորը դպրոցականներն են, դասարանն է, գրատախտակը․․․
Վահրամ Օրբելյան