Մի գերդաստանի պատմություն

26.04.2013 18:32
5479

Արյանս հիշողությունն ինձ տանում է դեպի իմ արմատները, ակունքները: Եվ երբ ստեղծագործում եմ, չգիտես ինչու, իմ նկարներում գերիշխում են կժերն ու զարդերը, որոնք ինձ անչափ հոգեհարազատ են: Ու հետադարձ հայացք ձգելով` հիշում եմ իմ Ղեւոնդ պապի գերդաստանի պատմությունը, որ սկիզբ է առնում մեր հայկական հինավուրց Նախիջեւան քաղաքից։ Իմ նախնիները հանգչում են հին Ջուղայի գերեզմանոցում, իսկ նրանք եւ նրանց սերունդները ժամանակին զբաղվել են արհեստով ու արվեստով։

Դարերի խորքից եկող պատմություն է ունեցել Ջուղան` հայկական հրաշալի քաղաքը, որտեղ ժամանակին իմ լուսահոգի Եսայի պապն իր գերդաստանով ապրում էր բնակավայրի վերնամասում ու զբաղվում իր սիրած գործով` կավից կարասներ, կճուճներ, կժեր ու սպասքի անհրաժեշտ իրեր պատրաստելով, իսկ որդին մեծ նրբությամբ պատրաստում էր քյամար, վզնոց, մատանի, ապարանջան եւ այլ զարդեր։ Անուշ տատս էլ համեղ կերակուրներ էր պատրաստում, լավաշ թխում ու ընտանիքին համախմբում սեղանի շուրջ` պահպանելով մեր ավանդական հայ ընտանիքն ու սովորույթները։

Ցավոք, թշնամու արյունոտ թաթն անպակաս էր հայերից. վայրագություն, հայերի տարահանումներ, մահմեդականացման պարտադրանք... Վայրագների սրի ու թրի զորությամբ (շատերի նման) հայրենի բնօրրանից հեռացել ու մահապուրծ են եղել Եսայի պապն ու իր գերդաստանը, որոնց քշել են դեպի Արաքսի ջրերը։ Եվ ակամա հիշում եմ մեծն բանաստեղծի հետեւյալ տողերը, որոնք, կարծեք, վերաբերում են նաեւ նախնիներիս.

Առաջը ջուր, ետեւը սուր,
Սուգ-վայնասուն, իրարանցում,
Բառաչում են մեծ ու պուճուր
Իրար գրկած գետը լցվում...

Արաքսի պղտոր հորձանուտների մեջ նրանցից շատերը կորցրել են միմյանց։ Վշտահար գետի ալիքները կլանել են նաեւ Եսայի պապի 15-ամյա թոռնուհուն` Աննմանին, ով պապի աչքի լույսն է եղել։ Նա խեղդվել է ջրերի մեջ, չեն կարողացել փրկել, ալիքները նրան տարել են հավերժ։ Եվ պապն իր որդու, հարսի ու երկու թոռան հետ միասին հայտնվել է Արաքսի մյուս ափին։ Երբ ափ են դուրս եկել, արդեն Իրանի հողում էին` Մուժումբար բնակավայրում։ Պապի թոռը` 19-ամյա Եսային, չի հաշտվել ճակատագրի հետ, բնակչության տեղահանության փաստի հետ։ Նա անընդհատ հայտնվել է հրապարակում համախմբված հայ տղամարդկանց շրջանում ու ականջ դրել նրանց խոսակցություններին։ Եվ մի գեղեցիկ օր էլ բարի լուր լսելով` ուրախությունից ճչացել ու երգել է։ Տեղյակ լինելով մարդկանց ծրագրված քայլերին` պատանին պարզապես ներխուժել է նրանց շարքերն ու հայտարարել, որ գիտի ծրագրված փախուստի` «գետով դեպի Հայաստան անցնելու մասին»։ Մարդիկ, տեսնելով նրա եռանդն ու տոկունությունը, ինչպես նաեւ հետդարձի հիվանդագին բաղձանքը, համաձայնում են նրան ընդգրկել իրենց խմբի մեջ։ Ցավոք, Եսային տանը հարազատներին չի ասում իր մտադրության մասին ու շատ գաղտնի, մի գիշեր Արաքսն անցնելով` հայտնվում է Մեղրու Կարճեւան գյուղում։ Եվ Եսայանների այս մի հատիկը գոյատեւում է ու իր արմատները մխրճում հայրենի հողի մեջ: Իսկ Եսայանների մյուս ճյուղի մասին այդպես էլ եւ ոչ մի բարի արագիլ այլեւս լուր չի բերում…

Կարոտն ու թախիծն աչքերում` երիտասարդ Եսային իրեն նվիրում է աշխատանքի։ Տեսնելով, որ ֆրանսիացիները Կարճեւանի մերձակայքում ձուլարան են ստեղծել եւ պղնձի արտադրամաս բացել, կարճ ժամանակում աշխատանքի է տեղավորվում։ Բանվորություն անելով` նաեւ ուսումնասիրում է մշակման արտադրամասի նրբություններն ու տեխնոլոգիան։ Եվ երբ Ֆրանսիացիները հեռանում են, գործունյա Եսային` ունենալով հարուստ փորձ, նմանատիպ արտադրություն է հիմնում հարեւան Հիգերակ (Ագարակ) գյուղում` ընղգրկելով աշխատուժ։ Ասում են, որ նա շատ բարի ու մարդամոտ էր, սիրել ու սիրվել է համագյուղացիների կողմից ու վայելել շրջապատի համակրանքը։

Երիտասարդ տղայի աչքից չէր վրիպել հարեւան գյուղից մի աղջիկ, ում անունն Աննման էր։ Գաղթի ժամանակ Արաքս գետում զոհված քրոջն էր հիշեցնում այդ անունը: Եվ Եսային ամուսնանում է նրա հետ, ընտանիք կազմում։ Ունենում են երեք որդի եւ երկու դուստր։ Գյուղի եկեղեցու մոտ երեք տուն է շինում Եսային երեք որդու համար` Ավետիսի, Մաթեւոսի, Հայրապետի։ ճյուղավորվում է ծառը եւ արմատներով ավելի մխրճվում հողի մեջ։ Ցավալի ճակատագիր է ունենում նաեւ այս Աննմանը։ Մի անձրեւոտ օր, մթնշաղին, երբ բարձրանում է կտուրն ավլելու, հետ-հետ գնալով ընկնում է ձորը, մարդիկ ամբողջ գիշեր փնտրում են եւ միայն լուսադեմին գտնում, բայց փրկել չեն կարողանում:

Իմ ճյուղի նահապետը Եսայու որդի Հայրապետն է։ Նա կնության է առնում Անուշկային, եւ մեր Անուշ տատն իր սիրելի ամուսնուն պարգեւում է երկու արու զավակ` Ղեւոնդ ու Գաբրիել։ Ղեւոնդն իմ պապն է, իսկ Գաբրիելը` նույն ինքը Գաբրիել Եսայանը, 1920թ. Հայաստան մուտք գործած 11-րդ հավաքական բանակի միակ ու անփոփոխ կոմիսարը, ում Ստալինն աքսորեց, սակայն հետագայում արդարացվեց։ Ծանր մանկություն են ունեցել այս երեխաները։ Վեցամյա Ղեւոնդն ականատես է լինում իր մոր հետ տեղի ունեցած դժբախտ պատահարին, երբ նա ցանկացել է վառոդի կայծերից կրակ ստանալ, թոնիրը վառել ու հաց թխել, պայթուցիկը կտրել է տատի երկու թեւը։ Եվ երեխան, տեսնելով այս ամենը, լեղաճաք ու լացակումած վազել է հոր մոտ ու շնչակտուր ասել. «Ապի, ապի, նանի երկու կռները կտրված են, ձյունի մեջ թավալա տալիս...»: Գլուխը կորցրած Հայրապետը խենթանում է կարծես, դառնում լռակյաց ու ինքնամփոփ։ Տասնհինգ օրից տատը մահանում է… Որբացած երեխաներին մայրական խնամք ու հոգատարություն էր անհրաժեշտ։ Որոշ ժամանակ հետո Հայրապետի կյանքը վերաիմաստավորում է Զմրուխտը։ Տունը լցվում է մանուկներով, եւ առօրյան դառնում հետաքրքիր։ Ծնվում են Վոլոդյան, Գեղամը, Աշխենը, Աստղիկը, Արտեմը, ովքեր հետագայում կրթություն են ստանում ու իրենց սերունդներով համալրում հայազգի մտավորականության շարքերը: Իսկ Ղեւոնդը բնակություն է հաստատում Մեղրիում։
Զարմանահրաշ մարդ էր Ղեւոնդ պապս, ում բոլորը սիրում ու հարգում էին։ Ինքը հանճարեղ մարդ էր, արդար ու բարի, ճշմարտասեր էր եւ նույն ոգով էլ մեզ էր դաստիարակում` մեծ տեղ տալով ուսմանն ու գիտելիքներին։ Պապս ջերմացնում էր մեզ եւ շրջապատին, նրա ամեն մի խոսքն իմաստություն էր, կշիռ ուներ: Ծերության տարիքում շատ երիտասարդ հոգի ուներ, ինչի համար էլ երիտասարդները միշտ նրա շուրջն էին։ Նրա համար կինը եւ երեխաները բարձրագույն արժեք էին այս աշխարհում։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում եղել է գյուղատնտես, կոլտնտեսության նախագահ, գինու գործարանի տնօրեն։ Բոլոր աշխատատեղերում էլ եղել է լավ մասնագետ, ստացել մեդալներ, պատվոգրեր, իսկ գինու մոսկովյան ցուցահանդեսում արժանացել ոսկե մեդալի։ Ղեւոնդի երկու որդին` Պապն ու Եղիշը զոհվել են պատերազմում։

Կյանքի այլ ընթացք է ունեցել Գաբրիելը, ում համար Ղեւոնդն ուղեցույց էր, մեծ ուսուցիչ, եւ եղբոր պատասխանատվությունն իր վրա էր վերցրել դեռեւս մանուկ հասակից։ Գաբրիելը մեծացել է հայրենի երկրի սեգ լեռների պես կուռ, ամուր եւ ընտրել կյանքի ուրույն ճանապարհ, քանի որ ինքն էլ մի անկրկնելի անհատականություն էր, ում տանջում էր սեփական ժողովրդի ազատության ու անկախության միտքը։ Ազատատենչ Գաբրիելը շատ ծրագրեր ուներ, մեծ խորհրդատու էր իր գործում ու հեղինակություն։ Նա գեղեցկադեմ էր, բարձրահասակ, գրավիչ ու բարետես: Տատս` Նվարդը, պատմում էր, որ նա մարդկանց լսելու եւ օգնելու մեծ կարողություն ուներ։ Տանն իր գործերի մասին երբեք չէր խոսում ու չէր պատմում։ Տնեցիները նրան տեսնում էին մեկ տուն մտնելիս, մեկ էլ տնից դուրս գալիս, ինքը միշտ մտազբաղ էր ու շտապող։ Նա իր երազած անկախ Հայաստանը տեսնում էր ապագայի հորիզոններում, որի համար եւ պայքարեց երիտասարդ տարիներին։ Պապս ասում էր. «Գաբրիելը` եղբայրս, մեծ մարդ էր, բայց ափսոս... գնաց ու անհետ կորավ»։ Գաբրիելը լուրջ քաղաքական գործիչ էր եւ իրենից հետո թողեց մի գեղեցիկ հետագիծ` զոհաբերելով սեփական կյանքը հանուն Հայաստանի վառ ապագայի, հանուն բազմաչարչար, կործանման եզրին կանգնած Հայաստանի։ Երբ հայ ժողովրդի ամենաբախտորոշ ժամանակներից մեկն էր, այդ ժամանակ Գաբրիելը 23 տարեկան էր ընդամենը։ …Երկրին ռազմաքաղաքական օգնություն հասցնելու նպատակով Բաքվում 1920թ. հոկտեմբերի 16-ին ՌԿ¥բ¤Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի, ՌԿ¥բ¤Կ կենտկոմի արտասահմանյան բյուրոյի եւ 11-րդ բանակի ռազմահեղափոխական խորհրդի որոշումների համաձայն կազմավորում է 11-րդ կարմիր բանակի առանձին ¥հայակազմ¤ հրաձգային գունդը։ Բանակի առանձին հրաձգային գնդի հրամանատարը սկզբից մինչեւ վերջ եղել է Պյոտր Պանֆիլովը ¥1892-1967¤թթ., գնդի կոմիսարն անփոփոխ եղել է Գաբրիել Հայրապետի Եսայանը ¥ծնվ. 1897թ.¤։ Գաբրիելը նաեւ հանդիսացել է գնդի ստորաբաժանումների քաղաքական-կուսակցական աշխատանքների ղեկավարը։ Լինելով շրջահայաց ու սկզբունքային` նա իր ստացած մարտական առաջադրանքները կատարել է հետեւողականորեն։ Առհասարակ մարտական հետաքրքիր ուղի է ունեցել հավաքական այս գունդը: Գնդի մարտիկներն առաջ են շարժվել Աղստեւի ձյունապատ թանձր ամպերով լցված ափերով, անդնդախոր ձորերի ոլորապտույտ ճանապարհներով: Լեգենդար գունդը Բաքվից հասել է մինչեւ Հայաստան, որտեղ եւ 1920թ. նոյեմբերի 29-ին խորհրդային կարգերը հաստատվեցին խաղաղ, անարյուն ճանապարհով:

Ցավոք, 1935թ. հոկտեմբերի 21-ին ձերբակալվեց Գաբրիելն իր քաղաքական հայացքների համար եւ աքսորվեց Ալմա-Աթա ու այնտեղ էլ դատապարտվեց մահապատժի: Միայն 1989թ. ապրիլին իր չապացուցված ու չկատարած հանցանքի համար (հետմահու) արդարացվեց:

Երջանկահիշատակ Ղեւոնդ պապս իր կենդանության օրոք մխիթարվում էր հարազատների գերեզման այցելելով ու հարգանքի տուրք մատուցելով նրանց շիրիմներին, որտեղ ամփոփված էին Եսային ու Եսայանները։ Իսկ Մեծ հայրենականում զոհված իր երկու որդու` Պապի ու Եղիշի, ինչպես նաեւ համագյուղացի զոհվածների հիշատակը հավերժացնող մի հուշարձան կոթող կառուցվեց, որը Հիգերակից տեղափոխվել եւ ներկայումս կանգնեցված է Ագարակի հրապարակի հարեւանությամբ։

Այսօր ուզում եմ գլուխ խոնարհել Եսայանների նախնյաց հիշատակի առջեւ` մեր սերունդներին փոխանցելով նրանց պատմությունը:

…Նախիջեւանում` մեր նախնիների բնօրրանում, մինչդեռ, ադրբեջանցիների կողմից շարունակվում է մշակութային եղեռնը: Այնտեղ պղծվում են մեր պատմական արժեքները` եկեղեցիները, գերեզմանները, խաչքարերն ու հուշարձանները։

ԱՐԱՔՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01