Նորահայտ կուռք կամ մարդակերպ քանդակ Հարժիսում (Գորիսի տարածաշրջանի այդ գյուղը շարունակում է զարմացնել հնագիտական գտածոներով)

22.08.2017 09:57
2093

Հարժիս գյուղի գործող գերեզմանատանը՝ հողային աշխատանք կատարելիս, ի հայտ է եկել քարակերտ մի նոր հուշարձան, որը մարդակերպ քանդակ է կամ կուռք:


Հուշարձանն առայժմ պահվում է գյուղի դպրոցի հին շենքում գործող արհեստանոցում ու դեռեւս չի հանձնվել Գորիսի երկրագիտական թանգարան: Իսկ դա նշանակում է, որ դեռեւս վաղ է խոսել գտածոյի հնագիտական արժեքի մասին:


Նորահայտ հուշարձանն առիթ է եւս մեկ անգամ ասելու, որ Հարժիս գյուղը բացառիկ է Երկաթի դարին եւ Բրոնզի դարին բնորոշ հուշարձաններով՝ մենհիրներ (ուղղահայաց դիրքով կանգնած այդ քարերը նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված նախնյաց հիշատակին, իսկ որոշ մասնագետների կարծիքով՝ դրանք նաեւ ճանապարհի ուղեցույցներ են), վիշապաքար, մարդակերպ կուռք՝ հնգադեմ (ուշ բրոնզի դարաշրջան), դամբարանադաշտեր…


Նորահայտ կուռքը լրացնում է Հարժիսի սրբազան լանդշաֆտից գտնված հուշարձանների շարքը:


Ի դեպ, վերջերս Հարժիս է վերադարձվել մարդու դիմապատկերով վիշապակոթողը (Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակ), որը Երեւան էր տեղափոխվել տարիներ առաջ եւ ցուցադրվում էր Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպված  «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսում:


Վիշապակոթողն ուղղաձիգ, նեղ եւ բարձր սյուն է՝ իր ձեւով եւ չափով նման վիշապի, նիստերից մեկի վերջնամասում մարդու դիմապատկեր է՝ երկարավուն դեմքով, կիսաբաց բերանով, կանոնավոր դիմագծերով: Վիշապակոթողն առնչվում է պտղաբերության Ֆալլիկ պաշտամունքին եւ սլացիկությամբ ուղղված է դեպի երկինք:


Վիշապակոթողը ներկայումս գտնվում է գյուղի մշակույթի տան բակում:


Մշակութային այդ արժեքների կարեւորությունն ընդգծելու համար հիշեցնենք՝ Երկաթի դարը նախնադարյան մշակույթի այն շրջանն է, երբ մարդը սկսել է երկաթի մշակությունը, իսկ բրոնզի դարը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջից մինչեւ մ.թ.ա. 1-ին հազարամյակ:

                                                                                                ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Տեղին ենք համարում վերստին ներկայացնել Արմինե Հարությունյանի հոդվածը՝ հրապարակված «Սյունյաց երկիր» թերթում (15 նոյեմբերի 2014թ.), որը գրվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ, հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Հայկ Ավետիսյանի հետ հանդիպումից հետո:

 

ՀԱՅԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Հին Հարժիսի տարածքի հուշարձանները բացառիկ են. դա իսկապես մի քաղաքակրթական բնօրրան է, որը ոչնչով չի զիջում... Մեզոամերիկայի քարակերտային կոթողներին»


Սյունիքը Հայկական լեռնաշխարհի այն կարեւորագույն վայրերից է, որն ունի պատմական հարուստ անցյալ: Որպես պատմամշակութային մարզ` այն վաղուց է հետաքրքրում պատմաբաններին, հնագետներին, ճարտարապետներին, ճանապարհորդներին: Սյունիքում փաստագրված են Հայկական լեռնաշխարհի` հնագույն մշակույթներին պատկանող հնագիտական հուշարձանները մինչեւ միջնադար եւ դրանից հետո, նաեւ ներկայիս իրականության հետ կապված փաստերը: Այդ առումով ուշադրության կենտրոնում է եղել Սյունյաց աշխարհը, որն իր սահմաններով ժամանակ առ ժամանակ փոփոխության է ենթարկվել: Ըստ Աշխարհացույցի` այն հզորագույն մի աշխարհ է եղել Մեծ Հայքում, եւ տարածքի ուսումնասիրությունները շարունակվում են մինչ օրս:


ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ, հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Հայկ Ավետիսյանը ներկայումս ղեկավարում է «Պատմական Սյունիքը Ք.ա. 3-1-ին հազարամյակներում» ծրագիրը, որ վերաբերում է Սյունիքի բրոնզեդարյան ժամանակաշրջանի մշակույթին` ըստ հնագիտական նորագույն տվյալների, որը գիտության պետական կոմիտեի կողմից է ֆինանսավորվում, եւ այդ ծրագրի շրջանակներում երկու տարի շարունակ հետազոտման աշխատանքներ են կատարվելու: 2013 թվականից են գործնականում այդ աշխատանքներն իրականացվում, բայց դա չի նշանակում, որ Սյունիքի տարածքում մինչ այդ ոչինչ չի արվել: Բացի այն ավանդական հնագիտական հավաքածուներից, որոնք աշխարհին հայտնի են, նրանց կողքին կան նաեւ հնագիտական հուշարձաններ, կոթողներ, որոնք դեռեւս ուսումնասիրված չեն եւ հայտնի չեն:


Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտներ Արսեն Բոբոխյանի, Արտակ Գնունու եւ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ասպիրանտի հետ միասին են կատարում փաստագրման աշխատանքները: Հայտնաբերված նյութերը մշակվում են պետհամալսարանի հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայում. «Աշխատանքները շարունակական պիտի լինեն, համենայն դեպս մենք մեկ տարի դեռ պիտի աշխատենք, եւ նոր նյութերը, որոնք մենք արդեն փաստագրել ենք, կուսումնասիրվեն, եւ եթե ֆինանսական միջոցները թույլ տան, հետազոտման ծավալները կմեծացնենք եւ հնարավորություն կունենանք ամբողջացնելու հնագույն քարակոթողների պատկերը»:


Այցելելով մի շարք բնակավայրեր, այդ թվում նաեւ Հարժիս (Յայջի)` դիտարկումներ, ուսումնասիրություններ են կատարել եւ փաստագրել քարի դարից մինչեւ միջնադար ընկած ժամանակահատվածի հնագիտական հուշարձաններ եւ առանձին կոթողներ, որոնց մեջ մեծ դեր ունեն մենհիրները` հսկայական քարակոթողները, եւ վիշապաքարերը, որոնք շատ հետաքրքիր են եւ յուրօրինակ դրսեւորում ունեն Հայկական լեռնաշխարհի տարածքում:


Հավաքելով եւ փաստագրելով տեղում գտնվող բազմաթիվ նմանատիպ գտածոներ` պատրաստվում են հրատարակել մենագրություն, որ հավանաբար մեկ տարի հետո ընթերցողի սեղանին կդրվի: Ծրագրի շրջանակներում փաստագրել են Հարժիսի եւ հարակից շրջանների, պատմական Սյունիքի որոշ այլ հատվածների, մասամբ Արցախի, Գեղարքունիքի մարզի ¥Սելիմի լեռնանցքով մինչեւ Սեւանի ավազան¤ հուշարձանները: «Սա իսկապես շատ հետաքրքիր եւ կարեւոր է: Վիշապաքարերի, հնագույն քարակոթողների, մենհիրների, ժայռապատկերների հայտնաբերումը կապված է մեր ինքնության, ակունքների, Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների նախաքրիստոնեական մտածելակերպի, նրանց պատկերացումների հետ, եւ այսօր ամբողջ աշխարհում նման տիպի ուսումնասիրությունները շատ են կարեւորվում», - նշեց Հայկ Ավետիսյանը:


Հարժիսի տարածքում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այնտեղ եղել են տարաբնույթ հնագիտական մշակույթներ, որոնք ընդհանուր առմամբ տեղավորվում են Հայաստանի եւ Առաջավոր Ասիայի մեջ քարե դարից մինչեւ միջնադար ընկած ժամանակահատվածում: «Հարժիսի տարածքը ժամանակին ուսումնասիրվել է մասնագետների կողմից, եւ մենք այդ հետագծով աշխատեցինք փնտրել նաեւ նոր հուշարձաններ: Գտանք բազմաթիվ նմանատիպ հուշարձաններ` մենհիրներ, քարակոթողներ, որոնք մինչ օրս հայտնի չէին: Հրատարակվելիք գրքում կլինեն այդ նյութերը եւ դրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, որը, կարծում եմ, քիչ թե շատ կամբողջացնի այդ տարածքի հնագիտական մշակույթի պատկերը եւ հետագա ուսումնասիրողների համար ուղենիշ կդառնա», - նշեց հնագետը:


Վերջինիս տեղեկացմամբ` արտասահմանցի հետազոտողները նույնպես հետաքրքրված են Հայաստանի տարածքի հնագիտական իրողություններով, եւ պետհամալսարանը տասից ավելի երկրների համալսարանների, գիտական կենտրոնների հետ է համագործակցում:


«Հին Հարժիսի տարածքի հուշարձանները բացառիկ են. դա իսկապես մի քաղաքակրթական բնօրրան է, որը ոչնչով չի զիջում, եթե մի քիչ չափազանցնեմ, Մեզոամերիկայի քարակերտային կոթողներին, որոնք ինկերի, ացտեկների քաղաքակրթությանն են բնորոշ, իսկ դարավանդներին կառուցված տները, եթե ուշադիր նայենք, հայկական վաղ ճարտարապետության նմուշներ են: Հարժիսում կան քարե կիկլոպներ, բազմաթիվ հնագիտական օբյեկտներ, որոնց ուսումնասիրությունը կարող է անակնկալներ մատուցել եւ հնագիտության համար կարեւորագույն փաստեր բացահայտել», - պարզաբանեց հնագետը:


Նրա համոզմամբ` Հարժիսը յուրօրինակ հնագիտական անկլավ (երկրի ներսում գտնվող տարածք) է, որպիսիք Հայաստանում շատ կան, եւ որի ուսումնասիրությունն ու այնտեղի հնագիտական նմուշների պահպանումը բացառիկ նշանակություն ունեն մեր պետության համար, քանի որ դրանց շնորհիվ կարելի է նաեւ այդ տարածքները զբոսաշրջային կենտրոններ դարձնել, ինչու չէ, նաեւ արհեստանոցներ ստեղծել, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ հնագույն արհեստներին:


Հնագետը նշեց, որ այդպիսի` դեռեւս չհետազոտված վայրեր կան նաեւ Արեւմտյան Հայաստանում, որ, կարծում ենք, երբեւէ հասու կլինի մեզ: Պարզապես այդ տարածքները պետք է հետազոտել, հանրահռչակել, աշխարհին ներկայացնել տեղում հայտնաբերված հնագիտական մշակութային արժեքները, որոնք մեր ինքնության կարեւորագույն առհավատչյան են:


Գիտնական-հնագետը մշտապես հնագիտական օբյեկտների ոչնչացման մտավախություն պիտի ունենա եւ աշխատի պատնեշել այդ վայրը: Ներկայումս կատարված փաստագրման աշխատանքներն օգտակար են այնքանով, որ հայտնաբերված նյութերը կմտնեն հատուկ պահպանման ցուցակ:


Ծրագրի ղեկավարը կարեւորեց պետության աջակցությունը դրանց հետազոտման եւ պահպանման գործում: Կարեւոր է նաեւ ազգաբնակչության գիտակցական մակարդակն այդ հարցում: Հողամասում վարուցանք անելիս, եթե ինչ-որ իր են գտնում, նրանք պիտի անմիջապես դիմեն համապատասխան մարմիններին, նախեւառաջ հուշարձանների պահպանման մարզային կառույցին` բնավ չունենալով այն մտավախությունը, որ հողը կարող են խլել ձեռքից: Ավելին` դրա փոխարեն գյուղացին ավելի մեծ հողատարածք կստանա: Պետությունն ունի բոլոր իրավունքները համապատասխան գոտում ուսումնասիրության թույլտվություն տալու: Բացի մարդկանց իրազեկությունից` կարեւոր է նաեւ համապատասխան կառույցների հետեւողական գործունեությունը` հնագիտական արժեքը պահպանելու հարցում:


Ծրագիրը հանրապետական է եւ ֆինանսավորվում է գիտության պետական կոմիտեի կողմից: Որպես իրավաբանական կառույց` նրանք կարող են մտնել հետազոտման տարածք, նույնիսկ տեղում կատարվող շինարարական ու գյուղատնտեսական աշխատանքները կանգնեցնել` հետազոտություն անելու համար:


Հնագիտական պեղումները տեղում լուծում են նաեւ սոցիալական հարց` որոշ ժամանակով աշխատանքով ապահովելով մարդկանց: Այս առումով Հարժիսում պեղումներ չեն կատարել, այլ միայն փաստագրման աշխատանքներ, ծրագիրը շարունակվելու դեպքում հնարավոր են նաեւ պեղումներ:
Հուշարձանը կարող է փոքրիկ կոթող լինել, բայց իր տեսակով լինել եզակի եւ այնքան տեղեկատվություն տալ, որ հնագիտության համար իսկական բացահայտում լինի:


«Կան վիշապաքարեր կամ մենհիրներ, որոնք հետագայում դարձել են խաչքար: Օրինակ` հայտնաբերել ենք Ք.ա. 2-րդ հազարամյակից եկած կոթող, որ 13-14-րդ դարերի խաչքարի է վերածվել` հայերեն արձանագրությամբ: Սա վկայում է այն մասին, որ մեր նախնիների նախաքրիստոնեական ինքնության բաղադրիչ տարրը դեռեւս միջնադարում բացահայտվել է եւ այնքան արժեքավոր է եղել, որ խաչքար է դարձել: Հրաշալի մենհիրներ կան Հարժիս տանող ճանապարհին, որոնցից մի քանիսը պահպանված է, մի քանիսը` կոտրված, բայց դրանք փաստագրվել են: Նոր հայտնաբերվածները նույնպես կմտնեն համապատասխան ցանկի մեջ եւ կդառնան հատուկ պահպանության տարածքներ», - պարզաբանեց հնագետը:


Վերը նշված ծրագրով արտասահմանցի հետազոտողներին ներառելը նախատեսված չէ, բայց Սյունիքի մարզի տարածքում ժայռապատկերների ուսումնասիրությամբ գերմանացիներն են զբաղվում (պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանն է ղեկավարում այդ աշխատանքները), ֆրանսիացիները մասնակցել են Սիսիանում կատարվող պեղումներին, որ ղեկավարում էր հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, եւ նմանատիպ այլ հետազոտությունների, այսինքն` արտասահմանցի հետազոտողները լրջորեն հետաքրքված են Հայաստանի հնագիտական օբյեկտներով:


«Մի բուռ հնագետներով հսկայական մեգաաշխարհ ենք ուզում բացել` մեր արմատները ճանաչելու, հասկանալու եւ ի վերջո եկող սերունդներին, որ պետք է նախեւառաջ ճանաչի իր պատմական արժեքները, դաստիարակելու համար», - եզրափակեց Հայկ Ավետիսյանը:

«Սյունյաց երկիր»
№29 (337),
15 նոյեմբեր 2014թ.

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25