Մի հուշարձանի պատմություն

26.02.2016 10:45
2641

Այս հոդվածի համառոտ տարբերակը պատրաստվել էր «Комсомольская правда» լրագրի ռուս ընթերցողի եւ Ռուսաստանի դաշնությունում բնակվող հարյուր հազարավոր մեր հայրենակիցների համար, սակայն հետո մտածեցինք այս մասին պատմել նաեւ «Սյունյաց երկրի»  ընթերցողներին:

Հայրենական մեծ պատերազմի ռումբերն ու ականներն իմ հայրենիքում՝ Հայաստանում չեն պայթել, բայց այստեղ էլ չկա մեծ ու փոքր մի բնակավայր, մի տուն ու ընտանիք, որ զգացած չլինի պատերազմի չարագուշակ շունչը, տեսած չլինի նրա բերած ավերն ու սովը:

Մեկուկես միլիոն բնակչություն ունեցող հանրապետությունից եւ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում բնակվող հայորդիներից 650.000-ը մեկնեց ռազմաճակատ: Նրանցից 106-ն արժանացավ Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման, 27-ը դարձավ հայրենական պատերազմի փառքի երեք աստիճանի շքանշանի ասպետ, 67-ը կրում էր գեներալի, 2-ը՝ մարշալի կամ ծովակալի ուսադիր, հետագայում գեներալների թիվն ավելացավ 20-ով, իսկ մարշալներինը՝ եւս 2-ով, 350.000-ի համար էլ հայրենիքը, նրանց հարազատները սեւ թուղթ ստացան (https://ru.wikipedia.org/wiki/Вторая мировая война): Նրանց մասին ասում են՝ վերադաձան հուշարձան դարձած: Հավանաբար նախկին Խորհրդային Միության տարածքում չկա մի բնակավայր, որտեղ նրանց հիշատակին հուշարձան կառուցված չլինի: Այդպես է նաեւ մեզ մոտ՝ Հայաստանում, որտեղ եւս դրանց նկատմամբ հոգատարությունը երբեք չի խամրում: Նրանք ապրողներիս մշտապես հիշեցնում են, որ այսօրվա կյանքի համար պարտական ենք զոհվածներին:

Տողերիս հեղինակը ծանոթ է Գորիսի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի հուշարձաններին: Դրանք, որպես կանոն, կառուցվել են բնակավայրերի (գյուղերի) մուտքերի (ելքերի) մոտ: Ասել է թե՝ կառուցվել են այն վայրերում, որտեղից հարազատները, համագյուղացիներն իրենց սիրելիներին ճանապարհել են ռազմաճակատ: Բնական է, որ հաղթանակով վերադարձածներին էլ դիմավորել են հենց գյուղերի մուտքերի մոտ: Կան հազվագյուտ բացառություններ, որոնցից մեկն էլ հայրենի Գորիս քաղաքի կենտրոնում կառուցված աղբյուր-հուշարձանն է: Այս հուշարձանը շատ ինքնատիպ է, այդ պատճառով էլ ցանկանում եմ նրա մասին պատմել: Առաջինը, որ այն յուրահատուկ հաղթական կամար է՝ իր երկու կամարով՝ դառնալով քաղաքիս կենտրոնական զբոսայգու համար յուրատեսակ դարպաս: Կանխավ գիտեինք, որ հուշարձանի հեղինակը Հայաստանի վաստակավոր եւ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, բազմաթիվ նման կոթողների հեղինակ Ռաֆայել Իսրայելյանն է: Հայաստանի պետական արխվում փորձեցինք ավելին իմանալ հուշարձանի ստեղծման պատմության մասին, բայց դժբախտաբար փաստերը չափազանց սուղ էին: Մեզ հաջողվեց միայն իմանալ, որ Իսրայելյանի նախագիծը մրցույթով է հաղթող ճանաչվել: Փառք ու պատիվ այն դժվարին օրերին շրջանը ղեկավարող այրերին, որ նախապատվությունը տվել են հենց այդ նախագծին: Պարզեցինք նաեւ, որ հուշարձանի կառուցման աշխատանքները ղեկավարել է քաղխորհրդի շինտեղամասի ինժեներ Նիկոլայ Մաթեւոսյանը:

Ի դեպ, նա է եղել նաեւ Ակներ-Գորիս խմելու ջրատարի եւ քաղաքի ներքին ջրացանցի նախագծման հեղինակն ու կառուցման աշխատանքների ղեկավարը: Հավանաբար այդ գործերի համար էլ երախտապարտ գորիսեցիները նրան տվել են «Ինժեներ» պատվանունը:

Դառնանք հուշարձանին: Մտածեցինք, որ այս հարցում մեզ օգտակար կարող է լինել համացանցը: Իրոք, Ռաֆայել Իսրայելյանին նվիրված էջում հարուստ տեղեկություններ կան հանրաճանաչ ճարտարապետի մասին: Կենսագրական ակնարկի հետ խոսվում է հեղինակի անհատական ցուցահանդեսների (3) մասին, բերվում հայ եւ այլազգի մտավորականների կողմից նրա աշխատանքներին տրված գնահատականները: Իմանում ենք, որ նա է «Սարդարապատի հերոսամարտի» համալիրի, Երեւանի հաղթանակի զբոսայգու Հաղթական կամարի, Նյու-Յորքի սբ Վարդան եկեղեցու, Երեւանի գինու կոմբինատի շենքի, Հայրենական մեծ պատերազմին նվիրված բազմաթիվ հուշարձանների հեղինակը: Խոսվում է նաեւ գյուղական համայնքների համար նրա կատարած նախագծերի մասին, բերվում ճարտարապետի գործերի ցուցակը, բայց նույնիսկ այդ թվարկումների մեջ մեր հուշարձանի մասին խոսք չկա,   որի մասին հարկ համարեցինք տեղյակ պահել էջը պատրաստողներին: Արձագանքը չուշացավ. պարզվեց, որ մեր հուշարձանի նման մոռացված կառույցներ էլի կան, որոնց մասին էջ պատրաստողներն ուղղակի չգիտեն: Կարծում եմ, որ մեծ մարդու հոգեւոր ժառանգության ամբողջական պատկերի ստեղծումը բոլորիս պարտքն է: Այնպես որ խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն նման կառույցների մասին, դրանք փոխանցեն էջին (www.rafaelisraelyan.com):

Շարունակենք: Իմ քաղաքում կառուցված հուշարձանը մի առանձնահատուկ խորհուրդ էլ ունի: Մի քանի տարի առաջ գործարկվեց Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը 10-12 րոպեի ընթացքում Որոտանի գեղատեսիլ կիրճի վրայով ձեզ հասցնում է տասներորդ դարում կառուցված ճարտարապետական հոյակերտ կոթող Տաթեւի տաճար: Ճոպանուղու գործարկումից հետո գեղատեսիլ բնությամբ Սյունիք այցելող տուրիստների թիվը բազմապատկվել է: Լրագրիս երաժշտասեր ընթերցողներին քաջ ծանոթ է մեր հայրենակից, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անունը: Բազում հրաշալի ստեղծագործությունների շարքում նա մի հրաշալի երգ էլ մեր քաղաքի մասին ունի՝ «Ով Գորիսը չի տեսել, չի տեսել աշխարհ»: Դա միայն թեւավոր խոսք չէ: Այո, տեսնելու շատ բան կա մեր քաղաքում:

Մեծերի անունները հաճախ ճնշում են մեզ, իշխում մեր գիտակցության վրա, թույլ չեն տալիս տվյալ թեմայի մասին իրենց գրածից, մտորումներից զատ ուրիշ այլ բան տեսնել: Այդպես է մեր սիրելի Գորիսի պարագային: Թվում է, թե Ակսել Բակունցի «Կյորեսից» եւ Սերո Խանզադյանի «Մատյան եղելությանց»-ից հետո անհնար է Գորիսի մասին ուշադրության արժանի վավերագրական որեւէ բան ստեղծել: Իմ նման մտածելակերպը չի բաժանում մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանը:

«Ժամանակ չունեի ավելի կարճ գրելու համար» բոլոր մեծերին վերագրվող հայտնի խոսքերի պրիզմայով նայելիս հասկանում ես, որ Տ. Գրիգորյանն ունեցել է այդ ժամանակը ու  դեռեւս 2003թ.-ին ստեղծել «Կեղծ արժեքներն իմ քաղաքում հարգի չեն» վերնագրով դիմանկար գոհարը: Դա դիմանկար է, որովհետեւ Գորիսը շնչող, ապրող, սեփական դիմագիծն ու բնավորությունն ունեցող օրգանիզմ է, իսկ Տիգրանի ստեղծածն էլ գեղանկարչի տեսնող, մաթեմատիկոսի վերլուծող, բանաստեղծի գերող ու կախարդող մտքի արդյունք է:

Թող ընթերցողը չմտածի, թե շեղվել եմ թեմայից: Ոչ, հազար անգամ ոչ: Հիշյալ դիմանկարում Տիգրանը նորից հիշեցնում է մեզ, որ Գորիսը, աշխարհագրական դիրքով լինելով ծայրամասային քաղաք, երբեք չի եղել գավառական: Նա միշտ էլ բարձրաշխարհիկ է եղել: Գորիսը տնտղում, ծանր ու թեթեւ է անում, եւ վերցնում միայն այն, ինչ լավն է, բարձր է ու եզակի: Այդպես եղել է նաեւ մեր հուշարձանի ընտրությունը կատարելիս, երբ առավելությունը տրվել է «յոթ աղբյուրին»:

Եթե հուշարձանն առաջին անգամ տեսնողը տեղացիներին հարցնի նրա անվան ծագման մասին, մեկը նրան կասի, որ դա կառուցող վարպետի նմանատիպ յոթերորդ աղբյուրն է, այդ պատճառով էլ կոչվում է «Յոթերորդ աղբյուր», իսկ մեկ ուրիշն էլ կարող է ասել, որ աղբյուրն ունի յոթ ակ, որոնցից ջուր է հոսում, այդ պատճառով էլ կոչվում է «Յոթ աղբյուր»: Այսպես, թե այնպես, երկու դեպքում էլ շոշափվում է «յոթ» բառը՝ դրա մեջ որոշակի խորհուրդ դնելով:

Դարեր ի վեր հայ ժողովուրդն էլ ուրիշ ժողովուրդների նման ջրի մեջ հավերժության խորհուրդ է տեսել: Օրինակ, ընդունված բարեմաղթություն է՝ կյանքդ ջրի նման երկարի, հաճախ ասվածն ուղղելով աղբյուրը կառուցողին:

Իմ հիշատակած աղբյուրի առանձնահատուկ լինելը նաեւ այն է, որ նրա մեջ արտացոլվում է մեր ժողովրդի անսահման հավատը հաղթանակի նկատմամբ: Երախտապարտ համաքաղաքացիներս հուշարձանն սկսել են կառուցել այն ժամանակ, երբ ֆաշիստական զորքերը դեռ Վոլգայի ափերին, իսկ գերմանացիների դաշնակից Թուրքիայի՝ մինչեւ ատամները զինված քսաներեք դիվիզիաներն Արաքսի ափին էին: Վերջիններս սպասում էին Ստալինգրադի անկմանը, որպեսզի հայ ժողովրդի անունը վերջնականապես ջնջեն քարտեզի երեսից: Ահա այդ օրերին է կառուցվել հուշարձանը: Նույնիսկ  պատերազմի բուն ծանրությունն իրենց վրա տարած ժողովուրդները նման օրինակ չունեն:

Քաղաք այցելող տուրիստները, վայելելով աղբյուր-հուշարձանի սառնորակ ջուրը, քիչ հեռանում են նրանից ու իրենց լուսանկարչական ապարատները, նկարահանող ժամանակակից մյուս սարքերն ուղղում դեպի այն: Հուշարձանի ճակատը պսակված է հայերեն ու ռուսերեն հետեւյալ գրությամբ. «Հուշարձանը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին 1943-1945թթ.»: Մնում է ավելացնել, որ դեպի զբոսայգին նայող ճակատն էլ զարդարում են գուսան Աշոտի «Հուշարձաններ» երգի հետեւյալ տողերը.

Նրանց արդար հոգիներից

Բխում է սառը, զուլալ աղբյուր,

Ամեն անգամ ջուր խմելիս՝

Շրթունքներով կտանք համբույր…

Այսքանը:

Այո, սերն ու հավատն աշխարհ են պահում: Նրանք զորեղ են: Աշխարհն ու խաղաղությունն էլ նրանք են փրկելու:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25