Նա իր կյանքը երգ դարձրեց

28.01.2022 10:22
1924

Մինչև իր մուտքը պատերազմի ու քաղաքականության այս ժամանակներ՝ Վազգեն Սարգսյանը լավ գրող էր. բառը, միտքը, կերպարը, գործողությունը նրա առջև սպիտակ թղթի վրա այնքան հնազանդ ու ճշգրիտ էին, այնպես էին շարժվում ու քեզ իրենց հետ տանում, ինչպես լինում է լավ զորահրամանատարից կառավարվող մարտադաշտում. էմոցիաների շռայլում չուներ, բոլոր բառերը վարժ զինվորի նման կարևոր ու պարտադիր մասն էին գլխավոր մտքի, բոլոր կերպարներն իրենց պարտքը կատարում էին գերազանց,- և սպիտակ թղթի վրա մեր 25-30-ամյան տոնում էր հաղթանակի բերկրանքը՝ ճիշտ մարտը շահած զորահրամանատարի նման. ասել է թե՝ Վազգեն Սարգսյանը շատ լավ գրող էր, ինչը այդ տարիքում միայն եզակիներին է տրվել, և ասել է թե՝ շատ լավ գրողները կարող են շատ լավ զորա­հրամանատարներ լինել ճիշտ այնպես, ինչպես լավ հրամանատարները լավ էլ գրողներ են դառնում. վկայությունների կարիքը չկա: Նշանակում է, թե գրի, գրականության ուրախությունը, պատմելու, պատմություն կառուցելու հրճվանքն ամեն մի հառնող մեծության անկապտելի հատկանիշն է, թե բառերը նրանց գրիչների տակ չեն մեռնում, թե պատմությունները նրանց լեզուների տակ չեն մեռնում-ծնվում ու խաղում են որպես կենդանի գործն ինքը: Եվ գործը նրանց ձեռքի տակ չի մեռնում-ծնվում, հաստատվում, զորանում, տրվում է խոսքի, պատմելիքի, պատմության: Նրանք բախտավոր ծնունդ են, նրանք բառի բուն իմաստով լոգոսի՝ մեծագիր բանի ժառանգորդներն են, նրանց բանը գործ է և գործը՝ բան:

Մտածվող-չասվող, մտածվող սև հոգիներում գիշերաբուի պես դարանած խոսք կա՝ թե քայքայման ու պատերազմի նետվեցին առաջինը նրանք, ովքեր ձախողվել էին խաղաղ աշխատանքի իրենց մարզերում: Միանգամից պետք է «այդպես չէր» ասել և այդ սև խոռոչների բերանը ծեփել: Այդպես չէ, իսկ Վազգենի վերաբերմամբ՝ ամենևին այդպես չէ:

Այլ խնդիր է, որ խաղաղ աշխատանքի այդ մարզերն ամենահաջողակներիս անգամ չէին գոհացնում, մեզ հաճախ պաշարում էր ծանր մղձավանջը, խելագար պոռթկումի պահեր էին լինում՝ երբ ուզում էիր գրիչն այդպես թողնել գրասեղանին ու փողոց նետվել՝ զենքը ձեռքիդ. դա ի՞նչ էր-երևի թե վերահաս աղետի կանխազգացումդ. գալիք փլուզումն իրեն մեր մեջ երևի թե զգացնել էր տալիս, երևի թե դա հուսահատ բողոքն էր մեր դատապարտվածության առջև, ինչի մեջ մենք որևէ մեղսակցություն չունեինք. մեր կյանքերից առաջ՝ մեզ չհարցնելով, գրել էին, թե պետք է ապրենք կես-կյանքով, և թե մեր թափած ջանքը խորտակվելիք նավի վրա է: Սա հասու էր բոլորիս, բայց աղետի ու վերածնության մարտահրավերն անմիջապես ընդունեցին քչերը, նրանք, ովքեր տեսան ու լսեցին այն, ինչ տեսան ու լսեցին. դա այդ քչերի, այդ առաջամարտիկների առաքինությունը չէր, ինչպես որ շատերիս, գրեթե բոլորիս մեղքն ու արատը չէր այն, որ հապաղեցինք-հապաղեցինք, որովհետև չտեսանք այն, ինչ տեսանք, խլացանք ու չլսեցինք այն, ինչ լսեցինք. չլսեցինք, որովհետև չուզեցանք հավատալ, որ մեր դուռը թակում է ինքը՝ ճակատագիրը:

Դրանք մեղք և առաքինություն էին դառնալու հետո, երբ նոր իրականությունը, երբ հաղթանակի և պարտության բեռը՝ իր ողջ ծանրությամբ ճնշեր, աղարտեր, աղավաղեր, ուղղակի փշրեր շատերիս, և շատերիս համար էլ կերտիչ դրվագումն լիներ՝ որպես կարմիր պղինձն է սառը կռնահարմամբ փոխվում անդրիի: Դրանք մեղք և առաքինություն էին կնքվելու հետո, երբ մեր դատախազները եպիսկոպոսի վեղար առնեին և պատերազմի ու փորձության ժամի մասին դատեին խաղաղության ու հավիտենության ժամանակների օրենքներով:

Հանձին Վազգենի՝ հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանկային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագելու էր մաքուր պղնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղա­դրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել, երբ թուրք ընկերոջ հետ բեռնավագոնները շիֆեր էր բարձում ու լավ քրտնում, երբ պիտի լավ լողանար, երբ պիտի ամբողջ 270 ռուբլի ամսավարձ ունենար, երբ հակառակորդը հիմար էր, երբ թշնամին խելքով ու զորությամբ գերազանցում էր իրեն,- այդ ամենի, ամբողջ աշխարհի առջև նա հաղթանակի և ուրախության բերկրանքով էր կանգնած, բերկրանքը նրա հոգու ու մարմնի ունեցվածքն էր: Նա համակել էր զորում իր բերկրանքով անգամ հակառակորդին, անգամ թշնամուն:

Եվ սա խոստովանություն չէ մեծ նահատակի առջև, սա այսօր հստակ գիտակցումն է անհրաժեշտության այն խոշոր անհատի, այն մեծ լավատեսի, որ այսօր պետք է կանգնած լիներ մեր ազգային պետական-քաղաքական հրապարակում, և կանգնած չէ: Նրա կենդանի ներկայությունը մեզ միմյանց և աշխարհի հանդեպ պահելու էր բոլորովին այլ կեցվածքով-նրա բացակայությունը բեկբեկում է մեր խոսքը, և մեր քայլը հաստատուն չէ:

Այո՛, խելառվում և մոխրագունում-մոխիր էր կտրում նենգության հանդեպ, այո՛, արմունկներով տղա էր, բայց կայացած ո՞ր անհատը չի պինդ արմունկների մարդ եղել-իմ ու ձեր Քրիստո՞սը, իմ ու ձեր Դրո՞ն, Նժդե՞հը, Մեսրոպ Մաշտո՞ցը, Քեմալ Աթաթո՞ւրքը, թե՞ Մեծ հայրենականի փառաբանված գեներալներից մեկնումեկը: Մարդկային պարզ փառասիրության և չկամների ու չկամության մեր զանգվածի միջով իրենց ճանապարհը նրանք բացում են արմունկներով. արմունկ բանեցնելը նրանց մենք ենք պարտադրում, որովհետև մեր հոգիներում գեներալներն իրենք չեն-մենք ենք:

Մենք բոլորս գեներալներ ենք-մենք բոլորս փրկիչներ ենք, մենք բոլորս մանթաշովներ ենք, մենք բոլորս կաթողիկոս ենք, շարքային հացակերի մեր կյանքերը մենք այնպես ենք քշում հանրության միջով, ինչպես գութ ու գրոշ շաղելով՝ Մանթաշովն էր իրեն տանում առավոտյան ժամերգության, ինչպես կաթողիկոսն է հպատակ հավատացյալների գլուխների վրայով տանում իրեն, ինչպես գեներալներն են տողանցում քարացյալ շարքերի միջով:

Մենք բոլորս պողոս-առաքյալներ ենք՝ մեզ նեցուկ ունենալու, մեզնով շտկվելու, մեզնում ապաստանելու հրավեր ենք կարդում ընկածներին, խեղվածներին, հաշմերին, և նրանք այլևս մեր հպատակներն են, մեր թագավորության բնակիչները, մենք նրանց վրա թագավոր-պարոն-տեր ենք: Մենք նրանց մեզ համար պատվանդան ենք անում և մեր բարձրերում կարող ենք գոհանալ, թե նրանց մենք սիրում ենք՝ այդ ընկածներին, խեղվածներին, հաշմերին, թե մեր թագավորությունը խղճի ու գութի արքայություն է:

Իսկ ովքեր գեներալական մեր շքեղ շքերթի առջև հնազանդ կանգնած չեն՝ նրանք արդեն թշնամի ու թշնամական բանակից են, ովքեր հաշմ ու խեղված ու ընկած չեն՝ նրանք արդեն մոլորյալ ու կորուսյալ են: Մենք դժվար, անասելի դժվար ենք ընդունում, որ մենք Մանթաշով չենք, Մանթաշովը մենք չենք, մենք առաքյալ չենք, Պողոս առաքյալը մենք չենք, մենք հպատակեցնում ենք անասելի հրճվանքով և հպատակվում ենք անասելի տհաճությամբ:

Եվ ուրեմն՝ ես փառք եմ ասում, մեծ մարդու հիշատակի առջև ես շնորհակալություն և փառք եմ ասում իր զորակիցներին ու զինակիցներին, ովքեր իրենք իրենց հաղթելով՝ կենդանի միջանցք դարձան հերոսի և գործչի երթի համար, ովքեր նրա մեջ տեսան իրենք իրենց՝ թարմ ու նորոգ, իրենք իրենց՝ եռանդուն, իրենք իրենց՝ ջահելաբար քաջ, իրենք իրենց՝ սթափ, իրենց՝ խելամիտ ու պատրանքների չտրվող, բայց և պատրանքները նյութականացնող, իրական զորություն դարձնող, որպես ոգին է մարմին առնում, որպես մարմինն է զորանում ոգով:

Փառք մեզ՝ որ կարողանում ենք մեծարել, մեծացնել և հավատալ, որ կանչում ենք և հավատում՝ որ մեր ամենալավերը կհառնեն մեզնից և մեզանով:

 

05 մարտի, 2000 թ.

Հրանտ Մաթեւոսյան

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31