Ոչ մի պարագայում չի կարելի Սյունիքով տրանսպորտային միջանցք տրամադրել Ադրբեջանին, եթե այն փոքր-ինչ անգամ շրջանցելու է Հայաստանի ինքնիշխանությունը

12.07.2021 15:56
4652

Հարցազրույց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանի հետ:

Վարդան Ոսկանյանը 1989-1994 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, այնուհետեւ սովորել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1997 թվականից դասախոսում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում: 2017 թվականից նույն ամբիոնի դոցենտ է, 2014 թ. մինչեւ այժմ՝ ամբիոնի վարիչ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հնդիրանական լեզուները եւ բարբառները, իրանական կրոնները եւ մշակույթը, Իրանի պատմությունը, մերձավորարեւելյան էթնիկ-դավանական հանրույթները եւ այլն:

– Պարոն Ոսկանյան, կցանկանայինք նախ ներկայացնել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը, Ձեր դիտարկումները:

– Ընդհանուր առմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները պահպանվում են բարիդրացիական որոշակի մակարդակի վրա, բայց մենք ունենք նաեւ խնդիրներ, որոնք պայմանավորված են տարածաշրջանում ստեղծված վիճակով, եւ այդ իրավիճակը թելադրում է իրանական կողմը, որ ավելի մեծ ակտիվություն դրսեւորի ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում ընդհանրապես, այլեւ հատկապես Հայաստանում, ու այդ մասին պարբերաբար հայտարարում են թե՛ իրանցի  վերլուծաբանները, թե՛ նաեւ պաշտոնատար անձինք, նույնիսկ ամենաբարձր մակարդակով: Մասնավորապես խոսքն առնչվում է Իրանի արտգործնախարարի հայտարարություններին, որից դատելով՝ կարելի է ենթադրել, որ իրանցիները փորձ են անում մասնակից դառնալ հարավկովկասյան գործընթացներին, քանի որ թուրքական ակտիվացման պայմաններում իրանցիները, ըստ էության, ձգտում են ներկա լինել այդ գործընթացներում եւ որպես հիմնական հարթակ դիտարկում են Հայաստանի Հանրապետությունը՝  նաեւ ելնելով սեփական կենսական շահերից, իսկ այդ կենսական շահերը ենթադրում են սերտ հարաբերություններ ունենալ Հայաստանի Հանրապետության հետ՝ հատկապես Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզի զարգացման տեսլականը նկատի ունենալով, որովհետեւ հենց այդ մարզի միջոցով է, որ իրականացվում են ոչ միայն Հայաստան- Իրան, այլ նաեւ Իրան-ԵԱՏՄ առևտրատնտեսական կապերը: Իրանի անվտանգային խնդիրների մի խոշոր հատված նույնպես վերաբերում է հենց հայ-իրանական սահմանին:

– Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո ռազմաքաղաքական նոր իրողություններ են ստեղծվել տարածաշրջանում. Ադրբեջանի համար իրավիճակի մի ընկալում կա, մեզ համար՝ մեկ այլ: Մի դեպքում Իրանի արտգործնախարարն Ադրբեջանին շնորհավորում է տարածքների ազատագրման առիթով, մի այլ դեպքում այլ բան ասում հայերիս: Ներկայացրեք, խնդրեմ, նոր ռազմաքաղաքական իրողության իրանական ընկալումը:

– Իրանցիներն աշխատում են որպես գերտերություն, իսկ գերտերության շահերը ենթադրում են, որ անհրաժեշտ է հարաբերություններ ունենալ հակամարտության բոլոր կողմերի հետ: Հետեւաբար՝ իրանցիներն աշխատում են նաեւ Ադրբեջան կոչվող հանրապետության հետ, եւ այդ աշխատանքը միտված է Իրանի համար լուծելու երկու կարեւորագույն խնդիր՝ հնարավորինս ապահովել իրանաադրբեջանական սահմանի անվտանգությունը, որովհետեւ Արցախի տարածքների բռնազավթման հետեւանքով այդ տարածքներում հայտնվել են ահաբեկիչներ, եւ հիմա դժվար է ասել՝ արդյո՞ք ահաբեկիչները մնացել են այնտեղ, թե՞ դուրս են բերվել: Իսկ իրանցիների համար դա կենսական կարեւորության խնդիր է: Երկրորդ՝ Ադրբեջանում Իրանն ունի համակիրների մեծաթիվ բանակ, խոսքը վերաբերում է շիաական ընդդիմությանը, որի հետ աշխատանքներ Իրանն իրականացրել է  մի քանի տասնամյակ շարունակ: Ուստի չի կարող Ադրբեջանի իր աջակիցներին թողնել միայնակ: Հետեւաբար՝ իրանցիները փորձում են Ադրբեջանի հետ արտաքուստ բարիդրացիական հարաբերությունների միջոցով ներկայություն ունենալ Ադրբեջանի ներսում, որպեսզի նախ՝ կառավարելի պահեն շիաական ընդդիմությունը, որը, իմիջիայլոց, ամենաակտիվն է Ապշերոնյան թերակղզում, եւ երկրորդ՝ հնարավորինս շատ տեղեկատվություն ունենալ սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ կապված ահաբեկիչների առկայության հետ: Որպես հիմնական գործիքակազմ՝ իրանցիները փորձում են օգտագործել նաեւ (ադրբեջանական եզրաբանությամբ)՝ այսպես կոչված ազատագրված տարածքներում ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցությունը: Բայց գիտենք, որ այդ մասնակցությունն Իրանի պարագայում իրականացնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումները (շինարարական, ինժեներական), ինչը նաեւ ակնհայտ նպատակ է հետապնդում՝ ծանոթանալ, տեղեկատվություն հայթայթել արցախաիրանական երբեմնի սահմանի այն հատվածի իրավիճակի վերաբերյալ, որ այժմ բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

 

– Հայաստանի հանդեպ ակնհայտորեն տարածքային նկրտումներ, հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանը, ինչը քաջալերում է Թուրքիան: Եվ, բնականաբար, դրանք տարածքներ են, որոնց հանդեպ չպետք է որ անտարբեր լինի Իրանը: Այդ երկիրը կոնկրետ դիրքորոշում հայտնո՞ւմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային նկրտումների հանդեպ, թե՞...

– Մենք ականատես եղանք Իրանի չափազանց կոշտ արձագանքին, երբ Բաքվում տեղի ունեցած հետպատերազմյան տխրահռչակ շքերթի ժամանակ Էրդողանի կողմից հնչեցվեց Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ կամ գրեթե բացահայտ հավակնություն: Էրդողանն արտասանեց բանաստեղծություն, որն անթաքույց միտված էր Իրանի հյուսիսի թյուրքալեզու շրջաններին: Գիտեք՝ Ատրպատականն Իրանի տարածք է, եւ ադրբեջանաթուրքական մեծ Թուրանի ստեղծման հավակնություններն այդ պատրանքի շրջանակում վերաբերում են նաեւ Ատրպատականին: Իրանական կողմի արձագանքը շատ կոշտ էր եւ, ի դեպ, դա տեղի ունեցավ նաեւ արտգործնախարարի մակարդակով: Բայց իրանցիներն աշխատում են շատ հետաքրքիր տրամաբանությամբ: Նրանք շատ դեպքերում արձանագրում են հակաիրանական նկրտումները, բայց պատասխանելու հարցում մեծ շտապողականություն չեն դրսեւորում, եւ պատասխանը հասցնում են անակնկալ կերպով ու անսպասելի պահին:

Ուզում ենք անդրադառնալ մեզ հուզող կարեւորագույն խնդրին՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին: Հայաստանի վարչապետը նախընտրական շրջանում քանիցս բացառեց այդ միջանցքի ստեղծման հավանականությունը, իսկ նույն օրերին, նաեւ մինչեւ հիմա, Ադրբեջանն ու Թուրքիան պնդում են այդ ծրագրի կարեւորությունն ու անխուսափելիությունը. մի տեսակ հակասություն կա Հայաստանի ղեկավարի ասածի եւ թշնամական երկու երկրի հավակնությունների միջեւ:

– Մենք որպես հիմք պիտի ընդունենք նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, որտեղ առանձին կետով (երբ խոսվում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին) հստակ շեշտադրվում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ցամաքային կապի ապահովման խնդիրը: Թեպետ բառացի այդտեղ միջանցք բառը գործածված չէ, բայց... Դիցուք Հայաստան-Ռուսաստան կապի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտված չէ այդ կետում, այլ նշված է հանգամանքը, որ Ադրբեջանը ցամաքային հաղորդակցություն պետք է ունենա Նախիջեւանի հետ, ինչը տեղ է թողնում զանազան մեկնաբանությունների համար: Եվ այդ (չակերտավոր) մեկնաբանություններով հանդես են գալիս թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում, ընդ որում՝ թուրքական կողմից ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարվել է, որ այդ (չակերտավոր) Զանգեզուրյան միջանցքը պակաս կարեւոր չէ, քան (իրենց եզրաբանությամբ) Արցախի տարածքների ազատագրումը: Հետեւաբար՝ այս համատեքստում  պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ կարող է տեղի ունենալ մի պարզունակ խորամանկություն: Այո, միգուցե այդ կապի ապահովման առումով միջանցք եզրույթն ուղղակի չկիրառվի, բայց, ըստ էության, ստացվի այնպես, որ ունենանք մի տարածք, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխանությունից: Հետեւաբար՝ շատ հստակորեն պետք է հայտարարվի՝ որեւէ միջանցք Սյունիքի տարածքով չի լինելու, եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի որեւէ հատված չի կարող դուրս մնալ հանրապետության ինքնիշխանության շրջանակներից:

– Դուք ճիշտ նկատեցիք օգտագործվող եզրույթների տարբերությունը. շատ տարակուսելի հանգամանք կա իսկապես. Հայաստանի վարչապետն անընդհատ օգտագործում է «հաղորդակցության ուղիների ապաշրջափակում» արտահայտությունը, ադրբեջանական կողմը կրկնում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Արդյո՞ք դա եզրույթների սոսկական տարբերություն է:

– Միանշանակորեն պետք է մերժվի այդ (չակերտավոր) միջանցքի գաղափարը, այն պետք է խեղդվի խանձարուրում: Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի կարող թույլ տալ իր ինքնիշխան տարածքի որեւէ մասի, նույնիսկ ամենափոքր հողակտորի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում կամ բացառում: Եվ սա շատ հստակ պիտի արձանագրվի նաեւ հասարակական մակարդակում, որպեսզի տարակույսների կամ թյուրընկալումների տեղ այլեւս չլինի, սա պետք է հստակորեն գիտակցեն Ադրբեջանն ու Թուրքիան: Ճանապարհների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագիր կարող է լինել, բայց այդ ծրագրի սահմաններում Հայաստանի Հանրապետության որեւէ ինքնիշխան տարածք չպետք է դուրս մնա նրա վերահսկողությունից: Սա կլինի ավելի էական ձեռքբերում ադրբեջանաթուրքական դաշինքի համար, քան նույնիսկ իրենց ռազմական հաջողություններն էին 2020-ի պատերազմում:

– Պարոն Ոսկանյան, այժմ Սյունիքի հանդեպ միջազգային հետաքրքրություններն այլեւս անթաքույց են, եւ Սյունիքում բախվում են աշխարհի ամենախոշոր տերությունների շահերը: Ճի՞շտ են մեր ընկալումները:

– Միանշանակ ճիշտ են Ձեր ընկալումները: Կա մի կարեւոր հանգամանք, տեսեք՝ փաստորեն տարիներ շարունակ նաեւ արտաքին ուժերը մեզ ստիպում էին հավատալ, թե Հայաստանը, մանավանդ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անկարեւոր մի տարածք է աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ծրագրերի առումներով: Այժմ հասկանալի է դառնում, որ ՀՀ-ն եւ հատկապես Սյունիքի մարզը, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ առեւտրատնտեսական, թե՛ անվտանգային առումներով, չափազանց կարեւոր մի կետ է, ըստ էության կարեւորագույն մի խաչմերուկ, որտեղ խաչվում են բազմաթիվ տերությունների շահեր, որոնց թվում են Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը,  նույնիսկ եվրոպական երկրները: Գիտեք, որ Եվրամիությունն էլ, կարծեք, նախատեսում է որոշակի ներկայություն ունենալ սյունիքյան գործընթացներում: Իրանցիներն էլ ուղղակիորեն հայտարարել են, նաեւ բարձր մակարդակով, որ իրանական ներկայությունը (ընդ որում՝ չի շեշտվում՝ արդյո՞ք այդ ներկայությունը բացառապես տնտեսական է, թե՞ քաղաքական, կամ  նման ցանկությունը բացառապես տնտեսակա՞ն  տիրույթում է, թե՞ քաղաքական) պետք է անպայմանորեն լինի Սյունիքում: Կարծում եմ՝ սա կարեւորագույն  խաղաքարտ է Հայաստանի ձեռքում, որովհետեւ ակնհայտ է՝ Սյունիքն ունի կենսական կարեւորություն համաշխարհային զարգացումների համատեքստում:

– Գիտե՞ք ինչն է տարօրինակ... Աշխարհի խոշոր տերությունները, ունենալով այդքան հետաքրքրություններ, հայտարարություններ են անում Սեւ լճի տարածքի օկուպացման անթույլատրելիության առումով, որ տեղի ունեցավ մայիսի 12-ին: Բոլորը բարձրաձայնում են՝ Ադրբեջանը դուրս պիտի գա Հայաստանի ինքնիշխան տարածքից, բայց ցայսօր Ադրբեջանի օկուպացիոն ուժերը գտնվում են Սյունիքի մարզի այդ հատվածում, եւ, կարծեք, վերջը չի երեւում: Մեր իշխանությունները, որքանով հասկացանք նախընտրական քարոզարշավի հռետորաբանությունից, սպասում են, որ խաղաղ ճանապարհով, դիվանագիտական խողովակներով հարցը լուծվի, բայց... Եվ ոչ միայն այդ հարցը չի լուծվում, այլեւ Սյունիքի արեւելյան սահմանի ամբողջ երկարությամբ՝ գրեթե օր չկա, որ մեր անասնապահների, դաշտավարների հետ որեւէ միջադեպ չպատահի: Հետո՞...

- Շատ կարեւոր մի հանգամանք՝ երբ դու ցանկանում ես, որպեսզի քեզ աջակցեն, ինքդ պիտի դառնաս խաղացող տվյալ գործընթացում: Եթե Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները որեւէ ձգտում չունեն մեր պետության օկուպացված տարածքներից թշնամուն դուրս վռնդելու հարցում, ապա որեւէ միջազգային խաղացող չի կարող օգնել Հայաստանին՝ լինի դա Ռուսաստանը, Իրանը, թե որեւէ այլ տերություն: Հետեւաբար՝ չափազանց կարեւոր են, նախեւառաջ, հայկական կողմի մոտեցումները եւ հատկապես իշխանության մոտեցումները: Եթե թշնամուն դուրս շպրտելու մասին է խոսքը, ապա, ակներեւաբար, քիչ հավանական սցենար է դա: Հայաստանի Հանրապետությունը պետք է ավելի համարձակ քաղաքականություն վարի: Եվ, ի վերջո, շատ կարեւոր մի հանգամանք կա՝ այն փորձագետները, ովքեր ճանաչում են Ադրբեջանը, գիտեն, որ այդ երկրի՝ հարաբերվելու համար գոյություն ունի ոչ թե իրավունքի ուժի, այլ բացառապես ուժի իրավունքի սկզբունքը: Հետեւաբար՝ որեւէ պարագայում  Հայաստանի Հանրապետությունը չպետք է հանդուրժի իր տարածքի նույնիսկ մի սանտիմետրի բռնազավթում ադրբեջանական օկուպանտների կողմից, եւ այդ պայմաններում է, որ միջազգային հանրությունից կարելի է ակնկալել օժանդակություն: Խոսքը նախեւառաջ վերաբերում է մեր ռազմավարական դաշնակցին, նաեւ բարեկամ երկրին՝ Իրանին:

– Տարակուսելի է ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ ըստ որի ադրբեջանցի զինվորների կողմից մեր տարածք ներխուժելը ՀԱՊԿ կանոնադրական խնդիրների շրջանակից դուրս է, տեղի ունեցածը սահմանային միջադեպ է ընդամենը: Ձեր կարծիքն այդ առումով:

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին ոչ թե ռազմական օժանդակության, այլ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով: Հենց նման դիմելաձեւը ենթադրում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է ոչ թե ռազմական օգնություն, այլ խորհրդակցություններ, որոնք, ըստ էության, տեղի են ունեցել: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, թե ինչպիսի հարաբերություններ է Հայաստանը կառուցել վերջին երեք տարվա ընթացքում ՀԱՊԿ-ի հետ: Արդյո՞ք այդ հարաբերությունները միտված են եղել նրան, որ անվտանգային խնդիրներ առաջանալու դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները նաեւ ռազմական օժանդակություն ցուցաբերեն Հայաստանին, թե՞ դա միտված է եղել, ըստ էության, ձեւական հարաբերությունների ապահովմանը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ: Ամենահեշտ բացատրությունը մեղքը բարդելն է մեզանից դուրս գտնվող կառույցների, կազմակերպությունների կամ այլ երկրների վրա: Այնինչ՝ հիմնական խնդիրը Հայաստանում է: Եթե մենք ռազմական առումով դիմադրություն թույլ չենք տալիս մեր հանրապետության տարածք ներխուժած բռնազավթչին, ապա, թող ներվի ասել, որեւէ մեկը հայերի գեղեցիկ աչքերի համար չի գալու եւ չի կռվելու Հայաստանի Հանրապետության տարածքի բռնազավթմանը վերջ տալու նպատակով:

Հետեւաբար՝ մենք պիտի գործենք եւ այդ գործելու ընթացքում կառուցենք այնպիսի հարաբերություններ, որպեսզի մեր բարեկամներն ու  դաշնակիցները մեզ աջակցեն նաեւ հնարավոր ռազմական գործողությունների ընթացքում, առավել եւս, որ Հայաստանի Հանրապետության համար, կարծում եմ, խոշոր խնդիր չէր սկզբնապես 250 ադրբեջանցի բաշիբոզուկի մեր տարածքից դուրս շպրտելը:

Սյունիքի շուրջ, փաստորեն, ստեղծված են ռազմաքաղաքական նոր իրողություններ: Որո՞նք են, ըստ Ձեզ, հայաստանյան իշխանությունների սյունիքյան քաղաքականության գլխավոր ուղենիշները:

Ցավոք սրտի՝ Հայաստանում, ըստ էության, չունենք իշխանություն, որ կունենա ծրագրային մոտեցում կամ տեսլական ոչ միայն կոնկրետ Սյունիքի մարզի, այլ ընդհանրապես Հայաստանի ապագայի նկատմամբ: Եվ այս համատեքստում ակնհայտ է՝ Հայաստանի Հանրապետությունը չունի որեւէ կոնկրետ քաղաքականություն, որը միտված է՝ առաջին՝ մեր անվտանգության ապահովմանը, երկրորդ՝ այդ անվտանգության ապահովման համատեքստում մեր դաշնակիցների եւ բարեկամների հետ հարաբերությունների կառուցմանը, երրորդ՝ չկա ընդհանրապես որեւէ տեսլական, որը ճանապարհային քարտեզով ամրագրված կլինի, եւ որտեղ մենք կտեսնենք, թե ի վերջո դեպի ուր է ընթանում Հայաստանը: Խնդիրներին տրվում են տարերային լուծումներ, շատ հաճախ այդ խնդիրների լուծումն ուղղակի հետաձգվում է, ինչպես ասում են՝ թողնվում են բախտի քմահաճույքին, եւ, ըստ էության, վերջում ունենում ենք մի իրավիճակ, որ հենց նույն իշխանությունը բնութագրում է ճգնաժամային կամ մերձ ճգնաժամային:

 Եվ որպես զրույցի վերջաբան...

– Սյունիքի մարզում ապրող մեր եղբայրներին եւ քույրերին հորդորում եմ չհուսալքվել: Այո, իրավիճակը բավականին բարդ է, բավականին դժվար, բայց յուրաքանչյուր մարտահրավեր, ամեն մի ռիսկ, ցանկացած վտանգ զուգահեռաբար ունի նաեւ հնարավորությունների լայն դաշտ: Համոզված եմ՝ մենք կարողանալու ենք որպես ազգ եւ որպես պետություն հաղթահարել բոլոր մարտահրավերները եւ կառուցել մեր երազանքի Հայաստանի Հանրապետությունը:

 

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25