Ներկայի ու անցյալի միջև. Տեղ գյուղում ապրող արցախցի կինը հայացքով հաճախ է տուն «հասնում»

11.07.2024 10:31
565

Սյունիքից Արցախ հարս եկած Մարգարիտա Ղուշունցը Արցախի հայաթափումից հետո ընտանիքի անդամների հետ սահմանապահ Տեղ գյուղում է ապրում՝ ծննդավայրում։ Ինչպես զրուցակիցս է ասում՝ ներկայի ու անցյալի հենց մեջտեղում։ Իրենց այսօրվա տանը պատշգամբը ուղիղ Բերձորին է նայում․ իսկ Արցախի հյուսիս-արևելյան հատվածի եղանակը շատերի պես ոչ թե համացանցից է կարդում, այլ սեփական աչքերով նայում։

«Երեկոյան ժամերին, երբ պատշգամբում թեյ խմելու ենք գալիս, ուղիղ նայում ենք Արցախին։ Սուրճ խմել չեմ կարողանում․ հիշում եմ նախորդ տարի այս օրերը, որ սուրճ չկար, բայց մենք մի կերպ ստեղծում էինք, պեղում ու ընկերներով մեկ կոնֆետը բաժանելով վայելում պահը։ Հիմա այնքան դժվար է ամեն օր նայել Արցախին, իմանալ այնտեղի եղանակը, երբեմն նաև այդ եղանակին համապատասխան հագնվել, բայց «հայացքով վազելուց» անգամ տեղ չհասնել»։

Տեղ գյուղում տասնմեկ հոգով են ապրում։ Մարգարիտայի երեք երեխաներն էլ անչափահաս են, նրանք բոլորն էլ Արցախում են ծնվել։ Լուսիան ու Արթուրը հասցրել են ճանաչել Արցախի իրենց տունը, բակը, մանկապարտեզն ու դպրոցը։ Իրենց թաղամասում երեխաների հետ ամենաակտիվ կռվող ու խաղաղացողներն էին։ Հիմա տարբեր հարցեր են ուղղում ծնողներին, որոնք գրեթե միշտ անպատասխան են մնում։

«Մենք լավաշ գնում ենք Կոռնիձորից ու գնում ենք դեպի Արցախ տանող ճանապարհով։ Արթուրն ամեն անգամ հարցնում է՝ եթե այն կողմից ավտոմեքենա է գալիս, ինչու՞ մենք դեպի Արցախ չենք կարող գնալ։ Կամ հարցնում են՝ տուն ենք գնու՞մ։ Հարցերը տարբեր են լինում, պատասխաններն են նման՝ լռությամբ»,- ասում է Մարգարիտան։
Մեծ աղջիկը՝ Լուսիան, փորձում է մեծավարի պահել իրեն, շատ բան է հասկանում ու մայրիկին հարցերով կրկնակի տանջել չի ուզում։ Սակայն պահվածքով հասկացնում է Արցախի հանդեպ իր կարոտը։

«Վերջերս մասնակցել է «Երիտասարդ հայուհի» մրցույթին։ Առաջին օրը նրան ներկայացրին մասնակից՝ Սյունիքից։ Աղջկաս ցավ պատճառեց այդ փաստը «ինչու՞ Արցախից չասացին»։ Ինձ ստիպեց խոսել կազմակերպիչների, հանդիսավարների հետ, որ հաջորդ փուլերում նրա անուն ազգանունը հնչեցնելուց հետո ասեն Արցախից։ Բացի այդ՝ ստիպեց մի քանի օր շուտ գալ Երևան, այստեղ կարգին պատրաստվել, Արցախի տարազ գտնել, որպեսզի պատշաճ ներկայանա։ Լուսիան առաջին հորիզոնականը զբաղեցրեց ու ամենամեծ ուրախությունը՝ Արցախը ներկայացնելով առաջին հորիզոնական զբաղեցնելն էր»,- պատմում է Մարգարիտան, որ իր կարոտից, ցավից բացի տանում է նաև երեխաների մտահոգությունները, կարոտը։

Մեկ տարեկան Ռոզիի գործն էլ գործ չէ․ այս մտահոգ մարդկանց անընդհատ ժպտալ է ստիպում, ամբողջ օրը բլբլում ու քայլել փորձում։ Շատախոս լինելը մայրիկին է նման։ Մարգարիտան մասնագիտությամբ լրագրող է և հղիության ընթացքում ակտիվ լրագրությամբ է զբաղվել, վարել Արցախի հանրային ռադիոյի «Արցախ» լրատվականի ուղիղ եթերները։

«Հիմա այնքան անսովոր է, երբեք այսքան, այսպես կոչված, անգործ չեմ եղել։ Արցախում երեխաներս չնայած փոքր էին, աշխատանքի էի շտապում, և էլի կշտապեի, բայց․․․։ Սպասում եմ մի քիչ էլ Ռոզին մեծանա ու անպայման կաշխատեմ»,- ասում է նա։

Հարցնում եմ՝ ինչ հաճախականությամբ ես ներկայի ու անցալի միջև նստած թերթում Արցախում արված լուսանկարները, պատասխանում է․

«Գրեթե ամեն օր մեր նկարներն եմ նայում։ Վախենում եմ ասել, բայց կարծես՝ անցյալում ավելի երջանիկ էի։ Հիմա ապրում եմ ազգականներիս մոտ, բայց հեռու իմ 15 տարվա առօրյայից։ Հեռու են մոտ ընկերներս, մյուս հարազատներս։ Տարին մեկ, երկու անգամ եմ նրանց տեսնում, կարոտս էլ չեմ հասցնում առնել։ Մինչդեռ Արցախում ամեն օրս էի նրանց հետ»,- ասում է Մարգարիտան։

Անդրադառնալով ապագային՝ չգիտի՝ ինչ խոսել։ Այն որ Հայաստանում է շարունակելու ապրել, դեռ չի քննարկվում։
«Ես իրատես մարդ եմ ու որքան էլ բարդ լինի ասելը, չեմ կարծում որևէ մի օր ոտքս Արցախի հողում կդնեմ, բայց երազում եմ, որ գոնե երեխաներս իրենց երեխաներին ու ապագա սերունդներին Արցախ տանելու հնարավորություն ունենան։ Գոնե իրենց դպրոցը ցույց տան։ Չեմ ասում տունը, որովհետև անկասկած կքանդեն այն»,- ասում է զրուցակիցս։

Արցախից բերած բույրը, որը իրենք հավանաբար միայն նմանեցնում են, ամեն անգամ բորբոքում է սրտում ունեցած ցավը, իսկ Տեղ գյուղի զով քամին, հոգատար քրոջ պես «փչում» է մրմռացող ցավին։
 

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50