ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆ. “Հայաստանի Հանրապետության շահը մեզ համար ամենաբարձրն է”

16.08.2014 11:00
6960

Հարցազրույց “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հետ

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նոր պաշտոն է ընկերության կառավարման համակարգում: Այդ պաշտոնում նշանակվել է Նարեկ Ամբարյանը: Նրա հետ զրույցի ընթացքում խորամուխ չեղանք գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնեական պարտականությունների մեջ եւ դրանից բխող հարցեր չառաջադրեցինք: Ավելի շատ փորձեցինք պարզաբանել այն հարցերը, որոնք հանրությանն այսօր հետաքրքրում են` կապված կոմբինատի ղեկավարության փոփոխության հետ, ինչն ավելի հրատապ համարեցինք:


Ծնվել է 1974 թվականին Երեւանում, ծառայողի ընտանիքում: Ոսկե մեդալով ավարտել է Երեւանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոցը: 1990-95թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետըª ստանալով իրավաբանի որակավորում: 1995-97թթ. որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում, վարել տարբեր հրամանատարական պաշտոններ: 1997 թվականից հանրապետության դատախազության համակարգում է, աշխատել է ստաժոր-քննիչ, քննիչ, ավագ քննիչ, տեւական ժամանակ եղել է հանրապետության զինվորական դատախազության հատկապես կարեւոր գործերով քննիչ: Հետո նշանակվել է հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, բաժնի պետ:
2012 թվականին դուրս է եկել դատախազության համակարգից, նշանակվել հանքարդյունաբերությամբ զբաղվող “Ֆրիդոմ ռեսուրսիզ” ընկերության գլխավոր տնօրեն:
2014 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է “Զանգեզուրի ՊՄԿ” ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:
Արդարադատության առաջին դասի խորհրդական է:
Ամուսնացած է, ունի երկու որդի:


– Պարո°ն Ամբարյան, մենք տեղյակ ենք, որ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲ ընկերության ղեկավարության փոփոխությունը տեղի ունեցավ ընկերության բաժնետերերի 2014 թվականի հունիսի 24-ի ժողովում: Կարելի° է փոքր-ինչ ավելի հանգամանալից խոսել այդ ժողովի մասին, քանի որ բաժնետերերն այդ օրը քննարկել են նաեւ զարգացման ծրագրեր, ընկերության համար հեռանկարային խնդիրներ:

– Ընդհանուր առմամբ մենք տեղեկացված ենք, թե բաժնետերերն ինչ որոշումներ են կայացրել հունիսի 24-ի ժողովում, բայց ժողովին չենք մասնակցել եւ մեծ առումով իրավասու չենք ժողովից խոսել: Ժողովին մասնակցել են բաժնետերերը, նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, “Քրոնիմետ մայնինգ” ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկին, այդ ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Հայլը: Ինչպես հայտնի է, բաժնետերերի ժողովը որոշել է փոփոխություն կատարել ընկերության կառավարման ձեւի մեջ: Եթե նախկինում եղել է երկաստիճան կառավարում, այսինքնª եղել է բաժնետերերի ժողով եւ օպերատիվ ղեկավարումն իրականացնող մարմինª տնօրինություն, այժմ ստեղծվել է միջանկյալ մարմինª խորհուրդ, որին օրենքով նախատեսված որոշ լիազորություններ են վերապահվել: Դա պայմանավորված է ընկերությունն ավելի արդյունավետ կառավարելու, ընկերության առջեւ դրված խնդիրներն ավելի օպերատիվ լուծելու, ընկերության ու պետության շահերը հնարավորինս արդյունավետ ապահովելու անհրաժեշտությամբ: Ու բաժնետերերն այն համոզմանն են, որ կառավարման այս մեխանիզմն առավել արդյունավետ կլինի:

Որքանով մենք տեղեկացված ենք, այս հարցը մի օրում չի առաջացել, քննարկվել է, ներառվել է ընկերության ընդհանուր զարգացման պլանի մեջ, եւ, ընդհանրապես, “Քրոնիմետ” ընկերությունների խումբն անընդհատ զարգացող օրգանիզմ է, ու կառավարման, արտադրության կազմակերպման, լճացումից խուսափելու նկատառումով ժամանակ առ ժամանակ ենթադրվում են նոր փոփոխություններ:

– Շրջանառվող ամենատարբեր վարկածներին եւ ասեկոսեներին վերջ տալու համար կուզենայինք Ձեզանից պաշտոնական խոսք լսել. ինչո°ւ փոխվեց “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲ ընկերության ղեկավարությունը: Ի°նչը հանգեցրեց ղեկավարության փոփոխությանը:

– Եթե խոսքը վերաբերում է նախկին գլխավոր տնօրենին, ապա նա այժմ զբաղեցնում է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի բարձր պաշտոնը, շարունակում է իր դերակատարությունն ունենալ ընկերության կառավարման գործում: Իսկ թե կոնկրետ ինչո°ւ է նա փոխվել, ապա մեր լիազորություններից դուրս է այդ հարցի մեկնաբանումը:

Նոր թիմի առանցքային դեմքերին երեւի նոր գլխավոր տնօրենը կներկայացնի, բայց ասեմ, որ շատ բան չի փոխվել: Կառուցվածքային նախատեսված մոդելով նոր մենեջմենթը հաստատված է, պարզապես իրականությունը կարող է թեթեւակի փոփոխություններ մտցնել: Մեծ բան չի փոխվել ընկերության կառավարման կառուցվածքում: Երկու առաջին տեղակալ կաª Աշոտ Մարգարյանը գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է եւ տեխնիկական տնօրեն, ես եւս գլխավոր տնօրենի առաջին տեղակալ եմª դրանից բխող լիազորություններով ու պատասխանատվության ծավալով, կա տնօրենների եւս մի խումբª վարչական, ֆինանսական, կոմերցիոն: Ամփոփեմ. ընկերության կառուցվածքը սովորական, ստանդարտ միջազգային մեծ ընկերությունների կառավարման համար համարյա ամենուրեք ընդունված մոդել է: Այս կառուցվածքում ո°չ բաժնետերերը, ո°չ մենք հակված չենք փոփոխություններ անել, միգուցե որոշ բաժիններ մի կառույցից տեղափոխվեն մյուսը, բայց մարդիկ մնալու են իրենց տեղերում, աշխատելու են, դեռ ավելինª փորձելու ենք նրանց ավելի մեծ ազատություն, գործելու լայն շրջանակ ու հնարավորություն տալ:

– Որքանով տեղյակ ենք, ընկերության նոր գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոնը պաշտոնում ընտրվել է միջազգային մրցույթի արդյունքում: Ասում են նաեւ, որ նա հանքարդյունաբերության ոլորտի փորձառու մասնագետ է եւ մինչ այդ Հայաստանում տեւական ժամանակ աշխատել է:

– Այդպես է: Կարծում եմ, սակայն, ինքն իրեն հանգամանալից կներկայացնի: Նա, իրոք, մեծ փորձ ունիª աշխատել է հանքարդյունաբերության ոլորտում, տարբեր երկրներում պատասխանատու շատ պաշտոններ զբաղեցրել, այդ թվում եւ Հայաստանում: Գլխավոր տնօրենի մրցույթը “Քրոնիմետ” ընկերությունն է անցկացրել միջազգային չափանիշներին համապատասխան եւ խորհրդին առաջարկել է Ստիվենսոնի թեկնածությունը:

– Մոտ մեկ ամիս է անցել Ձեր պաշտոնավարումից: Հավանաբար հասցրել եք հարմարվել նոր աշխատավայրին, նոր միջավայրին, կոլեկտիվին, ինժեներատեխնիկական անձնակազմին եւ գործերի դրությանն առհասարակ: Ճի°շտ եմ գուշակում:

– Այդ ճանապարհին ենք: “Ի°նչն է կարեւոր” հարցին այս դեպքում կպատասխանեմª մեզ համար ամենակարեւորը մարդն է, աշխատավոր մարդը, ով կոմբինատում բարիք է ստեղծում իր համար, իր ընտանիքի համար, մեր պետության համար, ապա միայն` բաժնետերերի եւ կոմբինատից եկամուտ ակնկալող մարդկանց: Շատ կարեւոր է ընկերության համար, որ վարչատնտեսական օղակը հստակ գործի, կառավարման համակարգում ադմինիստրատիվ մարմինը շատ մեծ նշանակություն ունի, բայց այդպիսի մարմին ստեղծվում է, որ տեղում աշխատող մարդն իրեն ավելի վստահ զգա: Երբ առաջին անգամ սկսեցինք ծանոթանալ մարդկանց հետ, նրանք հաճելիորեն զարմացրին մեզ իրենց տեսակովª հայրենի հողի վրա ամուր կանգնած, շիտակ խոսքը երեսին ասող, իրենց գործին նվիրված, եւ դա մեզ համար նախª շատ հաճելի էր եւ հետոª պարտավորեցնող:

Մենք գիտակցում ենք, որ կարեւորը միայն ձեռնարկությունը չէ, կա քաղաք, մարզ, հանրապետություն, որոնց կյանքում մեր ընկերությունը շատ մեծ դերակատարություն ունի, եւ հանքագործն է, որ բոլորի համար բարիք է ստեղծում: Եվ մեր աշխատանքի հիմնական նպատակը տեսնում ենք այն բանում, որ անկախ նրանից, թե մարդն ինչ հաստիք է զբաղեցնում, ով իր կյանքն ու կենսագրությունը կապել է այս կոմբինատի հետ, պիտի լինի ուշադրության կենտրոնում, մեր ձեռնարկության հաջողություններն իրենց անդրադարձը պիտի ունենան յուրաքանչյուր ընտանիքում: Մարդը պիտի իմանա` եթե ձեռնարկությունն առաջընթաց, հաջողություններ ունի, ապա դա պիտի զգա իր կենցաղում, իր կենսամակարդակի բարձրացման վրա, իր ծնողների, զավակների բարեկեցության վրա:

– Նման իրավիճակների համար ավանդական մի հարց պիտի ուղղեմ Ձեզ. ի°նչ ժառանգություն եք ստացել նախկին կառավարիչներից, ներկայացրեք, խնդրեմ, ընդհանուր գծերով:

– Գիտե°ք, մենք տարիների մեծ փորձ ունեցող ձեռնարկություն ենք ժառանգել, որ ընդհանուր առմամբ առողջ տնտեսություն ունի եւ ունակ է նորից վերարտադրվելու: Մեր առջեւ հստակ նպատակ ենք դրել շարունակել ընկերության բնականոն զարգացումը, որ այն կանգ չառնի: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ընկերության թեկուզ մի քանի ժամ պարապուրդը կամ ոչ արդյունավետ աշխատանքը մեր երկրի տնտեսության վրա ինչ բացասական ազդեցություն են ունենալու: Եվ հակառակըª ընկերության արդյունավետ աշխատանքով է պայմանավորված, թող վերամբարձ չհնչի, մեր երկրի բարեկեցությունը: Ճիշտն ասածª մենք դեռեւս գտնվում ենք գնահատման, մարդկանց հետ ծանոթանալու փուլում: Բայց առաջին տպավորությունն այն է, որ մարդիկ, ապավինած իրենց մասնագիտական որակներին, բարձր մակարդակով կատարում են իրենց պարտականությունները: Նման մեծ ձեռնարկությունում, բնականաբար, թերություններ, բացթողումներ կարող են լինել, որոնք եւ նախկին ղեկավարությունը փորձել է շտկել, եւ շատ բան է արել, ու մենք էլ այդ ճանապարհով գնում ենք:

– Արդ, ո°րն է լինելու Ձեր թիմի հիմնական կարգախոսը, ձեր գլխավոր առաքելությունը:

– Ապահովել ձեռնարկության անխափան զարգացումը: Ի դեպ, “Քրոնիմետ” ընկերության հիմնական սկզբունքներից մեկն է` “Բարեկեցություն բոլորի համար”: Դա նաեւ սրտամոտ է մեզ: Առաջին հերթին մեր նպատակը հարկերի վճարման տեսքով պետության համար եկամուտների մեծ մուտքեր ապահովելն է: Հայաստանի Հանրապետության շահը մեզ համար ամենաբարձրն է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա համահունչ չէ բիզնեսի կանոններին: Բայց բաժնետերերն էլ այդ կարծիքին են. ձեռնարկության գործունեությունից պետությունն առավելագույն օգուտ պիտի ստանա: Իսկ դա ինչի° հաշվին պիտի լինիª իհարկե արտադրության ծավալները մեծացնելու, աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, նվազ ծախսերով առավել արդյունքի հասնելու եւ այլ ձեռնարկումների հաշվին:

– Այստեղ գալուց առաջ մարդիկ որոշ մտահոգություններ են փոխանցել մեզ, որոնցից մեկի մասին կուզեինք պարզաբանում ստանալ: Խոսքը Քաջարան գյուղի մասին է: Ավելի ճիշտ` կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշման մասին, ըստ որիª Քաջարան գյուղի մի քանի հարյուր հա հողատարածք պետք է դասվեր ընդերքօգտագործման հողերի կատեգորիայի շարքը: Մարդիկ ցանկանում են իմանալ, թե նոր կառավարիչները նախկինների հավակնություններն ունենալո°ւ են գյուղի տարածքի հանդեպ: Շատերին է հուզում հարցը, քանի որ Քաջարանը սահմանապահ գյուղ է, ունի դարերի բովանդակալից տարեգրություն:

– Հարցի ոչ արտադրական մասի վերաբերյալ կարող եմ պարզաբանում տալ, բայց քանի որ խնդիրը կապված է արտադրության ընդլայնման հետ, ըստ իսª պարոն Մարգարյանըª տեխնիկական տնօրենը, քաջատեղյակ է այդ հիմնախնդրին եւ ավելի ստույգ կարող է պատասխանել: Բայց ուզում եմ մի կարեւոր հանգամանք շեշտել. մենք պատրաստ չենք եւ չենք պատրաստվում որեւէ մեկին նեղացնել եւ անօրինական մի բան անել, որեւէ քայլ անել, որ բարոյականության սահմաններից դուրս է: Մեր երկրում ամեն ինչ քննարկվում է, ամեն ինչի շուրջ կարելի է համաձայնության գալ, պետք է ընկալել հիմնախնդիրը: Հաճախ բարձրացվող հարցը շատ զգացմունքային է լինում, դա էլ հասկանալի է: Բայց զգացմունքայնությունը կարելի է բերել իրականության դաշտ, հարցը սթափ տրամաբանությամբ քննարկել ու լուծել: Համենայն դեպս, մենք բուլդոզերներով չենք պատրաստվում գրոհել Քաջարան գյուղի վրա:

– Եվ վերջումª ասվածից զատ կուզենայի°ք, որ հավելյալ խոսք ուղղեիք կոմբինատի աշխատակիցներին, քաղաքի բնակիչներին եւ մարզի հասարակությանն առհասարակ, եթե, իհարկե, կամենում եք ու ասելիք ունեք:

– Նախեւառաջ բարձր եմ գնահատում բոլոր այն սերունդների ներդրումը, որ կա “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲ ընկերության կայացման ու զարգացման մեջ, այն ընտանեկան, մասնագիտական գերդաստանների առկայությունը, որոնք ձեւավորվել են տասնամյակների ընթացքում եւ, իբրեւ հանքագործների դինաստիա, ամուր պահել կոլեկտիվը, ապահովել սերնդափոխություն: Ընկերությունը, նրանում աշխատող եւ արարող մարդիկ Հայաստանի եւ հատկապես նրա հանքարդյունաբերության պարծանքն են: Եվ մենք ամեն ինչ պիտի անենք, որ սերունդների կապը չընդհատվի, որ ավելի բարձրանա նրանց բարեկեցությունը, ովքեր իրենց ապագան կապել են կոմբինատի հետ:

Հարցազրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06