Մխիթար Զաքարյան. «Տեսնում եմ, որ ճիշտ ուղիով ենք ընթանում, պարզապես ինձ թվում է` փոփոխությունների տեմպը պետք է արագացնել»

06.03.2017 16:41
4132

Հարցազրույց Մեղրի համայնքի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի հետ


Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ՀՀԿ կողմից առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու եւ ընդգրկվել թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակում:

Այդ առիթով հանդիպեցինք Մխիթար Զաքարյանի հետ եւ զրույց ունեցանք:

Նախընտրական քարոզարշավի ելած թեկնածուի հետ, բնականաբար, առավել շատ ցանկացանք զրուցել առաջադրման մոտիվների, օրենսդիր մարմնի, պատգամավորի գործունեության վերաբերյալ նրա պատկերացումների եւ նախընտրական ներկա ընթացքի վերաբերյալ:

Մեր հանդիպումը համընկավ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում նրա գործունեության 100 օրվան, ուստի եւ հետաքրքիր էր իմանալ` որքանո՞վ է կենսունակ համայնքների խոշորացման պետական ծրագիրը, արդյո՞ք բազմաբնակավայր համայնքը դիմանում է ժամանակի քննությանը:

Մեղրու տարածաշրջանը նաեւ բազում հիմնախնդիրներ ունի, ուստի եւ հետաքրքիր էր իմանալ` թեկնածուն ինչպե՞ս է պատկերացնում դրանց լուծումը:


- Պարո՛ն Զաքարյան, 2008-16թթ. եղել եք Ագարակի ընտրյալ քաղաքապետը եւ լավ համայնքապետի համբավ ձեռք բերել: 2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրվել եք Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար, ընդ որում` ընտրողների բացարձակ մեծամասնության կամքով. քվեարկությանը մասնակցած 6407 հոգուց 6099-ը քվեարկել է Ձեր օգտին: Այդ պաշտոնում էլ, կարելի է արդեն ասել, որ հաջող մեկնարկ եք ապահովել: Բայց ահա լավ համբավ ունեցող համայնքապետը, որ ընտրվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, առաջադրվում է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու: Ինչո՞ւ:

- Նախ նշեմ, որ մինչ իմ` պատգամավորի թեկնածու առաջադրվելը, տեղի ունեցավ ՀՀԿ Մեղրու եւ Ագարակի շրջանային կազմակերպությունների միավորում, որը տրամաբանական էր եւ ճիշտ մեկ խոշորացված համայնքի պայմաններում: Կուսակցության մարզային խորհրդի առաջարկությամբ ինձ ընտրեցին ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության նախագահ:

Նոր սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է խորհրդարանական հանրապետություն, ինչը, բնականաբար, նոր իրավիճակ է ստեղծում` կարեւորելով կուսակցությունների դերն ու նշանակությունը: Հայաստանի հանրապետական կուսակցությունն է առաջադրել պատգամավորի թեկնածությունս, իսկ ողջ գործունեությանս ընթացքում ինձ հանձնարարված յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, պաշտոնի անձնագրին համապատասխան աշխատանքն ընդունել որպես անքննելի պարտականություն: Այս դեպքում եւս ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ եմ վերաբերվում կուսակցության որոշմանը:

- ՀՀ սահմանադրության 94-րդ հոդվածը փաստորեն ազդարարում է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով»:

Դա նշանակում է, որ Դուք, ընտրվելու դեպքում, թեեւ առաջադրվել ու քվեարկվել եք թիվ 12 ընտրական տարածքում, ներկայացնելու եք Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդին:

Ելնելով դրանից` կուզենայինք իմանալ` որո՞նք են, ըստ Ձեզ, մեր հանրապետության առջեւ ծառացած հիմնախնդիրները (2-3 հիմնախնդիր) եւ ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումը:

- Մինչ բուն հարցի պատասխանին անցնելը նշեմ, որ մանրակրկիտ ուսումնասիրել եմ նոր սահմանադրությունը, պատկերացնում եմ կառավարման նոր ստեղծվող համակարգը, գիտակցում ԱԺ պատգամավորի առաքելությունը:

Բնականաբար, մեկ հարցազրույցի ընթացքում հնարավոր չէ երկրի հիմնախնդիրների մասին ամբողջական խոսք ասել, բայց մի բան ակնհայտ է. աշխարհի ժողովուրդների մեջ մեր ուրույն տեղն ունենալու համար դատապարտված ենք ուժեղ պետություն ունենալ, հզորացնել մեր պետականությունը: Իմ կարծիքով` մեր ամենաառաջին խնդիրը երկրի ֆիզիկական ծավալների մեծացումն է` բոլոր առումներով` դեմոգրաֆիական, տնտեսական եւ այլն, եւ մեր բոլոր քայլերը միտված պետք է լինեն դրա իրականացմանը: Հիմնականում խոսելով հայերի մասին` երբեմն մոռանում ենք մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին. միգուցե մեզանում այդ հարցն այնքան ակտուալ չէ, որքան բազմազգ պետություններում, բայց ազգաբնակչության ավելացում ասելով` ի նկատի ունեմ առհասարակ հայաստանցու թվաքանակի ավելացում: Քանակի ավելացմանը զուգահեռ, բնականաբար, որակական հատկանիշները պետք է բարձրացվեն, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելանա, տնտեսության հատկապես առաջատար ճյուղերը զարգանան:

Մի խոսքով` հիմնական նպատակը, կարծում եմ, պետք է լինի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացումը:

Երկրորդ հիմնախնդիրը, որ անմիջականորեն շաղկապված է առաջինի հետ, ֆիզիկական անվտանգության ապահովումն է` նախեւառաջ Ղարաբաղյան հարցի լուծումը, շրջափակման հետեւանքով առաջացած դժվարությունների հաղթահարումը: Խաղաղության հասնելու ճանապարհին պետք է ուժեղ լինենք, միջակությունն այստեղ թույլատրելի չէ:

- Հետաքրքիր է, ընտրվելու դեպքում ո՞ր հարցով առաջին հերթին հանդես կգաք օրենսդրական նախաձեռնությամբ. չէ՞ որ պատգամավորն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, եւ դա բավական լուրջ լիազորություն է:

- Չեմ կարծում` թեկնածուն առաջադրվելիս պետք է նախապես որոշի իր առաջին քայլը, այն էլ` օրենսդրության ոլորտում, որովհետեւ մինչ իրավիճակը խորապես չուսումնասիրես, տեղյակ չլինես ընդհանուր մոտեցումներին, չես կարող ճիշտ քայլեր ձեռնարկել: Բոլոր հարցերում իմ մոտեցումը հետեւյալն է. որոշում ընդունելիս, հայտարարություն տարածելիս մանրամասն տեղյակ լինել դրա էությանը: Գուցե այսօր տեղական մակարդակով հարցն ու նրա լուծումն այլ երանգ ունեն, իսկ արդեն հանրապետական մակարդակով` բոլորովին այլ: Խնդիրների առաջադրման սկզբունքը կարող եմ ասել. առկա հիմնախնդիրների համար միանշանակ լուծումներ կան, փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Մեր իշխանության, նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության նոր մոտեցումն էլ այս սկզբունքին համապատասխան են, այն է` կտրուկ փոփոխություններ պետք է իրականացվեն թե՛ տնտեսական քաղաքականության, թե՛ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Անհամեստություն չթվա, բայց տեղական ինքնակառավարման համակարգում հատկապես վերջին տարիներին աշխատանքային հարուստ փորձս օրենսդրական համակարգում աշխատելու վստահություն է ներշնչում: Գիտե՞ք ինչ, քննադատելը հեշտ է, բայց, իմ կարծիքով, մեր պետության հզորացման ճանապարհին առկա բոլոր թերությունները միգուցե անհրաժեշտ կամ անխուսափելի էին: Տեսնում եմ, որ ճիշտ ուղիով ենք ընթանում, պարզապես ինձ թվում է` փոփոխությունների տեմպը պետք է արագացնել: Միգուցե եթե այլ տարածաշրջանում գտնվեինք, եւ մեզ շրջապատեին քաղաքակիրթ երկրներ, շտապելու կարիք չլիներ, բայց մեզ բաժին հասած ճակատագիրը ստիպում է հասկանալ, որ մենք երկար սպասելու ժամանակ չունենք:

- Դժբախտաբար, անկախության տարիներին Սյունիքից չունեցանք շատ թե քիչ երեւելի պատգամավոր: Դուք համաձա՞յն եք մեր այդ դիտարկմանը, եւ ինչպիսի՞ն է լավ, հաջողված պատգամավորի Ձեր պատկերացրած տեսակը:

- Գուցե այդ տարիներին, երբ ժողովուրդը պատգամավոր էր ընտրում, նրա` պատգամավորի տեսակի հանդեպ ունեցած պատկերացումը, մոտեցումն այլ էր: Հասարակությունը զարգանում է, փոխվում են պահանջները, բնական է, որ իշխանավորի տեսակի հանդեպ մոտեցումը նույնպես փոխվում է: Ներկա իրավիճակը գնահատելով եւ պահանջները հաշվի առնելով` կասեմ, որ պատգամավորը պետք է առնվազն իր ընտրատարածքի մասին, ի տարբերություն տեղի բնակիչների, 10-15 տարի առաջ պատկերացնի հասարակական, տնտեսական համակարգի տրանսֆորմացիան, նրա իմպուլսը լավ հասկանա, եւ դրանից բխեցնի իր գործունեությունը:

- Սյունիքի մարզին առնչվող հատկապես ո՞ր հարցերը նախեւառաջ կլինեն Ձեր ուշադրության կենտրոնում եւ կարտացոլվեն Ձեր օրենսդրական նախաձեռնություններում, հարցապնդումներում, պետական բյուջեի քննարկումներում:

- Նախեւառաջ պատգամավորը պետք է սերտ համագործակցություն, մշտական կապ ունենա տարածքային եւ տեղական իշխանությունների հետ` անկախ նրանց կուսակցական  պատկանելությունից: Ամենամեծ սխալն առաջանում է, երբ նրանց միջեւ տարանջատում է լինում. չէ՞ որ ճշմարտությունը քննարկումներից է ծնվում: Թիվ 12 ընտրատարածքն ընդգրկում է ոչ միայն Սյունիքի, այլեւ Վայոց ձորի մարզը, եւ, բնականաբար, պատգամավորն իր տարածքում գործող բոլոր քաղաքական գործիչների, կազմակերպությունների հետ պետք է համագործակցի, քննարկի խնդիրների առաջնահերթությունն ու դրանց լուծման ուղիները: Հայաստանի Հանրապետությունն այնքան փոքր է, որ երկրի ընդհանուր զարգացմամբ միայն կարող է առանձին տարածաշրջանի զարգացում լինել: Չեմ կարծում, որ պատգամավորն իր ընտրողին հաճոյանալու համար կանգնի եւ միայն իր տարածաշրջանին վերաբերող հարց բարձրացնի, թեեւ նման մոտեցումն էլ երբեմն չպետք է բացառել: Իսկ Մեղրու զարգացումը չեմ պատկերացնում առանց մարզկենտրոն Կապանի եւ մարզի տարածաշրջանների համաչափ զարգացման:

Սյունիքի մարզի, հատկապես Մեղրու եւ Կապանի տարածաշրջանների համար կարելի է մեկ ընդհանուր խնդիր առանձնացնել: Չնայած այստեղ հանքարդյունաբերությունը զարգացած է, բայց իր դրական կողմերով հանդերձ, նաեւ բացասական ազդեցություն է թողնում թե՛ ազգաբնակչության, թե՛ շրջակա միջավայրի վրա: Այս ճանապարհին դրականն ավելացնելու համար, իմ համոզմամբ, պետք է ստեղծել օժանդակ կառույցներ, որպեսզի հանքարդյունաբերությունն ավելի շատ ծառայեցվի տարածքային հարցերի լուծմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Հաջորդ կարեւոր խնդիրը, ինչի մասին բազմիցս ասել եմ, հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության հետ առավել սերտ համագործակցություն հաստատելն է, ինչի ուղղությամբ արդեն բավականաչափ աշխատանքներ են իրականացվում: Կրկնում եմ` դա մեծ ներուժ պարունակող ուղղություն է հատկապես տնտեսության ոլորտում:

- Ընտրվելու դեպքում, բնականաբար, կընդգրկվեք ՀՀԿ խմբակցության մեջ: Կյանքը ցույց է տալիս, որ քիչ դեպքերում է պատգամավորը մինչեւ վերջ պնդում իր կարծիքը` խմբակցության կարծիքից տարբերվող:

Դուք կհամարձակվե՞ք, հարկ եղած դեպքում, չհամաձայնել խմբակցության դիրքորոշման հետ եւ մինչեւ վերջ պնդել, հիմնավորել Ձեր տեսակետը, եթե դրա կարիքը լինի:

- Չեմ կարծում, որ արդյունավետ ճանապարհ է խմբակցության կարծիքին հակառակվելը: Եթե պատգամավորն իր խմբակցությունում չի կարողանում սեփական տեսակետը հիմնավորել եւ պնդել, ուրեմն դա արդեն մտածելու տեղիք պիտի տա: Հարցին այդ կողմից պետք է նայել, իսկ մյուս կողմից, եթե նա իր ընկերներին չի կարողանում համոզել իր ճշմարտացիության մեջ, ուրեմն նրա տեսակետը սխալ է, կամ էլ ինքն է սխալ խմբակցություն ընտրել: Իհարկե, երբեմն մեր պաշտոնյաներից լսում ենք այն արդարացումը, թե իբր իրենք ուզում են այսինչ դրական, օգտակար քայլը կատարել, բայց նրանց չեն թողնում: Հավատացնում եմ` իմ պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում առաջընթաց ապահովող լավ գործ անելու ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտ չեմ ունեցել, որովհետեւ կարողացել եմ հիմնավորել եւ պաշտպանել տեսակետս: Գուցե ովքեր բողոքում են, նրանց ցանկությունները, մոտեցումները հիմնավո՞ր չեն: Բոլորիս նպատակը մեկն է` մեր քայլերով օգտակար լինել երկրի զարգացմանը, եւ այդ ճանապարհին բնավ հարկավոր չէ ներքին թշնամիներ, արհեստական խոչընդոտներ փնտրել, պարզապես առաջադրված հարցերի հիմնավորվածության եւ հետեւողականության խնդիր է:

- Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները:

Ապրիլի 2-ի ընտրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 9 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք:

Դուք, բնականաբար, ընտրողներին հորդորում եք քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Ինչո՞ւ: Ինչո՞վ է այդ դեպքում ՀՀԿ-ն տարբերվում մյուս կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքից: 

- Ամենամեծ առավելությունը, որ մանավանդ վերջերս նկատելի է, պաշտոնյաների շրջանում ընկալման մեծ փոփոխությունն է, այն է` պաշտոնը, իշխանության ղեկը վայելքից վեր են ածվում ծանր պարտականության եւ պատասխանատվության: Եվ այդ պատասխանատվության բեռն այս ծանր ժամանակներում, երբ խնդիրները բազմաբնույթ են, ստանձնել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես նաեւ այլ համագործակցող կուսակցություններ: Նորից եմ ասում` քննադատելը, փնովելը շատ հեշտ է, բայց իմ հավատամքից մեկն էլ սա է` ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարողացավ մեր երկիրը ղեկավարել բավականին բարդ ու ծանր իրավիճակում: Եվ եթե այսօր բոլորն անխտիր ասում են, որ կարելի է այսպես անել, այնպես անել, միգուցե պետք է գնահատել այս ելման վիճակը, որ բարենպաստ է, երբ բոլորը ստեղծված իրավիճակից դուրս գալու որեւէ ելք են տեսնում: Իսկ միգուցե այս վիճակին հասնելու համար պետք է անցնեինք դժվարությունների բոլոր փուլերով: Հաստատ համոզմունք ունեմ, որ արդյունավետ առաջընթաց կարող է ապահովել միայն այն ուժը, որ ստեղծել է այդ ելման դրությունը, իսկ այդ ուժը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է:

- Հատկապես ո՞ր ուժը կամ ո՞ր թեկնածուն կարող է լինել Ձեր մրցակիցը Սյունիքի մարզում եւ Մեղրու տարածաշրջանում:

- Բոլոր ուժերին ու թեկնածուներին էլ մրցակից եմ համարում: Մենք ունենք ճանապարհ անցած, կայացած քաղաքական ուժեր, ծայրահեղ ընդդիմադիրներ, ինչպես նաեւ այս վիճակի թերությունների հիմքը դրած ուժեր, որոնք իրենց սխալներն ուղղելու համար են ուզում իշխանության գալ: Եթե նրանցից յուրաքանչյուրն անգամ 5-7 տոկոս ձայն հավաքի, ուրեմն մեր ազգաբնակչության այդ հատվածը նրանց հանդեպ համակրանք ունի, իսկ մենք պարտավոր ենք դա հաշվի առնել:

- Բայց այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կուսակցության թեկնածուները ներսում նույնպես պետք է պայքարեն միմյանց դեմ:

- Այս դեպքում տեղային գործոնը նույնպես մեծ դեր է խաղալու, եւ դրա համար մեր հասարակությունն օրվա թերությունները նշելիս, քննադատելիս պետք է ինքն իրեն հարց տա` արդյո՞ք պատրաստ է ծագումով ոչ իր քաղաքի, շրջանի թեկնածուին ըստ արժանվույն գնահատել, ընտրություն կատարելիս վեր կանգնել տեղային ու անձնական զգացումներից: Բայց պետք է հարմարվենք ստեղծված իրավիճակին, խաղի կանոններն արդեն սահմանված են:

- Չե՞ք կարծում, որ ՀՀԿ համապետական ցուցակում Սերժ Սարգսյանի բացակայությունը նվազեցնում է ՀՀԿ հաջողությունների հավանականությունն ապրիլի 2-ի ընտրություններում:

- Չեմ կարող այդ հարցին միանշանակ պատասխան տալ, գուցե իրավասու էլ չեմ, բայց եթե այդպես են որոշել, ուրեմն հաստատ տրամաբանություն կա այդ քայլի մեջ: Իմ կարծիքով` եթե ՀՀԿ-ն կայացած կուսակցություն է` ուժեղ գաղափարախոսությամբ, ծրագրով, ամենեւին էլ պարտադիր չէ, որ երկրի նախագահը լինի ցուցակի առաջին տեղում: Արդեն տեւական ժամանակ է` մեր իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստվում է կառավարման խորհրդարանական համակարգ ստեղծելուն, եւ եվրոպական չափանիշներով ընտրություններ անցկացնելուն: Անընդհատ շեշտվում է, որ ընտրությունները պետք է անթերի անցնեն: Եթե հանրապետության նախագահն իր ազդեցությունը, անցած ճանապարհը, դիրքն ու հեղինակությունը չի ցանկացել ծառայեցնել իր իսկ գլխավորած կուսակցությանը, ապա նշանակում է` դրանով փորձել է պետական միջամտությունը նվազագույնի հասցնել, ինչը կստիպի ընտրողին ավելի անկողմնակալ լինել: Իմ կարծիքով` մեր նախագահն այս քայլով ցույց է տվել, որ պետության միջազգային վարկանիշն ավելի կարեւոր է:

- Որքանո՞վ եք մրցունակ համարում թիվ 12 ընտրատարածքի ՀՀԿ տարածքային ցուցակը, որում ընդգրկված է ութ հոգի: Դուք ձեռնպահ կմնա՞ք նրանց դեմ պայքարելուց: Հետո ի՞նչ, որ Ձեր կուսակիցներն են. չէ՞ որ Ձեր անձնական վարկանիշն է կշեռքի նժարին դրված:

- Ձեր հարցի պատասխանն ապրիլի 2-ին կտա ընտրողը: Ես միայն կարող եմ ասել, որ ՀՀԿ տարածքային ցուցակում ընդգրկվել են արժանավոր թեկնածուներ: Իսկ եթե մարզի մասշտաբով հարցին նայենք, ապա պետք է նշեմ, որ չնայած մարզպետ Վահե Հակոբյանը ծնունդով մեր մարզից չէ, բայց այստեղ աշխատելու կարճ ժամանակահատվածում ե՛ւ հանքարդյունաբերության ոլորտում, ե՛ւ արդեն պետական կառավարման համակարգում իր գործունեության դրական դրսեւորումները, պետական կառավարչի ընդունակություններն ի ցույց է դրել: Կարծում եմ` ընտրողների այն խավը, որ անմիջական առնչություն է ունեցել Վահե Հակոբյանի գործունեության հետ, կքվեարկի նրա օգտին:

- Մեղրիում, կարծեք, ոչ բոլորն են ոգեւորված Ձեր` Աժ պատգամավոր ընտրվելու մտադրությամբ: Մարդիկ ափսոսում են, չեն ուզում, որ Դուք թողնեք համայնքապետարանը եւ տեղափոխվեք Ազգային ժողով:

- Իմ որդեգրած սկզբունքից, վստահ եմ, երբեւէ չեմ շեղվի: Կարող եմ ասել. ոչ մի անգամ ընտրությունից հետո մարդիկ չեն փոշմանի ինձ տված քվեի համար: Որպես համայնքի ղեկավար` կասեմ, որ այս ընտրությունն ինձ համար նախեւառաջ Մեղրու տարածաշրջանում իմ կատարած աշխատանքի գնահատականը, ինչ-որ առումով ուղեցույցը կլինի` արդյո՞ք ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Բնական է` ինձ վստահության քվե տվող մարդը նախեւառաջ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին է ընտրելու: Սա նոր առիթ է, վստահության չափորոշում: Անկախ ընտրությունների արդյունքից` ոչ մի անգամ հուսախաբ չեմ անի իմ ընտրողին: Վստահեցնում եմ` չի կատարվի այնպիսի քայլ, որ ի վնաս մեր տարածաշրջանի լինի:

- Դուք քարոզարշավի ժամանակ ներկայանալո՞ւ եք Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի ու Քաջարանի ընտրողներին, թե՞ բավարարվելու եք միայն Մեղրու տարածաշրջանով:

- Հիմնականում քարոզարշավի ընթացքում կներկայանամ Մեղրու տարածաշրջանում, ինչն առավել տրամաբանական եմ համարում:

- Մեղրու տարածաշրջանում իրականացվող պետական քաղաքականության դրսեւորումներից է նաեւ Իրանի հետ սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչի առթիվ վերջերս ՀՀ կառավարությունը համագործակցության հրավիրեց Սյունիքի մարզում առկա կազմակերպություններին: Ձեր տարածաշրջանում կա՞ն նման կազմակերպություններ:

- Ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը, որ միջպետական մակարդակի գլոբալ ծրագիր է, ուրախացնող, հուսադրող է եւ մեր հետագա լավատեսության հիմքը: Այդ հարցով զբաղվում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, եւ մանրամասն տեղեկություններ ինձ հայտնի չեն: Միայն տեղյակ եմ, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Սա բավականին հավակնոտ ծրագիր է, եւ, իմ կարծիքով, այս պահին մեր տարածաշրջանում դժվար թե լինի մի կազմակերպություն, որ լիարժեք պատրաստ լինի դրան: Իմ խնդիրը հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելն է, ազգաբնակչությանն ու ենթակառուցվածքներն այդ փոփոխությանը նախապատրաստելը:

- Մեղրու հէկի հետ կապված ծրագիրը, որ պետք է կյանքի կոչվի հայ-իրանական համագործակցության շրջանակում, կարծեք, թղթին է մնացել: 2012թ. նոյեմբերի 7-ին մեկնարկ տրվեց, բայց մինչեւ այսօր ոչ մի քայլ չի կատարվել:

- Որեւէ նոր, հավելյալ տեղեկության չեմ տիրապետում, գիտեմ այն, որ ծրագրի ուղղությամբ այս պահին քայլեր չեն ձեռնարկվում:

- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին էր 2016-ի տարեվերջին այցելել Հայաստան` գործարար աշխարհի ներկայացուցիչների մեծ բազմության ուղեկցությամբ: Մեղրու տարածաշրջանի հետ կապված որեւէ նոր պայմանավորվածություն եղա՞վ, թե՞…

- Այդ այցի ռեալ արդյունքը Մեղրու տարածաշրջանի գազիֆիկացումն էր, ինչպես նաեւ առանց վիզային ռեժիմի հաստատումը, սահմանային ընթացակարգերի պարզեցումը, որոնք, ի դեպ, բավականին լուրջ քայլեր են:

Տեղական մակարդակով նշեմ, որ Ջուլֆա քաղաքի հետ քույր քաղաքների համագործակցության նախնական պայմանավորվածություն ունենք:

- Մի քանի օր առաջ` փետրվարի 10-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթը: Որքանո՞վ է Մեղրու տարածաշրջանն ընդգրկված ծրագրերի այդ փաթեթում:

- Սյունիքի ներդրումային ծրագրի փաթեթից Մեղրու տարածաշրջանին առնչվում է սառնարանային տնտեսության հիմնումը: Հանրապետության մյուս տարածաշրջանների համեմատ Մեղրու տարածաշրջանի հանդեպ վերաբերմունքը պետք է տարբերվի: Եթե այլ տարածաշրջաններում աշխատատեղերի ստեղծման, ՀՆԱ-ն ավելացնելու համար նոր բիզնես հիմնելու խնդիրներ կան, ապա Մեղրիում ավելի շատ եղածը պահպանելու, կարգի բերելու եւ իր նպատակին ծառայեցնելու խնդիր կա: Մեղրու տնտեսության մեջ հանքարդյունաբերությունից հետո երկրորդ ծանրակշիռ ճյուղը գյուղատնտեսությունն է: Վերջին տարիներին ոռոգման ցանցի ընդլայնման, բարեփոխման շնորհիվ ակնկալում ենք բերքի աճ: Ճիշտ է, ներկայումս բերքի իրացման հարցը լուծվում է, բայց հետագայում պետք է պատրաստ լինենք բերքի մթերմանը, եւ սառնարանային տնտեսության հիմնումը հենց այդ կոնտեքստում է:

- Մեղրու ոռոգման ջրի ինքնահոս համակարգի կառուցումը ո՞ր հանգրվանում է:

Արաքսամերձ վեց համայնքում աշնանը կատարվում էր նաեւ ոռոգման ջրի ներքին ցանցի բարելավում, ավարտվե՞ց այդ ծրագիրը:

- Ձախ թեւի աշխատանքներն արդեն ավարտվել են, աջ թեւինը շուտով կսկսվեն: Բայց ինչպես բազմիցս ասել եմ, հարցի վերջնական լուծումը կլինի այն ժամանակ, երբ կկառուցվի ջրամբար:

- Մեղրու տարածաշրջանում շատ հիմնախնդիրներ կան, եւ դրանք հնարավոր չէ մեկ զրույցի ընթացքում քննարկել, մանավանդ որ մեր զրույցն ԱԺ ընտրությունների առիթով է: Բայց որոշ հարցեր չենք կարող շրջանցել:

Առաջինը, իհարկե, Մեղրի գետին սպառնացող հանգամանքների եւ հատկապես փոքր հէկերի մասին է: Իհարկե, լավ է, որ փոքր հէկեր են կառուցվում, տեղական ռեսուրսն օգտագործում: Բայց, մյուս կողմից, ջրի զգալի մասն արդեն խողովակաշարով է անցնում եւ բացասական հետեւանքներ ունենում շրջակա միջավայրի վրա: Ի դեպ, փորձագետների այդ տեսակետը մտահոգում է նաեւ շատ մեղրեցիների: Ձեզ չի՞ մտահոգում Մեղրի գետի վիճակը:

- Հետեւանքների վերաբերյալ գնահատականը համապատասխան մասնագետները կտան: Մեկ անգամ էլ եմ ասել` 1000 քառ. մետր հողատարածք ունեցողի շահը երբեք չի ստորադասվելու հէկից ստացվող միլիոններին: Եթե հէկի տիրոջը թողնենք, նա կցանկանա տարին 12 ամիս ջուրն օգտագործել, բայց համայնքը պետք է այնքան ուժեղ լինի, որ զսպի նրա ախորժակը` ի շահ հողօգտագործողների եւ շրջակա միջավայրի:

- Երկրորդ հարցը, այդ տեսակետից, շրջակա միջավայրն աղտոտելու ռեալ սպառնալիքն է, որ կապված է հանքարդյունաբերության զարգացման հետ:

Փետրվարի 1-ի հանրային քննարկումից հետո Մեղրիում խոսակցություններ են շրջանառվում, թե իբր Ալվանք-Շվանիձորի մերձակայքում եւս գունավոր մետաղների հանքարդյունահանում է կազմակերպվելու:

Արդյո՞ք այդ խոսակցությունը համապատասխանում է իրականությանը:

- Ես տեղյակ չեմ, ինձ չեն դիմել այդ հարցով, որքանով ես գիտեմ, այնտեղ գրանիտի հանքավայր կա: Փետրվարի 1-ին կազմակերպված հանրային լսումն Ալվանքի քարի հանքավայրի շահագործմանն էր առնչվում:

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտմանը, ապա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնումից մինչ օրս այդ խնդիրը կա:

Բարեբախտաբար, Ագարակի կոմբինատից բացի տարածաշրջանում գործող մյուս հանքարդյունաբերական ընկերությունները չեն նախատեսում հարստացուցիչ ֆաբրիկա ունենալ:

Ցավով նշեմ, որ այսօր մեր տարածաշրջանը, հանրապետությունն առանց հանքարդյունաբերության ի վիճակի չեն գոյատեւել, եւ մեզ մնում է միայն ակնկալել, որ հանքաքարի մշակման տեխնոլոգիաների արդիականացման միջոցով ժամանակի ընթացքում դրանց վնասը նվազագույնի կհասցվի:

- Եվ քանի որ խոսեցինք հանքարդյունաբերության մասին, կուզենայինք ճշտել` «Լիճքվազ»-ի ոսկու հանքավայրի շահագործումն արդյո՞ք կվերսկսվի: Տարիներ առաջ այնտեղ մոտ 400 մարդ էր աշխատում, եւ անհասկանալի պատճառով փակվեց:

- Նախքան հարցին պատասխանելը մեկ ճշգրտում անեմ. ոչ թե մոտ 400, այլ 280 մարդ էր աշխատում: «Լիճքվազ-Թեյ» ոսկու հանքավայրը «Պոլիմետալ» ընկերությունն է գնել, իսկ հանքաքարը տեղում չի մշակվում: Եթե նախատեսվեր հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում, հավատացնում եմ, հաստատ թույլ չէինք տա, որովհետեւ եթե Ագարակի ՊՄԿ-ն Մեղրի գետին վնաս չի հասցնում, ապա այս դեպքում Մեղրի գետին իրական վտանգ կսպառնար: Կարծում եմ` ֆաբրիկայի առկայության դեպքում վնասակար ազդեցությունը չնկատելն առնվազն դեմագոգիա կլիներ:

- Տաշտունի ձեռնարկության ապագան էլ հետաքրքիր է. լավ մեկնարկ տրվեց, Լիճքում եւ Տաշտունում ոգեւորվել էին մարդիկ: Կվերականգնվե՞ն աշխատանքներն այդտեղ, թե՞…

- Իմ տեղեկություններով այնտեղ սխալ տեխնոլոգիա էր կիրառվել ի սկզբանե, դրա համար դադարեցվել է գործունեությունը: Այս պահին կոնկրետ տեղեկություն չունեմ նրանց հետագա ծրագրերից: Լիճքի հանքավայրն էլ Զանգեզուրի ՊՄԿ-ն է գնել, այդտեղ նույնպես հարստացուցիչ ֆաբրիկա չի լինի: Այն դեռեւս չի շահագործվում, բայց առաջիկայում կսկսվեն աշխատանքները, ինչի համար նախատեսվում է մինչեւ 80 աշխատատեղի բացում:

- «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ում նոր ղեկավարություն է նշանակվել փետրվարի սկզբին: Ինչպե՞ս եք գնահատում այդ փոփոխությունը:

- Շատ դրական եմ գնահատում ղեկավարի փոփոխությունը: Հասցրել եմ ծանոթանալ նոր ղեկավարի` Անդրեյ Սինյակովի տեսակետներին, մոտեցումներին եւ ասեմ, որ հատկապես նրա կենսագրությունը բավականին տպավորիչ է եւ խոստումնալից: Սովորություն կա համայնքի ղեկավարին հարցնել կոմբինատի սոցիալ-ներդրումային քաղաքականության մասին, բայց ես ասեմ, որ ինձ համար առաջնայինն այն է, որ տնօրենը նախեւառաջ կարողանա կոմբինատի աշխատանքները ճիշտ համակարգել, զարգացնել, ինչն ինքնըստինքյան կնպաստի համայնքում սոցիալական շատ հարցերի լուծմանը:

- Մինչեւ այսօր էլ տարակույսներ կան համայնքների խոշորացման հարցի նպատակահարմարության առնչությամբ: Դուք ի սկզբանե կողմնակից եք եղել համայնքների խոշորացմանը: Հիմա այդ գործընթացի կենտրոնում եք: Եվ ի՞նչ կասեք` համայնքների խոշորացումը քննությո՞ւն է բռնում, թե՞ չի ստացվում:

- Հիմա, երբ արդեն անցել ենք գործնական քայլերի, առավել քան համոզված կարող եմ ասել, որ համայնքների խոշորացումը մեր երկրի տարածքային կառավարման համար հուսալի, արդարացնող եւ չափազանց կարեւոր փոփոխություն էր, որ նպաստում է համայնքի ներուժը հավասարաչափ բաշխելուն եւ ճիշտ օգտագործելուն: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում, ճտերն աշնանն են հաշվում, բայց հավատացնում եմ, որ աշնանը պետք չէ սպասել: 2017թ. աշնանը կատարածը թվարկելու կարիք չի լինի, որովհետեւ փոփոխություններն ակնհայտ կլինեն, եւ դուք կտեսնեք: Պարզապես ծանր ժամանակ ենք գնում ընտրության, այս պահին համայնքը դեռեւս ձեւավորման փուլում է գտնվում, զարգացման ծրագիրը դեռ նոր ենք կազմել, փետրվարի 22-ին ներկայացրել ենք վարչապետին, որի նկատմամբ վստահություն է հայտնվել:

- Եթե կարելի է, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ փետրվարի 22-ի հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացրեք:

- Վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրերից Կարեն Կարապետյանը խոստացել էր, որ ՀՀ կառավարությունն առաջնային ուշադրություն կդարձնի այն համայնքներին, որտեղ հաջողություններ են գրանցվել: Եվ այդ կոնտեքստում փետրվարի 22-ին հանրապետության 12 համայնքի ղեկավար հնարավորություն ունեցավ հանդիպել վարչապետին, ներկայացնել զարգացման ծրագրերը, բարձրացնել հուզող հարցեր: Օգտագործելով պատեհ առիթը` ես նույնպես ներկայացրի Մեղրի համայնքի մի քանի խնդիր, որոնց լուծման տարբերակներն արդեն իսկ մարզպետի հետ քննարկվել էին, բայց այդ հանդիպման շնորհիվ այսպես ասած վերջնական տեսք ստացան: Մասնավորապես Մեղրու Փոքր թաղում գտնվող հրետանային դիվիզիոնի մասնաշենքը տրամադրվեց «Մեղրու կոմունալ ծառայություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ին, որ կծառայի որպես վարչական շենք, ավտոհավաքակայան եւ այլն:

Նախադպրոցական կրթություն կազմակերպելու համար համայնքի հինգ բնակավայրում առկա շենքային բավականին հարմարավետ պայմաններով ամբուլատորիաները տրամադրվեցին համայնքին: Վաղեմի ցանկություններիցս էր նաեւ համայնքում ՊՈԱԿ-ի կարգավիճակով մարզադպրոց ունենալ, ինչի համար նույնպես առկա են շենքային պայմաններ: Այդ հարցը նույնպես խոստացան լուծել: Մի խոսքով` այդ հանդիպումը բավականին արդյունավետ եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող էր:

- Պատգամավոր չընտրվելու դեպքում ինչպիսի՞ վերաբերմունք կցուցաբերեք ընտրողների, կուսակցության նախընտրական ծրագրի հանդեպ:

- Ե՛վ ընտրվելու, ե՛ւ չընտրվելու դեպքում, հավատացնում եմ, իմ գործելաոճում, մոտեցումներում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա: Մեր պետականության կայացման ընթացքի ներկա փուլի մասնակիցն եմ` անկախ կարգավիճակից, եւ այդպես էլ կլինեմ:

Միանշանակ վստահ եմ` հազարավոր ընտրողների քվեն կստանամ, ինչը լրացուցիչ խթան կլինի, վստահություն կներշնչի, որ առաջընթացի ճիշտ ուղի ենք բռնել: Թե՛ որպես համայնքի ղեկավար, թե՛ որպես պատգամավոր, եւ թե՛ որպես ՀՀ քաղաքացի, ինչու չէ` նաեւ զինվոր, այդ ծրագրերի իրականացման ճանապարհին մեր իրականության մեջ միշտ կունենամ իմ տեղն ու դերը:

- Հատկապես երիտասարդության հանդեպ ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարել:

- Մեր երկրում նոր իրողություն է ձեւավորվել, մենք անընդհատ սիրում ենք խոսել ապրիլյան պատերազմում մեր նոր սերնդի ցուցաբերած խիզախության, հայրենասիրության մասին, կենացներ խմել: Բայց իմ խորին համոզմամբ` նախեւառաջ պետք է խոսենք նրանց հանդեպ մեր ունեցած պարտավորություններից եւ կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Մեր առաքելությունն այդ սերնդին գովելը չէ, այլ նրանց բարեկեցիկ ապագայի համար նախադրյալներ, հասարակության մեջ արժանի տեղ զբաղեցնելու հիմքեր ստեղծելը: Քսան տարի է` մեր հասարակությունն առողջանում է. այսօր առաջնագծում ծառայած, իր քաղաքացիական ու սահմանադրական պարտքը լավագույնս կատարած սերնդի հետ գործ ունենք, որ պաշտպանել է պետականություն, հայրենիք: Բնականաբար, այլ մոտեցում պետք է ցուցաբերվի, նախկինում գործող մեթոդները նրանց համար ընդունելի չեն: Մի խոսքով` նոր սերնդի ինքնադրսեւորման համար շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք:

- Ձեր նախընտրական խոսքը` ուղղված ընտրողներին:

- Ինչպես արդեն նշեցի, ես թույլ չեմ տա, որ ինձ տված քվեի համար մարդիկ ափսոսանք ապրեն, հավատացնում եմ` իմ գիտելիքները, փորձը, անցած ճանապարհը բավարար են Աժ պատգամավորի մանդատն արժանապատվորեն կրելու, մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար:

Հարցազրույցը` 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Միգրանտների երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, դպրոց չեն ընդունի․ Օրենքն ուղարկվել է Պետդումա՝ քվեարկության

09.12.2024 22:26

Կչեղարկեմ ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների քաղաքացիությունը. Թրամփ

09.12.2024 20:37

Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

09.12.2024 18:40

Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքերի մասին հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցին կոմիտե

09.12.2024 18:34

Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանի հաղթանակը կասկածի տակ չի դրվում

09.12.2024 18:26

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Կիրակոսյան

09.12.2024 16:38

Աշխարհի առաջնորդներից մնացել ենք ես ու Պուտինը. Էրդողան

09.12.2024 15:37

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

09.12.2024 11:38

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

09.12.2024 11:27

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը (լուսանկարներ)

09.12.2024 11:06

Իրանը տեղյակ է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին․ բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել էին Սիրիայի կառավարությանը և բանակին․ Իրանի ԱԳ նախարար

09.12.2024 11:04

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական կորուստների թիվը

09.12.2024 10:58