ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ. «Մարզի դատախազության արդյունավետ գործունեության համար սկզբունքային դժվարություններ եւ արգելված ոլորտներ չկան»

02.05.2013 20:27
3739

ՀՀ գլխավոր դատախազի 2012թ. նոյեմբերի 7-ի հրամանով Սյունիքի մարզի դատախազ նշանակվեց Նորայր Հակոբյանը: Այդ նշանակումը դրական արձագանք ունեցավ մարզում, ինչի համար որոշակի հիմքեր կային: Նախ` նախորդ մի քանի տարում մարզի դատախազությունն էականորեն վարկաբեկվել էր բնակչության աչքում եւ օտարվել մարզի իրական կյանքից, ավելին` դատախազությունը հայտնվել էր մի շարք աղմկահարույց ու կասկածելի պատմությունների մեջ: Մյուս կողմից` Սյունիքում շատ լավ ճանաչում էին Նորայր Հակոբյանին եւ նրա հետ որոշակի հույսեր կապում: Ծնունդով Սիսիանի Ծղուկ (նախկինում` Բորիսովկա) գյուղից է, տեւական ժամանակ պատասխանատու պաշտոններ է վարել Սիսիանում, Կապանում եւ վայելել բնակչության հարգանքը: ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատելու ընթացքում նույնպես իրեն դրականորեն է դրսեւորել:

Մոտ վեց ամիս մարզի դատախազի պարտականությունները կատարող Նորայր Հակոբյանն արդեն իսկ հասցրել է որոշակի բեկում մտցնել դատախազության հանդեպ հանրության մեջ իշխող տրամադրություններում եւ մարզի դատախազի վերաբերյալ նոր պատկերացումների ամբողջություն ուրվագծել: Նա, նախեւառաջ, որդեգրել է հրապարակային, թափանցիկ աշխատանքի գործելակերպ: Զգալիորեն վերացրել է հանրության եւ դատախազության միջեւ վերջին տարիներին հետեւողականորեն ու խնամքով կառուցված պատնեշը: Այդ բոլորով հանդերձ, սակայն, խմբագրությունում կուտակվել են բազմաթիվ հարցեր` մարզի դատախազությանն առնչվող, որոնց քննարկման համար էլ Նորայր Հակոբյանին հրավիրեցինք հարցազրույցի:

- Պարո՛ն Հակոբյան, միգուցե եւ պատշաճ չէ Ձեր նախորդների (մարզի դատախազության) աշխատանքի հանդեպ Ձեր վերաբերմունքը «պեղելը», Ձեզնից գնահատական «կորզելը», բայց ողջամիտ կլիներ, եթե մեր զրույցը սկսեինք հարցից, թե ինչպիսի ժառանգություն ստացաք մարզի դատախազությունում, մանավանդ որ սա Ձեր հրապարակային առաջին խոսքն է նոր նշանակումից հետո:

- Նախ՝ մինչեւ հարցերին պատասխանելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը` մարզի դատախազության գործունեությունը հնարավորինս պարզ եւ թափանցիկ ներկայացնելու, կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունը մարզի բնակչությանը, նաեւ մարզից դուրս (Ձեր թերթը պահանջված է նաեւ մայրաքաղաքի ընթերցասեր հասարակության կողմից) մատչելի ու հասանելի դարձնելու, հասարակության մեջ առկա հիմնախնդիրները վեր հանելու եւ հանրային կարծիք ձեւավորելու համար: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա պետք է ասել, որ սկզբնական շրջանում մարզի դատախազության առջեւ ծառացած մի շարք խնդիրներ ուղղակիորեն խոչընդոտ էին դատախազության գործառույթների իրականացման բնականոն աշխատանքում: Թափուր էր քննչական ապարատի հաստիքների շուրջ 40%-ը, դատախազների կազմը պակաս էր նախատեսվածից 1/4-ով, մարզին անհրաժեշտ 3 դատաբժիշկ-փորձագետի փոխարեն աշխատում էր ընդամենը 1-ը, իսկ անցյալ տարվա վերջից մինչեւ ընթացիկ տարվա հունվարի կեսը մարզը նույնիսկ չուներ դատաբժիշկ-փորձագետ եւ այլն, խնդիրներ, որոնց առկայության պարագայում, համաձայնեք, հեշտ չէր իրականացնել արդյունավետ դատախազական գործունեություն: Դիտարկենք նշված խնդիրներից մեկը, որն ավելի պատկերավոր կդարձնի ասվածը: Անցած տարի նշանակվել է 712 դեպքով դատաբժշկական փորձաքննություն: Իսկ դատաբժիշկ-փորձագետների պակասը դժվար կացության մեջ էր դրել թե՛ դատախազությանը եւ թե՛ հետաքննության ու նախաքննության մարմիններին: Ներկայումս խնդիրների մի մասն արդեն լուծվել է, իսկ մյուս մասը կարգավորման փուլում է:

- Պարզագույն մի հարց ունենք, որի վերաբերյալ հանրության մեջ երբեմն սխալ ընկալումի ենք առնչվում. ո՞րն է դատախազության եւ մասնավորապես մարզի դատախազության առաքելությունը: Խորհրդային տարիներին, ըստ էության, մի քիչ այլ էին դատախազական հսկողության շրջանակները եւ ձեւերը, անկախության տարիներին քանիցս փոփոխություն կատարվեց դատախազության մասին օրենսդրության մեջ: Եվ հիմա… Անշուշտ, կուզենայինք իմանալ նաեւ մարզի դատախազության կառուցվածքը:

- Մարզի դատախազությունն օրենքով սահմանված իր լիազորությունների իրականացման գործընթացում հատկապես կարեւորում է դատախազության գործունեության նկատմամբ մեր հասարակության վստահության ձեւավորման, ամրապնդման եւ զարգացման խնդիրները, քանի որ հանրության մեջ, ինչպես Դուք եք ասում, երբեմն սխալ ընկալումներ են լինում: Ընդհանրապես դատախազությունը, ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածի եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում է դատարանի վճիռներն ու որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: Իսկ մարզի դատախազությունն իրականացնում է վերը նշված լիազորությունները մարզում այնքանով, որքանով դրանց իրականացումը վերապահված չէ զինվորական դատախազությանը:

Օրենքի գերակայության ապահովումը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների, հասարակության եւ պետության օրինական շահերի պաշտպանությունը, հանցագործությունների դեմ պայքարը, իրավախախտումների հայտնաբերումն ու դրանց նկատմամբ համապատասխան դատախազական ներգործության միջոցների կիրառումը մարզի դատախազության առաքելության, Ձեր իսկ դիտարկմամբ, կարեւորագույն բաղադրիչներն են: Ինչ վերաբերում է մարզի դատախազության կառուցվածքին, ապա կցանկանայի դրա մասին խոսել առավելագույնս պարզ եւ մատչելի: Մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, նրա երեք տեղակալից, մարզի դատախազության երկու ավագ դատախազից եւ երեք դատախազից: Մարզի դատախազության նստավայրը մարզկենտրոն Կապանն է, ունենք նաեւ նստավայր Սիսիանում, Գորիսում ու Մեղրիում: Սիսիանի եւ Գորիսի նստավայրերում աշխատում են երկուական դատախազ, իսկ Մեղրիի նստավայրում` մեկ դատախազ:

- Թեեւ նոր մարդ չեք դատախազության համակարգում, մարզի հասարակական-քաղաքական, իրավապահ եւ պետական համակարգում, բայց նոր եք Սյունիքի մարզի դատախազի պատասխանատու պաշտոնում, եւ, բնականաբար, նոր տեղում կայանալու, ինքներդ Ձեզ գտնելու խնդիր չէր կարող չծագել ի սկզբանե: Կարելի՞ է արձանագրել, որ անցման շրջան կոչվածն արդեն հաղթահարել եք եւ հիմա բնականոն հունի մեջ եք:

- Ճիշտ է՝ նոր եմ մարզի դատախազի պաշտոնում, բայց նոր չեմ մարզի դատախազությունում, քանի որ 1999-2004թթ. աշխատել եմ մարզի դատախազի տեղակալ, իսկ մինչ այդ (սկսած 1978 թվականից) աշխատել եմ մարզում` տարբեր պաշտոններում: Այնպես որ ե՛ւ մարզի դատախազության աշխատանքների կազմակերպման հարցերին, ե՛ւ մարզի հասարակական-քաղաքական կյանքին, առանձնահատկություններին, ազգաբնակչության սովորույթներին, ընկերային հարաբերություններին իրազեկ եմ: Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատում աշխատելու տարիներին՝ շուրջ ութ տարի, աշխատանքի բերումով հաճախակի եմ եղել մյուս մարզերի դատախազությունում: Այնպես որ «ինձ գտնելու» խնդիր չեմ ունեցել այստեղ: Իմ կարծիքով` կյանքում ամեն ինչ համեմատության պրիզմայով պետք է դիտել: Եվ ուզում եմ անկեղծ լինել. «ինձ գտնելու» խնդիր էր ծագել դատախազական աշխատանքի որակի բարձրացման առումով: Կենտրոնական ապարատում աշխատանքի որակը մի այլ մակարդակ է ենթադրում, մարզում` մեկ այլ: Աշխատանքների որակը եւ արդյունավետությունը բարձրացնելու իմ համառ ու հետեւողական ձգտումը (Ձեր ասած նոր տեղում) կայանալու առաջնահերթ խնդիրն էր եւ շարունակում է մնալ այդպիսին, ու անցած ամիսներն, այդ իմաստով, «անցման շրջանը» հաղթահարելու ժամանակահատված էին:

- Վեցերորդ ամիսն է, ինչ գլխավորում եք մարզի դատախազությունը եւ, կարծում ենք (Դուք էլ դա հավաստեցիք), ամբողջական պատկերացում ունեք Սյունիքի մարզի մասին: Եվ ուրեմն` ինչպե՞ս եք գնահատում իրավակարգի, օրինականության վիճակը եւ հատկապես քրեածին վիճակը մարզում: Հատկապես ո՞ր հանցագործություններն են մարզում գերակշռում: Քրեածին իրավիճակի առումով կուզենայինք համեմատություն անցկացնել (եթե կա նման վիճակագրություն) մարզի տարածքն ընդգրկող չորս շրջանի միջեւ:

- Տրված հարցերին սպառիչ պատասխան տալու նպատակով ցանկանում եմ ներկայացնել 2012թ. մարզում հանցավորության վիճակի, կառուցվածքի, շարժընթացի եւ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ կատարած մեր վերլուծությունները:

2012թ. ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 505 դեպք` նախորդ տարվա 534 դեպքի դիմաց: Այսինքն` հանցագործության դեպքերը նվազել են 29-ով կամ 5,4%-ով: Չի բացահայտվել 25 դեպք 2011թ. 48 դեպքի դիմաց, բացահայտումը կազմել է 95 % նախորդ տարվա 90,5 %-ի դիմաց: Այդ թվում՝ Կապանի տարածքում գրանցվել է հանցագործության 220 դեպք, բացահայտումը կազմել է 96,8% նախորդ տարվա 202 դեպքի եւ բացահայտման 94,6%-ի դիմաց: Սիսիանի տարածքում գրանցվել է հանցագործության 82 դեպք, բացահայտումը կազմել է 92,7% նախորդ տարվա 105 դեպքի եւ բացահայտման 95,0%-ի դիմաց: Գորիսի տարածքում գրանցվել է հանցագործության 138 դեպք, բացահայտումը կազմել է 93,5% 2011թ. 130 դեպքի եւ բացահայտման 94,4%-ի դիմաց: Մեղրու տարածքում գրանցվել է հանցագործության 65 դեպք, բացահայտումը կազմել է 95,4% 2011թ. 97 դեպքի եւ բացահայտման 89,1 %-ի դիմաց:

2012թ. հանցագործության դեպքերը, 2011թ. համեմատ, Կապանում աճել են 18-ով կամ 8,9 %-ով, Սիսիանում նվազել են 23 դեպքով կամ 21,9%-ով, Մեղրիում նվազել են 32-ով կամ 33%-ով, Գորիսում աճել են 8 դեպքով կամ 6,2 %-ով:

Մարզի տարածքում, նախորդ տարվա համեմատ, 5 դեպքով (6-11) նվազել է առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը, իսկ ծանր հանցագործություններինը` 30-ով (57-87):
Մարզի տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 166 դեպք (2011թ.` 101): Արձանագրվել է դիտավորյալ սպանության 2 դեպք (2011թ.` 2), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 66 դեպք (2011թ.` 59): Նախորդ տարվա համեմատությամբ մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են 65 դեպքով, որոնց մեծ մասը եղել է կենցաղային բնույթի վեճերի հետեւանք:

2012թ. մարզում սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ արձանագրվել է հանցագործության 160 դեպք, որից 136-ը՝ սեփականության դեմ, 24-ը` տնտեսական գործունեության դեմ (2011թ.` 223), համապատասխանաբար` սեփականության դեմ 185 եւ տնտեսական գործունեության դեմ 38 դեպքի դիմաց: Բացահայտումը կազմել է 86,0 % եւ 100 % նախորդ տարվա 89,7 % եւ 94,7% դիմաց:

Բնակարանային գողության դեպքերն աճել են 4-ով (15-11), խարդախության դեպքերը նվազել են 4-ով (5-9), ընդհանուր առմամբ գողության դեպքերը նվազել են 27-ով (97-124): Հանրային գույքի գողության դեպքերի բացահայտումը 2012թ. կազմել է 100% (2011թ.` 95 %): Ընդհանուր առմամբ նշված հանցագործությունների բացահայտման տոկոսը միջին հանրապետականից բարձր է, ինչը վկայում է, որ իրավապահ մարմինների կողմից այս ոլորտում տարվում է հետեւողական աշխատանք:

Արձանագրվել է զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր ապօրինաբար ձեռք բերելու եւ պահելու 16 դեպք նախորդ տարվա 22-ի դիմաց:

Արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 44 դեպք (2011թ.` 52), որից` ապօրինի շրջանառության հետ կապված 44 դեպք (2011թ.` 52), թմրամիջոցների իրացման 12 դեպք (2011թ.` 17):

Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 46 դեպք, մահվան ելքով` 13 դեպք նախորդ տարվա 52 դեպքի դիմաց, որոնք բացահայտվել են: Տեղի է ունեցել դեպքերի նվազում եւ բացահայտման տոկոսը կազմել է 100%:

Մարզում արձանագրվել է խուլիգանության 12 դեպք (2011թ.` 28):

2012թ. ընթացքում 7 անչափահասի կողմից կատարվել է հանցագործության 7 դեպք նախորդ տարվա 12 դեպքի դիմաց (16 անչափահասի կողմից):

2012թ. ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության 2 դեպք (2011թ.` 3):
2012թ. Սյունիքի մարզի տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով` իրացման դեպքերով հարուցվել է 5 քրեական գործ: Այս ոլորտում մարզի իրավապահ մարմիններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ ուժեղացնելու եւ ակտիվացնելու աշխատանքները, որովհետեւ դրանք իրականում չեն նվազում, այլ շարունակաբար ավելանում են, կատարման եղանակները զարգանում են, իսկ բացահայտումը դժվարանում է, մանավանդ հարեւան երկրից թմրամիջոցների ներկրման մասով:

2012թ. հանցագործությունների կառուցվածքում գերակշռում են մարդու դեմ ուղղված հանցագործությունները` 32,8 % (166 դեպք), սեփականության դեմ ուղղված հանցագործությունները` 26,9 % (136 դեպք), հասարակական անվտանգության եւ կարգի դեմ ուղղված հանցագործությունները` 24,1 %(122 դեպք):

Հակիրճ ներկայացնեմ նաեւ 2013թ. հունվար-մարտ ամիսների վիճակագրությունը. 2013թ. 1-ին եռամսյակում մարզում արձանագրվել է հանցագործությունների 127 դեպք (2012թ. նույն ժամանակահատվածում` 101): Դարձյալ գերակշռել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 26,7 % (34 դեպք), սեփականության դեմ ուղղված հանցագործությունները 36,4% (44 դեպք), հասարակական անվտանգության եւ կարգի դեմ ուղղված հանցագործությունները 20,4%(26 դեպք):

Սիսիանի տարածքում գրանցվել է 18, Մեղրիում` 17, Գորիսում` 38, Կապանի տարածքում` 54 դեպք:

Մարզի դատախազությունը, մյուս իրավապահ մարմինների եւ ծառայությունների հետ համագործակցելով, գործնական եւ արդյունավետ միջոցներ է ձեռնարկում հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ պետության իրավունքներն ու շահերը, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում մարզում օրինականությունն ամրապնդելու, օրինախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու ու վերացնելու համար:

- Սյունիքը սահմանադուռ է. նկատի ունենք Ագարակի մաքսատան առկայությունը, որտեղով ամեն օր տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) մեքենաներ ու բազմաթիվ մարդիկ են ելումուտ անում: Սյունիքը նաեւ զորական բազմաթիվ ստորաբաժանումների տեղաբաշխման վայր է, ազատագրված տարածքներին հարակից մարզ: Արդյո՞ք այդ հանգամանքներն անդրադառնում են մարզի օպերատիվ կացությանը:

- Դարձյալ խոսենք թվերի լեզվով։ 2012թ. արձանագրվել է մաքսանենգության 11, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 44, ապօրինի զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու 16 դեպք, իսկ այս տարվա առաջին երեք ամսում համապատասխանաբար` 2, 5 եւ 3 դեպք: Նման հանցագործությունների առկայությունը պայմանավորված է նաեւ նշված հանգամանքներով:

- Դժվա՞ր է արդյոք Սյունիքում դատախազ աշխատելը, կա՞ն վերահսկողության համար փակ (արգելված) գոտիներ, առանձնահատուկ հանգամանքներ, անձեռնմխելի հեղինակություններ ու կլաններ, որոնք (իրենց իսկ գոյությամբ) խոչընդոտ են Ձեր լիազորությունների կատարման գործում:

- Անցած վեց ամսում որեւէ խոչընդոտ չենք ունեցել մարզի դատախազության լիազորությունները լիարժեք իրականացնելու գործում: Մարզի դատախազության արդյունավետ գործունեության համար սկզբունքային դժվարություններ եւ արգելված ոլորտներ չկան, իսկ դժվարությունները հիմնականում կապված են մարզկենտրոնից մարզի դատախազության մյուս նստավայրերի հեռու գտնվելու, բնակավայրերի՝ միմյանցից մեծ հեռավորության վրա լինելու հանգամանքներով, ճանապարհների անհարմարությամբ եւ այլն, որոնք չեն նպաստում աշխատանքներն առավել օպերատիվ ու ավելի կուռ կազմակերպելուն:

- Որքան էլ խույս տանք նախկին ժամանակներում կատարվածը «պեղելուց», միեւնույն է, կան հարցեր (մամուլում, նաեւ մեր թերթում քանիցս արծարծված), որոնք Սյունիքի մարզում (եթե ոչ ամբողջ հանրապետությունում) հանրային մեծ հնչեղություն են ստացել եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս առայսօր: Նկատի ունենք Քաջարանի հայտնի գործը` Գրիգոր Պապյանի սպանությունը (28 օգոստոսի 2010թ.) եւ դրան հաջորդած քննչական գործողություններն ու դատավարության ընթացքը: Իհարկե, այդ գործը վաղուց մարզի դատախազության տիրույթում չէ, սակայն… Ժամանակին գործը մեր մարզում է աղավաղվել: Գործի հանգամանքների մեջ միգուցե եւ չարժե խորանալ, բայց մի հարց մինչեւ հիմա շարունակում է զարմանք պատճառել` ինչպե՞ս կարող էին մարզի դատախազությունում եւ քննչական բաժնում գնալ սպանության գործի քննությունը խեղաթյուրելու ճանապարհով: Կուզենայինք իմանալ նաեւ, թե ո՞ր հանգրվանում է հիմա այդ գործի վերաքննությունը: Ի վերջո, մարզի դատախազի տեղակալն է կալանավորվել, որն աննախադեպ իրողություն է մեր տարածքի հետստալինյան ամբողջ էպոխայում: Չմոռանանք հարցնել նաեւ՝ որտե՞ղ է հիմա մարզի նախկին դատախազ Արայիկ Թարվերդյանը, ինքը պատասխանատվության ենթարկվե՞լ է (կամ գոնե հարցաքննվե՞լ է) Քաջարանի գործի շրջանակում, թե՞…

- Հարցը վերաբերում է քրեական գործին, որը մարզի դատախազության վարույթում չի գտնվում, եւ դրա վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող տալ:

- Դուք մի լավ ավանդույթի սկիզբ եք դրել. ժամանակ առ ժամանակ մամուլի համար հաղորդագրություն եք տարածում եւ հանրությանն իրազեկում հարուցված քրեական գործերի, դրանց վերաբերյալ իրականացված դատաքննությունների արդյունքների մասին: Վերջին շրջանում Ձեր տարածած հաղորդագրություններից ուշագրավ է հատկապես Ծավի գործը: Դրանից հետո մեր ստեղծագործական խումբը եղել է այնտեղ: Անկեղծ ասած, գյուղում եւ կապանյան հանրության մեջ ոչ միանշանակ է ընդունվել հէկի գլխամասային կառույցին առնչվող հարցերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը: Որոշ մտահոգություններ այդ առումով արտահայտել ենք «Սյունյաց երկրի» 2013թ. մարտի 21-ի համարում: Փորձենք ավելի կոնկրետացնել. քրեական գործի հարուցման շարժառիթները համայնքի բնակիչները տարակուսելի են համարում, ոմանք (չթաքցնենք) դա պայմանավորում են ՀՀ նախագահի վերջին ընտրության արդյունքով, ինչը հնչել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի մի քանի հանրահավաքում: Այլ ընկալում եւ իմաստ կունենար քրեական գործը, եթե հարուցվեր երկու տարի առաջ, երբ գյուղում կողմերի միջեւ դեռ համաձայնություն չկար, երբ հէկը դեռ չէր գործում: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Ես մշտապես ընթերցում եմ Ձեր թերթը, ծանոթ եմ նաեւ Ծավի վերաբերյալ հրապարակմանը: Ասեմ, որ հոդվածում առաջ քաշված որոշ հարցադրումների հետ համամիտ չեմ, քանի որ դրանք չեն բխում բուն իրողություններից: Ձեր նշած գործոնները քրեական գործի հարուցման հետ ոչ մի առնչություն չունեն: Դատախազության համար գլխավորն օրենքի գերակայության ապահովումն է, տվյալ դեպքում՝ համայնքի, քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման նպատակով դատախազական ներգործության համարժեք միջոցների կիրառումը, ինչն էլ ապահովել ենք: Օրենսդրության համաձայն` քրեական գործ է հարուցվում, եթե առկա են քրեական գործ հարուցելու առիթը եւ հիմքերը: Քրեական գործ հարուցելու առիթներից են նաեւ հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին: Այս դեպքում հանցագործության մասին հաղորդումը ստացել ենք Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնից, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր. ի հայտ են եկել բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար: Գործը հարուցվել է այն ժամանակ, երբ ստուգողական գործողություններ կատարելուց, համապատասխան փաստաթղթեր պահանջելուց, մի շարք անձանցից բացատրություններ վերցնելուց հետո (այսինքն` անհրաժեշտ է եղել ստուգել քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելը եւ դրա համար ժամանակ է պահանջվել) առկա է եղել գործ հարուցելու հիմքը: Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ Ծավ համայնքի ներկայիս եւ նախկին ղեկավարների արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 315/2-րդ հոդվածով, իսկ «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների արարքում` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, որոնցով էլ հարուցվել է քրեական գործը: Ասեմ նաեւ, որ հէկի գլխամասային հանգույցը կառուցվել է ոչ միայն քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի, այլեւ նշված շինության կառուցման նպատակով չհատկացված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, որով համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին էական վնաս է պատճառվել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կողմերի միջեւ արդեն կա համաձայնություն եւ իմաստ ունե՞ր գործ հարուցել, նշեմ, որ, կատարված հանցագործության ծանրությունից եւ բնույթից ելնելով, քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային եւ մասնավոր կարգով: Նշված հանցագործությունների վերաբերյալ գործերը, օրենսդրության համաձայն, համարվում են հանրային հետապնդման գործեր եւ մասնավոր հետապնդման գործեր չեն: Այնպես որ կողմերի միջեւ առկա համաձայնությունը, քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտականությունների կատարումը չեն բացառում քրեական գործի հարուցումը, եւ այստեղ մենք գործ ունենք քրեաիրավական ոլորտի հետ: Ներկայումս գործով ընթանում է նախաքննություն:

- Ոչ մի բան (մեր խորին համոզմամբ) իրավապահ համակարգին այնքան վնաս չի պատճառում, որքան օրենքի ընտրովի կիրառումը (կոնկրետ հարցերի հանդեպ երկակի ստանդարտների կիրառումը): Դա, իհարկե, միայն դատախազության խնդիրը չէ: Մեկ օրինակ ենք ուզում բերել. Կապանի Հունան Ավետիսյան փողոցի N1Ա շենքի եւ քաղաքային շուկայի միջանկյալ հատվածում ժամանակին ապօրինաբար կառուցվեց տաղավար: Այդ խնդիրը քննարկել ենք «Սյունյաց երկրի» 2012թ. նոյեմբերի 14-ի եւ 2013թ. հունվարի 16-ի համարներում: Տաղավարի կառուցումը չկասեցնելու համար Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 315/2 հոդվածի հատկանիշներով, թեեւ քաղաքապետը երեք անգամ դիմել էր Սյունիքի մարզպետարան ու քաղաքաշինության նախարարություն` արդեն կառուցված տաղավարն օրինականացնելու համար ու մերժում ստացել: Երբ Արտուր Աթայանն այլեւս քաղաքապետ չէր, պատկան մարմիններն անմիջապես օրինականացրին ապօրինաբար կառուցված տաղավարը: Ընդ որում` նախկին քաղաքապետի դեմ քրգործը հարուցել էր Սյունիքի մարզի քննչական բաժինը (6 հունիսի 2012թ.)` հիմք ընդունելով նույն այդ պատկան մարմինների բողոքի գիրը: Չե՞ք կարծում, որ դա արտառոց փաստ է, որ նման փաստերի առկայության պարագայում օրենքի գերակայության, օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու մասին խոսելն ավելորդ է (եթե ոչ անլուրջ):

- Ես համամիտ եմ Ձեզ հետ, որ օրենքի ընտրովի, կոնկրետ հարցերի հանդեպ երկակի ստանդարտների կիրառումն անթույլատրելի է, եւ ինչպես ՀՀ սահմանադրությունն է հռչակում՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ» ու քրեական դատավարությունում արգելվում է իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների խտրականությունը` կախված զանազան բնույթի հանգամանքներից: Ինչ վերաբերում է նշված օրինակին, ապա հետեւյալը կասեմ: Կապանի նախկին քաղաքապետը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել` հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցները դիտավորությամբ չձեռնարկելու եւ հողամասերը զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելու համար: Դատավճռի արձակումից հետո դատախազական ներգործության համապատասխան միջոցների ձեռնարկման արդյունքում իրավախախտները Կապանի ներկայիս քաղաքապետի որոշմամբ ենթարկվել են վարչական տուգանքի` 400.000-ական ՀՀ դրամի չափով: Նման դեպքերում ի՞նչ է պարտավորեցնում օրենսդրությունը համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը պարտավոր է իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված պարտադիր լիազորությունը, որ վերաբերում է ինքնակամ շինարարության կանխարգելմանը, կասեցմանը եւ օրենքով սահմանված կարգով դրա հետեւանքների վերացմանը: Եվ մյուս պարտականությունը` որպես պետության պատվիրակված լիազորություն, օրինախախտներին ենթարկում է վարչական պատասխանատվության: Իրավական ակտերով քաղաքապետի վրա դրված պարտականություններից մեկը կատարվել է, իսկ մյուս մասով` դատախազություն ներկայացրած պաշտոնական տեղեկատվության համաձայն` միջոցներ են ձեռնարկվում ինքնակամ շինարարության հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

- Սիսիանում տեղի ունեցած մի արտառոց դեպք այսօր էլ շարունակում է մնալ ամբողջ հանրապետության ուշադրության կենտրոնում: Սյունիքի մարզի դատախազության հետեւողական ջանքով 28-ամյա կինը՝ երկու մանկահասակ երեխայի մայրը՝ բարձրագույն կրթությամբ հոգեբանը՝ Սիսիանի ավագ դպրոցի մանկավարժը` Գայանե Դավթյանը, դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, հիմա գործը վճռաբեկում է… Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ինչ-որ մարդկանց հետ գործարքում 7 մլն դրամ յուրացնելու մեջ (եթե դա, իհարկե, յուրացում է): Որոշ փորձառու իրավաբաններ մեզ համոզում են, որ այդ գործը տեղավորվում է քաղաքացիական-պայմանագրային հարաբերությունների մեջ, եւ հարցը կարելի էր կարգավորել քաղաքացիական օրենսդրության շրջանակներում ու ձեռնպահ մնալ քրեական գործ հարուցելուց, մանավանդ որ ՀՀ սահմանադրությամբ (16-րդ հոդված) «Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները»: Իհարկե, կուզենայինք իմանալ` այդ խնդիրը չէ՞ր կարելի կարգավորել առանց քրեական գործ հարուցելու: Մեզ ոչ պակաս մեկ այլ հարց նույնպես հետաքրքրում է` մի՞թե մեր հայրենի պետության (որտեղ քրիստոնեությունը` աշխարհի ամենամարդասիրական ուսմունքը, պետական արժեհամակարգի հիմքում է դրված) օրենսդրությունը մեղմացուցիչ որեւէ հանգամանք հաշվի չի առնում: Չէ՞ որ երիտասարդ կնոջն ազատազրկելով առկախ ենք թողնում նրա մանկահասակ երկու երեխայի (մեկը մանկապարտեզ է հաճախում, մյուսը սովորում է դպրոցի 2-րդ դասարանում) դաստիարակության ու ապագայի հարցը, չէ՞ որ բանտում գտնվող կինը չի հատուցի պատճառված վնասը, չէ՞ որ կարելի էր չորս տարվա ազատազրկումը կիրառել պայմանականորեն: Եվ ոչ միայն այդ ամենն անտեսվեց, այլեւ երկու անգամ փորձ արվեց կնոջ խափանման միջոցը (մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը) դարձնել կալանքը (գործով քննիչ` Արայիկ Ջավադյան, հսկող դատախազ` Հայկ Կարապետյան): Բայց շնորհիվ դատավոր Համլետ Դավթյանի (հարգանք նրան) նախաքննական մարմնի այդ` ոչնչով չհիմնավորված քայլը ձախողվեց, եւ որպես խափանման միջոց մնաց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Հարց է ծագում` մի՞թե դատախազությունը, նախաքննական մարմինն այդ ամենն արել են հանուն Հայաստանի Հանրապետության: Ներող եղեք, բայց չենք կարող ինքներս մեզ համոզել, որ դա արվել է հանուն մեր պետության: Շատ կուզենայինք, որ գործով քննիչ Արայիկ Ջավադյանը, հսկող դատախազ Հայկ Կարապետյանը, դատավոր Նապոլեոն Օհանյանը հանրությանը բացատրություն տային եւ համոզեին, որ այդ ամենն արվել է հանուն Հայաստանի Հանրապետության: Եվ ինչ, մարզի դատախազությունը վճռաբեկ դատարանում շարունակելո՞ւ է պաշտպանել իր սկզբնական դիրքորոշումը:

- Ես ձեռնպահ կմնամ այդ գործի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց, քանի որ գործը դատական փուլում է, եւ ՀՀ օրենսդրության համաձայն` քրեական գործերով արդարադատությունն իրականացնում է միայն դատարանը: Առկա է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որը բողոքարկվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, եւ վերջինս առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ: Գայանե Դավթյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք: Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, ՀՀ վճռաբեկ դատարանն է: Սպասենք վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը:

- Սիսիանում (եւ ոչ միայն) հանրային հնչեղություն է ստացել մեկ այլ գործ եւս: Սիսիանի քաղաքապետարանում կատարված ստուգումների (2012թ. դեկտեմբերի 3-10-ը) արդյունքը Սյունիքի մարզպետարանի կողմից ուղարկվել է մարզի դատախազություն: Երեսուն համայնքում կատարված ստուգումներից միայն մեկի արդյունքն է ուղարկվել դատախազություն… Չենք ուզում այդ առիթով շրջանառվող խոսակցությունները ներկայացնել ու քննարկել, բայց կուզենայինք իմանալ դատախազության ձեռնարկած քայլերի մասին:

- Դատախազությունը մարզպետարանից ստացել է Սիսիանի քաղաքային համայնքում անցկացված վարչական հսկողության արձանագրությունը, որը վերաբերում է քաղաքապետարանի 2011-2012թթ. իրականացրած գործառույթներին, մասնավորապես ֆինանսների բնագավառում հայտնաբերված խախտումներին: Դատախազության ցուցումով մարզի քննչական բաժինը նախապատրաստում է նյութեր, որի շրջանակներում նշանակվել է մասնագիտական ստուգում, եւ ներկայումս այն ընթանում է: Ստուգման արդյունքներով` նյութերի նախապատրաստումն ավարտելուց հետո կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական:

- Քիչ առաջ Դուք անդրադարձաք սյունիքյան իրականությանը եւ արձանագրեցիք, որ մարզի դատախազության արդյունավետ գործունեության համար սկզբունքային դժվարություններ եւ արգելված ոլորտներ չկան: Այդուհանդերձ, մեր կյանքում (Սյունիքի մարզի օրինակով) կան բնագավառներ, որոնք, կարծեք, դատախազական հսկողությունից դուրս են: Օրինակ` բնապահպանությունը, որը, ի դեպ, Սյունիքի մարզի հիմնախնդիրներից է, բայց ունի փակ ոլորտի կարգավիճակ (համենայն դեպս այդպես է երեւում): Լավագույն դեպքում լրատվամիջոցները երբեմն-երբեմն հոդվածներ են հրապարակում եւ վերջ… Ձեր կարծիքը կուզենայինք իմանալ այդ հարցի վերաբերյալ:

- Բնապահպանական խնդիրները սրությամբ ծառացել են ոչ միայն մեր մարզում, այլեւ հանրապետությունում, որոնց մասին հաճախակի բարձրաձայնում են ոչ միայն լրատվամիջոցները, այլեւ պատկան մարմինները: Հարցի կարեւորությունը հաշվի առնելով` մարզի դատախազության 2013թ. 1-ին կիսամյակի աշխատանքի ծրագրով նախատեսվել է ուսումնասիրություններ կատարել բնապահպանության ոլորտում: Ուսումնասիրություններն սկսվել եւ ընթացքի մեջ են: Խնդրեմ, եթե ոլորտի հետ կապված նյութ, փաստ ունեք արձանագրած, ապա կարող եք տրամադրել դատախազությանը, որոնք մեր կողմից քննարկման առարկա կդառնան: Ավելացնեմ նաեւ, որ, դրանից զատ, մի քանի գործերով արդեն նշանակվել են էկոլոգիական փորձաքննություններ` պարզելու բնությանը վնաս պատճառելու հանգամանքները եւ չափը: Այնպես որ ինչպես Ձեր նշած, այնպես էլ մյուս բնագավառները մեր լիազորությունների շրջանակում դատախազական հսկողությունից դուրս չեն եւ չեն կարող լինել:

- Մի հարց եւս, որ ավելի շատ տարակուսանք է առաջացնում: 2008թ. ինչ-որ գործարարի կողմից Սյունիքի մարզի 12 համայնքում 13500 հա հող է վարձակալվել (Սրաշեն, Լեռնաձոր, Ներքին Հանդ, Ծավ, Շիկահող, Ճակատեն, Տաշտուն, Լիճք, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր, Լեռնաշեն): Հողերի վարձակալումը ձեւակերպվել է «Գ.Արշակյան», «Լուլիար», «Հանքաբուրգ» եւ «Թի էյ սի սի Արմենիա» ընկերությունների կողմից երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարելու համար: Այդ ընկերությունները, ի վերջո, անբարեխիղճ են գտնվել եւ վարձավճարն ամբողջապես չեն տվել համայնքներին: Մի քանի տասնյակ մլն դրամի հասնող այդ պարտքերի վերաբերյալ դատական ատյանները վճիռներ են կայացրել հօգուտ համայնքների, բայց դատավճիռները չեն կատարվում: Ի՞նչ լուծում է ունենալու ամոթալի այդ պատմությունը:

- Նշված փաստերի վերաբերյալ տեղեկացված չեմ: Բայց որքան հասկացա հարցից, այն վերաբերում է համայնքների կողմից մի շարք սուբյեկտներին վարձակալությամբ տրված հողատարածքների վարձավճարների դատական կարգով բռնագանձմանը, որը համայնքային շահերին է առնչվում: Դատախազությանն օրենսդրությամբ վերապահված է միայն պետության շահերի պաշտպանության հարցերը, իսկ համայնքային շահերի պաշտպանությունը դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է:

- Ստացվել է այնպես (դա գալիս է խորհրդային ժամանակներից), որ դատախազությունը հանրությունից վեր, ո՛չ հօգուտ հանրության, ո՛չ հօգուտ մարդու կառույցի ընկալում ունի հասարակության մի զգալի մասի մոտ: Սյունիքի մարզում եւ մարզն ընդգրկող շրջաններում էլ, դժբախտաբար, այդպես մտածելու քիչ հիմքեր չկան՝ նախորդ ժամանակներից եկող: Բազմաթիվ դատախազներ ու քննիչներ, նաեւ ոստիկանության աշխատակիցներ, իրենց իսկ գոյությամբ ու գործելակերպով տարիներ շարունակ մարդկանց մոտ միայն ատելություն ու հակակրանք են առաջացրել մեր պետության հանդեպ: Դրանց մի մասն այսօր էլ համակարգում է, մյուս մասը, բարեբախտաբար, հայտնվել է լուսանցքում: Բոլոր դեպքերում այդ մարդիկ հավերժական հուշարձան են այն բանի, թե ինչպես կարելի է չսիրել սեփական երկիրը: Դա նշանակում է, որ իրավապահ համակարգի աշխատակցի բարոյական նկարագիրն անչափ կարեւոր է: Դուք մարզի նոր դատախազն եք, Ձեզանից շատ բան է կախված նաեւ իրավապահ համակարգում կադրերի ընտրության, տեղաբաշխման, դաստիարակման ոլորտում: Ուրեմն եւ` հետաքրքիր է իմանալ Ձեր պատկերացումներն իրավապահ համակարգի աշխատողի բարոյական, մարդկային, քաղաքացիական, ինտելեկտուալ նկարագրի մասին:

- Անշուշտ, իրավապահ համակարգի աշխատակցի բարոյական նկարագիրը շատ կարեւոր է: Աշխատակիցն իր գործելաոճով եւ վարքագծով կարող է բարձրացնել կամ իջեցնել տվյալ կառույցի հեղինակությունը հասարակության աչքում: Ես՝ որպես մարզի դատախազ, իրավասություն չունեմ իրավապահ մյուս ծառայությունների կադրերի ընտրության, տեղաբաշխման եւ դաստիարակման գործում: Ինչ վերաբերում է դատախազների նկարագրին, իմ պատկերացմամբ, դատախազը պետք է լինի օրինապաշտ, հումանիստ, պարկեշտ, արդարամիտ, զուսպ, անկեղծ, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ, հաստատակամ: Իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական եւ բարոյական հատկանիշներով պետք է նպաստի դատախազության նկատմամբ հասարակության վստահության ձեւավորմանը, անձնական վարքով հարգանք ու վստահություն ներշնչի դատախազության համակարգի եւ իր անձի նկատմամբ:

- Պարո՛ն Հակոբյան, շնորհակալություն հարցազրույցի համար: Աննախադեպ խոսակցություն ստացվեց` կարծեք, մենք զրուցեցինք հարցերի շուրջ, որ նախկինում հրապարակային քննարկման համար թույլատրելի չէին: Ուզում ենք հավատալ, որ տարեկան գոնե մեկ-երկու անգամ հանրությանը հետաքրքրող նման հարցերի շուրջ զրուցելու հնարավորություն կունենանք, եւ մարդիկ կիմանան, թե մեր կյանքի որ ոլորտում ինչպես է իրականացվում դատախազական հսկողությունը, ինչպես է պահպանվում պետական շահը:

- Ես էլ եմ շնորհակալ, որ հնարավորություն ընձեռեցիք «Սյունյաց երկրի» միջոցով մեր հանրությանը տեղեկացնել իրեն հուզող որոշ հարցերի մասին:

Հարցազրույցը` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03