Նոր պոչամբարը դառնալու է լրացուցիչ ևս մեկ սպառնալիք. ԶՊՄԿ-ն նախատեսում է նոր պոչամբար կառուցել անմիջապես Ողջի գետի եզրին

13.11.2019 11:37
1380

«Նոր պոչամբարի կառուցումը նոր վտանգներ է առաջ բերելու։ Առհասարակ, արդեն այդ տարածքը ապրելու համար դարձել է ոչ պիտանի, թունավոր։ Նոր պոչամբարը դառնալու է լրացուցիչ ևս մեկ սպառնալիք առանց այդ էլ այդտեղ ստեղծված, առկա ծայրաստիճան վտանգավոր դրությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի դիտարկումներին։

Նախօրեին լրագրողների համար կազմակերպված մեդիատուրի ժամանակ կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ասել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախատեսում է Արծվանիկի պոչամբարի շահագործումն ավարտել ժամկետից շուտ: Նրա խոսքերով՝ Արծվանիկի պոչամբարը շահագործվում է խորհրդային տարիներից, այժմ շահագործման վերջին փուլն է: Պոլոսկովի խոսքերով՝ պոչամբարը կարող են շահագործել առաջիկա 10-11 տարիներին, սակայն շահագործումը կավարտեն նախատեսված ժամանակից շուտ՝ 5 տարում: Ըստ նրա՝ պոչամբարի հետ կապված ամենակարևոր հարցերից մեկն այս կառույցի կայունությունն ապահովելն է, որպեսզի կառույցը փակելուց հետո կոմբինատը կարողանա նախագծին համապատասխան ռեկուլտիվացիա իրականացնել:

«Մեր պրոյեկտով նախատեսվում է մոտ 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասցնելով վերջնական 960 նիշի: Պրոյեկտից շեղումներ չենք ունեցել:Նախագիծը գտնվում է շահագործման վերջնական փուլում»,- ասել է Մհեր Պոլոսկովը՝ նշելով, որ ապագայում նախատեսում են պոչամբար ունենալ հանքից ոչ հեռու, ավելին՝ այդ տարածքում:

Հակոբ Սանասարյանը խիստ կասկածում է, որ պոչամբարի շահագործմանը դեռ 10-11 տարի կա։ Նրա խոսքերով՝ կոմբինատը պոչամբարում այնքան պոչանք է լցրել, որ արդեն վախենում են, որ մի քիչ էլ լցվելուց հետո գուցե նախագծայինից ավելի ստացվի։ Հետևաբար մտադիր են արդեն նոր պոչամբար կառուցել։«Սովորաբար հանքատերերը ավելի շատ հանքանյութ են վերամշակում, քան ցույց են տալիս, որն էլ ենթադրում է լրացուցիչ պոչանք, որը լցվում է պոչամբար։

Հետևաբար, 5 տարի շուտ Արծվանիկի պոչամբարի շահագործումը դադարեցնելը, հավանաբար, հենց սրա հետ է կապված»,-ընդգծեց Սանասարյանը։

Նշենք, որ 2016-ի դեկտեմբերին ԶՊՄԿ-ն թույլտվություն ստացավ հանքաքարի տարեկան արդյունահանումը հասցնել 22 մլն տոննայի։ Այդ ժամանակ արդեն Արծվանիկի պոչամբարում կար 212 մլն խմ պոչանք, իսկ այս տարվա հունվարի դրությամբ այն արդեն հասել է 239,7 մլն խմ-ի, այսինքն՝ 2 տարում կոմբինատի պոչանքներն ավելացել են 27,7 մլն խմ-ով: Եվ սա միայն պաշտոնական թվերով, քանի որ ոչ պաշտոնականով, ինչպես նշեց Սանասարյանը, ավելի շատ արդյունահանում է իրականացվում, քան ներկայացվում է։

Ինչ վերաբերում է նոր պոչամբարի կառուցմանը արդեն հանքավայրի մոտ, Սանասարյանի խոսքերով՝ իր չճշտված տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հենց հանքախոռոչը դարձնել պոչամբար, ինչը ենթադրում է հենց Ողջի գետի եզրին հոր պոչամբար։

Նշենք, որ ԶՊՄԿ-ն նախկինում 3 պոչամբար է շահագործել Զանգեզուրի լեռնաշղթայից սկիզբ առնող և մինչև Արաքս հոսող Ողջի գետի ավազանում, որոնք կոնսերվացվել են դեռ խորհրդային տարիներին: Արծվանիկի պոչամբարը չորրորդն է ու ամենամեծը: Այն ևս Ողջիի ավազանում է։ Պոչամբարը կառուցվել է 1970-ականների սկզբին: «Նոր պոչամբարի կառուցումը Ողջի գետի շրթունքին նշանակում է՝ ամբողջությամբ ծանրաբեռնել գետը։ Գետն առանց այդ էլ ծանրաբեռնված էր, քանի որ գործարանը հենց այդտեղ էր, հանքային փոշին ու մնացած ամեն ինչը լցվում էր գետ, բացի դրանից՝ հենց Քաջարան քաղաքում արդեն կար մի պոչամբար, դրանից մի քիչ ներքև՝ Ողջիի վրա, Փխրուտի պոչամբարն է, որից ներքև էլ հենց Ողջիի պոչամբարն է՝ մոտ 70 միլիոն տոննա պոչանքով։ Այսինքն՝ ընդհանրապես այդ տարածքը ոչնչացվում է, ապրելու համար դառնում է ոչ պիտանի։ Շահադիտական աշխարհը այսպիսին է»,- նկատեց բնապահպանը։

Կոմբինատի գլխավոր տնօրենը լրագրողների հետ զրույցում խոսել էր նաև Արծվանիկի պոչամբարում ռեկուլտիվացիայից՝ նշելով, որ իրենք նման մեծածավալ աշխատանք են կատարում: Նախ՝ հողի բերրի շերտը՝ սևահողը հանվում է և պահեստավորվում է, ապա ռեկուլտիվացիան կատարելիս սկզբում հողի ոչ բերրի շերտով են փակում, հետո՝ սևահողով. «Խախտված հողային տարածքները բերվում են այն վիճակին, որը եղել է բնության մեջ։ Արվում է հատուկ մշակում և կանաչապատում: Վերջին 3 տարվա մեջ մենք ռեկուլտիվացրել ենք մոտ 35 հեկտար տարածք»։

Հակոբ Սանասարյանի խոսքերով՝ ռեկուլտիվացիա, այո, կատարվում է, բայց դա երբեք չի վերադարձնում տարածքի նախկին տեսքը։ «Իրենք թող նայեն սրանից 10-15 տարի առաջ ռեկուլտիվացիա արված տարածքները՝ ակոսները քանդված են, և պոչանքը սփռվում է շրջակա միջավայր։ Մոռացեք, որ նախկին տեսքի բերել այդ տարածքները հնարավոր է։ Ռեկուլտիվացիայից հետո, երբ այդտեղ հող է լցվում, ծառ է տնկվում, կանաչապատվում է, ապա իմացեք, որ որևէ ծառի բերք օգտագործման պիտանի չէ, պտուղները թունավոր են, աճած խոտը անասունների համար պիտանի չէ, քանի որ աճում են պոչանքի մեջ և իրենց մեջ կրում են այն բոլոր թունավոր նյութերը, ռադիոակտիվ տարրերը, որոնք պոչանքի մեջ են։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ այնտեղ նաև ցրված ուրան էլ կա։ Այնպես որ, որևէ դրական սպասում ունենալ այդ տարածքներից, այլևս հնարավոր չէ։ Տարածքները ոչնչացվում են անդառնալիորեն»,-եզրափակեց Հակոբ Սանասարյանը։

1in.am

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35