Նախաքննական ու վերահսկողական ինչ բացեր է ի ցույց դնում «Ջրականի գումարտակի գործը»

21.08.2024 11:12
277

2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել էր ավելի քան երկու հազար քրեական գործ։ Այդ գործերից մեկն էլ Ջրականի (Ջաբրայիլ) զորամասի ուսումնական գումարտակի վարույթն է։ Այն ի ցույց է դնում իրավապահ մարմինների, տվյալ դեպքում՝ դատախազության և քննչական մարմինների գործերի քննության ընթացքին առնչվող խնդիրներն ու հիմնահարցերը, ինչպես նաև բարեփոխումների անկատարությունը և բացակայութունը։

Զինվորական դատախազության պատասխան գրությունն արդեն երկու տարի է՝ դրված է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Լևոն Գալստյանի հուշանկյունում։ Զոհված զինվորի մայրը՝ Արմինե Գալստյանը, 2022-ի մայիսին գրությամբ դիմել էր գլխավոր դատախազին (այդ ժամանակ գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն էր)՝ պնդելով, որ նախաքննությունը թերի է իրականացվել, բացի այդ, իր որդու դին սխալ ընթացակարգերով են ընտանիքին փոխանցել։ Նա նաև հայտնել էր, որ իրեն պետք է ներգրավեն որպես տուժող։ Այս բոլոր բողոքներին ի պատասխան՝ Արմինեն ստացել էր մեկ էջ պարունակող գրություն։

 

Արմինե Գալստյան

 

«Ես ութ թերթ գրել եմ՝ նշելով բոլոր խնդիրները, ինձ անբովանդակ պատասխան են տրամադրել։ Հետո ասում են՝ ծնո՛ղ, հանգի՛ստ եղիր։ Ծնողն ինչպե՞ս հանգստանա, եթե արդարություն չկա»,- ասում է Արմինե Գալստյանը։

Ռազմական դատախազության՝ զոհված զինվորի մորն ուղղված պատասխանում միայն նշվում է, որ հանցագործության մասին հաղորդումը կցվել է համապատասխան քրեական գործին։ Արմինե Գալստյանն առ այսօր չի հարցաքննվել և ոչ էլ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել։

2020-ի պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ակտիվ մարտական գործողությունների վայր տեղափոխվեցին Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի 5-րդ հրաձգային ուսումնական գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների)։ Նրանց մի մասը ընդամենը երկու ամսվա ծառայող էր, որոշներն էլ անգամ երդման արարողությանը չէին մասնակցել։ Զինվորների գերակշիռ հատվածը առավելագույնը երեք անգամ էր մասնակցել կրակային վարժանքների։ Պատերազմից հետո զինվորների մեծ մասը տուն այդպես էլ չվերադարձավ։ Առ այսօր գումարտակի գործը քննվում է դատարանում։ Ամբաստանյալի աթոռին միայն մեկ սպա է՝ Իշխան Վահանյանը, այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։

Գործի ոչ լիարժեք քննություն

Զինված ուժերում հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության ամենաառաջնային խնդիրները, որ բացահայտվում են ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում, պատասխանատու անձանց շրջանակի թերի կամ ոչ լիարժեք բացահայտումն է։

Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ու իր թիմը Ջրականի զորամասի գործով ներգրավվել է հենց նախաքննության փուլից։ Նա շուրջ երեսուն տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ է։

 

Գուրգեն Գրիգորյան

 

«Նախաքննությանը յոթ փաստաբանով ենք մասնակցել, քանի որ շատ մեծ էր նախաքննության մարմնին չվստահելու հանգամանքը ծնողները ճիշտ էին այն տեսանկյունից, որ նախաքննական մարմինը նպատակ էր դրել գործը շուտ ավարտել և ուղարկել դատարան։ Արդյունքում այսօր այն վիճակն ունենք, որ տուժածների մեծ մասը որպես տուժող ներգրավված չեն։ Տուժող է ճանաչվել գործով անցնող անձանց մոտ քսան տոկոսը»,- ասում է փաստաբանը՝ շեշտելով, որ նախաքննական մարմինը քննությունը ավարտին չի հասցրել։

Նախաքննական մարմինը քննել է գումարտակի զինվորների մասնակցությամբ տեղի ունեցած միայն մի հանցագործության դեպք՝ 2020-ի հոկտեմբերի 10-ի գործողությունների վերաբերյալ, երբ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը լքել էր դիրքերը։ Անդրադարձ չի կատարվել մինչ այդ ու դրանից հետո սպաների գործողություններին։

«Ցավոք, խնդիրը չի սկսվում ու չի ավարտվում 2020-ի պատերազմի քրեական գործերի քննությամբ։ Հայաստանում պրակտիկա է ձևավորվել, որ նման կատեգորիայի գործերը չպետք է բացահայտվեն»,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը։

Այսպիսով՝ նախաքննությունն այդպես էլ չի տվել մի շարք առանցքային հարցերի պատասխանները, մասնավորապես, պարզ չէ, թե քանի զինծառայոող է զոհվել և ում գործողությունների կամ անգործության հետևանքով։

Հոկտեմբերի սկզբին վաշտերից մեկը լքել է իր տեղակայման վայրը, որի արդյունքում ճեղքվել է պաշտպանական շրջանի մի հատված։ Հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարը լքելուց հետո գումարտակը անկանոն նահանջ է կատարել՝ ցրվել են տարբեր ուղղություններով, դիրքերում այդ պահին եղել են զինվորներ ու նրանց ճակատագրի մասով սպաները քայլեր չեն ձեռնարկել։ Այս բոլոր հարցերի պատասխանը չի տրվել։

2020-ի հոկտեմբերի 8-9-ին գումարտակի վաշտերից մեկի կազմում հարակից գերեզմաններ տեղափոխված զինվորներից մեկն էլ պատերազմի ժամանակ զոհված Աշոտ Մարիտիրոսյանն էր։

«Ամսի 8-ի լույս 9-ի գիշերը երեխեքին տարել են Այգեստան գյուղի այսպես կոչված՝ թուրքի գերեզմանները։ Տարել են սպաները, թողել այնտեղ ու հեռացել՝ իբր բնագիծ գծելու, պնդել են, թե կռիվն ավարտվել է։ Վաթսուն հոգանոց վաշտից երկու տասնյակ զինվոր է մնացել, որդիս էլ էր փրկվել այդ ժամանակ»,- ասում է Աշոտի հայրը՝ Հովհաննես Մարտիրոսյանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանի խոսքով՝ քննության նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորված է համակարգային խնդրով՝ որպես կանոն իրավապահները գտնում են «քավության նոխազին», նրա վրա բարդում որոշ հանցանքներ ու կողքի քաշվում։ Պատահական չէ, որ ամբաստանյալի աթոռին միայն մեկ սպա է։

Բարեփոխումները կիսատ են կամ ոչ թիրախային

Իրավաբանների կարծիքով՝ այս, ինչպես նաև նմանաբնույթ բազմաթիվ քրեական գործեր գալիս են ապացուցելու, որ նախաքննական համակարգում իրականացված բարեփոխումները թերի են կամ ոչ թիրախային։

Նախաքննության որակի բարձրացման քայլեր չեն առաջարկում նաև ռազմավարական փաստաթղթերը ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2022-2026-ի ռազմավարությունում նախաքննական մարմինների վերաբերյալ հատվածում խոսվում է էլեկտրոնային համակարգերի ներդրման, բարեվարքության ու տեխնիկական զինման մասին, սակայն քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ոչինչ չկա։

Միաժամանակ ձգձգվում է էլեկտրոնային համակարգերի ներդրումը, օրինակ՝ «Էլեկտրոնային դատարան» միասնական կառավարման համակարգն արդեն 2024-ի հունիսին պետք է գործարկված լիներ, սակայն տեղափոխվեց տարեվերջ։

Քննիչների կարողությունների զարգացման մասին դրույթներ էր պարունակում դատաիրավական բարեփոխումների 2019-2023-ի ծրագիրը։ Այդ ծրագրի համապատասխան նախապատրաստվել էին մի շարք դասընթացներ, որոնք իրականացվեցին մինչև 2020-ի կեսերը։

«Նախաքննության խնդիրների մասին պետք է նաև խոսվի ռազմավարություններով։ Դրանք կարևոր հարթակ են, որ պետք է ուշադրության արժանանան և չափազանց կարևոր են արդարադատության համար»,- նշում է Անի Չատինյանը։

Դատախազության և քննչական կոմիտեի պարզաբանումները

ՍիվիլՆեթը գրավոր հարցում ուղղեց դատախազություն՝ խնդրելով մեկնաբանել զոհված զինվորների ծնողների ու փաստաբանների, ինչպես նաև իրավապաշտպանների քննադատությունները։

Դատախազությունը պատասխան չտրամադրեց՝ նշելով, որ որևէ վիճակագրություն չի վարվում այդ ուղղությամբ։

Քննչական կոմիտեից էլ պարզաբանեցին, որ «նախաքննական մարմինը հնարավոր ամեն ինչ իրականացնում է, հատկապես զինված ուժերում տեղի ունեցած հանցագործությունների քննության արդյունավետ իրականացման ուղղությամբ»։

«Ձեռնարկվում է օբյեկտիվ և համակողմանի քննություն՝ հանցագործությունների բացահատման նպատակով։ Վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացվող դատավարական որոշումները, մեղադրանքին կամ գործին առնչվող հանգամանքները, ինչպես նաև քննությունների ընթացքն ու դրանց օրինականության ապահովման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը»,- հայտնեցին ՔԿ-ից։

Քննչական գործերում խնդրահարույց են նաև ժամկետները, մասնավորապես, փորձաքննություններինը։ ՄԻԵԴ վճիռների կատարման 2021-ի վերլուծության համաձայն՝ «որպես կանոն փորձաքննությունների մեծ մասը բաժին է ընկնում զինվորական դատախազությանը»:

Ըստ հետազոտողների՝ «Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պական դա­տա­րա­նի կա­յաց­րած վճիռ­նե­րից բխող ընդ­հա­նուր միջոց­նե­րի կի­րառ­ման խնդիր­ներն ա­ռա­վե­լա­պես առ­կա են ի­րա­վակի­րառ պրակ­տի­կա­յում՝ փոր­ձաքն­նութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման չհիմ­նա­վոր­ված եր­կար ժամ­կետ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված»։

Քննչական կոմիտեում չեն բացառում, որ քննության ընթացքում օբյեկտիվ իրողություններ են առաջացել ու առաջանում, որոնք կարող են ազդել վարույթների ժամկետների վրա։ Այս տեսանկյունից ՔԿ-ն ևս ամենաէականը համարում է նշանակվող փորձաքննությունները։

«ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ ժամկետներ է նախատեսել քրեական հետապնդման իրականացման համար, որը քննիչները անտեսել չեն կարող։ Հետևաբար շատ դեպքերում վարույթների ձևականության վերաբերյալ գնահատականները սուբյեկտիվ ընկալման արդյունք են»,- ամփոփեցին ՀՀ քննչական կոմիտեից։

ՄԻԵԴ վճիռները

Նախաքննության մասով դժգոհությունները սրվում են նաև խաղաղ պայմաններում մահերի դեպքում։

Այն, որ զինված ուժերում կատարված հանցագործությունների քննությունը արդյունավետ չի ընթանում, արձանագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով։ Նման արձանագրում կա Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի վճռով՝ զինծառայող Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը խախտելու վերաբերյալ: ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել էր մահացած զինծառայողի մորը՝ Նանա Մուրադյանին, վճարել 20 հազար եվրո փոխհատուցում՝ արձանագրելով, որ «պատշաճ քննություն չի իրականացվել գործի բացահայտման համար»։ Նույնատիպ արձանագրումներ մենք տեսնում ենք 2024-ին կայացրած Վարյանն ընդդեմ Հայաստանի վճռով՝ արձանագրելով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ։

 

Անի Չատինյան

 

Անի Չատինյանն առաջարկում է, որ նախաքննական մարմինները և դատախազը ՄԻԵԴ վճիռները կիրառեն որպես ուղեցույց «Եվրոպական դատարանն իր վճիռներում նշում է բոլոր այն հանգամանքները, որոնք պետք է իրականացվեին ու չեն իրականացվել»,- նշեց մեր զրուցակիցը։

Զինվորական հանցագործությունների շրջանում գումարտակի գործը առաջինը և վերջինը չէ, որըժ վկայում է քննչական ու վերահսկողական թերությունների մասին։ Նման իրավիճակ կա «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով, Ցորի հրետանավորների գործով, Ազատ գյուղում զինծառայողների մահվան գործով և այսպես շարունակ։

Նախաքննական, իսկ հետագայում՝ դատաքննական մարմինների հանդեպ անվստահությունը հանգեցնում է հիասթափության։ Այդ առումով գումարտակի գործով հիասթափվածները շատ են պատահական չէ, որ գործով որպես տուժողներ են ներգրավված ռազմական գործողության մասնակիցների ու նրանց ծողների միայն 20 տոկոսը։

Դիտեք նաև՝

 

 

civilnet.am

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19