Մկրտիչ Զարդարյան. «Հնագետներիս սպասելիքները Սիսիանի Աղիտու ամրոց-բնակավայրից բավականաչափ մեծ են»

12.10.2016 15:41
1921

Սիսիանի Աղիտու ամրոց-բնակավայրում 2013թ.-ից իրականացվում են պեղումներ` ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանի ղեկավարությամբ՝ «Որոտան-2» ծրագրի շրջանակներում: Սյունիքում 2015թ.-ից Նյու Յորքի համալսարանի հետ համատեղ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն իրականացնում է նաեւ երկարամյա «Սյունիք» հետազոտական ծրագիրը (համաղեկավարներ՝ Մ. Զարդարյան եւ Դ. Պոթթս):

«Սյունիքում պեղումներ ենք իրականացնում 2005թ.-ից, այդ աշխատանքները սկսեցինք Շաղատի, Բալաքի անտիկ բնակավայրերից, այնուհետեւ շաժվեցինք դեպի Ույծ, որից հետո, որպես մեր ծրագրերի օրինաչափ ընդլայնում՝ Աղիտու: Աղիտուի նախնական հետախուզումը տարիներ առաջ էինք կատարել եւ համապատասխան վերգետնյա գտածոներն ու աերոլուսանկարները թույլ էին տալիս դեռեւս նախքան պեղումները ենթադրել, որ բնակավայրը պետք է շատ հետաքրքիր լինի: Միայն Աղիտուի կոթող-մահարձանի առկայությունը տեղիք էր տալիս կարծելու, որ այդտեղ համապատասխան մշակութային «տրամաչափի» բնակավայր պետք է լինի», - նշեց արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը:

Նախնական հետախուզման ժամանակ դեռեւս մակերեսին հայտնաբերվեցին որոշ նյութեր (մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի խեցեղեն), որոնք թույլ տվեցին մասնակի պատկերացում կազմել այդ բնակավայրի ժամանակագրական ընդգրկման մասին: Հուշարձանը գտնվում է Աղիտու գյուղի հարավային ծայրամասում՝ անմիջապես Որոտանի կիրճին իջնող բլրի գագաթին: Պեղումները սկսվել են երկու պեղավայրով: Նախեւառաջ տեսանելի է միջնադարյան պարիսպը, որի մի մասը բացվեց պեղումների ընթացքում, բայց հստակ երեւում են նաեւ անտիկ դարաշրջանի պարսպի հետքերը եւ մեկ սենյակ, որի պեղման աշխատանքները սկսել էինք 2014թ. եւ շարունակեցինք 2015-ին: Այս սենյակի կենտրոնում տեղակայվել է քառանկյունի օջախը՝ շրջապատված չորս սյուներով, որոնցից պահպանվել են դրանց խարիսխները: Օջախը բավականաչափ երկար է օգտագործվել, ինչի մասին է վկայում տեւական ջերմությունից՝ նրա կավե հատակի թրծվածությունը: Ամենայն հավանականությամբ այնտեղ գլխատուն է կառուցված եղել: «Այս կառույցը մեզ որոշակի պատկերացում տվեց միջնադարյան Աղիտուի մասին, որից հետո շարունակեցինք պեղումները: Այստեղ շերտի խորությունը 4.5 մ է, որը լեռնային բնակավայրի համար միանգամայն պատկառելի խորություն է: Այժմ մենք հետզհետե հասնում ենք Աղիտուի անտիկ շերտերին: Հայտնաբերվել են բավականաչափ հետաքրքիր անտիկ գտածոներ, որոնք դեռեւս խառնված են միջնադարյան շերտերի նյութերի հետ, բայց արդեն նկատվում է ոչ միայն անտիկին, այլեւ հետուրարտական՝ Վաղ Երվանդյան շրջանին (Ք.ա. 7-5-րդ դդ.) պատկանող նյութերի առկայությունը: Այնպես որ, հնագետներիս սպասելիքներն Աղիտուից բավականաչափ մեծ են», - նշեց Մ.Զարդարյանը:

Պեղումներին եւ նոր հուշարձանների հետախուզությանը զուգահեռ, արշավախումբը զբաղվում է նաեւ Սյունիքի հին ճանապարհացանցի ուսումնասիրությամբ, որի տվյալների համաձայն՝ հին Աղիտուն՝ որպես Սյունիքի հանգուցային բնակավայրերից մեկը, գտնվում էր նահանգի պատմական ճանապարհների խաչմերուկներից մեկի վրա:

Մ.Զարդարյանի տեղեկացմամբ՝ արդեն վաղ միջնադարում Աղիտու ամրոցը պատկառելի բնակավայր է եղել, եւ այստեղ կոթող-մահարձանի առկայությունը միանգամայն տրամաբանական է: Որոշ ուսումնասիրություններ կատարելուց հետո պարզվեց, որ բնակավայրի մատույցներում միայն այդ կոթողը չի եղել. ամենայն հավանականությամբ այստեղ եղել է նաեւ եկեղեցի, որը, ցավոք, չի պահպանվել: «Հուշարձանի շրջակայքից գտնվել են հետաքրքիր ճարտարապետական դետալներ, որոնք պատկանում են շատ ավելի խոշոր ճարտարապետական կառույցի, գուցեւ եկեղեցու: Կարելի է եզրակացնել նաեւ, որ ենթադրյալ եկեղեցին բավականին երկար կյանք է ունեցել, որովհետեւ քարերի մի մասը պատկանում է զարգացած միջնադարին՝ 12-13-րդ դարերին, այսինքն՝ ավելի ուշ շրջանի, քան կոթող-հուշարձանն է: Ակներեւաբար՝ այդ ճարտարապետական համալիրն Աղիտուի բլրին գտնվող բնակավայրի հետ փոխկապակցված է եղել», - նշեց արշավախմբի ղեկավարը:

Պեղումների ընթացքում հայտնաբերված հսկայական ծավալի խեցեղենը գերազանցապես կենցաղային բնույթի է՝ կարասներ, խոհանոցային անոթներ, սեղանի սպասք եւ այլն: «Ես չէի ասի, որ դա արտակարգ խեցեղեն է, բայց հնագետների համար միշտ չէ, որ առաջնային է գտածոների եզակիությունը, շատ կարեւոր է նաեւ նյութի վիճակագրական ուսումնասիրությունը», - նշեց Մ.Զարդարյանը եւ հավելեց, որ այս տեսանկյունից Աղիտուն հետաքրքիր է նաեւ իր ոսկրաբանական նյութի մեծ քանակով ու դրա տեսականիով: Այստեղ գրեթե հավասարաչափ մասնաբաժիններով հայտնաբերվել են թե՛ մանր, թե՛ խոշոր կենդանիների ոսկրաբանական գտածոներ, ինչը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ Աղիտուում հավասարապես զբաղվել են այդ կենդանիների բուծմամբ: Հատկանշական է, որ հիշյալ նյութերի շնորհիվ հնարավոր է պարզել նաեւ, թե տվյալ կենդանին ինչ նպատակով է օգտագործվել՝ որպես մսացու, թե որպես լծկան: Բացի մանր եւ խոշոր կենդանիների ոսկորներից՝ այստեղ ֆիքսված են նաեւ գայլի, արջի, ազնիվ եղջերվի, ձիու, ուղտի, էշի եւ այլ կենդանիների ոսկորները: «Իհարկե, կենդանաբանական գտածոների ուսումնասիրությունը դեռեւս ընթացքի մեջ է, բայց առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող այդ նյութերի միջոցով հնարավոր է պարզել տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կացութաձեւը, կենցաղը եւ այլն, որ շատ կարեւոր է, քան մի գեղեցիկ անոթը (թեպետ գեղեցիկ անոթից էլ չենք հրաժարվի)», - նշեց հնագետը եւ հավելեց, որ դեռեւս այսքանը կարող է ասել Աղիտուում կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: Ինչպես նշեց Մ.Զարդարյանը, ամեն ինչ դեռ առջեւում է, քանի որ այդ բնակավայրի աերոլուսանկարները ցույց են տալիս նրա հստակ պլանավորումը՝ փողոցներ, առանձին բնակելի թաղամասեր եւ այլն: Մասնագետների կարծիքով՝ դա շարքային բնակավայր չէ, հնարավոր է, որ այն նույնիսկ իշխանանիստ քաղաք է եղել, եւ նման ենթադրության հիմքերից մեկն էլ կոթող-հուշարձանի հարեւանությամբ գտնվելն է: «Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Սյունիքը Հայաստանի մյուս շրջանների համեմատությամբ աչքի է ընկնում նաեւ իր իրապես խիտ բնակեցմամբ պատմական գրեթե բոլոր շրջաններում, ապա նման նշանակալի բնակավայրի առկայությունը միանգամայն օրինաչափ է», - պարզաբանում է հնագետը:

Թերեւս խիտ բնակեցված լինելու պատճառներից մեկն էլ լեռնային հողի բերրիության հանգամանքն է: Ոչ հարթավայրային այդ «համեստ» դարավանդներից մարդիկ ստացել են առավելագույն բերք: Բնակչության խտության մասին է վկայում նաեւ Սյունիքում հայտնաբերված հուշարձանների քանակը:

«Որոտան» ծրագրի շրջանակներում հետազոտվող հաջորդ հուշարձանի՝ Ույծի պեղումների ժամանակ նրա բլուրներից մեկի վրա տեղակայված կառույցում բացեցին հացահատիկի պահեստավորման համար երկու մեծ քարաշեն հորեր, յուրաքանչյուրն՝ առնվազն երկու տոննա ծավալով: Ներքուստ կավասվաղով պատված եւ քարե կափարիչներով ծածկված այս կառույցները հուսալիորեն պաշտպանում էին բերքի մեծ ծավալները: Այս հորերը թվագրվում են Ք.ա. 7-5-րդ դարեր, եւ ֆլոտացիոն ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ դրանք հաստատապես հացահատիկի հորեր են եղել: Այնտեղ պահվել է գարու եւ ցորենի ընտելացված սորտերի մի ստվար ընտրանի: Այդ բնակավայրն ավերվել էր. կառույցի հատակին հայտնաբերված հրդեհի հետեւանքով առաջացած փլվածքները, այրված գերանների ու պատերի հետքերը դա էին վկայում: «Ռադիոկարբոնային անալիզների շնորհիվ կարողացանք բացահայտել ողջ տեղամասում ծավալված հրդեհի ժամանակը, բայց տվյալ կառույցում հնարավոր եղավ պարզել նաեւ դրա կոնկրետ տարեշրջանը. հաշվի առնելով, որ բացվելու պահին հորերը դատարկ էին, բայց զմռսված, թույլ է տալիս ենթադրել, որ զավթիչները հորերը չէին թալանել: Հավանաբար բնակավայրի ավիրումը եղել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, քանի որ այդ ժամանակ նախորդ տարվա բերքն արդեն սպառված է լինում, իսկ նոր բերքը՝ դեռեւս չամբարված», - պարզաբանեց հնագետը:

Ինչ վերաբերում է Ույծին, ապա, Մ.Զարդարյանի խոսքերով, դա մի զարմանալի հուշարձան է, հատկապես երբ խոսքը վաղ երկաթեդարյան՝ Ք.ա. 13-12-րդ դարերի բնակավայրին է վերաբերում: Վերջինիս միայն պարսպապատ հատվածը շուրջ 100 հա է, որն իրապես հսկա տարածք է: Սա այն դեպքում, երբ օրինակ՝ Աթենքն իր ամենածաղկուն ժամանակաշրջանում 50 հա-ից ավելի տարածք չի զբաղեցրել: Մասնագետի հավաստմամբ՝ հարյուրավոր տարիներ են պետք այդ հսկա տարածքում աշխատանքներն ամփոփելու համար: Ույծում կյանքը շարունակվել է մինչեւ միջնադար, այնտեղ ե՛ւ անտիկ, ե՛ւ միջնադարյան շերտեր կան, բայց դժբախտաբար՝ տեղի բնակչությունը, ճանապարհաշինարարներն ու այլք ավերել եւ դեռ շարունակում են ավերել այս, ինչպես եւ տարածաշրջանի այլ պատմական հուշարձանները:

Մկրտիչ Զարդարյանի հավաստմամբ՝ Սյունիքը մեզանում արտակարգ է մի քանի մակարդակներով: Նախեւառաջ՝ ոչ այնքան մեծ տարածաշրջան լինելով՝ Արշակունիների բանակին նա տվել է ամենաշատ զորքը (19400 հեծյալ): Սա նույնպես բնակչության խտության ցուցանիշ է. չէ՞ որ նահանգը նման քանակի զորք տրամադրելով հանդերձ՝ պետք է շարունակեր իր ակտիվ տնտեսական գործառույթները: Գտնվելով Իրանից Հյուսիսային Կովկաս տանող ճանապարհների հանգուցակետում՝ այն նաեւ շատ կարեւոր դերակատարում է ունեցել միջտարածաշրջանային տարանցիկ առեւտրի ոլորտում: Բուն աշխարհագրական դիրքից բացի, դրան նշանակալիորեն նպաստել է նաեւ Սյունիքում տարաբնույթ հումքի (օբսիդիան, պղինձ, երկաթ եւ այլն) առատությունը:

«Բայց պետք է արձանագրել նաեւ, որ, իր պատմամշակութային արժեքից բացի, Սյունիքն աչքի է ընկնում սեփական հուշարձանների հանդեպ սյունեցիների մի մասի ոչ բարեխիղճ վերաբերմունքով: Ես չեմ տեսել Հայաստանում այդպիսի մի շրջան, որտեղ այդպես «նպատակային» քանդեն պատմական հուշարձանները: Գանձախուզության մոլուցքը Սյունիքում սարսափելի է, եւ եթե այդպես շարունակվի, ես չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց տեղի պատմական հուշարձաններն ամբողջովին կործանվեն: Այդ ոչնչացմանը հատկապես նպաստում են հանքերի շահագործումը, ճանապարհների, գազատարների կառուցումը եւ այլն: Ընդ որում՝ այս ամենը կատարվում է առկա օրենքների ակնհայտ խախտումներով, սակայն դրանց նախաձեռնողները որեւէ պատիժ չեն կրում», - իր վրդովմունքն արտահայտեց Մկրտիչ Զարդարյանը:

«Իսկ միգուցե պատճառը սեփական արժեքները չճանաչելն է» դիտարկմանը հնագետը պատասխանեց, որ բազում արդարացումներ կարելի է գտնել, բայց դրանցից ոչ մեկն իրական արդարացում չէ: «Մենք սիրում ենք սեղանների շուրջ խոսել մեր ազգային արժեքներից, բայց գործնականում բոլորովին հակառակ պատկերն է: Պատմական արժեքներ պահպանելու համար պատասխանատու են բոլորը՝ իշխանական օղակներից մինչեւ հասարակ քաղաքացին», - նշեց Զարդարյանը եւ հավելեց, որ պեղումներին մասնակցող տեղացիների շրջանում բացատրական աշխատանքներ են անցկացնում, ինչն, իհարկե, իր արդյունքը տալիս է, բայց դա բավարար չէ: Ի վերջո, ամենամեծ ավերողը շարունակում է մնալ ինքը սյունեցին, մինչդեռ նա է այդ տարածքի լիարժեք տերը:

«Ույծում կատարված որոշ ավերածությունների հետ կապված՝ առիթ եմ ունեցել ոստիկանության եւ դատախազության հետ առնչվել ու հիասթափվել, քանի որ նրանք չեն կատարել իրենց տված խոստումները խնդրի լուծման վերաբերյալ: Իսկ ավերումները շարունակաբար ծավալվում են: Անգամ առանձին դեպքերում դատական գործերի ավարտին հասցնելու պարագայում՝ պատժվում է շարքային կատարողը, բայց ստվերում է մնում նրա «պատվիրատուն»», - իր մտահոգությունն է հայտնում Մկրտիչ Զարդարյանը:

Արշավախմբի ղեկավարի հավաստմամբ՝ աշխատանքների ընթացքում առաջացող զուտ գիտական խնդիրների լուծման ուղիներ միշտ էլ գտնում են, այլ հարց է հայտնաբերված պատմական  հուշարձանների պահպանությունը, որ, ինչպես արդեն նշեցինք, Սյունիքում ցածր մակարդակի վրա է գտնվում: Մինչդեռ, մշակութային խնդիրներն ունեն նաեւ կիրառական՝ քաղաքական չափում, հատկապես Սյունիքի նման մարզում: Ի վերջո, եթե մենք ինքներս մտահոգ չենք մեր երկրի մշակութային ժառանգության պահպանման հարցում, ապա ի՞նչ ենք պահանջում մեր հարեւանններից:

Պատմական հուշարձանների պահպանման գործում հնագետը կարեւորում է երիտասարդության եւ լրատվամիջոցների դերը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հանդիպել է բազում երիտասարդների, ովքեր ավելի սրտացավ են պատմական արժեքների պահպանման հարցում, քան տարբեր ատյանների ղեկավարներ:

Սյունիքում, ինչպես մասնագետներն են վկայում, անցած տասնամյակներում հնագիտական ուսումնասիրություններ քիչ են կատարվել: Մկրտիչ Զարդարյանի հավաստմամբ՝ սա ուներ իր որոշակի պատճառները. անցյալում Գիտությունների ակադեմիան համապատասխան ֆինանսական միջոցներ չի ունեցել այստեղ լայնածավալ պեղումներ իրականացնելու համար: Բացի դրանից՝ զգալի էր նաեւ մասնագետների պակասը՝ տվյալ տարածքի լիարժեք ուսումնասիրության համար: Եվ եթե Արարատյան դաշտավայրը համեմատաբար լավ է ուսումնասիրվել, ապա նույնը չի կարելի ասել Սյունիքի, Լոռու, Աշոցքի մասին: Վերջին տարիներին իրավիճակը հետզհետե փոխվում է. բավական է ասել, որ Սյունիքում արդեն իրագործվում են երեք շարունակական միջազգային հնագիտական ծրագրեր, որոնք միտված են քարեդարի (ղեկավար՝ Բորիս Գասպարյան), պղինձ-վաղբրոնզեդարի (ղեկավար՝ Պավել Ավետիսյան) եւ անտիկ դարաշրջանի (ղեկավար՝ Մկրտիչ Զարդարյան) նպատակային հետազոտմանը:

«Ավելի քան տասը տարի աշխատելով Սյունիքում՝ չեմ դադարում հիանալ այս շրջանով, այն ամեն տարի մի նոր անակնկալ է մատուցում հնագետներիս: Սյունիքն իսկապես մի հրաշք է, մնում է տիրություն անել նրա նույնքան հրաշալի հուշարձաններին», - նշեց Մկրտիչ Զարդարյանը:

Մկրտիչ Զարդարյանը պարզաբանեց նաեւ, թե ինչու տարածաշրջանից հայտնաբերված գտածոները չեն հանգրվանում տեղի երկրագիտական թանգարաններում: Նա նշեց, որ նախեւառաջ նյութերը տեղափոխվում են մայրաքաղաք՝ տարաբնույթ մասնագիտական ուսումնասիրության համար: Բացի դրանից՝ Սյունիքի թանգարանները չունեն համապատասխան տարածքներ եւ միջոցներ դրանք պատեստավորելու, վերականգնելու եւ ցուցադրելու համար: Մարզի երկրագիտական թանգարանները մեծ դժվարություններով փորձում են հավուր պատշաճի պահպանել իրենց առկա նյութերը, իսկ նոր, այն էլ մեծաքանակ գտածոների համար համապատասխան պահոցներ են անհրաժեշտ: Չնայած անձնակազմի շարունակական ջանքերին՝ նրանց պրոբլեմները չեն պակասում: «Թեեւ, ի վերջո, Սյունիքից հայտնաբերված նյութերը, ցուցադրվելով մայրաքաղաքի պատմության թանգարանում, աշխատում են նախեւառաջ Սյունիքի համար», - եզրափակեց Մկրտիչ Զարդարյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվելուց հետո կրկին պեղումներ են կատարվել Աղիտու ամրոց-բնակավայրում, որոնց հետագայում, հնարավորության դեպքում, թերթի էջերում կանդրադառնանք:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25