Ավելի լավ է կանխել հիվանդությունը, քան՝ բուժել այն

24.01.2021 13:08
5922

Կարինե Վիկտորի Բեկնազարյան,   ծնվել է 1983 թվականին Իջեւանում:

2000 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 2004-ին՝ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

 2003-2004 թթ.` կիրառական տնտեսագիտության ուսուցչուհի (Իջեւանի թիվ 4 միջնակարգ դպրոց)

2005 թ.՝ մագիստրատուրայի առաջին տարվա պրակտիկա (ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն)

2006-2007 թթ.` «Շանթ» հեռուստաընկերության շուկայավարման եւ գովազդի մենեջեր, Երեւան

2006թ.՝ մագիստրատուրայի ավարտական պրակտիկա (ՀՀ ֆինանսների նախարարություն):

2007-2008 թթ սովորել է Ֆրանսիայի Կաեն քաղաքի Ձեռնարկությունների կառավարման ինստիտուտի օպերատիվ կառավարման ֆակուլտետում:

2008 - 2009 թթ, Grant Thornton կազմակերպության ֆրանս-հայկական ներդրումային ծրագրի ղեկավարի օգնական, Փարիզ, Ֆրանսիա:

2010-2012 թթ, Եվրոպական ուսումնական կենտրոնի ուսումնական խորհրդատու, Լիլ, Ֆրանսիա:

2014-2019թթՀերոյի վարչական շրջանի ադմինիստրատիվ բաժնում քաղաքացիության հայտերի ուսումնասիրման պատասխանատու, Մոնպելյե, Ֆրանսիա:

2019թ. սեպտեմբերից – 2020թ. հունիս՝ Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման Մոնպելյեի գրասենյակում (OFII) փախստականների հարցերուվ աուդիտոր, Ֆրանսիա:

2020 թվականի հուլիսից Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի տնօրենն է;

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

***

-Տիկին Բեկնազարյան, սկսենք կենտրոնի առաքելությունից. ո՞րն է այն մեր տարածաշրջանում:

- Կենտրոնն իրականացնում է ախտորոշիչ եւ բուժական միջոցառումների ծառայություններ՝ կապված սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հետ։ Այն կազմված է երկու կաթետերիզացիոն լաբորատորիաներից (ինվազիվ միջամտության սրահներից), հետազոտության եւ ախտորոշման սրահներից, ռենտգեն կաբինետից, լաբորատորիայից, ինչպես նաեւ վերակենդանացման բաժանմունքից ու շտապ օգնության համար հատկացված հատուկ ընդունելության սրահից։

Կենտրոնը համալրված է ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ տեխնիկայով։

ՀՀ-ում սահմանված պետպատվերի շրջանակում իրականացվող սիրտ-անոթային հիվանդությունների բուժման հետ կապված արտոնությունները գործում են նաեւ մեր կենտրոնում (կորոնարոգրաֆիա, բալոնային անգիոպլաստիկա եւ ստենտավորում)։

Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնն  կարեւորագույն առաքելություններից է համարում շարունակական կրթությունը, վերապատրաստումներն ու փորձի փոխանակումը Հայաստանում եւ արտերկրում։ Դրանով է պայմանավորված այն բարի ավանդույթը, որ ֆրանսիացի բազմաթիվ փորձառու սրտաբաններ ամենամյա այցեր են իրականացնում կենտրոն։

Ի թիվս այլ ծրագրերի՝ մեր կենտրոնը նախաձեռնել եւ շարունակելու է իրականացնել իր սրտաբանների գործուղումները Սյունիքի մարզի տարբեր համայնքներ՝ տեղի բժշկական անձնակազմի հետ բնակչությանը կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներով ապահովելու համար։

-Տիկին Բեկնազարյան, Ձեզ է վստահվել Սյունիքի մարզի պատասխանատու ոլորտներից մեկը՝ սրտաբանական կենտրոնի տնօրինությունը:

Փառք ու պատիվ, իհարկե, Գորիսի բուժհաստատությունների անձնակազմերին, ովքեր պատերազմի ամիսներին տարբեր գործառույթներ են իրականացրել, գտնվել նաեւ պատերազմական գոտում, վիրավորներին անմիջական բուժօգնություն ցուցաբերել:

Ինչպիսի՞ն էր հիվանդանոցի գործունեությունը պատերազմական եւ հետպատերազմական շրջանում:

-Պատերազմի երկրորդ օրից սկսած կազմակերպել ենք զինվորի համար առաջին օգնության փաթեթներ՝ ցավազրկող դեղորայք, արյունը դադարեցնող ժգուտներ, ներարկիչներ, ախտահանիչ միջոցներ եւ այլն:

Երեք անգամ սրտաբանական կենտրոնն անհատական կարգի օգնություն է ուղարկել՝ թվով շուրջ 800 փաթեթ:

Բացի այդ՝ ոչ անհատական օգնություններ ենք կազմակերպելուղարկել ենք արկղեր՝ դարձյալ բժշկական պարագաներ, հիմնականում՝ Ստեփանակերտի հիվանդանոցի համար:

Պատերազմի օրերին կամավոր Արցախ են մեկնել սրտաբանական կենտրոնի երկու բժիշկ՝ ամուսիններ, ինվազիվ սրտաբան Գեւորգ Ամիրջանյանն ու սրտաբան Տաթեւիկ Հայրապետյանը:

Ստեփանակերտի հիվանդանոցում նրանք 21 օր օգնություն են ցույց տվել վիրավորներին, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին:

Նրանց հետ անմիջական կապի մեջ էինք, իրենք էին մեզ տեղեկացնում, թե տեղում ինչպիսի օգնության կարիք կա, օրինակ՝ շնչառական ապարատի, կամ՝ մոնիտորի, դեղորայքի եւ այլն, կենտրոնն իր հերթին արագ կազմակերպում եւ ուղարկում էր անհրաժեշտ օգնությունը:

Դեղամիջոցների եւ բժշկական սարքերի օգնություն էր կազմակերպում եւ ուղարկում նաեւ կենտրոնի հիմնադիր պարոն Ավետիսի Մատիկյանը՝ Հայաստան-Ֆրանսիա առողջապահական միավորման տնօրենը:

Պատերազմի ողջ ընթացքում ակտիվ համագործակցություն ենք ունեցել մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանի ու բժշկական կենտրոնի հետ: Բոլորիս նպատակը նույնն էր՝ օգնել ռազմաճակատին, զինվորին:

Սրտաբանական կենտրոնն  պատրաստակամություն էր հայտնել՝ վիրավորներ ընդունելու, սակայն դրա կարիքը չի եղել;

Կենտրոնը՝ չնայած դրան, ամբողջովին պատրաստված էր վիրավորներ ընդունելու, ցուցաբերելու բոլոր տեսակի բուժօգնություններ:

Պարտրաստված էինք նաեւ ամենավատթար վիճակին անգամ՝ բունկերային սպասարկման:

Դրա փոխարեն մեր հարկի տակ առաջին օրերին ապաստան ենք տվել Արցախից տարհանված մի քանի ընտանիքի, կազմակերպել նրանց սնունդն ու բուժօգնությունը:

-Առայժմ երկու կարգ նշենք. որպես նեղ մասնագիտացված բուժկենտրոն, ինչպիսի՞ մոտեցման քաղաքականություն կա ձեզ մոտ՝ պատերազմի վետերանների եւ այս պատերազմի ժամանակ վիրավորվածների հանդեպ, արդյո՞ք այն հստակեցված է:

-Միանշանակ՝ հստակ է:

Զինծառայողները, մարտական գործողությունների մասնակիցները՝ անկախ մասնակցության տարեթվից... Խոսքը վերաբերում  է կորոնարոգրաֆիային եւ ստենտավորմանը, այսինքն՝այն, ինչն անմիջապես վերաբերում է կյանքին ու առողջությանը, բացարձակ անվճար է՝ պետպատվերի շրջանակներում:

Բնականաբար, պահանջում ենք անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց ճշգրտությունը ստուգելուց հետո, ներկայացնում ենք պատկան մարմիններին:

Ինչ վերաբերում է չերեւացող վերքերին. կան մարդիկ, ովքեր վերքեր են ստացել պատերազմի ժամանակ, որոնք արտաքինից չեն երեւում, բայց կարող են վտանգ լինել առողջության համար:

Պարոն Մատիկյանի, կենտրոնի հիմնադիրների հետ մենք խումբ ենք կազմել՝ ֆրանսահայ եւ ֆրանսիացի բժիշկների հետ՝ շուրջ հարյուր բժիշկ, ովքեր շուտով կայցելեն  Հայաստան՝ ըստ մասնագետների (սրտաբաններ, հոգեբաններ, վիրաբույժներ) եւ բացարձակ անվճար օգնություն կցուցաբերեն պատերազմի մասնակից այս կարգի հիվանդներին, նաեւ՝ զոհվածի ընտանիքի անդամներին, պատերազմից տուժածներինովքեր կունենան հոգեբանական աջակցության կարիք:

Նրանք կառանձնացվեն ըստ խնդիրների, ըստ մասնագիտական բուժման կարիք ունեցողների:

Նորից անհրաժեշտություն կլինի տեղական իշխանությունների հետ համագործակցման:

Կարեւորը՝ խումբը ստեղծվել է, պատրաստակամություն հայտնած մասնագետ բժիշկներ կան, շուտով կսկսվեն նրանց մասնագիտական այցերն ու  չերեւացող վերքեր ունեցող  հիվանդների անվճար բուժումը:

-Տիկին Բեկնազարյան, Ձեր թույլտվությամբ հարցից փոքր-ինչ շեղվենք, ինչը դարձյալ հետաքրքրում է Սյունիքի բնակչությանը:

Սրտաբանական կենտրոնը ոչ վաղ անցյալում ունեցել է բավականին փորձառու սրտաբան բժիշկ՝ Կարեն Համբարձումյան:

Գաղտնիք չէ, որ նրան սիրում եւ վստահում էր հիվանդը:

Այսօր, երբ նա տեղափոխվել է Երեւան՝ մեկ այլ բուժհաստատություն, գորիսեցուն, սյունեցուն առհասարակ, հետաքրքրում է, արդյո՞ք կենտրոնը համալրվել է լավագույն սրտաբան բժիշկներով;

Ի՞նչ կասեիք բուժանձնակազմի պատրաստվածության մասին:

Ցանկալի է լսել նաեւ ներկա բուժանձնակազմի, կենտրոնի գործունեության կազմակերպման ու կարգի մասին:

- Սկսեմ կենտրոնի բուժանձնակազմի, նրա գործունեության կազմակերպման կարգից. ունենք լավ պատրաստված, հին ու նոր հրաշալի բուժանձնակազմ. երկու  ինվազիվ սրտաբան, երեք սրտաբան, մեկ  ռեանիմատոլոգ :

Կենտրոնն ունի 40 աշխատակից՝ բժիշկներ, ինժեներներ, բուժքույրեր, լաբորանտներ, մայրապետեր, անվտանգության, ինչպես նաեւ ադմինիստրատիվ աշխատակիցներ։

Տնօրինությունը, բժիշկների հետ միասին, բուժքույրերի համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց-քննարկումներ, ինչին հետեւում են պարբերական դարձած ներքին քննությունները։

Աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։

Բժշկական հերթապահությունն իրականացվում է շաբաթվա բոլոր օրերին՝ 24-ժամյա ռեժիմով։

Ամեն օր առավոտյան ժամը 9-ին բժշկական թիմը եւ միմյանց փոխարինող հերթապահները միասին խորհդակցություն են անցկացնում՝ հիվանդներին անհրաժեշտ բուժում եւ խնամք ցուցաբերելու համար։

Հաճախորդներին որակյալ եւ հետեւողական բժշկական ծառայություն մատուցելու նպատակով նրանց բժշկական գործերը պահպանվում են կենտրոնում։

Այժմ ինվազիվ սրտաբան Կարեն Համբարձումյանի մասին: Չեմ ժխտում, Կարեն Համբարձումյանը պատրաստված մասնագետ է, ոլորտում մասնագիտացված:

Նրա բարի համբավը միաժամանակ պայմանավորված էր նաեւ նրանով, որ բազմիցս վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ պարոն Մատիկյանի բարի ջանքերով:

Կարեն Համբարձումյանն աշխատանքից ազատվելուց՝ հեռացան նաեւ այլ մասնագետներ, ինչը կարող էր մի կարճ ժամանակ դժվարացնել բուժկենտրոնի գործունեությունը:

Բարեբախտաբար դա տեղի չունեցավ, ինչպես ասում են, անփոխարինելի կադրեր չկան, այսօր, ինչպես ասացի, կենտրոնը շատ արագ նոր մասնագետ կադրեր ներգրավեց աշխատանքի, մեկի փոխարեն համալրվեց երկու ինվազիվ մասնագետ բժիշկներով, որոնցից մեկի մասին ասացի՝ Գեւորգ Ամիրջանյանը, ով պատերազմի օրերին գտնվել է Ստեփանակերտի հիվանդանոցում:

Մյուս ինվազիվ սրտաբանը Գեւորգ Հովսեփյանն է:

Նրանք երկուսն էլ մասնագիտացված են Մոսկվայում...

Ուղղակի ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ ճանաչեն, եւ, վստահ եմ, նրանք այդ ճանապարհին են:

Կոլեկտիվի մեծամասնությունը հին ու փորձառու կադրեր են, ովքեր մարդկային կյանքեր են փրկում եւ որակ ապահովում՝ կորոնարոգրաֆիայի եւ սուր ինֆարկտի մասնագիտացված ոլորտում:

Այդ ծառայությունները Սյունիքի մարզում կատարվում են միայն մեր կենտրոնում:

Ինչ վերաբերում է սրտի հիվանդությունների հետ կապված՝ կոնսուլտացիա, հետազոտություն, էխո-սրտագրում, բոլոր հիվանանոցներում էլ դա կարող են կատարել:

Փառք աստծո, մինչ այս պահը որեւէ լուրջ բողոք կամ ահազանգ չի արձանագրվել:

Ի դեպ, մենք սպասարկում ենք ոչ միայն Գորիսի, Սյունիքի մարզի բնակիչներին, մեր կենտրոն են դիմում նաեւ շրջակա մարզերից:

Քանի որ Ստեփանակերտի մասնաճյուղն այս պահին խնդիրներ ունի՝ բուժսպասարկման հետ կապված, մենք սպասարկում ենք նաեւ Արցախի բնակչությանը:

-Պատերազմից հետո ինչպիսի՞ն է այսօր մարզի բնակչության առողջական վիճակը՝ սիրտ-անոթային խնդիրների ծավալի ու աճի առումով, ինչն, անշուշտ, տխուր երեւույթ է:

-Քանի որ կարճ ժամանակ է, ինչ աշխատում եմ, համեմատել չեմ կարող, բայց կփորձեմ վեց ամսվա փոփոխությունները ներկայացնել:

Ամռան ամիսներին սրտանոթային հիվանդությունների աճ չի նկատվել, այն սրվեց վերջին ամիսներին: Թերեւս դա նաեւ պայմանավորված էր պատերազմով ու մեր կորուստներով:

Հիմնականում սրտանոթային խնդիրները ծագում են ձմռան ամիսներին՝ կապված անոթների նեղացման, գուցե նաեւ աշխարհագրական դիրքի հետ:

2020 թվականն առհասարակ դժվար տարի էր բոլորիս համար, այդ ամենին ավելացավ նաեւ քովիդի համավարակը:

Կենտրոնը բնականաբար անցել էր ավելի խիստ ռեժիմի, պահպանում էինք համավարակով պայմանավորված բոլոր կանոնները, ինչը չէր կարող չազդել մեր աշխատանքի նորմալ կազմակերպմանը՝ սկսած հիվանդների այցից, ընդունումից՝մինչեւ նրանց սպասարկում եւ ճանապարհում:

Բոլոր դեպքերում բնակչությանը կոչ կանեի՝ հետեւել իրենց առողջությանը, ժամանակին դիմել բժշկի, որպեսզի չխորանա խնդիրն ու դժվար չլինի նրա բուժումը, չգրանցվեն անտեղի մահեր:

-Ի դեպ, մահերի մասին, նախկինու՞մ էին դրանք թվային առումով շատ գրանցվում, թե՞ հիմա:

Մարզի սրտանոթային խնդիր ունեցող հիվանդը կարո՞ղ է վստահաբար դիմել ոչ թե Երեւանի, այլ Գորիսի սրտաբանական կենտրոն՝ համոզված, որ այն հագեցած է արդիական բժշկական սարքավորումներով:

Արդյո՞ք նա չի զիջում Երեւանի՝ նույն մասնագիտացված հիվանդանոցներին;

-Մահեր եղել են, հիմա էլ կան, ուղղակի թվերը պետք է ճշտել:

 Սա այն ոլորտն է, որտեղ, ցավոք, անհնար է խուսափել մահերից։

Մեր խնդիրն է դրանք հնարավորինս կրճատել, պահպանել կենտրոնի բարի համբավը:

Ինչ վերաբերում է Երեւա՞ն, թե՝ Գորիս դիմելուն, կասեմ հետեւյալը:

Պետք է ասել, որ մեր առողջապահական հաստատությունների հիմնական թերացումը «ատկատով» աշխատելն է, հիվանդին ոչ թե մասնագիտացված տեղ ուղղորդելը, այլ՝ բոլորովին այլ հիվանդանոց, ինչն էլ հանգեցնում է մահերի թվի աճի:

Բացառությամբ սրտի բաց վիրահատությունից, մենք այստեղ իրականացնում ենք սրտանոթային բոլոր սպասարկումները՝ ստենտավորում, զոնդավորում, ախտորոշում, թերապեւտիկ բուժումներ եւ այլն:

Կենտրոնը ոչ միայն չի զիջում, նաեւ որոշ տեղեր գերազանցում է այլ հիվանդանոցներիարդիականացված այնպիսի սարքավորումներ ունի, ինչպիսին  Երեւանի լավագույն մասնագիտացված հիվանդանոցներն ունեն:

Իհարկե, ընտրությունը հիվանդինն է, թե որտեղ կցանկանա բուժվել, բայց եթե նույն որակի բուժումը կարելի է ստանալ Գորիսում, քո տանը եւ՝ ժամանակին, ինչու՞ չօգտվել այն կենտրոնի սպասարկումից, որի հիմնադիրներն ամեն ինչ արել, այսօր էլ ամեն ինչ անում են, որպեսզի մեր բուժկենտրոնն ունենա բարձրորակ տեխնոլոգիայի լավագույն հագեցվածություն, նախավիրահատական եւ հետվիրահատական դեղամիջոցներ՝ ֆրանսիական ու եվրոպական

-Ի՞նչ կասեիք տեղադրվող ստենտների մասին: Հազար ներողություն, նույնիսկ տարաբնույթ զրույցներ կային, թե իբր դրանք երբեմն անորակ չինականներն են, կամ, որ ավելի վատ է՝ տեղադրում են արդեն մեկ անգամ օգտագործածը:

-Սկսեմ նրանից, որ մեկ անգամ տեղադրածը երբեք հնարավոր չէ նորից օգտագործել, դա բացառվում է: Սրտաբան բժիշկ պետք է լինել՝ դա հասկանալու համար: Դա ծիծաղելի սուտ է:

Անոթի մեջ մտնող ստենտը, որը բացվել է, այլեւս տեխնիկապես հնարավոր չէ այն դուրս հանել եւ տեղադրել մեկ այլ հիվանդի անոթում:

Կան տարբեր երկրների արտադրության ստենտներ. ամերիկյան, ճապոնական, հնդկական, չինական

Կենտրոնը բացառապես օգտագործում է ճապոնական եւ ամերիկյան բարձրորակ ստենտներ:

-Բոլորս գիտենք, որ այսօր բժշկությունը մեծ քայլերով առաջ է ընթանում, եւ ոչ բոլոր բուժհաստատություններին է հաջողվում հասնել նրա հետեւից;

Վերջին շրջանում կենտրոնն ինչպիսի՞ տեխնիկական վերազինում է ունեցել:

-Վեց ամսվա կտրվածքով, ինչ այստեղ եմ, նորագույն տեխնոլոգիա չենք կիրառել, եղածը լիովին դեռ բավարարում է:

Սակայն կատարվել են մի շարք ծրագրային փոփոխություններ: Իսկ դա նշանակում է, որ վերջին  ծրագրերը մենք կարող ենք ամրագրել մեզ մոտ՝ առանց սարքը փոխելու:

Սա էլ է համարվում նորամուծություն, բարելավում՝ շատ ավելի արդյունավետ ու արագ:

Առաջիկա ամիսներին մեր բարեգործներից սպասում ենք նոր սարքավորումներ, ինչը կթարմացնի մեր տեխնիկական բազան:

-Կա՞ն դրսից հրավիրվող մասնագետներ, ովքեր այստեղ անձնակազմի հետ մասնագիտական վերապատրաստումներ են անցկացնում:

-Հիմնականում հրավիրվող մասնագետները Ֆրանսիայից են, պարոն Մատիկյանն ինքն է նախաձեռնում՝ մեր պահանջարկին համապատասխան:

Կարելի է ասել, մենք անընդհատ կապի ու խորհրդատվության  մեջ ենք ֆրանսիացի մեր գործընկեր սրտաբանների հետ, ինչը եւս նպաստում է կենտրոնի բարձրորակ աշխատանքներ իրականացնելուն:

-Ելնելով մեր ազգաբնակչության սոցիալական վիճակից՝ շատերին կհետաքրքրի այս հարցըինչպիսի՞ն է ձեր կենտրոնում գործող գնային քաղաքականությունը, կա՞ փոփոխություն, թե՞ ամեն ինչ մնացել է նույնը:

- Պետպատվերի մեջ մտնող վիրահատությունների համար, տվյալ հիվանդանոցինբնականաբար, պետությունն է փոխհատուցում:

Գնային փոփոխություններ չեն կատարվել, նույնն է, ինչ՝ նախկինում:

Պետպատվերի շրջանակներում մեկ դեղապատ ստենտով ստենտավորման գինն անփոփոխ է բոլոր մասնագիտացված բուժհաստատություններում՝ սկսած 750.000 դրամից եւ ավելի:

Ինչ վերաբերում է վճարովի ծառայություններին... Եթե հիվանդը չի մտնում պետպատվերի չափանիշների մեջ, ապա ինքը կամ իր ընտանիքն է վճարում:

Այդ մասին խոսում ենք միայն վիրահատելուց, հիվանդին սպասարկելուց հետո:

Կախված հիվանդի վիճակից՝ ստենտավորումից հետո հիվանդը երեք-չորս օր մնում է մեր հսկողության տակ՝ անմիջական բուժումների մեջ:

Այնպես չէ, որ չվճարելու դեպքում վիրահատություն չի կատարվում, առաջին նպատակը հիվանդին օգնելն է, դուրս հանելն այդ վիճակից, նրա կյանքը փրկելը:

Այդ բարի ավանդույթը կար, հիմա էլ պահպանվում է:

Նորից կուզեի նշել, որ հայ-ֆրանսիական մեր համագործակցությունը շատ դրական կողմեր ունի, դրանցից մեկն էլ հիվանդին առաջնահերթ բուժելն է, ապա միայն՝ ֆինանսական ծախսերի մասին խոսելը: Կարող են կիրառվել զեղչեր, կարող է լինել պայմանավորվածություն՝ մի քանի ամսվա ընթացքում վճարելու:

Ամեն ինչ շատ ավելի մարդկայինի վրա է հիմնված, քան Երեւանի որեւէ այլ հիվանդանոցում:

Մշտապես մտնել հիվանդի, նրա հարազատների դրության մեջ. դա է մեր կենտրոնի քաղաքականությունը:

-Տարածված խոսակցություն կա, թե առողջապահության (այլեւս նախկին) նախարար Արսեն Թորոսյանը փորձում էր այս կենտրոնի գործունեությանը խոչընդոտել՝ պետպատվերների հետ կապված հարցերում:

Որքանո՞վ է դա հիմնավոր:

-Այդպիսի բան չկա, մեր կողմից ներկայացվող բոլոր  պետպատվերներն ընդունվում եւ հաստատվում են:

Նախկինում իրավիճակն այլ էր, կարող էր, ասենք, տարվա վերջին տվյալ հիվանդանոցին հատկացված գումարի լիմիտը սպառվել, հիմա՝ այլ է, գումար է տրամադրվում նաեւ տարեվերջին, եթե դրա անհրաժեշտությունը կա:

Այսինքն՝այդ համակարգն ավելի ճկուն է գործում, միայն թե հիվանդն իրոք պետպատվերի չափանիշներին լիարժեք համապատասխանի:

-Ի՞նչ կասեք կենտրոնում տարվող բժշկական վճարովի խորհրդատվության, հետազոտության մասին:

Եթե կարելի է, մանրամասն ներկայացրեք. ինչպե՞ս է այն ընթանումնաեւ ժամային պատկերը:

- Խորհրդատվության համար անհրաժեշտ է նախապես զանգահարել եւ հերթագրվել երկուշաբթի- ուրբաթ՝ 09։00-17։00 ժամերին:

Հետազոտության համար կարգը հետեւյալն է. ընդունարանում ադմինիստրատիվ հարցերը լուծելուց հետո հիվանդը բուժքրոջ կողմից ուղեկցվում է բժշկի մոտ՝ հետազոտվելու։

Հետազոտվելուց հետո կատարվում է ախտորոշում, որի հիման վրա, ելնելով պացիենտի առողջական վիճակից, կամ առաջարկվում է դեղորայքային բուժում, կամ ծրագրվում է երկրորդ հետազոտություն կամ էլ առաջարկվում է ինվազիվ միջամտություն։

Հետազոտության արդյունքում ինվազիվ միջամտության, ինչպես նաեւ շտապ դեպքերի ժամանակ հիվանդի կամ հարազատների հետ պայմանագիր է կնքվում, որին կցվում է նախնական նախահաշիվ։

Պարտադիր այն համաձայնեցվում է հիվանդի կամ նրա հարազատների հետ։ Իսկ հետազոտության ամբողջ տվյալները թվայնացվում եւ CD կրիչի ձեւով փոխանցվում են հիվանդին։

Այսքանը՝ որպես տեղեկություն, իսկ ավելի խորքային, կասեմ, որ կենտրոնի սրտաբան Տաթեւիկ Հայրապետյանը կոնսուլտանտ բժիշկ է, նա է իրականացնում բոլոր կարգի խորհրդատվությունները;

Ի դեպ, նա  արդեն բավականին լավ արդյունքներ ունի խորհրդատվության հետ կապված:

Նրա հետ առնչված հիվանդները կվկայեն, որ նրանից ստանում են գրագետ եւ մասնագիտական ցուցումներ, բոլորն էլ գոհ են:

Պատերազմի մասնակից, նրանից տուժած անձանց հետ խորհրդատվությունը նույնպես անվճար է անցկացվում:

Եթե տուժած չէ, բայց հիվանդը ֆինանսական խնդիր ունի, դիմել է կենտրոն, էլի փորձում ենք ինչ-որ կերպ աջակցել:

Ավելի լավ է մարդուն ասել իր խնդրի մասին, քան հետո գործ ունենալ նրա բարդացած վիճակի հետ;

-Տիկին Բեկնազարյան, Արցախում, ցավոք, փլուզվել են շատ կառույցներ, ենթակառույցներ, այդ թվում եւ՝ առողջապահական:

Սյունիքի առողջապահական անելիքները մեծացել են՝ կապված արցախցիների բժշկական սպասարկման հետ, բնականաբար, ձեր կենտրոնն էլ զերծ չէ նրանց սպասարկման անելիքներից

-Այո, այսօր Արցախից էլ մեծ հոսք ունենք մեր կենտրոն, ամեն հնարավորն անում ենք, որպեսզի սպասարկենք նաեւ նրանց:

- Ո՞րն է Սյունիքում ամենատարածված հիվանդությունը, ինչը նկատել եք պաշտոնավարման այս կարճ ժամանակամիջոցում:

-Կարծում եմ՝ ոչ միայն Սյունիքում, այլեւ՝ Հայաստանում այս պահին ավելի տարածված են սրտամկանային եւ ուռուցքային հիվանդությունները, այնուհետ՝ հիպերտոնիկ հիվանդությունները եւ շաքարային դիաբետը:

Բայց ասեմ, որ սրտանոթային հիվանդություններով, ինֆարկտով հիվանդին առանձնապես, պետք է շատ կարճ ժամանակում հասցնել սրտաբանական կենտրոն, ինչը բարեբախտաբար մոտ է, եւ մեկ րոպեն էլ կարող է ճակատագրական լինել նրա համար:

Երբեմն կարող է մեզ մոտ բերեն նաեւ ինսուլտով հիվանդին, ինչով կենտրոնը չի զբաղվում, բայց էլի անմիջապես օգնություն ենք ցուցաբերում, անհրաժեշտության դեպքում ահազանգում Երեւան՝ համապատասխան հիվանդանոց, հրավիրում մասնագետ, կամ՝ ուղղաթիռով ուղարկում հիվանդին:

-Ի՞նչ եք կարծում, սրտանոթային հիվանդություններն աճե՞լ են վերջին տարիների համեմատ, թե՞ նվազում է նկատվում:

-Կասեի՝ նույնն է մնացել, ոչ շատացել են, ոչ էլ՝ պակասել:

Միայն մի նրբություն դիտարկեմ. մարդիկ, ասես, շատ ավելի անտարբեր են դարձել իրենց առողջության նկատմամբ, ժամանակին չեն դիմում բուժհաստատություններ, ինչն ավելի արդյունավետ բուժում կտա, նաեւ՝ քիչ ծախս կպահանջի, հետագայում չեն կանգնի բարդացված խնդրի առջեւ, ինչը միշտ չէ  բուժելի ու ավելի ծախսատար է:

Գուցե դա մեր բնու՞յթն է, չգիտեմ: Դանակը չպետք է թողնել, որ հասնի ոսկորին:

-Ի՞նչ կմաղթեր սրտաբանական կենտրոնի տնօրենը՝ Սյունիքի բնակչությանը, առհասարակ՝ բոլորին:

-Զբաղվել սպորտով, մաքուր օդում շատ լինել, չչարաշահել ծխախոտը, ալկոհոլը, ինչպես նաեւ՝ տարին գոնե մեկ անգամ ընդհանուր բուժզննություն անցնել, հետեւել օրգանիզմի ահազանգերին, որոնք կարող են հուշել առողջական լուրջ խնդրի մասին:

Ավելի լավ է կանխել հիվանդությունը, քան բուժել այն:

 

Հարցազրույցը՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

 

 

 

 

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34