Միքայել Մալխասյան. «Քարտեզագրական նյութերով բանավեճը փակուղի տանող ճանապարհ է, որը շեղում է իրական քաղաքական օրակարգից՝ անվտանգության ապահովումից»

08.10.2022 21:01
3760

Մի քանի օր է՝ հայ հանրությունը քննարկում է այսպես կոչված «Հավաստի աղբյուր»-ի կողմից «Հայկական ժամանակ»-ում հրապարակված փաստաթուղթը, որում արտացոլված է իբր Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված հինգ պահանջը, որի չորրորդ կետի համաձայն՝ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը երկու երկրի միջև պետք է իրականացվի 1919, 1920 թվականների քարտեզներով:

Այդ քարտեզների արժանահավատությունը ճշտելու և ընդհանրապես «քարտեզային երկխոսություն» սկսելու նպատակահարմարությունը քննարկելու համար զրույցի հրավիրեցինք Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանին:

-Պարոն Մալխասյան, ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, որքանո՞վ են դրանք հիմնավոր իրավական առումով:

-Նախ՝ շատ դժվար է ասել, թե ինչքանով է հավաստի ու արժանահավատ «Հավաստի աղբյուր»-ի խոսքը: Դժվար է ասել, թե իրականում ինչ պահանջների մասին է խոսքը, թե իրականության հետ ինչ աղերս ունեն այսպես կոչված ներկայացված պահանջները:

Երկրորդ՝ եթե զուտ մասնագիտական տեսանկյունից մոտենանք, ապա անհասկանալի է, թե 1919-20 թթ. որ քարտեզներին է հղում կատարվում:

Մենք գիտենք, օրինակ, որ 1918 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով ստեղծվել էր հնարավորություն Հայաստանի տարածքն ընդլայնելու՝ Թուրքիայի պարտությունից հետո: Ասել է թե՝ Բաթումի պայմանագրով մեզ տրված սահմանափակ տարածքը կարող էր ընդարձակվել, այսինքն՝ վերականգնվեր 1914-ի ռուս-թուրքական սահմանը: Կարսի մարզը նույնպես պետք է մտներ Հայաստանի մեջ...

Մեր սահմաններում փոփոխություններ եղան այլ ուղղություններով ևս...

Հաշվի առնելով այդ ամենը՝ պետք է հասկանալ՝ այդ տարիների ո՞ր ժամանակահատվածի և կոնկրետ ո՞ր քարտեզի մասին է խոսքը:

-«Հավաստի աղբյուր»-ի կասկածելի հրապարակումից հետո մամուլում հանրայնացվեց 1920 թվականին վերագրվող մի քարտեզ, որը Հայաստանը ներկայացրել է Ազգերի լիգա և որը ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից: Ընդ որում՝ նույն ժամանակ՝ 1920-ին, Բաքուն ևս քարտեզ էր ներկայացրել Ազգերի լիգա, որը չէր ճանաչվել: Այսինքն՝ ճանաչվել էր միայն Հայաստանի ներկայացրած քարտեզը: Մի՞թե դա կոնկրետ փաստարկ չէ 1920-ին վերագրվող քարտեզների առումով:

-Գիտե՞ք, թե որն է հարցը: Մենք հիմա քննարկում ենք բաներ, որոնք իրողությունների հետ կապ չունեն:

Այսինքն՝ եթե հիմա պետք է գնանք 1920 թ., ինչո՞ւ չենք կարող հասնել Պեվտինգերյան քարտեզին, որի վրա նշված են Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները, Արշակունյաց Հայաստանի հին ճանապարհները և դրանց վրա գտնվող կայանների մեծ մասը:

Եթե այդպես գնալու լինենք՝ կհասնենք մինչև Բաբելոնյան քարտեզ, մինչև Տիգրան Մեծի ժամանակներ:

Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է առհասարակ մեր հանրությունն ընդունում բանավեճի նման արհեստական խաղի կանոնները, ինչո՞ւ է փորձագիտական համայնքը մտնում այդ խաղի մեջ:

Շատ տարօրինակ է, որ պետական այրերն ընդունել են խաղի այդ կանոնները:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ մտնել մի դաշտ, որ պետք չէ մտնել:

Եթե պատմական քարտեզներով սկսենք առաջնորդվել, բավականին բարդ և հակասական իրավիճակում կհայտնվենք:

Երբ Սևրի պայմանագրի կոնտեքստում քննարկվում էր Հայաստանի սահմանների հարցը՝ մեծ տերությունները փաստորեն ճանաչում էին Հայաստանի անկախությունը և հանձն առնում միայն Թուրքիայի հետ սահմանների կարգավորման խնդրի լուծումը: Վրաստանի և նորաստեղծ Ադրբեջանի հետ այդ հարցերը հետո պիտի քննարկվեին...

Այնպես որ՝ խելամիտ չէ քարտեզներով խոսելն ինչ-որ կոնկրետ ժամանակի կտրվածքով, ընդ որում՝ դա կարող է մի կողմից շատ խոցելի լինել, մյուս կողմից՝ շատ օգտակար:

-Հայաստանի ղեկավարը ՄԱԿ-ի վեհաժողովում ունեցած ելույթում կոչ արեց Ադրբեջանին՝ ցույց տալ այն քարտեզը, որով ինքը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն էլ մատնանշեց 1919-20 թթ. քարտեզը: Եվ այդպես բանավեճը նոր փուլ մտավ:

-Դա վերածվում է պատմական վեճի, ու նման զարգացումների դեպքում անընդհատ նոր փաստարկներ կբերվեն, որը վերջ չի ունենա:

Հարցն այսպես պետք է դնել՝ մենք ի՞նչ կանխավարկածից պետք է ելնենք սահմանագծում և սահմանազատում կատարելիս. այն տարա՞ծքը հիմք ընդունելուց, որ վերահսկում ենք փաստորեն, թե՞ ամեն ինչ դնում ենք հարցականի տակ:

Եթե ասում ենք՝ Խորհրդային Հայաստանի սահմաններն ենք հիմք ընդունում, ստացվում է՝ հրաժարվում ենք Արցախից: Եթե ասում ենք՝ Հայաստանի տարածքը 29.8 հազար քառակուսի կմ է, ապա հաջորդ հարցն է ծագում՝ Ադրբեջանի մատնանշած անկլավները մտնո՞ւմ են դրա մեջ, թե՞ ոչ: Ընդ որում՝ դա ամենևին էլ փոքր հարց չէ: Այսպես կոչված այդ անկլավներով են անցնում մեզ համար կենսական նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիները:

Վերցնենք, օրինակ, Տիգրանաշենը: Այնտեղով է անցնում Սյունիքի մարզից, Արցախից, Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի կենտրոն ձգվող միակ ճանապարհը:

Եթե դա տալիս ենք թշնամական պետությանը, ի՞նչ ենք ակնկալում, ինչպե՞ս ենք պատկերացնում մեր երկրի հետագա բնականոն գործունեությունը:

Նույն խնդիրն է Տավուշի մարզում.  եթե Վրաստանին կապող միջպետական ճանապարհի 2 կմ-ից ավելի տարածքը հայտնվի  թշնամական պետության վերահսկողության ներքո, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ խնդիրների կբախվենք:

Սրանք հարցեր են, որոնք ինչ-որ թվեր, քարտեզներ վկայակոչելով չես կարող լուծել:

Կամ՝ ի՞նչ ենք հասկանում խորհրդային քարտեզ ասելով:

Հասկանում ենք 1991-ի դրությամբ քարտե՞զը, որը խորհրդային երկրի ներքին ակտերով է սահմանվել:

Բայց չէ՞ որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչ այդ՝ 1920 թվականից, նույն պետության մաս են կազմել, որոշ ժամանակ էլ՝ 1922-36 թթ. Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը մեկ այլ վարչական միավորման՝ Անդրֆեդերացիայի մեջ են եղել:

Այդ ժամանակներում, ամենատարբեր մակարդակներում, ամենատարբեր պատրվակներով և հատկապես տնտեսական նկատառումներից ելնելով՝ տարածքների փոխանակումներ են արվել քանիցս: Ինչպե՞ս վարվել այդ ամենի հետ:

Կամ Գորիս-Կապան ճանապարհը, որ հիմա շրջափակված է...

Ասում են Խորհրդային Ադրբեջանի տարածքով է անցել:

Հիմա՝ հարց. եթե այդ ճանապարհը Խորհրդային Ադրբեջանի տարածքով է անցել, ապա ո՞նց է պատահել, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունը, հանրապետության բյուջեից, երկու անգամ հատկացումներ է կատարել տվյալ ճանապարհը կառուցելու, այնուհետև հիմնանորոգելու համար...

Եվ ուրեմն՝ պետք չէ ակնկալել, թե թշնամին կառաջարկի մեզ համար ընդունելի ձևաչափ: Նրանք քարտեզ են առաջարկում և ասում՝ Երևանը պետք է մերը լինի. հետո՞...

-Ամիսներ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահն ակնարկեց, թե ՌԴ գլխավոր շտաբի տնօրինության տակ են Ադրբեջանի և Հայաստանի սահմաններն արտացոլող քարտեզները: Եվ իբր դրանք կդրվեն սեղանին, եթե պահը վրա հասնի:

-Ենթադրում եմ՝ խոսքը 1920-ական թվականների մասին է, որովհետև գլխավոր շտաբը հենց այդ ժամանակ է քարտեզագրությամբ զբաղվել:

Հետագայում այդ գծագրումները դրվել են ադմինիստրատիվ քարտեզագրման հիմքում, և այդ ամենն աստիճանաբար մասնագիտական հարթակ է տեղափոխվել:

Եվ չգիտեմ՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները նախընտրելի համարում 1919-20 թթ. քարտեզները:

Այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանի Հանրապետությունը. մեր կողմից  փաստացի վերահսկվող սահմանների՞ց էլ ինչ-որ բան զիջել...

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ ենք մտնում այդ օրակարգի մեջ, չեմ հասկանում:

Մեզ համար շահեկան կլիներ,  այդ սկզբունքով  առաջնորդվելու դեպքում, 1920-ականների քարտեզները հիմք ընդունել, որովհետև այդ ժամանակ Խորհրդային Հայաստանի սահմանները շատ ավելի ընդարձակ էին, քան ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները: Այդ ժամանակ խոսքը մոտ 31 հազար քառակուսի կմ տարածքի մասին էր, դրանից հետո՝ աստիճանաբար, մեզանից տարածքներ են անջատել:

-Եվ, այդ բոլորով հանդերձ, ի՞նչ անել, ի՞նչ ունենք հակադրելու այս իրավիճակում:

-Նորից ասեմ՝ քարտեզագրական նյութերով բանավեճը փակուղի տանող ճանապարհ է, որը  շեղում է իրական քաղաքական օրակարգից՝  անվտանգության ապահովումից:

Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի բացառապես իր շահերով:

Եթե քարտեզներով լինի՝ Տիգրան Մեծի ժամանակների կամ Սևրի պայմանագրով նախատեսված քարտեզները կդնենք սեղանին: Եթե նույնիսկ Ադրբեջանի մատնանշած փաստաթղթերով առաջնորդվենք, ապա Նախիջևանը, Կարսը, Արարատ լեռան շրջակայքը, այլ տարածքներ Հայաստանի Հանրապետության մաս պիտի լինեն...

Ուստի և պետք է ելնենք հետևյալ կանխավարկածից՝ այսքան տարածքը ՀՀ փաստացի տարածքն է, Արցախի այսքան տարածքը բնիկ հայերով բնակեցված տարածք է...

Եվ ուրեմն՝ պետք է ջանք գործադրել, որ այդ տարածքները շարունակեն մնալ հայկական պետության սահմաններում: Այլապես՝ եթե շարունակում են զիջել մեր կողմից փաստացի վերահսկվող տարածքներ, ապա դա ինքնաոչնչացման ճանապարհ է…

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08