ՄԻՔԱՅԵԼ ՕՀԱՆՅԱՆ. «Բոլորս պիտի հասկանանք. Մեղրին թուլացնելով` վտանգվում է մեր երկրի ներկան ու ապագան»

12.12.2013 15:16
3505

Մեղրու տարածաշրջանում ստեղծված բնապահպանական խնդիրների, դրանց լուծման համար արվելիք աշխատանքների մասին է զրույցը Մեղրու ավագանու բնապահպանական հանձնաժողովի այլեւս նախկին նախագահ Միքայել Օհանյանի հետ:


ԱՅՑԵՔԱՐՏ Միքայել Վոլոդյայի Օհանյան. ծնվել է 1954թ. փետրվարի 2-ին Մեղրի քաղաքում: Տեղի Ստեփան Շահումյանի անվան միջն. դպրոցը 1971-ին ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ եւ վարկ» բաժինը, որն ավարտել է 1976-ին: Այնուհետեւ գործուղվել է Մեղրի եւ աշխատել շրջխորհրդի գործկոմի ֆինբաժնի ավագ վերահսկիչ-վերստուգիչ (1976-77թթ.), որից հետո ընտրվել է կոմերիտմիության Մեղրու շրջկոմի քարտուղար: 1977թ. ընտրվել է կոմերիտմիության Մեղրու շրջկոմի առաջին քարտուղար եւ աշխատել մինչեւ 1981թ.: 1981-83թթ. եղել է Մեղրու կուսշրջկոմի բաժնի վարիչի տեղակալ, 1983-85թթ.` շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, 1985-91թթ.` կուսշրջկոմի բաժնի վարիչ, 1991-93թթ.` Մեղրու ԲՈՒԱՏՁ-ի տնօրեն: 1993-2013թ. Մեղրու բանկային համակարգում էր: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Անկուսակցական է: 2012թ. սեպտեմբերի 12-ին ընտրվել է Մեղրի համայնքի ավագանու անդամ, ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ: 2013թ նոյեմբերի 19-ին հրաժարվել է ավագանու անդամի պարտականություններից` քաղաքապետի եւ ավագանու անդամների մեծամասնության հետ սկզբունքային տարակարծություններ ունենալու պատճառով:


– Պարո՛ն Օհանյան, շուրջ երկու տարի է, մեր ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ բավականին լուրջ, կարելի է ասել` ճակատագրական հարցեր են քննարկվում Մեղրիում, որոնք, եթե չափազանցություն չլինի, կապված են Մեղրու լինել-չլինելու հետ, եւ այդ հարցերն այսօր փորձում ենք պարզաբանել Ձեր միջոցով, հաշվի առնելով, որ ղեկավարել եք Մեղրու ավագանու բնապահպանական հանձնաժողովը եւ ունեք յուրահատուկ դիրքորոշում Մեղրուն սպառնացող մարտահրավերների դիմակայման հարցում:

– Դուք իրավացի եք: Մեղրիում տիրող բնապահպանական վիճակն ավելի քան անհանգստացնող է, եւ այս խնդիրն այնքան էլ նոր չէ: Սկզբում թվում էր, թե սա ինչ-որ մեկի անբարո, անփույթ աշխատանքի հետեւանք է, եւ կարելի է համագործակցելու կամ լավ աշխատելու դեպքում կարգի բերել` դրանով հարցը փակված համարելով: Ստիպված էի նաեւ ուսումնասիրել, թե հանրապետության տարածքում, այլ երկրներում առկա նմանատիպ խնդիրներն ինչպես են լուծվում կամ ընդհանրապես լուծվո՞ւմ են, թե՞ ոչ: Քիչ ավելի հեռուն գնացի եւ արդյունքում ինձ համար ավելի սարսափելի, անընդունելի, հուսահատեցնող պատկերի եւ ողբերգական իրողությունների բախվեցի: Համոզվեցի, որ այս ամբողջը համակարգված գործողությունների հետեւանք է, եւ մի ամբողջ երկրամաս հոշոտման է ենթարկվում կազմակերպված ձեւով:

Այսօր մեր տարածքը հայտնվել է որոշ ուժերի ուշադրության կիզակետում, եւ մեր ռեսուրսների յուրացումը, հատկապես հանքահումքային ու ջրային ռեսուրսների, այդ ծրագրերն իրականացնելու ճանապարհ են հարթում, իսկ այդ նպատակներով ստեղծված միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող մարդկային խմբերը, մեր իշխանավորների զորակցությամբ, թափվել են այստեղ` թալանելու, հոշոտելու մեր ունեցվածքը, վերացնելու երկրամասը եւ մեզ` որպես տեսակ:

Դժբախտաբար, Մեղրին հայտնվել է այդ ծրագրերի կենտրոնում, որտեղ հանքարդյունաբերությունը դիտվում է որպես գերակա ուղղություն: Ծրագրերը, որոնք իրականացվում են Մեղրու տարածքում (համայնքների խոշորացում, Մեղրի գետի հունի փոխում, փոքր հէկերի շինարարություն եւ հանքարդյունաբերության ծավալների մեծացում) ամբողջապես վտանգի տակ են դնում Մեղրու վաղվա օրը: Դիտարկումները, որոնք ներկայացրի, չի կարելի համարել պատահական միջոցառումների շարք` իբր երկրին ինչ-որ օգուտ բերելու ակնկալիքով: Վստահաբար հայտարարում եմ` այդ ամենը համակարգված է, եւ այսպիսի գործողությունների հետեւանքով Մեղրին` որպես աշխարհագրական տարածք, 20-25 տարի անց կվերածվի դատարկ ապարների հսկայածավալ հարթակների` բնակվելու համար բացարձակապես անպիտանի եւ անհնար: Այստեղ մեկընդմիշտ կոչնչանա ներկա եւ գալիք սերունդների ապրելու միջավայրը, եւ արդեն չեն լինի նաեւ այն մարդիկ, որոնցից պատասխան պիտի պահանջվի այս ոճրագործությունների համար:

– Ինչպիսի՞ն էին Մեղրին ու մեղրեցին ժամանակին եւ ի՞նչ են դարձել այսօր այդ քաղաքականության հետեւանքով:

– Մեղրու տարածաշրջանը բոլոր ժամանակներում, իսկ այն հազարամյակների պատմություն ունի, ունեցել է միջինը 13 հազար բնակչություն, այստեղ մարդիկ առանձնացել են իրենց աշխատասիրությամբ, մշտապես ապրել առողջ, երջանիկ, հիմնականում եղել են երկարակյաց, կախվածություն չեն ունեցել ոչ մեկից, իրենց լիարժեք ապահովված են զգացել: Իսկ ներկայումս ուզում են Մեղրու համար իբր լավ բան անել, որի արդյունքում այս տարածքը, մինչդեռ, անընդհատ վատանում է եւ արդեն հայտնվել է ծայրահեղ վատ վիճակում: Մետաղական հանքերի շահագործումը ենթադրում է իր հետ բերել ծանր մետաղների առկայություն եւ առատություն օդային եւ ջրային ավազանում, բուսական աշխարհում, որոնք մարդու օրգանիզմից դուրս են մղում թեթեւ մետաղները` օրգանիզմին օգտակար, իսկ ցրված ուրանի առկայությունը տասնյակ հազարավոր տարիներ անկենդան կդարձնի այս տարածքում ամեն ինչ: Դա է պատճառը, որ նույնիսկ այսօր արդեն մեղրեցիների զգալի մասը դժգոհում է արյան բարձր խտությունից, գլխացավերից, հոդացավերից, մկանային ցավերից, հոգնածության զգացողությունից, վերին շնչուղիների, սրտանոթային, ալերգիկ հիվանդություններից, մազերի վաղ ճերմակումից, ճաղատացումից:

Տարածքում անհամեմատ ավելացել են օնկոլոգիական հիվանդությունները: Իհարկե, տնտեսվարողներին դա բացարձակապես չի հետաքրքրում, որովհետեւ շահույթ ստանալու մոլուցքն այնքան ուժեղ է եւ այն աստիճանի է հասել, որ նրանք թքած ունեն մարդկանց կյանքի եւ առողջության վրա: Իսկ Մեղրու բրենդ համարվող միրգը, որն աշխարհին հայտնի է իր համային հատկանիշներով, իր պահածոյացված ու չորացված վիճակով, նույնպես վտանգված է, քանի որ թունավոր նյութերով աղտոտված գետերի ջրերով գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգումը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մրգի, ուրեմն եւ` մարդկանց առողջության վրա: Ավելին, Մեղրիում կտրուկ նվազել է բերքատվությունը, այսօր այստեղ արդեն կորիզավորներ չեն աճում, շատ ծառեր չորանում կամ գտնվում են չորացման եզրին:

– Որո՞նք են, ի վերջո, Մեղրու գոյությանը սպառնացող առաջնային գործոնները` ավելի կոնկրետ:

– Արդեն ասացի, հանքարդյունաբերության ծավալների ընդլայնումը եւ նոր մետաղական հանքերի հնարավոր շահագործումը, Մեղրի գետի ջրերը խողովակաշարերով այլ տարածքներ տեղափոխելը, համայնքների խոշորացման ծրագրի իրականացումը, փոքր հէկերի կառուցումը: Մեր ջրահավաք ավազանում (Լիճք, Տաշտուն), որտեղ նաեւ մեր խմելու ջուրն է գոյանում, երկրաբանական-հետախուզական աշխատանքներ են կատարվում: Տաշտունում արդեն ֆաբրիկա է կառուցվել: Այս ամենին մեղրեցիները դեմ են արտահայտվել տարբեր ձեւերով` ՀՀ նախագահին հղած ավագանու ուղերձով, բազմաթիվ նամակներով: Ոչ մի արդյունք, լսել անգամ չեն ուզում, թքած ունեն նույնիսկ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելու մեր հորդորին: Շարունակվում են Մեղրի գետի հունին միջամտելու գործընթացը, փոքր հէկերի շինարարությունը, Կուրիս-Գուդեմնիս համայնքների տարածքների ձորակներից դեպի Մեղրի գետն ուղղված պոչանքները դատարկ ապարներով լցնելը: Սկսվել են Կալերի, Վանքի մետաղական հանքերի որոնողական աշխատանքները եւ այլն: Ընդհանուր առմամբ 644 քառ.կմ տարածքի վրա 14 նոր հանքավայրի ուսումնասիրության եւ շահագործման արտոնագիր է տրված, եւ, որ սարսափելի է, գրեթե բոլոր հանքավայրերում առկա են ցրված ուրան ու թորիում: Այս մասին վերջերս գիտական հանգամանալից մեկնաբանմամբ եւ հիմնավորմամբ հանդես է եկել ՀՀ կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Գիտական բացառիկ այս փաստաթուղթը, հետպատերազմյան տարիներին այդ հանքերում աշխատած մարդկանց վերլուծությունները` տեսաձայնագրությունների ձեւով, գիտական մի շարք այլ աշխատություններ հօդս են ցնդեցնում հանքատերերի կողմից տարածվող կարծիքը` իբրեւ նշված տարածքներում ցրված ուրան չկա: Ի դեպ, ինչպես «Էկոլուր»-ն է գրում. «Հայաստանում, բացի «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ից, ոչ մեկն իրավունք չունի զբաղվել ուրանի եւ թորիումի պաշարների որոնմամբ: ՀՀ կառավարությունն «ուրանային» մենաշնորհը տրամադրել է այդ կազմակերպությանը, ինչն ամրագրված է կառավարության 2008թ. մարտի 6-ի 234-Ն որոշմամբ»: Այս կազմակերպության հետեւում կանգնած է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Մինչ այժմ կազմակերպությունը զբաղվում էր ուրանի որոնմամբ միայն Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի տարածքում: Լեռնաձորում ուրանի առկայության մասին տեղեկությունները հակասական են: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարեց, որ հետազոտված տարածքում ուրան չկա, սակայն ՀՀ ԱԺ պատգամավորների պահանջած պաշտոնական հաշվետվությունում նշված է, որ ուրան կա:

Մեղրու շրջանն ուրանի եւ թորիումի պարունակությամբ ամենամեծ տարածքներից մեկն է, որը հաստատվել է դեռեւս ԽՍՀՄ տարիներին կատարված ուսումնասիրություններով: Դրա մասին է վկայում նաեւ Հայաստանի ուրանային քարտեզը: Այստեղ գունավոր մետաղներն ուղեկցվում են ցրված ուրանով, ինչպես նաեւ թորիումով: Ի դեպ, մի շարք հայտնի գիտնականներ պնդում են, որ այսօր ատոմային էներգետիկայի հումք հանդիսացող ուրան 235-ի պաշարներն աշխարհում արդեն գրեթե սպառվել են: Այս մասին շատ ուշագրավ հայտարարություն է արել միջուկային ֆիզիկայի եւ ատոմային էներգետիկայի ամենահայտնի մասնագետներից մեկը` ակադեմիկոս Իգոր Օստրեցովը, Ֆուկուսիմայի ատոմակայանի պայթյունից հետո: 2010թ. Հայաստան եկավ Ռուսաստանի ատոմային էներգետիկայի գերատեսչության ղեկավարը` Սերգեյ Կիրիենկոն` կարծես թե նպատակ ունենալով բացել Լեռնաձոր գյուղի հանքը, որի երկու երակ ձգվում է դեպի Լիճք եւ Տաշտուն գյուղերի տարածք, բայց տեղի ունեցան ընդվզումներ, բողոքի ակցիաներ, որոնց արդյունքում ժամանակավորապես կասեցվեց այդ գաղափարի իրագործումը:

– Տաշտունում ընթացող ապօրինի աշխատանքների վերաբերյալ Ձեր հանձնաժողովի գնահատականին տեղյակ ենք, արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է ավագանու` մարզի դատախազին հղած դիմումից հետո:

– Ակնհայտ է` երբ մարդուն սոված են պահում, նա ամեն ինչի, ամեն աշխատանքի պատրաստ է: Գյուղացու հոգեբանությունը միշտ էլ տարբերվել է «ասֆալտաբնակից», նա գնացել, իր համար բնակավայր է ստեղծել, ապրելու իր ձեւն ընտրել, բոլորից անկախ գործունեություն ծավալել, հետո բերել ու նրա գլխին թափել են քաղաքային ամեն ինչը` նորագույն տեխնիկան, սննդամթերքը, գյուղացուն պարտադրել են իրեն ոչ հատուկ ապրելաձեւ ու հետո զրկել ի սկզբանե եւ ի վերուստ տրվածից: Այսօրվա գյուղացին արդեն մեր իմացած ու տեսած ավանդական գյուղացին չէ: Նա արդեն արտադրանք չի տալիս, հայտնվել է մի վիճակում, որ չունի միջոցներ` արտը հնձելու, այգին ջրելու, տունը վերանորոգելու, տեխնիկա ձեռք բերելու եւ այլն, եւ, որ ամենավատն է, գյուղում արդեն մարդկային ռեսուրսի խնդիր կա: Պետությունը ոչնչացրել է այդ գյուղացուն` փոխանակ գյուղացուն գյուղացի պահի, օգնի տեղում ամրանալու, նրան դարձրել է քաղաքացի, սպառող: Երբ գյուղացուն սոված ու անօգնական ես թողնում, այլընտրանքի հնարավորություն չես տալիս, ավելին, առանց հնարավոր վտանգները ներկայացնելու ապատեղեկատվություն ես տարածում, իր լինելիությանը սպառնացող վտանգների մասին չես իրազեկում, բարձր աշխատավարձի խոստումներ ես տալիս, նրան այլ բան չի մնում անելու, քան համաձայնել իր գյուղի տարածքում նոր հանքավայր շահագործելու գաղափարին: Ի դեպ, պետք է տարբերել գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունները, սրանք տարբեր բաներ են: Գյուղացիական տնտեսությունը համակարգ է, որը շահադիտարկում չունի, ինքն ընդամենը մաքուր մթերք արտադրող է, այն հիմնականում իր ընտանիքի սպառման համար է եւ միայն ավելցուկն է վաճառքի հանում, այն ակնկալում է էկոլոգիապես բացարձակ մաքուր արտադրանք` զերծ թունաքիմիկատներից, գենոմոդիֆիկացված կերերից եւ սերմերից, հակաբիոտիկներից, տարբեր հավելումներից, քիմիական այլ տարրերից: Առկա են մաքուր օդն ու ջուրը: Այսպիսի միջավայրում է, որ ծնվում են մեր հայրենիքի ամենաառողջ մարդիկ, առողջ գենոֆոնդն այստեղ է ձեւավորվում: Տաշտունում` սոված ժողովրդին (թող ինձ ներեն այդպես արտահայտվելու համար, իրենք են իրենց այդպես անվանում) ասել են, թե կտան աշխատանք… Եվ գյուղը խաբկանքի, ապատեղեկատվության արդյունքում հայտնվել է փակուղում: Այդ մարդկանց, մտածված եւ ծրագրավորված, զրկել են ընտրության հնարավորությունից, զրկել այլընտրանքից: Հանքարդյունաբերողները, նույնիսկ իմանալով, որ բարձր ռադիոակտիվությամբ հանքավայր կա այդ տարածքում, սկսել են աշխատանքները: Տաշտունի մասին շատ է գրվել ու խոսվել, այդտեղ կատարվող իրադարձությունները մանրամասն վերլուծել եւ բազմիցս հասարակությանը, իշխանություններին եւ դատաիրավական մարմիններին է ներկայացրել ՀՀ կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Այդ ամենի լուսաբանումն իրականացվել է հենց «Սյունյաց երկիր» թերթի միջոցով: Իրավապահները փորձ արեցին (ավելի շուտ իմիտացիա ստեղծեցին), թե իբր կանխում են այդ ապօրինությունները, բայց ապարդյուն, հանքատերերը միայն քմծիծաղ տվեցին այդ ամենի վրա` հովանավոր ունենալով իշխանության ամենաբարձր էշելոնում նստած մարդկանց: Արդեն տեսանելի է, որ կատարվող աշխատանքները կտեւեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրագործել իրենց պլանները:

– Մեղրի գետի շուրջ նոր զարգացումներ կա՞ն:

– Ցավալին այն է, որ այստեղ են հայտնվում մարդիկ, ովքեր հանրային լսումների պատրանք ստեղծելու նպատակով գնում են այն գյուղերը, որտեղ նախատեսվում է ջրագիծ կառուցել, գնում են, այնտեղի մարդկանց հարցնում, թե ջուր ուզո՞ւմ են: Բնական է, որ հարցի պատասխանը դրական է լինում, իսկ երեւույթի վտանգավորությունը ոչ ոքի չի հետաքրքրում: Մեղրի գետի հիմնական եւ վերջնական սպառողին` մեղրեցուն, նույնիսկ չեն էլ հարցնում, Մեղրի քաղաքի բնակիչների հետ հանրային լսումներ չեն կազմակերպում, նրանց կարծիքը հաշվի չեն առնում, չեն խորհրդակցում Մեղրիում ապրող մարդկանց հետ, ովքեր այդ ծրագրի իրագործման արդյունքում լուրջ դժվարությունների հիմնական կրողն են լինելու: Մեղրի գետի հետ կապված ծրագրի իրագործումը փորձ արվեց կասեցնել, շուրջ հազար մարդու ստորագրությամբ նամակ ուղարկվեց ՀՀ նախագահին, իշխանության մյուս օղակներին: Պատասխանը, ինչպես միշտ, նույնն էր` ժողովրդի կարծիքը, մասնագետների կարծիքը, մեր կողմից հնչող դատողությունները նրանց համար զրո նշանակություն ունեն:

– Մեղրու ավագանու որոշումը Մեղրու ներքին ջրատար ցանցի հետ կապված. ի՞նչ ընթացքի մեջ է այդ հարցը, մի՞թե Մեղրու տեղական ինքնակառավարման մարմինները հրաժարվել են «Հայջրմուղկոյուղու» հետ գործակցելուց:

– Մեղրին ունի 2500-3000 մետր բարձրությամբ ջրահավաք ավազան` Զվար, որի ջուրն առանց դժվարության, ինքնահոս հասնում է բնակչին: 15 տարի է` պայմանագիր ունենք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ, բայց ջրի ներքին ցանցում, բացի կոսմետիկ, թեթեւ աշխատանքներից, ոչ մի հիմնավոր բան չի արվել: Իսկ Մեղրուն մատակարարվող ջուրն ամենալավ որակական հատկանիշներն ուներ մինչեւ հանքերի շահագործումը: Այսօր մեղրեցին չի կարողանում լիարժեք օգտագործել ջուրը, միայն նստվածքը հեռացնելուց, ջերմային մշակման ենթարկելուց հետո է այն օգտագործում: «Հայջրմուղկոյուղու» հետ պայմանագիրը միայն փող հավաքել չէր ենթադրում: Այսօր օգտագործվող ջուրը գորշագույն զանգված է: Ջուրը մարդու համար ամենամեծ հարստությունն է ու կյանքի աղբյուրը: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումների համաձայն` Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու: Մինչեւ 2030թ. գետերի ամբողջ հոսքը նվազելու է 6,7%-ով, մինչեւ 2070 թվականը` 14,5%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը` 24,4%-ով:

Եթե «Հայջրմուղկոյուղին» հաշվարկի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների համար պահանջվող գումարը եւ պատրաստ լինի կատարել այդ աշխատանքները, ապա գուցե կարելի լինի նորից պայմանագիր կնքել, այն էլ ոչ երկար ժամկետով (չնայած սկզբունքորեն դեմ եմ ջուրն օտարի կառավարմանը հանձնելուն), եթե ոչ, ապա ջրամատակարարումը պետք է իրականացվի համայնքի կողմից: Նույնիսկ Մեղրիում կազմակերպություններ կան, որոնք պատրաստ են ստանձնելու այդ գործը, աշխատելու առանց շահույթի, բայց մարդկանց որակյալ ջուր տալու: Իմ տեղեկությամբ` «Հայջրմուղկոյուղուց» առայժմ արձագանք չկա, բանակցություններ են վարում, արդյունքների մասին տեղեկացված չեմ: Աշխարհում այսօր ջրային ռեսուրսներն օգտագործվում են մեծ խնայողությամբ, եւ դա լուրջ պատճառներ ունի: Էլի հղում կատարեմ «Էկոլուր»-ին. «Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգողն ասել է, որ ձյան տեսքով տեղումների ծավալը կրճատվել է, 1961-1990 թվականների հետ համեմատած մինչեւ 2030 թվականը տեղումները կկրճատվեն եւս 7-11%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը կարող են կրճատվել մինչեւ 40%-ով: Կվատանա նաեւ ջրի որակը, քանի որ նրանում կավելանան աղտոտիչ նյութերը, եւ այդ ամենը կազդի նաեւ պարենային անվտանգության վրա: Վնաս կհասցվի ցանքատարածություններին: Միայն երաշտի պատճառով բերքատվությունը կնվազի 15-34%-ով»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Այդ ամենը գիտենալով է, որ օտարները քայլեր են ձեռնարկում` միտված ջրային ռեսուրսների տնօրինումը մեզանից խլելուն:

– Փոքր հէկերի հարցում, կարծեք, տեսակետները նույնպես միանշանակ չեն, այդ հարցում եւս երկակիություն կա: Որո՞նք են հարցի դրական եւ բացասական կողմերը:

– Դժբախտաբար, պիտի արձանագրեմ, որ, եթե նույնիսկ մի փոքր օգուտ, դրական կողմ տեսնեմ, ապա կբարձրաձայնեմ: Եթե ասեմ վնասաբեր, նշանակում է ոչինչ չասել. 9 փոքր հէկ է շուտով գործելու Մեղրու տարածքում: Ուղղակի չեմ կարող չթվարկել վտանգները: Նախ` հէկերի տարածքում պտույտների արդյունքում առաջանում է մագնիսական դաշտ, դրան գումարվում է մեր տարածքներով անցնող Իրան-Հայաստան բարձր լարման հոսանքի գծերի դաշտը։ Միայն Մեղրու ձորը ծածկող այդ մագնիսական դաշտը բավարար է, որ մեր հոգեկան վիճակը դուրս գա հավասարակշռության սահմաններից, խաթարվի մարդկանց ուղեղի բնականոն աշխատանքը: Մագնիսական դաշտի առկայությունը ենթադրում է նաեւ մի շարք բուսական ու կենդանական տեսակների ոչնչացում: Կվնասվի Մեղրու երկարակնճիթ մեղվի էնդեմիկ տեսակը, նրանք են փոշոտում տեղի բուսականությունը, նրանց պակասից կամ առավել եւս բացակայությունից շատ բույսեր կվերանան, կզրկվենք բերք ու բարիքից: Եվրոպայում այդ խնդիրն արդեն առկա է, եւ մասնագետներն անհանգստացած են. չէ՞ որ աշխարհում բույսերի փոշոտման գերակշռող մասը մեղուների միջոցով է կատարվում: Երրորդ խնդիրն այն է, որ Մեղրու տարածքում աճում է 27 անուն էնդեմիկ բույս, որոնք ջրի պակասի պատճառով վերանալու են: Հէկերն աշխատեցնելիս ամբողջ ջուրն են օգտագործում, սուտ են այն պնդումները, թե իբր ջրի միայն մի մասն է օգտագործվում: Հէկերի գործունեության ուսումնասիրությունից պարզ չի դառնում, թե որքան ջուր պետք է գնա խողովակով, որքան ջուր` գետի հունով: Չկա ոչ մի չափիչ սարք, որը ֆիքսի, ամեն ինչ թողնված է մարդկանց խղճին:

Այդ ամենի հետեւանքով կտրուկ նվազելու է ստորգետնյա ջրերի քանակը, ցամաքելու են բնական աղբյուրները, իջնելու է օդի հարաբերական խոնավությունը: Եթե ասվածին ավելացնենք նաեւ, որ արդեն Մեղրի գետում ամբողջովին վերացել են ձկներն ու ջրային օրգանիզմները (Արաքսից եւ նրա գետաբերանից ձկները տարբեր արգելքների պատճառներով չեն կարողանում բարձրանալ ձվադրման), պատկերն ամբողջական կլինի: Մեկ դավադրություն եւս կա. այլ համայնքներ խողովակներով ջուր տեղափոխելու ծրագիրն իրականություն դառնալու դեպքում մեղրեցին ստիպված է լինելու այգիները չորացումից փրկելու համար համաձայնել խողովակներով այն ոռոգելու` տարիներ շարունակ իրեն առաջարկվող, բայց մեղրեցիների կողմից բազմիցս մերժված հանցավոր գաղափարի իրագործմանը: Դժվար չէ կռահել, որ անմիջապես տեղադրվելու են ջրաչափներ, եւ մեղրեցիներից սկսելու են փող կորզել, իսկ այդ գործընթացն արագացնելու նպատակով Մեղրի քաղաքի ներսում օրերս նոր հէկ կառուցելու համար Մեղրու ավագանին հաջողությամբ, առանց հանրային լսում կազմակերպելու, առանց փորձագիտական քննության եւ առանց միջավայրի վրա ազդեցությունը ստուգող փաստաթղթերի, տարածք հատկացրեց: Հետաքրքիր է նաեւ այն, որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ արգելված է մայրուղու մերձակայքում` 70 մետր շառավղով, որեւէ հողհատկացում կատարել, որեւէ շինություն կառուցել: Բազմաթիվ մեղրեցիների ավագանին մերժել է` կառավարության այս որոշմանը հղում կատարելով, իսկ փոքր հէկին տարածք հատկացնելիս մոռացել է կառավարության նշված որոշման պահանջը:

Հէկերից հրաժարվելու մեկ պատճառ եւս կա: Մեղրի քաղաքը չունի կոյուղի: Մի շարք գյուղերի եւ Մեղրի քաղաքի կոյուղաջրերն ամբողջությամբ լցվում են գետը, գետն են թափվում նաեւ նրա երկայնքով կառուցված զորամասերի, հասարակական օբյեկտների, ավտոլվացման կետերի մաքրող-լվացող փոշիներով հագեցած զանգվածն ու կեղտաջրերը: Յուրաքանչյուր մեղրեցի գիտի, որ ամռան երկրորդ կեսից գետում ջուր գրեթե չի լինում, գետի մնացորդային ջրերը կոյուղաջրերն են, եւ դա է պատճառը, որ արդեն Արաքս գետի հետ միացման հատվածում, որտեղ, ի դեպ, նոր հիվանդանոց է կառուցվում, ամռանը գարշահոտությունը մարդ է խեղդում: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվելու, երբ գետում քիչ թե շատ մնացորդային այդ ջրերը մտնեն քաղաքի տարածքում ենթադրվող հէկի խողովակաշարի մեջ: Ս.թ. հոկտեմբերի 2-ին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Փոքր հէկերը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդեսը: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը մեկնաբանեց փոքր հէկերի գործունեությունը. «Փոքր հէկերը, իրոք, դարձել են ցեց մեր ժողովրդի, բնության եւ էկոհամակարգի համար: Մարդիկ կառուցում են փոքր հէկեր գերշահույթ ստանալու համար այն ժամանակ, երբ հանրապետությունն էլեկտրաէներգիայի պահանջարկ չունի, անգամ եղած էլեկտրաէներգիան չի կարողանում վաճառել: Ստացվում է, որ զուտ բիզնեսի համար ոչնչացվում է մեր էկոհամակարգը: Կարծես, այս փոքր երկրի հետ նման ձեւով վարվելու պատվեր ստացած լինեն»: Իսկ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Անրի Ներսիսյանն էլ նշել է այն վնասը, որ միջազգային զարգացման ֆինանսական ինստիտուտները խթանում են Հայաստանում փոքր հէկերի գործունեությունը: «Առաջարկում եմ` ընդունենք բանաձեւ, այնուհետեւ այն անմիջապես ուղարկենք այդ բանկերին եւ տպագրենք դա մամուլում` ասելով, որ նրանք իրենց գործունեությամբ` առաջին` սատարում են մեր բնության ոչնչացմանը, երկրորդ` կոռուպցիայի զարգացմանը Հայաստանում», – նշել է ակադեմիկոսը: Գործողությունների այս շարքը կվերացնի նաեւ ջրամբար ունենալու մեղրեցիների վաղեմի հույսերը: Նման քայլերի արդյունքում էր նաեւ, որ Հայաստանի Հանրապետության այլ համայնքներում այս ճանապարհն անցած բազմաթիվ հայ գյուղացիներ լքել են իրենց հայրենիքը եւ արտագաղթել:

– Համայնքների խոշորացման ծրագիրը, որ, կառավարության որոշմամբ, Մեղրուց է մեկնարկելու, մտահոգում է գրեթե բոլորին: Հայեցակարգը, առաջին հայացքից, կառուցված է միանգամայն դրական կանխատեսումների հիման վրա, իսկ մենք գիտենք, որ դա այնքան էլ լավ բանի չի հանգեցնի, Ձեր կարծիքն այդ երեւույթի մասին:

– Համայնքների խոշորացում նշանակում է ստորագրելու, որոշումներ կայացնելու, փաստաթղթերը կարգավորելու հարցերի լիազորությունը տալ մեկ պաշտոնյայի: 1960-ական թթ. այդ արհավիրքի միջով արդեն անցել ենք` Մեղրու շրջանում կորցնելով 20-ից ավելի գյուղ` դրախտային տարածքներ, որոնք մեզ ապահովում էին հացահատիկով, գյուղատնտեսական այլ մթերքներով: Համայնքների խոշորացման արդյունքում կունենանք ամենակործանարար երեւույթներից մեկը` կթուլացնենք սահմանային գոտին, որի պաշտպանությունը նախեւառաջ իրականացվում է տեղի բնակիչների կողմից: Հայեցակարգի հեղինակները նշում են, որ այդ քայլը կբերի բյուջեի, միջոցների խնայողություն. այսպիսի զավեշտալի մեկնաբանությունն ուղղակի ցնցող է, քանի որ բավական է միայն ավելորդ ծախսերը խնայել, մինչդեռ համայնքի պահպանումը, պարզվում է, բնավ էլ ճոխություն չէ: Այսինքն` թվարկված խնդիրները` հանքարդյունաբերություն, փոքր հէկերի կառուցում, գետի ջրերը խողովակաշարով վերաբաժանում, համայնքների խոշորացում, այս բոլորը համալիր` մեկ ընդհանուր ծրագրի բաղադրիչներն են, որոնց իրագործման արդյունքում էս քար ու քռան կդառնա բառի բուն իմաստով քար ու քռա:

– Որպես մեղրեցի, որպես համայնքի ավագանու նախկին անդամ` ի՞նչ կառաջարկեք նշված խնդիրները լուծելու համար:

– Հնարավորինս արագ մարդիկ պետք է տեղեկացվեն: Պետք է շրջանառության մեջ դրվի «էկոլոգիական տեռորիզմ» հասկացությունը եւ առաջարկվի ՄԱԿ-ին` զուգահեռ ստեղծելու Միջազգային էկոլոգիական տրիբունալ: Մեղրիում անմիջապես պետք է դադարեցվեն նշված գործընթացները: Հայաստան աշխարհը պիտի հասկանա, որ Մեղրին թուլացնելով` վտանգվում է մեր ամբողջ երկրի ներկան ու ապագան: Իմ կարծիքն է` ՀՀ-ում հանքարդյունաբերությունը պետք է ազգայնացվի, իսկ մինչ այդ, գոնե սկզբնական փուլում, այն պետք է քվոտավորվի, սահմանվեն տարեկան արտադրանքի չափեր, ոչ թե հարձակվեն եւ հոշոտեն ամբողջը, ի վերջո մեր տնտեսությունը միայն հանքարդյունաբերություն չի ենթադրում: Ի վերջո, ամենը պետք է արվի մեր սերունդների շարունակականությունը պահպանելու եւ Հայաստան աշխարհ լինելիությունն ապահովելու հաշվարկով: Իսկ որպես վերջաբան մեջ բերեմ Վազգեն Սարգսյանի «Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը» ստեղծագործությունից հատված. «Մեղրին ավելի կարեւոր է, քան ցանկացած տարածք` նույնիսկ Ղարաբաղը: Մեղրին իր քարուքռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ` սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ... Եթե տան, ավելի վատ: Որովհետեւ իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով…»: Հիմա կասեք` Մեղրին տալու, հանձնելու մասին խոսք չկա: Իսկ ես ասում եմ` ապականել Մեղրին, հոշոտել Մեղրին, մարդկանց կյանքի եւ առողջություն համար Մեղրին դարձնել ոչ պիտանի տարածք` նշանակում է Մեղրին օտարել… Համոզված եմ` Սպարապետը նաեւ դա է նկատի ունեցել:

– Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25