Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

14.12.2015 12:29
2076

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. եւ 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների եւ զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում եւ անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում եւ զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել են ինչպես, ընդհանուր առմամբ, քաղաքային միջավայր ձեւավորելու, այնպես էլ մարզի արդյունաբերության, տնտեսության զարգացման առումով: Որպեսզի կարողանանք լուրջ եւ էական զարգացում ապահովել, մենք պետք է կարողանանք պահել ու պահպանել եղածը: Ինչո՞ւ եմ այս խնդրին ուշադրություն դարձնում, որովհետեւ կասկած չունեմ, որ ձեզ էլ է հայտնի միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետեւանքով հանրապետության լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ Սյունիքի կոմբինատներում ստեղծված դժվարին իրավիճակը: Իհարկե, մենք շնորհակալ պետք է լինենք սեփականատերերին, այդ կոմբինատներում աշխատող կոլեկտիվներին, որոնք ամեն ինչ անում են, որ գրեթե զրոյական շահույթի պայմաններում պահպանեն ձեռնարկությունների բնականոն աշխատանքը: Եվ այս իրավիճակում մարզի ղեկավարության՝ մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է՝ ցուցաբերել ամենայն աջակցություն այդ ձեռնարկություններին:

Հաջորդ ոլորտը, որը, իմ կարծիքով, մեծ ներուժ ունի՝ զբոսաշրջությունն է: Տաթեւն իր վանական համալիրով, ճոպանուղով, մեր հարավի, այսպես կոչված, զարդն է՝ ձգող մագնիսը: Վստահ եմ՝ ձեզ էլ է հայտնի, թե ամեն տարի որքան է ավելանում Տաթեւ այցելող զբոսաշրջիկների թիվը՝ լինեն նրանք օտարերկրացիներ, թե տեղացիներ. մի քանի տասնյակ անգամ ավելացել է այդ մարդկանց թիվը: Մենք պետք է կարողանանք որոշակի խնդիրներ լուծել: Նախ՝ պետք է կարողանանք կապել Վայոց Ձորի եւ Սյունիքի զբոսաշրջային երթուղիները: Սա մի ամբողջական շղթա պետք է լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերն իրար շարունակություն են կազմում, եւ զբոսաշրջիկների համար շատ հարմար է ամեն անգամ չվերադառնալ Երեւան, այլ շարունակել ճանապարհը: Երկրորդ՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր պատմամշակութային հուշարձանները գտնվեն բարեկարգ վիճակում: Ամենակարեւորը՝ այնտեղ սեփական նախաձեռնություններով, առանց նախագծերի ինչ-որ կառույցների կամ անհարկի միջամտության դեպքեր չլինեն, բացառվեն: Անթույլատրելի է փչացնել բնությունը եւ հատկապես այն բնությունը, որ շրջապատում է այդ պատմամշակութային հուշարձանները: Շատ խիստ մոտեցում պետք է ցուցաբերվի այս հարցին:

Մենք այս տարի արդեն կհայտարարենք մրցույթ եւ հաջորդ տարվա գարնանից կսկսենք մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծրագրի՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը՝ հարավային հատվածից: Գարնանը կսկսվի Ագարակ-Քաջարան հատվածի շինարարությունը՝ 150 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, եւ այստեղ էլ մենք դարձյալ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի աջակցության կարիքը ունենք: Մարդիկ պետք է հասկանան, որ այն անօրինական շինությունները, որ կառուցվել են ճանապարհի այդ հատվածում, պետք է ստանան համարժեք գնահատական: Սա՝ մեկ: Երկրորդ՝ անշուշտ, այդ հատվածում մի փոքր ավելի քիչ, բայց հետագա հատվածներում անհրաժեշտություն է առաջանալու սեփական հողատարածքների հետգնում: Եվ այս առումով էլ մարդկանց հետ պետք է բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի չխոչընդոտեն ծրագրի իրականացումը: Այդ ծավալի շինարարությունը, անկասկած, նաեւ զգալի հավելյալ աշխատատեղեր է ապահովելու:

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հինգ միլիարդ դրամից ավելի ներդրում ենք կատարել Սյունիքի առողջապահական համակարգում: Վերանորոգել ենք Գորիսի, Կապանի հիվանդանոցները: Շուտով կբացենք Մեղրու նորակառույց հիվանդանոցը: Բայց, այդուհանդերձ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզից դուրս բժշկական օգնության դիմողների քանակն էապես չի կրճատվում, չնայած այն հանգամանքին, որ Սյունիքը մեր ամենահեռավոր մարզն է: Ուրեմն, այստեղ խնդիր կա, եւ մարզպետարանը դրա լուծման ուղղությամբ շատ մեծ աշխատանք ունի կատարելու: Ժամանակակից առողջապահական հաստատությունը միայն լավ պայմաններն ու ժամանակակից սարքավորումները չեն: Այստեղ նաեւ մասնագետների խնդիր կա, եւ այդ խնդիրը պետք է լուծել: Սյունիքից բազմաթիվ մարդիկ են ուսանում Երևանի բժշկական ուսումնական հաստատություններում: Մասնագետների հետ պետք է աշխատել, ստեղծել պայմաններ, որպեսզի հետ վերադառնան:

Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել եւ, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: Պետք է այնպես աշխատել, ինչպես՝ Կապանի տարածաշրջանում պտղի, հատապտղի վերամշակման ձեռնարկության գործարկման դեպքում: Ես վստահ եմ, որ մեր առեւտրային բանկերն էլ կօժանդակեն հավելյալ միջոցներով, որպեսզի այդ ձեռնարկությունը կայանա: Բայց նաեւ չափազանց կարեւոր է աշխատանքը գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ: Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ֆերմերներ պանիր են արտադրում տարածաշրջանում, սակայն արտադրում են ամենատարբեր տեսակի: Պետք է այնպես անել, որ այս մարդիկ միավորվեն միությունների մեջ, արտադրեն այնպիսի տեսակի պանիր, որպիսին շուկայում պահանջված է: Ես տեղյակ եմ, որ գյուղատնտեսության նախարարը եղել է այնտեղ, եւ որոշակի պայմանավորվածություն կա, բայց մենք դանդաղ ենք առաջ շարժվում այս ուղղությամբ: Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են:

Սյունիքում շատ մեծ նշանակություն են տալիս գիտելիքին, կրթությանը: Մենք վերջին տարիներին այնտեղ ներդրումներ ենք կատարել, բայց հիմա մեծ ծրագիր ենք նախատեսում դպրոցաշինության բնագավառում, ավելի ստույգ՝ իրականացնելու ենք հաջորդ տարվանից: Եվ բնական է, որ այդ ծրագրում ներառված են նաեւ Գորիսի, Կապանի, այլ բնակավայրերի դպրոցները: Այստեղ եւս մեծ ներդրումներ ենք կատարելու: Ամեն անգամ, երբ ես ուսումնական տարվա արդյունքներով պարգեւատրումներ եմ կատարում նախագահի նստավայրում, մեդալակիրների շարքում, անպայման, սյունեցիներ են լինում: Պայծառ երեխաներ են: Մենք պետք է կարողանանք զարգացնել այդ արդյունքները, կարողանանք կոլեկտիվները համալրել նաեւ ուսուցչական որակյալ եւ երիտասարդ կադրերով», - խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրել է ըստ ոլորտների Սյունիքի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, առկա հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին եւ Սյունիքի մարզպետին hանձնարարել է գրեթե զրոյական շահութաբերության պայմաններում աշխատող հանքարդյունաբերական ընկերություններին աջակցության նպատակով մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ խնդիրների համատեղ հաղթահարման աշխատակարգ որդեգրել՝ միտված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման հարցում պետության աջակցությանն ու անմիջականորեն տեղային կարգավորման ենթակա հարցերում առավել օժանդակություն ցուցաբերելուն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է Սյունիքի մարզի առանձին տարածաշրջաններում պտուղ-բանջարեղենի եւ անասնաբուծական մթերքի վերամշակման, սննդամթերքի անվտանգության ապահովման եւ արտահանման շղթայի կատարելագործման նպատակով՝ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզում ժամանակակից սպանդանոցների, ինչպես նաեւ սառնարանային տնտեսությունների կառուցման եւ գործող արտադրությունների վերազինման ծրագրերին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Մարզի զբոսաշրջության ներուժի բազմակողմանի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարի եւ ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել Սյունիքի մարզի հիմնական զբոսաշրջային հանգույց հանդիսացող Գորիս եւ Մեղրի համայնքները եւ մարզի մշակութային ժառանգության առանձին արժեքները՝ նախատեսելով անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների (այդ թվում՝ հյուրատների, արհեստագործական արտադրամասերի, օրգանական սնունդ եւ ըմպելիք արտադրող գործող եւ սկսնակ ՓՄՁ-ների խրախուսում, կառավարման ոլորտի հմուտ աշխատուժի պատրաստում) զարգացման աշխատանքներ՝ համապատասխան առաջարկությունների ձեւավորման գործընթացում ներառելով տեղական ինքնակառավարման մարմիններին եւ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման եւ կառավարման բարելավման նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի ծավալուն արդիականացման արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման եւ առանձին նեղ մասնագետներով ապահովման հստակ միջոցառումներ ձեռնարկելով:

ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է համակողմանի աջակցություն ցուցաբերել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Քաջարան-Ագարակ հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին, ինչպես նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մարզի զբոսաշրջային հանգույցների եւ մշակութային ժառանգության օբյեկտների հարեւանությամբ գտնվող տարածքների քաղաքաշինական զարգացման կանոնակարգման ուղղությամբ:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման խնդիրներին:

president.am

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14