Ներսես Շադունց. «Չստացվող գործ չկա, պարզապես պետք է նվիրվել»

09.02.2017 11:21
3039

Այցեքարտ

Ներսես Շադունց. ծնվել է 1969թ. հունիսի 11-ին Տեղ գյուղում: 1986թ. ավարտել է Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1986-1993թթ. սովորել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետում՝ ստանալով անասնաբույծ-ինժեների որակավորում: 1987-89թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1996-1997թթ. աշխատել է Տեղի գյուղխորհրդում՝ քարտուղար, 1997-99թթ.՝ Տեղ համայնքի գյուղապետի տեղակալ, 1999-2002թթ. եղել է Տեղ համայնքի ղեկավար:

2005-2012թթ. եղել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, 2012-2013թթ՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ:

2013 թվականից Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամանով նշանակվել է գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնում:

2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրվել է Տեղ բազմաբնակավայր համայնքի ղեկավար:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:


Տեղ բազմաբնակավայր համայնքը՝ Տեղ կենտրոնով, ներառում է յոթ բնակավայր՝ Տեղ, Կորնիձոր, Քարաշեն, Խանածախ, Խոզնավար, Վաղատուր, Արավուս: Բնակչությունը՝ մոտ 6000 մարդ, որից 4090 ընտրող: Ընդհանուր առմամբ համայնքն ունի 1410 տնտեսություն, 14 հազար 861 հա ընդհանուր հողատարածք, որից՝ 5900 հա վարելահող: Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ներսես Շադունցը՝ 2708 կողմ քվեով:

2016թ. նոյեմբերի 7-ից աշխատանքային պարտականություններին անցած համայնքի ղեկավարի համոզմամբ՝ չստացվող գործ չկա, պարզապես պետք է գործին նվիրվել: Այս կարճ ժամանակահատվածում համայնքում մի շարք աշխատանքներ են իրականացվել. ամբողջովին վերանորոգվել է Տեղի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության տանիքը, փոխվել են լուսամուտները, բնակավայրերում իրականացվում է աղբահանություն, վերանորոգվել է համայնքապետարանի տանիքը, Քարաշենում լուսավորության անցկացման համար փողոցներում արդեն հենասյուներ են տեղադրվել եւ այլն: Ն.Շադունցը նշեց, որ լուրջ ուշադրություն են դարձնում բնակավայրերում աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների իրականացմանը:

«Աշխատանքային պարտականություններիս անցնելու անմիջապես երկրորդ օրը զբաղվել եմ այդ հարցով: Մինչ խոշորացումն այս յոթ բնակավայրից վեցում գործում էին գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք ԾԻԳ-ի ծրագրի շրջանակներում տեխնիկա էին ձեռք բերել: Ներկայումս պայմանագիր ենք կնքել ու բյուջեից, չնայած որ սուղ են պայմանները, գումար ենք հատկացնում տվյալ բնակավայրում աղբահանության աշխատանքը կազմակերպելու համար», - նշեց համայնքապետը:

Դիտարկմանը, որ կարծես հանրապետությունում համայնքների խոշորացման գործընթացը հարթ չի ընթանում, Շադունցը պատասխանեց. «Ժողովուրդը պետք է շոշափելի արդյունք տեսնի, քանի դեռ նա սեփական մաշկի վրա չի զգացել խոշորացման առավելությունը, նրան չես համոզի»: Հավելելով նա տեղեկացրեց նաեւ, որ տարբեր ծրագրեր կիրականացվեն, որոնց արդյունքում քաղաքացին անպայման կզգա տարբերությունը:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով եւ Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ Տեղ խոշորացված համայնքում կիրականացվի 248,91 մլն դրամի ներդրում, որի շնորհիվ ըստ նախապես ներկայացրած հայտի համայնքը ձեռք կբերի համապատասխան տեխնիկա՝ աղբատար մեքենա, աղբամաններ, գրեյդեր, տեխսպասարկման մեքենա, միկրոավտոբուս, էքսկավատոր եւ այլն:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվում է Տեղ բնակավայրում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցու վերանորոգումը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 90մլն ՀՀ դրամի ներդրում, որի շրջանակներում կիրականացվեն հուշարձանի ապամոնտաժման եւ վերակառուցման, եկեղեցու շրջակայքի բարեկարգման, դեպի եկեղեցի տանող ճանապարհների վերանորոգման աշխատանքներ:

Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում մանրամասն ներկայացվել են հետագա անելիքները, որոնցից հատկապես առանձնացրինք հետեւյալ կետերը՝ բազմավեկտոր գյուղատնտեսության զարգացում, համայնքի բնակավայրերում նախադպրոցական եւ արտադպրոցական ուսուցման կազմակերպում, տրանսպորտային հաղորդակցության համակարգի ստեղծում, բնակավայրերի կառուցապատում, բարեկարգում, կանաչապատում, սանիտարական մաքրում, աղբահանության իրականացում եւ գերեզմանատներին առնչվող խնդիրների կարգավորում, զբոսաշրջության խթանում, անասնապահության ոլորտում բարեփոխումների իրականացում, համայնքի ճանապարհների բարեկարգում, լուսավորության ցանցի ստեղծում եւ բարելավում, ոռոգման եւ խմելու ջրի ցանցերի կառուցում եւ բարենորոգում, երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում եւ այլն:

Ինչպես գրեթե բոլոր համայնքներում, այստեղ նույնպես չլուծված բազում խնդիրներ կան, որոնցից առաջնայինը Խանածախի խմելու ջրի հարցի լուծումն է: Ն.Շադունցի հավաստմամբ՝ հնարավոր բոլոր տարբերակները պետք է կիրառեն հարցին դրական լուծում տալու համար. «Չգիտեմ՝ դա կլինի ՌԶԳ-ի, ԾԻԳ-ի, մարզպետարանի, համայնքի, թե բարերարի միջոցներով, բայց հարցը պետք է լուծվի: Եթե Խանածախում ջրի հարցը լուծենք, Կորնիձորում էլ լուսավորության հարցը պետք է լուծվի, մի համայնքում՝ գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, խճապատման, մյուսում՝ գազիֆիկացման եւ այլ խնդիրներ կան: Մի խոսքով՝ յուրաքանչյուր բնակավայր իր խնդիրն ունի»: Ի դեպ, Խոզնավար, Խանածախ եւ Վաղատուր գյուղերը գազիֆիկացվել են, բայց այնտեղ բաժանորդներ չկան: «Մարդիկ կարծեք դեռ չեն հավատում, որ համայնքը գազիֆիկացվել է», - կեսկատակ-կեսլուրջ նշում է համայնքապետը եւ հավելում, որ համայնքային օբյեկտները գազիֆիկացնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում, հուսով են՝ բնակիչներն էլ կհետեւեն այդ օրինակին եւ կօգտվեն կապույտ վառելիքից:

«Չեմ կարող համայնքների խոշորացմանը միանշանակ դրական կամ բացասական պատասխան տալ, դա թողնենք ժամանակի հայեցողությանը: Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, ճիշտ կլիներ Խանածախ, Խոզնավար եւ Վաղատուր համայնքները մեկ խոշորացված համայնք դարձնել: Չեմ ասի, թե յոթ բնակավայրի միավորումը մեկ համայնքում դժվարացրել է մեր աշխատանքի կազմակերպումը, ընդհակառակը, համայնքի զարգացման դրական տեղաշարժ արդեն իսկ նկատվում է: Հասցնում եմ լինել բոլոր բնակավայրերում, երեւի թե ամենաքիչ ժամանակը Տեղում եմ անցկացնում, որովհետեւ այստեղ աշխատակազմը կատարում է աշխատանքները», - նշեց Ն.Շադունցը:

Համայնքի խոշորացման հետեւանքով, սակայն, համայնքային բյուջեի ձեւավորման սկզբունքի ու ծավալի փոփոխություն տեղի չի ունեցել. եկամուտների զգալի մասը (շուրջ 70%) ձեւավորվում է պետբյուջեից համայնքին տրամադրվող ամենամյա դոտացիայից: Ուստի համայնքի եկամուտների փոփոխությունը մեծապես պայմանավորված է նշված դոտացիայի չափից: Հաշվի առնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ (ՀՆԱ-ի աճը՝ 3.4% 2017թ. եւ 4% 2021թ.)` ակնկալվում է, որ պետական մակարդակով շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունենա դոտացիայի ավելացման առումով: «Բյուջեի ծավալը կարող է փոխվել համայնքում գանձվող հարկերի չափի ավելացմամբ: Քանի որ մեր հնգամյա զարգացման ծրագիրը ներառում է նաեւ գույքի եւ հողային հարկերի գանձման արդյունավետության բարձրացման ռազմավարություն, ակնկալվում է, որ դրա շնորհիվ մոտակա հինգ տարվա ընթացքում համայնքի եկամուտները որոշակիորեն կավելանան», - նշեց համայնքապետը:

Հաշվի առնելով, որ 1999-2002թթ. Ներսես Շադունցն աշխատել է Տեղի գյուղապետ՝ փորձեցինք զուգահեռ անցկացնել այն տարիներին եւ ներկայումս իշխանության հանդեպ ժողովրդի վերաբերմունքի միջեւ: Նրա կարծիքով՝ այս ժամանակահատվածում շատ բան չի փոխվել, յուրաքանչյուրն զբաղված է իր աշխատանքով: Գյուղացին իրավունք չունի ասել, որ աշխատատեղ չկա գյուղում, նա ունի իր սեփականությունը, զբաղվում է գյուղատնտեսությամբ, այլ հարց է, թե արդյոք կարողանում է իրացնել իր արտադրանքը: «Տարիներ շարունակ մեր պետական այրերը քարոզում էին գյուղացիներին ավելացնել մանր եղջերավոր անասունների քանակը, բայց այսօր գյուղացին կանգնել է իրացման լուրջ խնդրի առաջ: Եթե նախկինում Պարսկաստան էին տանում՝ գյուղացուց գնելով 40-45 հազար դրամով, ապա այսօր այլեւս անմիջապես գյուղացուց չեն գնում: Արդյունքում գյուղացին մանր եղջերավորի գլխաքանակն ավելացրել է, բայց դրա գինն է նվազել՝ հասնելով 20-23 հազար դրամի», - նշում է համայնքապետը եւ հավելում, որ ցանկալի կլինի, որ հատկապես մեր բանակը նախեւառաջ կերակրվի տեղական գյուղմթերքով: Ցավալի է նաեւ այն փաստը, որ այդ համայնքներում տարեկան 100-150 տոննա բուրդ են դեն նետում, ինչը նաեւ շրջակա միջավայրի աղտոտման պատճառ է դառնում: Ի դեպ, ըստ վիճակագրական տվյալների, Սյունիքի մարզում 120 հազար մանր եղջերավոր անասունից 50 հազարը միայն Տեղ համայնքում է: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ հատկապես մենատնտեսների համար արոտավայրերի խնդիր չկա, օգտագործում են թե՛ գրավյալ տարածքների, թե՛ Գորայքի արոտավայրերը: Տեղում սեզոնին որոշակի խնդիր առաջանում է, բայց լուծելի է:  

Շնորհիվ ժամանակին իրականացված քաղաքականության այս բնակավայրերում նկատվում է աշխուժություն, որ հատկապես զգալի է երիտասարդների շրջանում: Այսօր Տեղ համայնքում փակ դուռ չկա, ավելին՝ Ներսես Շադունցի պնդմամբ՝ իր ղեկավարած համայնքից արտագաղթ չկա, ինչը ոգեւորիչ է:

Համայնքի խնդիրներից  է նաեւ հատկապես երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպումը, Տեղում, Կորնիձորում, Քարաշենում մասամբ այդ հարցը լուծվել է, բայց Խոզնավարում, Խանածախում, Վաղատուրում, Արավուսում պատկերը տխուր է:

Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար նախատեսվում է բնակավայրերում Տեղի մանկապարտեզին կից խմբակներ բացել. Քարաշենում դպրոցի վերանորոգումն ավարտելուց հետո, Խանածախում՝ ամենաուշը մարտ ամսին: Հանրակրթական դպրոցների աշակերտների թիվն ուսումնասիրելիս հաճելիորեն արձանագրեցինք, որ շատ համայնքների համեմատ, այստեղ պատկերն ավելի լավ է. Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ 203 աշակերտ, Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ 163, Խանածախի միջնակարգ դպրոցում՝ 99, Քարաշենի միջնակարգ դպրոցում՝ 77, Կորնիձորի միջնակարգ դպրոցում՝ 159, Վաղատուրի միջնակարգ դպրոցում՝ 34, Խոզնավարի միջնակարգ դպրոցում՝ 34, Արավուսի տարրական դպրոցում՝ 11: Իհարկե, դպրոցները նախատեսված են ավելի շատ թվով աշակերտների համար, հուսանք՝ տարեցտարի ավելացում կլինի:

Համայնքների խոշորացումը մարդկանց մեկ այլ խնդրի առաջ էլ է կանգնեցնում, այն է՝ դարեր շարունակ տեղցի, կորնիձորցի, խանածախցի եւ այլ տեղացիները միավորվում եւ մեկ համայնքի բնակիչ են կոչվում: Չէ՞ որ չնայած միեւնույն տարածաշրջանի մարդիկ են, բայց յուրաքանչյուրն ունի իր հոգեկերտվածքը: «Բնականաբար, նման խնդիր կա, բայց փորձում ենք մարդկանց շրջանում համայնքի համաչափ զարգացման գաղափարը տարածել, եւ ասեմ, որ կարծեք ստացվում է», - նշեց Ն.Շադունցը:

Երբ դեռ համայնքների խոշորացման հարցը քննարկման փուլում էր, մարդիկ մտավախություն ունեին, որ մեկ փաստաթղթի համար ինչպես են հասնելու համայնքի կենտրոն: Բայց այսօր այդ խնդիրն էլ լուծված է. բնակավայրերում լիազոր ներկայացուցիչները համակարգում են աշխատանքները: Կարճ ասած, նախկին համայնքի ղեկավարի լիազորությունները, բացի ֆինանսականից, վերապահվում են լիազոր ներկայացուցչին: Համայնքապետը խոստովանեց, որ որոշ հաստիքների կրճատում է կատարվել՝ գրադարանավար, հավաքարար, օպերատոր. մի խոսքով՝ հաստիքների մոտ 25 տոկոս կրճատում է տեղի ունեցել: Ի դեպ, գրադարանների առումով նա նշեց, որ համայնքի հատկապես որոշ գրադարաններ անմխիթար վիճակում են, եւ վտանգի տակ է այնտեղ գտնվող գրքերի հավաքածուն: «Օրինակ՝ Խանածախի գրադարանի տանիքից, որտեղ պահվում է 7000 կտոր գիրք, թափվող ջուրը վատթար վիճակ էր այնտեղ ստեղծել: Այս պահին գրադարանավարի հաստիքը կրճատվել է: Տնտեսված միջոցներով վերանորոգել ենք գրադարանի տանիքը, փոխել ջրհորդանները, գարնանը կներկենք եւ հնարավորության դեպքում հաստիքը կվերականգնենք», - պարզաբանեց Շադունցը եւ հավելեց, որ գրադարանների հարցը քննարկման փուլում է:

Համայնքապետը նշեց նաեւ, որ ավագանին կայացած է, եւ նրա անդամները բավականին ակտիվ են. «Ամեն հարց քննարկելիս վիճում ենք, բայց ուրախ եմ դրանով, քանի որ դրանից է ծնվում ճշմարտությունը»: Ի դեպ, ավագանու կազմում երեք կին անդամ կա:

Համայնքի պատմամշակութային արժեքներից խոսելիս Ներսես Շադունցը նշեց, որ այստեղ լուծում պահանջող բազում հարցեր կան. «Արժեքներ կան, որոնք պետք է պահպանել՝ Մելիք Հայկազնի 2-րդի դամբարանը, Խանածախի անապատը, եկեղեցին եւ այլն, ինչը համայնքի միջոցներով հնարավոր չէ»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25